Changes
Ու այդպես նրանք նավարկեցին այնքան ժամանակ, մինչեւ Ճենապակե Շնիկը հաչելով ասաց․ «Ժամը երեքն է։ Հաֆ֊հաֆ֊հաֆ։ Ժամը երեքն է»։
==Վեցերորդ գլուխ==
<b>որտեղ ճամփորդությունը շարունակվում է հեռադիտակի օգնությամբ</b>
Ռռռռը անմիջապես նստեց թիավարելու, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը վերցրեց հեռադիտակն ու նայեց շրջակայքը։
Գետի ափերով ձգվում էին դաշտերն ու անտառակները, մարգագետիններում արածում էին կովերն ու ոչխարները, խոտ էին ուտում ձիերը։ Բայց ծիածանը չկար։ Շատ հեռվում նրան հաջողվեց ինչ֊որ մի խոշոր կենդանու տեսնել։
— Հը՛մ,— բարձրաձայն մտորեց մորեղբայր Թիկ֊Թակը,— ըստ երեւույթին այդպիսի կենդանի ես ոչ մի տեղ չեմ տեսել, բացի պատկերազարդ գրքերից։ Սպասեք, սպասեք… ինչպե՞ս է անունը։ Հաստատ գիտեմ, որ սկսվում է «բ»՝ բեն տառով։
— Բա՞դ։
— Ոչ։
— Բազե՞։
— Ոչ։
— Բուլդոզե՞ր։
— Ոչ։
— Ռռռռ, այդ ի՞նչ ես անում։
— Բո՞ւ։
— Ոչ։
— Բիզո՞ն։
— Ոչ… հիշեցի… Բրոնտոզավր։ Նախապատմական բրոնտոզավր է։ Պետք է մոտիկից նայել։ Միայն թե պետք է շատ ետ լողանք։ Շ՜տ ետ։ Չէ՞ որ մենք նավարկում ենք Ժամանակի Գետով։ Ստիպված կլինենք ետ լողալ մոտ հարյուր միլիոն տարի։ Այլապես ոչինչ չենք տեսնի։ Իսկ այն մե՞կը ով է… Հա՜֊ա՜… Փոստատարն է։ Հսկա փոստատարը։ Իսկ նրանից քիչ հեռու՝ խնձորենու տակ ձի է կանգնած։ Միայն թե, չգիտես ինչու, թղթե տոպրակի մեջ է։
— Ես նրան ճանաչում եմ,— գոչեց Ռռռռը։— Ձին այն հեքիաթից է, որը պատմում էր Տաքը։ Այդ ձին ապրում էր պահարանում՝ Երազների ու Բրնձե Փուդինգի հետ։ Եկեք կանգ առնենք ու զրուցենք հետը։
— Ի՞նչ արած,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը, որը դեռ նայում էր իր հրաշալի հեռադիտակով։— Հը՛մ… Այնտեղ ինչ֊որ մի թագավոր էլ կա, աչքիս շատ տխուր է երեւում։ Իսկ մյուս ափին տեսնում եմ մի պալատ, այգում էլ զբոսնում է մի հաստլիկ արքա… նրան մոտեցավ խոհարարը։ Ի՜նչ էլ նիհար է այդ խոհարարը։ Իսկ ավելի հեռու… ավելի հեռու… Գիշեր է։ Քանի՜֊քանի՜ հանդիպումներ ենք ունենալու։ Այ թե երկար գլուխ կստացվի՜…
— Իսկ դա ի՞նչ գլուխ է,— հարցրեց Ռռռռը։
— Ես մեր բոլոր արկածների մասին գիրք եմ գրում,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Գլուխը մի երկար պատմության փոքրիկ մասն է։
— Ուրեմն, դու էլ յուրաքանչյուր արկածի մասին մի առանձին գլուխ գրիր,— առաջարկեց Ռռռռը։
Մորեղբայր Թիկ֊Թակը իջեցրեց հեռադիտակը։
— Դու հազվագյուտ խելացի կենդանի ես,— ասաց նա Ռռռռին։
— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը չորսն է։
— Դու էլ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը Ճենապակե Շնիկին։
Ճենապակե Շնիկը չհասկացավ ու զարմացած նրան նայեց։
— Ուզում էի ասել՝ դու էլ խելացի կենդանի ես։ Խելացի շնիկ ես։ Իսկ Ռռռռը խելացի վագր է, մեր Պստիկ Ամպիկն էլ,— մորեղբայր Թիկ֊Թակը վեր նայեց,— խելացի ամպիկ է։ Մի քիչ անձրեւ տեղա, խելացի ամպիկ։
Անձրեւ սկսվեց։
— Ի՜նչ լավ է, ի՜նչ լավ թարմացանք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բավական է, խնդրում եմ, էլ հարկավոր չէ։ Իսկ հիմա հյուր կգնանք Հաստլիկ արքային։ Գուցե հավիկն էլ նրա համար մի հավկի՞թ կածի։ Հաստլիկ արքան շատ կուրախանա։
— Կըրթ֊կըրթ֊կըրթ,— պատասխանեց Չալտիկ֊Հավիկը։
==Յոթերորդ գլուխ==
<b>այն մասին, թե ինչպես տորթ թխեցին</b>
Ռռռռը նավակը մոտեցրեց ափին, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը ճոպանը կապեց ուռենուն։
Հաստլիկ արքան ոչ մի տեղ չէր երեւում, սակայն պալատի խոհանոցից սքանչելի բուրմունք էր տարածվել։
— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը հինգն է։
Նրանք ափ ելան ու խոհանոցի պատուհանից ներս նայեցին։
Նիհար խոհարարը վիթխարի սեղանի վրա խմոր էր հունցում ու մերթ ընդ մերթ շաքարի փոշի ավելացնում։ Իսկ Հաստլիկ արքան նրա կողքին կանգնած՝ դիտում էր։
Արքան հյուրերին տեսնելով, ասաց․
— Համեցե՜ք, համեցե՜ք… Իսկ դուք քիչ առաջ տեսա՞ք ծիածանը։ Ի՜նչ գեղեցիկ էր, ի՜նչ գեղեցիկ…
— Ոչ, չտեսանք,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մենք էլ հենց այդ ծիածանն ենք որոնում։ Ռռռռ, հեռու կաց խմորից։ Բայց դեռ չենք գտել։
— Հուսով եմ, որ շուտով կգտնեք։ Ներս եկ, ներս եկ, հավիկ… Այստեղ թեյի համար տորթ են պատրաստում։ Իսկ քեզ չի կարելի ներս մտնել,— ասաց արքան Պստիկ֊Ամպիկին։— Եթե գնաս այգի ու ջրես ծաղիկները, ես անսահման շնորհակալ կլինեմ։ Վարդերը թորշնել են։ Այս ամառ շատ շոգ է…
Արքան դարձավ խոհարարին։
— Թթխմորը շատ դիր,— ասաց նա։
— Աչքիս վրա, Ձերդ մեծություն,— պատասխանեց խոհարարը։— Հիանալի տորթ կլինի… Այնպիսի տորթ, որ բերանի մեջ հալվի… Դրա համար էլ մի ֆունտ թթխմոր եմ դրել։
— Հիանալի է,— գովեց արքան։— Իսկ սա՞ ինչ բան է։— Նա կռացավ ու վերցրեց դեղին հավկիթը։— Շնորհակալ եմ, սիրելի հավիկ։
Արքան հավկիթը տվեց խոհարարին, խոհարարը հավկիթը կոտրեց ու խառնեց խմորին, հետո խմորը լցրեց խոշոր թավայի մեջ ու դրեց գազի փուռը։
— Լա֊ա՜վ է,— ասաց արքան,— թեյին մենք տորթ կունենանք։ Ը՜մ… կ֊կարո՞ղ եմ ձեզ հարցնել, թե այդ վագրը շա՞տ գազազածն է,— շշուկով դիմեց արքան մորեղբայր Թիկ֊Թակին։
