Changes
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
Աշխարհը փոխվեց, և յուրաքանչյուր ակնթարթը լցվեց մտքերով, որոնք նախկինում Սեմի գլխում չէին հայտնվի նույնիսկ մեկ ժամվա ընթացքում: Լսողությունը սրվեց, իսկ տեսողությունը մշուշվեց, բայց ոչ այնպես, ինչպես Շելոբի որջում: Շրջապատող առարկաները չթաղվեցին խավարում, սակայն դրանց ուրվագծերը մշուշվեցին ու լողացին: Շուրջն ամեն ինչ դարձավ մոխրագույն, և այդ մոխրագույն մշուշում միայնակ կանգնած Սեմը նմանվեց սև քարի: Ձախ ձեռքին հագած Մատանին վառվում էր ինչպես շիկացած ոսկին: Սեմն իրեն անտեսանելի չէր զգում. ընդհակառակը, նրան թվում էր, թե ինքը տեսանելի է ու խոցելի ինչպես երբեք, և գիտեր, որ Ամենատես Աչքը անընդհատ փնտրում է իրեն:
Նա լսում էր, թե ինպես են ճեղքվում քարերը լեռներում, ինչպես է կարկաչում ջուրը հեռավոր Մորգուլի հովտում, ինչպես է հեծեծում ու պղպջակներ թողնում չարաբախտ Շելոբը՝ մոլորված իր սեփական որջում: Լսում , լսում էր աշտարակի ստորգետնյա խորքերում շղթայված բանտարկյալների տնքոցները, թունելից դուրս հորդող օրքերի բղավոցներըև աշտարակից եկածների խլացուցիչ ժխորը: Սեմը սեղմվեց ժայռին: Օրքերը շարք առ շարք անցնում էին նրա կողքով: Նրանք նման էին ուրվականային տեսիլքների՝ մոխրագույն, մշուշապատ, աղավաղված ստվերներ, իսկ ձեռքերին՝ աղոտ ցոլցլացող ջահեր: Սեմն ապարդյուն ճեղք էր փնտրում, որտեղ կարելի էր թաքնվել ու լարված լսում:
Թունելից դուրս եկող օրքերն ու աշտարակից եկողները հանդիպեցին և ոռնալով նետվեցին միմյանց ընդառաջ: Սեմը հիանալի լսում էր նրանց և ամեն ինչ հասկանում: Ըստ երևույթին Մատանին իրեն կրողին օժտել էր ուրիշ լեզուներ հասկանալու ունակությամբ կամ գուցե օգնում էր հասկանալ միայն Սաուրոնի կամակատարների լեզուն... Մի խոսքով, ինչպես էլ որ լիներ, Սեմը հասկացավ, որ բավական է ինքը ուզենա՝ և հիանալի ամեն ինչ հասկանում է: Երևում է, Լեռանը մոտենալուն զուգընթաց, որտեղ այն կռել էին, Մատանու հզորությունը գնալով աճում էր, թեև համարձակություն այն չէր տալիս՝ Սեմը միայն մտածում էր, թե որտեղ կարելի է թաքնվել ու սպասել, մինչև որ ամեն ինչ հանգստանա, և լարված ականջ էր դնում: Հեռվից էին գալիս ձայները, թե՝ մոտիկից, նա չգիտեր, բայց թվում էր, թե դրանք հնչում են ուղղակիորեն ականջների մեջ:
— Տե՛ս է, Գորբա՛գն է բարեհաճել: Ի՞նչ ես կորցրել էստեղ, չլինի՞ պատերազմից ձանձրացել ես:
— Հրաման եմ կատարում, տխմա՛ր: Իսկ դու՞, Շագրատ, դու ու՞ր ես գնում: Ձանձրացե՞լ ես ճարպակալելուց: Կռվե՞լ ես ուզում:
— Մենք հանձնարարություն ենք բերում ձեզ վերևից, էնպես որ ռեխդ փակիր: Էստեղ՝ անցումում, ես եմ հրամայում, իսկ լեզուդ քեզ քաշիր: Ի՞նչ հրաման ես կատարում:
— Ոչ մի:
— Հե՛յ, հե՛յ, հո՛յ:
Ներքևից եկող ժխորն ընդհատեց հրամանատարների զրույցը՝ օրքերն ինչ-որ բան էին հայտնաբերել ու շտապում էին այնտեղ: Մյուսները վազեցին նրանց հետևից:
— Հե՛յ, հե՛յ, օհո՛, էստեղ ինչ-որ բան կա, հենց ճանապարհի վրա: Լրտե՛ս, լրտե՛ս:
Խռպոտ մռնչացին եղջերափողերը. օրքերն ուրախացած ոռնացին:
