Նամ-Բոքը ստախոս է

Գրապահարան-ից
Նամ-Բոքը ստախոս է

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վազգեն Տալյան

— Բայդարկա է, ճիշտ եմ ասում, բայդա՜րկա է։ Բայդարկա է, ու մեջն էլ մարդ կա։ Տեսե՜ք, թե ինչ անշնորհք ձևով է շարժում թին։

Պառավ Բասք֊Վա֊Վանը բարձրացավ տեղից, չոքեց և, թուլությունից ու հուզմունքից դողալով, նայեց ծովին։

— Նամ֊Բոքը միշտ էլ թին անշնորհք ձևով է շարժել,— փնթփնթաց նա մտախոհ, ձեռքով ստվեր գցելով աչքերին և նայելով արծաթի պես շողշողացող ջրի մակերևույթին։— Նամ֊Բոքը միշտ էլ անշնորհք է եղել։ Հիշում եմ...

Բայց կանայք ու երեխաները բարձրաձայն քրքջացին. և նրանց ծիծաղի մեջ բարեհոգի ծաղր էր հնչում։ Պառավի ձայնը կտրվևց, և միայն շրթունքներն էին անձայն շարժվում։

Քուգախը թողեց իր գործը (նա ոսկրաքանդակ անելով էր զբաղված), բարձրացրեց գլուխն ու նայեց այն կողմը, ուր ուղղված էր Բասք֊Վա֊Վանի հայացքը։ Այո, դա բայդարկա էր և գալիս էր դեպի ափը, չնայած որ ժամանակ առ ժամանակ հոսանքը մի կողմ էր քշում։ Մակույկի մեջ նստած մարդը թիավարում էր վստահ, բայց անճարակ շարժումներով, և մոտենում էր դանդաղ, ասես նավակը գիտակցորեն դարձնելով ալիքի ուղղությամբ։ Քուգախի գլուխը կրկին հակվեց ցած. ծովացուլի ժանիքի վրա նա քանդակում էր այնպիսի մի ձկան մեջքի լողաթև, որ երբեք ոչ մի ծովում չի եղել։

— Դա երևի հարևան գյուղի վարպետն է։ Ինձ հետ ուզում է խորհրդակցել, թե ոսկորի վրա զանազան պատկերներ ոնց քանդակի,— վերջապես ասաց նա։— Բայց նա անշնորհք մարդ է. երբեք էլ չի սովորի։

— Դա Նամ֊Բոքն է,— կրկնեց պառավ Բասք֊Վա֊Վանը.— ես իմ որդուն չե՞մ ճանաչում, ի՜նչ է,— ջղայնացած գոռաց նա.— ձեզ ասում եմ՝ դա Նամ֊Բոքն է։

— Ամեն ամառ էլ նույն բանն ես ասում,— փաղաքշանքով սկսեց հորդորել նրան կանանցից մեկը։— Ծովը սառույցից մի փոքր ազատվում է թե չէ, նստում ես ափին և օրեր շարունակ նայում ծովին. ու հենց որ մի նավակ ես տեսնում, ասում ես. «Դա Նամ֊Բոքն է»։ Նամ֊Բոքը մեռել է, ո՜վ դու Ռասք֊Վա֊Վան, իսկ մեռելները չեն վերադառնում։ Անհնար է, որ մեռելը ետ գա։

— Նամ-Բոքն է,— ճչաց պառավն այնքան բարձր ու զիլ, որ բոլորը զարմացած նայեցին նրան։

Պառավը դժվարությամբ ոտքի կանգնեց և ավազի վրայով կաղեկաղ գնաց դեպի ծովը։ Գնալիս նրա ոտքը դեմ առավ արևի տակ պառկած մանկիկին. սրա մայրը շտապեց հանգստացնել երեխային ու պառավի հետևից կոպիտ հիշոցներ շպրտեց, բայց սա ուշադրություն չդարձրեց։ Երեխաներն անցան պառավից առաջ և սրընթաց վազեցին դեպի ծովափ, իսկ երբ մակույկը, որ թիավարողի անճարակության պատճառով քիչ մնաց շուռ դար, ավելի մոտեցավ, երեխաների հետևից դանդաղորեն շարժվեցին նաև կանայք։ Քուդախը մի կողմ դրեց ծովացուլի ժանիքն ու, ծանրորեն հենվելով իր՝ մահակին, ինքն էլ գնաց. իսկ նրա հետևից զույգզույգ ու երեք֊երեք շարժվեցին նաև տղամարդիկ։

Մակույկը կողքով դարձավ դեպի ափը, և ալեբախությունից անպայման ջրով կլցվեր, եթե տկլոր պատանյակներից մեկը չվազեր ու չմտներ ջուրը և նավաքթից բռնած չքաշեր հաներ ավազի վրա։ Մակույկավարը ոտքի ելավ ու խորազնին նայեց իր դիմացը կանգնած գյուղացիներին։ Մաշված ու կեղտոտ շերտավոր ֆուֆայկան ազատ ընդգրկում էր նրա լայն ուսերը, վիզը նավաստու ձևով փաթաթված էր բամբակե կարմիր վզնոցով։ Կարճ խուզած գլխին դրած ձկնորսական գդակը, բամբակե կտորից կարած կոշտ շալվարը և ծանր կոշիկները լրացնում էին նրա զգեստը։

Չնայած այդ բոլորին, նա մեծ Յուքոնի գետաբերանի ձկնորս մարդկանց համար զարմանալի մի երևույթ էր. ամբողջ կյանքի ընթացքում նրանց աչքերի առջև Բերինգյան ծովն էր, և նրանք միայն երկու սպիտակամորթ էին տեսել՝ մարդահամար կատարողին ու ճանապարհը կորցրած կաթոլիկ քահանային։ Ձկնորսներն աղքատ մարդիկ էին. նրանց երկրում ոչ ոսկի կար, ոչ էլ ծախու մորթիներ, դրա համար էլ սպիտակամորթները նրանց ծովափին բոլորովին մոտ չէին գալիս։ Բացի դրանից, ծովի այդ կողմում հազարամյակներ շարունակ կուտակվել էին Ալյասկայի լեռնային ապարների ջրաբերուկները. այնպես որ նավերը նույնիսկ առանց ցամաքը տեսնելու խրվում էին ծանծաղուտը։ Հետևանքը եղել էր այն, որ խոր ծովածոցեր ունեցող ճահճուտ ծովափը և բազում հեղեղվող կղզյակները ոչ մի ժամանակ չէին արժանանում սպիտակ մարդկանց մեծ նավերի այցելությանը, և ձկնորսների ցեղը նրանց գոյության մասին գաղափար անգամ չուներ։

Քուգախ֊Քանդակողը հանկարծ սկսեց վազել, դեմ առավ իր մահակին ու վայր ընկավ։

— Նամ֊Բո՛քը,— բղավեց նա սաստկաձայն ու ջանաց բարձրանալ։— Ծովի տարած Նամ֊Բոքը վերադարձա՜վ...

Տղամարդիկ ու կանայք ետ֊ետ գնացին, երեխաները մեծահասակների ոտքերի արանքներով անցան ու փախուստի դիմեցին։ Միայն Օփի֊Քուոնն էր, որ քաջություն հանդես բերեց, ինչպես և վայել է գյուղի ավագին։ Նա առաջ անցավ ու երկար և ուշի֊ուշով դիտեց եկվորին՝ ոտից գլուխ։

— Սա իսկապես Նամ֊Բոքն է,— ասաց նա վերջապես. և կանայք, նրա ձայնից հասկանալով, որ այլևս կասկած չի կարող լինել, սնահավատ սարսափից աղիողորմ լաց եղան ու ավելի ետ գնացին։

Եկվորի շրթունքները վարանումով բացվեցին, և թուխ ադամախնձորը շարժվեց, ասես ջանում էր դուրս մղել կոկորդին դեմ առած բառերը։

— Լյա՜֊լյա՜, սա Նամ֊Բոքն է,— բարբաջում էր Բասք֊Վա֊Վանը, մոտիկից նայելով որդու դեմքին։— Ես միշտ էլ ասում էի, որ Նամ֊Բոքը կվերադառնա։

— Հա՛, Նամ֊Բոքը վերադարձավ։

Այս անգամ խոսեց ինքը Նամ֊Բոքը։ Նավակողի վրայից մի քայլ արեց ու մի ոտքով գետնին կանգնեց, մյուսով՝ մակույկի մեջ։ Նրա կոկորդը կրկին լարվեց, ու երևում էր, որ դժվարությամբ է գտնում մոռացված բառերը։ Ու երբ վերջ ի վերջո այդ բառերն արտաբերեց, դրանք տարօրինակ էին լսողության համար, և կոկորդային հնչյունների հետ ինչ֊որ ճպպոցներ էլ էին լսվում։

— Ողջո՛ւյն, ո՜վ եղբայրներ,— ասաց նա,— այն տարիների եղբայրներ, երբ ես ապրում էի ձեր մեջ, և համընթաց քամին ինձ դեռ չէր քշել տարել ծով։

Նամ֊Բոքը մյուս ոտքն էլ դրեց ավազին, բայց Օփի֊Քուոնը ձեռքերը թափ տվեց նրա վրա։

— Դու մեռել ես, Նամ֊Բոք,— ասաց նա։

Նամ֊Բոքը խնդաց.

— Մի տես՝ ինչքան չաղ եմ ես, է՜...

— Մեռելները չաղ չեն լինում, ճիշտ է,— համաձայնեց Օփի֊Քուոնը։— Դու շատ պարարտ ես, բայց տարօրինակ բան է։ Ափից փչող քամու հետ գնացած ոչ մի մարդ չի վերադարձել մինչև օրս։

— Ես վերադարձել եմ,— պարզապես ասաց Նամ֊Բոքը։

— Այդ դեպքում գուցե դու ստվե՞ր ես, անցողակի ստվերը Նամ֊Բոքի, որ մի ժամանակ գոյություն ուներ։ Ստվերները ետ գալիս են, հա՞։

— Ես քաղցած եմ. ստվերները բան չեն ուտում։

Սակայն Օփի֊Քուոնը շփոթված էր. և տանջող կասկածը սրտում, ձեռքը տարավ ճակատին ու շփեց։ Նամ֊Բոքն էլ էր շփոթված. նրա դիմաց կանգնել էին մարդիկ. և նա աչքը մեկ այս ձկնորսի դեմքին էր գցում, մեկ այն, և այդ դեմքերին սիրալիրության արտահայտություն չէր տեսնում։ Տղամարդիկ ու կանայք շշուկով էին խոսում իրար հետ։ Երեխաները վախվխելով հպվում էին մեծերի մեջքներին, իսկ շները ցցում էին մազերն ու ատամները բացում և կասկածոտ հոտոտում էին օդը։

— Ես եմ քեզ ծնել, Նամ֊Բոք, և կերակրել եմ իմ կրծքով, իմ կաթով, երբ դու փոքր ես եղել,— ավելի մոտենալով որդուն, խղճալի ասաց Բասք֊Վա֊Վանը։— Եվ ստվեր ես դու, թե ստվեր չես, միևնույն է, հիմա էլ ես ուտելու բան կտամ քեզ։

Նամ֊Բոքն ուզեց մի քայլ անել դեպի մայրը, բայց մարդկանց ահալից ու սպառնագին բացականչությունները ստիպեցին նրան ետ կանգնել այդ մտքից։ Անհասկանալի լեզվով նա «գրողը տանի» հիշոցին շատ նման մի բան ասաց ու ավելացրեց.

— Ես մարդ եմ և ոչ ստվեր։

— Ինչպե՞ս կարելի է իմանալ այն, ինչ վերաբերում է անիմանալի բաներին,— հարցրեց Օփի֊Քուոնը՝ մասամբ ինքն իրենք մասամբ դիմելով իր ցեղակիցներին։— Հիմա մենք կանք, բայց մի հոգո՛ց... ու մենք գոյություն չենք ունենա։ Եթե մարդը կարող է ստվեր դառնալ, ապա ինչո՞ւ ստվերը չի կարող մարդ դառնալ։ Նամ֊Բոքը կար, ու հիմա չկա։ Այդ մենք գիտենք. բայց մենք չգիտենք, Նամ֊Բո՞քն ես դու, թե՞ նրա ստվերը։

Նամ֊Բոքը հազաց, կոկորդը մաքրեց ու պատասխանեց այսպես.

— Վաղուց անցած-գնացած ժամանակներում, Օփի֊Քուոն, հորդ հայրը հեռացավ ու վերադարձավ տարիների հետևից կրնկակոխ։ Ու նրան չմերժեցին և օջախի մոտ տեղ տվին։ Ասացին...— Նամ֊Բոքը նշանակալից լռեց մի փոքր, և բոլորը սսկվեցին, սպասելով, թե ինչ կասի նա։— Ասացին,— կրկնեց նա պատկառազդու, իր խոսքի տպավորությանը համոզված,— թե Սիփսիփը՝ նրա կինը, երկու որդի պարգևեց նրա վերադառնալուց հետո։

— Բայց նա ցամաքից փչող քամուն ենթակա չէր,— առարկեց Օփի֊Քուոնը.— նա գնաց ցամաքի խորքերը, իսկ դա էն գլխից այնպես է սահմանված, որ մարդը երկրի վրա կարող է ման գալ որքան ցանկանաս։

— Ճիշտ այդպես է նաև ծովում։ Բայց բանն այդ չէ։ Ասում էին... թե իբր հորդ հայրը զարմանալի պատմություններ էր պատմում այն բաների մասին, ինչ ինքր տեսել էր։

— Հա, նա զարմանալի պատմություններ էր պատմում...

— Ես էլ պատմելու շատ բան ունեմ,— խորամանկորեն հայտարարեց Նամ֊Բոքը։ Եվ ունկնդիրների տատանումը նկատելով՝ ավելացրեց.— ես նվերներ էլ եմ բերել։

Նամ֊Բոքն իր մակույկից զմայլելի փափուկ ու գունագեղ մի շալ հանեց և գցեց մոր ուսերին։ Կանանց բերաններից հիացմունքի միահամուռ հառաչանք դուրս թռավ, իսկ պառավ Բասք֊Վա֊Վանն սկսեց շոշափել ու շոյել վառ գույնի գործվածքը, հիացմունքից երեխայի պես երգելով։

— Նա պատմելու շատ բան ունի,— բարբաջեց Քուգախը։

— Եվ նա նվերներ է բերել,— արձագանքեցին կանայք։

Օփի֊Քուոնը տեսնում էր, որ իր ցեղակիցներն անհամբեր ուզում են լսել հրաշալի պաւտմությունները. և բացի դրանից իր հետաքրքրությունն էլ էր բորբոքվել։

— Այսօր ձկան լավ որս ենք արել,— ասաց նա հեռատեսորեն կշռադատելով,— և ճարպ ունենք՝ ինչքա՜ն ուզես։ Դե՛, եկ գնանք, Նամ֊Բոք, գնանք խնջույք անենք։

Երկու տղամարդ մակույկն առան ուսերին ու տարան խարույկի կողմը։ Նամ֊Բոքը քայլում էր Օփի֊Քուոնի հետ կողք-կողքի. գյուղի մյուս բնակիչները հետևում էին նրանց, ու միայն մի քանի կին մի պահ ետ մնացին, որպեսզի զմայլանքով շոշափեն շալը։

Քանի դեռ խնջույք էին անում, խոսք ու զրույց քիչ եղավ, բայց դրա փոխարեն հետաքրքրությամբ լի շատ հայացքներ ծածուկ ուղղվեցին Բասք֊Վա֊Վանի որդու կողմը։ Այս բանը նեղում էր նրան, բայց ոչ այն պատճառով, որ նա համեստ բարքերի տեր էր, այլ որովհետև փոկաճարպի զզվելի հոտը ախորժակից զրկեց նրան, իսկ նա ամեն կերպ ուզում էր թաքցնել այդ հանգամանքը։

— Կե՛ր, դու քաղցած ես,— հրամայեց Օփի֊Քուոնը, և Նամ֊Բոքը, աչքերը փակելով, ձեռքը կոխեց նեխած ձկնով լի պուտուկի մեջ։

— Լյա֊լյա, մի՛ ամաչիր։ Այս տարի փոկ շատ են որսացել, իսկ ուժեղ տղամարդիկ միշտ էլ քաղցած են լինում։

Եվ Բասք֊Վա֊Վանը ձկան առանձնապես զզվելի մի կտոր թաթախեց ճարպի մեջ ու, չորս կողմը կաթկթեցնելով, քնքշությամբ մեկնեց որդուն։

Սակայն մի շարք չարագուշակ նախանշաններ շուտով ծանուցեցին Նամ֊Բոքին, որ իր ստամոքսն այնպես դիմացկուն չէ, ինչպես մի ժամանակ, և նա վհատությամբ լցրեց ծխամորճն ու ծխեց։ Մարդիկ աղմուկով ուտում էին ու հայացքներով հետևում նրան։ Նրանցից քչերը կարող էին պարծենալ, թե մոտիկից ծանոթ են ծխելու այդ թանկարժեք խոտին, չնայած, որ դա երբեմն հասնում էր իրենց, հասնում էր սակավ առ սակավ ու ամենավատ տեսակի. դրանից բերում էին հյուսիսային էսկիմոսները այլ ապրանքների հետ փոխելու։ Քուդախը, որ նստած էր Նամ֊Բոքի կողքին, հասկացնել տվեց նրան, որ ինքն էլ դեմ չի լինի մի անգամ ներս քաշել դրա ծուխը. և ձկան երկու կտոր կուլ տալու արանքում նա սաթե ծխափողը դրեց բերանն ու ճարպով լղոզված շրթունքներով սկսեց ծծել։ Այդ տեսնելով, Նամ֊Բոքը դողացող ձեռքով բռնեց փորն ու ետ վանեց իրեն պարզած ծխամորճը։ Թող Քուդախն իրեն պահի ծխամորճը, ասաց նա, քանի որ հենց սկզբից էլ ինքը մտադիր էր պատվել նրան այդ նվերով։ Եվ բոլորն սկսեցին մատները լիզել ու գովել Նամ֊Բոքի առատաձեռնությունը։

Օփի֊Քուոնը ելավ տեղից։

— Իսկ հիմա, ո՜վ Նամ֊Բոք, կերուխումը վերջացավ. ու մենք ուզում ենք լսել քո պատմությունները տեսածդ զարմանալի բաների մասին։

Ձկնորսները ծափ զարկեցին ու, աշխատանքի առարկաներն իրենց շուրջը դասավորելուց հետո, պատրաստվեցին լսել։ Տղամարդիկ նիզակներն էին տաշում ու հղկում և ոսկրաքանդակով էին զբաղված, իսկ կանայք ծովարջի մորթիներից ճարպն էին քերում, ճմլում էին կաշիները և ջլերից պատրաստած թելերով հագուստ էին կարում։ Նամ֊Բոքը մի հայացք գցեց այդ տեսարանի վրա և դրանում չգտավ այն հմայքը, որը, ըստ հիշողությունների, սպասում էր։ Իր թափառումների տարիներին նա հաճույքով պատկերացնում էր հենց այդպիսի տեսարան. բայց հիմա, երբ այդ տեսարանն իր աչքի առաջ էր, հիասթափություն էր զգում։ Ողորմելի՜ և աղքատիկ կյանք, անցավ նրա մտքով. սա ոչ մի կերպ չի կարելի համեմատել այն կյանքի հետ, որին ինքը ընտելացել է հիմա։ Այնուամենայնիվ, ինքը սրանց որոշ բան կպատմի, ինքը բաց կանի սրանց աչքերը։ Եվ այս մտքի հետ նրա աչքերը փայլեցին։

— Եղբայրնե՛ր,— սկսեց Նամ-Բոքը այնպիսի մարդու ինքնագոհությամբ, որը պատրաստվում է հաղորդել իր սխրագործությունների մասին։— Եղբայրնե՛ր, երբ շատ տարիներ առաջ ես հեռացա ձեզանից, ուշ ամառ էր և եղանակը ճիշտ այնպիսին էր, ինչպես որ բնությունը խոստանում է հիմա։ Դուք բոլորդ հիշում եք այն օրը, ճայերը ճախրում էին ցածր թռիչքով, ցամաքից ուժեղ քամի էր փչում, ու ես չէի կարողանում հաղթահարել այդ քամին իմ բայդարկայով։ Ես պինդ ձդեցի ծածկոցը, որպեսզի ջուր չանցնի նավակիս մեջ, և ամբողջ գիշերը կռիվ էի տալիս փոթորկի հետ, իսկ առավոտյան երկիրն արդեն չէր երևում, մենակ ծովն էր չորսդին. ու ցամաքից փչող քամին առաջվա պես պինդ բռնել էր ինձ և առաջն արած քշում էր։ Երեք անգամ գիշերը փոխվեց, դարձավ գունատ լուսաբաց, իսկ երկիրն այդպես էլ չերևրաց. ու ծովափից փչող քամին բաց չթողեց ինձ։ Ու երբ վրա հասավ չորրորդ օրը, ես գժի պես էի։ Թիավարել չէի կարողանում, որովհետե սովից թուլացել էի, իսկ ծարավն այնպես էր տանջում, որ գլուխս պտտվում էր հա՛ պտտվում։ Բայց ծովն արդեն հանդարտվել էր, և փչում էր հարավային տաք քամի, ու երբ ես նայեցի չորս կողմս, մի այնպիսի տեսարան պատկերացավ աչքիս, որ մտածեցի՝ հո չե՞մ խենթացել։

Նամ֊Բոքը մի քիչ դադար տվեց, որպեսզի ատամների արանքը մնացած սաղմոնի մսաթելը հանի, իսկ նրա շուրջը նստած տղամարդիկ ու կանայք թողել էին իրենց գործը, վզները ձգել ու սպասում էին։

