Changes

Մնաս բարով

Ավելացվել է 34 540 բայտ, 16:23, 4 Օգոստոսի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մնաս բարով |հեղինակ =[[Ալբերտ Մալց]] |թարգմանիչ = Ռոբերտ Տեր-Մերգերյան |աղբյուր...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Մնաս բարով
|հեղինակ =[[Ալբերտ Մալց]]
|թարգմանիչ = Ռոբերտ Տեր-Մերգերյան
|աղբյուր = [[«Դեպք փողոցի անկյունում»]]
}}

Օլգա Բակովչինը նստած էր բազմությամբ լեցուն սենյակում և աչքերը հառել էր հոր վրա։ Նա ուզում էր լաց լինել։ Անհրաժեշտ էր լաց լինել։ Մայրն ու եղբայրը՝ Չառլին, ուշադիր հետևում էին նրան։ Բոլոր հարևանները, եկեղեցականներր, քահանան, Մարտի Քրիստոֆը, քեռի Ռադիչը, բոլորը լաց էին լինում, բոլորն աչքի տակով մեկ հորն էին նայում մեկ՝ իրեն։

«Գոնե նրա դեմքն այսքան փոխված չլիներ»։

Հոր գլխավերևում երկար մոմեր էին վառվում։ Սենյակում շոգ էր։ Մարդիկ խցկվել էին անկյունները, աղոթում էին ու երբեմն էլ քթերը սրբում։ Դագաղի հետևում կանգնած քահանան օրորվում էր ու բառերը հեղեղի նման բերանից թափելով, աղոթում։

Օլգան նայեց նրան։ Քահանայի մուգ գույնի աչքերն ուղված էին իրեն։ Խոսելու ժամանակ նրա խիտ մորուքը այս ու այն կողմ էր տարուբերվում։ Օլգան անհանգիստ շարժումներ էր անում։ «Ո՞ւմ են պետք այս բոլոր աղոթքները։ Միևնույն է, դրանով ոչինչ չի փոխվի, Իսկապես, ոչինչ չի փոխվի»։

Քահանան շարունակում էր իրեն նայել։ Օլգան շրջեց երեսը, «Անիծյալ քահանա». մտածեց նա ինքն իրեն, «Ինչո՞ւ է շարունակ ինձ նայում»։

― Հայրի՜կ,― հանկարծ ցավագին մոլուցքով պոռթկաց Չառլին։— Հայրի՜կ։

Օլգան բարկացավ։ Սրան տես, այսքան մեծ տղա է, բայց «հայրիկ» է գոռում։

«Գոնե նրա դեմքն այսքան փոխված չլինե՜ր»։

Մոմերը վառվում էին, ու սաստիկ տոթ էր սենյակում։

«Ինչո՞ւ լաց չես լինում»։

«Ես ուզում եմ լաց լինել»․— փորձեց ասել նա,— «հայրիկը մեռել է, ու ես ուզում եմ լաց լինել»։

Քահանան արագ-արագ խոսում էր լեհերեն, բայց հայրիկը չէր կարող նրան լսել։ հայրիկր սիրում էր լեհերեն խոսել։ Առաջ մակույկով նավարկելիս, հայրիկը երբեմն լեհերեն երգեր էր երգում։ Նա հսկա մարդ էր, բայց ձայնը բավական մեղմ էր հսկա մարդու համար։

Օլգան բարձրացրեց գլուխը։ Բոլորն էլ նրան էին նայում։ «Ինչո՞ւ լաց չես լինում»։

«Չեմ կարող,— ասաց նա,— չեմ կարող։ Գոնե դեմքն այսքան փոխված չլիներ»։

Նրա կրծքից մի խոր հոգոց բարձրացավ, բայց ոչ ոք չլսեց։

Իսկ ինչ կլինի, եթե նա հանկարծ վեր կենա ու միացնի գրամաֆոնը։ Մարդիկ ապշած կցատկեն տեղներից։ Բայց միևնույն է, հիմա այլևս ոչ ոք չի կարող այն միացնել։ Քեռի Ռադիչը գրամաֆոնի համար պատրաստ էր 6 դոլլար տալ։ Քեռի Ռադիչը հիմա շատ է վաստակում։ Հենց որ խմիչքի վաճառման «չոր օրենքը» վերացավ, նա գարեջրի կրպակ բաց արեց և ուզում էր Չառլիին իր մոտ վերցնել, բայց ինչ օգուտ, երբ Չառլին օր֊օրի խլանում էր։ Հաճախորդներր ստիպված կլինեին գոռալով խոսել։ Իսկ դա այնքան էլ հաճելի բան չէ։ Ահա թե ինչու, նա ուզում էր գնել գրամաֆոնը, իսկ այդ վեց դոլլարը ճիշտ ժամանակին էր օգնության հասնում։ «Ինչո՞ւ լաց չես լինում»։

Տոթ սենյակում հեկեկոցի ձայն լսվեց ու Օլգան շրջեց տառապանքից աղավաղված իր համր դեմքը։ «Ես ուզո՛ւմ եմ լաց լինել, մայրիկ,— նա ձեռքը սեղմեց կրծքին, ուր խեղդվել ու կանգ էր առել մի խոր հոգոց,— ես ուզո՛ւմ եմ լաց լինել, մայրիկ․․․ սարսափելի տեսք ունես, մայրիկ»։

Մոր դեմքը ծածկվել էր կնճիռներով։ Անթիվ կնճիռներով, որոնց վրայից անընդհատ արցունք էր հոսում։ Նա նայեց Օլգային ու շարժեց գլուխը։ Բոլորի աչքերն ուղղված էին Օլգայի վրա, իսկ աղոթքները հեղեղի նման թափվում էին հանգուցյալի համար։ «Գոնե հայրիկի դեմքն առաջվա պես լիներ։ Իսկ սա բոլորովին այլ դեմք է»։

Հայրը լայն ու գիրուկ դեմք ուներ։ Նրա մաշկը, որքան հիշում էր Օլգան, կարմրավուն էր, իսկ երբեմն, երբ աշխատանքից էր վերադառնում՝ խիստ կարմիր։ Քսանութ տարի նա աշխատել էր պողպատի գործարանում, շիկացած հնոցի առաջ։ Հիմա նրա դեմքը հիվանդ երեխայի դեմքի նման սպիտակ էր, իսկ մաշկը՝ թառամած ու չորացած։ «Սա այն անիծյալ մարդու գործն է, որ հագցրեց հայրիկին»։ Մտածեց Օլգան, «Այո, այդ անիծյալ մարդու գործն է»։

Քահանան լռեց, միայն նրա շրթունքներն էին արագ֊արագ շարժվում։ Ու գրեթե մինչև աղոթքի վերջը նրա խիստ մորուքը դեռ այս ու այն կողմ էր տարուբերվում։ Բոլորը պիտի բամբասեն, որ ինքր վատ աղջիկ է․ նախ նրա համար, որ լաց չի լինում․․․

Քահանայի գլխավերևում, պատի վրա, կախված էր հոր ու մոր հարսանեկան նկարը։ Նա հազար անգամ տեսել էր այդ նկարը։ Նրանք նկարվել էին իրենց հայրենի գյուղում։ Նկարը դրված էր ձվաձև շրջանակի մեջ։ Նրանք երկուսով ձգված՝ կանգնած էին։ Հայրը սերթուկ էր հագել, իսկ մայրը՝ սպիտակ զգեստ, որն ըստ երևույթին մետաքսից էր կարված։ Հայրը ուղղաձիգ մարմին ուներ... և այնքա՜ն բարձրահասակ էր․․․ Իսկ հիմա նրա հայրը, նրա հայրիկը, որն այնքան բարձրահասակ էր, պառկած էր այս հին դագաղո՛ւմ։ Այս հին դագաղո՛ւմ։ Ու նրանք չէին կարող մեջքից ցած չծածկել նրան, որովհետև պողպատե ձողը երկու մասի էր բաժանել նրա մարմինը ու արյունաքամ արել նրան։ Նրա՛ն, իր հայրիկի՛ն։

Օլգայի կուրծքը ելնում, իջնում էր։ Արյունը, կրակի տաք հոսանքի պես, խուժեց նրա դեմքը։ Մի խոր, ճմլող հեկեկոց դուրս պոռթկաg նրա կրծքից, ու նա սկսեց լաց լինել։ Արցունքի դառը և տաք կաթիլները առատորեն թափվեցին նրա զգեստի վրա։

Մոմը հալվում էր և ցած թափվում, քահանան օրորվում էր կանգնած տեղում, ու ամեն մարդ նայում էր ծերուկ Բակովչինին, այն Բակովչինին, որ հիվանդ երեխայի նման դեմք ուներ, չորացած մաշկ, և որի հսկա մարմինը ուղիղ երկու մասի էր բաժանել պողպատե ձողը։ Ու Օլգան ծնկաչոք unղում էր դեպի դագաղը ու լաց լինում։

