Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 44 376 բայտ, 13:07, 13 Նոյեմբերի 2015
/* Գլուխ XXV */
Այնուհետև Պանտագրյուելը հրաժեշտ տվեց թագուհուն և վերադարձավ իր նավը։ Փայտե խոզը նույնպես դրին տախտակամածի վրա։ Եվ ահա ամբողջ նավատորմը դանդաղ հեռանում էր ափերից և գնում նորանոր արկածների հանդիպելու։
 
 
==Գլուխ XXVI==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը հասնում Քամոտ կղզին
 
 
Երկու օր Պանտագրյուելը չհանդիպեց ոչ մի արկածի։ Երրորդ օրը մենք ափ դուրս եկանք Քամոտ կղզին և այն, ինչ տեսանք անտեղ, մեզ չափազանց զարմացրեց։ Բանից պարզվեց, որ այդ կղզու բնակիչները կերակրվում են միայն քամի կուլ տալով։ Բացի քամուց նրանք ուրիշ բան ոչ ուտում են, ոչ խմում։ Տների փոխարեն շինում են մեծ֊մեծ հողմացույցներ։ Պարտեզներում մի տեսակ խոտ են ցանում, որ կոչվում է «Թեթևսոլիկ»։
 
Հասարակ ժողովուրդը սնվում է փուքսերով ու հովհարներով։ Հարուստներն ապրում են հողմաղացներով։ Երբ նրանք խրախճանք են սարքում, սեղաններն անմիջապես դնում են հողմաղացի թևերի տակ և հետո ինչքան քեֆներն ուզում է քամի են կուլ տալիս։ Ճաշին սովորաբար նրանց վեճը լինում է այն մասին, թե որ քամին է ավելի համեղ։ Մեկը գովում է հարավային քամին, մյուսը՝ հարավ֊արևմտյան քամին, երրորդը՝ հարավ֊արևելյանը և այլն։
 
Հիվանդներին այդ կղզում բուժում են միջանցիկ քամիով։
 
Կղզում շրջագայելիս տեսանք երեք ուռած մարդկանց, որոնք գնում էին ագռավների թռիչքը դիտելու։ Ասում են, որ այդ թռչուններն էլ միայն քամով են ապրում, այդ պատճառով անչափ շատ կան կղզում։
 
Ինչպես մենք զբոսնելու գնալիս հետներս նախաճաշիկ ենք վերցնում, այնպես էլ այստեղի բնակիչները կապում են իրենց գոտուց գեղեցիկ տկճորներ։ Հենց որ մեկը ուտելու պահանջ է զգում, օգտվում է տկճորից և ուզածին չափ համեղ օդ է ստանում։
 
Պանտագրյուելին դա շատ դուր եկավ։
 
― Որքան հեշտ է ձեզ համար այս կղզում ապրելը, ― ասաց նա կղզու պետին։ ― Քամու համար, իհարկե, վճարել հարկավոր չէ։ Բավական է, որ քամին փչի և ձեր ճաշը պատրաստ է։
 
― Ո՛չ, ― ասաց պետը, ― մենք էլ մեր ցավերն ունենք։ Պատահում է, որ ճաշի ժամանակ հանկարծ անձրև է գալիս, և քամին դադարում է։ Այն ժամանակ մենք չենք իմանում, ինչից պատրաստենք մեր կերակուրը։ Բայց այդ դեռ բոլորը չէ, ― շարունակեց պետը, ― լինում են և ավելի մեծ դժբախտություններ։ Պետք է իմանաք, որ մեզանից ոչ շատ հեռու Եռուզեռ կղզում ապրում է Բրենգնարիլ անունով մի հսկա։ Այդ հսկան ամեն տարի հիվանդանում է փորացավով և բժիշկների խորհրդով գալիս է մեր կղզին բժշկվելու։ Այստեղ նա դեղահատի փոխարեն կուլ է տալիս մեր հողմաղացները, որ նա շատ է սիրում։ Այդպիսով նա մեզ այնպիսի աղքատության մեջ է գցում, որ շատերը քաղցից մեռնում են։
 
― Բայց ինչպե՞ս եք դուք ձեզ պաշտպանում այդ հսկայից, ― հարցրեց Պանտագրյուելը։
 
― Մեկ անգամ, ― ասաց կղզու պետը, ― մեզ խորհուրդ տվին նրա գալուց առաջ մեծ քանակությամբ հավեր ու աքլորներ լցնել մեր հողմաղացների մեջ։ Մենք այդպես էլ արինք։ Հսկան եկավ և միանգամից բոլորին կուլ տվեց։ Եվ քիչ մնաց մեռնի։ Աքլորներն աղմուկ էին բարձրացրել նրա փորում, հավերը գժվածի նման դեսուդեն էին թռել։ Դրանից հսկան ուշագնաց եղավ և այնպիսի ջղաձգություններ սկսվեցին, կարծես նրա փորը օձ էր մտել։
 
― Իսկ ինչպե՞ս նա առողջացավ այդ հիվանդությունից, ― հարցրեց Պանտագրյուելը։
 
― Բժիշկը նրան խորհուրդ տվեց, ― ասաց պետը, ― որպես դեղահաբ աղվեսներ կուլ տալ։ Աղվեսները խեղդեցին բոլոր հավերին ու աքլորներին, բայց հետո ցանկություն չունեցան նրա փորից դուրս գալու։ Այն ժամանակ հսկան որպես դեղահաբ կուլ տվեց որսկան շներ։ Շները բռնեցին բոլոր աղվեսներին, և հսկան առողջացավ։ Ահա այս եղավ մեր դժբախտությունը։
 
― Է՜լ մի տխրեք, բարեկամներ, ― ասաց Քսենոմանը, ― հսկա Բրենգնաբիլը այլևս ձեզ չի անհանգստացնի։ Անցյալ տարի ես Եռուզեռ կղզում էի և իմացա, որ հողմաղացներ կուլ տվող հսկա Բրենգնաբիլը վախճանվել է։ Նա խեղդամահ է եղել մի կտոր թարմ յուղից, որ բժիշկների խորհրդով ցանկացել է կուլ տալ վառած վառարանի մոտ։
 
 
==Գլուխ XXVII==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Պապեֆիգների կղզին
 
 
Հետևյալ առավոտ մենք ափ իջանք Պապեֆիգների կղզում, որի բնակիչները մի ժամանակ եղել են հարուստ, ազատ և կոչվել են Խնդակյացներ։ Այժմ այս ժողովուրդն աղքատ է, դժբախտ ու Պապիմաններից բոլորովին թալանված ու մերկացրած։ Այդ այսպես է պատահել։ Մի անգամ մի մեծ տոն օր Խնդակյացները գնում են հարևան Պապիմանիա կղզին, որտեղ մեծ հանդես կար։ Սովորություն է եղել այդ հանդեսում ցուցադրել Հռոմի պապի մեծադիր պատկերը։ Այդ պատկերը տեսնելիս Խնդակյացներից մեկը չի կարողանում իրեն զսպել և թզանշան է ցույց տալիս։ Դրա վրեժը լուծելու համար մի քանի օր հետո պապիմանները հարձակվում են Խնդակյացների կղզու վրա և կոտորում բոլոր տղամարդկանց։ Այդ ժամանակից սկսած կղզին բոլորովին ամայանում է։ Կենդանի մնացած փոքրաթիվ Խնդակյացները դառնում են Պապիմանների ստրուկը և կրում Պապեֆիգ անունը, այսինքն՝ պապին թզանշան ցույց տվող։ Ամեն տարի նրանց գլխից անպակաս են լինում կարկուտը, փոթորիկը, ժանտախտը և ամեն տեսակ այլ
դժբախտություններ։<ref>Պապեֆիգներ բառացի նշանակում է «պապին ֆիգա (թզանշան) ցույց տվողներ»։ Ռաբլեն նկատի է ունեցել գժտություններն ու պատերազմները բողոքականների ու կաթոլիկների միջև։ Բողոքականությունը կամ ռեֆորմացիան իր զարգացման գագաթնակետին հասավ XVI դարում։ Դա մի շարժում էր, որ ուղղված էր կաթոլիկ եկեղեցու դեմ։ </ref>
 
Այդ աղքատությունը տեսնելուց հետո մենք վճռեցինք երկար չմնալ կղզում։ Հետաքրքրության համար մտանք միայն մի փոքրիկ կիսակործան մատուռ, որը շինված էր ծովափում՝ ծովին բոլորովին մոտ։ Մատուռում տեսանք ջրով լիքը մկրտության մի ահագին ավազան։ Ավազանում մի մարդ կար պառկած։ Նա ամբողջովին ծածկված էր ջրով, միայն քթի ծայրն էր ջրից դուրս ցցված՝ շունչ քաշելու համար։ Ավազանի շուրջը կանգնած էին երեք պատերներ, որոնք կարդում էին ձեռքներում բռնած աղոթագրքերը՝ ավազանում պառկած մարդուն չարքերից փրկելու համար։
 
― Աստված իմ, ― ասաց Պանտագրյուելը, ― այս ի՞նչ կատակերգություն է, ի՞նչ եք ուզում այս խեղճ մարդուց։
 
Որպես պատասխան Պանտագրյուելին պատմեցին հետևյալ զարմանալի պատմությունը։
 
 
==Գլուխ XXVIII==
 
Այն մասին, թե ինչպես մի Պապեֆիգ խաբում է սատանային
 
 
Մի անգամ մի Պապեֆիգ (հենց այն, որ այժմ պառկած էր կնունքի ավազանում) վարելիս է լինում իր արտը՝ հաճար ցանելու համար։ Այդ նույն ժամանակ մի ջահել սատանա թույլտվություն է խնդրում գլխավոր դևից երկիրն իջնելու և գնում է Պապեֆիգների կղզին ու այնտեղ զանազան գժություններ անում։ Այդ սատանան շատ անպետք է լինում։ Նա չի կարողանում ոչ ամպի պես որոտալ, ոչ կարկուտ բերել ու հացը փչացնել։ Նրա ձեռքից հազիվ էր գալիս երբեմն կաղամբ կամ մաղադանոս փչացնելը։ Այն էլ ասենք, որ նա անգրագետ էր և շատ քիչ բանի մասին հասկացողություն ուներ։
 
Սատանան վազում գալիս է կղզին, տեսնում գյուղացուն ու հարցնում․
 
― Այդ ի՞նչ ես անում, բարեկամ։
 
― Չե՞ս տեսնում, ― պատասխանում է գյուղացին, ― հաճար եմ ցանում։ Ուզում եմ եկող տարվա ապրուստի մի քիչ պաշար պատրաստել։
 