Այդ լուրը Սեմին այնպես ցնցեց, որ նա անմիջապես սթափվեց ու մոռացավ իր բոլոր վախերը: Գտան տիրոջը, գարշելիները: Ի՞նչ կանեն նրանք նրա հետ: Նա օրքերի մասին այնպիսի պատմություններ էր լսել, որ երակներում արյունը սառել էր: Ո՛չ, նման բան թույլ տալ չի՛ կարելի: Սեմը վեր թռավ տեղից: Նա անմիջապես մոռացավ հանձնարարության մասին: Կորչի՛ ամեն ինչ, իր բոլոր փաստարկներն ունայն են: Կասկածներն ու մտավախությունները չքացան, ասես չէին եղել: Այժմ նա գիտեր, թե որտեղ է իր տեղը՝ տիրոջ կողքին, կենդանի կամ մեռած, թեև ինչպես պետք է օգներ նրան, պատկերացում անգամ չուներ: Նա իջավ աստիճաններով ներքև ու արահետով սլացավ դեպի Ֆրոդոն:
«Որքա՞ն կլինեն նրանք,— մտածում էր նա: — Աշտարակից առնվազն երեսուն կամ քառասուն իջան, երկու էդքան էլ երևի ներքևից եկան: Քանիսի՞ն կհասցնեմ կոչնչացնել, նախքան նրանք ինձ կբռնեն: եթե թուրը հանեմ, նրանք անմիջապես կնկատեն երկնագույն շեղբը և, վաղ, թե ուշ, հախիցս կգան: Հետաքրքիր է, գոնե երգի մեջ կհայտնվ՞եմ: Երգ Սեմուայսի մասին, ով ընկավ կեռնային անցումի մարտում՝ պաշտպանելով տիրոջ մարմինը թշնամիներից: Ո՛չ, ի՞նչ երգ, ոչ մի երգ էլ չի լինի: Մատանին կգտնվի, և երգեր էլ ընհանրապես չեն լինի: Չի լինի՝ չի լինի: Ես ուրիշ տարբերակ չունեմ, իմ տեղը՝ տիրոջ կողքին է: Նրանք պետք է հասկանան՝ Էլրոնդը, և՛ Խորհուրդը, և՛ բոլոր-բոլոր իմաստուն տիրակալներն ու տիրուհիները: Նրանց ծրագրերը ձախողվեցին. ինձանից Մատանու Պահապան դուրս չի գա՝ առաց պարոն Ֆրոդոյի՝ կներեք, չի՛ ստացվում:
Օրքերն արդեն կորել էին տեսողությունից: Սեմը ժամանակ չէր ունեցել մտածելու իր մասին, ու հիմա հանկարծ զգաց, որ սարսափելի հոնգած է և ուժերը սպառվելու վրա են: Ոտքերը հրաժարվում էին ենթարկվել: Նա չափազանց դանդաղ էր գնում, ու թվում էր, թե արահետը վերջ չունի: Ախր ու՞ր կորան դրանք և ինչո՞ւ է շուրջը միայն մառախուղ:
Ահա՛ նրանք: Հեռու են սակայն... Հավաքվել են շուրջը, իսկ ոմանք կռացած շան պես հետքերն են հոտոտում... Սեմը փորձեց ավելի արագ վազել:
«Շու՛տ արա, Սե՛մ, շու՛տ արա,— ինքն իրեն շտապեցնում էր նա: — Նորից ուշանալու ես»:
Նա շոշափեց թրի բռնակը:
«Հիմա կհանեմ թուրը և...»
Վայրի ոռնալով ու քրքջալով օրքերն ինչ-որ ծանր բան էին բարձրացնում գետնից.
— Մեկ, երկու, վերցրեցի՛նք: Հե՛յ դու, հո՛պ, հո՛պ:
Եվ հնչեց հրամանը.
— Առա՛ջ, գնում ենք կարճ ճանապարհով: Ուղի՛ղ դեպի ներքին դարպասը: Էսօր, երևում է, Շելոբն էլ դուրս չի գա, կարող եք չցնցվե՛լ:
Ոհմակը սլացավ առաջ: Մեջտեղում գտնվող չորսն ուսերին դրած տանում էին մարմինը:
— Հե՛յ, հո՛յ:
Նրանք տարա՛ն տիրոջը: Չափազանց ու՛շ է: Այնուամենայնիվ, Սեմը սայթաքելով վազում էր նրանց հետևից: Օրքերն իրար հրմշտելով մեկը մյուսի հետևից չքացան թունելում. սկզբում մարմինը տանող չորսը, ապա՝ մյուսները: Սեմը դուրս քաշեց թուրը, և շեղբը փայլատակեց երկնագույն կրակով, բայց ոչ ոք նրա ուղղությամբ չնայեց: Վերջապես, երբ նա շնչակտուր հասավ թունելի բերանին, վերջին օրքն արդեն անհետացել էր սև խոռաչում:
Սեմը կանգ առավ, սիրտը բռնեց և շունչը տեղը բերեց: Ապա թևքով մաքրեց դեմքի կեղտը, քրտինքն ու արցունքները: