Changes
/* Գլուխ XXX */
― Այո, ճիշտ է ձեր ասածը, ― ասաց Հոմենացը, ― այդ պատճառով էլ մենք փրկված կլինենք, իսկ այժմ օրհնած ջուր վերցնեմ և գնանք ճաշելու։
==Գլուխ XXXI==
Զրույց դեկրետալիաների գործած հրաշքների մասին
Այժմ ձեզ պետք է ասեմ, չարաճճիներ, որ այն ժամանակ, երբ Հոմենացը մեզ համար չոր պատարագ էր մատուցանում, երեք եկեղեցական սպասավորներ շրջում էին եկեղեցում մի֊մի ահագին կոնք ձեռքներին բռնած և բարձրաձայն կանչում էին․
― Չմոռանաք այն բախտավորներին, որոնք տեսել են նրան երես առ երես։
Եվ ծխականներից յուրաքանչյուրը գցում էր կոնքի մեջ պղնձե և արծաթե դրամներ։ Վերջ ի վերջո բոլոր կոնքերը լցվեցին դրամով։ Եկեղեցուց դուրս գալիս, Հոմենացն ասաց, որ այդ դրամով մեզ համար շքեղ խնջույք պիտի սարքեն։ Եվ իսկապես մեզ փառավոր ճաշ տվին։
Ճաշի ժամանակ իմ ուշադրությունը գրավեց երկու բան։ Առաջինն այն էր, որ մեզ համար պատրաստած բոլոր մսե կերակուրները՝ վայրի այծերը, խոճկորները, աղավնիները, ճագարները, հնդկահավերը լցված էին առանձին պապիմանական խճողակով։ Երկրորդը՝ կերակուրները մեզ մատուցում էին սպիտակ ու երկայն զգեստ հագած չքնաղ ու խարտյաշ աղջիկներ։ Դրանք այս երկրի հարսնացուներն էին։ Նրանց մազերը հյուսված էին կերպասե ժապավեններով և զարդարված վարդերով, մեխակով և ուրիշ ծաղիկներով։ Առաջին կերակուրը մատուցելուց հետո մեզ համար մի երգ երգեցին ի պատիվ սրբազան դեկրետալիաների և խոր ռեվերանս անելով, մեր առջև մի֊մի գավաթ գինի դրին։
― Մոնսինիոր, ― ասաց Հոմենացը Պանտագրյուելին, ― ամբողջ սրտով խմում եմ ձեր կենացը։
Եվ գավաթը դատարկելուց հետո ավելացրեց․
― Ո՜վ աստվածային դեկրետալիաներ, ձեր շնորհիվ է, որ մեր գինին այսքան համեղ է։
― Առանց դրան էլ գինին լավ կլիներ, ― ասաց Պանուրգը։
― Ո՜վ աստվածային դեկրետալիաներ, ― շարունակեց Հոմենացը, ― որքա՜ն դուք անհրաժեշտ եք մեզ՝ խեղճ մահկանացուներիս համար փշով ու տատասկով ծածկված այս աշխարհում։ Ե՞րբ, ե՞րբ վերջապես պիտի գան այն երջանիկ ժամանակները, երբ մարդիկ միայն ձեզ կարդան և մի կողմ շպրտեն ամեն տեսակ ուսում ու գիտություն։ Չէ՞ որ սրբազան դեկրետալիաները պետք է կարդալ օր ու գիշեր, պետք է ամենայն ջանասիրությամբ ուսումնասիրել դրանք, արյուն ու մարմին դարձնել և խորապես դրոշմել ուղեղի մեջ, մեր ամբողջ էության մեջ։ Եվ այն ժամանակ միայն երջանկությունը կթագավորի աշխարհում։
― Վահ, զահլա տարավ այս տխմար արարածը․․․ կներեք, ուզում էի ասել այդ անիծված խճողակը փորիս մեջ խանգարում առաջացրեց, ― ասաց Էպիտեմոնը։ ― Ստիպված եմ դուրս գալ, եթե ոչ բանս վատ կլինի։
― Այն ժամանակ ոչ կարկուտ կլինի, ոչ սառնամանիք և առհասարակ ոչ մի աղետ, ― շարունակեց Հոմենացը բոլորովին հանգիստ ու անվրդով։ ― Օ՜, որպիսի առատություն կլինի այն ժամանակ աշխարհում ամեն տեսակ բարիքների։ Օ՜, որպիսի անխախտ խաղաղություն կթագավորի տիեզերքում։ Կվերջանան բոլոր պատերազմները, սպանությունները, կողոպուտները, բացի, իհարկե, այն պատերազմներից, որոնք մղվում են հերետիկոսների և խռովարարների դեմ, որոնց անխնա պետք է կոտորել։ Մարդ պետք է դեկրետալիաներում միայն մի փոքրիկ հոդված կամ հենց կես հոդված կարդա, որ նրա հոգում բոցավառվի աստվածային սիրո զգացումը դեպի իր մերձավորը, եթե նա, իհարկե, հերետիկոս չի։
― Ոսկի խոսքեր են, ― ասաց Պանուրգը, ― բայց ինչ մեղքս թաքցնեմ, հավատալս չի գալիս։ Մի անգամ դեկրետալիաներից առիթ ունեցա կարդալու մի գլուխ։ Դրանից այնպիսի փորկապություն ստացա, որ չորս օր ստամոքսս չէր աշխատում։
― Գո՞ւցե դուք որևէ մեղք եք գործել, ― ասաց Հոմենացը։
― Դրա նման մի դեպք էլ Մանսում է եղել, ― ասաց Ժան վարդապետը։ ― Այնտեղի դեղավաճառ Ֆրանսուա Կորնյուն իր պատրաստած դեղերը փաթաթելիս է եղել հին դեկրետալիաների մեջ, և զարմանալի բան, բոլոր դեղերը մինչև մյուս օրը փչանում էին։
― Պատի՜ժ և պատուհաս աստվածային, ― ասաց Հոմենացը, ― ինչպես է համարձակվել նա այդպիսի սրբազան ձեռագրերը գործածել աշխարհիկ չնչին բաների համար։
