Changes
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
— Դատելով ամեն ինչից, բարեկամ Շագրատ, դա մի հզոր ռազմիկ է, ամենայն հավանականությամբ էլֆ՝ ամեն դեպքում նրա թուրը էլֆական է, էդ հաստատ, իսկ գուցեև կացին էլ ունի: Ու հիմա նա հանգիստ շրջում է քո տարածքում, իսկ դու էդ մասին գաղափար էլ չունես: Իրոք, որ զվարճալի է:
Գորբագը թքեց: Սեմը մռայլ ժպտաց՝ նկարագրությունից նկարագրությամբ ճանաչելով իրեն:
— Դե լավ, վերջացրու, հերիք է երևակայությանդ զոռ տաս, աչքիդ մենակ վատ բաներ են երևում,— հանգստացնող տոնով խոսեց Շագրատը: — Մի չափազանցեցրու, հնարավոր է, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Իմ պահակներն աչալուրջ կանգնած են, տարածքն էլ հսկվում է: Ես չեմ կարող միաժամանակ ամեն ինչի մասին մտածել: Եթե նույնիսկ նրանք երկուսն են, հարկավոր է նախ զբաղվել նրանով, որին բռնել ենք: Մյուսով հետո կզբաղվենք:
— Տխմա՛ր,— մռնչաց Շագրատը,— լեզվիդ զոռ տալու փոխարեն ավելի լավ է լսես նրանց, ովքեր քեզանից ավելի շատ բան գիտեն: Ինքդ շուտով կդառնաս Շելոբի ընթրիքը, եթե էդպես շարունակես: Լե՜շ: Դու ոչինչ չգիտես ձերդ մեծության մասին: Եթե նա զոհի մարմինը պատում է սարդոստայնով, նշանակաում է, պատրաստվում է տանել իր որջը և համտեսել: Իսկ լեշով նա չի սնվում և սառած արյուն էլ չի խմում: Էնպես, որ էս փոքրիկը մեռած չէ:
— Սեմն օրորվեց և կառչեց քարից, որպեսզի չընկնի: Նրան թվաց, թե սև որջը շրջվում է գլխիվայր: Նա այնպես էր ցնցված, որ քիչ էր մնում կորցնի գիտակցությունը: Ուշքի գալով՝ նա հստակ լսեց իր ներքին ձայնը. «Էհ, հիմար ես դու, ախր նա մեռած չէ, և հոգուդ խորքում դու դա գիտեիր: Ուռած գլուխ ես դու, Սեմուայս: Քո դժբախտությունն այն է, որ կորցրել էիր հույսդ կամ, ավելի ճիշտ, հենց սկզբից էլ ոչ մի բանի հույս չունեիր: Եվ ի՞նչ անեմ անել հիմա»:
Ոչինչ հնարավոր չէր անել: Մնում էր միայն ավելի ամուր կառչել քարից և լսել օրքերի զզվելի ձայները:
— Չգիտես՝ իմացիր,— շարունակեց Շագրատը,— Շելոբը մի քանի թույն ունի: Երբ նա որս է անում, խայթում է զոհի վիզը, որպեսզի նա թուլանա ու չկարողանա իրեն պաշպանել: Հետո փաթաթում է սարդոստայնի մեջ ու հանգիստ վայելում: Հիշու՞մ ես ծերուկ Ուֆթաքին: Նա հանկարծ կորավ. մի քանի օր էր՝ չկար: Ու մեկ էլ մի օր տեսնում ենք՝ կախված օրորվում է քարաձավի անկյունում ու պլշած նայում: Հո չէ՜ինք հռհռում: Երևի Շելոբը կախել էր նրան ու մոռացել: Բայց մենք նրան չազատեցինք՝ նրա գործերի մեջ ավելի լավ է քիթդ չխոթես: Մի խոսքով, մի քանի ժամից էս փոքրիկ տխմարն ուշքի կգա: Դե, մի քիչ սիրտը կխառնի, հետո կանցնի, ու մինչև Լուգբուրզում հայտնվելը իրեն լավ կզգա: Հիշողությունը, իհարկե, միանգամից չի վերականգնվի. չի հասկանա, թե ուր է ընկել և ինչ է իր հետ կատարվել:
— Ու գլխավորը, թե ինչ է իրեն սպասվում,— հռհռաց Գորբագը: — Բայց մենք նրան այդ մասին մի քանի հետաքրքիր պատմություն կպատմենք, եթե մնացած ամեն ինչը արգելված է: Չեմ կարծում, որ նա երբևէ եղած լինի Լուգբուրզում, էնպես որ թող նախապատրաստվի, թե չէ վախից կմեռնի: Դրանով էլ կարելի է լավ զվարճանալ: Ինչպես շուտ չէի մտածել:
— Զվարճանալու մասին մոռացիր, ո՛չ մի զվարճանք,— փնչացրեց Շագրատը: — Եթե նա խելքը թռցնի, համարիր, մեր գլուխները թռած են:
— Լավ, լավ, մի՛ ցնցվիր: Բայց ես քո փոխարեն սկզբում մյուսին, աժդահային կգտնեի ու հետո նոր Լուգբուրզ լուր կուղարկեի: Էնտեղ հաստատ դժգոհ կմնան, որ ձագին բռնել ես, իսկ կատվին բաց թողել:
Ձայներն սկսեցին հեռանալ, ոտնաձայները լռեցին: Սեմը վերջապես ուշքի եկավ ցնցումից: Նրան կատաղի զայրույթ պատեց:
— Ամեն ինչ խառնեցի՛,— գոռաց նա: — Էդպես էլ գիտեի, որ խառնելու եմ: Այժմ տերը նրանց ձեռքին է: Ստո՛ր արարածներ: Ախր քեզ ասված էր. ոչ մի դեպքում չլքես տիրոջդ, ո՛չ մի դեպքում: