Changes

Մայրը

Ավելացվել է 63 307 բայտ, 13:18, 25 Սեպտեմբերի 2015
:::::::::::Վարագույր։
 
 
 
::::::::::<b>Գործողություն երկրորդ</b>
 
 
Նույն սենյակը։ Նախկին իրերին ավելացել է ռադիոընդունիչը։ Տոնին ծալապատիկ նստած, զբաղվում է ռադիոընդունիչով ու պտտում է փոքր լծակը։ Հնչում են ռազմական քայլերգի ձայներ։ Տոնին դժգոհ դեմքով դարձնում է բռնակը։ Լսվում է հաղորդավարի ձայնը։
 
Ձայն ռադիոյով։ Ուշադրություն, ուշադրություն, ուշադրություն։
 
Տոնի։ Եղբայր։ Քո ձայնը ոնց որ մեր Կորնելի ձայնը լինի։
 
Ձայն ռադիոյով։ Բոլոր բնակիչներին կոչ ենք անում պահպանել կարգ ու կանոն։ Նախազգուշացնում ենք, որ փողոցներում ժողովրդի ոչ մի համախմբում ու կուտակում չի թույլատրվի․ չհնազանդվելու դեպքում ոստիկանական ջոկատներն ու զինվորական մասերը ամենավճռական միջոցների օգնությամբ․․․
 
Տոնի։ Բը՜ռռ․․․ (Պտտում է բռնակը, լսվում են հեռավոր քնքուշ երաժշտության ձայներ։ Առաջվա պես ծալապատիկ նստած, Տոնին ձեռքով չափ է տալիս։)
 
Ներս է մտնում Կորնելը կիսազինվորական համազգեստով․ երկարաճիտ կոշիկներ, գալիֆե շալվար, կուրտկա՝ մերակներով ու վրակարերով։
 
Կորնել։ Թող, Տոնի։ Դու հո գիտես, որ մայրիկը չի սիրում, երբ մեկնումեկը ձեռք է տալիս ռադիոյին։ Դա մեր Իրժիի հիշատակն է․․․
 
Տոնի։ Կորնել, լսիր, թե ի՜նչ գեղեցիկ է։
 
Կորնել։ Այո, այո, միայն թե այժմ գեղեցկության ժամանակ չի։ Անջատիր, Տոնի։ Դա ազդում է ջղերիս վրա։
 
Տոնի (անջատում է ռադիոն, բայց շարունակում է մնալ ծալապատիկ նստած)։ Ափսոս։ Դա արտասահմանն էր, միայն չգիտեմ՝ ինչ կայան էր։ Ինձ թվում է նվագում էին․․․ ինչ֊որ տեղ հյուսիսում։ Հնչյունները ասես ձյան փաթիլներ լինեին։
 
Կորնել։ Քեզ միշտ ինչ֊որ բան թվում է։ (Ծխախոտ է ծխում ու անհանգիստ քայլում սենյակում։) Ինչ հիմար բան է, որ ես պետք է նստեմ տանը․․․ (Նայում է ձեռքի ժամացույցին։) Հիմա բանվորները դուրս կգան ֆաբրիկաներից։ Միգուցե շիլա֊շփոթ սկսվի։ Սատանան տանի, դե ոնց նստած մնաս տեղումդ։ (Մոտենում է պատուհանին ու ականջ դնում։)։
 
Տոնի։ Կորնել։
 
Կորնել։ Այո՞։
 
Տոնի։ Ի՞նչ է պատահել Պետրին։
 
Կորնել։ Չգիտեմ։ Ձերբակալված է։ Կարիք չկար, որ նա քիթը խոթեր այդ գործերի մեջ։
 
Տոնի։ Բայց ախր դու էլ ես խոթում, Կորնել․․․
 
Կորնել։ Այո, բայց մյուս կողմից։ Տարբերություն կա։
 
Տոնի։ Ինչո՞ւ։
 
Կորնել։ Մենք կարգուկանոնի կողմնակից ենք․․․ և ազգի բարեկեցության։ Դու այդ չես հասկանում, Տոնի։ Եվ գոհ եղիր։
 
Տոնի։ Բայց Պետրն էլ է կողմ ազգի բարեկեցության։ Իսկ դուք նրան ձերբակալեցիք։
 
Կորնել։ Որովհետև նա այդ բարեկեցությունն այլ կերպ է հասկանում։ Նա կարծում էր, որ մեզ կարող է կառավարել այդ կեղտոտ խուժանը։ Խոնարհաբար շնորհակալ եմ, լա՜վ վիճակում կլինեինք։ Նրանք արդեն ցույց տվին, թե ինչի են ընդունակ՝ միայն թալանել ու վրեժ լուծել։ (Ծխախոտը սեղմում է ու ջարդում։) Այդ կնշանակեր հայրենիքի կործանում։
 
Տոնի։ Բայց ախր Պետրը միշտ էլ անմիտ ավերածությունների դեմ է եղել։
 
Կորնել։ Ավելի վատ։ Պետրը կուզենար, որ այդ խաժամուժը կառավարեր երկիրը։ Մենք չենք կարող այդ բանը թույլ տալ։
 
Տոնի։ Ո՞վ է այդ «մենք»֊ը։
 
Կորնել։ Մեր կուսակցությունը։ Մենք, ազգը։ Եթե իշխանության գլուխ հայտնվեին նրանք․․․ իրենց ուտոպիաներով․․․ խաղաղության ու հավասարության գաղափարներով․․․ այն ժամանակ վե՛րջ։ «Բը՜ռռ»։ Այն, ինչ ուզում են այդ սրիկաները, իսկական պետական դավաճանություն է։ Ցրել բանակը․․․ զավթել կառավարական հիմնարկները, ֆաբրիկաներն ու գործարանները ազգայնացնել․․․ Լա՜վ գործ է։ Դա կնշանակեր կուլտուրայի ․․․ և ընդհանրապես ամեն ինչի վերջ։ Չէ, Պետր, մենք թույլ չենք տա ազգի այդ աստիճանի խայտառակություն։ Այլևս դանդաղել չէր կարելի, անհրաժեշտ էր վերցնել բոլոր այդ դավաճաններին ու աղմկարարներին․․․ Բայց այդ բոլորը քեզ համար, երևի ձանձրալի է, Տոնի...
 
Տոնի (վեր է կենում)։ Կորնել․․․
 
Կորնել։ Դե՞։
 
Տոնի։ Պետրի վիճակը ինչպե՞ս կլինի։
 
Կորնել (ուսերն է թոթվում)։ Ոչինչ անել չի կարելի։ Պետք է սպասել։ Մերոնք ձերբակալել են նրան․․․ և առայժմ պահում են։
 
Տոնի։ Իբրև հանցագո՞րծ։
 
Կորնել։ Իբրև պատանդ։ Մի վախենա, նրան ոչինչ չի պատահի։ Բայց եթե այդ սև խուժանը նորից սկսի փողոցներում կրակ բացել, այն ժամանակ ես չեմ երաշխավորում։
 
Տոնի։ Այն ժամանակ դուք ․․․ Պետրին կսպանե՞ք։
 
Կորնել։ Ես՝ ոչ, Տոնի։ Բայց, գիտես, պայքարը պայքար է։ Պետրը չպետք է այդ գործի մեջ մտներ։ Ինքդ էլ լավ գիտես, որ ինձ համար խիստ ցավալի կլիներ, եթե․․․ նրան մի բան պատահեր։ Բայց այդ արդեն մեր իշխանությունից դուրս է։ Թող այդ քրջոտները զենքը ցած դնեն, այն ժամանակ մերոնք բաց կթողնեն Պետրին․․․ և մյուս պատանդներին։ Ահա թե բանն ինչպես է։
 
Տոնի (լայն բացված աչքերով)։ Պատկերացրու, Կորնել․․․ պատկերացրու այժմ Պետրի վիճակը։ Ինչպես է նայում դռանն ու սպասում, ամբողջ ժամանակ սպասում․․․ թե երբ այն կբացվի․․ «Գնանք»։ ― «Ո՞ւր»։ ― «Դե, շուտ։ Այնտեղ կտեսնես»։
 
Կորնել։ Սպասիր։ (Ականջ է դնում։) Չէ, հանգիստ է։ Բարեբախտաբար, չեն կրակում։ Եթե որևէ տեղ կրակոց լսվի՝ բանը վերջացած է։ Այն ժամանակ մերոնք․․․ ամբողջ դաժանությամբ․․․ Բայց կարծում եմ, որ այդ տկլորները նորից մտան իրենց ծակուծուկերը։ Նրանք վախկոտներ են։ Թող Պետրը տեսնի, թե ում հետ է կապվել։ Գնդացիրը նրանց վրա ուղղեցիր թե չէ՝ թփերի տակ կպահվեն։ Լսո՞ւմ ես։ Խաղաղ է։ Երևի, բանակցություններ են գնում։ Չնայած ես վճռականորեն չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բանակցություն վարել այդպիսի ավազակների հետ։
 
Տոնի։ Կորնել, իսկ ձեռքերը կապո՞ւմ են։
 
Կորնել։ Ո՞ւմ ձեռքերը։ Ե՞րբ։
 
Տոնի։ Երբ տանում են գնդակահարելու։
 
Կորնել։ Դե, իհարկե։ Հասկանալի է, կապում են։ Ինչո՞ւ ես հարցնում։
 
Տոնի (ձեռքերը դարսում է մեջքին ու պահում, ասես կապված են)։ Գիտես, ես այնպես պարզ եմ պատկերացնում, թե մարդ ինչ պետք է զգա, երն․․․ կանգնած է ահա այսպես․․․ հրացանավոր զինվորների առաջ։ Կանգնել ու նայում է․․․ ոչ թե նրանց, այլ գլուխներից վերև ինչ֊որ տեղ․․․ և զգում է, թե ցուրտ քամին ինչպես է շարժում մազերը։ Դեռ ոչ․․․ Դեռ մի վայրկյան էլ կա․․․ «Նշան ա՛ռ»․․․ Հիսուս֊Քրիստոս։
 
Կորնել։ Վերջ տուր։
 
Տոնի սարսափելի ձայնով)։ Դուք շներ եք։ Արնախում շներ։
 
Կորնել։ Տո՛նի։
 
Տոնի։ Կրակեցե՛ք։ (Օրորվում է և ընկնում ծնկների վրա։)
 
Կորնել (բռնում է նրա ուսից ու ցնցում)։ Բավակա՛ն է։ Դու պարզապես հիվանդ երևակայություն ունես, Տոնի։
 
Տոնի (վեր է կենում, աչքերը ծածկելով)։ Կորնել, ո՞նց կարող են մարդիկ այդպես կրքոտությամբ ատել իրար։
 
Կորնել։ Դե, փոքրիկ, դու այդ չես հասկանա․ դու դեռ չես սովորել կրքոտությամբ հավատալ։
 
Տոնի։ Ինչի՞ն։
 
Կորնել։ Քո ճշմարտությանը։ Մարդ իր համար երբեք չի անի այն, ինչ կանի սեփական դրոշակի համար։ Չի կարելի այդպես սենտիմենտալ լինել, Տոնի։ Մայրիկը միայն փչացնում է քեզ։
 
Տոնի։ Ինչո՞վ։
 
Կորնել։ Իր դաստիարակությամբ։ Քեզանից այնպես էլ երբեք սեփական գաղափարի համար մարտնչող տղամարդ դուրս չի գա։ Խաղաղություն, սեր, կարեկցանք, ― այդ ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է, բայց․․․ այժմ դրանց ժամանակը չի, Տոնի։ Այժմ շատ ավելի լուրջ․․․ ու մեծ իրադարձություններ են տեղի ունենում։ Մայրիկն այդ չի հասկանում։ Մենք պետք է պատրաստ լինենք․․․ ամեն ինչի։ Լսիր, Տոնի, եթե Պետրին մի բան պատահի, մայրիկը չպետք է իմանա։ Կասենք նրան, որ Պետրը դեռ կալանքի տակ է։ Լա՞վ։ Իսկ միգուցե իսկապես էլ արդեն ամեն ինչ վերջացել է։ Այդ սրիկաները, երևի, արդեն անձնատուր են եղել։ Այնպիսի․․․ տարօրինակ լռություն է։ Տնից դուրս չգաս, Տոնի։
 
Տոնի։ Իսկ դո՞ւ։
 
Կորնել (ուսերն է թոթվում)։ Ես պետք է այնտեղ, մերոնց մոտ լինեի։ Աստված իմ, միայն թե բաց չթողնեմ, եթե իսկապես սկսվելու է։ Ինչ հիմար վիճակ է՝ ցցվել տանը, մոր կողքին․․․ Բայց ի՞նչ արած։ Եթե այստեղ որևէ բան պատահի․․․ Մայրիկի սիրտն այնպես թույլ է։ Այդ սրիկաներից ամեն ինչ սպասելի է։ Կսկսվի թալան֊թրաշ։ Մեկը պե՞տք է պահպանի ձեզ։ (Մեջքը Տոնիին դարձրած, դարակից հանում է ատրճանակն ու լցնում, հետո, մտածելով, դնում է տեղը։) Ես կմնամ տանը։ Հանուն մայրիկի․․․ ու հանուն քեզ։
 
:::::::::Մտնում է մայրը։
 
Մայր։ Կորնել, հապա ո՞ւր է Պետրը։ Ինչո՞ւ մինչև հիմա չկա։ Առավոտյան դու ասացիր, որ դա թյուրիմացություն է, որ երեկոյան, հավանաբար, նրան բաց կթողնեն․․․ Կորնել, լսո՞ւմ ես։
 
Կորնել։ Այո, մայրիկ, բայց․․․ այդ բանն այդպես արագ չի լինում։ Հարյուրավոր մարդիկ են ձերբակալված, և մինչև որ բոլոր գործերը կքննեն․․․ դա կարող է ձգձգվել․․․ Թերևս, ամբողջ մի շաբաթ։
 
Մայր։ Մի շաբա՜թ։ Կորնել, քո կարծիքով, մեր Պետրին կարող են այդքան երկա՞ր տանջել։ Ոչ, ոչ։ Ես այդպես չեմ թողնի։ Ես կգնամ այնտեղ, նրանց մոտ, կասեմ նրանց․․․
 
Կորնել։ Այդ անկարելի է, մայրիկ։ Քեզ նույնիսկ թույլ չեն տա։
 
Մայր։ Ինչպե՞ս թե, ինչպե՞ս թե մորը թույլ չեն տա։ Ես Պետրի համար սպիտակեղեն կտանեմ ու մի քիչ ուտելու բան։ Մորը ոչ ոք չի արգելի։ Մայրը իրավունք ունի։
 
Կորնել։ Մայրիկ, բայց և այնպես դու ստիպված ես սպասել։ Փողոցները լցված են զորքերով։ Ոչ ոքի չեն թողնում կենտրոն։
 
Մայր։ Իսկ մորը կթողնեն։ Ես կասեմ նրանց, որ բան֊ման եմ տանում տղայիս համար․․․ Կորնել, ես պետք է տեսնեմ Պետրին։ Պետք է իմանամ, թե ինչ է պատահել նրան։ Պետրը հո ոճրագործ չի, որ պահեն բանտում։ Մի՛ մտածիր, ես այդպես էլ կասեմ նրանց, կասեմ, որ իրավունք չունեն իմ որդուն բանտում պահելու։
 
Կորնել։ Իզուր խոսքեր են, մայրիկ։ Նրանք իրավունք ունեն։
 
Մայր։ Ինչ է, Պետրը չարագո՞րծ է։ Որևէ մեկին սպանե՞լ է, կամ թալանե՞լ։
 
Կորնել։ Ոչ, իհարկե․․․ չարագործ չէ։ Ոչ ոք այդ չի ասում։
 
Մայր։ Այ, տեսնում ես։ Նրանք իրավունք չունեին անտեղի ձերբակալելու նրան։
 
Կորնել․ Մայրիկ, ըստ երևույթին դու այնքան էլ լավ չես հասկանում․․․
 
Մայր։ Այո, այո, գիտեմ․․․ Տոնի գնա։ Դու այստեղ անելիք չունես։ Հարկ չկա լսես, թե քո մայրը որքան հիմար է։
 
Տոնին դանդաղ ու տհաճությամբ դուրս է գնում։
 
Ես աշխատում եմ ամեն ինչ հասկանալ, Կորնել։ Բայց չի հաջողվում։ Ինչպե՞ս կարելի է բանտ դնել իմ որդուն, եթե նա ոչ ոքի վնաս չի պատճառել։ Ինձ համար շատ դժվար է այդ բանը հասկանալ։
 
Կորնել։ Ներիր, մայրիկ, բայց դու ոչ մի կերպ չես ուզում հասկանալ, որ այժմ մեզ մոտ․․․ քաղաքացիական կռիվ է։
 
Մայր։ Հետո՞ ինչ։ Մի՞թե դա անհրաժեշտ է։
 
Կորնել։ Անհրաժեշտ է։ Որովհետև մարդիկ բաժանվել են երկու բանակի, իսկ իշխել կարող է միայն մեկը։ Դե, և ստիպված են կռվով որոշել, թե մեզ մոտ ով պետք է իշխի։
 
Մայր։ Դրա համա՞ր են այս կրակոցները։
 
Կորնել։ Այո։ Ուրիշ ելք չկա։
 
Մայր։ Լավ։ Բայց ասա, խնդրեմ, մի՞թե այդքան կարևոր է, թե ով կիշխի։ Մի՞թե ամեն մեկն իր ընտանիքը չունի։ Դե թող ամեն մեկն էլ հոգա իր ընտանիքի մասին։
 
Կորնել։ Ընտանիքը դեռևս ամեն ինչ չէ։
 
Մայր։ Ամեն ինչ է, Կորնել։ Ինձ համար ամեն ինչ է։ Եվ չասես ինձ, թե Պետրն ուզում էր մեկնումեկի վրա իշխել։ Ես որ նրան լավ գիտեմ, նա ճանճին անգամ չի նեղացնի։ Դու՝ այո, իսկ Պետրը՝ ոչ։ Նա այնպիսի բնավորություն չունի, որ ուրիշի գլխին հրամանատարություն անի․․․
 
Կորնել։ Լիովին հնարավոր է, մայրիկ, բայց նրա կուսակցությունն ուզում էր հրամայել բոլորին, կամենում էր ամեն ինչ իր ուզածով շուռ տալ․․․ Իսկ դա ամբողջ ազգի համար դժբախտություն կլիներ, հասկանո՞ւմ ես։ Ախր դա դավաճանների ու ոճրագործների մի հորդա է, մայրիկ։ Նրանք պատրաստ են ամեն ինչ հափշտակել ու թալանել․․․
 
Մայր։ Բայց ախր այդ ջահելությունից է։ Այ դու, Կորնել, երբեք այդպես ջահել ու մարդամոտ չես եղել։ Երբեք այնպես հեշտությամբ չես մտերմացել ընկերներիդ հետ։ Քեզ կարելի էր ավելի շուտ գոռոզ անվանել․․․ Ոչ, ոչ։ Պետրը չէր կարող մասնակցել որևէ վատ բանի։
 
Կորնել։ Նշանակում է, մայրիկ, ես մասնակցում եմ ինչ֊որ վատ բանի՞։ Կամ նրա կուսակցությունն է իրավացի, կամ․․․ մենք։ Որքան էլ շուռումուռ տաս, մեկ է, ստացվում է, որ մեզանից մեկը վատ ճամփով է ընթացել։
 
Մայր։ Դու էլ ոչ, Կորնել։ Քո բնավորության մեջ ազնվություն կա, սեփական արժանապատվության զգացում։ Դու էլ ընդունակ չես վատ․․․ ու անազնիվ բանի։
 
Կորնել։ Այդպես ահա, ես քեզ ազնիվ խոսքով վստահեցնում եմ, որ մեր Պետրը իսկապես եղել է․․․ վատ մարդկանց կողմը և որ․․․ անհրաժեշտ է, ինչ ուզում է լինի, հաշիվ տեսնել այդ ոհմակի հետ, որպեսզի, վերջապես, աշխարհում կարգ ու կանոն հաստատվի․․․
 
Մայր։ Սպասիր, բարեկամս։ Ուրեմն, որպեսզի, վերջապես, աշխարհում կարգ ու կանոն հաստատվի, անհրաժեշտ էր մեր Պետրին ձերբակալե՞լ։
 
Կորնել։ Այո, մայրիկ, անհրաժեշտ էր․․․ Քանի որ նա կապվել է․․․
 
Մայր։ Բայց ախր դա խայտառակություն է, Կորնել։ Նրանք, ովքեր նստեցրել են մեր Պետրին, չեն կարող իրավացի լինել։
 
Կորնել։ Մայրիկ, եթե գործն ուրիշ կերպ դառնար, Պետրն ինձ բանտ կնստեցներ։
 
Մայր։ Պետրը քե՞զ։
 
Կորնել։ Ուզում եմ ասել՝ նրա կողմնակիցները։ Նրա կուսակցությունը, հասկանո՞ւմ ես։
 
Մայր։ Այդ դեպքում նրանք կլինեին հիմարներ․․․ ու սրիկաներ։ Չէ որ դու ոչ մի վատ բան չես արել, Կորնել։ Ինչո՞ւ պետք է նրանք քեզ նստեցնեին։ Դա նույնպիսի ապօրինություն կլիներ, ինչպես և այն, որ նստեցրել են մեր Պետրին։ Ոչ, Կորնել, նրան վերցրել են չար մարդիկ։ Չար, դաժան, հիմար։ Ա՛խ, եթե միայն ես կարողանայի ահա այս բռունցքով հարվածել ուղիղ նրանց երեսին․․․
 
Կորնել։ Մայրիկ, խնդրում եմ․․․
 
Մայր։ Մենք իրավունք չունենք նրան այնտեղ թողնել։ Դու պետք է մի կերպ օգնես ինձ․․․ Քո կարծիքով, նրան կարող են մի քանի օր է՞լ պահել։
 
Կորնել։ Այո, հնարավոր է։ Բայց հետո, իհարկե, կազատեն։ Փողոցներում խաղաղ է։ Այ կտեսնես, վաղն ամեն ինչ կվերջանա․․․
 
Մայր։ Եվ դու կգա՞ս ինձ հետ Պետրի մոտ գնալու համար։
 
Կորնել։ Այո, մայրիկ․․․
 
Մայր։ Իսկ մի՞թե այսօր չի կարելի նրան բան֊ման տանել։
 
Կորնել։ Այսօր՝ ոչ, մայրիկ։
 
Մի քանի հեռավոր կրակոցներ։ Սկսում է մթնել։
 
Մայր։ Այդ ի՞նչ էր։
 
Կորնել։ (ջղային)։ Ոչինչ։ Փողոցում ինչ֊որ կրակում են։ Մայրիկ, խնդրում եմ․․․ տնից դուրս չգաս։
 
Մայր։ Բայց ախր Պետրն սպասում է․․․
 
Կորնել։ Նորից դու քո Պետրը։ Մայրիկ, խնդիրը միայն Պետրը չէ։
 
Մայր։ Այդ որևէ բանով սպառնո՞ւմ է Պետրին․․․ կամ քեզ։
 
Կորնել։ Ներիր, մայրիկ, ես անհանգստանում եմ մեր հաջողության համար։
 
Նորից հեռավոր կրակոցներ։
 
Մայր։ Միայն թե Պետրը փորձանքի չգա։
 
Կարնել (պատուհանի մոտ, ականջ է դնում)։ Միայն թե փորձանքի չգա մեր ազգը, մայրիկ․․․ Ինչ֊որ տեղ կանգնած է մարտի պատրաստ ջոկատը, թե իմանայիր, ի՜նչ կտրիճներ են դրանք․․․ Նրանց այդպես էլ անվանում են՝ սերուցք։ Ընտիր հրաձիգներ են, որոնք առաջինը կնետվեն գրոհի։ Նրանք միայն սպասում են հրամանի ու հայացքներ փոխանակում՝ ո՞ւր է հապա Կորնելը․․․ Իսկ ես այստեղ եմ, բարեկամներ։ Չեմ կարող ձեզ հետ լինել․․․ Պետք է նստեմ տանը։ Ինչ֊որ պատահարների դեպքում մեկնումեկը պետք է, որ տանը մնա։ Ջանացեք, տղաներ։ Իսկ ես․․․ Ինձ կարող եք ցուցակից ջնջել։
 
Մայր։ Կորնել, ի՞նչ եղավ քեզ։
 
Կորնել։ Ոչինչ, մայրիկ։ Մի վախենա․․․ Ես կմնամ քեզ հետ․․․ և Տոնիի հետ։ Հասկանում ես, փողոցներում անհանգիստ է, կարող են զանազան մարդիկ հայտնվել․․․ Բայց դու ոչ մի բանից մի վախենա, մայրիկ։ Ես տանը կլինեմ։ (Մոտենում է հրացանների հենակին։)
 
