Changes
Ձեր
:::''Վարվառա Դոբրոսելովա''։
''Ապրիլ 8''.
Վողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։
Այո՛, ջանիկս, այո, հարազաաս, իմ խեղճ ու կրակ բախտիցս յերևի այսպիսի որ պիտի լուսանար ինձ համար։ Այո, ծաղրի առարկա դարձրեք ինձ, ծերուկիս, Վարվառա Ալեքսեևնա։ Ասենք՝ ինքս եմ մեղավոր, գլխովին մեղավոր։ Ինչո՞ւ եյի ծեր հասակումս գլխիս մի փունջ մազով սիրաբանությունների մեջ մտնում... Ձեզ այս ել ասեմ, ջանիկս, մարդս յերբեմն զարմանալի արարած ե. շատ զարմանալի։ Ո՜ւյ տեր իմ ասաված, ինչե՜ր չի ասում, ինչե՜ր չի դուրս տալիս յերբեմն։ Յեվ ի՞նչ ե դուրս գալիս, ի՞նչ ե հետևում սրանից։ Բոլորովին ել վոչինչ չի հետևում, այլ դուրս ե գալիս այնպիսի մի անպետք բան, վոր տերը փրկի ու ազատի։ Տես, ջանիկս, չեմ բարկանում, այլ միայն ջիգրս շատ ե գալիս, վոր մտաբերում եմ այդ ամենը, ջիգրս ե գալիս, վոր յես գրել եմ ձեզ այդպես պատկերավոր և հիմար կերպով։ Ու այսոր ել պաշտոնիս գնացի այնքան ուրախ ու կայտառ, սրտումս կարծես վարդ եր բացվել։ Յեռանդով առաջ քաշեցի թղթերս, բայց հետո ի՞նչ դուրս յեկավ սրանից։ Հետո միայն, վոր նայեցի շուրջս, ամեն ինչ դարձավ առաջվանը — տխուր ու մութ։ Միևնույն թանաքի բծերը, միևնույն սեղաններն ու թղթերը, յես ինքս ել միևնույնը, բոլորովին այնպես, ինչպես վոր կայի,- ուրեմն ել ինչո՞ւ եյի հեծել Պեգասին ու քշում։ Յեվ վորտեղի՞ց եր այս բոլորը։ Վոր արևը ցոլաց, վոր յերկինքը լազուր ե կապել, սրանի՞ց ե արդյոք։ Ու այդ ի՞նչ բուրմունքներ են, յերբ մեր բակում պատուհանների տակ ինչ ասես չի պատահում։ Ուրեմն պետք ե կարծել, վոր այս բոլորն ինձ հիմարությունից ե թվացել։ Չէ՞ վոր պատահում ե, վոր մարդ յերբեմն մոլորվում ե իր սեփական զգացումների մեջ և հիմարություններ ե դուրս տալիս։ Այս ուրիշ բանից չի պատահում, յեթե վոչ սրտի ավելորդ հիմար ջերմությունից։ Տուն չեկա, այլ քարշ յեկա. առանց վորևե պատճառի գլուխս ցավում եր (մեջքս եյի սառեցրել, թե ինչ)։ Հիմարաբար ուրախացել եյի, վոր գարունը բացվել եր, և թեթև շինելով եյի գնացել։ Յեվ իմ զգացմունքերի նկատմամբ դուք սխալվել եք, բալիկս։ Նրանց զեղումը բոլորովին ուրիշ կողմն եք ընդունել։ Հայրական զգացումն ե ինձ վոգևորել, միմիայն հայրական մաքուր զգացումը, Վարվառա Ալեքսեևնա, վորովհետև յես ձեր հարազատ հոր տեղն եմ բռնում ձեր դառն վորբության պատճառով, այս հոգուս խորքիցն եմ ասում, մաքուր սրտով, իբրև հարազատ։ Ինչ ել վոր լինի, յես ձեզ հեռավոր ազգական եմ, բայց և այնպես ազգական եմ և այժմ՝ ամենամոտիկ ազգականն ու