― Փարիզում, ― ասաց Պոնոկրատը, ― դերձակ Գրոնիեն հին դեկրետալիաներից ձևակներ էր պատրաստում, և թող ես մարդու զավակ չլինեմ, եթե այդ ձևակներով ձևած զգեստները մի բանի պետք են եկել։ Երբ Գրոնիեն ցանկացել է այդ ձևակներով վեղար ձևել, կանացի շրջազգեստ է դուրս եկել։ Շապկի տեղ լայնեզր գլխարկ է ձևել։ Բաճկոնի փոխարեն ֆես է ստացվել։ Ցանկացել է բաճկոն ձևել, վառարանի պես մի բան է դուրս եկել։ Իսկ երբ դերձակի օգնականները քանդել են բաճկոնի աստառը, դուրս է եկել իսկ և իսկ շագանակ խորովելու մի տապակ։ Բանն այնտեղ է հասնում, որ դերձակին դատի են ենթարկում և պահանջում վճարել իր փչացրած կտորեղենի գինը։ Այժմ Գրոնիեն հացի կարոտ աղքատ է։
― Պատի՜ժ և պատուհաս աստվածային, ― ասաց Հոմենացը։
― Կայուզակում, ― ասաց Գիմնաստը, ― պարոն դ'Էտիսակը մի նշանաբան շինեց։ Նրա ծառան պատառոտում էր հին դեկրետալիաները և մաքուր բղրերը օգտագործում նշաններ պատրաստելու համար։ Եվ զարմանալի բան, ոչ մի նետաձիգ չի կարողանում խփել նշանին։ Բոլոր արձակված նետերն անցնում էին նշանի կողքից։ Սանսորնեն ավագը, որ հետևում էր արձակված նետերին պարզ տեսնում է, որ երբ նետերը պետք է խրվեին նշանի մեջ, մեկ սաժենի չափ ետ էին թռչում մի կողմ։
― Դա հրա՜շք է, ― բացականչեց Հոմենացը, ― իսկական հրաշք։ Հայր մատակարար, գինի տուր։ Խմում եմ բոլորիդ կենացը։ Տեսնում եմ բոլորդ էլ լավ քրիստոնյաներ եք։
Այս խոսքերը լսելիս աղջիկներն իրար երես էին նայում ու ծիծաղում, իսկ Ժան վարդապետն այնպես փռթկացրեց, կարծես ուզում էր ձիու պես խրխնջալ։
― Բայց ավելի զարմանալին այն է, ― ասաց Գիմնաստը, ― որ երբ նշանները փոխվեցին, բոլորն էլ շատ լավ նշան էին խփում և ոչ ոք չէր վրիպում։
― Բայց լսեցեք, թե ինչ եղավ Լանդերոսում, ― ասաց Եվդեմոնը։ ― Ժան Դելիֆի հարսանիքին մենք մի շատ զվարճալի դիմակահանդես սարքեցինք։ Իմ դպրոցական ընկերները ձեռք էին բերել բաց մանուշակագույն սպիտակ լիվրեներ և ծիծաղելի մորուքներ էին կպցրել երեսներին։ Բայց դիմակներ չունեինք։ Մենք էլ վերցրինք հին դեկրետալիաները և նրանցից դիմակներ շինեցինք մեզ համար, անցքեր բանալով երեք տեղից՝ մեկը քթի, երկուսը աչքերի համար։ Եվ զարմանալի բան, երբ դիմակահանդեսը վերջացավ և դիմակները հանեցինք, բոլորս սարսափած մնացինք։ Բոլորիս կերպարանքն այնքան այլանդակվել էր, որ սատանայի երես էր դարձել, և այդ բոլորի պատճառը ձեր դեկրետալիաներն էին։ Մեկի երեսը ծածկվել էր պզուկներով, մյուսինը քոսոտել էր, երրորդինը՝ բորոտել, չորրորդը ծաղիկ էր հանել։ Բանից դուրս եկավ, որ ամենից քիչ տուժել էր նա, որի բոլոր ատամները թափվել էին։
― Հրա՜շք է, հրա՜շք, ― բացականչեց Հոմենասը, ― կատարյալ հրաշք։
― Սպասեցեք, ― ասաց Եվդեմոնը, ― ամեն բանի վերջն է գովելի։ Իմ երկու քույրերը, Կատերինան և Ռենեն, մի անգամ ուզեցել են իրենց նոր լվացած ու օսլայած օձիքներն ու մանժետները արդուկել։ Այդ ժամանակ մեր տանը եղել է հաստ կազմով հին դեկրետալիաների մի ծանր գիրք։ Իմ քույրերը վերցրել են իրենց օձիքները դրել են այդ դեկրետալիաների մեջ։ Եվ երդվում եմ աստծով․․․
― Սպասեցեք, ― ասաց Հոմենացը, ― ո՞ր աստծով ես երդվում։
― Մեկ է աստված, ― ասաց Եվդեմոնը։
― Երկնքում մեկ է, իհարկե, ― ասաց Հոմենացը, ― իսկ երկրում մի՞թե չկա մի ուրիշը։
― Կներեք, ― ասաց Եվդեմոնը, ― հենց դրա՛ մասին է, որ ես մոռացել էի։ Ուրեմն երդվում եմ երկրային աստծով, այսինքն պապով, որ իմ քույրերի ամբողջ սպիտակեղենը՝ կրծքակալը, մանժետները, օձիքները՝ բոլորը սևացել, դարձել էին մուր։
― Հրա՜շք է, ― ասաց Հոմենացը։ ― Հայր մատակարար, գինի տուր մեզ և լավ հիշիր գեղեցիկ պատմությունները։
― Ինձ համար ամենից ուշագրավն այն է, ― ասաց Եվդեմոնը, ― թե ինչպես է պապը կարողանում իր դեկրետալիաների միջոցով յուրաքանչյուր տարի դուրս կորզել Ֆրանսիայից չորս հարյուր հազար ոսկե դուկատ։ Այ սա է իսկական հրաշքը։
