Changes

Արքիմեդի մահը

Ավելացվել է 9530 բայտ, 09:05, 31 Օգոստոսի 2015
|աղբյուր = Կարել Չապեկ
}}
 
 
Բանն ամենևին այնպես չի եղել, ինչպես գրում են դասագրքերում։ Այո, իրոք ճիշտ է, որ Արքիմեդն սպանվել է հռոմեացիների կողմից։ Սիրակուզը գրավելու պահին, բայց ճիշտ չէ, որ հռոմեացի զինվորը ներխուժել է նրա մոտ, կամենալով գերի վերցնել, և Արքիմեդը, տարված երկրաչափական պատկերներ գծագրելով, գրգռված բղավել է նրան․ «Չհամարձակվե՛ս ձեռք տալ իմ շրջագծերին»։
 
Ամենից առաջ Արքիմեդին ոչ մի կերպ չի կարելի ցրված պրոֆեսոր համարել, որը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը․ ընդհակառակը, նա բնավորությամբ բնածին ռազմիկ էր ու ռազմական մեքենաներ էր հնարում Սիրակուզի պաշտպանության համար։ Բացի դրանից, նրա տուն մտած հռոմեական զինվորը հարբած կողոպտիչ չէր․ դա լավ վարժեցված և հույժ պատվախնդիր ցենտուրիոն Լյուցիսն էր, որ ծառայում էր շտաբում ու հիանալի գիտեր, թե ում հետ գործ ունի։ Նա ամենևին էլ չէր ուզում Արքիմեդին գերի վերցնել․ Լյուցիոսը կանգ առավ դռների մեջ, զինվորական պատիվ տվեց ու բարձրաձայն ասաց․
 
― Ողջունում քեզ, Արքիմեդ։
 
Արքիմեդը մի րոպե պոկվեց մոմած տախտակից, որի վրա ինչ֊որ բան էր գծագրում, և հարցրեց․
 
― Ի՞նչ կա։
 
― Լսիր, Արքիմեդ, ― ի պատասխան ասաց Լյուցիոսը։ Մենք գիտենք, որ առանց քո մեքենաների Սիրակուզը նույնիսկ մեկ ամիս չէր դիման։ Իսկ մենք դրա վրա ամբողջ երկու տարի չարչարվեցինք։ Հավատացնում եմ քեզ, որ մենք, զինվորներս, շատ լավ ենք հասկանում այդ։ Մեքենաները հիանալի են։ Կարող եմ միայն շնորհավորել քեզ։
 
Արքիմեդն անփութորեն ձեռքը թափ տվեց։
 
― Թող, խնդրում եմ, այդ մասին չարժե խոսել։ Սովորական նետող սարքեր են, խաղալիքներ և ուրիշ ոչինչ։ Դրանք լուրջ գիտական նշանակություն չունեն։
 
― Բայց փոխարենը ունեն ռազմական նշանակություն, ― առարկեց Լյուցիոսը։ ― Ահա թե ինչ, Արքիմեդ, ես եկել եմ, որպեսզի առաջարկեմ աշխատել մեզ հետ։
 
― Ովքե՞ր են այդ մեզ հետը։
 
― Հռոմեացիները։ Դու պիտի հասկանաս, որ Կարթագենը անկում է ապրում։ Ինչո՞ւ պիտի օգնես նրան։ Հիմա կտեսնես, թե ինչ խաղ կխաղանք Կարթագենի գլխին։ Ընդհանրապես դուք, սիրակուզցիներդ, հենց սկզբից պիտի միանայիք մեզ։
 
― Այդ ինչո՞ւ, քրթմնջաց Արքիմեդը։ ― Մենք ծնունդով պատահաբար հույներ ենք։ Ինչո՞ւ պետք է միանայինք հռոմեացիներին։
 
― Ովորվետև դուք ապրում եք Սիցիլիա կղզում, իսկ Սիցիլիան հարկավոր է մեզ։
 
― Ինչո՞ւ։
 
― Նրա համար, որ մենք ուզում ենք տիրանալ Միջերկրական ծովին։
 
― Ա֊ա՜․․․ ― մտախոհ ծոր տվեց Արքիմեդը ու նայեց իր տախտակին։ ― Իսկ այդ ծովը ձեր ինչի՞ն է հարկավոր։
 
― Ով տիրում է Միջերկրական ծովին, տիրում է ողջ աշխարհին։ Կարծեմ, պարզ է։
 
― Իսկ դուք անպայման պետք է ողջ աշխարհին տիրե՞ք։
 
― Այո։ Հռոմը կոչված է աշխարհի տիրակալը լինելու։ Եվ կլինի, հավատա ինձ։
 
― Չեմ վիճում, ― ասաց Արքիմեդը և ինչ֊որ բան ջնջեց մոմած տախտակից։ ― Բայց խորհուրդ չէի տա, Լյուցիոս։ Հասկանում ես, աշխարհի տիրակալ լինելը շատ գլխացավանք գործ է։ Ափսոս է դրա վրա ծախսված աշխատանքը։
 
