Սիվաշուհին

Գրապահարան-ից
Սիվաշուհին

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

― Եթե ես տղամարդ լինեի՜․․․— Կնոջ ասածի մեջ ոչ մի վիրավորական բան չկար, բայց վրանում գտնվող երկու տղամարդիկ կարողացան նկատել նրա սև աչքերում փայլատակած այրող արհամարհանքը։

Անգլիացի նավաստի Թոմին խիստ վիրավորված էր, բայց ծեր ասպետ Դիկ Համֆրիզը, որ կոռնուելցի ձկնորս էր և միաժամանակ ամերիկյան սաղմոնային մագնատ, կնոջը ժպտում էր սովորական բարեհոգությամբ։ Կանայք բավականին մեծ տեղ էին գրավում նրա մի քիչ կոպիտ սրտում, և նա նշանակություն չէր տալիս, ինչպես ինքն էր արտահայտվում, նրանց «ֆոկուսներին» ու չէր բարկանում, երբ նեղ մտահորիզոնը նրանց խանգարում էր ամբողջությամբ ընդդրկելու պատկերը։ Այնուամենայնիվ, ոչինչ չպատասխանեցին նրանք, այդ երկու տղամարդիկ, որոնք երեք օր առաջ իրենց վրանում ապաստան էին տվել ցրտահար կնոջը, տաքացրել նրան, կերակրել ու հնդկացի բեռնակիրներին ստիպել, որ իրերը վերադարձնեն կնոջը։ Դրա համար հարկ եղավ բավականնաչափ դոլլար վճարել և, բացի դրանից, ուժի ցուցադրման դիմել։ Դիկ Համֆրիզը, աչքերը կկոցած, վինչեստրով նշան էր բռնել նրանց վրա, մինչ Թոմին ղեկավարվելով սեփական նկատառումներով, վարձն էր բաժանում նրանց միջև։ Դա, ընդհանուր առմամբ, դատարկ բան էր, բայց մեծ նշանակություն ուներ մի կնոջ համար, որը փորձում էր (և դա խելահեղություն էր) ինքնուրույնություն ցուցաբերել 1897 թվականի ոսկու տենդից խենթացած Քլոնդայկում։ Տղամարդիկ բավականաչափ հոգսեր ունեին և, բացի դրանից, նրանք անբարյացակամ էին այն կանանց նկատմամբ, որոնք փորձում էին ինքնուրույն կերպով հաղթահարել արկտիկական ձմեռվա դժվարությունները։

― Եթե ես տղամարդ լինեի, գիտեմ, թե ինչ կանեի,— կրկնեց Մոլլին՝ նա, որի աչքերը փայլատակում էին այրող արհամարհանքով, և նրա ձայնի մեջ հնչեց ամերիկացիների հինգ սերունդների կուտակած ամբողջ համառությունը։

Լռություն տիրեց։ Թոմին պաքսիմատներով թավան դրեց յուքոնյան վառարանի մեջ ու փայտ ավելացրեց։ Նրա արևայրուքի տակ տարածվում էր կարմիր ալիքը, և երբ նա կռացավ, երևաց նրա կարմրատակած վիզը։ Դիկը, կարծես ոչինչ չէր եղել, շարունակում էր կտրված փոկերը կարել առագաստային եռանիստ ասեղով։ Նա բավական բարեհոգի էր և նրան չէր կարող խռովել կանացի զայրույթի այն փոթորիկը, որն ամեն րոպե սպառնում էր պայթել քամու ճնշման տակ ցընցվող վրանում։

― Ասենք թե տղամարդ լինեիք, ի՞նչ կանեիք,— սիրալիր հարցրեց նա։

Ասեղը լռվեց հում կաշվի մեջ, և նա մի պահ աշխատանքն ընդհատեց։

― Եթե ես տղամարդ լինեի, փոկերը կկապեի ու կգնայի իրերի հետևից։ Ես վրանում չէի նստի այն ժամանակ, երբ ուր որ է Յուքոնը կսառչի, իսկ իրերը դեռևս լեռնանցքում են։ Իսկ դուք... դուք, տղամարդիկդ, ձեռքներդ ծալած նստել եք այստեղ և վախենում եք ինչ֊որ անձրևից։ Ես ուղղակի ձեր երեսին կասեմ՝ յանկիներն ուրիշ նյութից են կերտված։ Հիմա նրանք Դոուսոն կգնային, եթե անգամ հարկադրված լինեին մինչև ծնկները դժոխային բոցի միջով քայլել։ Իսկ դուք, դուք... Ախ, եթե ես տղամա՜րդ լինեի։

― Իսկ ես, սիրելիս, ուրախ եմ, որ դուք տղամարդ չեք,— նկատեց Դիկ Համֆրիզը, կոշտ թելը փաթաթելով ասեղի ծայրին և մի քանի ճարպիկ ձգումներով անցկացնելով փոկի միջով։

Պոռթկացող մրրկահողմը շաչյունով խփեց վրանին, և սառցահատիկները ուրախ չարությամբ թմբկահարեցին բարակ բրեզենտը։ Ծուխը դուրս պրծնել չկարողացավ և փչեց վառարանից, վրանը լցնելով թաց եղևնափայտի կծու հոտով։

― Ախ դու, սատանա։ Ինչո՞ւ կինը չի կարող խելամիտ լինել։— Թոմին դուրս թռավ ծխապատ խորքից և կարմրած, արցունքոտ աչքերով նայեց Մոլլիին։

― Իսկ ինչո՞ւ տղամարդը չի կարող ապացուցել, որ ինքը տղամարդ է։

Թոմին վեր թռավ, այնպիսի հայհոյանք տալով, որը կսարսափեցներ ավելի փափկասուն մի կնոջ, թափով արձակեց հանդույցները և բաց արեց վրանի դուռը։

Երեքն էլ դուրս նայեցին։ Նրանց առջև բացված տեսարանը ոչ մի կերպ ուրախ անվանել չէր կարելի։ Առջևում ընկած էին մի քանի ամբողջովին թաց վրաններ, իսկ նրանց հետևում հեղեղները լանջով իջնում էին դեպի փրփրադեզ կիրճը։ Այստեղով սրընթաց հոսում էր վարարած լեռնային գետակը։ Այս ու այնտեղ հողի բարակ շերտից կառչած թզուկ եղևնիները խոսում էին անտառի մոտիկության մասին։ Հակադիր լանջին, տեղատարափ անձրևի շեղակի ցանցի հետևում կարելի էր տեսնել կապարագույն-սպիտակ սառցադաշտի աղոտ գծագրումները։ Եվ հենց նրանց աչքի առաջ ինչ֊որ ստորերկրյա ցնցումից մի վիթխարի բեկոր դանդաղ անջատվեց նրանից ու գլորվեց ձորը․ այդ ծանր դղրդյունը մի պահ խլացրեց փոթորկի ոռնոցը։ Մոլլին ակամայից ընկրկեց։