― Շատ լավ ես անում, ― ասում է սատանան, ― բայց չէ՞ որ դաշտը քոնը չէ։ Այն օրվանից սկսած, երբ դուք պապին թզանշան ցույց տվիք, ձեր հողը մեզ, սատանաներիս է պատկանում։ Բայց այդ մի կողմ թողնենք, ես ինքս վարուցանք անող չեմ, ուստի խնդրեմ շարունակես քո աշխատանքը։ Բայց երբ հնձի ժամանակը գա, մենք պետք է կես անենք։
 
― Ինչ արած, ― պատասխանեց գյուղացին, ― եթե պետք է կես անել, թող քո ասածը լինի։
 
― Ես այդպես եմ կարծում, ― ասում է սատանան, ― մեզնից մեկը կվերցնի այն, ինչ որ աճած կլինի հողի երեսին, իսկ մյուսն այն, ինչ որ կմնա հողի տակ։ Ընտրողը ես պիտի լինեմ, որովհետև հին ազնվատոհմ սատանա եմ, իսկ դու՝ մի հասարակ գյուղացի։ Ես ընտրում եմ այն, ինչ որ մնացած կլինի հողի տակ։ Ե՞րբ է լինելու հունձը։
 
― Հուլիս ամսին, ― պատասխանում է գյուղացին։
 
― Ուրեմն իմացիր, որ հուլիս ամսին կվերադառնամ, ― ասում է սատանան, ― իսկ հիմա կգնամ վարդապետների և ուրիշ զանազան սրիկաների գլխին խաղեր խաղալու։ Աշխատիր, գյուղացի, աշխատիր։ Ցտեսություն։
 
Հուլիսի կեսին սատանան նորից է գալիս, հետը բերելով փոքրիկ սատանաների ու չարքերի մի ամբողջ զորախումբ։
 
― Գյուղացի բարեկամ, ― ասում է նա, ― բարով, հազար բարի, ինչպե՞ս ես ապրում։ Դեհ, արի բերքը կիսենք։
 
― Լավ, կիսենք, ― պատասխանում է գյուղացին։
 
Գյուղացին հաճարը հնձում է, կալսում, քամում, լցնում պարկերի մեջ ու տանում շուկա ծախելու։ Իսկ սատանաները հողից հանում են բոլոր արմատները, խտիտ֊խտիտ կապում և նույնպես տանում են ծախելու։
 
Գյուղացին ծախում վերջացնում է իր հաճարը, դրամը լցնում է գոտուց կախված հին կոշիկի մեջ և ուրախ կանգնած նայում է։
 
Իսկ սատանաները ոչ միայն ոչինչ չկարողացան ծախել, այլև ծաղրի առարկա դարձան ամբողջ շուկայում։ Նրանք ամոթից ուզում էին գետինը մտնել։
 
Երբ շուկան փակվեց, սատանան ասաց գյուղացուն։
 
― Այս անգամ, գյուղացի բարեկամ, դու ինձ խաբեցիր, բայց իմացիր, որ մյուս անգամ դա քեզ չի հաջողվի։
 
― Պարոն սատանա, ― պատասխանում է գյուղացին, ― ինչպե՞ս կարող էի ես ձեզ խաբել։ Չէ՞ որ դուք եղաք ընտրողը։ Իհարկե, դուք դեռ ջահել եք ու անփորձ։ Դուք հույս ունեիք հողի միջից հանել իմ ցանած բոլոր սերմերը։ Բայց չգիտեիք, որ այս սերմերը կաճեն ու նոր հաճար կտան, որ ես արդեն ծախեցի։ Ինչպես տեսնում եք, ընտրությունը դուք եք արել և վատ ընտրություն եք կատարել։
 
― Լավ, բավական է դուրս տաս, ― ասաց սատանան։ ― Եկող տարի ի՞նչ պիտի ցանես։
 
― Ինչպես իսկական հողագործ, նույն արտում եկող տարի ես պետք է շաղգամ ցանեմ, ― պատասխանում է գյուղացին։
 
― Շատ լավ, ― ասաց սատանան։ ― Որքան կարող ես շատ ցանի շաղգամ։ Ես կպաշտպանեմ արտը կարկուտից ու փոթորկից։ Միայն իմացիր, այս անգամ ես կվերցնեմ այն, ինչ որ աճած կլինի գետնի երեսին, իսկ ինչ կմնա հողի մեջ, վերցրու քեզ։ Աշխատիր, գյուղացի, աշխատիր։ Իսկ այժմ ես կգնամ գայթակղելու հերետիկոսներին։ Ասում են, եթե նրանց լավ խորովեն, հիանալի խորոված կդառնան։ Հենց այսօր էլ պարոն դևը փորում ծակոցներ է զգում։ Այդ տեսակ համեղ կերակուրը նրա փորին շատ կօգնի։
 
Երբ հնձի ժամանակը եկավ, սատանան նորից երևաց՝ հետն առած պալատական սատանաների մի ամբողջ զորախումբ։ Բերքը դարձյալ կես արին։ Սատանաները կտրեցին շաղգամի փրերը, իսկ գյուղացին հողից հանեց խոշոր ու հրաշալի շաղգամները և լցրեց պարկերի մեջ։ Այնուհետև բոլորը միասին գնացին շուկա։
 