― Դա կարևոր չէ։ Փոխարենը մենք կլինենք մեծ կայսրություն։
 
― Մե՜ծ կայսրություն, ― մռթմռթոցով կրկնեց Արքիմեդը։ ― Փոքր շրջագծեր, թե մեծ՝ միևնույն է, դա կլինի միայն շրջան, որը իր սահմանն ունի․ առանց սահմանների ապրել, միևնույն է, չեք կարող։ Կամ գուցե դու կարծում ես, թե մեծ շրջանը փոքրից կատարյա՞լ է։ Կամ որ դու կլինես ավելի մե՞ծ երկրաչափ, եթե մեծ շրջան գծես։
 
― Դուք, հույներդ, միշտ բառախաղ եք խաղում, ― պատասխանեց Լյուցիոսը, ― իսկ մենք մեր իրավացիությունը ապացուցում ենք այլ կերպ։
 
― Ինչո՞վ։
 
― Գործով։ Օրինակ՝ մենք նվաճեցինք ձեր Սիրակուզը․ հետևաբար, Սիրակուզը պատկանում է մեզ։ Մի՞թե սա պարզ ապացույց չէ։
 
― Պարզ է, ― ասաց Արքիմեդը և գլուխը թեթև քորեց մետաղյա ձողիկով, որով գծում էր տախտակին։ ― Այո, դուք նվաճեցիք Սիրակուզը։ Միայն թե դա այլևս այն Սիրակուզը չէ, որ կար մինչև այսօր։ Այն Սիրակուզը այլևս չի լինի։ Դա մեծ փառապանծ քաղաք էր․ այժմ արդեն նա մեծ լինել չի կարող։ Երբե՛ք։ Վե՛րջ Սիրակուզին։
 
― Փոխարենը Հռոմը մեծ կլինի։ Նա պետք է բոլորից ուժեղ լինի աշխարհում։
 
― Ինչո՞ւ։
 
― Որպեսզի պաշտպանի իրեն։ Որքան ուժեղ ենք, այնքան շատ թշնամիներ ունենք։ Դրա համար էլ բոլորից ուժեղ պետք է լինենք։
 
― Ինչ վերաբերում է ուժին, ― փնթփնթաց Արքիմեդը, ― ապա գիտես ինչ, Լյուցիոս, ես մի քիչ գլուխ եմ հանում ֆիզիկայից ու կասեմ քեզ՝ ուժը կաշկանդում է։
 
― Այդ ի՞նչ է նշանակում։
 
― Ահա, տեսնում ես, կա այպիսի մի օրենք։ Գործող ուժը կաշկանդում է իրեն։ Որքան ավելի ուժեղ լինեք, այնքան ավելի մեծ ուժ կպահանջվի դրա համար, և ի վերջո վրա կհասնի մի պահ․․․
 
― Դե, ի՞նչ էիր ուզում ասել։
 
― Դե չէ, ոչինչ։ Ես մարգարե չեմ, այլ ֆիզիկոս։ Ուժը կաշկանդում է։ Ուրիշ ոչինչ չգիտեմ։
 
― Լսիր, Արքիմեդ, ― այնուամենայնիվ, ինչո՞ւ չաշխատես մեզ հետ։ Նույնիսկ չես պատկերացնում, թե Հռոմում ինչպիսի վիթխարի հնարավորություններ կբացվեն քո առաջ։ Դու կպատրաստեիր աշխարհում ամենահզոր ռազմական մեքենաները․․․
 
― Ներիր ինձ, Լյուցիոս։ Ես արդեն երիտասարդ չեմ, և կուզենայի իմ մտահղացումներից որոշ բաներ մշակել։ Ինչպես տեսնում ես, հիմա էլ նստել եմ գծագրերի վրա։
 
― Բայց, Արքիմեդ, մի՞թե քեզ չի հրապուրում մեզ հետ միասին համաշխարհային տիրապետություն նվաճելու հնարավորությունը․․․ Դե, ի՞նչ ես լռում։
 
― Ներիր, ― ասաց Արքիմեդը, խոնարհվելով իր տախտակին։ ― Ինչ ասացի՞ր։
 
― Ասացի, որ քեզ նման մարդը կարող էր մասնակցել համաշխարհային տիրապետություն նվաճելու գործին։
 
― Հը՜մ, համաշխարհային տիրապետություն․․․ ― մտածկոտ ասաց Արքիմեդը։ ― Դու մի բարկանա, բայց ես այստեղ ավելի կարևոր գործ ունեմ։ Շատ ավելի հաստատուն մի գործ։ Այնպիսին, որ իսկապես ինձանից ու քեզանից երկար կապրի։
 
― Ի՞նչ բան է այդ։
 
― Զգո՜ւյշ, մի՛ ջնջիր շրջանակներս։ Դա շրջանի մակերեսի ուզածդ հատվածը որոշելու եղանակն է․․․
 
 
Որոշ ժամանակ անց պաշտոնապես հայտարարվեց, որ հայտնի գիտնական Արքիմեդը զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով։
Ադմին, Վստահելի
1876
edits