― Ապա մի նայիր, կի՛ն։ Լա՛վ նայիր։ Մինչև Խառնարանային լիճը երեք մղոն պետք է քայլենք կատաղի հողմին ընդդեմ, անցնելով երկու սառցադաշտ, լպրծուն ելուստներ, մինչև ծնկները ջրի մեջ... Դե նայի՛ր, կին-յանկի։ Նայիր, ահա նրանք, քո տղամարդ յանկիները։— Թոմին կատաղությամբ ձեռքով արեց դեպի գետնին սեղմվող վրանները։— Այնտեղ են բոլոր յանկիները, մինչև վերջին մարդը։ Իսկ ի՛նչ է, նրանք Դոուսոն են գնո՞ւմ։ Նրանցից գոնե մեկնումեկը փոկեր կապե՞լ է։ Եվ դու ուզում ես մեզ՝ տղամարդկանցս, սովորեցնել, թե ինչ ենք անելո՞ւ։ Նայի՛ր, ասում եմ քեզ։

Եվս մի վիթխարի սառցաբեկոր դղրդյունով գլորվեց ձորը։ Քամին խփում էր վրանի ներսը, ուռցնում այն և թվում էր, ուր որ է կպոկի պարանները, ու վրանը հսկայական փուչիկի պես օդ կբարձրանա։ Նրանց շուրջը պատվում էին ծխի քուլաները, իսկ սառցահատիկները խփվում էին դեմքներին։ Թոմին արագ կոճկեց դուռը և նորից զբաղվեց վառարանով։ Դիկ Համֆրիզը նորոգված փոկերը գցեց մի անկյուն ու ծխամորճը վառեց։ Նույնիսկ Մոլլին մի քանի րոպե խաղաղվեց։

― Բայց ախր իմ զգեստներն այնտեղ են,— հեկեկաց նա, ենթարկվելով կանացի թուլությանը։— Դրանք վերևից են դրրված ու կփչանան։ Այ կտեսնե՜ք։

― Վշտանալու հարկ չկա,— միջամտեց Դիկը, երբ վերջին սրտաճմլիկ խոսքը լռեց օդում,— վշտանալու հարկ չկա, սիրելիս։ Ես այնքան ծեր եմ, որ ձեզ հորեղբոր տեղ կգամ։ Իմ աղջիկը ձեզնից մեծ է։ Երբ Դոուսոն հասնենք, ինչքան ուզեք փալասներ կառնեմ ձեզ համար։ Եթե նույնիսկ ստիպված լինեմ իմ վերջին դոլլարը ծախսել։

― Ե՞րբ կհասնենք Դոուսոն։— Կնոջ ձայնը նորից դարձավ կծու ծաղրական։— Ախր դուք ողջ֊ողջ կփտեք ճանապարհին կամ կխեղդվեք կեղտոտ ջրափոսում։ Է՜հ, դուք․․․ անգլիացինե՜րդ․․․

Նա վերջին բառի մեջ դրեց իր ամբողջ կատաղությունը։ Եթե սա էլ նշանակություն չունենա այդ տղամարդկանց համար, նշանակում է ընդհանրապես ոչնչով չես ազդի նրանց վրա։ Թոմիի վիզը նորից կարմրատակեց, բայց նա միայն ավելի ամուր սեղմեց ատամները։ Դիկի աչքերում հայտնվեց երազային արտահայտություն։ Նա ընկերոջ նկատմամբ այն առավելությունն ուներ, որ մի ժամանակ սպիտակ կնոջ հետ էր ամուսնացած եղել։

Բուն ամերիկացիների հինգ սերունդների արյունը որոշ հանգամանքներում այնքան էլ հարմար ժառանգություն չէ․ օրինակ, երբ հարկ է լինում մի հարկի տակ ապրել արյունակից ազգի ներկայացուցիչների հետ։ Այդ մարդիկ անգլիացիներ էին։ Կնոջ նախնիների սերունդները ցամաքում ու ծովում երկու դար շարունակ եղել էին իրենց նախնիների սերունդները, և այդպես կլինի միշտ։ Ցեղի ավանդությունները պահանջում էին դրանք պահպանել։ Ճիշտ է, այդ կինը սոսկ ժամանակակից կին էր, բայց նրա մեջ մեծ անցյալն էր ապրում։ Իզուր չէր, որ Մոլլի Թրևիսը հիմա հագնում էր ռետինե կոշիկներ, անջրանցիկ թիկնոց ու բեռնակապեր։ Տասնյակ հազարավոր նախնիների ուրվականային ձեռքերը ձգում էին կապերը և կոճկում ճարմանդները, այդ նախնիների կամքը նրան ստիպեց վճռականորեն սեղմել շուրթերն ու կիտել հոնքերը։ Նա՝ Մոլլի Թրևիսը, պատրաստվում էր ամաչացնել այդ անգլիացիներին։ Նրանք, այդ անհամար ստվերները, հաստատում էին իրենց ընդհանուր առաջնությունն աշխարհում։

Տղամարդիկ նրան ետ չէին պահում։ Դիկը նրան առաջարկեց վերցնել իր բաճկոնակը, որովհետև նրա թիկնոցը թղթի պես կթրջվեր այդ տեղատարափ անձրևի տակ։ Բայց կինը, իր անկախությունը պաշտպանելով, այնպիսի արհամարհանքով փնչացրեց, որ նա այլևս ծխամորճը չհանեց բերանից, մինչև Մոլլին վրանի դուռը կոճկեց դրսի կողմից ու չլփչլփացրեց ջրածածկ կածանով։

― Ինչ ես կարծում, կկարողանա՞ մի բան անել։— Դիկի դեմքի արտահայտությունը ոչ մի կերպ չէր համապատասխանում նրա անտարբեր ձայնին։

