Changes
/* Գլուխ XXI */
Այդպես էլ արեց Գարգանտյուան։ Նրանց բնակության համար հատկացրեց մի փոքրիկ կղզյակ, և թզուկներն այնտեղ աճեցին ու բազմացան։ Սակայն ասում են, որ կռունկները նրանց հետ շարունակ համառ պատերազմ են մղում։ Թզուկները քաջությամբ կռվում են կռունկների հետ և հավանորեն շուտով կհաղթեն նրանց։<ref>Վերածնության դարաշրջանում համարյա յուրաքանչյուր արքունիքում կամ դղյակում պահում էին թզուկ ծաղրածուներ։ Հնուց գոյություն է ունեցել այն ավանդույթը, թե թզուկները պատերազմ են մղում կռունկների դեմ։</ref>
==Գլուխ XXII==
Այն մասին, թե ինչպես է Գարգանտյուան կոտորում քարե զրահներ հագաց 300 հսկաների և նրանց կապիտան Վուրդալակին
Սակայն ո՞վ կարող է պատմել, թե ինչպես Գարգանտյուան այդ երեք հարյուր զարհուրելի հսկաների կյանքին վերջ տվեց։ Օ՜, մեծ աստվածներ, դուք տվեք կարողություն իմ խելքին և աշխուժացրեք սիրտս։ Ճիշտ եմ ասում, դա մի այնպիսի ահռելի կռիվ էր, որ ամեն անգամ հիշելիս լեզուս կապ է ընկնում։
Նախ և առաջ Գարգանտյուան ազատ արձակեց իր գերուն։ Երբ գերին տուն վերադարձավ, պատմեց Գարգանտյուայի քաջագործությունների մասին։
― Գարգանտյուան հրամայեց ուղիղ կեսօրին իր համար ճաշ լինի պատրաստված, ― ասաց գերին թագավորին, ― այդ ժամին նա մտադիր է հաղթել մեր հսկաներին։
Եվ իրոք, ճիշտ կեսօրին Գարգանտյուան նավի մեծ կայմը ձեռքին մոտեցավ թշնամու բանակին։ Նրա դեմ դուրս եկան 300 հսկաներ, որոնք բոլորը հագել էին քարե ամրակուռ զրահներ։
Հսկաներին տեսնելիս վարդապետն ասաց Գարգանտյուային․
― Դեհ, հասել է ժամը, որ ցույց տաք ձեր քաջությունը, դուք ձեր կայմով մի լավ հյուրասիրեք դրանց, մենք էլ ձեզնից ետ չենք մնա։
― Քաջության կողմից անհոգ եղեք, ― ասաց Գարգանտյուան, ― միայն թե Հերկուլեսն էլ սիրտ չարեց երկուսի դեմ մենակ դուրս գալ։
― Դուք խելքի մոտ բան չեք ասում, ― պատասխանեց վարդապետը, ― չէ՞ որ դուք հարյուր անգամ Հերկուլեսից ուժեղ կլինեք։
Մինչ նրանք այդպես խոսում էին, հսկաների խմբից բաժանվեց և առաջ անցավ կապիտան Վուրդալակը՝ պողպատե գավազանը ձեռքին։ Այդ հսկայի անունը Վուրդալակ էին դրել այն պատճառով, որ նա գայլի պես արյունարբու էր։
Երբ նա Գարգանտյուային տեսավ, հպարտացավ ու պարծենալով ասաց իր ընկերներին․
― Մուհամեդի անունով եմ երդվում, որ եթե ձեզնից մեկն ու մեկը մտքովն անցկացնի կռվի բռնվելու այս քաջի հետ, ես նրան ամենադաժան մահվան կդատապարտեմ։ Թողեք մենք երկուսով միմյանց դեմ դուրս գանք, դուք կտեսնեք, թե ինչպես նրա բուրդը քամուն կտամ։
Երբ նրա հրամանը լսեցին, հսկաները քաշվեցին մի կողմ, որտեղ դրված էին գինով լիքը տակառներ։ Այդ կողմը քաշվեց և վարդապետը իր զինակիրներով։ Այդ սատանայի զավակը իրեն սուտ հիվանդ ձևացրեց՝ պտտում էր վիզը, թափահարում էր ձեռքերը և խռպոտ ձայնով ասում․
