Changes
Այդ ի՞նչ եք գրում ինձ, Վարվառա Ալեքսեևնա, հարմարությունների, հանգստության և զանազան բաների մասին։ Ջանիկս, յես քրթմնջող չեմ և վոչ ել պահանջկոտ. յերբեք սրանից լավ չեմ ապրել, ուրեմն ել ինչո՞ւ ծեր հասակումս քմահաճություն անեմ։ Փորս կուշտ ե, հագուստ ել ունեմ, վոտնաման ել. մեզ չի ել սազի մեծ-մեծ բաների հետևից ընկնել։- Կոմսի ցեղից չե՜մ։- Ծնողս ազնվական դասից չեր և իր ամբողջ ընտանիքով ինձնից աղքատ եր յեկամուտով։ Յես քնքշասուն չեմ։ Ասենք, ճիշտը վոր ասեմ, իմ հին բնակարանում ամեն ինչ անհամեմատ լավ եր, ազատ ու արձակ, ջանիկս։ Իհարկե, այժմյան բնակարանս ել լավն ե, նույնիսկ վորոշ կողմերով ավելի ուրախ ե, յեթե կուզեք, զանազանակերպ. բան չունեմ ասելու դրա դեմ, բայց դարձյալ ափսոսում եմ հինը։ Մենք, ծերունիներս, այսինքն հասակավոր մարդիկս, կապվում ենք հին առարկաների հետ, վորպես մի տեսակ հարազատ բաների հետ։ Բնակարանը, գիտեք, փոքր եր մի տեսակ, պատերը,— դե ինչ ասեմ,- պատերը պատեր եյին, ելի, ինչպես բոլոր պատերը. բայց բանը պատերը չեն, այլ այն, վոր հին բնակարանիս հետ կապված բոլոր բաների մասին հիշողությունը կարոտ ե հարուցանում իմ մեջ... Տարորինակ բան. ծանր ե, հիշողությունները կարծես թե հաճելի յեն։ Նույն իսկ վատը, ինչից յերբեմն ջիգրս գալիս եր, այդ ել հիշողություններիս մեջ մի տեսակ մաքրվում ե վատությունից և յերեակայությանս առջև կանգնում գրավիչ տեսքով։ Խաղաղ եյինք ապրում մենք, Վարինկա, յես ու իմ հանգուցյալ պառավ տանտիրուհին։ Ահա և իմ այդ պառավին տխուր զգացումով եմ հիշում այժմ։ Լավ կին եր և թանգ չեր առնում բնակարանիս համար։ Ճոթեղենի կտորներից զանազան վերմակներ եր գործում շարունակ արշինանոց ճաղերով. միայն դրանով ել պարապում եր։ Ճրագներս մեկ եր, մի սեղանի վրա ել աշխատում եյինք։ Մի թոռնիկ ուներ, անունը Մաշա. նրան դեռ մանուկ ժամանակից եմ հիշում, այժմ տասներեք տարեկան աղջիկ կլինի։ Այնքան չարաճճի յեր, թռվռուն, շարունակ ծիծաղեցնում եր մեզ, այսպես ահա ապրում եյինք յերեքով։ Յերբեմն, ձմեռային յերկար գիշերներին, նստում եյինք կլոր սեղանի շուրջը, թեյեյինք խմում, հետո գործի կպչում։ Իսկ պառավը՝ վորպեսզի Մաշան չձանձրանա և չարություններ չանի չարաճճին, սկսում եր հեքիաթներ պատմել։ Ու ինչպիսի՜ հեքիաթներ։ Վոչ միայն յերեխայի, բանիմաց և խելոք մարդու խելքն ել կգնար։ Ինչ եմ ասում, յես ինքս ել յերբեմն չիբուխս կպցնում և այնպիսի հետաքրքրությամբ եյի լսում, վոր գործս մոռանում եյի։ Իսկ յերեխան, մեր չարաճճին, մտածմունքի մեջ եր ընկնում, վարդագույն թուշը դնում եր ձեռքին, սիրունիկ բերանը բաց անում, ու հեքիաթը մի քիչ վոր սարսափելի յեր լինում, պինդ կպչում եր պառավին։ Իսկ մենք հիանում եյինք նրան նայելով, ու չեյինք նկատում, թե ինչպես մոմը հատնում եր, չեյինք լսում, թե ինչպես դուրսը յերբեմն քամին վոռնում եր, ձյունաբեր փոթորիկը շառաչում։- Լավ եյինք ապրում Վարինկա. և ահա համարյա քսան տարի մենք ապրեցինք այսպես միասին։- Բայց ի՛նչ եմ այսքան շատախոսում։ Ձեզ գուցե այսպիսի նյութը դուր չի գալիս. ասենք՝ ինձ համար ել այս հիշողությունն այնքան ել թեթև չե։ Մանավանդ այժմ մթնել ե։ Թերեզան ինչ-վոր բան ե շինում, գլուխս ցավում