― Կկարողանա՞։ Եթե նա մինչև պահեստ հասնելու բավականաչափ ուժ էլ ունենա, միևնույն է, ցրտից ու ցավից կխենթանա։ Եվ այն էլ այս քամուն։ Դու ինքդ գիտես, թե ինչ բան է դա, Դի՛կ։ Չէ՞ որ դու քամու դեմհանդիման շրջանցել ես Հորն հրվանդանը։ Դու գիտես, թե ինչ բան է դա՝ բոմբրամ֊ռեյի վրա պառկել թունդ փոթորկի ժամանակ, երբ քեզ ձաղկում են կարկուտը, ձյունը, սառած քաթանը, այնպես, որ ուզում ես ամեն ինչ թողնել ու բարձրաձայն լաց լինել։ Ի՜նչ զգեստների մասին մտածելու ժամանակ է։ Ախր նա շրջազգեստի կապոցը չի տարբերի ոսկու լվացման թասից կամ թեյնիկից։

― Ուրեմն, դու կարծում ես, որ մենք նրան չպե՞տք է բաց թողնեինք։

― Չէ, իհարկե։ Գրողը տանի, Դիկ, եթե մենք նրան պահեինք, ապա մինչև Դոուսոն կյանքներս կուտեր։ Ցավն այն է, որ նա չափից դուրս համարձակ է։ Այս բանը մի քիչ նրա փուքը կիջեցնի։

― Այո,— համաձայնվեց Դիկը,— չափից դուրս հպարտ է։ Բայց և այնպես՝ կեցցե նա։ Իհարկե, հիմար է, որ այդպիսի ճանապարհ գնաց, բայց շատ ավելի լավն է, քան այն կանայք, որոնք ինքնուրույն մի քայլ չեն կարող անել։ Նա նույն ցեղից է, ինչ-որ մեր մայրերը, Թոմի, և նրա համարձակությունը նախատելու հարկ չկա։ Իսկական տղամարդ սնուցանել կարող է միայն իսկական կինը։ Իսկ իսկական կին լինելու համար միայն շրջազգեստը բավական չէ։ Արու վագրերը ծնվում են էգ վագրերից և ոչ թե կովերից։

― Ուրեմն, նշանակում է խրախուսե՞լ նրանց, երբ գժությունները բռնում է։

― Իսկ ինչո՞ւ ոչ։ Սուր դանակը, երբ ձեռքից դուրս է պրծնում, ավելի խորն է կտրում, քան բութը, բայց դա դեռ չի նշանակում, թե նրա սուր սայրը կաբեստանին[1] քսելով պետք է բթացնել։

― Դանակը՝ դանակ, բայց եթե խոսքը կանանց մասին է, ապա, ես նրանց գերադասում եմ առանց սուր սայրի։

― Իսկ դու դրանից որևէ բան հասկանո՞ւմ ես,— հարցրեց Դիկը։

― Շատ քիչ բան,— և Թոմին, ավելի մոտենալով կրակին, վերցրեց Մոլլիի թաց գուլպաները, փռեց իր ծնկների վրա ու սկսեց չորացնել։

Դիկը սրտնեղած նայեց նրան, փորփրեց կնոջ պայուսակը և նույնպես նստեց վառարանի առջև, թաց շրջազգեստն ու կոֆտան դեմ անելով տաք հոսանքին։

— Բայց դու ասում էիր, թե երբեք ամուսնացած չես եղել։

— Մի՞թե։ Ասենք ես ամուսնացած չեմ էլ եղել... այսինքն․․․ ոչ, գրողը տանի, ես ամուսնացած եղել եմ։ Եվ աշխարհում ոչ ոք ավելի լավ կին չի ունեցել։

― Կառանից պոկվե՞ց։— Դիկը ձեռքը վեր բարձրացրեց, պատ կերացնելով անսահմանությունը։

― Այո։— Արձագանքեց Թոմին և, մի փոքր լռելուց հետո, ավելացրեց։— Ծննդաբերությունից։

Բակլան եռում էր կրակի առաջամասում, և Թwմին ճաշամանը մի կողմ քաշեց։ Այնուհետև նա զբաղվեց պաքսիմատներով, տաշեղով խտխտեց դրանք և նույնպես մի կողմ դրեց ու ծածկեց թաց շորով։ Դիկը, ինչպես հատուկ է այդպիսի կոփվածքի մարդկանց, ոչնչով չէր մատնում իր հետաքրքրասիրությունը և լուռ սպասում էր։

― Բոլորովին նման չէր Մոլլիին։ Սիվաշուհի էր։

Դիկը գլխով արեց։

― Սրա նման մեծամիտ ու ինքնագլուխ չէր, բայց դժբախտության պահին երբեք քեզ մենակ չէր թողնի։ Տղամարդուց վատ չէր թիավարում և Հովբի պես համբերատարությամբ դիմանում էր սովին։ Կբարձրանար նավի քթամասը, երբ ալիքը ողողում էր այն, և իսկական նավաստու պես առագաստը կիջեցներ։ Մի անգամ գնացինք Տեսլին՝ ոսկի որոնելու։ Սերպայզ լճից և Լիթլ Ելոու Հեդից այն կողմ։ Ուտելիքը սպառվեց, շներին կերանք։ Շները վերջացան՝ կերանք ձգափոկերը, մոքասիններն ու մորթիները։ Եվ գոնե մի անգամ գանգատվեր, գոնե մի անգամ նվնվար։ Նա ինձ նախազգուշացրել էր. «Մթերքը խնայիր», բայց երբ այն վերջացավ, ոչ մի անգամ չհիշեցրեց, թե՝ «Ախր ես ասում էի»։ «Ոչինչ, Թոմի,— կրկնում էր նա ամեն օր, իսկ ինքը թուլությունից հազիվ էր դահուկները բարձրացնում, ոտքերն էլ տրորվել ու արյունլվա էին եղել։— Ոչինչ, ավելի լավ է սովի մատնվել ու քո կինը լինել, Թոմի, քան ամեն օր քեֆ անել փոտլաչում և առաջնորդ Ջորջի կինը լինել»։

Լավ օրեր էին։ Երբ այստեղ եկա, աչքի ընկնող տղա էի։ Փախա Ունալաշկայի «Բևեռային աստղ» կետորսանավից և Սիթհի հասա ջրասամույրի որսորդի առագաստանավով, փոխարենը գործ անելով։ Այնտեղ մտերմացա Հաջողակ Ջեկի հետ։ Ճանաչո՞ւմ ես նրան։