― Դրանք դատարկ բաներ են, ― ասաց Հոմենացը, ― չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որ կերակրում է պապին։ Բայց և այնպես, ցույց տվեք մի ուրիշ այսպիսի գիրք, որ կարողանար դեպի ինքը ձգել այդչափ ոսկի։ Չեք գտնի այդպիսի գիրք։ Չի եղել և չի կարող լինել աշխարհում մի ուրիշ այդպիսի գիրք։ Եվ տեսեք, որ այդ անիծված հերետիկոսները ոչ ճանաչում, ոչ էլ կարդում են այդ գիրքը։ Պետք է դրանց բոլորին այրել, հոշոտել, ջրախեղդ անել, կախել, ցցի վրա նստեցնել, քառատել, կտոր֊կտոր անել, խորովել, խաշել, եփել կաթսայի մեջ, ողջ֊ողջ մաշկել, հերետիկոսները հազար անգամ ավելի վատ են, քան մարդասպաններն ու ավազակները։ Աղաչում, պաղատում եմ ձեզ, սիրելի բարեկամներ, ― շարունակեց Հոմենացը, ― ուրիշ ոչ մի բանի մի հավատացեք, ոչ մի բան մի մտածեք, ոչինչ մի արեք, բացի նրանից, ինչ֊որ ասված է մեր մեր սրբազան դեկրետալիաների մեջ։ Այդպես վարվելով դուք կարժանանաք փառքի, պատվի, հարստության։ Ամենքը ձեզ կհարգեն և ձեզանից կվախենան։ Իմացեք, որ դեկրետալիաների բոլոր երկրպագուները՝ դեկրետալիստները, ամենալավ մարդիկ են աշխարհում։ Եթե ուզում եք լավ թագավոր կամ զորավար ունենալ, ընտրեցեք դեկրետալիստի։ Ուզում եք այնպիսի մի մարդ ունենալ, որ կարողանա ժողովրդին երկյուղի տակ պահել և հնազանդ պահել, դարձյալ ասում եմ, վերցրեք դեկրետալիստի։ Ի՞նչն է պատճառը, որ մի քանի երկրներում ժողովուրդը խռովություններ և ապստամբություններ է սարքում։ Այն, որ այդ երկրներում կառավարիչները դեկրետալիստներ չեն։ Իսկ որ իմանաք, որքան բարիքներ են խոստանում մեզ դեկրետալիստները։ Օրինակ՝ բոլոր համալսարաններն իրենց գերբի վրա ներկայացնում են մի մեծ գիրք։ Ի՞նչ եք կարծում, դա ինչ գիրք է։
― Չգիտեմ, ― ասաց Պանտագրյուելը, ― ես երբեք չեմ նայել այդ նշանակներին։
― Դրանք դեկրետալիաներ են, ― ասաց Հոմենացը։ ― Առանց այդ դեկրետալիաների աներևակայելի և անհասկանալի բան կլիներ ամեն մի գիտություն։ Ի՞նչ է, չէի՞ք սպասում։ Հա՜, հա՜, հա՜։
Այս խոսքերից հետո Հոմենացն սկսեց զկրտալ, բխկալ, հռհռալ և բերնից փսլինք թափել չորս կողմը։
― Կեցցե՜, ― բարձրաձայն աղաղակեց Էպիտեմոնը, ― ով հրաշալի, ով հրաշագործ, ով սքանչելի դեկրետալիաներ։
― Հայր մատակարար, գինի հասցրու, շուտ, ― ասաց Հոմենացը։ ― Աղջիկներ, միրգ մատուցեք։ Այդպես ուրեմն, ես ձեզ ասում եմ, որ եթե դուք հարգեք ու պատվեք միմյանց դեկրետալիաները, դուք հարուստ ու բախտավոր կլինեք։ Բացի այդ, իմացեք, որ դուք բախտավոր կլինեք մյուս աշխարհում, որի բանալիները մեր պարոն պապի ձեռքին են գտնվում։ Ո՜վ տեր, որին ես պաշտում եմ, բայց որին ես դեռ չեմ տեսել, ողորմած եղիր դեպի մեզ այժմ և հավիտյան։ Հրաման տուր, որ մենք ոչ մի պակասություն չքաշենք, և որ սատանան չտիրանա մեր հոգուն։ Քեզ է պատկանում իշխանությունը՝ ազատելու մեզ սատանայից, որովհետև ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես դու կցանկանաս։
Այս ասելիս Հոմենացը ջերմ արտասուքներ էր թափում, ծեծում էր կուրծքը և համբուրում խաչաձևած մատները։
― Մյաո՜ւ, մյաո՜ւ, մյաո՜ւ, ― աղաղակեցին Ժան վարդապետն ու Պանուրգը, անձեռոցիկով ծածկելով երեսները և այնպես ցույց տալով, իբր արտասուքներն են սրբում։
Այդ միջոցին աղջիկները դարձյալ գինի մատուցեցին և բերին մուրաբայով լիքը ամաններ։ Խնջույքը կամաց֊կամաց աշխուժացավ և միայն Հոմենացն էր շարունակում թաշկինակով սրբել գինուց պլշած իր աչքերը։
Ճաշից հետո մենք հրաժեշտ տվինք Հոմենացին և նրան խոստացանք գնալ Հռոմ՝ պապին խնդրելու, որ շուտով նա այցելության գա իր երկրպագուներին։ Այնուհետև Պանտագրյուելը լավ պարգևատրեց աղջիկներին և վերադարձավ իր նավը։
==Գլուխ XXXII==
Այն մասին, թե ինչպես Պանտագրյուելը բաց ծովում զանազան հալված խոսքեր է լսում
Մենք լողում էինք բաց ծովում և միմյանց հետ ուրախ զրուցում։ Հանկարծ Պանտագրյուելը ոտքի կանգնեց և նայեց չորս կողմը։
― Ընկերներ, դուք ոչինչ չե՞ք լսում, ― հարցրեց նա։ ― Ինձ այնպես է թվում, որ օդում մի քանի մարդ խոսում են միմյանց հետ։ Սակայն ես ոչ ոքի չեմ տեսնում։ Հապա մի ականջ դրեք։
Մենք ականջ դրինք։ Ավելի լավ լսելու համար ձեռքներս մոտեցրինք ականջներիս։ Բայց ոչ մի ձայն չլսեցինք։
Պանտագրյուելը, սակայն, պնդում էր, որ ինքը լսում է օդի մեջ տղամարդկանց ու կանանց ձայներ։ Վերջ ի վերջո մեզ էլ այնպես թվաց, որ մի ձայն ենք լսում։ Բայց գուցե մեր ականջնե՞րն են ձայն տալիս։
Բայց քանի շատ էինք ականջ դնում, այնքան ավելի պարզ էինք ինչ֊որ ձայներ լսում։ Վերջապես որոշակի խոսքեր լսեցինք ու ձիու խրխնջոց։
Հասկանալի է, որ վախեցանք։ Ոչ ոք չկար մեր չորս կողմը, միայն մենք էինք բաց ծովում, միևնույն ժամանակ մեր կողքին խոսում էին ինչ֊որ անհայտ մարդիկ․ ովքե՞ր էին, ի՞նչ մարդիկ էին, ոչինչ չէինք հասկանում։
― Սատանաների թակարդի մե՞ջ ենք ընկել, ինչ է, ― գոչեց Պանուրգը։ ― Չլինի՞ մեզ վրա ծիծաղում են, թե իսկապես դարանի մեջ ենք ընկել։ Ժան վարդապետ, որտե՞ղ ես, սիրելիս, կանգնիր կողքիս, շատ եմ խնդրում։ Որտե՞ղ է քո սուրը։ Փորձիր տես, հեշտությամբ դո՞ւրս է գալիս պատյանից, թե ոչ։ Սուրդ բոլորովին ժանգոտած է։ Մենք կորած ենք։ Լսո՞ւմ եք թնդանոթների ձայնը։ Փախչենք այստեղից։ Ես դա վախենալուց չեմ ասում։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, բացի վտանգից։ Փախչենք այստեղից, որքան կարելի է շուտ։ Ղեկապետ, ետ դարձրու նավը, փուչ կենդանի։ Միևնույն է, մենք նրանց դիմադրել չենք կարող։ Նրանք մեզանից տասն անգամ ավելի են։ Բացի այդ, նրանք այստեղ իրենց տանն են, իսկ մեզ այս վայրն անծանոթ է։ Նրանք մեզ կկոտորեն։ Փախչենք այստեղից։ Գոնե որքան կարելի է շուտ հեռանանք այստեղից։
― Ո՞վ է այստեղ փախուստի մասին խոսողը, ― ասաց Պանտագրյուելը։ Պետք է նախ իմանալ, թե սրանք ինչ մարդիկ են։ Կարող է հանկարծ պատահել, որ մեր մարդիկ լինեն։ Սակայն ես ոչինչ չեմ նկատում, թեպետ հարյուր մղոն հեռավորությամբ տեսնում եմ շուրջս։ Չլինի՞ դրանք սառած խոսքեր են։
― Ինչպե՞ս թե սառած խոսքեր, ― հարցրեց Էպիտեմոնը։
― Ասում են, որ սառը երկրներում խոսքերը սառչում են օդում, ― ասաց Պանտագրյուելը։ ― Դրա մասին ես կարդացել եմ մի հին իմաստուն գրքում։ Այստեղ գուցե հենց այն տեղն է, որտեղ խոսքերը հալչում են։
― Միք անհանգստանա, տեր իմ, ― ասաց Պանտագրյուելին նավապետը, ― հենց այստեղ է գտնվում Սառուցյալ օվկիանոսի սահմանը, որտեղ անցյալ ձմեռ կատաղի կռիվ է եղել արիմասպիցիների և նեֆլիդատների<ref>Արիմասպիցիները և նեֆլիդատները առասպելական ազգեր են։ Արիմասպիցիները միաչքանի մարդիկ էին, նեֆլիլդատները՝ «ամպերի վրա ման եկողներ»։</ref> միջև։ Կռվողների աղաղակներն ու հարվածները, զենքերի շառաչյունը, ձիերի խրխնջոցը, ճակատամարտի սարսափելի գոռում֊գոչումը, ― այդ բոլորը սառել մնացել է օդում, և միայն այժմ, երբ եկել է գարունը, այդ ձայները կամաց֊կամաց հալվում են ու լսելի դառնում։
― Դա կարող է ճիշտ լինել, ― ասաց Պանուրգը։ ― Եկեք որոնենք, տեսնենք, կարո՞ղ ենք այստեղ չհալված խոսքեր գտնել։
― Ահա և այդ խոսքերը, ― ասաց Պանտագրյուելը և տախտակամածի վրա մի բուռ չհալված խոսքեր գցեց, որոնք նման էին գույնզգույն սառը շաքարի։
Նրանց մեջ կային կարմիր, կապույտ, դեղին, կանաչ և ոսկեզօծ խոսքեր։ Մեր ձեռքի մեջ տաքանալուց, նրանք ձյան պես հալվում էին, և մենք լսում էինք նրանց, թեև իմաստը չէինք հասկանում։ Բավականին մեծ մի խոսք, երբ Ժան վարդապետը ձեռքերի մեջ տաքացրեց, ինչպես շագանակը, երբ նրան գցում են եռացրած ջրի մեջ։
― Իր ժամանակին դա ֆայլկոնետի<ref>Ֆայլկոնետ XVI-XVIII դարերի փոքրիկ թնդանոթներ, որոնցից արձակում էին կապարե ռումբեր։</ref> կրակոց է եղել, ― ասաց հայր սուրբ Ժանը։
Դրանից հետո Պանտագրյուելը դարձյալ բռնեց երկու֊երեք բուռ սառած խոսքեր։ Նրանց մեջ բավական շատ կային հայհոյանքներ և ծաղրական խոսքեր։ Նավապետն ասաց, որ դրանք երբեմն իրենք իրենց վերադառնում, մտնում են այն կոկորդները, որտեղից դուրս են եկել, և ծակում են այդ կոկորդները։ Խոսքերը հալչելիս մենք լսում էինք․