Մայր։ Ի՞նչ ես փնտրում այդտեղ։
 
Կորնել։ Հայրիկի կարաբինը, որ նա հետը տարավ Աֆրիկա։ Երևի, հարկավոր է այն մաքրել։ (Հենակի վրայից վերցնում է կարաբինը։)
 
Մայր։ Ախր ես ամեն օր նրա փոշին վերցնում եմ։
 
Կորնել։ Դու այդ չես հասկանում, մայրիկ։ Հրացանը ավելի մեծ խնամք է պահանջում։ Եվ ժամանակ առ ժամանակ հարկավոր է կրակել։ (Մոտենում է մորը և ձեռքը դնում նրա ուսին։) Ոչ մի բանի համար մի անհանգստանա, մայրիկ։ Այ, կտեսնես, ամեն ինչ կարգի կընկնի։
 
Մայր։ Իսկ Պետրը կվերադառնա՞։
 
Կորնել։ Կվերադառնա, կվերադառնա, մայրիկ։ (Գնում է հրացանով։)
 
:::::::::Աղջամուղջը խտանում է։
 
Մայր։ (նայում է նրա ետևից)։ Կորնել, դու ինձ ճիշտը չես ասում․․․ գիտեմ։
 
(Քայլում է սենյակում և մերթ այստեղ, մերթ այնտեղ մի բան ուղղում)։
 
::::Հեռվում մի քանի կրակոցներ։
 
Աստված իմ, ի՞նչ եղավ Պետրին։ (Նստում է բազկաթոռին, ձեռքերը ծալելով աղոթելու նման։) Տեր Հիսուս Քրիստոս, փրկիր ու գթա իմ Պետրին։ Ողորմած տիրամայր, խղճա ինձ, փրկիր իմ երեխաներին։ Տեր Հիսուս Քրիստոս, վերադարձրու Պետրին։ Սուրբ տիրամայր, աղոթիր աստծուն իմ երեխաների համար։ Տեր, որ խաչված ես, գթա իմ երեխաներին։
 
Դռների մեջ երևում է Պետրը, նրա հագին միայն տաբատն է ու կոճակներն արձակ շապիկը։ Սենյակում համարյա բոլորովին մութն է։
 
Պետր։ Բարև, մայրիկ։
 
Մայր (վեր է թռչում)։ Պե՜տր։ Քեզ ազատեցի՞ն։
 
Պետր։ Ինչ ազատել․․․ Պարզապես ես այլևս խոսելիք չունեմ նրանց հետ, մայրիկ։
 
Մայր (շտապում է նրա մոտ)։ Ես այնպես վախենում էի քեզ համար․․․ Դե շուտ ինձ մոտ արի, տղաս։
 
Պետր (խուսափում է)։ Հարկավոր չէ, մայրիկ։ Խնդրում եմ, նստիր այնտեղ։
 
Մայր (ձգվում է դեպի նա)։ Դե, ախր ի՞նչ է պատահել քեզ, տղաս։ Ո՞ւր է քո պիջակը։
 
Պետր (առաջվա նման խույս է տալիս)։ Այնտեղ է․․․ այնտեղ։ Նրանք, երևի, կուղարկեն։ Չէ որ նրանք կարգուկանոնի այնպիսի խիստ սիրահարներ են։
 
Մայր։ Ովքե՞ր։
 
Պետր։ Նրանք։ Հասկանում ես, սպիտակները։ Լույսը մի վառիր, հարկավոր չէ, մայրիկ․․․ Ինձ համար անչափ ծանր է, բայց ես պետք է ինչ֊որ բան ասեմ քեզ։ Ես, իսկապես, դրա համար էլ եկել եմ։ Երևի ավելի լավ է, եթե ինքս ասեմ։
 
Մայր։ Ի՞նչ է պատահել, Պետր։ (Աշխատում է ձեռքը դիպցնել նրան։) Դե մոտեցիր ինձ։
 
Պետր (ետ քաշվելով)։ Դու միայն ինձ վրա մի բարկանա, մայրիկ, բայց ճշմարիտ, ես ոչ մի կերպ չեմ կարող պատասխան տալ դրա համար։ Կորնելն էլ չի կարող։
 
Մայր։ Ինչի՞ համար։
 
Պետր։ Ախ, մայրիկ, ի՜նչ դժվար ես հասկանում։ Ախր այդ սպասելի էր։ Եվ Կորնելն էլ գիտեր այդ։ Դե, հիմա արդեն անցած բան է․․․
 
Մայր (աճող սարսափով)։ Ի՞նչն է անցած բան։
 
Պետր։ Եվ այդ կատարվեց շա՜տ վաղուց, մայրիկ․․․ Ավելի քան կես ժամ սրանից առաջ։
 
Մայր։ Ի՞նչ կատարվեց։
 
Պետր։ Դե․․․ ինձ գնդակահարեցին։
 
Մայր։ Պե՛տր։ (Օրորվում է ու ապա տապալվում հատակին։)
 
Պետր։ Ա՛խ, մայրիկ։ Աստված իմ, ինչ եմ շվարած կանգնել․․․ Օգնեցե՛ք։ Օնդրա։
 
Խավարից դուրս է վազում Օնդրան սպիտակ խալաթով։
 
Օնդրա։ Ի՞նչ է պատահել։
 
Պետր։ Այ, մայրիկը․․․
 
Օնդրա (ծունկի է իջնում մոր կողքին, շոշափում զարկերակը)։ Սպասիր, մակրիկ․․․
 
Խավարից դուրս է գալիս հայրը սպայական համազգեստով։
 
Հայր։ Ի՞նչ է պատահել նրան։
 
Պետր։ Չգիտեմ․․․ Հանկարծ ցած ընկավ․․․
 
Հայր։ Պետք է ավելի զգույշ լինել։ (Ծունկի է իջնում մոր մոտ։) Հոգյակս, քեզ ի՞նչ պատահեց։
 
Խավարից հայտնվում է Իրժին օդաչուի կոմբինեզոնով։
 
Իրժի։ Բարև, Պետր։ Ինչ է, մայրիկն իրեն վա՞տ է զգում։ (Վառում է գրասեղանի լամպը։)
 
Օնդրա (ծունկի իջած մոր մոտ)։ Սիրտն է։ Այնպիսի ընդհատումներով է աշխատում․․․ Խեղճ մայրիկ․․․
 
Հայր։ Եթե կարողանայինք մեկնումեկին կանչել։
 
Օնդրա։ Ինչո՞ւ։ Մենք էլ բավական ենք։ Հիմա նա որոշ ժամանակ պառկած կմնա ուշակորույս վիճակում։ Ջղային ցնցում։ Ամենից լավն է հանգիստ թողնել։ Մի բարձ տվեք։
 
Պետր (հավաքում է բազմոցի բարձերը)։ Ահա, վերցրու։
 
Իրժի (ամբողջ մի կույտ բարձեր է բերում)։ Վերցրու։
 
Օնդրա։ Հայրիկ, գլուխը մի քիչ բարձրացրու։ (Բարձերը դնում է գլխի տակ։) Դե, հիմա, հանգիստ պառկիր, մայրիկ։ (Վեր է կենում։) Պետր, ինչո՞վ այդպես վախեցրիր նրան։ Եվ ասա, խնդրեմ, ընդհանրապես ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։
 
Օնդրա։ Մի րոպե, հայրիկ։ (Պետրին դարձնում է լույսի դեմ ու զննում ճակատը։) Այդպես։ Մեկը, մյուսը․․․ (բացում է շապիկն ու մատը սահեցնում կրծքի վրայով)։ Մեկ, երկու, երեք։ Այ, սա ուղիղ սրտին է դիպել։
 
Հայր։ Հապա ցույց տուր։ Դիպուկ կրակոց է։ Իսկապես ասած, սա խիստ նման է․․․ Մի անգամ մեզ մոտ մի արաբի կանգնեցրին պատի տակ և ինչպես հարկն է հյուրասիրեցին արճիճով․․․ Լսիր, տղաս, քեզ հետ այս ինչպե՞ս պատահեց։
 
Պետր։ Կանգնեցրին պատի տակ, հայրիկ։
 
Հայր։ Էհե՜, եղբայրդ իմ։ Եվ, ինչպես երևում է, զինվորները կրակեցին։
 
Պետր։ Զինվորները, հայրիկ։
 
Հայր։ Պետր, հուսով եմ, որ դու հայրենիքին չե՞ս դավաճանել։
 
Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես պայքարել եմ հանուն մեծ ու ազնիվ գործի։
 