Շաղգամը գյուղացուց իսկույն գնեցին, իսկ սատանաների վրա ավելի թունդ ծիծաղեցին։
 
― Է՜յ, հողագործ, ― ասաց սատանան, ― տեսնում եմ, որ դու ինձ նորից խաբեցիր։ Ես ուզում եմ քեզ հետ էլ, քո արտի հետ էլ հաշիվներս մաքրել։ Քեզ մենամարտի եմ կանչում։ Մենք միմյանց կքորենք եղունգներով, ով ում շատ քորի, նա էլ թող հաղթող համարվի։ Հաղթողին պիտի պատկանի ամբողջ արտը։ Մի շաբաթ հետո կզբաղվենք դրանով, իսկ առայժմ ես կգնամ գայթակղելու դատամոլներին ու դատարանի աստիճանավորներին։ Ճիշտ է, նրանք արդեն մեզ հայտարարել են, որ իրենք բոլորը դևին են պատկանում, բայց դևը նրանց շատ էլ չի սիրում։ Սովորաբար դևը նրանց ուղարկում է սատանաներին, որոնք նրա խոհանոցում սևագործ աշխատանք են կատարում, իսկ իրեն համար պահում է միայն լավ աղ դրածներին։ Պետք է քեզ ասեմ, որ դևը շատ լավ է իմանում կերակուրների լավն ու վատը։ Նախաճաշ անելիս նա վարդապետներ է ուտում և ասում է, որ շատ համեղ են։ Առաջ նա սիրում էր նախաճաշելիս աշակերտներ ուտել, իսկ այժմ ուսումնարաններում աշակերտների գլուխն այնպես են խճողում կրոնով, որ նրանց մոտենալը շատ դժվար է։ Ճաշին դևին մատուցում են փաստաբաններ և այլ սրիկաներ, որոնք կողոպտում են աղքատ մարդկանց։ Ընթրիքի համար գործ են ածում վաճառականներին, վաշխառուներին և նման կողոպտիչներին։ Աշխատիր, հողագործ, աշխատիր։ Մի շաբաթ հետո մենք կտեսնվենք։
 
Գյուղացին տուն վերադարձավ մտախոհ և տրտում։ Կինը շատ անհանգստացավ։ Մտածեց՝ չլինի թե նրան կողոպտել են շուկայում։ Բայց ոչ, տեսավ, որ քսակը լիքն է դրամով։ Սակայն ինչո՞ւ է նա այդպես տխուր։
 
Գյուղացին նրան ամեն ինչ պատմեց։
 
― Ամենևին մի վախենա, ― ասաց կինը, ― ոչինչ էլ չի լինի։ Ես արդեն գիտեմ, թե ինչպես պետք է սատանայի հախիցը գամ։
 
― Իհարկե, ես կարող եմ զիջել նրան իմ արտը առանց մրցման, ― ասաց գյուղացին։
 
― Դատարկ բաներ մի խոսիր, ― պատասխանեց կինը, ― դու ամեն բան թող ինձ ու տեղդ հանգիստ նստի։ Դու ասում էիր, որ դա ջահել ու անփորձ սատանա է, այնպես չէ՞։ Ես կստիպեմ նրան, որ վերադարձնի մեզ մեր արտը և մեզ հանգիստ թողնի։ Եթե նա ծեր սատանա լիներ, մեր բանը ավելի դժվար կլիներ։
 
Հենց նույն օրը, երբ Պանտագրյուելը եկավ Պապեֆիգների կղզին, սատանան երրորդ անգամ պետք է գար գյուղացու մոտ։ Առավոտյան վաղ, դեռ լույսն ու մութը իրարից չբաժանված, գյուղացին խոստովանեց, հաղորդվեց և քահանայի խորհրդով թաքնվեց այն մկրտության ավազանի մեջ, որտեղ նրան տեսավ Պանտագրյուելը։
 
Այն միջոցին, երբ Պանտագրյուելին պատմում էին տարօրինակ պատմությունը, լուր բերին, որ կինը իրոք վարպետորեն խաբել է սատանային, և արտը մնացել է գյուղացուն։
 
Դա այսպես է պատահել։ Նախօրյակին կինը մի ոչխար է մորթել, հանել է փորոտիքն ու պահել։ Հետևյալ օրը եկել է սատանան։
 
― Էյ, հողագործ, ― գոչում է նա, ― դուրս արի փորձենք, տեսնենք ում եղունգներն են ավելի սուր։
 
Պատասխանող չի լինում։ Սատանան առանց քաշվելու ներս է մտնում սենյակ։ Տեսնում է հատակին պառկած է կինը և տնքում է։
 
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում է սատանան։ ― Իսկ որտե՞ղ է հողագործը։
 
― Ա՜խ, ― պատասխանում է կինը, ― այդ անիծվածն ինձ սպանեց։ Ախ, դու ստոր արարած, դահիճ, գազան, քո պատճառով է, որ ես մեռնում եմ։
 
Բայց ի՞նչ է արել նա քեզ, ― հարցրեց սատանան, ― ասա ինձ առանց վախենալու, ես նրան ցույց կտամ։
 
― Այ, տես թե ինչ, ― ասում է կինը։ ― Դուք պայման եք դրել միմյանց քորելու, և նա այսօր փորձի համար իր ճկույթով ինձ մի փոքր չանգռեց և տես, թե ինձ ինչ օրը գցեց, ամբողջ փորոտիքս դուրս է թափվել։
 