― Հիպ, հիպ, հիպ։ Խիս, տիխ տորոշ։ Բրեդեդեն, բրեդեդակ։ Ֆրը, ֆրը, ֆրը։ Բու, բու, բու։ Տրաք, տրաք։ Օն, օն, դուուն։ Գոգ, մագոգ։<ref>Գոգ և մագոգ առասպելական ազգեր էին, որոնք ըստ Աստվածաշնչի ապրում էին Կովկասյան լեռներից դեպի հյուսիս ընկած երկրներում։</ref>
Եվ շատ ուրիշ անհասկանալի խոսքեր։
Մենք հասկացանք, որ դրանք բոլորը ռազմի աղաղակներ են և ձիերի խրխնջոց։ Մյուս, ավելի մեծ խոսքերը հալչելիս այնպիսի ձայն էին հանում, ասես փող են փչում։ Չեք կարող երևակայել, թե ինչպես էր այդ բոլորը մեզ զվարճացնում։ Ես ուզեցի մի քանի հայհոյական խոսքեր պահել, որպես հիշատակ և դրեցի դրանք ձիթապտղի յուղի մեջ, որ չհալչեն։ Բայց Պանտագրյուելն ասաց, որ միտք չունի հայհոյանքները պահել, քանի որ նավում ինչքան ուզես հայհոյանք կլսես։ Ես համաձայնեցի Պանտագրյուելի հետ և իմ հավաքած հայհոյանքները ծովը գցեցի։
==Գլուխ XXXIII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը ափ դուրս գալիս Գաստեր<ref>Գաստեր հունարեն նշանակում է «ստամոքս»։</ref> իշխանի կղզին
Հենց նույն օրը Պանտագրյուելը ափ դուրս եկավ Գաստեր իշխանի կղզին։ Այդ անբերրի ու քարքարոտ կղզին ծովից այնպես էր բարձրանում, ինչպես մի ահագին ժայռ։ Մենք բավական շատ քրտնեցինք, մինչև հասանք կղզու գագաթը։ Բայց գագաթը մի սքանչելի վայր էր։ Ամեն կողմ տեսնում էինք արգավանդ դաշտեր, կանաչագեղ պարտեզներ և այդ բոլորն այնքան գեղեցիկ էր, որ ինձ թվում էր, թե դա երկրային մի դրախտ է։
Իսկ այդ կղզու տնօրեն Գաստեր իշխանը խստաբարո և համառ մի տիրակալ էր։ Նրան չէր կարելի ոչ խաբել և ոչ էլ խոսքով համոզել։ Նա ոչ ոքի չէր լսում։ Նա ստիպում էր անմիջապես կատարել իր բոլոր կարգադրությունները և թույլ չէր տալիս մի րոպե անգամ հետաձգել։ Նավապետը մեզ պատմեց, որ մի անգամ Մարմնի Մասերի պետությունն ապստամբում է Գաստերի դեմ և չի ցանկանում նրան հնազադվել։ Բայց շուտով Մարմնի Մասերի խելքը գլուխն է գալիս, և նրանք ներկայանում են Գաստերին ու ներում խնդրում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այլապես նրանք բոլորը քաղցից կմեռնեին։
Որպես շնորհակալություն հնազանդության համար Գաստերն էլ իր կողմից աշխարհին ծառայություն է մատուցում։ Գեղարվեստ է հորինում, մեքենաներ է հնարում, արհեստներ և զանազան կատարելագործություններ է մտցնում կյանքի մեջ։ Նրա հետ միասին ապրում է բարեհոգի տիկին Պենիան, կամ այլ կերպ ասած՝ Կարիքը։ Որտեղ ոտք է դնում այդ բարեհոգի տիկինը, այնտեղ կատարյալ անկարգություն է տիրում՝ փակվում են պառլամենտները, ժողովուրդը չի հնազանդվում հրամաններին և բոլորը մի կողմ են փախչում, որ չընկնեն տիկին կարիքի ճանկը։
Գաստեր իշխանի ապարանքում մենք տեսանք շատ որովայնախոսներ ու որովայնամոլներ։ Որովայնախոսներն անդուրեկան և չարահոգի կախարդներ էին, որոնք շարունակ միմյանց նախանձում և միմյանց հետ կռվում էին։ Իսկ գալով որկրամոլներին, նրանք մշտապես ման էին գալիս մեծ֊մեծ խմբերով և ոչ մի ժամանակ ոչինչ չէին անում։ Նրանք բոլորը մի բանից էին վախենում՝ որ հանկարծ չնիհարեն։ Գաստեր իշխանին նրանք իրենց աստվածն էին համարում։ Ծառայում և պաշտում են նրան ու ամեն բանից ավելի՝ նրան են սիրում աշխարհում։
Մինչ մենք նայում էինք որովայնամոլներին, զանգը խփեցին, և ամբողջ ժողովուրդը կանգնեց շարքով ու մի ահագին շարք կազմեց։ Այդ շարքի մեջ յուրաքանչյուրը կանգնեց իր տեղում, համաձայն իր աստիճանի, կոչման և դիրքի։ Ամենից առաջ կանգնեցին անվանի մարդիկ, իսկ որոնք աստիճանով մի քիչ ցած էին, կանգնեցին նրանց ետևից։ Մարդկանց այդ շարքն անցավ Գաստեր իշխանի առջև, ինչպես զորահանդեսի ժամանակ։ Շարքի առջևից գնում էր մի գեր ու մեծափոր երիտասարդ և տանում էր փայտի վրա ամրացրած Մեծ շատակերի կիսարձանը։ Դա բանջարանոցի խրտվիլակի պես այլանդակ մի բան էր։ Նրա աչքերը փորից մեծ էին, գլուխն ամբողջ մարմնից ավելի հաստ էր, ծնոտները մեծ էին ու լայն, որոնց վրա երկու շարք պինդ ատամներ կային։ Այն փայտը, որի վրա տանում էին կիսարձանը, մեջտեղի մասում դատարկ էր և այդտեղ բարակ պարան կար։ Երբ մեծափոր երիտասարդը քաշում էր այդ պարանից, շատակերի ծնոտները միմյանց էին զարնվում և սաստիկ չխչխկում, ինչպես մի ահագին ընկույզջարդիչ։
Որովայնամոլների ետևից գնում էին մեծ թվով ծառաներ՝ ձեռքներին բռնած թաղարներ ու զամբյուղներ։ Անճոռնի օրհներգեր երգելով, նրանք Մեծ շատակերին կերակրում էին երշիկով, նրբերշիկով, ապուրով, ապխտած լեզվով, խոզապուխտով և աղ դրած մսով։ Այնուհետև նրա բերանն էին դնում պաշտետ, խոզի կոտլետներ, տապակած կաքավներ, նապաստակներ, լորեր և ամնե տեսակի այլ թռչուններ։ Իսկ դրանից հետո ամեն տեսակ բանջարեղեն, թխվածքներ, մուրաբաներ, տորթեր, կրեմներ։ Հետո դարձյալ գինի, որ կերակուրը կոկորդում չմնա։
Երբ Պանտագրյուելը տեսավ այդ զզվելի զոհաբերությունները, այնպես զայրացավ, որ որոշեց անմիջապես վերադառնալ նավ։ Էպիտեմոնը մեծ դժվարությամբ կարողացավ նրան համոզել, որ մնա և տեսնի, թե ինչով է վերջանում այս կատակերգությունը։
Բայց թափորն անցավ իր տիրակալի առջևից, և նա դարձավ անտեսանելի։ Այն ժամանակ Պանտագրյուելն սկսեց դիտել հենց իրեն՝ Գաստեր իշխանին։ Եվ ահա թե ինչ իմացավ Պանտագրյուելը նրա մասին։
Իրեն կերակրելու համար Գաստերը նախ և առաջ հնարել է երկրագործությունը, այսինքն հողը մշակելու արվեստը, որպեսզի հացահատիկ ստանան։ Դրանից հետո նա հնարել է ռազմական արվեստը, որպեսզի հացը պաշտպանի թշնամիներից։ Այնուհետև նա հորինել է ջրաղացներ, հողմաղացներ և հազար ու մի ուրիշ մեքենաներ, որպեսզի հացահատիկն աղա, որպեսզի հացը համեղ դարձնի, կրակը, որպեսզի հացը թխի, ժամացույցը, որպեսզի իմանա, որքան ժամանակ է հարկավոր, որ հացը թխվի։
Պատահել է, որ մի որևէ երկրում հացահատիկը բերք չի տվել։ Գաստերը միջոցներ է հնարել, հացահատիկը մի երկրից մյուս երկիրը փոխադրել։ Նա հնարել է սայլն ու բեռնասայլը։ Այնտեղ, որտեղ եղել են ծովեր ու գետեր, նա հնարել է զանազան տեսակի նավեր հացը ջրի վրայով տեղափոխելու համար։
Եղել են այնպիսի տարիներ, որ երաշտի պատճառով ցանած հացահատիկը չորացել է և չի ծլել։ Կամ ընդհակառակը, եղանակը չափազանց անձրևային է եղել և հացահատիկը փտել է հողի մեջ։ Պատահել է, որ կարկուտը փչացրել է ցանքը։ Հենց մեր գալուց առաջ Գաստերը միջոց էր գտել իր ցանկացած ժամանակ անձրև բերելու կամ անձրևը խափանելու, երբ պետք չի եղել անձրև։
Պատահում էր և մի ուրիշ դժբախտություն՝ թալանչիներն ու ավազակները գողանում էին դաշտերից հացահատիկները։ Դրա դեմ էլ Գաստերը գտել է քաղաքներ, ամրոցներ և դղյակներ կառուցելու արվեստը՝ հացը պահպանելու համար։ Թալանչիներին ջարդելու ու ոչնչացնելու համար նա գտել է օտարների բերդերը վերցնելու եղանակը՝ պարսպակործան մեքենաների ու բաբանների օգնությամբ։ Այնուհետև ժամանակ անցնելուց հետո նա հնարել է թնդանոթը, բոմբարդը և մորտիրը, որոնք արձակում են երկաթե, կապարե և պղնձե արկեր։ Այդ արկերից շատերն ավելի ծանր են լինում, քան ամենածանր զնդանը։ Արձակվում են դրանք վառոդի ուժով, որ ավելի սարսափելի բան է, քան որոտն ու կայծակը, որովհետև մեծ քանակությամբ մարդիկ է կոտորում։
Բայց այնպես էլ է պատահել, որ Գաստերն ինքն է պաշարված եղել թշնամիներով։ Այն ժամանակ նա միջոցներ է հնարել իր բերդերը ռմբակոծությունից պաշտպանելու և թշնամու արկերը օդի մեջ պահելու համար։ Օրինակ, նա այսպիսի մի փորձ է արել։ Բրոնզե մեծ թնդանոթի մեջ լցրել է ծծումբը հանած և մի փոքր քափուր խառնած վառոդ, երկաթի մի մեծ արկ և քսանմեկ հատ կոտորակ, որոնցից մի քանիսը կլոր են եղել, մյուսներն արտասվաձև։ Հետո թնդանոթից տասնվեց քայլ հեռու և ուղիղ նրա բերանի դիմաց Գաստերը կանգնեցրել է իր մանկլավիկներից մեկին, իսկ մանկլավիկի ու թնդանոթի մեջտեղում կախ է արել մի մեծ մագնիս։ Դրանից հետո նա թնդանոթն արձակել է։ Թնդանոթից արձակված արկն ու կոտորակները պետք է տեղնուտեղը սպանեին մանկլավիկին, բայց երբ նրանք մոտեցել են մագնիսին, իսկույն կորցրել են իրենց ուժը և սկսել են պտտվել մագնիսի շուրջը և դրանցից ոչ մեկը չի հասել մինչև մանկլավիկը։