— Դա նավակ էր, մի մեծ նավակ։ Եթե բոլոր նավակները, որ ես երբևէ տեսել եմ, իրար վրա դնես ու մի նավակ դարձնես, էլի, այնուամենայնիվ, այդքան մեծ չի լինի։

Կասկածի բացականչություններ լսվեցին, և բազում տարիների կյանք ունեցող Քուդախը գլուխը տարուբերեց։

— Եթե ամեն մի բայդարկան մի ավազահատիկի չափ դառնա,— շարունակեց պնդել Նամ֊Բոքը,— և եթե այնքան բայդարկա լինի, ինչքան այս ափին ավազահատիկ կա, և դրանք բոլորը որ հավաքես մի տեղ, էլի այդքան մեծ նավակ չեն կազմի, ինչ որ ես չորրորդ օրը տեսա։ Դա շա՜տ մեծ նավակ էր, և կոչվում էր շխունա։ Ես տեսա, որ այդ հրաշք նավակը, այդ մեծ շխունան, ուղիղ գալիս է ինձ վրա, իսկ դրա մեջ մարդիկ կան...

— Սպասիր, ով Նամ֊Բոք,— բացա կանչեց Օփի֊Քուոնը.— ի՞նչ մարդիկ էին դրանք, մեծ մարդիկ էին։

— Չէ՜, նրանք էլ այնպիսի մարդիկ էին, ինչպես ես ու դու։

— Մեծ նավակն արա՞գ էր գնում։

— Հա։

— Նավակը մեծ էր, մարդիկ՝ փոքր,— ճշգրտության համար այդ տվյալներն ընդգծեց Օփի֊Քուոնը։— Ու այդ մարդիկ երկար թիերո՞վ էին թիավարում։

Նամ֊Բոքը քթի տակ ծիծաղեց։

— Թիեր իսկի չկային,— ասաց նա։

Բաց բերաններն ավելի լայն բացվեցին, ու տիրեց երկարատև մի լռություն։ Օփի֊Քուոնը Քուգախից խնդրեց ծխամորճն ու մի քանի անգամ մտազբաղ ներս քաշեց ծուխը։ Ջահել կանանցից մեկը քթի տակ մանրիկ ծիծաղեց ջղային ծիծաղով, ու այդ արարքով իր վրա դարձրեց մարդկանց ցասումնալից հայացքները։

— Ուրեմն թիեր չկայի՞ն,— կամացուկ հարցրեց Օփի-Քուոնը՝ ծխամորճը վերադարձնելով տիրոջը։

— Հարավային քամին հետևից էր փչում,— պարզաբանեց Նամ֊Բոքը։

— Բայց քամին դանդաղ է քշում նավակը։

— Շխունան թևեր ուներ, ա՛յ, այս տեսակ թևեր։

Նամ֊Բոքն ավազի վրա թեթևակի գծեց երկկայմ առագաստանավի կայմերի և առագաստների սխեման, և տղամարդիկ նրա շուրջը հավաքվելով, սկսեցին ուսումնասիրել։ Այդ պահին մինչև ոսկորները թափանցող քամի էր փչում, և ավելի լավ հասկացնելու համար Նամ֊Բոքը բռնեց մոր շալի ծայրերն ու ձգեց, այնպես որ շալն առագաստի նման փքվեց։ Բասք֊Վա֊Վանը դիմադրում էր ու նախատում, բայց քամին բռնեց նրան և ափով քարշ տվեց. մի տասը քայլ անցնելուց հետո նա շնչակտուր ընկավ ծովի բերած տաշեղների կույտի վրա։ Տղամարդիկ հասկացողի տեսքով կռնչում էին, սակայն Քուգախը հանկարծ ետ գցեց իր ալեհեր գլուխը և քահ֊քահ ծիծաղեց։

— Հո֊հո֊հո֊հո՜,— քրքջում էր նա.— հիմար բան է քո այդ մեծ նավակը, զուտ հիմարություն, քամու խաղալիք. քամին որ կողմը փչի, այն կողմն էլ կգնա այդ քո նավակը։ Այդ տեսակ նավակով մարդ չի իմանա, թե որ ափին մոտենա, նրա համար, որ այդ նավակը միշտ էլ քամու ուղղությամբ է գնում, իսկ քամին ուր ուզենա՝ կփչի. և ոչ ոքի հայտնի չէ, թե հիմա որ կողմը կփչի։

— Այդպես է, ճիշտ է,— հպարտ֊հպարտ հաստատեց Օփի-Քուոնը։— Քամու ուղղությամբ գնալը հեշտ է, բայց երբ քամին հանդիպակաց է, մարդ ստիպված ամբողջ ուժով պիտի կռվի հետը. իսկ քանի որ մեծ նավակի մարդիկ թիեր չեն ունեցել, ուրեմն՝ իսկի չէին կարողանա կռվել։

— Շատ հարկավոր է նրանց համար քամու դեմ կռվելը,— բարկացած գոչեց Նամ֊Բոքը,— շխունան քամուն հակառակ էլ է գնում։

— Բա դու ասում էիր՝ ինչն էր շխու... շխու... շխունան շարժո՞ւմ, հը՞,— հարցրեց Քուգախը, ճարտարությամբ հաղթահարելով անծանոթ բառը։

— Քամին,— հետևեց շտապողական պատասխանը։

— Քամին շխու... շխու... շխունան քշում է քամու դե՞մ։— Այստեղ ծեր Քուգախը առանց քաշվելու աչքով արեց Օփի-Քուոնին և, ընդհանուր ծիծաղի ներքո, շարունակեց։— Քամին փչում է հարավից ու շխունան քշում է հարավ։ Քամին քամու դեմ է փչում։ Քամին միևնույն ժամանակ և այս կողմ է փչում, և այն կողմ։ Շա՛տ հասարակ բան է։ Մենք հասկացանք, Նամ-Բոք, մենք ամեն ինչ հասկացանք։

— Դու տխմա՛ր ես։

— Քո շուրթերը ճշմարտություն են ասում,— հեզորեն պատասխանեց Քուգախը.— ախր շատ երկար ժամանակ ես չէի կարողանում հասկանալ ամենահասարակ բանը։

Նամ֊Բոքի դեմքը խոժոռվեց. և նա արագ֊արագ ինչ֊որ բառեր ասաց, որ ունկնդիրները առաջ երբեք չէին լսել։ Բոլորը կրկին իրենց գործին անցան՝ ոմանք ոսկորի վրա փորագրություն էին անում, ոմանք էլ մորթիներ էին մաքրում. իսկ Նամ֊Բոքը պինդ սեղմեց շրթունքները, որպեսզի բերանից այնպիսի բառեր դուրս չթռչեն, որոնց, միևնույն է, ոչ ոք չի հավատա։

— Էդ շխու... շխու... շխունան,— անվրդով հարցրեց Քուգախը,— մեծ ծառի՞ց էր շինված։

— Այդ շխունան բազմաթիվ ծառերից էր շինված,— կարճ կտրեց Նամ֊Բոքը.— դա շա՜տ մեծ էր։

Նամ֊Բոքը կրկին խոժոռվեց ու լռեց. իսկ Օփի֊Քուոնը ծածուկ բոթեց Քուգախին, որը կասկածամիտ զարմանքով տարուբերեց գլուխն ու շշնջաց.