― Նա Կոլումբիայում իմ սաղմոնաթակարդներին էր հետևում,— պատասխանեց Դիկը։— Մի անզուսպ տղա է, չէ՞, լավ խմում է և գեղեցկուհիների հետ ժամանակ անցկացնում։

― Հենց նա է, որ կա։ Մի երկու տարի նրա գործընկերը եղա, սպիրտի, վերմակի և այդպիսի զանազան ապրանքների առևտուր էինք անում։ Իսկ հետո ես ինձ համար մի առագաստանավ գնեցի և, որպեսզի նրա առևաուրը չխանգարեմ, գնացի Ջունո։ Այնտեղ էլ պատահեցի Քիլիսնուին։ Դե, ես նրան Տիլի էի ասում։ Նրան տեսա տոնակատարության ժամանակ, երբ սքվոները պարում էին ափին։ Առաջնորդ Ջորջն արդեն լեռնանցքից այն կողմ ապրող սթիքսներից գնել էր բոլոր մորթիները և իր ցեղի կեսի հետ միասին վերադարձել Դայայից։ Անչափ շատ սիվաշներ էին հավաքվել պարելու, իսկ ես միակ սպիտակամորթն էի։ Ինձ գրեթե ոչ ոք չէր ճանաչում, բացի նրանցից, որոնց հետ ես հանդիպել էի Սիթհիի մոտ, բայց ես նրանց մասին շատ էի լսել Հաջողակ Ջեկից։

Նրանք չինուկերեն էին խոսում, չգիտեին, որ ես նույնիսկ շատ լավ եմ հասկանում այդ լեզուն, առանձնապես երկու աղջիկներ, որոնք փախել էին Լինն֊ջրանցքի այն ծայրին գտնվող Հեյնսի առաքելությունից։ Սիրունատես աղջիկներ էին, և ես արդեն մտածում էի խարիսխ գցել նրանց մոտ, բայց արի տես, որ քո կաչաղակների պես շատախոս էին։ Այնպիսի լեզու ունեին, որ պատմելու չէ։ Քանի որ ես նոր մարդ էի այնտեղ, սկսեցին ինձնից բամբասել, չպատկերացնելով, որ ես իրենց ամեն մի բառը հասկանում եմ։

Դե, ես ցույց չտվեցի, այլ սկսեցի պարել Տիլիի հետ, և որքան շատ էինք պարում, այնքան ավելի էինք դուր գալիս իրար։ «Իր համար կին է փնտրում»,― ասում է աղջիկներից մեկը։ Իսկ մյուսը քիթը տնկեց ու պատասխանում է․ «Նա կգտնի, ինչպե՜ս չէ։ Կանայք իրենք են տղամարդ փնտրում»։ Եվ այդտեղ կանգնած բոլոր որսորդներն ու սքվոները սկսեցին քմծիծաղ տալ, հռհռալ և կրկնել նրանց կատակները։ «Իսկ նա լավ տղա է»,― ասում է առաջինը։— Իհարկե, այդպես է, այն ժամանակ ես արտաքինով համարյա թե տղա էի, բայց արդեն վաղուց աշխատում էի տղամարդկանց հետ հավասար, և նրա այդ խոսքերը դիպան իմ սրտին։ «Առաջնորդ Ջորջի աղջկա հետ է պարում,— ասում է երկրորդը։— Այ հիմա Ջորջը թիակով կհասցնի նրան ու կստիպի փասափուսան հավաքել այստեղից»։ Մինչ այդ առաջնորդ Ջորջը անընդհատ հոնքերն էր կիտում, իսկ այդ պահին ծիծաղեց ու սկսեց խփել իր ծնկներին։ Նա պնդակազմ տղամարդ էր և չէր քաշվի թիակը գործի դնելուց։

«Ովքե՞ր են սրանք»,― հարցնում եմ ես Տիլիից, մինչ մենք ջիգ էինք պարում։ Հենց որ նա անունները տվեց, ես անմիջապես հիշեցի այն բոլորը, ինչ Հաջողակ Ջեկն ինձ ասել էր նրանց մասին։ Ես գիտեի նրանց բոլոր գաղտնիքները, նույնիսկ այնպիսի բաներ, որ նրանց սեփական ցեղն իսկ չէր լսել։ Բայց լեզուս ինձ քաշած պարում եմ Տիլիի հետ։ Իսկ նրանք իրենց կատակներն են անում, և շուրջը հռհռոց է։ «Մի քիչ սպասիր, Թոմի,— ասում եմ ինքս ինձ,— մի քիչ սպասիր»։

Եվ ահա սպասեցի մինչև պարի վերջանալը, իսկ առաջնորդ Ջորջն արդեն թիակը բերել էր, որ դատաստան տեսնի ինձ հետ։ Երբ կանգ առանք, տեսնեմ, նրանք սպասում են, թե ուր որ է կսկսվի։ Բայց ես ուղիղ գնացի բազմության մեջ։ Այդ պահին առաքելության աղջիկներր այնպիսի մի բան ասացին, որ ես, թեև չարացած էի, բայց հազիվհազ ծիծաղս զսպեցի։ Իսկ հետո մի լավ շշպռեցի։ «Վերջացրի՞ք»,― հարցնում եմ։ Մի տեսնեիր, թե ինչ դեմք ընդունեցին, երբ ես սկսեցի իրենց լեզվով խոսել։ Էլ կանգ չառա։ Ես ամեն ինչ պատմեցի նրանց, թե ովքեր են իրենք, ովքեր են նրանց հարազատները՝ հայրիկներր, մայրիկները, քույրիկներն ու եղբայրները, ոչ ոքի և ոչինչ չմոռացա։ Չմոռացա նրանց բոլոր կեղտոտ գործերը՝ թե ինչ ստորություններ էին արել և թե ինչպես հիմար վիճակի մեջ էին ընկել։ Համա՜ թե ձաղկեցի նրանց՝ առանց խնայելու։ Բոլորր խմբվեցին շուրջս։ Նրանք դեռ չէին լսել, որ սպիտակամորթը այդպես հայհոյեր իրենց լեզվով։ Բոլորը, առաքելության աղջիկներից բացի, հռհռում էին։ Նույնիսկ առաջնորդ Ջորջը մոռացել էր թիակի մասին։ Բայց գուցե և պարզապես վախենում էր այն գործադրելուց՝ չլինի հանկարծ ինքն էլ մի բան լսի։