― Հայրիկ, հայրիկ, ետ արի, ետ արի, հայրիկ։

Հոգեհանգիստը վերջացավ։

Նրանք գերեզմանատնից վերադարձան երեկոյան դեմ։ Լաց ու կոծը դադարել էր։ Հիմա սգվորները տուն կմտնեն ու սեղան կնստեն հանգուցյալի հոգու համար։

Օլգան մենակ էր քայլում։ Ցուրտ էր, փողոցներն ամայի։ Նա քայլում էր դանդաղ, ոտքերն անձայն քստքստացնելով։

Երևում էր գործարանի բեսեմերյան հնոցը, որ բոցեր էր նետում դեպի երկինք ու գունավորում մռայլ ամպերը։ Օլգան կանգ առավ հնոցը դիտելու։ Հետո նրա շրթունքները ղողդողացին, ու նա շարունակեց ճամփան։

Նա քայլերն ուղղեց դեպի բլուրը։ Ցուրտ քամի էր փչում ու բարձրացնում նրա փեշերը։ Նա սարսռաց և գլուխն իջեցրեց կրծքին։ Ինչ֊որ պաղ, ինչ֊որ տխուր բան էր ծանրացել նրա հոգում․ այդ երկար ու անվերջ թվացող օրվա հուշերը, հոգեհանգիստը, հոգեմաշ հեծկլտոցները, գերեզմանի մռայլ հողակույտերը, որ թափվում էին ցած ու ծածկում դագաղը։ Հետո․․․ Հետո հայրիկը բոլորի համար դադարեց գոյություն ունենալ։ «Կարծես շուրջն ամեն տեղ մահ է,— մտածում էր նա,— կարծես ես էլ չկամ»։

Նա կախեց գլուխը և բարձրացավ բլուրը։ Տանը հիմա երևի բոլորր շրջապատել են մայրիկին, լաց են լինում և սպասում, որ սեղան նստեն։ Նրանց կերածը կարժենա 6 դոլլար՝ գրամաֆոնի գինը, դեռ մի բան էլ ավելի։ Նրանք լաց կլինեն վաղն էլ, հաջորդ օրն էլ, լաց կլինեն շաբաթներով, մինչև որ մոռանան այդ մասին կամ մինչև որ Չառլին ևս դժբախտ պատահարի զոհ դառնա, ձեռքը ջարդի մեքենայի պտտվող գլանի տակ, ու նրան էլ տուն բերեն։ Նա թեթևակի դողաց։ «Թքա՛ծ, ինչ ուզում է թող լինի, թքա՛ծ»։

Նրա ոտքը ինչ֊որ քարի կպավ, նա զայրացավ։ Օնտարիո փողոցը։ Նրա Օնտարիո փողոցը։ Այստեղ է ծնվել, այստեղ է դպրոց գնացել, այստեղ է աշխատել, բայց թող անիծված լինի, եթե այստեղ էլ մեռնի։ Այս փողոցում, որ նույնիսկ սալահատակված էլ չէ։ Նա չի ապրի այս քաղաքում, որտեղ պողպատի գործարան կա։ Չի ամուսնանա իր եղբոր՝ Չառլիի նման հաստագլուխ մեկի հետ, որ դեռ քսաներեք տարեկան է, բայց արդեն խլացել է մեխի գործարանում, չնաչած շաբաթը միայն երեք օր է աշխատում։ Կյանքի մնացած տարիներին չի քայլի չսալահատակված այս փողոgով, չի բարձրանա դեպի իրենց փայտե խրճիթը տանող քառասուն աստիճաններով, մի խրճիթ, որ կառուցել է ընկերությունը ու արդեն վաղուց մոռացել։ Իսկ ամբարձիչ կռունկը կճզմի նաև իր ամուսնուն։ Կամ նրան մի ժամանակավոր աշխատանքից կշպրտեն մյուսը։ Դա երբե՛ք, երբե՛ք չի լինի։

Խախուտ բազրիքի ճաղերն ամուր բռնած, նա սկսեց բարձրանալ։ Վեց, յոթ, ութ, իննը, տասը, տասնմեկ... դա երբե՛ք, երբե՛ք չի լինի։ Վերջին ավտոբուսը ժամը տասներկուսին է շարժվում, ու հենց այդ ավտոբուսով էլ նա կհեռանա։ Իսկ ինչո՞ւ չհեռանալ, սատանան տանի, ինչո՞ւ։ Քսաներկու, քսաներեք, քսանչորս։ Սատանան տանի, ինչո՞ւ չհեռանալ։

