Changes
Ի՜նչ ցնորական ժամանակ։ Որքա՜ն ունայն, անիրական և երջանիկ ժամանակ։
Ի՜նչ կարող էր հավասարվել իմ զգացած երանության հետ, երբ Դորայի մատի չափն առա, որսկերչի մոտ գնացի մի մատանի պատվիրելու ''Չմոռանաս ինձ'' փորագրով։ Ոսկերիչը միտքս իսկույն գուշակեց ու սիրով ժպտաց։ Մատանին պիտի անմոռուկի կապույտ ակներով ընդելուզեր։ Նրա հիշատակը մտքիս մեջ այն աստիճան միացած էր Դորայի հետ, որ դեռ երեկ, երբ պատահմամբ իմ հարազատ աղջկա մատին իսկ և իսկ մի այդպիսի մատանի տեսա, սիրտս մի վարկենական վայրկենական ցավով թնդաց։
Ինձնից ավելի երջանիկ մարդ կա՞ր արդյոք, երբ սրտիս գաղտնիքով փքված ու Դորայի սիրով վերացած՝ ասես թե օդի մեջ էի սավառնում և կարեկից աչքով նայում գետնի երեսին սողացող թշվառ մարդկանց։
Պարզ էր, որ բանս վատ է։ Շատ բարձր էի թռել․ պետք էր փոքր֊ինչ ցած իջնել։ Դիմեցի Տրեդլսի խորհրդին, և նա առաջարկեց կամաց֊կամաց թելադրել ինձ ճառերը, ստեպ֊ստեպ կանգ առնելով, ինչպես որ պահանջում էր իմ չիմանալը։ Այս սիրալիր օգնությունը շնորհակալությամբ ընդունեցի և այնուհետև երկար ժամանակ ու համարյա թե ամեն գիշեր․ հենց որ դոկտոր Ստրոնգի գրասենյակից ետ էի գալիս՝ մի մասնավոր պառլամենտի նման բան էինք սարքում Բուկինհեմի փողոցում։
Կցանկանայի որևէ տեղ մի ուրիշ այդպիսի պառլամենտ տեսնել։ Տատս ու մր․ Դիկը, հանգամանքներին նայելով, մերթ կառավարությունն էին ներկայացնում, մերթ ընդդիմադիր կուսակցությունը, իսկ Տրեդլսը, Էնֆիլդի «Ատենաբանով» կամ թե պառլամենտի պայքարների որևէ հատորով զինված՝ որոտալից պարսավ էր շանթում նրանց դեմ։ Սովորաբար Տրեդլսը՝ մի սեղանի մոտ կանգանած, ձախ ձեռքը գրքին դրած, որպեսզի էջը չկորցնի, և աջը գլխի առջև ճոճելով, ինչպես մի նորհայտ նորահայտ Պիտ, Ֆոքս, Շերիդան, Բեորկ, լորդ Կեստլրի, կոմս Սիդմաութ և կամ Քեննինգ, մր․ Դիկին ու տատիս չարաչար հարվածում էր անօրենության ու կաշառակերության ոճիրների համար, իսկ ես, նրա սեղանից փոքր֊ինչ հեռու, հուշատետրն առջևս բռնած՝ ամբողջ ջանքովս ճիգ էի թափում ետ չմնալ նրանից։ Մտքերի անհաստատության ու թեթևության կողմից ոչ մի եվրոպական քաղաքագետ չէր կարող գերազանցել Տրեդլսին։ Մի շաբաթվա ընթացքում նա ամեն տեսակ իրար ընդդեմ քաղաքական ուղղություններ ընդունեց և ամեն գույնի դրոշակ պարզեց։ Տատս, մի կանցլերի պես անշարժ, նրան մեկ֊մեկ ընդհատում էր․ «Շա՛տ լավ, շա՛տ լավ» կամ թե «Ո՛չ, ո՛չ» և կամ թե «Օ՜հ, օհ» գոչյուններով, և մր․ Դիկը, իբրև մի բուն գավառացի ջենտլմեն, անմիջապես միևնույնը կրկնում էր հրճվանքով։ Սակայն մր․ Դիկն իր պառլամենտական ասպարեզի ընթացքում այնպիսի ահեղ ոճիրների մեջ ամբաստանվեց, այնպես խիստ մեղադրանքներ լսեց, որ հետզհետե սկսեց դողալ ու կարծեմ վերջ ի վերջո հավատաց, թե ինքն իրոք Մեծ Բրիտանիայի սահմանադրության կործանում ու պետության քայքայում սպառնացող մի չար բան արած չլիներ։
Շատ անգամ այս պայքարները մինչև կես֊գիշեր էինք շարունակում, մինչև իսկ ճրագների բոլորովին այրվելը։ Մեր ջանքերի հետևանքն այն եղավ, որ ես սկսեցի համարյա թե Տրեդլսի հետ հավասար ընթանալ, և հաղթանակս կատարյալ կլիներ, եթե միայն իմ խզմզած գծերի իմաստը գոնե փոքր֊ինչ հասկանայի։ Սակայն դժբախտաբար, երբ փորձում էի կարդալ դրանք, այնքան բան էի հասկանում, ինչքան որ կհասկանայի թեյի տուփերի երեսին գծված չինական նշաններից և կամ այն ոսկեգիր տառերից, որ կարելի է տեսնել դեղարաններում շարված կարմիր ու կանաչ շշերի վրա։