Բացի այդ գյուտերից, Գաստեր իշխանն արել է նաև ուրիշ շատ գյուտեր, և այդ ժամանակվանից սկսած նրա հզորությունը դարձել է անսասան։
==Գլուխ XXXIV==
Այն մասին, թե ինչպես Պանտագրյուելը քամի բարձրացնում Խանեֆ<ref>Խանեֆ հին եբրաերեն նշանակում է «երեսպաշտություն»։</ref> կղզու մոտերքում
Հետևյալ օրը մենք հասանք Խանեֆ կղզին։ Բայց մոտենալ կղզուն չկարողացանք, որովհետև ամենևին քամի չկար։ Օրորվելով մի կողմից դեպի մյուսը, մեր նավը հազիվհազ շարժվում էր տեղից, թեև բոլոր առագաստները պարզված էին։
Մենք բոլորս մռայլ ու զայրացած նստած էինք տախտակամածին և ամենևին իրար հետ չէինք խոսում։ Պանտագրյուելը ցանցաճոճի մեջ պառկած ննջում էր։ Էպիտեմոնն զբաղված էր աստրոլյաբիայով։<ref>Աստրոլյաբիան անկյունաչափ գործիք է, որով միջին դարերում որոշում էին երկնային լուսատուների դիրքը։ Այդ գործիքի օգնությամբ ծովագնացները աստղերով որոշում էին նավի տեղը ծովում։</ref> Ժան վարդապետը գնացել էր խոհանոց՝ տեսնելու, թե ինչպես են այնտեղ գնում գործերը։ Պանուրգը օճառի պղպջակներ էր թողնում։ Պոնոկրատը խուտուտ էր ածում իր կռնատակը, որպեսզի ծիծաղի։ Կարպալիմը ընկույզի կեղևից մի գեղեցիկ ու չորսթևանի հողմաղաց էր շինում։ Քսենոմանը նորոգում էր մի հին լապտեր։
Այդ ժամանակ Ժան վարդապետը խոհանոցից վերադարձավ ու տեսավ, որ Պանտագրյուելը արթնացել է։
― Այս ինչ պատիժ է, ասաց Ժանը, ― մի հնար չկա՞ քամի բարձրացնելու, որ տեղներիցս շարժվենք։
― Ոչ, դու այն ասա, ― ասաց Պանուրգը, ― ի՞նչ անեմ, որ այս անիծված տաղտկությունից ազատվեմ։
― Ինձ էլ մի միջոց ցույց տուր, ― ոտքի կանգնելով ասաց Գիմնաստը, ― որ աչքերս չսևանան։
― Իսկ ի՞նձ, ― իրեն քորելով ավելացրեց Պոնոկրատը, ― ինչպես ազատվեմ այս անիծված քնից։
― Սիրելի բարեկամներ, ― ասաց Պանտագրյուելը, ― ձեր բոլոր հարցերին միայն մի պատասխան կա։ Բայց քանի որ սոված փորով չի կարելի գիտություն սովորել, ուստի մենք չպետք է խոսենք, այլ գործենք։
Այս ասելիս Պանտագրյուելը ձգեց ճաշի զանգի պարանը, իսկ Ժան վարդապետը դարձյալ վազեց խոհանոց։
― Ի՞նչ մարդիկ են ապրում այս կղզում, ― հարցրեց Պանտագրյուելը փոքր֊ինչ լռելուց հետո։
― Այստեղ ապրում են ամեն տեսակի երեսպաշտներ, կեղծ բարեպաշտներ, կեղծ սրբեր և սուտ ճգնավորներ, ― պատասխանեց Քսենոմանը։ ― Նրանք ոչ մի աշխատանքով չեն զբաղվում և ապրում են միայն ճանապարհորդներից ստացած ողորմությամբ։
― Որ այդպես է, ես այնտեղ չեմ գնա, ― ասաց Պանուրգը, ― կեղծավորներ, կեղծ բարեպաշտներ ու սուտ ճգնավորներ, թող գրողը ձեզ բոլորիդ տանի և ջհանդամը չքվեք։
Այդ ժամանակ սպասավորները սեղանները շարժեցին, սփռոցներ փռեցին, բերին գավաթներ, սկավառակներ ու թասեր։ Ժան վարդապետը հացթուխների օգնությամբ սեղանների վրա դրեց խոզապուխտով լցրած չորս ահագին կարկանդակ, որոնք այնքան մեծ էին, կարծես չորս բուրգերով ամրոցներ լինեին։
Աստծուն է հայտնի, թե որքան կերանք ու խմեցինք։ Մենք դեռ միրգը չկերած՝ բարձրացավ հյուսիս֊արևելյան քամին, որից մեր առագաստները փքվեցին։ Մենք ուրախ աղաղակներ բարձրացրինք, երբ մեր նավը շարժվեց տեղից և առաջ լողաց, ակոսելով փրփրակալած ջուրը։
Երբ պտուղներ մատուցեցին, Պանտագրյուելը հարցրեց․
― Ի՞նչ եք կարծում, բարեկամներ, իմ տված պատասխանը ձեզ օգնեց թե ոչ։
― Այո, ― ասաց Պանուրգը, ― երդվում եմ, որ այլևս չեմ ձանձրանում։
― Իմ աչքերն էլ այլևս չեն սևանում, ― ասաց Գիմնաստը։
― Իմ քունն էլ բոլորովին փախավ, ― ավելացրեց Պոնոկրատը։