Ժամը տասնմեկին եղբայրը մտավ նրա սենյակը։ Չառլին հաղթանդամ տղա էր։ Նա ներս մտնելիս ծածկեց ամբողջ դուռը։ Լուռ կանգ առավ, նայեց քրոջը։ Նրա ոսկրոտ դեմքը կնճռոտվել ու զայրույթ էր արտահայտում։ Հետո նա շարժեց գլուխը։

― Դո՛ւրս արի։ Մարդիկ արդեն գնում են։

Օլգան կտրուկ շարժվեց ու մեջքով թաքցրեց մահճակալը։

― Ի՞նչ է պատահել,— հարցրեց Չառլին։— Ինչո՞ւ ես քիթդ տնկել։ Ինչո՞ւ ես ամբողջ ժամանակ սենյակում մնում։

Օլգան հեռացրեց հայացքը։

― Նրանք իմ կարիքը չունեն,— ասաց նա,— նրանք առանց ինձ էլ կարող են տուն գնալ։

― Ի՞նչ։— Չառլին առաջ պարզեց գլուխը, բարձրացրեց ձեռքը ու տարավ ականջին։— Ի՞նչ ասացիր։

Հանկարծ Օլգան կատաղությունից բռնկվեց։ Ամեն անգամ, երբ Չառլին չէր կարողանում լսել, նա ներքուստ ինչ-որ կույր ատելությամբ էր լցվում եղբոր նկատմամբ։

― Ի՞նչ,— ասաց Օլգան։ Նա առաջ պարզեց գլուխը և ծաղրանքով ծամածռեց դեմքը։— Ի՞նչ ասացիր։

Չառլին մի պահ անվճռական լռեց։

― Ի՞նչ է պատահել,— հարցրեց նա,— ի՞նչ է, ոչ մի հարգանք չունե՞ս հայրիկի հանդեպ։

Օլգան, շրթունքներն ամուր սեղմած լուռ կանգնել էր։

― Դո՛ւրս արի։ Մայրիկն էլ է գնում։ Նա ուզում է այս գիշեր քեռի Ռադիչի մոտ մնալ։

Օլգան չէր շարժվում։ Նրա դեմքն այրվում էր։ Եթե Չառլին շարունակեր այստեղ մնալ, նա ամեն ինչ նրա երեսով կտար, այդ հիմար խենթի երեսով:

― Անիծված համր, խուլ, հիմար, քո ինչ բանն է մեխի գործարանում աշխատելը։

Չառլին նորից սկսեց խոսել։

― Դե լավ,— ընդհատեց Օլգան,— հիմա կգամ, լսո՞ւմ ես, գալիս եմ։

Նա քայլերն ուղղեց դեպի դուռը։

Չառլին նայեց մահճակալին։

― Սա՞ ինչ բան է,— ասաց նա,— ինչո՞ւ ես ճամպրուկդ հավաքում։

― Քո գործր չի։

Նա դուրս եկավ սենյակից։

Չառլին մի անգամ էլ նայեց ճամպրուկին ու հետևեց նրան։

Ամենից ուշ հեռացավ քահանան։ Հրաժեշտի պահին տիկին Բակովչինը դարձյալ մի բաժակ գինի տվեց քահանային։ Նա խմեց և օրհնեց նրան, քթի տակ մի քանի մխիթարական խոսքեր մրթմրթալով։ Տիկին Բակովչինը լաց եղավ։ Այս վերջին օրերին նա սովորականից ծեր էր երևում։ Հիմա նրա դեմքր կնճռոտվել էր, նիհար մեջքը՝ կորացել, ու պառավ կնոջ տպավորություն էր թողնում։

Քեռի Ռադիչը օգնեց նրան վերարկուն հագնելու։ Քահանան նայեց ժամացույցին, թեթևակի հառաչեց ու գնաց։

Չառլին պտտվում էր մոր շուրջը, ուղղում նրա գլխաշորը և աշխատում էր հանգստացնել նրան։ Մայրը գլուխը դրեց նրա ուսին ու լաց եղավ։ Չառլիի մեծ ձեռքերն անճարակ շարժումներով շոյում էին նրան։ Հետո նա համբուրեց Օլգային։ Օլգայի աչքերը չոր էին, նա կանգնել էր անշարժ և շրթունքներն ամուր սեղմած։

Նրանք դուրս եկան տնից։

Սենյակում անդորրություն տիրեց։ Քիչ անց մեքենան ֆշշաց ու հեռացավ։ Օլգան վերադարձավ էր սենյակը։ Չառլին շվարած նայում էր նրան։ Հետո ջղաձգորեն թափ տվեց ձեռքն ու վազեց նրա հետևից։

Օլգան կանգնել էր մահճակալի մոտ և ճամպրուկն էր հավաքում։

Չառլին կանգ առավ դռան առաջ։ Օլգան նկատեց նրան, բայց շարունակեց իր գործը։ Հոնքերը կիտած, Չառլին հետևում էր նրան, կծում շրթունքները ու մի ձեռքով շփում ազդրը։ Հետո արագ մի քայլ արեց։

― Ի՞նչ ես անում,— հարցրեց նա։

Օլգան չպատասխանեց։

― Ի՞նչ ես անում։

Օլգան շրջվեց։

― Գնում եմ։

― Ի՞նչ։

― Գնում եմ։

― Ի՞նչ։

― Գնում եմ,— զայրույթով գոռաց նա։

― Ո՞ւր ես գնում։

— Չգիտեմ։

― Ե՞րբ կվերադառնաս։

― Չեմ վերադառնա։

Ծանր շեչելով, Չառլին մի պահ լռեց։ Հետո գոռաց նրա երեսին․

― Դու խելքդ թռցրել ես, այդ ինչե՞ր ես դուրս տալիս։ Ո՞ւր ես գնում։ Սատանան տանի, ի՞նչ է պատահել քեզ։

Օլգան դառնությամբ նայեց նրան։

― Նյու֊Յորք եմ գնում։ Չեմ վերադառնա։ Հենց հիմա՛ եմ գնում։ Այս գիշեր։

Չառլին լուռ էր։ Նրա շունչը կտրվել էր զայրույթից։ Նա բռնեց քրոջ թևից։

― Ի՞նչ է պատահել։

Օլգան ազատեց իր թևն ու մի կողմ քաշվեց։

Երկուսն էլ լուռ նայում էին իրար։ Չառլիի դեմքը ծամածռվեց, ու նա մի քայլ ետ գնաց։

― Օլգա՛,— Չառլին ջղաձգորեն շարժեց ձեռքը։ Նա խոսում էր ցածր, կսկծալի ձայնով։— Ի՞նչ է պատահել։

Նա չպատասխանեց։

― Ի՞նչ է պատահել քեզ։ Իսկ մայրի՞կը։— Մի պահ լռություն տիրեց։— Իսկ մայրի՞կը։

― Ես գնո՛ւմ եմ,— չդիմացավ ու պոռթկաց Օլգան։— Գնո՛ւմ եմ։ Գնո՛ւմ եմ։ Ես գնո՛ւմ եմ։

Նրանք կանգնել էին դեմ առ դեմ։ Օլգան խեղդվում էր հեծկլտանքներից։

Չառլին չէր կարողանում հեռացնել հայացքը։ Հիմա նա արդեն վախ էր զգում։ Նա նորից ջղաձգորեն շարժեց ձեռքը։

― Օլգա, դու այդ բանը չես անի։

― Դու հիմա՛ր ես,— հիստերիկ ձայնով գոռաց նա,— հիմա՛ր։ Ապուշ ես։ Անիծվե՛ս դու, համր ապուշ։

Չառլիի դեմքն ամոթից կարմրեց, ու նա ձեռքն այնպես թափ տվեց, որ կարծես ուզում էր խփել Օլգային։ Օլգան ետ ցատկեց։ Չառլին դառնությամբ նայում էր նրան։

― Դու չպե՛տք է այդպես խոսեիր։ Դու չպե՛տք է ինձ այդպիսի բաներ ասեիր։

Օլգան լուռ էր, ծանր էր շնչում։

― Բա դա ասելո՞ւ բան էր։ Կարծում ես ինձ համար հաճելի՞ է մանեկենի պես խուլ լինել։ Եթե ուրիշ տեղ գործ ճարեի, ինչ է, կարծում ես չէ՞ի գնա։

Օլգան ձեռքը տարավ կրծքին։ Նա հիմա ցավ էր զգում։ Նա հասկացավ, թե ինչքան ծանր բաներ էր ասել Չառլիին ու տեսնելով ամոթից կարմրած եղբոր դեմքը, նա զղջաց։

Չառլին բարձրացրեց ձայնը.

― Չլինի՞ կարծում ես, որ ինձ դուր է գալիս մեխի գործարանում աշխատելը։ Չլինի՞ կարծում ես, որ ուրիշներին էլ է դուր գալիս։ Քեզ ծեծել է պետք, հիմա՛ր։— Նա մի քայլ առաջ գնաց։— Քեզ ծեծե՛լ է պետք։

Օլգան կծկվեց ու լաց եղավ։ Չառլին ատելությամբ նրան էր նայում։

Հանկարծ Օլգան կատաղի ճչաց և իրեն մահճակալի վրա գցեց։ Գլուխը կպավ ճաղերին, ու նա ցավից հառաչեց։ Նա սահեց հատակին, փռվեց ամբողջ մարմնով, սկսեց հեկեկալ ու ոտքերը գետնին խփել։

Չառլին, ցավից ծամածռված դեքմով, նայում էր քրոջը։ Հետո նա շրջվեց ու պատրաստվեց դուրս գալ սենյակից։ Բայց դռան մոտ տատանվեց ու միայն երկար լռությունից հետո դարձյալ խոսեց։

― Դու ոչ մի տեղ էլ չես գնա,— ասաց նա,— և այդ մասին այլևս ոչ մի խոսք։

Օլգան լուռ բարձրացավ գետնից և գլուխը հենեց մահճակալին։ Նա ուժասպառ էր եղել, բայց և այնպես դեռ լաց էր լինում։

― Ես այլևս չեմ կարող այստեղ մնալ,— ասաց նա,— չե՛մ կարող այստեղ աշխատել։

― Ինչո՞ւ։

Նա դժվարությամբ բարձրացրեց ձայնը, որպես ղի Չառլին լսեր։

— Ես այլևս չեմ կարող այստեղ մնալ։ Չեմ կարող պողպատի գործարանում աշխատել։

― Ինչո՞ւ չես կարող։

― Չեմ կարող։

― Իսկ ի՞նչ պիտի անես։

― Չգիտեմ,— հեկեկաց Օլգան,— ինչ ուզում է թող լինի։

― Դու խելքդ թռցրել ես։— Նրա դեմքը ծամածռվել էր ցավից։— Ինչպե՞ս ես աշխատանք գտնելու։ Ինչպե՞ս ես ապրելու։ Ախր սովից կմեռնես։

― Ինչ ուզում է թող լինի,― գռռաց Օլգան։― Ինչ ուզում է թող լինի։

― Ուրեմն դա քեզ չի՞ վախեցնում,— գոռաց Չառլին,— չի վախեցնում, չի վախեցնում։

Օլգան գլխով արեց ու հեկեկաց։

― Ես այլևս չեմ կարող այստեղ աշխատել, Չառլի։

― Ինչո՞ւ չես կարող։— Հետո հանկարծ նա մեղմ ու հանգիստ ձայնով ասաց քրոջը,— ինչո՞ւ չես կարող, հայրիկի՞ պատճառով։

Նա բացասաբար շարժեց գլուխը և կուլ տվեց արցունքները։

― Չեմ կարող։

Չառլին, լռեց։ Նրա դեմքը կնճռոտվեց ցավից։ Նա թափ տվեց գլուխը, կարծես փորձեց ազատվել իրեն տանջող մտքերից։ Հետո կիսաբաց բերանով խոր շունչ քաշեց։ Նա խղճում էր քրոջր։ Նա մոտեցավ մահճակալին և բարձրացրեց քրոջ գլուխը։ Նստեց կողքին, գրկեց նրա ուսը ու սկսեց մեղմ օրորել։ Օլգան հպվեց եղբորը, իր մարմնի վրա զգալով նրա ամուր բազուկները։ Չառլին ուժեղ էր, ինքն այնքա՜ն թույլ էր նրա մոտ։