Իսկ աղջիկները՝ «Դե լավ, հարկավոր չէ, Թոմի,— ճչում են, և արցունքներ են գլորվում աչքերից։— Խնդրում ենք, հարկավոր չէ։ Մենք լավը կլինենք։ Ճիշտ ենք ասում, Թոմի, ճիշտ ենք ասում»։ Բայց թե ես նրանց ճանաչում էի և օձիքները բաց չթողեցի։ Ու միայն այն ժամանակ լռեցի, երբ նրրանք արդեն ծնկաչոք սկսեցին աղաչել։ Ես նայեցի առաջնորդ Ջորջին, բայց նա դեռևս չէր կարողանում վճռել գլուխ դնի՞ ինձ հետ, թե չէ, ու պարզապես ծիծաղեց, թեև ոչ այնքան ուրախ։

Լավ, ի՛նչ որ է։ Երբ այդ երեկոյան հրաժեշտ էի տալիս Տիլիին, նրան ասացի, որ դեռ մի շաբաթ էլ մնալու եմ այստեղ և կուզեի ավելի հաճախ հանդիպել իր հետ։ Նրանք այդպիսի բաներում կեղծավորություն անել չգիտեն, և դեմքից երևում էր, թե որքան ուրախացավ, որովհետև նա ամեն ինչում ազնիվ էր։ Այո, այդպիսի աղջիկ գտնե՜լ։ Եվ հասկանալի է, թե նա ինչու այնքան դուր էր եկել առաշնորդ Ջորջին։ Միայն թե նա ինձ հետ չէր կարող չափվել, և ես կտրեցի նրա ճանապարհը։ Ես ուզում էի աղջկան անմիջապես նստեցնել առագաստանավ և նավարկել դեպի հարավ, դեպի Վրանգել, մինչև որ գործը մոռացվի, իսկ նա թող իր համար շվշվացնի։ Բայց դա այդպես հեշտ չստացվեց։ Տիլին ապրում էր հորեղբոր հետ։ Սա խնամակալի պես բան էր աղջկա համար և գրեթե մեռնում էր թոքախտից կամ թե ինչ-որ մեկ ուրիշ կրծքային հիվանդությունից։ Մեկ լավ էր զգում, մեկ՝ վատ, իսկ Տիլին չէր ուզում նրան մենակ թողնել, քանի դեռ նա կենդանի էր։ Դե, ես էլ մեկնելուց առաջ գնացի նրանց վիգվամը՝ տեսնելու, թե արդյոք դեռ երկա՞ր է ապրելու, բայց ծերունին արդեն վաղուց աղջկան խոստացել էր Ջորջին, և հենց որ ինձ տեսավ՝ կատաղությունից արյունը ցայտեց կոկորդից։

«Թոմի, կգա՞ս իմ հետևից»,― ասաց Տիլին, երբ մենք ափին հրաժեշտ էինք տալիս իրար։ «Լավ,— պատասխանում եմ,— հենց որ կանչես՝ կգամ»։ Եվ ես նրան համբուրեց ի մեր ձևով, սպիտակամորթների ձևով, մինչև որ նա կաղամախու տերևի պես դողաց։ Իսկ ես գլուխս այնպես կորցրի, որ քիչ էր մնում գնայի ու իմ ձեռքով այն աշխարհն ուղարկեի նրա հորեղբորը։

Դե՛, նավարկեցի դեպի Վրանգել, Սուրբ Մարիամ ծովածոցի մոտով, հասա նույնիսկ մինչև Շարլոտա Թագուհու կղզիները. առևտուր էի անում, վիսկի էի փոխադրում, ինչով ասես, որ չեմ զբաղվել։ Ձմեռը մոտենում էր, սառնամանիքներն սկսվում էին, և ես արդեն Ջունո էի վերադարձել, երբ լուր ստացա նրանից։ «Արի,— ասում է ինձ նրա ուղարկած երիտասարղը։— Քիլիսնուն ասում է՝ հիմա արի»։ «Էլի ի՞նչ է պատահել»,― հարցնում եմ ես։ «Առաջնորդ Ջորջը,― ասում է նա,— փոտլաչ։ Քիլիսնուն իրեն կին անել»։

Համա թե եղանակ էր, հա՜։ Հյուսիսից ամբողջ թափով փչում է տակուն, ջուրը հենց որ ընկնում է տախտակամածի վրա՝ անմիջապես սառչում է, իսկ մենք հին առագաստանավով մինչև Դայա հարյուր մղոն գնում ենք քամուն դեմ֊դիմաց։ Երբ ափից հեռացա, ինձ հետ մի նավաստի կար՝ մի հնդկացի, Դուգլասից։ Բայց կես ճանապարհին քամին նրան քշեց տախտակամածից։ Ես ղեկը շրջեցի և երեք անգամ անցա այդտեղով, սակայն ոչ մի հետք։

― Երևի ցրտից անմիջապես սառել է,— նկատեց Դիկը, ընդհատելով պատմությունը ու Մոլլիի շրջազգեստներից մեկը ավելի մոտիկ կախելով վառարանին։— Եվ արճճի պես սուզվել է։

― Ես էլ այդպես մտածեցի։ Հետո, ուրեմն, մենակ նավարկեցի և Դայա հասա ուշ երեկոյան, չափից դուրս հոգնած ու սոված։ Մակընթացություն էր, և ես առագաստանավը մոտեցրի ափին։ Իսկ գետով ոչ մի դյույմ հնարավոր չէր գնալ, որովհետև քաղցրահամ ջուրն արդեն սառել էր։ Առագաստապարաններն ու ճախարակները բոլորովին սառցակալել էին, այնպես որ ես վախեցա գրոտն ու քլիվերը իջեցնել։ Դե, նախ իմ բեռից մի պինտա[2] կուլ տվեցի, իսկ հետո ամեն ինչ թողեցի, ինչպես որ կար, որպեսզի հեշտ լիներ հեռանալը, փաթաթվեցի վերմակի մեջ և ուղիղ գնացի բնակատեղին։ Տեսնեմ՝ մեծ տոնակատարություն են սարքում։ Բոլոր չիլկութները, մինչև վերջին մարդը, եկել էին իրենց շների, երեխաների ու նավակների հետ։ Դրանց հետ էլ Շնականջները, Փոքր սաղմոնները, առաքելությունների հնդկացիները։ Գրեթե հինգ հարյուր մարդ էր հավաքվել Տիլիի հարսանիքին և շուրջը քսան մղոնի վրա ոչ մի սպիտակամորթ չկար։

Ինձ ոչ ոք չճանաչեց, որովհետև գլուխս փաթաթել էի վերմակով։ Շների ու երեխաների միջով անցնելով, մտա առաջին շարքերը։ Մեծ բացատում արդեն մաքրել էին ձյունաթմբերը, խարույկներ վառել, իսկ ձյունն այնպես էին դոփդոփել, որ այն փորթլանդական ցեմենտից ավելի ամուր էր դարձել։ Հենց կողքիս, տեսնեմ, կանգնած է Տիլին՝ ոտքից գլուխ կարմիր մահուդ հագած և ուլունքներով զարդարված, իսկ նրա դիմաց՝ առաջնորդ Ջորջն ու նրա ավագները։ Նրանց շամանին օգնում էին մյուս ցեղերի կախարդները, և այնպիսի մի սատանայական բան էին սարքել, որ մարմինս փշաքաղվեց։ Եվ այստեղ հանկարծ մտքովս անցավ. «Այ թե հիմա ինձ կտեսնեին լիվերպուլյան իմ հարազատները»։ Իսկ հետո հիշեցի խարտյաշ Գուսիին. երբ ես առաջին նավարկությունից վերադարձա, ստիպված եղա դնքսել նրա եղբորը, որովհետև նա չէր ուզում, որ մի հասարակ նավաստի պտտվի իր քրոջ շուրջը։ Եվ ահա այսպես, Գուսիին հիշելով, նայում էի Տիլիին։ «Որքան տարօրինակ է կառուցված աշխարհը,— մտածում եմ ես,— մարդ այնպիսի տեղ է ընկնում, որ նրա մոր մտքովն անգամ չի անցել, երբ կուրծք է տվել իր տղային»։

Լա՛վ, ինչ որ է։ Նրանք սկսեցին աղմկել, ծովացուլի կաշվից պատրաստված թմբուկները զարկեցին, շամաններն սկսեցին ամբողջ ձայնով գոռալ, իսկ ես, ուրեմն, շշնջում եմ՝ «Պատրա՞ստ ես»։ Սատանա՛։ Չշարժվեց, ինձ չնայեց, նույնիսկ աչքր չթարթեց։ «Ես գիտեի,— պատասխանում է կամացուկ, առանց շտապելու, ինչպես գարնանային հանդարտ մակընթացությունը։— Որտե՞ղ»։ «Զառիթափի տակ, սառցի եզրին,— շշնջում եմ ես։— Հենց որ կասեմ՝ վազիր»։

Ես քեզ ասացի, որ այնտեղ չափից դուրս շատ շներ կային։ Ուրեմն, այնքան շատ էին, որ հաշվել չէր լինի։ Ուր որ աչքդ գցում ես՝ ամեն տեղ պառկած են։ Իսկ դրանք, գիտես, թե ինչ են՝ ընտանի գայլեր և ուրիշ ոչինչ։ Երբ ցեղատեսակը վատանում է, նրանք շներին անտառում զուգավորում են գայլերի հետ։ Համա թե կռվում են այդ գամփռները։ Այդպիսի մի գազան պառկած էր իմ մոքասինի քթի մոտ, իսկ կրնկիս մոտ՝ մեկ ուրիշը։ Ես բռնեցի մեկի պոչից ու թափով այնպես պտտեցի, որ միայն խստխստոց լսվեց։ Գամփռը ատամներր չխչխկացրեց, իսկ երկրորդի վզից բռնած, գցեցի ուղիղ նրա երախի մեջ։ «Փախի՛ր»,— գոռում եմ Տիլիին։ Դե՛, գիտես, թե այդ շներն ինչպես են կռվում։ Մի րոպե էլ չէր անցել, երբ արդեն հարյուրի չափ շներ թավալ էին տալիս գետնին, ոռնում, ատամներով գզում իրար։ Երեխաներն ու սքվոները փախչում են դեսուդեն, և ամբողջ բնակատեղին կարծես կատաղել էր, Տիլին աննկատելիորեն ծլկեց, ես էլ նրա հետևից։ Բայց հանկարծ ետ նայեցի և սատանան ինձ դրդեց մի կատակ անելու․ վերմակը մի կողմ գցեցի ու ետ դարձա։

Այդ ժամանակ շներին արդեն բաժանել էին իրարից, բազմությունը կամաց֊կամաց ուշքի էր գալիս։ Միայն, իհարկե, բոլորր իրար էին խառնվել և այդ պատճառով էլ դեռ չէին նկատել, որ Տիլին չկա։ «Լավ է,— ասում եմ ես ու թափ տալիս առաջնորդ Ջորջի ձեռքր։— Թող ավելի հաճախ ծուխ բարձրանա քո փոտլաչներից, իսկ սթիքսները գարնանը ավելի շատ մորթիներ բերեն»։

Թող աստված ինձ շանթահարի, Դիկ, չես պատկերացնում, թե որքան ուրախացավ, երբ ինձ տեսավ.— չէ որ նա հաղթել էր և այժմ ամուսնանում էր Տիլիի հետ։ Ինչպե՞ս կարելի է չպարծենալ։ Արդեն բոլոր բնակատեղիներում լսել էին, որ Տիլին ինձ դուր էր գալիս, և ահա հիմա, իհարկե, Ջորջը իրեն շոյված էր զգում․ թող բոլորը տեսնեն, թե ինչպես ինքն ինձ հաղթեց։ Առանց վերմակի անմիջապես բոլորն ինձ ճանաչեցին, և ամբողջ բազմությունն սկսեց ատամները բացել ու հռհռալ։ Շատ ուրախ էին, բայց ես է՛լ ավելի ուրախացրի նրանց․ ձևացրի, թե ոչինչ չգիտեմ։

