Changes
«Շների վաճառք» պարզունակ անունը նունպես հարմար չէր, որովհետև մտադրվել էի գործը դնել գիտական հիմքերի վրա։ Գիտական բառարանում հայտնաբերել էի «կինելոգիա» բառը (սա նշանակում է գիտություն շների մասին), իսկ քիչ անց եղա գյուղատնտեսական ինստիտուտի մոտ։ Եվ իմ հիմնարկության ճակատագիրը նախորոշվեց․ այն անվանեցի «կինելոգիական ինստիտուտ»։ Այս անունը գիտական էր, պատկառանք ներշնչող և վերծանվում էր, ինչպես դա նշում էի իմ մանրամասն հայտարարություններում, այսպես՝ «Կինելոգիայի հիմունքներով շների բուծում, գնում, վաճառք և փոխանակում»։
Այդ ընդարձակ հայտարարություններով, որոնց մեջ շարունակ կրկնվում էր «կինելոգիական ինստիտուտ» արտահայտությունը, ես լուռ հրճվում էի միայնության մեջ։ Վերջապես ինստիտուտի տեր էի դարձել։ Ով նման բիճակ չի ապրել, պատկերացնել չի կարող, թե ինչքան հպարտ, ինչքան հաճելի զգացում է դա։ Իմ հայտարարություններում խոստանում էի շներին վեարբերող ցանկացած հարցի տալ մասնագիտական սպառիչ պատասխան։ Իսկ դյուժինի չափ շուն գնողին, որպես անվճար հավելում՝ մի լակոտ։ Եվ շեշտում էի, որ ծննդյան օրվա, կոնֆիրմացիայի <ref>Բողոքականների շրջանում պատանիներին և աղջիկներին եկեղեցական համայնքի մեջ ընդունելու ծես։</ref>, նշանդրեքի, հարսանիքի, հոբելյանի առթիվ ամենահարմար նվերը շունն է։ Երեխաների համար դա խաղալիք է։ Այնպիսի խաղալիք, որն այնքան էլ հեշտ չէր ջարդել կամ պայթեցնել։ Շունը վստահելի ուղեկից է և անտառում երբեք չի հարձակվի քեզ վրա։ Բուծարանում ներկայացված են շան բոլոր ցեղերը։ Անմիջական կապ է պահպանվում արտաասհմանի հետ։ Ինստիտուտում կա դաստիարակիչ հաստատություն հոռի բարք ունեցող շների համար։ Ամենակատաղի շունը երկու շաբաթ անցկացնելով իմ ինստիտուտում, հետ է վարժվում գռմռալուց և կծելուց։ Ի՞նչ անել շանը արձակուրդի օրերին։ Հանձնել Կինելոգիական ինստիտուտ։ Որտե՞ղ է հնարավոր շանը երեք օրում սովորեցնել հետևի թաթերին կանգնել։ Կինելոգիական ինստիտուտում։
Քեռիս, ծանոթանալով այս հայտարարություններին, մտահոգ օրորեց գլուխն ու քրթմնջաց․