— Միայն երեքշաբթի օրերը,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Տե՜ր աստված։— Արքան նույնիսկ գունատվեց։— Իսկ ի՞նչ օր է այսօր։ Այս ի՞նչ է պատահել իմ հիշողությանը։ Այստեղ մեզ համար միշտ շաբաթ է։ Ոչ մի երեքշաբթի, ոչ մի հինգշաբթի, միայն շաբաթ։ Եվ գիտե՞ք, շաբաթ օրերը, սովորաբար, մենք թեյի համար տորթ ենք թխում։ Այդ պատճառով էլ հրամայել եմ, որ միշտ շաբաթ լինի։
— Խելացի միտք է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Ու նաեւ դա ինձ փրկելու է վագրերից,— շարունակեց արքան։— Ի՜նչ հիանալի վագր ունեք։— Եվ նա շոյեց Ռռռռին։
Այդ պահին գազօջախի կափարիչը հանկարծ բարձրացավ ու բարձր «Փա՛ֆֆ» անելով թռավ օդ, եւ սալիկի վրա երեւաց տորթի վերին շերտը։
— Այ֊այ֊այ,— ասաց արքան խոհարարին։— Տես՝ ի՛նչ արեցիր։ Թթխմորը չափից ավելի ես դրել։
Տորթը բարձրացա՜վ, բարձրացավ այնքան, մինչեւ հասավ առաստաղին ու առաստաղը ճռճռաց։
Խոհարարը, արքան, մորեղբայր Թիկ֊Թակը, Ռռռռը եւ Չալտիկ Հավիկը վազեցին երկրորդ հարկ։
Երբ վեր ելան, տորթն արդեն ճեղքել էր առաստաղը։— Օգնեցեք, խնդրում եմ,— աղաչեց արքան։
Խեղճ խոհարարը վեր ցատկեց ու նստեց տորթի վրա, որպեսզի գոնե այդ կերպ պահի նրան։
Բայց տորթը շարունակում էր բարձրանալ, եւ խոհարարի գլուխն արդեն սեղմվել էր երկրորդ հարկի առաստաղին։ Հաջորդ պահին նրա գլուխը ծակեց առաստաղն ու տանիքը։
Իսկ տորթը շարունակում էր բարձրանալ։
— Ձե՜րդ մեծություն, խնդրում եմ, եթե կարելի է, իջեք խոհանոց եւ անջատեք գազը,— գոչեց խոհարարը։
Արքան երեք֊երեք աստիճան ցատկելով, շտապեց խոհանոց, անջատեց գազը եւ մորեղբայր Թիկ֊Թակի, Ռռռռի ու Չալտիկ Հավիկի հետ վազեց այգի։
Տորթն այլեւս չբարձրացավ։ Ասենք, առանց այդ էլ, արդեն բավականին բարձր էր։
— Այ քեզ պատմություն,— ասաց արքան։— Եթե խոհարարին ցած չիջեցնենք, կմնանք առանց կերակուրի։ Ի՞նչ անենք… ի՞նչ անենք…
— Ես գիտեմ, թե ինչ պետք է անել,— մռնչաց Ռռռռը։— Թող խոհարարը տորթն ուտի։ Ինչքան ուտի, այնքան տորթը կփոքրանա, ու նա կկարողանա իջնել։
— Խելացի բան ես մտածել, վագր,— գոչեց արքան ու բղավեց խոհարարին․— Խոհարա՜ր… տորթը կեր։ Շո՜ւտ…
— Հաճույքով, Ձերդ մեծություն,— պատասխանեց Խոհարարն ու մի կտոր կերավ․— Ը՜մմ…— ասաց նա։— Հաջող է ստացվել։
— Լսիր ու կեր… եւ որքան կարելի է՝ արագ,— հրամայեց արքան,— այլապես, ես կմնամ առանց կերակուրի։
— Լսում եմ, Ձերդ մեծություն…— Եվ խոհարարը վրա պրծավ տորթին։
Բայց տորթը այնքան խոշոր էր, որ շատ արագ ուտելը պարզապես անհնարին բան էր։ Խոհարարն ուտում եւ մարդկանց աչքի առաջ գիրանում էր։ Իսկ խեղճ արքան, որ անհամբեր սպասում էր կերակուրին, նիհարում էր ու նիհարում։
Վերջապես, խոհարարը կերավ֊պրծավ տորթն ու հայտնվեց գետնի վրա։