― Հայտնում եմ ձեզ, բարեկամներ, որ մենք ձեզ հետ չենք կռվում։ Մեզ մի լավ հյուրասիրեք, քանի դեռ մեր տերերը կռվում են։
Հսկաբերը համաձայնեցին և նստեցրին նրանց իրենց կողքին, որ միասին քեֆ անեն։
Իսկ այդ ժամանակ Վուրդալակը կամաց֊կամաց մոտենում էր Գարգանտյուային, ճոճելով իր ահռելի գավազանը։
Գարգանտյուան համարձակ գնաց նրա դեմ և ինչքան ուժ ուներ բղավեց․
― Մա՜հ քեզ, մա՜հ չարագործին։
Այս ասելով նա իր գոտուց կախված ապրանքատար նավակից վերցրեց աղով լիքը տասնութ տակառ ու շպրտեց ուղիղ Վուրդալակի երեսին։ Աղը լցվեց նրա կոկորդը, աչքերը և քիթը։ Վուրդալակը կատաղությունից իրեն կորցրած՝ բարձրացրեց գավազանը և անշուշտ տեղնուտեղը կսպաներ Գարգանտյուային, եթե ժամանակին նա մի կողմ չցատկեր։ Նրա գավազանը սակայն կպավ նավակին, որ 4806 կտոր եղավ և ամբողջ աղը գետնին թափվեց։
Այն ժամանակ Գարգանտյուան կայմի հաստ ծայրով խփեց Վուրդալակի կրծքին և հետո շատ ճարպիկ կերպով մի ուժեղ հարված էլ հասցրեց նրա վզին և երկաթե կրծկակալի մեջտեղին։ Դրանից հետո Գարգանտյուան ուզեց մի հարված էլ հասցնել Վուրդալակին, բայց վերջինս այնպես վրա բերեց իր գավազանը, որ մազ մնաց Գարգանտյուային մեջտեղից կես աներ։ Գարգանտյուան նորից ճարպկորեն խուսափեց և Վուրդալակի գավազանը 73 արշին խորությամբ խրվեց հողի մեջ, որից 9006 տակառից ավելի կայծեր դուրս թռան։
Երբ Վուրդալակը ճիգ էր գործ դնում իր գավազանը գետնից հանելու, Գարգանտյուան վազեց նրա մոտ, որ գլուխը կտրի։ Բայց այդ րոպեին մի դժբախտություն պատահեց։ Գարգանտյուայի կայմը կպավ Վուրդալակի գավազանին և երկու կտոր եղավ։ Վուրդալակի գավազանը կախարդված էր։ Գարգանտյուայի ձեռքին մնացել էր միայն մի փոքրիկ կտորը։
Գարգանտյուան իրեն այնպես կորցրեց, որ գոչեց․
― Հե՜յ, եղբայր Ժան, որտե՞ղ ես, սիրելիս։
Այս խոսքերը վարդապետը որ լսեց, հսկաներին ասաց․
― Աստված վկա, մեր տերերը այժմ միմյանց բոլորովին հաշմանդամ կդարձնեն, գնանք նրանց իրարից բաժանենք։
Հենց այն է ուզում էր գնալ իր տիրոջն օգնության, երբ հսկաներից մեկը բռնեց նրա փեշից և նստեցրեց տեղը։
― Եթե մեկ էլ տեղիցդ շարժվես, ― ասաց հսկան, ― քեզ այնպես կփակեմ վարտիքիս մեջ, որ ընդմիշտ այնտեղից դուրս չես գա։
Իսկ այդ ժամանակ Գարգանտյուան՝ կայմի մի կտորը ձեռքին բռնած, ամբողջ ուժով ծեծում էր Վուրդալակին։ Սակայն Վուրդալակին վերջ ի վերջո հաջողվեց իր գավազանը դուրս քաշել գետնից և նորից հարձակվել թշնամու վրա։
― Չարագո՜րծ, ― բացականչեց Գարգանտյուան, ― ես քեզ հիմա ցույց կտամ։
Եվ նա ոտքով այնպես խփեց Վուրդալակի փորին, որ սա գետին գլորվեց և ոտքերը վեր ցցեց։ Այն ժամանակ Գարգանտյուան բռնեց նրա ոտքերից ու գետնի վրա քարշ տալով տարավ։
