Changes

Պատը

Ավելացվել է 2 բայտ, 15:13, 21 Դեկտեմբերի 2013
Երեքս էլ նրան էինք նայում, որովհետև նա ողջ էր: Ողջի շարժումներ ուներ, ողջի տագնապներ: Այս նկուղում նա սարսռում էր, ինչպես պիտի սարսռային ողջերը: Նա ուներ հնազանդ ու լավ սնված մարմին: Իսկ մենք, մենք այլևս չէինք զգում մեր մարմինները, համենայն դեպս, ոչ այնպես, ինչպես նա: Ուզում էի շոշափել շալվարս, ոտքերիս արանքը, բայց չէի համարձակվում: Նայում էի ոտքերին ամուր հենված, իր մկանների տերտիրական բելգիացուն, որը կարող էր մտածել վաղվա մասին: Իսկ մենք երեք ուրվական էին, երեք անարյուն ստվեր: Մենք նրան էինք նայում ու արնախումի պես ծծում նրա կյանքը:
Վերջապես նա մոտեցավ փոքրիկ Խուանին: Մասնագիտական նկատառումով նկատառումո՞վ շոյեց տղայի ծոծրակը, թե գութը շարժվեց նրա կրծքում: Եթե պատճառը գութն էր, ապա դա եղավ առաջին ու վերջին անգամը ողջ գիշերվա ընթացքում: Նա փաղաքշեց փոքրիկ Խուանի գլուխն ու ձեռքը: Փոքրիկը ձայն չէր հանում, անքթիթ նայում էր բելգիացուն, բայց հանկարծ ճանկեց ձեռքն ու խելահեղ հայացք նետեց նրան: Այդպես պահեց նրա ձեռքը իր երկար ձեռքերի մեջ, որոնց նայելը զզվելի էր. երկու գունաթափ չանչ, որ սեղմում էին մսոտ ու կարմրավուն մի թաթ: Ես գլխի էի ընկնում, թե ինչ է կատարվելու, Թոմը, երևի նույնպես, բայց բելգիացին կույրի պես ոչինչ չէր տեսնում, հայրաբար ժպտում էր: Սույն պահին փոքրիկը բերանը տարավ կարմիր ու հաստ թաթը և ուզեց կծել: Բելգիացին իսկույն ևեթ հետ քաշեց ձեռքը և երերալով մինչև պատը գնաց: Մի պահ սարսափահար մեզ նայեց, երևի հանկարծ գլխի էր ընկել, որ մենք իր նման մարդիկ չէինք: Ես սկսեցի ծիծաղել, և պահակներից մեկը վեր ցատկեց: Մյուսը աչքերը բաց քնած էր ճեփ-ճերմակ սպիտակուցները պսպղում էին:
Ինձ հոգնած էի զգում, բայց և գրգռված: Այլևս չէի ուզում մտածել, թե ինչ է լինելու արշալույսին, չէի ուզում մտածել մահվան մասին: Մտածելն անգամ իմաստ չուներ, դեմ էի առնում բառերի կամ դատարկության: Բայց հենց որ ուզում էի ուրիշ բանի մասին մտածել, ինձ ուղղված հրացաններ էի տեսնում: Երևի թե քսան անգամ անընդմեջ ես վերապրեցի իմ մահապատիժը: Մի անգամ նույնիսկ կարծեցի, թե այդ բանն իրոք կատարվել է, հավանաբար մի պահ քունս տարել էր: Նրանք ինձ քարշ էին տալիս դեպի պատը, իսկ ես դիմադրում էի, գթություն հայցում: Քնիցս վեր թռա ու նայեցի բելգիացուն: Վախեցել էի, թե քնիս մեջ գոռացել եմ: Բայց նա բեղերն էր սղալում, ոչինչ չէր նկատել: Եթե ուզենայի, գուցեև կարողանայի մի քիչ քնել երկու օր է, աչք չէի փակել, ուժասպառ էի եղել: Բայց չէի ուզում կյանքիցս թեկուզ երկու ժամ կորցնեի լուսաբացին կգային արթնացնելու, ես քնաթաթախ կհետևեի նրանց ու շունչս կփչեի առանց մի «ախ» ասելու: Այդպես չէի ուզում, չէի ուզում անասունի պես մորթվել, ուզում էի հասկանալ: Եվ հետո մղձավանջներից էի վախենում: Վեր կացա, այս ու այն կողմ արեցի և մտքերս ցրելու համար մտաբերեցի անցյալս: Հուշերի մի ամբողջ շարան խառնիխուռն հառնեց իմ առաջ: Կային լավ ու վատ հուշեր, համենայն դեպս, առաջ այդպես էի հավատացած: Հառնեցին դեմքեր ու դեպքեր: Դիմացս եկավ մի փոքրիկ նովիյերոյի դեմքը, որը պոզահարվել էր Վալենսիայում ֆերիայի ժամանակ, քեռուս դեմքը, Ռամոն Գրիսի դեմքը: Դեպքեր հիշեցի, թե ինչպես 1926-ին երեք ամիս գործազուրկ էի, ինչպես քիչ էր մնացել, որ սովից սատկեի: Հիշեցի, թե ինչպես Գրենադայում մի գիշեր նստարանին էի քնել, երեք օր էր, հաց չէի կերել, գազազել էի, չէի ուզում սատկել: Այդ հուշի վրա ժպտացի: Ինչպիսի ագահությամբ էի վազում երջանկության, կանանց, ազատության հետևից: Ինչի՞ համար: Ես կամեցել էի ազատագրել Իսպանիան, հիացել էի Պի ի Մարգալով, հարել անարխիստների շարժմանը, ելույթ ունեցել ժողովներում. ամեն ինչ լուրջ էի ընդունել, կարծես թե անմահ լինեի:
Վստահելի
1396
edits