— Ջարմանալու բան է։

Նամ֊Բոքը բռնվեց ձկան պես։

— Դա ի՜նչ է որ,— ասաց նա թեթևամտորեն,— բա որ շոգենավը տեսնեի՜ք... Ինչքան որ բայդարկան է ավազի հատիկից մեծ, ինչքան որ շխունան է բայդարկայից մեծ, այնքան անգամ էլ շոգենավը մեծ է շխունայից։ Բացի դրանից, շոգենավը շինված է երկաթից։ Ամբողջ շոգենավը երկաթից է։

— Չէ, չէ, Նամ֊Բոք,— բացականչեց ավագը,— ո՞նց կարող է պատահել։ Երկաթը միշտ էլ ջրի տակն է իջնում։ Լսիր՝ ինչ եմ ասում։ Հարևան գյուղի ավագին մի բան տվի ու դանակն առա. ու երեկ դանակը ձեռքիցս դուրս պրծավ, ընկավ ջուրն ու ձեռաց իջավ ցած՝ ծովի խորքը։ Ամեն բան իր օրենքն ունի։ Ամեն առարկա էլ իր օրենքն ունի, մենք էդ գիտենք։ Դեռ մի բան էլ ավելի. մենք գիտենք, որ բոլոր տեսակի առարկաների համար մի օրենք կա. ու դրա համար բոլոր երկաթեղենն էլ մի օրենք ունի։ Այնպես որ հրաժարվիր քո խոսքերից, Նամ-Բոք, թե չէ մենք կկորցնենք հարգանքը քո նկատմամբ։

— Բայց դա այդպես է,— համառեց Նամ֊Բոքը,— շոգենավն ամբողջովին երկաթից է ու չի խորտակվում։

— Չէ, չէ՜, էդպես չի կարող լինել։

— Ես իմ աչքով եմ տեսել։

— Դա իրերի բնույթին հակառակ է։

— Բայց ասա ինձ, Նամ֊Բոք,— ընդհատեց Քուգախը՝ վախենալով, որ պատմությունր դրանով կվերջանա.— ասա ինձ. էդ մարդիկ ինչպե՞ս են ճամփան գտնում ծովում, երբ ափը չի երևում։

— Արևն է նրանց ճամփա ցուչց տալիս։

— Էդ ո՞նց, է՜...

— Շխունայի ավագը մի բան ունի. այդ առարկայի միջով մարդիկ նայում են արևին։ Եվ ահա, կեսօրին շխունայի ավագն այդ բանը վերցնում է ու նայում. և արևին ստիպում է երկնքից իջնել երկրի ծայրին։

— Բայց դա կախարդանք է,— նման սրբապղծությունից շշմած, բղավեց Օփի֊Քուոնը։ Տզամարդիկ ձեռքերը սարսափով վեր կարկառեցին, կանայք վայնասուն բարձրացրին։— Դա նողկալի կախարդանք է։ Անչափ վատ է մեծափառ արևին շեղել իր ճամփից. նա քշում է գիշերն ու մեզ փոկ, սաղմոն ու ջերմություն է տալիս։

— Հետո ինչ, որ կախարդանք է,— կոպիտ կերպով հարցրեց Նամ֊Բոքը։— Ես էլ եմ նայել արևին այդ բանի միջով ու ստիպել եմ, որ արևն իջնի երկնքից։

Նամ֊Բոքի շուրջը նստած մարդիկ փութով մի կողմ քաշվեցին, իսկ կանանցից մեկը ծածկեց իր գրկում պառկած մանկան դեմքը, որ Նամ֊Բոքի հայացքը չընկնի նրա վրա։

— Իսկ ինչ եղավ չորրորդ օրվա առավոտյան, ով դու Նամ֊Բոք,— զդուշությամբ հիշեցրեց Քուգախը.— չորրորդ օրվա առավոտը, երբ շխու... շխու.. շխունան ընկավ քո հետևից։

— Իմ մեջ այնքան քիչ ուժ էր մնացել, որ նրանից հեռանալ չէի կարողանում։ Եվ ահա, ինձ նավ բարձրացրին, կոկորդս ջուր լցրին ու հրաշալի սնունդ տվին։ Իմ եղբայրներ, դուք միայն երկու սպիտակ մարդ եք տեսել։ Իսկ շխունայի բոլոր մարդիկ էլ սպիտակներ էին. ու նրանք այնքան էին, որքան որ մատ ունեմ ձեռքերիս ու ոտքերիս վրա։ Ու երբ տեսա, որ այդ մարդիկ բարի են, համարձակ դարձա ու որոշեցի ամեն ինչ միտս պահել, որպեսզի հետո պատմեմ ձեզ, ինչ որ տեսել եմ։ Եվ նրանք սովորեցրին իրենց գործը, և կերակրում էին ընտիր ուտելիքով, և քնելու առանձին տեղ տվին։

Ու մենք օրեր շարունակ գնում էինք ծովով, և ամեն օր ավագը երկնքից ցած էր քաշում արևն ու ստիպում էր, որ նա ասի, թե որտեղ ենք գտնվում մենք։ Ու երբ ծովը մեղմ ու սիրալիր էր լինում, մենք փոկ էինք որսում, ու ես շատ էի զարմանում այդ մարդկանց վրա, որովհետև նրանք միսն ու ճարպը ծովն էին գցում, ու մենակ մորթիներն էին պահում իրենց համար։

Օփի֊Քուոնը բերանը ծռեց ու արդեն պատրաստվում էր ծաղրել նման շռայլությունը, բայց Քուգախը բոթեց նրա կողքն ու ստիպեց ձայն չհանել։

— Հետո ծանր ժամանւակներ եկան, արևը հեռացավ ու սառնամանիքն սկսեց վառել մեր մաշկը. և այն ժամանակ ավագը շխունան ուղղեց դեպի հարավ։ Օրեր շարունակ լողում էինք դեպի հարավ ու արևելք, ու ոչ մի անգամ ցամաք չտեսանք. մի օր էլ սկսեցինք մոտենալ այն գյուղին, որը նավի մեջ եղած մարդկանց ծննդավայրն էր...

— Նրանք ի՞նչ էին իմանում, թե մոտենում են,— հարցրեց Օփի֊Քուոնը, որն այլևս ուժ չուներ իրեն զսպելու.— չէ՞ որ ցամաքը չէր երևում։

Նամ֊Բոքը ցասումնալից մի հայացք նետեց նրա վրա։

— Բա ես չասացի՞, որ ավագը երկնքից ցած էր բերում արևը։

Սակայն Քուգախը հանգստացրեց Օփի֊Քուոնին, և Նամ-Բոքը շարունակեց.

— Ուրեմն այսպես. ասում էի, որ երբ մենք սկսեցինք մոտենալ այն գյուղին, սարսափելի մի փոթորիկ պայթեց, ու մենք մթության մեջ անօգնական էինք, որովհետև չգիտեինք, թե որտեղ ենք գտնվում...

— Դու հենց նոր ասացիր, թե ավագն իմանում էր...