― Մուհամե՜դ, Մուհամե՜դ, ― աղաղակում էր Վուրդալակը։ Նրա ձայնը լսելուն պես բոլոր հսկաները վեր թռան տեղներից և վազեցին իրենց տիրոջն օգնելու։
Երբ Գարգանտյուան տեսավ, որ հսկաները պիտի հարձակվեն իր վրա, նա Վուրդալակին բարձրացրեց գլխից վերև և չորս կողմը պտտեցնելով, ինքը հարձակվեց հսկաների վրա։ Ահա այդ ժամանակ սկսվեց մի այնպիսի կոտորած, որի նմանը աշխարհում չէր եղել։ Հսկաներն ահագին խմբերով գետնին էին գլորվում։ Նրանց քարե զրահները հազար կտոր էին լինում, և չորս կողմը այնպիսի դղրդոց էր բարձրացել, որ մեր քաղաքում, լավ հիշում եմ, բոլոր ապակիները կոտրատվեցին։
Երբ այլևս ոչ մի կենդանի հսկա չմնաց, Գարգանտյուան Վուրդալակի դիակը շպրտեց քաղաքի մեջ։ Վուրդալակը գորտի նման երեսի վրա փռվեց քաղաքի գլխավոր հրապարակում և վայր ընկնելիս տեղնուտեղը սպանեց մի հալից ընկած որձ կատու, մի ուրիշ թրջված կատու, մի փետրահան եղած բադ և մի սագ։
==Գլուխ XIII==
Այն մասին, թե ինչպես է վարդապետը Անարխ թագավորին դարձնում սոխաջուր ծախող
Այդ հրաշալի հաղթանակից հետո թշնամու ամբողջ զորքը կամովին անձնատուր եղավ Գարգանտյուային և իրենց թագավորին տվեց նրա ձեռքը։
Մի անգամ, երբ մեր բարեկամները խնջույք էին սարքել թշնամուց խլած ճամբարում, վարդապետը հարցրեց Գարգանտյուային․
― Իսկ թագավորին ի՞նչ անենք։ Նա այլևս իր պետութւունը չի կառավարելու, ուրեմն նրան պետք է մի արհեստ սովորեցնենք, որ գլուխը պահի, թե չէ քաղցից կմեռնի։
― Ճիշտ ես ասում, ― ասաց Գարգանտյուան, ― հանձնում եմ նրան քեզ, արա, ինչ ուզում ես։
Վարդապետը նրան հագցրեց նավաստիական բաճկոն և վարտիք, բայց ոտնաման չտվեց։
― Այդպիսի զգեստին ոտնամանը սազ չի գա, ― ասաց վարդապետը և թագավորին տարավ Գարգանտուայի մոտ։
― Այս մի հոգևորին ճանաչո՞ւմ եք, ― հարցրեց վարդապետը։
― Ոչ, չեմ ճանաչում, ― ասաց Գարգանտյուան։
― Սա այժմ երեք խորոված սոխի վրա իշխող թագավորն է։ Ես ուզում եմ սրան կարգին մարդ դարձնել։ Ուզում եմ սրան սոխաջուր ծախող դարձնել։ Դեհ, գոռա՝ «սոխաջո՜ւր, լավ սոխաջո՜ւր առնող»։
― Սոխաջո՜ր, լավ սոխաջուր առնող, ― գոռաց թագավորը։
― Չեղա՜վ, շատ կամաց ես գոռում, ― ասաց վարդապետը։
Եվ բռնելով թագավորի ականջից ավելացրեց․
― Մի քիչ բարձր գոռա, գրողը քեզ տանի, կոկորդդ ես խնայում, ի՞նչ է։
― Լավ սոխաջուր առնո՜ղ, ― գոռաց թագավորն որքան ուժ ուներ։
Գարգանտյուան ծիծաղից թուլացավ։
Երկու օր հետո վարդապետը թագավորին պսակեց լապտերներ վառող մի պառավ կնոջ հետ։ Հարսանիքին բոլորը լավ քեֆ արին։ Ճաշին մի լավ կերան ոչխարի գլուխ, երշիկ՝ մանանեխով և թոք՝ սխտորով։ Բացի այդ, վարձել էին մի կույր երաժիշտ, որը պարկապզուկ էր փչում, և հյուրերը մինչև կեսգիշեր պարեցին։
Մյուս օրը վարդապետը նորապսակներին տարավ պալատ և ներկայացրեց Գարգանտյուային։ Գարգանտյուան նրանց մի սանգ նվիրեց, որ մեջը սոխի գլուխ ծեծեն, իսկ բնակության համար քաղաքի ծայրում մի տնակ հատկացրեց։ Այդ օրվանից սկսած Անարխը<ref>Անարխ հունարեն նշանակում է «իշխանություն չունեցող», «իշխանությունից զուրկ»։</ref> դարձավ ամբողջ պետության մեջ ամենալավ սոխաջուր ծախողը։ Բայց ինձ ասել են, որ կինը նրան անխնա ծեծում է, իսկ այդ ավանակն այնքան հիմար է, որ ամեն տեսակ ծեծ ու անարգանք տանում է և ինքն իրեն պաշտպանել չի կարողանում։
==Գլուխ XXIV==
Այն մասին, թե ինչպես է Գարգանտյուան իր լեզվով ծածկում մի ամբողջ բանակ, և ինչ է տեսնում հեղինակը նրա բերանում
Իր բոլոր քաջագործությունները կատարելուց հետո Գարգանտյուան նավը բարձել տվեց ամեն տեսակ բարիքներով, տուն ուղարկեց, իսկ ինքը իր բարեկամների հետ միասին վճռեց տուն վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Թշնամու ողջ բանակը մեծ պատվով ճանապարհ դրեց նրան մինչև սահմանը։ Ճանապարհին սաստիկ անձրև տեղաց։ Զինվորները մրսում էին և միմյանց կպչում տաքանալու համար։ Երբ Գարգանտյուան նկատեց զորքի մեջ առաջ եկած անկարգությունը, հրամայեց զինվորներին, որ խիտ շարքեր կազմեն։ Հենց որ զինվորները շարքեր կազմեցին, Գարգանտյուան լեզվի կեսը բերանից հանեց և նրանով պատսպարեց ամբողջ զորքը։
Իսկ ես, այս պատմությունն անողս, որի մեջ ոչ մի սուտ կամ հնարովի բան չկա, անձրևից պատսպարվեցի մի ահագին կռատուկի տակ։ Մի քիչ հետո նկատեցի, որ զինվորները ինձանից ավելի լավ են պատսպարված, այդ պատճառով էլ վազեցի նրանց մոտ։ Բայց այլևս անհնար էր լեզվի տակ մտնել, զինվորներն այնպես էին սեղմվել այնտեղ, որ ասեղ գցելու տեղ չկար։ Ես վճռեցի վեր բարձրանալ և մոտ երկու վերստ ճանապարհ անցա Գարգանտյուայի լեզվի վրայով, մինչև մտա նրա բերանը։
Տեր իմ աստված, ինչե՜ր տեսա այնտեղ։ Թող երկնքի կայծակները գլխիս թափվեն, եթե սուտ եմ ասում։ Կարծես մի ահագին քարանձավի մեջ էի ընկել, որտեղ կային հսկայական ժայռեր։ Դրանք երևի Գարգանտյուայի ատամներն էին։ Բացի դրանից, տեսնում էի այնտեղ ահագին մարգագետիններ, խիտ անտառներ և քաղաքներ, որոնք իրենց մեծությամբ պակաս չէին Լիոնից, կամ Օռլեանից։ Ինձ առաջինը պատահեց մի կորած֊մոլորած մարդ, որ կաղամբ էր տնկում։
― Բարեկամ, դու այստեղ ի՞նչ ես անում, ― հարցրի ես զարմացած։
― Կաղամբ եմ տնկում, ― պատասխանեց նա։
― Կաղա՞մբ, ― զարմացա ես։ ― Կաղամբը ինչի՞ համար ես տնկում։
― Էհ, պարոն, պատասխանեց այդ մարդը, ― բոլոր մարդիկ էլ հո հարուստ չեն ծնվում։ Ես, ինչպես տեսնում եք, կաղամբ եմ տնկում, հետո ծախում եմ քաղաքում և դրանով իմ օրվա ապրուստը հոգում։
― Տեր աստված, ― բացականչեցի ես, ― այստեղ նոր աշխա՞րհ է, ինչ է։
― Ամենևին էլ նոր չի, ― պատասխանեց այդ խեղճ մարդը։ ― Ասում են, մի ինչ֊որ տեղ նոր աշխարհ կա։ Ասում են, որ իբր այնտեղ էլ են լույս տալիս արեգակը, լուսինը, երկնքի աստղերը։ Բայց դա նոր երկիր է, իսկ մեր երկիրը նրանից շատ ու շատ հին է։
