Կարամազով եղբայրներ
հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի |
Ձոնվում է ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵՎՆԱ ԴՈՍՏՈԵՎՍԿԱՅԱՅԻՆ
- Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,
- եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի,
- ինքը միայն կմնա, իսկ եթե մեռնի, բազում
- արդյունք կբերի:
- (Ավետարան ըստ Հովհաննու, Գլուխ ԺԲ, 24)։
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Սկսելով կենսագրությունն իմ հերոսի՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի, որոշ տարակուսանքի մեջ եմ գտնվում։ Այսինքն, թեև իմ հերոսն եմ կոչում Ալեքսեյ Ֆյոգորովիչին, բայց և այնպես ինքս գիտեմ, որ նա բնավ էլ մեծ մարդ չէ, ուստի և նախատեսում եմ այսպիսի անխուսափելի հարցեր՝ ինչո՞վ է ուշագրավ ձեր Ալեքսեյ Ֆյոդորովիչը, ինչո՞ւ եք նրան ընտրել իբրև ձեր հերոսը։ Ի՞նչ մի բան է արել նա։ Ո՞ւմ և ինչո՞վ է հայտնի։ Ինչո՞ւ ես՝ ընթերցողս, պետք է ժամանակ վատնեմ նրա կյանքի փաստերն ուսումնասիրելու համար։
Վերջին հարցը ամենից ավելի բախտորոշն է, որովհետև մեկ պատասխան կարող եմ տալ դրան․ «Գուցե ինքներդ տեսնեք՝ վեպը կարդալով»։ Է՜հ, իսկ եթե վեպը կարդան ու չտեսնե՞ն, եթե համաձայն չլինե՞ն, թե ուշադրության արժանի է իմ Ալեքսեյ Ֆյոդորովիչը։ Այսպես եմ ասում, որովհետև ցավ ի սիրտ նախատեսում եմ այդ։ Ինձ համար նա ուշադրության արժանի է, բայց խիստ տարակուսում եմ՝ կկարողանա՞մ արդյոք այս բանն ապացուցել ընթերցողին։ Խնդիրն այն է, որ նա թերես գործիչ է իրոք, բայց տարտամ, պարզորոշության չհասած գործիչ։ Սակայն տարօրինակ կլիներ մարդկանցից պարզորոշություն պահանջել այնպիսի մի ժամանակաշրջանում, ինչպիսին մերն է։ Մի բան, թերևս, անտարակուսելի է բավական․ տարօրինակ մարդ է նա, նույնիսկ զարմանալի մարդ։ Բայց տարօրինակությունն ու զարմանալիությունը ավելի վնասում են, քան իրավունք տալիս ուշադրության արժանի դառնալու, մանավանդ երբ բոլորը ձգտում են ի մի բերել մասնակի բաները և գեթ մի որևէ ընդհանուր իմաստ գտնել համատարած խառնաշփոթության մեջ։ Իսկ զարմանալի մարդը առավելապես մասնակի և տարանջատ երևույթ է։ Այնպես չէ՞։
Ա՜յ, եթե համաձայն լինեք այս վերջին դրույթին և պատասխանեք՝ «այնպես չէ» կամ «միշտ չէ, որ այդպես է», թերևս քաջալերված զգամ իմ հերոս Ալեքսեյ Ֆյոդորովիչի նշանակության վերաբերյալ։ Որովհետև՝ զարմանալի մարդը ոչ միայն «միշտ չէ», որ մասնակի և տարանջատ երևույթ է, այլև ընդհակառակը, երբեմն լինում է այնպես, որ գուցե նա՛ է իր մեջ կրում ամբողջության կորիզը, այնինչ իր դարաշրջանի մնացյալ մարդիկ՝ բոլորը, չգիտես ինչու, առժամապես անջատվել են նրանից, տարապայման մի քամուց քշված․․․
Այնուամենայնիվ, ես չէի դիմի այս հույժ անհետաքրքրական ու տարտամ բացատրություններին և պարզապես կսկսեի առանց նախաբանի, եթե դուր գա՝ այնպես էլ կկարդան, սակայն դժբախտությունն այն է, որ թեև մեկ կենսագրություն է գրածս, բայց դա բաղկացած է երկու վեպից։ Գլխավոր վեպը երկրորդն է՝ իմ հերոսի գործունեությունը արդեն մեր օրերում, հենց մեր ներկա ընթացիկ պահին։ Իսկ առաջին վեպը տեղի է ունեցել դեռ տասներեք տարի առաջ և գրեթե վեպ չէ նույնիսկ, այլ լոկ մի պահ՝ իմ հերոսի վաղ երիտասարդության շրջանից։ Չեմ կարող զանց առնել այս առաջին վեպը, որովհետև շատ բան անհասկանալի կլիներ երկրորդ վեպում։ Բայց այսպիսով ավելի ևս բարդանում է սկզբի իմ դժվար կացությունը․ եթե ես ինքս, այսինքն հենց կենսագիրս, գտնում եմ, որ գուցե մի վեպն իսկ ավելորդ լինի այսպիսի համեստ ու տարտամ հերոսի համար, հապա էլ ի՞նչ ասել, որ հանդես եմ գալիս երկու վեպով, և ինչո՞վ բացատրել այսպիսի գոռոզամտությունն իմ կողմից։
Այս հարցերի լուծման մեջ գլուխս կորցնելով, որոշում եմ առանց որևէ լուծման շրջանցել դրանք։ Իհարկե, խորաթափանց ընթերցողը վաղուց արդեն կռահեց, որ հենց սկզբից էլ այդ էր իմ միտքը, և նա պարզապես վրդովվում է իմ դեմ, թե ինչո՞ւ ապարդյուն խոսքեր եմ ասում և իզուր վատնում թանկագին ժամանակը։ Դրան արդեն որոշակի կարող եմ պատասխանել․ ապարդյուն խոսքեր էի ասում և վատնում թանկագին ժամանակը՝ նախ քաղաքավարության սիրույն, իսկ երկրորդ՝ խորամանկությունից դրդված, այսինքն թե՝ այնուամենայնիվ մի բան նախազգուշացրի կանխօրոք։ Եվ սակայն ուրախ եմ նույնիսկ, որ իմ վեպը ինքնաբերաբար բաժանվեց երկու պատմության՝ «ընդհանուրի էական միասնության մեջ»․ ծանոթանալով առաջին պատմությանը, ընթերցողն արդեն ինքր կորոշի՝ արժե՞ արդյոք անցնել երկրորդին։ Ոչ ոք, անշուշտ, ոչ մի բանով չի կաշկանդված, կարելի է առաջին պատմության առաջին երկու էջից հետո թողնել գիրքը, այլևս երբեք չբանալու համար։ Բայց չէ՞ որ կան այնպիսի նրբանկատ ընթերցողներ, որոնք անպայման կուզենան կարդալ մինչև վերջ, որպեսզի չսխալվեն իրենց անաչառ դատողության մեջ․ այդպիսիք են, օրինակ, բոլոր ռուս քննադատները։ Ահա ուրեմն այդպիսիների առաջ սիրտս թեթևացրի այնուամենայնիվ․ հակառակ նրանց ամբողջ ճշտասիրության ու բարեխղճության, համենայն դեպս ամենաօրինական պատրվակն եմ տալիս նրանց՝ վեպի առաջին իսկ դրվագից մի կողմ թողնելու այս պատմությունը։ Է՛հ, ահա և ամբողջ նախաբանը։ Կատարելապես համաձայն եմ, որ ավելորդ է դա, բայց քանի որ գրվել է արդեն, թո՛ղ մնա։
Իսկ այժմ գործի անցնենք։
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
- Գիրք վեցերորդ: Ռուս վանականը
- I: Սրբահայր Զոսիման և իր հյուրերը
- II։ Էջերի տեր հանգուցյալ սքեմազգյաց աբեղա սրբահայր Զոսիմայի վարքից՝ կազմվածյուր սեփական խոսքերից, երկասիրությամբ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի: Կենսագրական տեղեկություններ
- III: Ծաղկաքաղ՝ սրբահայր Զոսիմայի զրուցատրություններից ու հորդորներից
- ե) Բան ինչ՝ վասն ռուս վանականի և նրա հնարավոր նշանակության
- զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես
- է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության
- ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի: Մինչև վերջ աներեր հավատքի մասին
- թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն
ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ
ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ
- Գիրք տասներկուերորդ։ Դատական սխալ
- I։ Ճակատագրական օրը
- II։ Վտանգավոր վկաներ
- III։ Բժշկական փորձաքննությունը և մի ֆունտ կաղին
- IV։ Բախտը ժպտում է Միտյային
- V։ Անականկալ աղետը
- VI։ Դատախազի ճառը։ Բնութագրություն
- VII։ Պատմական ակնարկ
- VIII։ Տրակտատ Սմերդյակովի մասին
- IX։ Հոգեբանությունը թափ առած գնում է։ Սրարշավ տրոյական։ Դատախազի ճառի ավարտը
- X։ Դատապաշտպանի ճառը։ Երկսայրի մի սուր
- XI։ Փող չի եղել։ Կողոպուտ չի եղել
- XII։ Եվ սպանություն էլ չի եղել
- XIII։ Մտքի անառակություն
- XIV։ Գեղջուկներն ամուր մնացին