Այս խոսքերի վրա կինը վերցնում է ոչխարի փորոտիքը և շպրտում է սատանայի առաջ։
 
― Իսկ հիմա, ― ավելացնում է նա, ― այդ անիծվածը գնացել է դարբնոց, որ եղունգներն ավելի սրի։ Ձեր բանը բուրդ է, պարոն սատանա։ Ազատեցեք ձեր գլուխը, քանի շուտ է։ Փախեք, ասում եմ ձեզ, նա որտեղ որ է կվերադառնա։
 
Երբ սատանան փորոտիքը տեսավ, սաստիկ վախեցավ ու անհետացավ։ Այդ օրվանից սկսած նա այլևս չերևաց, և գյուղացին հանգիստ սրտով աշխատում է իր արտում։
 
Երբ Պանտագրյուելը մինչև վերջ լսեց այդ պատմությունը, հրամայեց իր գանձարանից տասնութ հազար ոսկի նվիրել տնից֊տեղից զրկված Պապեֆիգներին։ Դրանից հետո մենք վերադարձանք մեր նավերը, խորհելով մարդկանց դժբախտության և մարդկային անիրավության մասին։
 
 
==Գլուխ XXIX==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Պապիմանների կղզի
 
 
Պապեֆիգների ավերված կղզին թողնելուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Մի արևոտ ու պայծառ օր էր, երբ հանկարծ մեր աչքերի առաջ ներկայացավ Հռոմի պապի երկրպագուների՝ Պապիմանների երանելի կղզին։ Հենց որ մեր նավերը նավահանգիստ մտան, մի նավակ հեռացավ ափից և դեպի մեզ եկավ։ Նավակում չորս մարդ կար։ Նրանցից մեկը վերարկուով էր և կեղտոտ կոշիկներով, մյուսը բազեպանի հագուստով էր՝ մի թռչունի խրտվիլակ ձեռքին բռնած։ Երրորդը դատապաշտպան էր։ Նրա ուսից կախ էր արած դատական ծանուցագրերով լեփ֊լեցուն մի մեծ տոպրակ։ Չորրորդը կարծես այգեգործ լիներ Օռլեանի մոտերքից։ Նա հագել էր գեղեցիկ քաթանե կոշիկներ, ձեռքից կախած մի կողով, իսկ գոտու տակ խրել էր մի փայլուն մանգաղ։
 
Կղզիաբնակները մոտեցան մեր նավերին և որքան կարող էին բարձր գոռացին․
 
― Տեսե՞լ եք դուք նրան, օտարականներ, տեսե՞լ եք նրան, թե ոչ։
 
― Ո՞ւմ, ― հարցրեց Պանտագրյուելը։
 
― Նրան իրեն, ― եղավ պատասխանը։
 
― Բայց ո՞վ է այդ, ― հարցրեց Ժան վարդապետը։ ― Երդվում եմ ինչով կուզեք, նա շատ կփոշմաներ, եթե իմ ձեռքն ընկներ։
 
Ժան վարդապետը կարծում էր, թե կղզիաբնակները հարցնում են որևէ մի փախստական ավազակի մասին։
 
― Ինչպես թե ո՞վ, ― զարմացած ասացին կղզիաբնակները։ ― Դուք օտարականներդ մի՞թե չգիտեք ով է միակը։
 
― Բարեկամներ, ― ասաց Էպիտեմոնը, ― մենք միմյանց չենք հասկանում, պարզ ասացեք, խնդրեմ, ո՞ւմ մասին է ձեր խոսքը։
 
― Մենք խոսում ենք նրա մասին, ով կա, ― պատասխանեցին նրանք, ― տեսե՞լ եք դուք երբևիցե նրան։
 
― Եկեղեցին մեզ սովորեցնում է, ― ասաց Պանտագրյուելը, ― որ նա, ով կա, աստված է։ Մենք աստծուն, իհարկե, չենք տեսել։
 
― Մենք խոսում ենք ոչ թե երկնային աստծու մասին, ― պատասխանեցին կղզիաբնակները, ― մենք խոսում ենք երկրային աստծու մասին։ Տեսե՞լ եք նրան թե ոչ։
 
― Երդվում եմ պատվովս, ― ասաց Կապրալիմը, նրանք հռոմի պապի մասին են հարցնում։
 
― Այո, ճիշտ է, ― ասաց Պանուրգը, ― ես մեկի տեղը երեք պապ եմ տեսել, բայց ճիշտն ասած դրանից ոչ մի օգուտ չեմ տեսել։
 
― Ինչպես թե երեք պապ, ― զարմացած հարցրին կղզիաբնակները, ― մեր դեկրետալիաներում ասված է, որ միայն մի կենդանի պապ է լինում։
 
― Իհարկե, ― պատասխանեց Պանուրգը, ― ամեն անգամ ես միայն մի պապ եմ տեսել կենդանի, բայց ընդամենը տեսել եմ երեք պապ, որովհետև իմ օրոք երեք պապ են միմյանց հաջորդել։
 
― Ո՜վ երանելի մարդիկ, ― գոչեցին կղզիաբնակները։ ― Ո՜վ բաղձալի և ավելի քան փափագելի հյուրեր։ Բարով, հազար բարով եք եկել։
 
Այս ասելով կղզիաբնակները ծունկ չոքեցին մեր առաջ և համբուրում էին մեր ոտքերը։ Որքան աշխատում էինք թույլ չտալ նրանց մեզ այդպիսի հարգանք մատուցել, որքան ասում էինք, թե այդպիսի մեծարանքների գուցե արժանի է միայն պապը, սակայն իզուր։
 