«Այս ի՞նչ աղմուկ է,— հարցնում եմ։— Ո՞վ է ամուսնանում»։

«Առաջնորդ Ջորջը»,— ասում է շամանը և գլուխ տալիս նրան։

«Բայց չէ որ նա արդեն երկու կին ունի»։

«Մեկին էլ է առնում։ Կլինի երեքը»,— և նորից գլուխ է տալիս նրան։

«Ա՜»,— ասում եմ ես ու շրջվում, իբր ինձ համար բոլորովին էլ հետաքրքիր չէ։

Բայց դա նրանց դուր չեկավ, ու նրանք սկսեցին գոռալ․ «Քիլիսնո՜ւ։ Քիլիսնո՜ւ»։

«Հետո՞ ինչ՝ Քիլիսնու»,— հարցնում եմ ես։

«Քիլիսնուն առաջնորդ Ջորջի կինն է,— ոռնում են նրանք,— Քիլիսնուն նրա կինն է»։

Ես վեր թռա ու նայեցի առաջնորդ Ջորջին։ Իսկ նա գլխով արեց ու փքվեց։

«Նա քո կինը չի լինի,— ասում եմ ես ահեղ ձայնով ու կրկնում եմ։— Նա քո կինը չի լինի»։ Իսկ նա ուղղակի սևացավ կատաղություից ու սկսեց իր դանակը շոշափել։

«Հե՜յ,— գոռում եմ և առանձնահատուկ կեgվածք ընդունում,— մեծ կախարդանք։ Ի՜նձ նայեցեք, նայեցե՜ք»։

Այստեղ ես հանեցի թաթմաններս, թևերս քշտեցի ու սկսեցի մատներով զանազան շարժումներ անել։

«Քիլիսնո՜ւ,— գոռում եմ։— Քիլիսնո՜ւ։ Քիլիսնո՜ւ»։

Ուրեմն ես կախարդում եմ, ու նրանք իրենց վատ են զգում։ Աչքերը չռած ինձ են նայում․ էլ ինչպե՞ս կարող էին նկատել, որ Տիլին շատ վաղուց արդեն թռել է։ Ես նորից երեք անդամ ձայն տվեցի Քիլիսնուին, հետո սպասեցի և նորից երեք անգամ կանչեցի։ Կանչեցի շատ խորհրդավոր տոնով, որ բոլորովին ահաբեկեմ նրանց։ Առաջնորդ Ջորջը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ես ինչ եմ մտածել, և այն է՝ ուղում էր ամբողջ արարողությունը դադարեցնել, երբ շամանները նրան կարծես ասացին՝ սպասիր մի տեսնենք, թե նա ինչ կանի, իսկ հետո մենք մեր կախարդանքով կհաղթենք նրան։ Բացի այդ, նա մնացածներից պակաս սնահավատ չէր և, հավանաբար, նույնպես վախենում էր սպիտակամորթների կախարդանքից։

Այստեղ ես նորից սկսեցի կանչել Քիլիսնուին և այնքան բարակ ձայնով ու այնքան երկար, ասես գայլ էր ոռնում, բոլոր կանայք ուղղակի ցնցվեցին, տղամարդիկ նույնպես։

«Նայեցեք,— ես առաջ թռա ու մատնացույց արեցի սքվոների խումբը (դե՛, կանանց միշտ էլ հեշտ է խաբելը),— նայեցե՜ք․․․»։ Հետո սկսեցի մատս բարձրացնել, իբր հետևում եմ սլացող թռչունին։ Եվ ավելի ու ավելի եմ բարձրացնում ու հայացքով հետևում եմ, մինչև որ այն անհետանում է երկնքում։

«Քիլիսնո՜ւ,— ասում եմ, իսկ ինքս նայում եմ առաջնորդ Ջորջին ու նորից երկինքը մատնանշում,— Քիլիսնո՜ւ»։

Գետնի տակ անցնեմ, Դիկ, թե սուտ եմ ասում, ախր նրանք հավատացին։ Նրանց համարյա կեսը իր սեփական աչքով տեսավ, թե ինչպես Տիլին անհետացավ օդում։ Նրանք, ովքեր Ջունոյում խմել էին իմ գինին, թերևս ավելի զարմանալի բաներ էին տեսել։ Ինչո՞ւ այդպիսի մի բան չանեի, քանի որ ես փակված շշերով չար ոգիներ եմ վաճառում։ Կանայք որ չսկսեցին ճչալ։ Բոլորն իրար ականջի փսփսոսմ են։ Ես ձեռքերս խաչեցի կրծքիս, գլուխս բարձրացրի, ու նրանք բոլորը ետ-ետ գնացին։ Զգում եմ, որ հեռանալու ժամանակն է։ «Բռնեցե ք նրան»,— գոռում է առաջնորդ Ջորջը։ Երեք հոգի նետվեցին դեպի ինձ, բայց ես շրշվեցի ու սկսեցի մատներով շարժումներ անել, իբր ուզում եմ նրանց էլ Տիլիի հետևից ուղարկել, իսկ հետո երկինքը ցույց տվեցի։ Դե պարզ է, նրանցից ոռ ոք քչ մի գնով չէր համաձայնվի մոտենալ ինձ։ Առաջնորդ Ջորջը նրանց հրամայում է, իսկ նրանք տեղից չեն շարժվում։ Հետո ինքը անձամբ նետվեց ինձ վրա, բայց ես նորից սկսեցի կախարդել, և նա նույնպես սիրտ չարեց։

«Ապա թող ձեր շամանները այնպիսի հրաշք գործեն, ինչպիսին արեցի ես,— ասում եմ,— թող Քիլիսնուին իջեցնեն երկնքից, որտեղ ես նրան ուղարկեցի»։ Բայց կախարդները գիտեին, թե իրենք ինչ կարող են անել և ինչ չեն կարող։ «Թող ձեր կանայք ձեզ համար որդիներ ծնեն այնքան, որքան սաղմոնները ձու են դնում,— ասում եմ, իսկ ինքս ետ եմ դառնում, որ գնամ,— և թող ձեր տոտեմը երբեք ցած չընկնի, և թող ձեր խարույկների ծուխը հավերժորեն բարձրանա»։

Բայց եթե նրանք տեսնեին, թե ես, հազիվ հեռացած, ինչպես նետվեցի դեպի առագաստանավը, ապա կմտածեին, թե իմ կախարդանքը կրնկակոխ հետապնդում է ինձ։ Տիլին տաքանալու համար կոտրել էր սառույցը, և նույն րոպեին կարելի էր ճանապարհ ընկնել։ Սատանա՛։ Այ թե սլացա՜նք մենք։ Իսկ տակուն ոռնում է մեր թիկունքում, սառը ալիքները անընդհատ թռչում են տախտակամածի վրայով։ Բոլոր դռնակները ամուր փակված են, ես կանգնած եմ ղեկանիվի մոտ։ Տիլին սառույցն է կոտրում․ այսպես նավարկեցինք գրեթե մինչև լուսաբաց։ Վերջապես ես առագաստանավը կանգնեցրի Պորքյուփայն կղզու մոտ, ծանծաղուտի վրա։ Մենք ափ իջանք։ Ցրտից մեր ատամները չխկչխկում են, վերմակներն ամբողջովին թրջվել են, իսկ Տիլին լուցկին է չորացնում իր կրծքի վրա։