― Չե՛մ կարող,— կրկնեց նա։

Չառլին գլուխը դրեց նրա ուսին։

― Քույրի՛կ,— ասաց նա,— քույրի՜կ։

Նա շոյեց նրա թևերը։ Օլգան դեռ դողում էր ու հեկեկում։ Նա դեմքը սեղմեց եղբոր կրծքին, ու նրա հիշողության մեջ արթնացան այն օրերը, երբ Չառլին նրան քույրիկ էր անվանում։ Այն ժամանակ նա դեռ փոքր էր ու վազվզում էր բակում։ Օլգան կենդանի պատկերացրեց իր արագաշարժ ու աշխույժ եղբորը, որ ձեռքերը թափահարելով վազում էր քրոջ հետևից ու ձեռք առնում նրան, «քույրիկ֊մույրիկ» կանչելով։ Ահա թե ինչպիսի անճարակությամբ էր նա արտահայտում իր պարզ տղայական սերը քրոջ հանդեպ։ Օլգան ավելի ամուր սեղմվեց Չառլիի կրծքին, որովհետև եղբայրը վաղուց կորցրել էր ճարպկությունը և արդեն քսաներեք տարեկան էր։ Նա առաջ էր պարզում գլուխը և ծերունու նման ձեռքը տանում ականջին, որովհետև մեխի գործարանը խլացրել էր նրան։ Արդեն հայրիկն էլ չկար, մահացել էր։ Ահա թե ինչպիսին էր հիմա իր կյանքը։

― Օ՜, Չառլի,— ասաց նա,— Չա՛ռլի, Չա՛ռլի, Չա՛ռլի։

Չառլին շոյեց նրան, իսկ Օլգան սեղմվեց եղբորը և հեկեկաց։ Ու վերջապես հանգստացավ։

Չառլին հոգնած բարձրացրեց գլուխը։

— Ընդմի՞շտ ես գնում,— հարցրեց նա։

― Այո։

― Դու այդ բանը չես անի,— անվստահ ասաց նա։

Օլգան չպատասխանեց։

― Գուցե մի օր վերադառնա՞ս։

— Գուցե․․․

Լռութչուն։

Չառլին համառորեն և աղերսագին նայեց քրոջը։

― Դու այստեղ լավ աշխատանք ունես, Օլգա։ Ամեն շաբաթ տասնվեց դոլլար ես ստանում։ Եթե այստեղ մնաս, գուցե քարտուղարուհի էլ կդառնաս։ Եվ այն Ժամանակ ավելի շատ փող կստանաս։

Օլգան բացասաբար շարժեց գլուխը։

― Մենք պետք է մայրիկի մասին մտածենք:

Օլգան չպատասխանեց։

Երկար լռություն տիրեց։ Հետո՝

― Ե՞րբ ես գնալու։

― Հենց հիմա,— պատասխանեց Օլգան։

― Գոնե վաղը գնա։

Օլգան բացասաբար շարժեց գլուխը։

— Դու այստեղ ուրիշ գործ էլ կարող ես գտնել։

Օլգան բացասաբար շարժեց գլուխը։

Չառլին հեռացրեց թևը։

― Խելքդ թռցրել ես,— մռայլ ասաց նա,— խելքդ թռցրել ես։ Մենակ չես կարողանա ապրել։ Չես կարողանա նույնիսկ գործ գտնել։

Օլգան չպատասխանեց։ Իսկ քիչ անց թեթևակի թոթվեց ուսերը։

Չառլին լուռ վեր կացավ, շարունակելով քրոջը նայել․․․ Հետո դուրս եկավ սենյակից։ Օլգան մի քանի րոպե ևս տխուր նայեց մահճակալին, հետո վեր կացավ ու սկսեց դարձյալ հավաքել ճամպրուկը։ Աչքերն ուռել էին լաց լինելուց, ու ամուր սեղմել էր շրթունքները։ Մի պահ նա մոտեցավ դռանը ու նայեց Չառլիին։ Չառլին նստել էր աթոռին, եղունգներն էր կրծոտում։ Օլգան նորից վերադարձավ իր սենյակը։

Նա փակեց ճամպրուկը, ներկեց շրթունքներն ու հագավ վերարկուն։ Հետո գնաց մյուս սենյակը։

Երկուսն էլ անվճռական նայում էին իրար, ու երկուսն էլ խուսափում էին միմյանց հայացքից։

― Խելքդ թռցրել ես,— ասաց Չառլին։

Օլգան լուռ էր։

― Փողի կարիք չունե՞ս։

Օլգան բացասաբար շարժեց գլուխը։

― Դու չես կարող առանց փողի գնալ։

― Այս շաբաթ աշխատավարձ ստացա։— Նա բարձրացրեց ձայնը, որպեսզի Չառլին կարողանար լսել։— Ես աշխատավարձ ստացա։

― Չե՞ս ուզում մայրիկի մոտ անցնել։

Օլգայի շրթունքներր դողդողացին, նա սկսեց արագ֊արագ թարթել աչքերը, որպեսզի արցունքներ չհոսեն։ Բայց և այնպես բացասաբար շարժեց գլուխը։