Հայր։ Զինվորների դե՞մ։ Ես այդ ինչ֊որ չեմ հասկանում, սիրելիս։
 
Պետր։ Հայրիկ, մեր կողմն էլ զինվորներ կան։
 
Հայր։ Երկու կողմն էլ զինվորնե՞ր։
 
Պետր։ Այո։
 
Հայր։ Մերոնք մերոնց դե՞մ։
 
Պետր։ Այո, հայրիկ։
 
Հայր։ Այդ բանն ինձ ինչ֊որ դուր չի գալիս, Պետր։ Տղաներ, ձեզ մոտ ինչ֊որ խառնաշփոթություն է ստեղծվել․․․ Դե, և դու, ուրեմն, հետախո՞ւյզ էիր, Պետր։
 
Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես միայն գրում էի թերթերում։
 
Հայր։ Մի ստիր, Պետր։ Դրա համար չէին գնդակահարի։ Մեզ մոտ միայն լրտեսներին ու դավաճաններին էին գլխատում։
 
Իրժի։ Հայրիկ, հիմա ուրիշ ժամանակներ են։
 
Հայր։ Այո, ըստ երևույթին։ Ինչպես երևում է, սիրելիներս, հիմա մեզ մոտ խաղի ինչ֊որ ուրիշ կանոններ գոյություն ունեն։ (Շուռ է գալիս դեպի մայրը։) Դե, ինչպե՞ս է նա։
 
Օնդրա (նստել է, խոնարհված մոր վրա)։ Ոչինչ։ Առայժմ ուշագնաց է։ Կարելի է կարծել՝ քնած է։
 
Պետր։ Եվ լավ է։ Միայն նա կարող է մեզ լսել․․․
 
Օնդրա։ Եվ խոսել մեզ հետ։ Միայն մայրիկը կարող է մեզ տեսնել։ Նա դեռ կոնտակտը չի կորցրել մեզ հետ։
 
Պետր (ցրված պտտում է գրասեղանին դրված գլոբուսը)։ Ասեմ ձեզ, սիրելիներս, տանջալից էր այն րոպեն, երբ ստիպված էի հայտնել նրան․․․
 
Իրժի։ Գիտեմ, գիտեմ, բարեկամ։ Քեզ անասելի հիմար վիճակում ես զգում, ասես պետք է ինչ֊որ ամոթալի բան խոստովանես։ (Բացում է գրասեղանի դարակն ու խառնշտորում։) Գիտեք, մայրիկը նույնիսկ մեր ծխամորճներն է պահում։ Ինչ լավն է մեր մայրիկը։ Բայց ախր ամբողջ ժամանակ լսում էիր միայն․ «Ծուխ մի գցի այստեղ, խնդրում եմ»։ (Ծխողի սովորական շարժումով ծխամորճը մեքենայաբար դնում է բերանն ու ծծում։) Մմմ․․․ Ազնիվ խոսք, այստեղ քեզ զգում ես ճիշտ ինչպես տանը։
 
Փողոցում կրակոցներ։
 
Հայր (մոտենում է պատուհանին)։ Կարծես կրակում են։ Թրա՛խկ֊թրա՛խկ։ Դրանք զինվորի հրացաններ են։ (Ականջ է դնում։)
 
Պետր (մոխրամանն ու պրեսպաիեն տեղից֊տեղ է շարժում)։ Այդ մերոնք են։ Մերոնք են կրակում։
 
Իրժի։ Իմ տետրակներն էլ են այստեղ։ Չէ, իսկապես, ինչ ասես որ չի պահում մայրիկը։ (Թերթում է տետրը)։ Ահա, իմ գծագիրը։ Այնպես, դատարկ բան։ Ես փորձում էի թևերի նոր պրոֆիլ գծագրել։
 
Պետր (դնում է սեղանին նեգրի արձանիկը, որը կանգնած էր պահարանի վրա)։ Դե թող։
 
Իրժի։ Ինչո՞ւ իջեցրիր։
 
Պետր։ Հենց այնպես․․․ Ինքս էլ չգիտեմ։ Պարապությունից։
 
Հայր (շուռ է գալիս, շարունակելով մնալ պատուհանի մոտ)։ Հանգիստ թող նրան, Իրժի։ Դա պարզապես մեռածների անհանգստություն է։ Նրանք ուզում են ուշադրություն գրավել իրենց վրա, նշել, որ եղել են այնտեղ։ Ժամանակին կանցնի․․․ Լսիր, Պետեր։ Դու գոնե քեզ․․․ տղամարդու նմա՞ն պահեիր։
 
Պետր (տեղափոխում է ծխախոտի տուփը)։ Իհարկե, հայրիկ։ Սխալ չեմ շարժվել։
 
Հայր։ Այդ լավ է։ Մեր անունը չես անարգել։
 
Օնդրա (նստած է մոր մոտ)։ Երևի․․․ անասելի տհաճ զգացում է, երբ ահա այսպես․․․ կրակում են քեզ վրա։
 
Պետր։ Էլ մի ասա։ Կանգնած ես ձեռքերդ ետևում կապած, իսկ առջևդ վեց զինվորներ են՝ գյուղական հասարակ տղաներ․․․ Ես սարսափելի խղճում էի նրանց։ Չէի ուզենա նրանց տեղը լինել։
 
Բայց աչքերդ կապված չէի՞ն։
 
Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես թույլ չտվի։
 
Հայր։ Ապրե՛ս։ Իսկ ո՞վ հրաման տվեց։
 
Պետր։ Ինչ֊որ վտիտ, ծվծվան լեյտենանտ։ Սարսափելի փքվում էր, որպեսզի չնկատվի, որ իրեն վատ է զգում։ Հենց իմ աչքի առաջ լցրեց ատրճանակը, իբր, համենայն դեպս, եթե զինվորները վրիպեն։
 
Օնդրա։ Այ քեզ հրեշավոր բան։
 
Հայր։ Կարգն այդպես է, Օնդրա։ Այլ կերպ չի կարելի։
 
Պետր։ Սատանան տաներ նրան, այդ պճնամոլը ազդում էր ջղերիս վրա։ Դե, ես էլ ասացի․ «Կորիր գրողի ծոցը, հիմարի գլուխ, զահլա մի տար։ Ես ինքս հրաման կտամ»։
 
Հայր։ Այդ հարկավոր չէր, Պետր․․․ Մահապատիժը․․․ լուրջ գործ է։ Ես մի անգամ ներկա եմ գտնվել և․․․ Դե, ասելու բան չի։
 
Պետր։ Հայրիկ, ախր մի բանով հարկավոր է իրեն սրտապնդել։ Չէ որ բավական զզվելի վիճակ է․․․ Զինվորները ծիծաղեցին, ես նույնպես։ Եվ բոլորս մի տեսակ թեթևացանք։ Իսկ նա կարմրեց, դուրս քաշեց սուրը և բղավեց․ «Զգա՛ստ։ Նշան ա՛ռ»։ Տղաներ, անկեղծ ասած․․․
 
Իրժի։ Ի՞նչ։
 
Պետր։ Ծնկենրս ուղղակի ծալվեցին։ Քիչ մնաց ցած գլորվեմ։ Հանկարծ ոտքերիս մեջ․․․․ ու փորիս․․․ այնպիսի նողկալի թուլություն զգացի․․․ Բը՜ռռ։ Ինքս ինձ զգացի քուրջի կտոր։ Տարօրինակ է, չեմ էլ հիշում նույնիսկ, թե այդ խեղկատակը երբ բղավեց․ «Կրա՛կ»։ Զգացի միայն, թե պաղ քամին ոնց անցավ մազերիս վրայով։
 
Օնդրա։ Այդ վախից է։
 
Պետր։ Երևի։ (Նորից իրերն անհանգիստ տեղից֊տեղ է փոխադրում։) Բայց ասեմ ձեզ․․․ դա ահավոր զգացում է։ Ահավոր։
 
Իրժի (աչքերը տետրակից բարձրացնելով)։ Կարող ես ինձ չպատմել։
 
Պետր։ Ոչ, Իրժի, դու չես պատկերացնում․․․ Ոչ դու, ոչ էլ մեկ ուրիշը։
 
Իրժի։ Աղավնյակս, այդ բանն ինձ շատ լավ հայտնի է։ Երբ ես ցած էի ընկնում իմ ինքնաթիռի հետ․․․
 