հովանավորը, վորովհետև այնտեղ, ուր դուք ունեյիք ամենից ավելի իրավունք հովանավորություն ու պաշտպանություն գտնելու դավաճանություն ու վիրավորանք գտաք։ Իսկ վոտանավորների մասին կասեմ ձեզ, ջանիկս, վոր ծերությանս հասակում վայել չե ինձ վոտանավորներ գրելով զբաղվել։ Վոտանավորները դատարկ բաներ են։ Վոտանավորների համար դպրոցներում ել հիմա յերեխաներին գանահահում են... ա՜յ թե ինչ, բալիկս։
Այդ ի՞նչ եք գրում ինձ, Վարվառա Ալեքսեևնա, հարմարությունների, հանգստության և զանազան բաների մասին։ Ջանիկս, յես քրթմնջող չեմ և վոչ ել պահանջկոտ. յերբեք սրանից լավ չեմ ապրել, ուրեմն ել ինչո՞ւ ծեր հասակումս քմահաճություն անեմ։ Փորս կուշտ ե, հագուստ ել ունեմ, վոտնաման ել. մեզ չի ել սազի մեծ-մեծ բաների հետևից ընկնել։- Կոմսի ցեղից չե՜մ։- Ծնողս ազնվական դասից չեր և իր ամբողջ ընտանիքով ինձնից աղքատ եր յեկամուտով։ Յես քնքշասուն չեմ։ Ասենք, ճիշտը վոր ասեմ, իմ հին բնակարանում ամեն ինչ անհամեմատ լավ եր, ազատ ու արձակ, ջանիկս։ Իհարկե, այժմյան բնակարանս ել լավն ե, նույնիսկ վորոշ կողմերով ավելի ուրախ ե, յեթե կուզեք, զանազանակերպ. բան չունեմ ասելու դրա դեմ, բայց դարձյալ ափսոսում եմ հինը։ Մենք, ծերունիներս, այսինքն հասակավոր մարդիկս, կապվում ենք հին առարկաների հետ, վորպես մի տեսակ հարազատ բաների հետ։ Բնակարանը, գիտեք, փոքր եր մի տեսակ, պատերը,— դե ինչ ասեմ,- պատերը պատեր եյին, ելի, ինչպես բոլոր պատերը. բայց բանը պատերը չեն, այլ այն, վոր հին բնակարանիս հետ կապված բոլոր բաների մասին հիշողությունը կարոտ ե հարուցանում իմ մեջ... Տարորինակ բան. ծանր ե, հիշողությունները կարծես թե հաճելի յեն։ Նույն իսկ վատը, ինչից յերբեմն ջիգրս գալիս եր, այդ ել հիշողություններիս մեջ մի տեսակ մաքրվում ե վատությունից և յերեակայությանս առջև կանգնում գրավիչ տեսքով։ Խաղաղ եյինք ապրում մենք, Վարինկա, յես ու իմ հանգուցյալ պառավ տանտիրուհին։ Ահա և իմ այդ պառավին տխուր զգացումով եմ հիշում այժմ։ Լավ կին եր և թանգ չեր առնում բնակարանիս համար։ Ճոթեղենի կտորներից զանազան վերմակներ եր գործում շարունակ արշինանոց ճաղերով. միայն դրանով ել պարապում եր։ Ճրագներս մեկ եր, մի սեղանի վրա ել աշխատում եյինք։ Մի թոռնիկ ուներ, անունը Մաշա. նրան դեռ մանուկ ժամանակից եմ հիշում, այժմ տասներեք տարեկան աղջիկ կլինի։ Այնքան չարաճճի յեր, թռվռուն, շարունակ ծիծաղեցնում եր մեզ, այսպես ահա ապրում եյինք յերեքով։ Յերբեմն, ձմեռային յերկար գիշերներին, նստում եյինք կլոր սեղանի շուրջը, թեյեյինք խմում, հետո գործի կպչում։ Իսկ պառավը՝ վորպեսզի Մաշան չձանձրանա և չարություններ չանի չարաճճին, սկսում եր հեքիաթներ պատմել։ Ու ինչպիսի՜ հեքիաթներ։ Վոչ միայն յերեխայի, բանիմաց և խելոք մարդու խելքն ել կգնար։ Ինչ եմ ասում, յես ինքս ել յերբեմն չիբուխս կպցնում և այնպիսի հետաքրքրությամբ եյի լսում, վոր գործս մոռանում եյի։ Իսկ յերեխան, մեր չարաճճին, մտածմունքի մեջ եր ընկնում, վարդագույն թուշը դնում եր ձեռքին, սիրունիկ բերանը բաց անում, ու հեքիաթը մի քիչ վոր սարսափելի յեր լինում, պինդ կպչում եր պառավին։ Իսկ մենք հիանում եյինք նրան նայելով, ու չեյինք նկատում, թե ինչպես մոմը հատնում եր, չեյինք լսում, թե ինչպես դուրսը յերբեմն քամին վոռնում եր, ձյունաբեր փոթորիկը շառաչում։- Լավ եյինք ապրում Վարինկա. և ահա համարյա քսան տարի մենք ապրեցինք այսպես միասին։- Բայց ի՛նչ եմ այսքան շատախոսում։ Ձեզ գուցե այսպիսի նյութը դուր չի գալիս. ասենք՝ ինձ համար ել այս հիշողությունն այնքան ել թեթև չե։ Մանավանդ այժմ մթնել ե։ Թերեզան ինչ-վոր բան ե շինում, գլուխս ցավում ե, մեջքս ել ցավում ե մի քիչ, մտքերս ել տարորինակ են, կարծես նրանք ել են ցավում, տխուր եմ այսոր, Վարինկա, տխուր։- Այդ ի՞նչ եք գրում, բալիկս։ Ինչպե՞ս թե գամ ձեզ մոտ, սիրելիս, ի՞նչ կասեն մարդիկ։ Չե՞ վոր պետք ե բակովն անցնեմ, մերոնք կնկատեն, կսկսեն հարցուփորձ անել,- ասե-կոսեներ, բամբասանքներ, բանին ուրիշ իմաստ կտան։ Վոչ, իմ հրեշտակիկ, ավելի լավ ե՝ յես ձեզ վաղը յերեկոյան ժամերգությանը կտեսնեմ. այդ ավելի խոհեմ կլինի և յերկուսիս համար ել անվնաս։ Ներեցեք ինձ, ջանիկս, վոր ձեզ այսպիսի նամակ եմ գրել. գրածս վոր կարդացի, տեսա՝ անկապ բաներ եմ գրել։ Յես, Վարինկա, ծեր մարդ եմ, շատ ել ուսումնական չեմ, ջահել ժամանակս կարգին ուսում չեմ առել, իսկ այժմ գլուխս բան չի մտնի, յեթե նոր սկսեմ սովորել։ Խոստովանում եմ, ջանիկս, վարպետ չեմ նկարագրելու և առանց ցուցումների ու ծաղրի ել գիտեմ, վոր յեթե ուզենամ վորևե բարդ բան գրել, հիմարություններ դուրս կտամ։- Այսոր տեսա ձեզ պատուհանի մոտ, տեսա՝ թե ինչպես վարագույրն իջեցրիք։ Մնաք բարով, մնաք բարով, տերը պահի, պահպանի ձեզ։ Մնաք բարով, Վարվառա Ալեքսեևնա։
Ձեր անկաշառ բարեկամ՝ ''Մակար Դեվուշկին''։
Հ. Գ. Յես, բալիկս, այժմ վոչ վոքի մասին պարսավ չեմ գրում։ Ծերացել եմ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, վորպեսզի զուր տեղը ուրիշներին ծաղրեմ, և ինձ վրա ել կծիծաղեն ըստ առածի — ով ուրիշի համար հոր կփորի, ինքն ել... մեջը կընկնի։