― Եվ այն էլ ի՜նչ քամի բարձրացրինք մենք, ― ասաց Պանտագրյուելը։ Մի տեսեք, ինչպես են ուռել առագաստները։ Քանի մենք ինքներս մռայլ ու տաղտկալի տրամադրության մեջ էինք, միաժամանակ տաղտկություն էր տիրում բնության մեջ։ Բայց հենց որ մեր տրամադրությունը լավացավ, բնությունն էլ մեզ հետ ուրախացավ։ Բարձրացնենք ուրեմն մեր գավաթները և թող հեռու կորչի մեզանից տաղտկությունը։
==ԳլուխXXXV==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը նավի կատու Ռոդիլհարդուսին սատանայի տեղ է ընդունում
Բարենպաստ քամին և ուրախ զրույցները շարունակվում էին, երբ Պանտագրյուելը նկատեց հեռվում մի լեռնոտ երկիր։
― Այդ ի՞նչ կղզի է, ― հարցրեց նա Քսենոմանին։
― Դա սրիկաների կղզին է, ― ասաց Քսենոմանը։ ― Այդտեղ ապրողները բոլորը գողեր ու ավազակներ են։ Չարժե այդ կղզին մտնել, բայց այդտեղ ափի մոտ մի հրաշալի աղբյուր կա, իսկ աղբյուրի շուրջը՝ մի մեծ անտառ։ Մեր նավակազմը կարող է ջրի ու վառելիքի պաշար վերցնել։
― Շատ եմ խնդրում, չմտնենք այդ կղզին, ― ասաց Պանուրգը, ― այդտեղ ապրողները մարդակերներից էլ վատ են, նրանք մեզ ողջ֊ողջ կուտեն։ Լսո՞ւմ եք, ինչպես են նրանք ահազանգում։ Բայց գուցե դա ինձ թվում է միայն։ Հեռանանք, հեռանանք այստեղից։
― Մենք պետք է անպատճառ ափ դուրս գանք, ― ասաց Ժան վարդապետը, ― հակառակ դեպքում երբեք չենք հանգստանա նավով ճանապարհորդելուց։ Ավազակներից չպետք է վախենալ, մենք նրանց բոլորին կկոտորենք։ Դեհ, շուտ արեք, մոտեցեք ափին։
― Այդ սատանա վարդապետը ոչ մի բանից չի վախենում, ― ասաց Պանուրգը։ ― Մի քիչ էլ պետք է ուրիշների մասին մտածել, մենք էլ քեզ պես մեր գլխիցը հո ձեռք չենք քաշել։ Այստեղ բոլորը հո քեզ պես գիժ չեն։ Շատ եմ խնդրում, պարոններ, այդ կղզում ափ մի իջեք։ Ականջ մի դրեք վարդապետին, նա ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում։
― Գրողի ծոցը գնա, անպիտան վախկոտ, ― ասաց Ժանը, ― վախից քիչ է մնում լուծես։ Եթե այդքան սիրտդ դող է ընկել, ափ մի դուրս գա, մի ծակ գտիր, մեջը մտիր։
Այդ որ լսեց, Պանուրգն անմիջապես մտավ նկուղը և թաքնվեց պաքսիմատների պարկերի արանքում։
― Լսեցեք, ինչ եմ ասում, ― ասաց Ժան վարդապետը, ― այն ժամանակ, երբ մեր տղերքը զբաղված կլինեն նավի ջրի պաշար փոխադրելով, չէ՞իք ցանկանա արդյոք մի քիչ զվարճանալ։ Եկեք բոլոր թնդանոթները միանգամից կրակենք։ Ա՜յ թե զվարճալի բան կլինի։
― Համաձայն եմ, ― պատասխանեց Պանտագրյուելը, ― կանչեցեք այստեղ գլխավոր ռմբաձիգին։
Ռմբաձիգը եկավ, լցրեց թնդանոթը և կրակեց։ Կրակոցի ձայնը լսելուն պես մյուս նավերն էլ սկսեցին կրակել իրենց թնդանոթները։ Այնպիսի դղրդոց բարձրացավ, որ ապուշ կտրած Պանուրգը շապկանց դուրս վազեց նկուղից։ Աջ ձեռքով նա բռնել էր նավի կատվին՝ Ռոդիլյարդուսին, որը ճանկերով կախ էր ընկել նրա շապկից և կապիկի պես շարժում էր ծնոտները։
― Փրկեցեք ինձ, ― բղավում էր նա, ― հենց այս րոպեիս տեսա սատանաների մի ամբողջ ոհմակ։ Երևի այսօր սատանաները հարսանիք են սարքել։ Տեսեք ի՜նչ ծուխ է բարձրացել։
Այս ասելիս Պանուրգը ցույց տվեց թնդանոթներից առաջացած ծուխը, որ պատել էր բոլոր նավերը։
Բոլորը ծիծաղեցին, բայց Ժան վարդապետը քիթը բռնեց և ցույց տվեց Պանուրգի շապիկը։ Պանտագրյուելը նկատեց, որ Պանուրգի ամբողջ շապիկն ապականված է, իսկ մարմինը ճանկռոտված է և արյունոտ։
― Պանուրգ, սիրելիս, ― ասաց Պանտագրյուելը, հազիվ պահելով ծիծաղը, ― ինչո՞ւ ես այդ կատվին այդպես պինդ բռնել։
― Ինչպե՞ս թե կատվին, ― զարմացած հարցրեց Պանուրգը, ― գրողը սրան տանի, ես էլ կարծել եմ, թե սատանա է կախ ընկել շապկիցս։ Նա իմ ամբողջ մարմինը ճանկռոտել է։
Այս ասելով նա կատվին շպրտեց տախտակամածի վրա։
― Գնացեք շուտով այստեղից, ― ասաց Պանտագրյուելը, ― մաքրվեցեք և նոր շապիկ հագեք։
― Չլինի՞ դուք կարծում եք, որ վախեցել եմ, ― ասաց Պանուրգը, ― ամենևին ոչ։ Այս բոլորը ծիծաղելի է ինձ համար։ Ի՞նչ անենք, որ շապիկս կեղտոտված է, բայց ես ամենևին չեմ վախեցել։ Պանուրգը ոչ մի բանից չի վախենում, բացի վտանգից։ Այդպես եմ ես։ Հիմա խմենք։