Պետր։ Դե, դա մի ակնթարթ է միայն։
 
Իրժի։ Իզուր ես կարծում։ Տասներկու հազար մետր բարձրությունից դա բավականին երկար է տևում։ Ընդհանրապես անհնար է որոշել, թե որքան ժամանակ ես ընկնում։ Թվում է․․․ ամբողջ մի հավիտենականություն։ Եվ ամբողջ ժամանակ, ամբողջ ժամանակ թվում է, թե հողագունդը փլվում է գլխիդ։
 
Օնդրա։ Իսկ այդ ժամանակ ինչի՞ մասին էիր մտածում։
 
Իրժի։ Իսկապես ասած, ոչ մի բանի․ մի զարհուրելի հանգստություն պաշարեց ինձ։ Ուրեմն, վե՞րջ։ Բութ, հանգիստ, պարզ կերպով լիակատար հաշիվ ես տալիս քեզ։ Մեկ էլ նայում ես՝ որտե՞ղ է ավելի հարմար ջարդուփշուր լինել։ Այ այնտեղ չէիր ուզենա՝ ծառեր են․ ահա այս դաշտում ավելի հարմար է․․․
 
Պետր։ Այդ դեռ լավ է, Իրժի։
 
Իրժի։ Լավ բան քիչ կա։ Այդպիսի անտարբերությունը ամեն տեսակ ցավից ավելի վատ է, զզվելի։ Ասես ինչ֊որ բան ողջ֊ողջ քարանում է մեջդ, և դու արդեն անզոր ես տեղիցդ շարժվելու․․․ Բը՜ռռ։
 
Օնդրա։ Դա անտարբերություն չի եղել, Իրժի։ Ավելի շուտ սարսափ։
 
Իրժի։ Չգիտեմ։ Բայց ես չէի ուզենա մի անգամ էլ նման բան զգալ։ Օ՜ֆ․․․ Ահավոր զգացողություն է։
 
::::::::::Դադար
 
Պետր։ Իսկ․․․ քեզ հետ ինչպե՞ս եղավ, Օնդրա։
 
Օնդրա։ Դե, բարեկամս, ես բավական ժամանակ ունեի։ Ինձ մոտ դա տևեց․․․ մի քանի օր։
 
Պետր։ Ի՞նչը։ Մեռնե՞լը։
 
Օնդրա։ Այո։ Ես երեք ամբողջ օր գիտեի․․․ որ վերջս եկել է․․․ Այդ ժամանակ ինչի մասին ասես, որ չես մտածում․․․ ինչ ասես, որ չես հիշում։ Իսկ ես բացի դրանից․․․ այդ ժամանակ զբաղված էի նաև դիտողություններով․ օհո՜, ահա մի ախտանիշ, ահա երկրորդը։ Լյարդդ քեզ անհարմար վիճակի մեջ դրեց, Օնդրուշկա։ Դե և ստիպված էի հեռավոր ճամփա բռնել․․․
 
Հայր։ Ասա, Օնդրա, ինչպե՞ս վարակվեցիր դեղին տենդով։
 
Օնդրա։ Դա էքսպերիմենտ էր, հայրիկ։ Մենք ուզում էինք պարզել, թե արդյոք վարակը փոխացնվո՞ւմ է այդ ստոր մոծակի՝ ստեգոմիայի և այն հիվանդների միջոցով, որոնք տարել են հիվանդության առաջին փուլը։ Դա ճշտորեն հայտնի չէր։ Ահա ես էլ թույլ տվի փորձային մոծակներին խայթել ինձ։
 
Հայր։ Եվ վարակվեցիր տենդո՞վ։
 
Օնդրա։ Վարակվեցի, այն էլ ինչպե՜ս․․․ Բայց դա հակասում էր մեր ենթադրություններին։
 
Հայր։ Իսկ նման փորձն ի՞նչ նշանակություն ուներ։
 
Օնդրա (ուսերը թոթվելով)։ Դե, թեկուզ գիտական։ Մենք ուզում էինք իմանալ, թե այդ միկրոբն ինչպե՞ս է զարգանում մոծակի օրգանիզմում։ Դա շատ կարևոր է, հայրիկ։
 
Իրժի։ Եվ այդ տենդից դժվա՞ր են մեռնում։
 
Օնդրա։ Այո, սիրելիս, թավալվում ես, ոնց որ Ղազարոս․․․ Տաքություն, դեղնախտ․․․ Ամեն տեսակ կեղտոտություն։ Մի խոսքով, զզվելի հիվանդություն է, բարեկամս։ Բը՜ռռ։ Ոչ ոքի չէի ցանկանա։
 
Պետր։ Ուրեմն, միայն հայրիկն է զոհվել գեղեցիկ մահով։
 
Հայր։ Ե՞ս։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
 
Պետր։ Դե, զոհվել մարտում՝ այդ համենայն դեպս նշանակում է կատարել իր պարտքը․ բացի դրանից՝ հնարավորություն ունես պաշտպանվելու։
 
Հայր։ Բայց ախր ես մարտում չեմ զոհվել, տղաս։
 
Պետր։ Ո՞չ։ Ինչպե՞ս թե։ Իսկ մենք միշտ էլ կարծել ենք․․․
 
Հայր։ ․․․ որ ես սպանվել եմ վերջին գրոհի ժամանա՞կ։ Ոչ։ Այդ միայն մայրիկի համար է, երեխաներ։ Հո չէր կարելի նրան ասել, թե իսկապես ինչպես է եղել։
 
Իրժի։ Իսկ ինչպե՞ս է եղել։
 
Հայր։ Ես բոլորովին էլ մարտում չզոհվեցի։ Այլ պարզապես մնացի պառկած, տղաս։
 
Օնդրա։ Վիրավո՞ր։
 
Հայր։ Այո, և ինձ գտան բնիկները։
 
Պետր։ Հետո՞։
 
Հայր։ Հետո նրանք ինձ տանջեցին։ (Ձեռքը թափ տալով։) Դե, բավական է այդ մասին, այնպես չէ՞։ Օնդր, մայրիկը ո՞նց է։
 
Օնդրա։ Զարկերակը լավ է աշխատում։
 
Հայր։ Երեխաներ, բայց նա, իհարկե, այնպես էլ չպիտի իմանա, ինչ֊որ պատմեցի ձեզ։
 
::::::::::Դադար։
 
Իրժի (իր տետրակի վրա)։ Այ, ասում են․․․ կյանքը նվիրաբերել ինչ֊որ մեծ բանի՝ գիտությանը, հայրենիքին, հավատին, մարդկության ազատագրությանը կամ դրա նման մի ուրիշ բանի։ Իսկ երբ փորձանքի ես գալիս․․․
 
Օնդրա։ ․․․ ամեն ինչ ուրիշ կերպ է երևում, գիտեմ։ Եթե մարդիկ կարողանային պատկերացնել, թե այդ ժամանակ մարդ իրեն ինչպես է զգում․․․ երևի, ավելի քիչ կրկնեին, թե որքան գեղեցիկ է․․․ մեռնել ինչ֊որ բանի համար։ Գեղեցի՛կ։ Ես իմ մահվան մեջ առանձնապես ոչ մի գեղեցիկ բան չեմ գտնում։
 
Պետր։ Ես նույնպես, բարեկամ։
 
Հեռվում հրացանների համազարկ։ Դադար։
 
Հայր։ Այո՛․․․ Մարդիկ միշտ էլ մեռել են ինչ֊որ բանի համար, ով գիտե՝ ինչի՛․․ Երևի, այդպես է հարկավոր։ Բայց երբեմն մտքովս անցնում է․․․ հիմա ես գնդապետ կլինեի, գուցե և գեներալ, թոշակ կստանայի, կապրեի ձեզ հետ այստեղ, հուշեր կգրեի ու ածուներ կպատրաստեի բանջարանոցում․․․ Դա վատ չէր լինի, տղաներ։ Ինչ ուզում եք ասեք, բայց կյանքը կյանք է, համենայն դեպս, կարելի է մի բան անել․․․ Ես գիտեմ, դուք բոլորդ էլ ձեր կյանքը տվել եք ինչ֊որ մեծ բանի։ Օնդրան՝ գիտությանը, Իրժին՝ տեխնիկական առաջադիմությանը, իսկ Պետրը․․․ Պետր, դու ինչի՞ համար մեռար․․․
 