Նա քայլերն ուղղեց դեպի դուռը:

Չառլին ցատկեց տեղից։

― Ես ճամպրուկդ մինչև կայարան կբերեմ։

Օլգան գլխով համաձայնության նշան տվեց։

― Վերարկուդ հագիր,— ասաց նա,— փողոցում ցուրտ է։

Չառլին հագավ վերարկուն ու դրեց գլխարկը: Նրանք դուրս եկան։

Սանդուղքով իջնելիս Օլգան հաշվեց աստիճանները, հաշվեց մեկ առ մեկ, մեկից մինչև քառասունութը, և՛ այն աստիճանները, որ ջարդված էին, և՛ այն որ ճռճռում էին, և՛ այն որ խախուտ էին։ Քառասունո՛ւթ աստիճան։

Արդեն ուշ էր, փողոցում ոչ ոք չկար։ Նրանք քայլում էին լուռ, արագ, շրթունքներր սեղմած, առանց իրար հետ խոսելու։ Ցուրտ գիշեր էր, որը կարծես ճնշում էր իր մթությամբ։

Կայարանի մոտ Չառլին կանգ առավ։ Նա կծում էր շրթունքները։ Հետո թևանցուկ արեց քրոջը։

― Դու երիտասարդ աղջիկ ես... դու պետք է զգույշ լինես։— Մի պահ անվճռական լռեց։ Օլգան աչքերը գետին հառեց։— Դու պետք է զգույշ լինես․․․ Զգույշ լինես տղամարդկանցից։

Օլգան արագ, անսպասելի մի շարժումով, շրթունքները մոտեցրեց եղբոր ականջին։

― Չգույշ կլինեմ։

Չառլին նայեց նրան։ Նրա ոսկրոտ դեմքը ծամածռվել էր։

― Դու գեղեցիկ աղջիկ ես։

Երկուսն էլ այդպես կանգնած մնացին։ Չառլին իր հսկա մարմինն առաջ էր թեքել, որպեսզի մի բան ասեր քրոջը։ Երկուսն էլ կանգնել էին շատ մոտիկ, Օլգան, շրթունքները սեղմած, նայում էր իր խուլ եղբորը։ Ու երկուսն էլ ոչինչ չէին գտնում խոսելու։ Իսկ Օլգայի հետևում, բլրակից այն կողմ, հին դագաղի կափարիչի տակ, մեռած պառկած էր իր հայրը ու նրա մարմինն ուղիղ երկու մասի էր բաժանված։ Օլգան ուզում էր այդ մասին եղբորն ասել, բայց բառեր չէր գտնում։

Հանկարծ նա գրկեց Չառլիին, երեսը հպեց եղբոր երեսին։ Իրար գրկած, նրանք կանգնել էին փողոցի մեջտեղում, ու Օլգան համբուրում էր նրան, արագ և մեղմ համբույրներով։

― Խեղճ Չառլի,— շշնջում էր նա,— խեղճ Չառլի։— Բայց Չառլին չէր լսում։ Նրանք շարունակեցին քայլել։

Երբ կայարան հասան, ավտոբուսն արդեն պատրաստվում էր շարժվելու։ Նրանք կանգնել էին լուռ ու շվարած։ Վերջին պահին, ձևականության կանոնները պահպանելու համար, Չառլին մեկնեց ձեռքը։ Նրանք միմյանց ձեռք սեղմեցին։

Օլգան ավտոբուս մտավ և գրավեց իր տեղը: Նա շրջվեց և ուզեց Չառլիին նայել, բայց Չառլին արդեն անհետացել էր խավարի մեջ։

Ավտոբուսը շարժվեց, հեռացավ կայարանից և դուրս եկավ մի մեծ պողոտա։ Գործարանի մոտով անցնելիս, Օլգան տեսավ բեսսեմերյան կրակները, որոնք կարմիր գույնով էին ներկել երկինքը, լուսավորել գործարանը, բակը և շրջակա տները։ Ահա, նրանք մոտեցան, հավասարվեցին գործարանին, իսկ հետո ամեն ինչ հետևում մնաց։ Ու Օլգան զգաց, որ մի դառն, տաք ալիք էր բարձրանում իր մարմնով, մի խեղդող հեկեկանք, որ ցնցում էր նրան։

― Մնաս բարով, անիծյալ գործարան,— շշնջաց նա,— մնաս բարով, անիծյալ քաղաք
Վստահելի
113
edits