― Ո՛չ, ո՛չ, ― ասում էին կղզիաբնակները։ ― Եթե շնորհ բերի մեզ մոտ ինքը սրբազնագույն հայրը, ― մենք նրա համար այնպիսի հանդիպում կսարքենք, որ ոչ ոք տեսած չլինի, ոչ էլ լսած։ Մենք այդ արդեն որոշել ենք։ Մենք կհամբուրենք պապի հետույքը, որովհետև պապն անշուշտ հետույք ունի։ Դրա մասին գրված է մեր դեկրետալիաների մեջ։ Մենք այդ շատ լավ գիտենք։ Որովհետև եթե կա պապ, կնշանակի նա ունի և հետույք։ Եթե աշխարհում գոյություն չունենային հետույքները, նշանակում է չէին լինի և պապերը։
 
Այդ միջոցին Պանտագրյուելը կամացուկ հարցրեց նավակավարին, թե ո՞վքեր են այդ պարոնները։ Նավակավարը պատասխանեց, թե դրանք կղզում ապրող չորս դասակարգերի ներկայացուցիչներ են։ Միաժամանակ նավակավարն ավելացրեց, որ նրանք մեզ լավ կընդունեն և կհյուրասիրեն, որովհետև մենք տեսել ենք իրեն՝ սրբազնագույն պապին։
 
― Հրաշք է սա, այսպիսի բան ես տեսած չկամ, ― ասաց Պանուրգը, ― մինչև այսօր պապին տեսնելս ինձ ոչ մի օգուտ չի տվել, իսկ այժմ բանից դուրս է գալիս, որ օգուտ կա, այն էլ մեծ օգուտ։
 
Հենց որ մենք ափ դուրս եկանք, դեպի մեզ շարժվեց կղզիաբնակների մի ահագին թափոր։
 
― Սրանք տեսել են նրան, սրանք տեսել են նրան, սրանք տեսել են նրան, ― բարձրաձայն հայտարարում էին չորս դասակարգերի ներկայացուցիչները։
 
― Ո՜վ երջանիկ մարդիկ, երանի ձեզ, ― աղաղակում էր ժողովուրդը, ձեռքերը վեր բարձրացնելով դեպի երկինք։
 
Այս աղաղակները շարունակվեցին քառորդ ժամի չափ։ Հետո շտապով եկավ տեղական ուսումնարանի մագիստրոսը իր մանկավարժներով, վերակացուներով ու ծեծել տվեց բոլոր աշակերտներին։ Այդպես էին անում մի ժամանակ Փարիզում՝ ավազակներին կախելու ժամանակ։ Կարծում էին, որ եթե հանցավորին կախելիս աշակերտներին կարգին ծեծեն, այդ նրանց համար լավ խրատ կլինի։
 
Պանտագրյուելը բարկացած ասաց․
 
― Է՜յ, պարոններ, եթե երեխաներին ծեծելը չդադարեցնեք, ես կհեռանամ այստեղից։
 
Պանտագրյուելի որոտաձայն արտասանած խոսքերը շշմեցնող տպավորություն թողեցին բոլորի վրա։
 
― Մի՞թե պապին տեսնողներն այդպիսի հսկաներ են դառնում, ― հարցրեց իր ուսուցչից մի փոքրիկ սապատավոր երեխա։
 
― Ախ, ափսոս, որ պապին մինչև այսօր չեմ տեսել։
 
Ամբոխի աղմուկի ու աղաղակների ձայնը վերջապես հասավ կղզու առաջնորդ եպիսկոպոս Հոմենացի ականջին, և նա էլ եկավ։ Հոմենացը նստած էր կանաչագույն տապճակով ծածկված ջորու վրա և նրա ետևից գնում էին նրան սպասավորող սարկավագները, որոնք ձեռքներին բռնած տանում էին խաչեր, խաչվառներ, ամպհովանիներ, ջահեր, ցողամաններ։
 
Երբ եպիսկոպոսը մոտեցավ մեզ, ասաց, որ Պապիմանների ամբողջ կղզին մեծ անհամբերությամբ սպասում է պապի գալուն։ Իսկ մինչև այդ բախտավոր օրը այն ճամփորդները, որոնք իրենց աչքով տեսել են պապին, մեծ պատիվներով կընդունվեն այստեղ։
 
Այսպես խոսելով, Հոմենացը նույնպես ուզեց համբուրել մեր ոտքերը, բայց այժմ մենք կտրականապես մերժեցինք և չցանկացանք այդ մեծարանքն ընդունել։
 
 
==Գլուխ XXX==
 
Այն մասին, թե ինչպես է Պապիմանների եպիսկոպոս Հոմենացը ցույց տալիս Պանտագրյուելին երկնքից վայր ընկած դեկրետալիաները<ref>Դեկրետալիաները պապի գրավոր պատասխաններն էին հավատացայլների հարցումներին։ Դրանք եկեղեցական ժողովների որոշումների ուժ ունեին։</ref>
 
 
― Մեր սրբազան դեկրետալիաները, ― ասաց Հոմենաց եպիսկոպոսը, ― պատվիրում են մեզ նախքան գինետուն գնալը՝ եկեղեցի գնալ։ Որպեսզի այդ գեղեցիկ որոշումից չշեղվենք, եկեք նախ գնանք եկեղեցի, հետո կգնանք խրախճանքի։
 