— Սո՛ւս կաց, Օփի֊Քուոն, դու տխմար ես ու չես հասկանում։ Ես ասում եմ, թե մթության մեջ մենք անօգնական էինք։ Եվ հանկարծ, փոթորկի որոտմունքի միջից ես ափին զարնվող ալիքների աղմուկ լսեցի։ Ու հենց նույն րոպեին էլ մենք բախվեցինք ինչ֊որ բանի, ու մեկ էլ տեսա, որ ես ջրի մեջ եմ. ու սկսեցի լող տալ։ Ափը ժայռոտ էր. և այդ ժայռերը ձգվում էին շատ ու շատ մղոններ։ Եվ միայն մի տեղում ավազի նեղ մի շերտ կար, բայց ինձ վիճակված էր ափ ելնել ծովափի խութերի միջով։ Մյուսները երևի ջարդուփշուր եղան ժայռերին խփվելով, որովհետև նրանցից և ոչ մեկը չկար ափին, ավագից բացի։ Ես նրան ճանաչեցի մատին եղած մատանուց միայն։

Երբ օրը բացվեց, ու ես համոզվեցի, որ շխունայից ոչինչ չի մնացել, աչքս գցեցի ցամաքին ու քայլեցի դեպի նրա խորքը, որպեսզի ինձ համար սնունդ ճարեմ ու մարդկանց երես տեսնեմ։ Երբ ես մոտեցա մի կացարանի, ինձ ներս թողեցին և ուտելու բան տվին, որովհետև սպիտակ մարդիկ բարի են, իսկ ես նրանց լեզվով խոսել սովորեցի։ Եվ այն տունը, ուր ես ընկա, ավելի մեծ էր, քան մեր շինած բոլոր տները, և ավելի մեծ, քան թե մեր հայրերի մինչև հիմա շինած տները։

— Այ թե մեծ է եղել այդ տունը, հա՜,— ասաց Քուգախը, անվստահությունը զարմանքի տակ թաքցնելով։

— Ու այդ տունր շինելու համար շատ ծառեր են օգտագործել,— նույն տոնով ասաց Օփի֊Քուոնը։

— Այդ տունն ի՞նչ է որ, դատարկ բան.— քամահրանքով ուսերը թոթվեց Նամ֊Բոքը։— Ոնց որ մեր տներն են փոքր դրա մոտ, այնպես էլ այդ տունն էր փոքր՝ համեմատած այն տների հետ, ինչ որ ես հետո տեսա։

— Իսկ մարդի՞կ, մարդիկ է՞լ էին մեծ։

— Չէ՛, մարդիկ այնպես էին, ինչպես ես ու դու,— պաւտասխանեց Նամ֊Բոքը։— Ես ինձ համար մի փայտ կտրեցի, որ հարմար լինի քայլելը. ու հիշելով, որ ամեն ինչի մասին պիտի պատմեմ ձեզ, եղբայրներ, այն տանն ապրող ամեն մի մարդու համար փայտիս վրա մի խազ արեցի։ Ու ես այնտեղ ապրեցի շատ օրեր և աշխատեցի, և դրա համար ինձ փող էին տալիս։ Դուք չեք իմանում, թե դա ինչ բան է. բայց դա շատ լավ բան է։

Հետո ես այդտեղից հեռացա ու ճամփաս շարունակեցի։ Ճամփին ես շատ մարդու հանդիպեցի ու փայտիս վրա սկսեցի փոքր խազեր անել, որ բոլորի համար էլ հերիքի տեղը։ Ու մեկ էլ հանկարծ ես խիստ զարմանալի մի բան տեսա։ Գետնին, աչքիս առաջ, երկաթի մի շերտ էր ընկած, որ թևիս հաստությունն ուներ, իսկ դրանից մի քայլ այն կողմ, մի ուրիշ երկաթի շերտ էր ընկած...

— Նշանակում է, դու հարուստ մարդ դարձար,— եզրակացրեց Օփի֊Քուոնը.— քանի որ երկաթը ամենաթանկ բանն է աշխարհի երեսին։ Այդքան շերտերից շատ դանակ դուրս կգար։

— Բայց այդ երկաթն իմը չէր։

— Դա գտած բան է, և պատկանում է նրան, ով գտել է։

— Չէ՜. այդ շերտերը դրել էին սպիտակ մարդիկ։ Ու հետո, այդ շերտերն այնքան երկար էին, որ ոչ մի մարդ չէր կարոդանա վերցնել ու տանել. այնքան երկար էին, որ ինչքան աչքս կտրեց՝ նայեցի, բայց ծայրը չտեսա։

— Նամ-Բոք, չափից դուրս շատ երկաթ չեղա՞վ ասածդ,— նախազգուշական ձևով նկատեց Օփի֊Քուոնը։

— Այո՛, ես էլ դժվարութչամբ էի հավատում, չնայած որ այդ շերտերը ձգված էին իմ աչքի առաջ. բայց աչքերս ինձ չէին խաբում։ Ես կանգնել ու նայում էի և հանկարծ լսեցի...— Նամ֊Բոքն արագ շուռ եկավ դեպի ավագը։— Օփի֊Քուոն, գիտե՞ս, թե ինչպես է մռնչում կատաղած ծովառյուծը։ Պատկերացրու այնքան ծովառյուծ, որքան ալիք կա ծովում, և պատկերացրու, որ այդ բոլոր ծովառյուծները միացել դարձել են մի առյուծ։ Եվ ահա, եթե մռնչար այդպիսի առյուծը, ապա նրա մռնչյունը նման կլիներ այն ձայնին, որ ես լսեցի։

Ապշած ձկնորսները բարձր գռռացին, իսկ Օփի֊Քուոնի ծնոտը զարմանքից կախ ընկավ։

— Եվ հեռվում ես տեսա մի հրեշ, որ հազար կետի էր հավասար։ Այդ հրեշը միաչքանի էր, և ծուխ էր ժայթքում, և այնպես էր փնչացնում, որ կխլանայիր։ Վախից ծնկներս դողացին, բայց ես վազեցի երկաթե շերտերի միջև ընկած կածանով։ Իսկ նա մոտենում էր քամու արագությամբ, այդ հրեշը, էլի հազիվ հասցրի ցատկել մի կողմ. ցատկեցի թե չէ, այդ հրեշն իր տաք շնչով վառեց երեսս...

Օփի֊Քուոնը ուշքի եկավ. նրա ծնոտը տեղն ընկավ, և նա հարցրեց.

— Իսկ հետո՞, ի՞նչ եղավ հետո, ո՛վ դու Նամ֊Բոք։

— Հետո այդ հրեշը երկաթե շերտերի վրայով թռավ անցավ կողքովս ու ինձ ոչ մի վնաս չտվեց. իսկ երբ ոտքերիս դողն անցավ, նա գնաց անհետ ացավ։ Եվ այն կողմերում դա ամենասովորական բանն է։ Այդ հրեշներից չեն վախենում նույնիսկ կանայք ու երեխաները, և մարդիկ դրանց ստիպում են աշխատել։

— Ոնց որ մենք ենք մեր շներին ստիպում աշխատե՞լ,— հարցրեց Քուգախը, և նրա աչքերը թերահավատորեն փայլեցին։

— Այո, ոնց որ մենք ենք մեր շներին ստիպում աշխատել։

— Իսկ այդ... այդ հրեշները ո՞նց են սերունդ տալիս,— հետաքրքրվեց Օփի֊Քուոնը։

— Նրանք բոլորովին էլ սերունդ չեն տալիս, չեն բազմանում։ Մարդիկ հմուտ վարպետների պես դա շինում են երկաթից ու կերակրում են քարերով և ջուր են խմեցնում։ Քարերը կրակ են դառնում, ջուրը՝ գոլորշի, իսկ այդ գոլորշին էլ հենց նրա քթածակերի շունչն է և...