Պետր (կտրվելով շախմատի տախտակից)։ Հավասարոըթյան և ազատության համար, հայրիկ։
 
Հայր։ Ահա․․․ Դե, իսկ ես՝ հանուն կայսեր, հայրենիքի ու դրոշի պատվի։ Իսկ գուցե և պարզապես հանուն այն բանի, որ մեր գնդապետը հիմար հրաման արձակեց։ Սակայն հիմա արդեն՝ միևնույն է։ Իհարկե, այդ ամենը շատ լավ ու ազնիվ բան է, միայն թե․․․ գիտեք, ախր ես բոլորիցդ ավելի վաղ հանգուցյալ եմ, ու կասեմ ձեզ․․․ որ վատ չէր լինի մի քիչ էլ ապրել։ Երեխաներ, ես կյանքը շատ էի սիրում։ Շատ։ Իսկ երբ նայում եմ ձեզ, չգիտես ինչու միտք եմ անում․ գրո՛ղը տանի, այս տղաներից մեկը, թերևս, կարող էր իսկապես հռչակվել որևէ հիանալի․․․ կամ նույնիսկ մեծ գործով։ Թե չէ ինչ է՝ հերոսնե՜ր։ Այո, ափսոս։ Տղաները կարող էին ապրել․․․
 
Օնդրա (ճմլկոտում է ու վեր կենում)։ Այո, պարզապես կատաղում ես, երբ ի վիճակի ես միայն նայել, թե ուրիշներն ինչ են անում․․․ Մենք, մեռածներս, բուսական կյանք ենք վարում։ (Մոտենում է գրապահարանին։) Է՛խ, բարեկամներ, եթե հիմա ես ողջ լինեի, կաշխատեի դիվահարի պես։ Օրինակ՝ քնախտը, անչափ հետաքրքիր բան է։
 
Իրժի (խորանալով իր տետրակի մեջ)։ Ա՛խ, ի՜նչ հիմարն եմ ես։
 
Հայր։ Ինչ կա։
 
Իրժի։ Դե ես խոսում եմ թևերի իմ այս կոնստրուկցիայի մասին։ Ախր միանգամայն հնարավոր բան է, հայրիկ։ Եվ սատանան թող ինձ տանի, որ ես այս բանը ավելի շուտ չեմ ավարտել․․․ Մի րոպե։ Այ այստեղ հարկավոր է ուղղել այսպես․․․ (Գծագրում է, նստած գրասեղանի մոտ։) Հիանալի՜ է։
 
Օնդրա (բաց է անում պահարանը)։ Չէ, մայրիկի վրա զարմանալուց մարդ իսկապես չի կշտանա։
 
Պետր։ Իսկ ինչ կա։
 
Օնդրա։ Մինչև հիմա դուրս է գրում իմ բժշկական հանդեսները։ Ահա «Արևադարձային հիվանդությունների բյուլետենների» նոր համարը։ Ես էլ էի տպագրվում այնտեղ։
 
Պետր։ Ախր այդ բյուլետենում շատ լավ մահախոսական կար քո մասին։
 
Օնդրա (հանում է համարներից մեկը)։ Դե, մի բան նայեմ այստեղ։ (Հարմար տեղավորվում է բազմոցին ու սկսում աչքի անցկացնել հանդեսի չկտրված համար։)
 
Հայր (կանգնած է խոնարհված մոր վրա)։ Այ, տեսնում ես, հոգյակս, դու նորից ամբողջ մի գունդ որդիներ ունես։ Եվ նրանք զգում են իրենց, ինչպես տանը։ Մայրիկ, ախր քեզ համար մենք բոլորս առաջվա պես ողջ ենք, այնպես չէ՞։
 
Պետր (խոնարհվելով շախմատի տախտակի վրա)։ Չէ, այդպես չի ստացվի։ Սատանան տանի, դժվար խնդիր է։
 
Իրժի (գծագրի վրա)։ Այսպես, թերևս կարելի է, միայն հարկավոր է ծանրության կենտրոնը անպայման տանել ավելի ներքև։
 
Հայր (բացում է գրամոֆոնը)։ Տղաներ, այս գրամոֆոնը ես ամենուրեք վերցնում էի ինձ հետ։ Նույնիսկ արշավանքի։ (Մեքենայորեն լարում է գրամոֆոնը։) Իսկ սա իմ ամենասիրած ձայնապնակն է։ Խեղճ մայրիկը այնպես էլ պահել֊պահպանել է իմ հիշատակին․․․ (Ձայնապնակը գործի է դնում։)
 
Գրամոֆոնը նվագում է մեղմ։ Հայրը լսում է։ Մյուսները խորասուզվել են իրենց խոհերի մեջ։
 
Օնդրա (խոնարհված հանդեսի վրա)։ Հը՜մ, բանից պարզվում է, ինչ֊որ բան գտել են բորոտության դեմ։ Այդ լավ է։
 
::::Դրսից կրակոցներ են լսվում։
 
Իրժի (գծագրի վրա)։ Իսկ այստեղ մի գլուխ կրակում են։
 
Պետր (շախմատի տախտակի վրա)։ Սպասեցեք։ Հիմա՜ է միայն սկսվում․․․ Հայրիկ, քո խնդիրը միայն ոչ ոքիի արդյունք է տալիս։ Ոչ սևերը կարող են հաղթել, ոչ սպիտակները։ Ափսո՜ս․․․
 
Կրակոցներն ուժեղանում են, ձայնապնակը նվագել֊վերջացել է, և գրամոֆոնը լռում է։
 
Հայր։ Իմ ամենասիրածը․․․ (Շուռ է գալիս ու ականջ դնում։) Տա՛֊տա՛֊տա՛։ Պետր, գնդացիրներն են։
 
Պետր։ Այդ սկիզբն է։ (Վեր է թռչում տեղից։) Ա՛խ, ինչպես կուզենայի նրանց հետ լինել։ Ամուր կանգնեք, ընկերներ։
 
Օնդրա (վեր է կենում ու հանդեսը շպրտում մի կողմ)։ Նշանակո՞ւմ է, նորից շատ հերոսներ են լինելու։ Ոչ, այդ իմ սրտովը չէ։
 
Պետր։ Բայց ախր սա երժշտությո՜ւն է, Օնդրա։ Լսի՛ր։ Այդ մերոնք հարձակման են գնում։ Արդեն սկսվեց, բարեկամներ։ Նրանք անցնում են գրոհի։ Ճամփան մաքրում են գնդացիրներով և՝ առա՛ջ, առա՛ջ։ Ի՜նչ ուժ է։ Ոչ, ես իզուր չմեռա։
 
::::Խուլ, որոտընդոստ կրակոցներ։
 
Հայր։ Արագաձիգ թնդանոթ է։ Բա՛մ֊բամ֊բա՛մ֊բա՛մ։ Տարածությունը երեք կիլոմետր, ուղղությունը՝ այնտեղ։
 
Իրժի(վեր կենալով)։ Քաղաքի կենտրոնը, հայրիկ։
Պետր (տենդագին)։ Մեր հրանոթներն են։ Ուրեմն, մենք հաղթեցինք։
 
Հայր (հանկարծ)։ Սա մայրիկին չվախեցնի։
 
Օնդրա։ Նա դեռ ոչինչ չի զգում։ (Մեքենայորեն արձակում ու նորից փաթաթում է վիրակապը, որ հանել էր գրպանից։) Ցնդել են։ Կրակում փողոցներում։ Ախր այդ սպանդ է։
 
Պետր։ Թող սպանդ լինի։ Անհրաժեշտ է տեղ մաքրել նոր աշխարհի համար։ Օ՛խ, Օնդրա, Իրժի։ Ափսոս չէ կյանքը զոհաբերել հանուն այդ բանի։ Նույնիսկ հազարավոր ու հազարավոր կյանքեր․․․ Լսո՞ւմ եք կրակոցները։ Սքանչելի՜ է։ Ա՛խ, եթե միայն ես կարողանայի նրանց հետ լինել․․․
 
Հայր։ Իսկ հիմա կրակում են բոլոր կողմերից․․․ Այդ ինձ դուր չի գալիս։ Եղբայր իմ, դա կանոնավոր ճակատամարտ չէ։ Ավելի շուտ կոտորած է։
 
Պետր։ Ինչ արած։ Այլ կերպ հնարավոր չէ։ Վերջապես, ժողովուրդը պետք է այդ դավաճանների հաշիվը մաքրի․․․ Թող թեկուզ գնդակահարեն դրանց, բոլոր այդ սպիտակ բանդիտներին։ Լսո՞ւմ եք, թե ճակատամարտը ոնց է բորբոքվում։ Մերոնք չեն հանձնվի։ Մեր կողմն է հետնակը։ Մեր կողմն են նավաստիները։ Մեր կողմն է ժողովուրդը։ Միայն սպաներն են նրանց հետ։ Ճշմարիտ է, նրանք ինքնաթիռներ ունեն և ծանր հրանոթներ, բայց ախր չեն կարող գործի դնել քաղաքում։ Այլապես ամբողջ քաղաքը քարուքանդ կանեն, այնպես չէ՞, հայրիկ։
 