― Ի՜նչ եմ ասել լավ խոսքին, ― ասաց սուրբ հայր Ժանը, ― այն ժամանակ, սրբազան հայր, դուք գնացեք առջևից, իսկ մենք կհետևենք ձեզ։ Վաղուց է եկեղեցում չենք եղել։ Ուրախությամբ կգնամ եկեղեցի, դրանից իմ ախորժակը շատ լավ կբացվի։
 
Եկեղեցի մտնելիս նկատեցինք մի մեծ ոսկեզօծ գիրք, որ զարդարված էր հազվագյուտ ու թանկագին քարերով՝ սուտակներով, զմրուխտներով, ադամանդներով ու մարգարիտներով։ Գիրքը երկու հաստ ոսկե շղթաներով կախված էր եկեղեցու բարձր առաստաղից։
 
Մենք հիացած նայում էինք այդ զարմանալի գրքին։ Իսկ Պանտագրյուելը շնորհիվ իր բարձր հասակի կարողանում էր ձեռքով շոշափել և այս ու այն կողմ դարձնելով, լավ նայել։ Հետո Պանտագրյուելը մեզ հավատացնում էր, որ գիրքը շոշափելուց հետո ձեռքերում սաստիկ քոր է զգացել և մեծ ցանկություն է ունեցել սպասավորներից մեկին ծեծել, բայց, իհարկե, ոչ եկեղեցական կոչում ունեցող սպասավորի։
 
― Սուրբ գրքի մեջ ասված է, ― ասաց մեզ եպիսկոպոսը, ― որ աստված իր ձեռքով է գրել հրեաների համար տասը պատվիրանները և հանձնել Մովսեսին։ Նույնպես և այն դեկրետալիաները, որ դուք այստեղ տեսնում եք, գրված են Քերովբեի ձեռքով։ Բայց դուք օտարերկրացի մարդիկ եք, հավանորեն չեք հավատա ասածիս։
 
― Բայց դա չափազանցություն չէ՞, ― ասաց Պանուրգը։
 
― Եվ պետք է ձեզ ասեմ, ― շարունակեց եպիսկոպոսը, ― որ այդ դեկրետալիաները իսկապես որ երկնքից են իջել։ Դուք, որ ձեր աչքով տեսել եք պապին, կարող եք նայել նրանց վրա որքան կամենաք և նույնիսկ համբուրել, եթե ցանկանաք։ Բայց նախ պետք է երեք օր պաս պահեք և ձեր բոլոր մեղքերը քավեք։
 
― Լսեցեք ինչ եմ ասում, սրբազան հայր, ― ասաց Պանուրգը, ― մենք շատ դեկրետալիաներ ենք տեսել, և՛ թղթի վրա գրված, և՛ մագաղաթի վրա գրված, և՛ ձեռագիր, և՛ տպագիր, ուստի առանձին կարիք չկա մեզ մանրամասն ցույց տալ այդ դեկրետալիաները։ Մեզ համար բավական է և ձեր բարի ցանկությունը, մենք շատ շնորհակալ ենք դրա համար։
 
― Բայց այս դեկրետալիաները գրված են հրեշտակի ձեռքով, ― ասաց Հոմենացը, ― միայն այս դեկրետալիաներն են իսկական, մնացած բոլորը միայն պատճեններ են։ Խնդրում եմ, մի հոգացեք իմ մասին։ Ասացեք միայն, կցանկանայի՞ք արդյոք խոստովանել և պաս պահել միմիայն երեք գեղեցիկ, կարճ և աստվածային օր։
 
― Խոստովանելու դեմ ոչինչ չունենք, համաձայն ենք, ― ասաց Պանուրգը, ― բայց այժմ պասի հետ գլուխ չունենք։ Առանց այն էլ մենք ծովի վրա այնքան պաս ենք պահել, որ սարդերը մեր ատամները պատել են ոստայնով։ Լավ նայեք Ժան վարդապետին, տեսեք ինչ օրն է ընկել, ասես տասը օր ծոմ է պահել։
 
― Նա ճիշտ է ասում, ―ասաց Ժան վարդապետը, ― ես այնքան պաս եմ պահել, որ կուզս դուրս է եկել։
 
― Դեհ, մտնենք եկեղեցի, ― ասաց Հոմենացը, ― և ներողամիտ եղեք, որ ձեզ համար չենք երգելու պատարագի հրաշալի երգերը։ Կեսօրվա ժամն արդեն անցել է, իսկ սրբազան դեկրետալիաները թույլ չեն տալիս կեսօրից հետո պատարագ մատուցանել, ուզում եմ ասել լիակատար պատարագ՝ երգեցողությամբ, բայց կմատուցանեմ ձեզ համար կարճ, առանց երգեցողության պատարագ կամ այսպես կոչված չոր պատարագ։
 
― Ես կգերադասեի լավ գինով մի քիչ թացացրածը, ― ասաց Պանուրգը, ― դեհ, սկսեցեք, միայն կարճ կտրեք։
 
― Ինչ վատ բան է, երբ մարդու անիծված փորը դատարկ է լինում։ Եթե ես նախաճաշած լինեի, տանելի կլիներ, բայց դե ինչ արած, ― ասաց Ժան վարդապետը, ― պետք է քաղաքավարի լինենք և համբերությամբ լսենք այս պատարագը։
 