― Թող քո ասածը լինի, ― պատասխանեցի ես, ― իսկ ինչպես է կոչվում այն քաղաքը, որտեղ դու տանում ես ծախելու քո կաղամբը։
― Կոկորդաքաղաք, ― պատասխանեց նա։ ― Նրա բնակիչները լավ մարդիկ են և ձեզ լավ ընդունելություն ցույց կտան։
Վճռեցի գնալ այդ քաղաքը։
Ճանապարհին հանդիպեցի մի երիտասարդի, որ աղավնիներ էր որսում։
― Բարեկամ, ― հարցրի նրանից, ― որտեղի՞ց եք վերցնում այդ աղավնիները։
― Նրանք, տեր իմ, թռչում գալիս են այն աշխարհից։
Այժմ ես գլխի ընկա, որ աղավնիները թռչելով մոտում են Գարգանտյուայի բերանը, երբ նա հորանջելիս է լինում։ Աղավնիները երևի այնպես են կարծում, որ դա ոչ թե բերան է, այլ աղավնաբուն։
Վերջապես հասա քաղաքը։ Բայց այստեղ ինձանից անցագիր պահանջեցին։
― Ի՞նչ անցագիր, ― զարմացած հարցրի ես, ― այստեղ ժանտա՞խտ կա ինչ է։
― Էհ, պարոն, ― պատասխանեց պահապանը, ― այս կողմերի ժողովուրդն այնպես է կոտորվում, որ հազիվ են կարողանում բոլորին թաղել։
― Ի՜նչ եք ասում, այդ որտե՞ղ, ― հարցրի ես։
Պահապանները ցույց տվին ինձ մի ահագին վիհ, որից բարձրացող գարշահոտությունից մարդու շունչ էր կտրվում։ Այդ ժանտահոտից էր առաջ եկել ժանտախտը, որից այդ երկրում վերջին շաբաթվա ընթացքում 2.260.016 մարդ էր կոտորվել։ Լավ մտածելուց հետո գլխի ընկա, որ այդ ժանտախտը բարձրանում էր Գարգանտյուայի ստամոքսից, որը մի շաբաթ առաջ չափազանց շատ սխտոր էր կերել Անարխ թագավորի հարսանիքին։
Քաղաքից հեռանալուց հետո անցնում էի երկու շարք ժայռերի միջով, որոնք ատամներ էին։ Երբ բարձրացա ատամներից մեկի վրա, տեսա աշխարհիս ամենագեղեցիկ վայրերը՝ մեծ֊մեծ սենյակներ՝ գնդակ խաղալու համար, գեղեցիկ սրահներ, շատ այգիներ և իտալական ճաշակով կառուցված անթիվ, անհամար տներ։ Այդ վայրերում մոտ չորս ամիս ապրեցի, հետո նրա ստորին ատամներով ցած իջա ներքև։
Ճանապարհին ինձ կողոպտեցին ավազակները։ Այդ դեպքը պատահեց մի մեծ անտառում, ականջների մոտ։ Մի կերպ ավազակներից ազատվելով, մտա մի գյուղ, որտեղ մի քիչ դրամ վաստակեցի։ Եվ գիտե՞ք ինչպես՝ քնելով։ Այդ վայրերում մարդկանց օրահաշվով վարձում են նրա համար, որ քնեն։ Այդ սրիկաները օրական հինգից մինչև վեց սու են աշխատում։ Իսկ նրանք, որոնք քնելիս կարողանում են լավ խռմփացնել, կարող են մինչև յոթուկես սու աշխատել։
Վերջ ի վերջո ես վերադարձա․ Գարգանտյուայի մորուքի վրայով թռա նրա ուսերին, այդտեղից իջա գետնին և կանգնեցի նրա առաջ։
― Այդ որտեղի՞ց դուրս եկար, Ռաբլե, ― հարցրեց Գարգանտյուան։
― Ձեր կոկորդից, տեր իմ։
― Ինչա՞ն ժամանակ ես այնտեղ մնացել։
― Ամբողջ ժամանակ, երբ դուք հայրենիք էիք վերադառնում։
― Բայց մենք վեց ամսից ավելի ճանապարհ ենք գնացել, ― ասաց Գարգանտյուան, ― այդքան ժամանակ դու ի՞նչ էիր ուտում։
