Changes
Զինադադարից յետոյ նրանք որոշեցին, որ տղան կը գնայ հայրենիք ու աշխատանք կորոնի, որպէսզի կարողանան ամուսնանալ։ Լուզը կը վերադառնայ միայն այն ժամանակ, երբ ինքը լաւ գործ գտնի ու կը կարողանայ ընկերուհուն Նիւ Եօրքում դիմաւորել։ Տղան չպէտք է խմի ու ընկերներից ոչ մէկին չպիտի հանդիպի, Նահանգներում՝ առհասարակ ոչ մէկին։ Միայն՝ գործ ճարել ու ամուսնանալ։ Պադուայից գնացքով Միլան մեկնելիս նրանք վիճեցին այն բանի համար, որ աղջիկը չէր ուզում անմիջապէս տուն գնալ։ Միլանի կայարանում, երբ հրաժեշտի պահը եկաւ, նրանք համբուրուեցին, բայց վէճի հետքը դեռեւս թարմ էր։ Տղան ցաւ էր զգում, որ այդպէս հրաժեշտ տուեցին իրար։
Գենուայում նա Ամերիկա մեկնող շոգենաւ նստաց։ նստեց։ Լուզը մեկնեց Պորդոնոնէ, որտեղ նոր հոսպիտալ էր բացւում։ Այնտեղ խոնաւ ու անձրեւոտ էր, եւ քաղաքում տեղակայուել էր Արդիտիի գումարտակը։ Այդ կեղտոտ, անձրեւոտ փոքրիկ քաղաքում, ձմեռուայ օրերը կարճելիս՝ գումարտակի մայորը սկսեց սիրահետել Լուզին, իսկ վերջինս էլ առաջներում իտալացիներին բնաւ չէր ճանաչել ու ի վերջոյ գրեց Նահանգներ, թէ իրենց սէրը սոսկ մանկական հրապուրանք է եղել, ուրիշ ոչինչ։ Աղջիկը շատ էր ցաւում ու գիտէր, որ թերեւս տղան իրեն չի հասկանայ, բայց միգուցէ երբեւէ ների իրեն ու դեռ շնորհակալ էլ լինի, իսկ հիմա իր համար միանգամայն անսպասելի պատրաստւում է գարնանն ամուսնանալ։ Ինքը տղային սիրում է առաջուայ պէս, բայց հիմա միանգամայն պարզ է, որ դա զուն մանկական սէր է եղել։ Ինքը չի կասկածում, որ տղային մեծ ապագայ է սպասւում, ու խիստ հաւատում է դրան։ Գիտի նաեւ, որ դա է լաւագոյն ելքը։
Մայորը նրա հետ չամուսնացաւ ո՛չ այդ գարնանը, ո՛չ էլ յետոյ։ Լուզն այդպէս էլ Չիկագոյից իր նամակի պատասխանը չստացաւ։ Իսկ տղան անմիջապէս դրանից յետոյ վարակուեց հանրախանութի մի վաճառողուհուց, որի հետ տաքսի նստած Լինքոլն Պարկ պտոյտի էր դուրս եկել։