— Հերիք է, հերիք, ո՛վ Նամ֊Բոք,— նրա խոսքն ընդհատեց Օփի֊Քուոնը.— ուրիշ հրաշքների մասին պատմիր։ Մենք հոգնեցինք էն տեսակ բաներից, որոնք չենք հասկանում։

— Դուք չե՞ք հասկանում,— հուսահատ գոչեց Նամ֊Բոքը։

— Չէ, չենք հասկանում,— վհատ արձագանքեցին և՛ տղամարդիկ, և՛ կանայք.— մենք չենք կարող հասկանալ։

Նամ֊Բոքը մտաբերեց այն բարդ մեքենաները, որոնք միանգամից թե՛ հնձում են, թե՛ կալսում, և այն մեքենաները, որ կենդանի մարդկանց պատկերն են ցույց տալիս, և այն մեքենաները, որոնց միջից մարդկային ձայներ են դուրս գալիս... Եվ Նամ-Բոքի համար պարզ դարձավ, որ իր ժողովուրդր ոչ մի դեպքում չի հասկանա այդ բոլորը։

— Իսկ եթե ձեզ ասեմ, որ ես այդ տեսակ հրեշով ճամփորդել եմ այդ երկրո՞ւմ, հը՞,— հարցրեց Նամ֊Բոքը դառնացած։

Օփի-Քուոնը տարածեց թևերը, չփորձելով թաքցնել իր թերահավատությունը։

— Խոսիր, խոսիր, պատմիր՝ ինչ ուզում ես. մենք լսում ենք։

— Ուրեմն այսպես, ես նստեցի այդ հրեշն ու ճամփա գնացի, ու դրա համար փող տվեցի...

— Ախր դու ասացիր, թե այդ հրեշին քարերով են կերակրում, է՜...

— Տխմա՛ր, ասացի չէ՞՝ փողն այն տեսակ մի բան է, որի մասին դու իսկի գաղափար էլ չունես։ Ուրեմն, այդ հրեշը նստած ես ման եկա ամբողջ երկրում՝ մի ծայրից մյուսը, և անցա բազմաթիվ գյուղերի մոտով, մինչև որ հասա մի մեծ գյուղ, որ ծովածոցի ափին էր։ Տներն այնտեղ իրենց կտուրները բարձրացրել հասցրել են երկնքի աստղերին. ու նրանց կողքով անցնում էին ամպերը, և ամեն տեղ լիքը ծուխ կար։ Եվ այդ գյուղի աղմուկն այնքան ուժեղ էր, ինչքան որ փոթորկված ծովի աղմուկն է, իսկ ժողովուրդն այնքան շատ էր, որ ես փայտս դեն գցեցի և այլևս չէի մտածում խազ անելու մասին։

— Դու որ փոքր֊փոքր խազեր անեիր,— կշտամբանքով նկատեց Քուգախը,— հիմա ամեն ինչ լրիվ կկարողանայիր պատմել։

— Եթե ես փոքր խազե՜ր անեի,— իրեն կորցրած, նրա վրա հարձակվեց Նամ֊Բոքը։— Լսիր, Քուգախ, դու, որ մենակ ոսկոր ճանկռել գիտես... Եթե ես նույնիսկ ամենափոքր խազերն անեի, էլի չէր հերիքի ոչ միայն այն փայտը, այլև քսան այդպիսի փայտ, չէ՜, ի՞նչ եմ ասում, չէին բավականացնի բոլոր այն գերանները, որ ծովը ափ է հանում մեր ու հարևան գյուղերի արանքում։ Եվ եթե դուք բոլորդ կանանց ու երեխաների հետ միասին, քսան անգամ շատ լինեիք, ու եթե ամեն մեկը քսան ձեռք ունենար և ամեն մեկիդ ձեռքին փայտ ու դանակ, մեկ է, էլի անհնար կլիներ այնքան խազ անել, ինչքան մարդ որ ես տեսնում էի, այնքան մարդ կար և այնքան արագ էին անցնում նրանք իմ կողքով, որ...

— Ամբողջ աշխարհն էլ որ ման գաս, այդքան ժողովուրդ չի լինի,— առարկեց Օփի֊Քուոնը, որովհետև շվարած էր ու մտքով այդքան վիթխարի քանակություններ ընդգրկել չէր կարող։

— Ախր դու ի՞նչ գիտես ամբողջ աշխարհի մասին և այն բանի մասին, թե որքան մեծ է նա,— հարցրեց Նամ-Բոքը։

— Բայց այդքան մարդ մի տեղում չի կարող լինել։

— Ով ես դու, որ ասես, թե ինչը կարող է լինել և ինչը՝ ոչ։

— Դե՛, պարզ բան է, ախր, որ այդքան մարդ մի տեղում լինել չի կարող։ Նրանց նավակները ամբողջ ծովի երեսը կբռնեին այնպես, որ շարժվելու տեղ էլ չէր լինի։ Ու ամեն օր նրանք ծովից կհանեին բոլոր ձկները... ու մեկ է, էլի չէր բավականացնի։

— Կարծես թե իսկականից այդպես էլ պիտի լինի,— պատասխանեց Նամ֊Բոքը, ավարտելով զրույցը.— և, սակայն, ինչ որ ասացի, ճշմարիտ է։ Ես իմ սեփական աչքերով տեսա ամեն ինչ, դրա համար էլ փայտս դեն գցեցի։

Նամ֊Բոքը լայնբերան հորանջեց ու ոտքի ելավ։

— Ես շատ հեռվից եմ եկել նավակով. օրը երկար էր, ու ես հոգնել եմ։ Հիմա ես կպառկեմ ու կքնեմ, իսկ վաղը մենք էլի կխոսենք իմ տեսածի մասին։

Բասք֊Վա֊Վանը վեհերոտ ու կաղալով առաջ գնաց թե՛ հպարտանալով իր զարմանալի որդով, և թե միևնույն ժամանակ նրա նկատմամբ երկյուղած սարսափ զգալով։ Նամ-Բոքին նա տարավ իր խրճիթն ու պառկեցրեց ճարպոտ, գարշահոտ ու փափուկ մորթու վրա։ Սակայն տղամարդիկ մնացին խարույկի մոտ, որպեսզի խորհուրդ անեն, և այդ խորհրդում երկար ժամանակ քչփչում էին ու վիճում։

Անցավ մի ժամ, անցավ երկու ժամ։ Նամ֊Բոքը ննջում էր, իսկ խարույկի մոտ վեճը շարունակվում էր։ Իրիկնային արևը թեքվել էր հյուսիսի կողմը և ժամը տասնմեկին գրեթե կանգնեց ուղիղ հյուսիսում։ Այդ ժամանակ ավագն ու քանդակողը հեռացան խորհրդից և Նամ֊Բոքին արթնացրին։ Նա քնակոլոլ աչքերը թարթելով, նայեց նրանց երեսին ու շուռ եկավ մյուս կողքի վրա։ Սակայն Օփի֊Քուոնը անչար, բայց վճռական կերպով սկսեց ցնցել նրա ուսերը, մինչև որ Նամ֊Բոքը լրիվ սթափվեց։

— Դե՛, Նամ֊Բոք, դե՛, վեր կաց,— հրամայեց նա.— ժամանակն է։

— Նորի՞ց ուտելու,— գոռաց Նամ֊Բոքը։— Չէ, չէ՜, ես քաղցած չեմ. կերեք ինքներդ ու թողեք քնեմ։

— Հեռանալու ժամանակն է,— որոտաց Քուգախը։

Սակայն Օփի֊Քուոնն այդքան խիստ չէր։

— Երբ ես ու դու մանչուկներ էինք, միասին էինք բայդարկայով ծով դուրս գալիս,— ասաց նա։— Մենք առաջին անգամ միասին գնացինք փոկ որսալու և սաղմոնները միասին էինք դուրս քաշում ծուղակից։ Եվ դու ինձ նորից կյանք տվիր, Նամ֊Բոք, երբ ծովն սկսեց ծածկել իմ գլուխը, և հոսանքն ինձ սկսեց քաշել սև ժայռերի տակ։ Մենք միասին էինք քաղցած մնում ու ցրտից դողում, ու երկուսով մտնում էինք մի մորթու տակ և իրար պինդ սեղմված՝ պառկում կողք֊կողքի։ Այս բոլոր բաների համար, այն բանի համար, որ մտերմություն եմ արել քեզ հետ, շատ եմ ցավում, որ դու վերադարձել ես մեզ մոտ՝ չտեսնված ստախոս դարձած։ Ինչ որ դու պատմեցիր, մենք ոչ մի բան չհասկացանք. ու մեր գլուխները պտույտ եկան այդ բոլորից։ Վատ բան է դա. և խարույկի շուրջը խորհուրդ անելիս շատ խոսք ու զրույց եղավ։ Ու մենք որոշեցինք, որ դու պետք է հեռանաս այստեղից, որ մեզ չշշկլացնես ու անբացատրելի բաներով չմթագնես մեր գիտակցությունը։

— Այն բոլոր առարկաները, որոնց մասին դու պատմում էիր, ստվերներ են,— Օփի֊Քուոնին ձայնակցեց Քուգախը։— Դրանք դու բերել ես ստվերների աշխարհից ու ստվերների աշխարհն էլ պիտի վերադարձնես։ Քո բայդարկան պատրաստ է, և ցեղի մարդիկ սպասում են քեզ։ Նրանք քուն չեն մտնի հանգիստ, մինչև որ դու չհեռանաս այստեղից։

Նամ֊Բոքը շվարած նայում էր ավագին, բայց չընդհատեց նրա խոսքը։

— Եթե դու Նամ֊Բոքն ես, ապա անասելի վտանգավոր ստախոս ես,— ասաց Օփի֊Քուոնը.— եթե դու Նամ֊Բոքի ստվերն ես, ապա դու պատմում էիր ստվերների մասին, իսկ կենդանի մարդկանց պետք չէ որ գիտենան էն բոլոր բաները, ինչ որ ստվերներին է վերաբերում։ Մենք այնպես ենք կարծում, որ այդ քո ասած մեծ գյուղը, որի մասին պատմեցիր, ստվերների կացարան է։ Այնտեղ սավառնում են մեռելների հոգիները, քանի որ մեռածները շատ են, իսկ կենդանիները՝ քիչ։ Մեռելները ետ չեն գալիս։ Մինչև հիմա դեռ ոչ մի մեռել ետ չի եկել. դու առաջինն ես քո զարմանալի պատմություններով։ Վայել չէ, որ մեռելները ետ գան. ու եթե մենք այդ բանը թույլ տանք, մեծ աղետ կգա մեր գլխին։

Նամ֊Բոքը լավ էր ճանաչում իր ժողովրդին և հասկանում էր, որ խորհրդի վճիռն անխախտ է։ Դրա համար էլ հլու֊հնազանդ քայլեց դեպի ծովափ, որտեղ նրան նստեցրին մակույկն ու թին ձեռքը տվեցին։ Երամից ետ մնացած մի վայրի սագ միայնակ ճչում էր ծովի վերևում, և ալիքները խուլ ծփանքով թավալվում էին ավազին։ Պղտոր աղջամուղջը կախվել էր երկրի ու ջրի վրա, իսկ հյուսիսում դանդաղորեն մարմրում էր արյան պես կարմիր մշուշով պարուրված արևը։ Ճայերը ճախրում էին ցածրաթռիչ։ Փչում էր կտրատող ու պաղ ծովափնյա քամին, ու սև, պալան-պալան բարձրացող թուխպերը վատ եղանակ էին գուշակում։

— Ծովից ելար դու,— ինչպես հմայության խոսք, երգանման արտասանեց Օփի֊Քուոնը,— ծովի գիրկն էլ վերադառնում ես։ Ու այսպես կվերականգնվի իրերի հավասարակշիռ դրությունը և ամեն ինչ կընթանա իր կարգով։

Բասք֊Վա֊Վանը կաղալով, ավելի մոտեցավ ու ճչաց.

— Օրհնյա՜լ լինես դու, Նամ֊Բոք, քանի որ մտաբերեցիր ինձ։

Բայց Քուգախը մակույկը հրեց դեպի ծով, պառավի ուսերից պոկեց շալն ու նետեց Նամ֊Բոքին։

— Ես մրսում եմ ձմռան երկար գիշերներին,— խղճալի մրմնջաց պառավը.— ցուրտն այնպե՜ս է մտնում հին ոսկորներս, որ...

— Այս շալը ստվեր է,— պատասխանեց քանդակողը,— իսկ ստվերը քեզ չի տաքացնի։

Նամ֊Բոքը ոտքի կանգնեց, որպեսզի քամին իր բառերը հասցնի մորը։

— Ո՛վ դու Բասք֊Վա֊Վան, մայր, որ ծնել ես ինձ,— գոչեց նա.— լսիր քո որդու՝ Նամ֊Բոքի խոսքը։ Բայդարկայի մեջ երկուսիս համար էլ տեղ կա, և քո որդին ուզում է, որ դու հեռանաս նրա հետ։ Այնտեղ, ուր որ նա ուղևորվում է, և՛ ձուկ, և՛ ճարպ կա ինչքան ուզես։ Սառնամանիքն այնտեղ չի հասնում, և կյանքն այնտեղ հեշտ ու հանգիստ է, ու երկաթե առարկաներ են աշխատում մարդու տեղակ։ Եկ ինձ հետ, ո՜վ դու Բասք֊Վա֊Վան։

Պառավը տատանվում էր, իսկ մա կույկը մինչ այդ հեռանում էր ափից։ Այդ ժամանակ, ուժ առնելով, նա բարձր, դողգողացող ձայնով գոռաց.

— Ես պառա՜վ եմ, Նամ֊Բոք, և շուտով ստվերների կացարանը կգնամ։ Բայց ես վաղաժամ չեմ ուզում գնալ, մի թող իմ ժամը հնչի։ Ես պառավ եմ, Նամ֊Բոք, և ես սարսափում եմ...

Կիսամութ ծովի վրա ցայտեց լույսի շողը և նավակն ու մարդուն լուսավորեց ծիրանագույն ու ոսկեգույն փայլով։ Ձկնորսներր լուռ էին։ Լսվում էր քամու ոռնոցը միայն ու մեկ էլ ցածրաթռիչ ճայերի ճիչը։