― Ամենալավ պատառները, որ դուք ձեր բերանն էիք դնում, ― պատասխանեցի ես։
― Հա՛, հա՛, հա՛, ― ծիծաղեց Գարգանտյուան, ― երևում է, դու շատ ճարպիկն ես , Ռաբլե։ Դրա համար նվիրում եմ քեզ Սալմիգոնդեն<ref>Սալմիգոգոնդեն է կոչվում զանազան տեսակի մսեղենից պատրաստված ռագուն։</ref> դղյակը։
― Մեծապես շնորհակալ եմ, տեր իմ, ― պատասխանեցի ես, դուք ինձ վարձատրում եք այնպես, ինչպես վայել է արքային։
Այնուհետև մենք բաժանվեցինք, միմյանցից շատ գոհ լինելով։
==Գլուխ XXV==
Այն մասին, թե ինչպես է կառուցվել Տելեմի վանքը
Երբ Գարգանտյուան տուն վերադարձավ, նա իր զորքի համար մի այնպիսի խրախճանք սարքեց, որի նմանը չէր եղել Նոյի տարվանից սկսած։ Հացկերույթը վերջանալուց հետո նա հրամայեց մասնակցողներից ամեն մեկին վճարել մեկ միլիոն երկու հարյուր հազար ոսկի։ Բացի դրանից, նա իր զինակիցներից յուրաքանչյուրին պարգևեց մի֊մի քաղաք։ Պոնոկրատը ստացավ Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, Գիմնաստը՝ Լյա֊Կուդրե, Եվդեմոնը Մոնպանսիե։ Միայն վարդապետը մնաց առանց քաղաքի։
Գարգանտյուան ոզւոմ էր Սելինում նրան վանահայր դարձնել, բայց վարդապետը հրաժարվեց։
― Եթե դուք ցանկանում եք ինձ մի պարգև տալ, ― ասաց նա Գարգանտյուային, ― այն ժամանակ թույլ տվեք ինձ իմ ճաշակով մի նոր վանք կառուցել։
― Ինչո՞ւ անպատճառ նոր վանք, ― հարցրեց Գարգանտյուան։
― Նրա համար, ― պատասխանեց վարդապետը, ― որ իմ վանքը չպետք է կառուցվի այնպես, ինչպես մյուս վանքերն են, այլ դրանց բոլորովին հակառակ։
― Լա՛վ, ― ասաց Գարգանտյուան, ― բայց բոլոր վանքերը շրջապատված են պարիսպներով, ուրեմն քո վանքը առանց պարիսպի՞ պիտի լինի։
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց վարդապետը, ― ինչի՞ համար են պարիսպները, պատերը։ Որտեղ պատ կա, այնտեղ բանտ կա, գժտություն կա, ընդհարում կա։ Ես ցանկանում եմ, որ իմ վանքում միշտ ուրախ լինեն, բոլորն էլ իրենց ազատ զգան։
― Երբ վանքը մի կին է մտնում, ― շարունակեց Գարգանտյուան, ― ամենքը նրա վրա այնպես են նայում, ինչպես մի հրեշի վրա և հետո երկար ժամանակ մաքրում են այն տեղը, որտեղ նա կանգնած է եղել։
― Իմ վանքում այդպես չի լինի, ― ասաց վարդապետը։ ― Ես հարկադրված կլինեմ պաշտպանել իմ վանքը ոչ թե կանանցից, այլ ամեն տեսակ վարդապետներից ու կեղծ բարեպաշտներից, որովհետև նրանցից ավելի վատթար մարդ չկա աշխարհում։
― Դարեր շարունակ, ― շարունակեց Գարգանտյուան, ― վանք են մտնում կաղերը, կույրերը, սապատավորները, հոգեպես խեղաթյուրվածները և դատարկապորտները, որոնք փախչում են աշխատանքից։
― Ոչ, անհոգ եղեք, ― ասաց վարդապետը, ― այդպիսիների համար ինձ մոտ տեղ չի լինի։ Իմ վանքը կընդունվեն միայն առողջ ու գեղեցիկ երիտասարդներ և աղջիկներ։ Վանքում նրանք ուսում կառնեն, օգտակար գրքեր կկարդան, զանազան երաժշտական գործիքներ կնվագեն, կզբոսնեն ու կզվարճանան, մինչև որ կմեծանան ու չափահաս մարդիկ կդառնան։ Դա նրանց համար լավ ուսումնարան կլինի։
― Թող քո կամքով լինի, ― ասաց Գարգանտյուան և պարգևեց նրան Տելեմի ամբողջ շրջանը մինչև Լաուրա գետը։
Այստեղ վարդապետը կառուցեց մի վանք, որ կոչեց Տելեմի վանք։
Դա մի մեծ, վեցանկյուն շինություն էր։ Յուրաքանչյուր անկյունում կառուցված էր մի֊մի բարձր ու գեղեցիկ աշտարակ։ Բոլոր վեց աշտարակները միևնույն ձևով էին կառուցված։
Դա մի հոյակապ շինություն էր, որ բաղկացած էր վեց հարկից։ Պատերը սվաղած էին ֆլամանդական գաջով։ Կտուրը ծածկված էր թերթաքարով։ Քիվերի վրա դրված էին մարդկանց ու կենդանիների ոսկեզօծ արձաններ։ Կեղտաջրի խողովակները նախշված էին ոսկով և ապակիներով։ Այդ խողովակներից կեղտաջուրը թափվում էր լայն փողրակների մեջ, որոնք գետնի տակով հասնում էին մինչև գետը։
Վանքում կար 9332 սենյակ, որոնց բոլորի դռները տանում էին դեպի մի մեծ դահլիճ։ Ներքևից շատ գեղեցիկ սանդուղքով բարձրանում էին դեպի դահլիճ։ Այդ սանդուղքը այնքան լայն էր, որ շարքով կանգնած վեց զինված տեգավորներ կարող էին բարձրանալ մինչև դահլիճ։
Աջ կողմից երկու աշտարակների միջև գտնվում էր ահագին գրադարանը։ Ձախ կողմում ապրում էին դեռահաս աղջիկները, իսկ մնացած սենյակներում՝ երիտասարդները։ Աղջիկների սենյակների պատուհանների առջև գտնվում էին թատրոնը և մի ավազան՝ լողանալու համար, այնտեղ էր նաև հոյակապ բաղնիքը իր հրաշալի խեժահոտ ջրով։
Շինության շուրջը գեղեցիկ ծառաստան էր զբոսանքի համար, իսկ ծառաստանի կողքին կար մի պտղատու այգի, որտեղ ծառերը տնկված էին շեղաշարք ձևով։ Տղաներն ու աղջիկները շատ համերաշխ էին ապրում այնտեղ։ Նրանք հետևում էին մի կանոնի՝ բոլորն անեն այն, ինչ ցանկանում է իրենցից մեկը։ Օրինակ՝ եթե նրանցից մեկն ասում էր՝ «կարդանք», բոլորը կարդում էին։ Եթե մեկն ասում էր «խաղանք», բոլորը խաղում էին։ Եթե մեկն ասում էր՝ «գնանք ծառերի տակ մի փոքր վազվզենք», բոլորը համաձայնում էին ու գնում։
Հաճախ նրանք որսի էին գնում։ Աղջիկները շորորաձի էին նստում, ձեռնոց հագնում և պահում մատների վրա բազե կամ ճուռակ։ Այդ թռչունները այնպես էին վարժեցված, որ որս անելիս բռնում էին բոլոր պատահած թռչուններին։ Այդպես նրանք բազեներով որսի էին գնում և ուրախ ու զվարթ ժամանակ անցկացնում։
Եվ նրանք բոլորը այնքան կրթված էին, որ չկար մեկը, որ չկարողանար կարդալ, գրել, երգել, հինգ֊վեց լեզվով խոսել և ոտանավորներ գրել․․․
Գարգանտյուան հաճախ այցելում էր Տելեմի վանքը և միշտ ասում էր, որ ինքը դեռ ոչ մի ուրիշ տեղ չի տեսել այդպես խելոք ու կրթված մարդկանց։
==Երկրորդ մաս==
Գարգանտյուայի որդի՝ բարի Պանտագրյուելի կյանքի պատմությունը