Հայր։ Չգիտեմ, Պետր։ Դուք ինչ֊որ նոր կանոններ ունեք։
 
Իրժի (մոտենում է ռադիոընդունիչին)։ Իսկ ռադիոկայանը ո՞ւմ ձեռքին է։
 
Պետր։ Պարզ է, մեր։ Փորձիր, Իրժի։ Միգուցե լսենք։
 
Իրժի։ Լավ։ (Պտտում է բռնակը։) Լռությո՛ն։
 
Ձայն ռադիոյով (որը հիշեցնում է Կորնելի ձայնը)։ Ա՛լլո։ Խոսում է սպիտակների շտաբը։
 
Պետր (քարանալով)։ Չի՜ կարող պատահել։
 
Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Սպիտակների զորքերի հրամանատարը վերջին անգամ սև բանդիտներին առաջարկում է դադարեցնել մարտերը քաղաքի փողոցներում։ Զենքերդ վայր դրեք։ Հակառակ դեպքում հրամանատարը հրաման կտա հրետանային կրակ բացել քաղաքի վրա։
 
Պետր (բղավում է)։ Այդ անկարելի՜ է։ Հայրիկ, Օնդրա, մի՞թե նրանք այդպես կանեն։ Նրանք պարզապես ցնդել են։
 
Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Սպիտակների բանակի հրամանատարը առաջարկում է բոլոր բնակիչներին անհապաղ թաքնվել նկուղներում։ Եթե սևերն իրենց դիրքերը չհանձնեն, չորս րոպե հետո հրետանին կսկսի քաղաքի կենտրոնի հրակոծումը։ Հարկ եղած դեպքում կիրականացվի նաև օդային ռմբակոծություն։
 
Պետր։ Վայրենինե՛ր։ Վայրենինե՛ր։ Դուք այդ չեք անի։ Սպիտակ գազաններ, դուք միայն ուզում եք սարսափեցնել մեզ։
 
Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Քաղաքի ավերածությունների ու մարդկային զոհերի ողջ պատասխանատվությունը դրվում է սևերի ղեկավարության վրա։ Մենք ժամանակին նախազգուշացրել ենք նրանց։ Մենք մինչև վերջին րոպեն բանակցություններ էինք վարում․ իսկ այդ միջոցին սևերն սկսեցին հանցագործ կերպով սպանել մեր պատանդներին, մեր սպաներին, քաղաքի բնակիչներին․․․
 
Պետր։ Դա սուտ է։ Այդ դուք սկսեցիք։ Շնե՛ր։ Արնախում շմեր։ (Մերկացնում է իր գնդակով խոցված կուրծքը։) Ձեր կարծիքով, այս ի՞նչ է։
 
Ձայն ռադիոյով։ Մենք հրաժարվում ենք հետագա բանակցություններից։ Յուրաքանչյուր ոք, որ կբռնվի զենքը ձեռքին, տեղնուտեղը կգնդակահարվի։ Բոլոր նրանք, ովքեր եղել են սևերի կողմը, կտրվեն ռազմական դատարանին։ Ալլո՛, ալլո՛։ Երկու րոպե հետո հրետանին կսկսի ռմբակոծել քաղաքի կենտրոնը։ Վերջին անգամ սևերին առաջարկում ենք անձնատուր լինել։ Միայն այդ ճանապարհով դուք կարող եք մեր քաղաքը փրկել անօրինակ ավերածություններից։
 
Օնդրա։ Մեռնելու բան կա, այնպես չէ՞։ Իրժի, անջատիր։
 
::::Իրժին դարձնում է ընդունիչի լծակը։
 
Պետր։ Այո, մեռնելու բան կա։ Սևեր, առա՛ջ։ Հանուն մեր ազատության։ Հանուն մեր հաղթանակի։ Հանուն նոր աշխարհի։ Ընկերներ, անձնատուր չլինեք։ Թող քաղաքը ոչնչացնեն, թող ժողովուրդը ոչնչանա, թող ամբողջ աշխարհը կործանվի, միայն թե մեր գործը հաղթանակի։ Ավելի լավ է մեռնել, միայն թե այդ սպիտակ շները չհաղթանակեն։
 
::::Հեռվում հրանոթային համազարկ։
 
Հայր։ Ծանր հրետանին է։ Վեցդյույմանոցները։ Հաստատ մնացին խոսքերին։
 
Իրժի։ Բարեկամներ, գիտեք, ես համարյա ուրախ եմ, որ․․․
 
Հայր։ ․․․ որ մեռա՞ծ ես։ Հաճույքով հավատում եմ։ Բո՜ւմ․․․ Տղաներ, դա իննդյույմանոցն է։
 
Պետր։ Մարդասպաննե՛ր։ Ստո՛ր մարդասպաննե՛ր։
 
Օնդրա։ Սպասեցեք։ Լռություն։ Մայրիկն ուշքի է գալիս։
 
Իրժի։ Եվ հենց այսպիսի րոպեին։ Խեղճ կին։
 
Հայր։ Լույսը հանգցրեք։
 
Լիակատար խավար։ Հրանոթների որոտ ու հրացանների կրակոց։
 
Օնդրայի ձայնը։ Դե, մնաս բարով, մայրիկ։
 
Հոր ձայնը։ Թանկագինս, մի վախենա։ Մենք միշտ քեզ հետ ենք։
 
Իրժիի ձայնը։ Մայրիկ, դա ամպրոպ է միայն։ Շուտով կանցնի։
 
Պետրի ձայնը։ Մարդասպաննե՛ր։ Մարդասպաննե՛ր։
 
Հրանոթների դղրդյուն ու հրացանային կրակոցներ։ Պատուհանի ետևում գնալով մեծանում է հեռավոր հրդեհի կարմիր հրացոլքը։
 
Մայր (վեր է կենում)։ Պետր․․․ Կորնել․․․ Տոնի․․․ Կորնել, այս ի՞նչ է կատարվում։ Որտե՞ղ է Պետրը․․․ Տոնի, որտե՞ղ է Կորնելը։ Կորնել, դու լսո՞ւմ ես։
 
::::Դռների մեջ երևում է Տոնին։
 
Տոնի։ Մայրիկ, մայրիկ, դու այստե՞ղ ես։ (Վառում է լույսը։) Իսկ ես քեզ եմ փնտրում․․․
 
Մայր (աչքերը ծածկում է ձեռքով)։ Տոնի, որտե՞ղ է Պետրը։ Նա դեռ չի՞ վերադարձել։
 
Տոնի։ Չէ, մայրիկ։ Դու մի անհանգստանա․․․
 
Մայր։ Ի՞նչ է կատարվում այնտեղ, Տոնի։
 
Տոնի։ Կրակում են, բայց այստեղից շատ հեռու։ Մի վախենա, մայրիկ։ Ես քեզանից ոչ մի քայլ չեմ հեռանա։ (Բացում է սեղանի դարակը և ուզում է վերցնել Կորնելի լցրած ատրճանակը։) Ոչ մի բանից չվախենաս։
 
Մայր։ Այդ ի՞նչ ես վերցնում, Տոնի։ Իսկույն ատրճանակը տեղը դիր։ Ձեռք չտաս։ Այդ խաղալիքները քեզ համար չեն։
 
Տոնի։ Մայրիկ, ես՝ ոչինչ․․․ Մտածում էի միայն․․․ Եթե մի բան պատահի․․․ Գիտես, Կորնելն ասում էր․․․
 
Մայր։ Դե ո՞ւր է Կորնելը։ Կանչիր Կորնելին։
 
Տոնի։ Մայրիկ, դու միայն մի բարկանա․․․
 
Մահր։ Տոնի, որտե՞ղ է մեր Կորնելը։
 
Տոնի։ Նա գնաց այնտեղ, մայրիկ․․․ Վերցրեց հրացանն ու ասաց․ «Տոնի․․․ մայրիկին ասա, թող չբարկանա, որ ստիպված եմ լքել նրան․․․ բայց ես պարտավոր եմ․․․ գնալ․․․ գնալ այնտեղ»։
 
::Վարագույրը իջնում է հրանոթների որոտի տակ։
Ադմին, Վստահելի
1876
edits