Այնպես որ ես, թերևս, դրանից ինչ-որ բան հասկանում եմ, Դիկ։ Մենք յոթ տարի մարդ ու կին եղանք, թե՛ փոթորկի պահին, թե՛ խաղաղ ժամանակ։ Իսկ հետո նա մեռավ ձմեռվա կեսին։ Մեռավ ծննդաբերությունից, Չիլկետի ֆակտորիայում։ Նա մինչև վերջին րոպեն բռնել էր ձեռքս, իսկ եղյամը դռան վրայով սողում էր վերև ու թանձր շերտով նստում լուսամուտի վրա։ Դրսում գայլն է ոռնում և Լռությունն է։ Ներսում մահն է և Լռությունը։ Դիկ, դու երբեք չես լսել Լռությունը։ Եվ աստված չանի, որ այն լսես, երբ նստած կլինես մեռնողի կողքին։ Իսկ ես լսել եմ։ Երբ շնչառությունը ճչում է, ինչպես շոգենավի շչակը մառախուղի մեջ, իսկ սիրտը որոտում է, ինչպես քարերի վրա փշրվող ալեբախությունը․․․

Սիվաշուհի էր նա, Դիկ, բայց իսկական կին էր։ Տոկուն և ազնիվ, Դիկ, տոկուն և ազնիվ։ Իսկ մահվանից առաջ ասաց․ «Լավ պահիր իմ փետրաներքնակը, Թոմի, լավ պահիր»։ Ես ասացի՝ լավ։ Այն ժամանակ նա աչքերը բացեց, երևում էր, որ անտանելի ցավ էր զգում։ «Ես լավ կին եմ եղել քեզ համար, Թոմի, և դու խոստացիր․․․ խոստացիր ինձ․․․— ասես բառերը դեմ էին առնում կոկորդին,— որ երկրորդ անգամ կամուսնանաս սպիտակամորթ կնոջ հետ։ Միայն թե ոչ սիվաշուհու հետ, Թոմի։ Հիմա Ջունոյում շատ սպիտակամորթ կանայք կան։ Ես գիտեմ։ Քո մարդիկ քեզ «սքվոյի ամուսին» են անվանում, քո կանայք փողոցում երեսները շրջում են քեզանից, և դու նրանց տուն չես գնում, ինչպես մյուս տղամարդիկ։ Իսկ ինչո՞ւ։ Քո կինը սիվաշուհի է։ Մի՞թե այդպես չէ։ Իսկ դա վատ է։ Ահա թե ինչու եմ մեռնում։ Խոստացիր ինձ։ Համբուրիր ինձ ի նշան քո խոստման»։

Ես նրան համբուրեցի, և նա ննջեց ու քնի մեջ շշնջում է․ «Դա լավ է»։ Իսկ վերջին րոպեին, երբ ես ականջս ուղղակի սեղմեցի նրա շուրթերին, որպեսզի լսեմ, նա ասաց. «Լավ պահիր, Թոմի, լավ պահիր իմ փետրաներքնակը․․․»։ Եվ այսպես նա մեռավ ծննդաբերությունից, այնտեղ, չիլկետյան ֆակտորիայում։

Վրանը ցնցվեց և ամբողջովին թեքվեց փոթորկի ճնշման տակ։ Դիկը նորից ծխամորճը լցրեց, իսկ Թոմին թեյ եփեց ու մի կողմ դրեց, մինչև Մոլլին վերադառնա։

Իսկ ի՞նչ եղավ նա, որի աչքերում արհամարհանքն էր փայլատակում, որի երակներում յանկիի արյունն էր հոսում։ Առանց որևէ բան տեսնելու, ընկնելով, չորեքթաթ մագլցելով, քամուց շնչահեղձ լինելով, նա վերադառնում էր վրան։ Փոթորիկը քաշում ու ցնցում էր նրա մեծ ուսապարկը։ Նա անհնազանդ ձեռքերով սկսեց ձգել կապերը, բայց դուռը բացեցին Թոմին և Դիկը։ Այն ժամանակ նա վերջին ջանքնրը լարեց իր հպարտությունր պահպանելու համար, օրորվելով մտավ վրան և անմիջապես կիսաուշագնաց ընկավ հատակին։

Թոմին փոկերն արձակեց և պարկը քաշեց մի անկյուն։ Երբ նա պարկը վերցրեց, ճաշամանների ու թավաների զնգոց լսվեց։ Դիկը, որ վիսկի էր լցնում բաժակի մեջ, կանգ առավ ու աչքով արեց նրան։ Թոմին, ի պատասխան, նույնպես աչքով արեց։ Նա միայն շուրթերով արտասանեց «զգեստ» բառը, բայց Դիկը նախազգուշացնող ձևով գլուխն օրորեց։

― Ահա թե ինչ, սիրելիս,— ասաց նա այն ժամանակ, երբ Մոլլին խմեց վիսկին ու քիչ ուշքի եկավ։— Այս բոլորր չորացել են։ Շորերդ փոխեք։ Մենք կգնանք վրանը կամրացնենք։ Հետո մեզ ձայն կտաք, կվերադառնանք ու կճաշենք։ Հենց որ պատրաստ լինեք՝ կանչեցեք։

― Թող աստված ինձ շանթահարի, Դիկ, այս բանր նրա սրությունը կբթացնի մինչև Դոուսոն,— ծիծաղի միջից փնթփնթաց Թոմին, երբ նրանք կծկված սեղմվեցին վրանի հողմահակառակ պատին։

― Բայց դա այն լավագույնն է, որ նա ունի,— պատասխանեց Դիկը, գլուխը քաշելով ուսերի մեջ, որովհետև անկյունից սառցահատիկների իսկական համազարկ դուրս թռավ։— Դա կա և՛ քո մեջ, և՛ իմ մեջ, Թոմի, և դա մեր մայրերի ժառանգությունն է։


  1. Սռնի, որի վրա փաթաթված է մյուս ծայրին բեռ կապած ճոպան կամ շղթա։
  2. Մոտ 0.5 լիտր։