— Մի հուզվեք, Ձերդ մեծություն,— ասաց նա,— ես մի ակնթարթում կերակուր կպատրաստեմ։
Եվ նա մի ակնթարթում կերակուր պատրաստեց։
— Մոտեցեք սեղանին, խնդրեմ,— հրավիրեց արքան հյուրերին։
— Շնորհակալ ենք, Ձերդ մեծություն,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բավական է անձրեւ տեղաս,— ասաց նա Պստիկ֊Ամպիկին։
— Այո, շնորհակալ եմ,— ասաց արքան։— Վարդերն արդեն թարմացան։
Պստիկ֊Ամպիկը դադարեց անձրեւ տեղալ եւ բոլորը մոտեցան սեղանին։ Բոլորը, բացի Չալտիկ Հավիկից․ նա մնաց այգում՝ տորթի փշրանքները կտցելու։
Ճաշից հետո ճանապարհորդները հրաժեշտ տվեցին արքային ու նրա խոհարարին եւ շարունակեցին ճանապարհը դեպի Տխուր թագավորի պալատը։
— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը, երբ բոլորը վերադարձան նավակ։— Ժամը վեցն է։
— Ի՜նչ լավ է, որ Ճենապակե Շնիկին ճաշելը պարտադիր չէ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Չի կարող պատահել, որ ընդամենը ժամը վեցը լինի,— ասաց Ռռռռը։— Հաստլիկ արքայի պալատում մենք մեկ ժամից ավելի մնացինք։
— Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում ժամանակին,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մի՞թե չգիտես, որ ժամանակը տարբեր մարդկանց համար տարբեր է։ Օրինակ, մեկի համար բախտավոր ժամանակ է, մյուսի համար՝ դժբախտ։ Մեկի համար ժամանակը սլանում է, մյուսի համար՝ կանգ է առնում։ Քո կարծիքով խխունջի համար ժամանակը նո՞ւյնն է, ինչ՝ նապաստակի։
Բոլորը նստեցին նավակ ու լողացին Տխուր թագավորի պալատը, իսկ ճանապարհին խաղում էին «տարբեր ժամանակներ»։
— Ներկա ժամանակ,— ասաց Ռռռռը։
— Ապագա,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Վաղ ժամանակ։
— Ո՛ւշ,— ասաց Ռռռռը։— Ի՛ր ժամանակին։
— Ժամանակ առ ժամանակ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ամառային ժամանակ, ազատ ժամանակ, բանվորական ժամանակ, վաղեմի ժամանակ, կորցրած ժամանակ… Օ՜հ, կարծեմ չափն անց կացրի, իսկ ժամանակը վազում է առաջ։ Լավ է, որ գոնե մեր ժամացույցը ճշգրիտ ժամանակն է ցույց տալիս։
— Թիկ֊Թակ,— ասաց ժամացույցը։
— Օհո՜… արդեն վեցն անց է քառորդ։
— Իսկ ի՞նչ բան է «կորցրած ժամանակը»,— հարցրեց Ռռռռը։
— Այն ժամանակը, որ դու իզուր ծախսում ես դատարկ բաների վրա։ Ժամանակդ անցնում է, իսկ դու ոչինչ չես արել։ Դրա համար էլ ասում են․ ժամանակ կորցրեց։ Օրինակ, հիմա մեզ չի կարելի խոսելու վրա ժամանակ կորցնել, այլապես թագավորական պալատ կհասնենք պառկել֊քնելու ժամանակ։— Այս խոսքի վրա մորեղբայր Թիկ֊Թակը սկսեց ինքը թիավարել եւ նավակը լողաց գետի հոսանքն ի վար, դեպի Տխուր Թագավորի պալատը։