ե, մեջքս ել ցավում ե մի քիչ, մտքերս ել տարորինակ են, կարծես նրանք ել են ցավում, տխուր եմ այսոր, Վարինկա, տխուր։- Այդ ի՞նչ եք գրում, բալիկս։ Ինչպե՞ս թե գամ ձեզ մոտ, սիրելիս, ի՞նչ կասեն մարդիկ։ Չե՞ վոր պետք ե բակովն անցնեմ, մերոնք կնկատեն, կսկսեն հարցուփորձ անել,- ասե-կոսեներ, բամբասանքներ, բանին ուրիշ իմաստ կտան։ Վոչ, իմ հրեշտակիկ, ավելի լավ ե՝ յես ձեզ վաղը յերեկոյան ժամերգությանը կտեսնեմ. այդ ավելի խոհեմ կլինի և յերկուսիս համար ել անվնաս։ Ներեցեք ինձ, ջանիկս, վոր ձեզ այսպիսի նամակ եմ գրել. գրածս վոր կարդացի, տեսա՝ անկապ բաներ եմ գրել։ Յես, Վարինկա, ծեր մարդ եմ, շատ ել ուսումնական չեմ, ջահել ժամանակս կարգին ուսում չեմ առել, իսկ այժմ գլուխս բան չի մտնի, յեթե նոր սկսեմ սովորել։ Խոստովանում եմ, ջանիկս, վարպետ չեմ նկարագրելու և առանց ցուցումների ու ծաղրի ել գիտեմ, վոր յեթե ուզենամ վորևե բարդ բան գրել, հիմարություններ դուրս կտամ։- Այսոր տեսա ձեզ պատուհանի մոտ, տեսա՝ թե ինչպես վարագույրն իջեցրիք։ Մնաք բարով, մնաք բարով, տերը պահի, պահպանի ձեզ։ Մնաք բարով, Վարվառա Ալեքսեևնա։
::::Ձեր անկաշառ բարեկամ՝ ''Մակար Դեվուշկին''։
Հ. Գ. Յես, բալիկս, այժմ վոչ վոքի մասին պարսավ չեմ գրում։ Ծերացել եմ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, վորպեսզի զուր տեղը ուրիշներին ծաղրեմ, և ինձ վրա ել կծիծաղեն ըստ առածի — ով ուրիշի համար հոր կփորի, ինքն ել... մեջը կընկնի։
''Ապրիլ 9''.
Վողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ,
Դե՜, ինչպես չեք ամաչում, իմ բարեկամ և բարերար, Մակար Ալեքսեևիչ, վոր այդպես վշտանում եք և քմահաճույքներ բանեցնում։ Մի՞թե նեղացել եք։ Ա՜խ, յես շատ անգամ անզգույշ եմ լինում, բայց չեյի կարծում, թե դուք իմ խոսքերը կծու կատակ կհամարեք։ Հավատացած յեղեք, վոր յես յերբեք չեմ համարձակվի կատակ անել ձեր տարիքի և ձեր բնավորության վրա։ Իսկ այս բոլորը պատահեց իմ թեթևամտությունից և ավելի նրա համար, վոր սարսափելի ձանձրալի յե անցնում որս, իսկ ձանձրույթից մարդ ի՞նչ չի անի։ Իսկ յես կարծում եյի, թե դուք ինքներդ ձեր նամակի մեջ ուզում եյիք ծաղրել։ Յես սարսափելի տխրեցի, յերբ տեսա, վոր դուք դժգոհ եք ինձնից։ Վոչ, իմ բարի բարեկամ և բարերար, կսխալվեք, յեթե կասկածեք, թե յես անզգա և անշնորհակալ աղջիկ եմ։ Յես գիտեմ սրտումս գնահատել այն ամենը, ինչ վոր դուք արել եք ինձ համար, պաշտպանելով ինձ չար մարդկանցից, նրանց հալածանքից և ատելությունից։ Յես հավիտյան կաղոթեմ աստծուն ձեզ համար և յեթե աղոթքս հասնում ե աստծուն և յերկինքը լսի աղոթքս, դուք բախտավոր կլինեք։
Յես այսոր շատ տկար եմ զգում ինձ, մեկ ջերմում եմ, մեկ դողացնում։ Ֆեդորան շատ ե անհանգստանում ինձ համար։ Դուք զուր եք ամաչում գալ մեզ մոտ, Մակար Ալեքսեևիչ։ Ուրիշների ի՞նչ գործն ե։ Դուք ծանոթ եք մեզ հետ, պրծավ գնաց... Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ։ Այժմ ել բան չունեմ
գրելու, չեմ ել կարող, սարսափելի տկար եմ։ Դարձյալ խնդրում եմ, մի բարկանաք ինձ վրա և հավատացած յեղեք մշտական հարգանքիս և բարեկամությանս, վորով պատիվ ունեմ մնալու ձեր ամենաանձնվեր և ամենախոնարհ աղախին
::::''Վարվառա Դոբրոսելովա''։