Պատարագը վերջացնելուց հետո Հոմենացը մոտեցավ գլխավոր սեղանին և արկղերից հանեց բանալիների մի մեծ կապոց։ Հետո մոտեցավ երկաթե հաստ վանդակով պինդ ծածկված պատուհանին և բաց արեց երեսուներկու կողպեք և տասնչորս սողնակ։ Այնուհետև նա խորհրդավոր կերպով ծածկվեց մի բաց տոպրակով և վանդակը բաց արեց։ Վանդակի ետևում կախված էր ալ գույնի մետաքսե վարագույր։ Հոմենացը մի կողմ քաշեց վարագույրը։ Պատուհանի փոխարեն վարագույրի ետևում կախված էր մի պատկեր՝ ըստ իս բավական վատ նկարված։ Հոմենացն իր գավազանի ծայրը դիպցրեց պատկերին, դրանով հասկացնելով մեզ, որ համբուրենք պատկերի ծայրը։
 
― Ի՞նչ եք կարծում, ― հարցրեց նա, ― այս ո՞ւմ պատկերն է։
 
― Ինձ թվում է, որ պապի պատկերն է, ― ասաց Պանտագրյուելը։ ― Այդ երևում է խույրից<ref>Խույր՝ Հռոմի պապի բարձր գլխարկը, որ թագի ձև ունի։</ref> և նրա զգեստից։
 
― Ճիշտ եք ասում, ― ասաց Հոմենացը, ― սա երկրային աստծու պատկերն է, որին հույս ունենք մի օր տեսնել մեր երկրում։ Ո՜վ երջանիկ և բաղձալի րոպե։ Եվ որքան բախտավոր եք դուք, որ արժանացել եք ձեր աչքերով տեսնել երկրային աստծուն։ Բավական է, մի անգամ նայել նրա պատկերին, որ կատարյալ թողություն ստանաս այն բոլոր մեղքերիդ համար, որ հիշում ես, իսկ որոնք չես հիշում, նրանց մի երրորդի համար։ Ահա թե ինչո՞ւ ենք մենք տեսնում այս պատկերը միայն մեծ տոներին։
 
Պանտագրյուելը զարմացավ, որ այդպիսի մի չնչին պատկերի մեջ այդքան մեծ աստվածային ուժ կա պարունակված։
 
― Այդ ինձ հիշեցնում է մի դեպք, որ պատահել է մեզ մոտ Սելիեում, ― ասաց Ժան վարդապետը։ ― Մի անգամ հիվանդանոցում մի մեծ տոն օր մուրացիկները մեկը մյուսի առաջ պարծենում էին, թե իրենցից ո՞վ է ավելի շատ փող հավաքել։ Մեկն ասում էր, որ ինքը ողորմություն է ստացել վեց արծաթ դրամ, երկրորդը՝ երկու սու, երրորդը՝ յոթը, վերջապես չորրորդը, որ մի աժդահա մարդ էր ժահրակալած և վերքերով ծածկված ոտքով, պարծենում էր, որ երեք ոսկի է աշխատել։ «Իհարկե կաշխատես, ― ասացին նրան ընկերները, ― դա քեզ համար դժվար բան չի, որովհետև քո ոտքը աստվածային ոտք է, նրա մեջ աստվածային զորություն կա, որը դեպի իրեն է ձգում դրամները»։
 
― Երբ դուք մտադիր եք լինում մեզ այդպիսի առակներ պատմելու, ― ասաց Պանտագրյուելը, ― այն ժամանակ նեղություն քաշեք ձեզ հետ մի լագան ման ածել։ Քիչ էր մնում սիրտ թափեի քո պատմությունը լսելիս։ Առհասարակ վարդապետները սիրում են կեղտոտ բաների մասին երկար պատմություններ անել։ Բայց շատ եմ խնդրում, այդ պատմությունները ձեզ համար պահեցեք և վանքի շրջապատից դուրս մի բերեք։
 
― Ինձ թվում է, ― ասաց Պանուրգը, ― որ սա հին պապերից մեկի պատկերն է։ Այժմյան պապերին ես տեսել եմ գլխներին սաղավարտ դրած։ Այն ժամանակ, երբ ողջ աշխարհում թագավորում էր կատարյալ հանգստություն ու խաղաղություն, միայն պապերն էին դաժան ու արյունահեղ պատերազմներ մղում։
 
― Բայց չէ՞ որ նրանք պատերազմում էին ապստամբների, հերետիկոսների և ամեն տեսակ բողոքականների հետ, որոնք չեն ուզում ճանաչել մեր բարի ու երկրային աստծուն, ― ասաց Հոմենացը։ ― Պապերին դա ոչ միայն չի արգելված, այլև հրաման է տրված դեկրետալիաներով։ Պապը պարտավոր է հրով ու սրով զսպելու կայսրերին, թագավորներին, դուքսերին և իշխաններին, եթե նրանք մի մազաչափ անգամ շեղվեն նրա հրամաններից։ Պապը պետք է նրանց անխնա ոչնչացնի։
 
― Բայց դուք, տեղացիներդ, հերետիկոսներ հո չե՞ք, ― ասաց Պանուրգը, ― դուք որ կաք, իհարկե, ընտրովի քրիստոնյաներ եք։
 
― Այո, ճիշտ է ձեր ասածը, ― ասաց Հոմենացը, ― այդ պատճառով էլ մենք փրկված կլինենք, իսկ այժմ օրհնած ջուր վերցնեմ և գնանք ճաշելու։
Ադմին, Վստահելի
1876
edits