Changes
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
Սեմը թուրը ձեռքին վազեց նրա հետևից: Մի ակնթարթ Գոլլումին սպանելու կատաղի ցանկությամբ համակված նա մոռացավ ամեն ինչ, բայց երբ երեսին փչեց թունելի սև գարշահոտը, հոբիթին ասես ամպրոպ հարվածեց. նա բոլորովին մոռացել էր Ֆրոդոյի և հրեշի մասին: Կտրուկ շրջվելով՝ նա կայծակնային արագությամբ սլացավ արահետով վեր՝ բարձր կանչելով տիրոջը: Բայց արդեն ուշ էր: Գոլլումի պլանն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր ձախողվել:
=== Գլուխ տասը. Սեմ Սեմուայս Գեմջիի ընտրությունը ===
Ֆրոդոն պառկած էր մեջքի վրա, իսկ պիղծ արարածը, կռացած նրա վրա, այնքան էր տարված իր զոհով, որ չէր նկատում Սեմին ու չէր լսում նրա բղավոցները, մինչև որ վերջինս բոլորովին չմոտեցավ: Սեմը նկատեց, որ տերը ոտքից գլուխ պարուրված է սարդոստայնով, իսկ հրեշն արդեն բարձրացնում է նրան առջևի հսկայական ոտքերով՝ պատրաստվելով քարշ տալ դեպի իր որջը: Ֆրոդոյի կողքին ընկած էր լուսարձակող էլֆական սուրը, որը նա այդպես էլ չէր կարողացել գործի դնել: Սեմը երկար-բարակ չմտածեց, թե ինչն է իրեն առաջ մղում՝ քաջությու՞նը, հավատարմությու՞նը, թե՞ պարզապես խելագար կատաղությունը. նա ձախ ձեռքով գետնից սրընթաց բարձրացրեց Ֆրոդոյի թուրրը և վայրի ճիչով նետվեց հարձակման: Արտասովոր տեսարան էր, աննախադեպ նույնիսկ գիշատիչ կենդանիների վայրի աշխարհում, որտեղ հաճախ է պատահում այնպես, որ հուսահատված կենդանին, զինված միայն փոքրիկ ատամներով, անձնուրաց պաշտպանում է իր վիրավոր ընկերուհուն՝ հարձակվելով նրա վրա կռացած մեծ ու հաստակաշի գազանի վրա:
Պարզվեց, որ օրքերը մտել են այն նույն անցումը, որն ավարտվում էր փակուղով: Նա շտապեց այնտեղ՝ և հայտնաբերեց, որ այն առաջվա պես փակ է:
Ճանապարհն արգելափակում էր մի հսկայական քար, բայց օրքերն ինչ-որ կերպ շրջանցել էին այն՝ այժմ նրանց ձայները լսվում էին քարի մյուս կողմից: Նրանք մանր վազքով հեռանում էին դեպի լեռան խորքը՝ տանելով իրենց հետ Ֆրոդոյի մարմինը, իսկ Սեմը ոչ մի կերպ չէր կարողանում հետևել նրանց... Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ինչ կանեին նրանք տիրոջ հետ: Հոբիթը կրծքով ընկավ քարի վրա և սկսեց հրել, բայց ոչինչ չսացվեց: Եվ հանկարծ մյուս կողմից, հենց քարի հետևից (համենայն դեպս այդպես թվաց Սեմին) լսվեցին առաջնորդ օրքերի ձայները, և Սեմը սրեց ականջները՝ հույս ունենալով ինչ-որ կարևոր բան լսել: Գուցե Գորբագը ցանկանա վերադառնա՞լ. չէ՞ որ նա Մինաս Մորգուլից է: Այդ ժամանակ, գուցե, ստացվի սողոսկել արգելքից այն կողմներս:
— Չէ, չգիտեմ,— ասաց Գորբագի ձայնը: — Սովորաբար հրամանները թռչունից արագ են տեղ հասնում, բայց ինչպես՝ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել: Բ՛ռռռ. էդ Նազգուլների տեսքից ծնկներս թուլանում են: Նայում են քեզ՝ թվում է, թե կաշիդ քերթում են: Մեկ-երկու՝ ու կմնաս առանց մաշկի մթության մեջ մյուս կողմում: Բայց Նա նրանց համար ոչինչ չի խնայում, էնպես, որ բողոքես, չբողոքես՝ արդյունքի չես հասնի. դրա համար ավելի լավ է լռես: Չէ, ամրոցում ծառայելը՝ կատակ բան չէ, հավատա ինձ:
— Էհ,— հառաչեց Շագրատը,— կհիշեինք հին օրերը:
— Հա, բայց հիմա դրա մասին մտածելն անիմաստ է: Մի բան էն չէ, հոտառությամբ զգում եմ: Ասում եմ քեզ. նույնիսկ ամենագլխավորները,— Գորբագը կրկին իջեցրեց ձայնը,— չնայած ինչու մենակ նրանք, նույնիսկ Նա էլ է սխալվում: Ասում ես՝ ինչ որ մեկը քիչ էր մնում անցնի: Իսկ ես կասեմ, որ ինչ-որ մեկը ոչ թե քիչ էր մնում անցնի, այլ անցել է: Ու հիմա մենք պետք է աչքներս չորս անենք: Խեղճ Ուրուքներին էդքան տանջում են, բայց մի փոքրիկ շնորհակալության էլ չեն արժանանում: Օգտվում են նրանից, որ թշնամիները սիրում են մեզ էնքան, որքան Նրան, ու եթե Նրա վերջը գա, ապա մեր վերջն էլ կգա: Սպասիր, իսկ դու ե՞րբ ես դուրս գալու հրաման ստացել:
— Մի ժամ առաջ: Մենք համարյա էդ ժամանակ էլ հանդիպեցինք: Հրամանն էսպիսին էր. «Նազգուլն անհանգիստ է: Աստիճանների վրա հնարավոր են լրտեսներ: Կրկնապատկել զգոնությունը: Պահակներ կարգել աստիճանների մոտ»: Դե ես էլ հրահանգեցի՝ ու վազեցինք: