Changes
/* Ստեղծագործական Հնգանկյունը */
― Ոչ, Վիտալիյ Նիկիտիչ։ Դուք մերն եք։ Չէ՞ որ մենք ձեզ վերականգնել ենք։
===Վեցորորդ մաս===
===Հյուրանոց «Սոցիալիստական»===
― Այս ո՞ւր ես ինձ բերել, ― հարցրի ես Վասյաին։
― Որտեղ հրամայել են, ― պատասխանեց նա։
― Դուք հիմա այստեղ եք ապրելու։ ― Նա ցույց տվեց ինձ երկար ցածր շենքը ու մինչ ես զննում էի այն, միացրեց շարժիչը և գնաց, ողողելով ինձ գոլորշու քուլաներով։
Երբ գոլորշին ցրվեց, լուսնի լույսի տակ ես տեսա, որ շենքը բարաքի նման մի բան է։ Շենքի բոլոր պատուհանները մութն էին։ Դռան վրա կախված հնացած ցուցանակի վրա, թույլ լույսի տակ դժվարությամբ կարելի էր կարդալ․
Հյուրանոց «Սոցիալիստական»
Հյուրանոցի դիմաց դատարկ, անխնամ տարածք էր, իսկ աջ կողմից ձգվում էր բարձր, վերևի մասում փշալարերով պատած երկաթբետոնե պարիսպը։ Ես հասկացա, որ գտնվում եմ Մոսկորեպի ծայրամասում։
Որոշ ժամանակ շփոթված կանգնելուց հետո, ես որոշեցի մտնել հյուրանոց։ Դուռը բացվեց սարսափելի ճռռոցով, երբ ես հրեցի այն ուսով։
Քթիս միանգամից խփեց մեզի հոտը։
― Ո՞նց եք ապրում այս գարշահոտության մեջ, ― հարցրի ես կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող տարեց կնոջը։ Նա նստած էր պահածոյի տուփից սարքված լամպի թույլ լույսով լուսավորված սեղանի մոտ։ Հետաքրքիր է, որտեղի՞ց են ճարել այս տուփը։ Ես ոչ մի տեղ Մոսկորեպում պահածոներ չեմ տեսել։
― Ձեզ ի՞նչ է հարկավոր, ― հարցրեց կրտսեր լեյտենանտը։
Ես ասացի, որ ինձ այստեղ են տեղափոխել «Կոմունիստական» հյուրանոցից։
― Ւնչպե՞ս է ազգանունդ։
Ես կարծում էի, որ լսելով ազգանունս, նա կուրախանա և ինքնագիր կխնդրի, բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Նա երկար ժամանակ փնտրում էր ազգանունս մի ինչ֊որ կեղտոտ գրքում, ծռված մատը շարժելով տողերի վրա։ Վերջապես գտնելով փնտրածը, սեղանից վերցրեց բանալիների կապը, լամպը և տարավ ինձ ինչ֊որ տեղ միջանցքի խորքը, բացեց համար տասնչորսերորդ դուռը և ասաց․
― Ահա ձեր սենյակը։
Եվ միանգամից գնաց։
Ես պատի վրա ման եկա անջատիչը, բայց սենյակում ոչ միայն անջատիչ, լամպ էր չկար։ Բայց լուսնի լույսը բավականաչափ պայծառ էր և ես կարողացա տեսնել երկաթե նեղ մահճակալը և կոտրված աթոռակը։ Մահճակալը ծածկված էր կոշտ ծածկոցով, վրան դրված էր խոտով լցված բարձ։ Կարծեմ սենյակում ուրիշ ոչինչ չկար, բացի պլաստմասե գիշերային անոթից, որը ես գտա դռան կողքի անկյունում։
Ճիշտն ասած, այս ամենը ինձ սարսափելի դուր չեկավ։ Բայց ես հո գիտեի՞, որ իմ կամակորության համար պետք է ինչ֊որ կերպ վճարեմ և որոշեցի․ սատանան ձեզ հետ, այստեղ էլ կապրեմ։ Լավ է դեռ, որ առանձին սենյակ են տվել, այլ ոչ թե մի մահճակալատեղ, ընդհանուր սենյակում, որտեղ բուսական խոզի միս օգտագործողները ոչ միայն խռմփացնում են։
Ծածկոցի տակ, իհարկե, ոչ մի սավան չգտա։
Դե ի՞նչ արած։ Ես կոշիկներս դուրս դրեցի, և առանց հանվելու պառկեցի ծածկոցի վրա։
Այնպես էի հոգնել, որ միանգամից քնեցի, բայց շուտով արթնացա, որովհետև ինձ կրծում էին ինչ֊որ միջատներ։ Գիշերվա ընթացքում ես մի քանի անգամ վեր էի կենում, ինձ թափ տալիս, նորից պառկում։ Լուսաբացին մի քիչ քնեցի, բայց երբ արթնացա՝ սարսափեցի։ Պատի վրա սողում էին փայտոջիլները, ծածկոցը շարժվում էր ոջիլներից, իսկ նրանց միջև թռչկոտում էին լուերը։ Ես բարձրացրի շապիկս և տեսա, որ ամբողջ մարմինս ծածկված է կարմիր կետերով։
― Արա՛գ, պետք է փախչել այստեղից, ― ասացի ինքս ինձ և դուրս թռա միջանցք։ Ես իհարկե կասկածում էի, որ կոշիկներս մաքրված կգտնեմ, բայց նրանք ընդհանրապես չկային։
Հերթապահը փոխվել էր։ Նա ենթասպայի կոչում ուներ։ Երբ ես հարցրի կոշիկներիս մասին՝ մի քիչ զարմացավ, հետո բացատրեց, որ միջանցքում թողված իրերի համար ադմինիստրացիան պատասխանատու չէ։ Դա շատ սպասելի էր։ Ես հարցրի նրան կաբեսոտի տեղը, բայց նա ասաց, որ այս կարգի հյուրանոցներում կաբեսոտ չի լինում, իսկ երկրորդական մթերքի համար նախատեսված կուտակիչը գտնվում է իմ սենյակում։ Նա երևի նկատի ուներ գիշերային սափորը։
Հասկանալի է, որ այդ առարկայից ես այնքան էլ չէի ուզում օգտվել, բայց ստիպված վերադարձա համար։ Հետաքրքիր է, որ այնուամենայնիվ, մի երկուսուկես մետրանոց թերթի կտոր այնտեղ կար։ Բացելով այն ես տեսա խոշոր տառերով տպված այսպիսի վերնագիր․ «Մարդ անցյալից»։
Ես միանգամից գլխի ընկա, որ այնտեղ խոսքը գնում է իմ մասին, չնայած անունս ոչ մի անգամ չէր հիշատակվում։
Իհարկե, ես դեռ անցյալում առիթներ ունեցել էի կարդալ նմանատիպ քննադատական հոդվածներ, բայց այն ժամանակ այդքան զգայուն չէի, և ամեն ինչ սրտիս մոտ չէի ընդունում։ Իսկ հիմա, կարդացածս ինձ ցավոտ խոցեց։ Հոդվածում ասված էր, որ մի ոմն անձնավորություն վաղուց արդեն բռնել է մեզ համար թանկ ամեն ինչի մրոտման ու քննադատության ճանապարհը։ Որ ապրելով զարգացած սոցիալիզմի ժամանակ, նա ոչ մի առաջընթաց չի նկատել նախակոմունիստական ժամանակաշրջանում։ Երրորդ Օղակի հետախուզության պատվերով, ժամանակին զրպարտել է ամեն ինչ։ Իր, եթե կարելի է այդպես անվանել գործունեությամբ, նա արժանի էր խիստ պատժի, բայց այն ժամանակվա սանձարձակ կոռուպցիոնիստների թողտվության պատճառով, կարողացավ խուսափել հատուցումից, և թաքնվելով Երրորդ Օղակում, իր անդրօվկիանոսյան հովանավորներին սպասարկելու համար, ջանասիրաբար ցեխ էր շպրտում այն երկրի վրա, որը նրան մեծացրել, կերակրել, խմեցրել, հագուստով էր ապահովել։ Եվ հիմա նա նորից հայտնվել է մեր մեջ։ Մեր հասարակությունը ներեց նրան նախկին հանցագործությունները։ Մենք հույս ունեինք, որ վաթսուն տարի ապրելով Երրորդ Օղակում, նա ավելի շրջահայաց է դարձել, զղջացել է, հասկացել, թե ինչում է կայանում սկզբունքային տարբերությունը կոմունիզմի ու այն աշխարհի միջև, որտեղ աշխատավորները հասել են աղքատության այն աստիճանին, որ նույնիսկ երկրորդական մթերքը ստիպված են ներկրել արտասահմանից։ Այդ հուսյով Գերագույն Հնգանկյունին որոշում ընդունեց նրան րեաբիլիտացնել։ Մենք նրան գրկաբաց ընդունեցինք, բայց ինչպես ասում են, որքան էլ գայլին կերակրես՝ աչքը անտառում է մնում։ Միջազգային ռեակցիոն ուժերի այդ անխիղճ սպասավորը, մեր հասուն կոմունիզմին նայում էր սև ակնոցների միջով, ամեն ինչ նրան այնքան դուր չէր գալիս, որ նա չէր տարբերում պրեկոմպիտը կաբեսոտից։
Մեր հասարակությունը, ինչպես հայտնի է, աշխարհում ամենահումանիստականն է։ Բայց մենք շատ խիստ ենք վարվում նրանց հետ, ովքեր խախտում են մեր օրենքները և վարքագծի կանոնները։ Հոդվածի վերջում կոչ էր արվում կոմունյաններին ավելի սերտորեն համախմբվել Գերագույն Հնգանկյունի, Խմբագրական կոմիտեի և անձամբ Գենիալիսիմուսի կուսակցության շուրջը և վճռական հակահարված տալ ամեն տեսակի թշնամական հարձակումներին։
Այո, ինձ համար շատ տհաճ էր այդ կարդալ։ Ես նույնիսկ զզվում էի այդ թուղթը օգտագործել այն նպատակի համար, որի համար նախատեսված էր։ Բայց ձեռքի տակ չունենալով ավելի հարմար բան, ես այն օգտագործեցի և վատ տրամադրությամբ դուրս եկա միջանցք։
===Բոյկոտ===
Հերթապահը սեղանի մոտ նստած կարկատում էր փայտի կտորի վրա հագցրած գուլպան։ Ես հարցրի նրան, թե որտեղ կարելի է լվացվել։
Լվացվելու կարիքը մեզ մոտ չի բավարարվում, ― ասաց նա բավական կոպիտ։
Իսկ նախաճաշային կարիքները ինչ֊որ տեղ բավարարվո՞ւմ են, ― հարցրի ես չարամտորեն։
― Պրեկոմպիտը անկունի այն կողմն է, ― պատասխանեց նա առանց գլուխը բարձրացնելու։
― Ես դուրս եկա փողոց։ Գիշերվա ընթացքում ասֆալտը սառել էր, և իմ նրբացած և բոբիկ ոտքերը մրսում էին։ Բացի դրանից պատահում էին ամեն տեսակ քարեր, պլաստմասե մանր կտորներ և բոբիկ քայլելը շատ ցավոտ էր։ Մատերս ծալելով ես մի կերպ հասա պրեկոմպիտ։ Հերթը այնքան էլ մեծ չէր, մի քառասուն հոգի։ Ինձ զարմացրեց, որ մարդիկ այդքան քիչ են, բայց ես կռահեցի, որ գտնվում եմ Երրորդ Կակայում, որտեղ մեծամասամբ ապրում են ինքնաբավարարվող կոմունյանները։ Ուրեմն սրանք, հերթում կանգնածները, կենտրոնից են եկել։ Միգուցե նրանք նույնիսկ կոմունյաններ չեն, այլ Առաջին Օղակից եկածներ, որովհետև նրանից ոչ ոք ինձ չէր ճանաչում և ինքնագիր չէր խնդրում։
Դռան կողքի պատին կախված էր մենյուն։ Ես կարդացի այն։ Փառք աստծո, բուսական խոզի միս այնտեղ չկար։ Այնտեղ նշված էին միայն երկու ճաշատեսակ․ բրնձով շիլա կորեկից և կաղնու տերևներից թեյ՝ «Դուբրավուշկա»։ Ես մտածեցի, որ միգուցե, դա կարելի է ուտել մեծ ռիսկի չենթարկելով ստամոքս։ Բայց մենյուի կողքին կախված հայտարարությունը ինձ հիշեցրեց, որ կոմունյանները սպասարկվում են միայն երկրորդական մթերքի հանձնումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո։
Ես վերադարձա հյուրանոց։ Բայց իմ սափորը դատարկ էր և նույնիսկ մաքուր լվացած։ Ես ինձ շատ անհարմար էի զգում, բայց կակազելով շփոթմունքից դիմեցի հերթապահին, արդյոք նա չգիտի՞, թե ուր է կորել համարում թողած երկրորդական մթերքը։
Համարում կորած առարկաների համար, ադմինիստրացիան պատասխանատու չէ, ― ասաց նա, առանց ինձ նայելու, և ես հասկացա, որ երկրորդական մթերքը հենց նա է գողացել։
― Եվ ի՞նչ է ստացվում։ Չունենալով երկրորդական մթերք, ես չեմ կարող ստանալ առաջնային, իսկ չստանալով առաջնային՝ չեմ կարող արտադրել երկրորդական։ Սա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է սովից մեռնե՞մ։
Ես մտածեցի, որ միգուցե տեղական գաղափարախոսները ճիշտ են․ երկրորդական մթերքը առաջնային է, իսկ առաջնայինը երկրորդական։ Հիմա ես ի՞նչ պիտի անեմ։
― Նախ և առաջ անհրաժեշտ է գտնել Իսկրային, ― ասացի ես ինքս ինձ։ Իհարկե, ես հասկանում եմ, որ նա ծառայում է նրանց, բայց ինձ հետ այնքան մոտիկ հարաբերություններ է ունեցել, որ միգուցե ցանկանա ինձ ինչ֊որ կերպ օգնել։
Ես զանգահարելու թույլտվություն խնդրեցի հերթապահից։
Հեռախոսը միայն ծառայողական կարիքների համար է, ― ասաց նա, առանց վրաս նայելու։
Ես նորից փողոց դուրս եկա, հույս ունենալով զանգահարել ավտոմատից, առավել ևս, որ ավտոմատները Մոսկորեպում անվճար են։ Մուտքի մոտ գտնվող առաջին ավտոմատը չէր աշխատում, երկրորդում՝ պոկված էր դուռը և կտրված խոսափողը։ Անկյունում գտնվող երրորդ ավտոմատում խոսափող կար, բայց ապակիները ջարդված էին և ես ներս չմտա, վախեմալով կտրատել ոտքերս։
Հաջորդ ավտոմատը մոտավորապես մի փողոց այն կողմ էր։ Այն և դուռ ուներ և խոսափող, միայն ձայն չկար։
Փողոցները այստեղ ինչ֊որ հիմար անվանումներ ունեին․ Ծայրամասաին, Մնացորդային և Ինֆորմացիոն։ Մեքենաները քիչ էին, բայց շատ աղմկոտ էր։ Պատշգամբներում մայում էին ոչխարները, խռխռում խոզերը։ Մի տեղ խոզ էին մորթում, և նա սարսափելի ճչում էր։ Ինֆորմացիոն փողոցով ես հասա մետրոյի Կոմունիստական Վերջնական կայարանին։ Այստեղ ութ հատ ավտոմատ կար։ Նրանցից յոթը չէին աշխատում։ Ութերորդում կանգնած խոսում էր միջին տարիքի մի կին։ Ես կանգնեցի և ակամայից սկսեցի լսել խոսակցությունը։
― Ինչ ես ասում, Դույս, ― ասում էր նա, ― ի՜նչ կյանք։ Ոչ մի կյանք էլ չկա։ Ի՞նչ։ Դե ոչ, ասում եմ, ոչ մի կյանք չկա։ Այո, ոչ մի։ Ահա, հենց այդպես, չկա և վերջ։ Ի՞նչ ես ասում։ Մի՞թե սա կյանք է։ Սա ոչ թե կյանք է, այլ տանջանք։ Իսկ ո՞վ է բողոքում։ Ոչ ոք չի բողոքում։ Դե դու հարցնում ես ինչպես է կյանքը, ես էլ քեզ, պատասխանում եմ, որ ոչ մի կյանք էլ չկա։ Ի՜նչ կյանք, եթե այն չկա։
Ես հասկացա, որ խոսակցությունը դեռ նոր է սկսվում և թակեցի ապակին։ Կարծում էի, որ կինը կդժգոհի, բայց տեսնելով ինձ, նա միանգամից ավարտեց խոսակցությունը և խոստանալով Դուսյաին զանգել ավելի ուշ դուրս եկավ խցիկից և իջավ մետրո։
Ես վերցրի դեռ տաք ու խոնավ խոսափողը և ականջիս մոտեցրի, հույս ունենալով լսել այդքան ցանկալի ձայնը, բայց ձայն չկար։
Ես տեսա, որ պորտֆելով մի մարդ խոսում է խցիկներից մեկում։ Ես նետվեցի դեպի այդ խցիկը։ Նա իմ ներկայությամբ հրաժեշտ տվեց ինչ֊որ մեկին և խնդրեց ողջույններ հաղորդել Պլանետա Սեմյոնովնային։
Ես վերցրի նոր կախված հեռախոսը, նա նույնպես լուռ էր։ Զայրանալով, ես այնպես խփեցի այն ավտոմատի տուփին, որ նա երկու մասի բաժանվեց։
Շրջվելով, ես ցնցվեցի։ Իմ առջև կանգնած էր վնուբեզի հաստ մռութ ունեցող աշխատակիցը։ Ես մտածեցի, որ ստիպված կլլինեմ բացատրել, թե ինչու ջարդեցի խոսափողը, բայց նա ոչ մի ուշադրություն չդարձնելով ինձ վրա մտավ խցիկը, միացրեց կտորները միմյանց, հավաքեց համարը և սկսեց խոսել։
Երբ նա դուրս եկավ ես վերցրի խոսափողը, բայց այն լռում էր։
Կասկած չկար։ Ինձ հետ խաղում են այն խաղը, որի օրենքներին ես լավ ծանոթ եմ անցյալ կյանքից։ Ճիշտ է, ես պետք է ընդունեմ, որ անցած վաթսուն տարիների ընթացքում ԲԵԶՈ֊ն ինչ֊որ բան սովորել է։ Այն ժամանակ, նրանք չէին հասցնում ժամանակին անջատել հեռախոսները, իսկ հիմա հասցնում են։
Փորձը մեծ բան է։ Պտտվելով առանցքիս շուրջը, ես նկատեցի փաթաթված մի զույգ «Մանուկների Ընկեր» (Գենիալիսիմուսը մի աղջնակի հետ ձեռքերին) հուշարձանի մոտ դրված նստարանի վրա։ Ուշարդրություն դարձի նաև ծղոտե գլխարկով տարեց կոմսորի վրա, որը պատի վրա թերթ էր կարդում, վարորդի վրա, որը բաց կապոտի տակ գործ էր անում, և երիտասարդ մայրիկի վրա, որը իմ կողքով գլորեց մանկական սայլակը։ Սայլակը, իմիջաիյլոց (ես հասցրեցի այնտեղ խոթել քիթս), իհարկե, դատարկ էր։ Բայց ի՞նչ անեմ։
===Բոյկոտ (շարունակություն)===
Կյանքս դարձավ մի անվերջանալի մղձավանջ։ Հյուրանոցում մնալն անհնարին էր։ Տոթ էր և միջատներ կային, բայց լույս չկար։ Հերթապահն ասաց, որ ես չունեմ լուսավորման կարիքների ապահովում։ Ճիշտն ասած, ընդհանուր առամամբ, լույսը ինձ պետք էլ չէր։ Սովորաբար ես նրանից օգտվում եմ կարդալու համար, բայց հիմա կարդալու բան չունեմ, բացի այն անպետք թերթից, որի կտորները կանոնավոր բերում են, չնայած ես արդեն դրա կարիքը չունեմ։ Եվ թղթի ամեն մի կտորում ես գտնում եմ ինձ վերաբերվող մի որևիցե նյութ։ Որոշ վերնագրեր ծիծաղելիորեն ծանոթ էին․ «Մարդն անցյալից», «Ժամանակին չհարմարվողը», «Զգուշացեք՝ սադրանք», «Անշնորհակալը», « Հուդան Շտոկդորֆից», «Խոզը կաղնու տակ»․․․
Ամբողջ օրը թափառում եմ քաղաքում, որովհետև չեմ կարողանում մնալ հյուրանոցում։ Մեր մեջ ասած այնքան եմ ուզում ուտել, որ երբեմն, բուսական խոզի միսը տեսնում եմ երազում, որպես ամենացանկալի ճաշատեսակ։ Բայց պրեկոմպիտ առանց տեղեկանքի չեն թողնում։ Մի անգամ փորձեցի օգտագործել հին հնարքս և պրեկոմպիտի պահակի ձեռքը խցկել մի կտոր «Պրավդա», բայց (երևի «Զյուդոյչե ցայյտունգը» ավելի նման է պահանջվող տեղեկանքին) իմ ոչ այնքան խորամանկ հնարքը միանգամից բացահայտվեց, և քիչ մնաց վզիս հասցնեին։ Մի ուրիշ պահակի ես փորձեցի խաբել ավելի հասարակ միջոցով։ Հերթ կանգնեցի և երբ արդեն մոտեցել էի դռներին, ասացի նրան․ «Նայիր հորեղբայր , ծիտիկ է թռչում» ― ու փորձեցի ներս խցկվել, բայց նա ասաց․ « Ես քեզ ցույց կտամ ծիտիկ» և այնպես բռնեց օձիքս, որ փախչելիս զոհաբերեցի այն։
Ասում են, որ մատերիան չի անհետանում։ Իսկ ես տեսնում եմ, որ այն նյութը, որից ես կազմված եմ, այն էլ ոնց է անհետանում։ Մի պատուհանի մոտով անցնելիս ես թռուցիկ հայացք գցեցի իմ արտացոլումին և նույնիսկ վախեցա։ Ինձ կարելի էր օգտագործել, որպես ուսումնական պարագա, անատոմիայի դասերին։
Հետաքրքիրն այն է, որ ոչ ոք ինձ չէր ճանաչում։ Դեռ մի քանի օր առաջ ինձ բոլորը բարևում էին և ինքնագիր խնդրում։ Իսկ հիմա ուղղակի ոչ տեսնում են, ոչ էլ նկատում, կարծես դարձել եմ անտեսանելի։ Իսկ երբ ինչ֊որ մեկին ճանապարհը, կամ ժամն եմ հարցնում, անցնում են, կարծես չեն էլ լսում։ Երբեմն, ինձ հաջողվում է շփվել տարբեր մուտքեր հսկող պահակների հետ։ Սկզբում ես հույս ունեի գտնել Իսկրային և փորձեցի թափանցել «Կոմունիստական» հյուրանոց, բայց պահակը ոչ միայն ներս չթողեց ինձ, այլ շատ կոպիտ հրեց։ Կարելի էր կարծել, որ նա չգիտի, թե ես ով եմ, բայց դեռ վերջերս այդ նույն մարդը ժպտում էր ինձ, խոնարհվում և լայն բացում կաղնյա դռները։ Իմ փորձերը գտնել Սմերչևին կամ Ձերժինին այդպես էլ արդյունք չտվեցին։ Ես գնացի և՛ Բեզբումլիտ, և՛ Բումլիտ։ Բայց երկու հիմնարկում էլ ավտոմատավորները փակում էին ճանապարս, իսկ մեկը քիչ մնաց խփեր ավտոմատի կոթով։ Միայն նրանցից մեկի հետ ինձ հաջողվեց գոնե խոսել։ Ես նրան հարցրի ինչպես Բումլիտ մտնել։ Նա ասաց․ «Պետք է անցագիր»։ ― Որտե՞ղ այն ստանամ։ Անցագրային բաժնում, որը գտնվում է ներսում։ Իսկ ներս կարելի է մտնել միայն անցագրով։ Կարճ ասած, լսում էի դեռ սոցիալիստական ժամանակներից ինձ լավ ծանոթ սպիտակ ցլիկի մասին հեքիաթը։ Միայն մի անգամ հանդիպեցի ծանոթ պաշտոնյաներից մեկին՝ հայր Զվեզդոնիին։
― Տեր իմ, ― նետվեցի ես նրա մոտ։
Երբ տեսավ ինձ, դեմքն այլայլվեց և սկսեց մրթմրթալ․ «Աստված փրկի, ― կարծես սատանա էր տեսել և անհետացավ Բեզբումլիտում։
Մնացած բոլոր կոմունյանները ինձ չէին նկատում։ Դա ինձ այնքան էր զայրացնում, որ ես պատրաստ էի և՛ ձերբակալվել, և՛ մահապատժի ենթարկվել, միայն թե վրաս ուշադրություն դարձնեն, ընդունեն, որ ես դեռ կամ։ Մի անգամ այնքան էի հուսահատվել, որ մի կտոր աղյուսով խփեցի վնուբեզի պատուհանին։ Եվ ի՞նչ եք կարծում։ Աշխատակիցները դուրս թափեցին փողոց, բայց տեսնելով ինձ շրջվեցին և սկսեցին հավաքել ապակիները, ոչ մի ուշադրություն չդարձնելով ինձ վրա։ Մի ուրիշ անգամ, պառոբուսի կանգառում, ես մոտեցա մի կոմսորի և հարցրի ժամը։ Նա իմ միջով ինչ֊որ տեղ էր նայում, կարծես հնչյունները չէին տատանում նրա ականջի թաղանթը։
― Ողորմած պարոն, ― համառորեն կրկնեցի ես, ― ձեզ եմ դիմում։ Անձամբ ձեզ։ Այնքան սիրալիր չե՞ք լինի, որ ասեք ժամը քանի՞սն է, ես ձեր այսպեսը֊այնպեսը։
Եվ ի՞նչ եք կարծում։ Նորից ոչ մի արձագանք։
Եվ հանկարծ այնպես զայրացա, որ նետվեցի նրա վրա, գետնին գլորեցի (այդ աժդահան հնձվածի պես ընկավ), ծնկով սեղմեցի նրան գետնին և բռնեցի կոկորդը։
― Ասա, շան տղա, ժամը քանի՞սն է, թե չէ կխեղդեմ։
Եվ կխեղդեի (նա արդեն խռխռացնում էր), բայց հավաքված ամբոխը, ինձ պոկեց նրանից, հետո բոլորը ցրվեցին, կարծես ոչինչ չէր եղել։
Իմ տանջանքներն ավելացան, երբ եղանակը սկսեց փչանալ։ Գիշերները ցուրտ էին, իսկ առավոտյան ասֆալտը թաց էր շաղից և չնայած ես արդեն սովորել էի բոբիկ ման գալ, բայց ոտքերս միևնույն է մրսում էին։ Ցերեկն ավելի հաճելի էր։ Ոչ շոգ էր, ոչ ցուրտ։ Երկինքը ավելի հաճախ էր պատվում ամպերով, և ես նկատեցի, որ կոմունյանները ինձ համար անհասկանալի մի ինչ֊որ հույսով են նայում ամպերին։
Խոստովանել թուլությունդ միշտ էլ անհարմար է, բայց ես անկեղծ մարդ եմ և ստիպված եմ ասել, որ իմ գաղափարական կայունությունը չդիմացավ ինձ հասած փորձություններին։ Ես միշտ նախանձում էի այն մարդկանց, որոնք նվիրված են մնում իրենց համոզմունքներին, ինչ էլ որ պատահի։ Կոմունիստների մեջ հանդիպում էին մարդիկ, որոնք հավատարիմ էին իրենց գաղափարներին նույնիսկ տարիներ տևող բանտարկությունից հետո, նույնիսկ երբ նրանց հետքույքն էին խցկում շիկացած երկաթը, իսկ կոկորդը արճիճ լցնում։ Պատանի տեռորիստը աչքիս առաջ դիմացավ սարսափելի կտտանքների։ Իսկ ես պարզվեց, այնքան թուլամորթ եմ, որ մի քանի օր քաղցած մնալուց հետո, պատրաստ եմ վաճառել իմ բոլոր մշուշոտ իդեալները ոսպի ապուրի համար։ Սակայն ոչ ոք ինձ այդպիսի առաջարկ չէր անում։ Երրորդ Օղակի գործակալները թաքնվել են ու չեն երևում, իակ սիմիտները, որոնց մասին այդքան շատ լսել եմ, ինձ հետ կապ չէին հաստատում։
Չնայած նրանց գոյությունը զգացվում էր։ Թափառելով քաղաքով և մտածելով ստամոքսիս մասին, ես այնուամենայնիվ նկատում էի, որ ինչ֊որ բան տեղի է ունենում։ Մարդիկ հավաքվում էին խմբերով, շշուկով խոսում և տարօրինակ հայացքներ փոխանակում։ «Սիմ» բառն ինձ ավելի ու ավելի հաճախ էր հանդիպում։ Ես տեսնում էի այն ցանկապատների, ասֆալտի և նույնիսկ պետական շենքերի վրա՝ գրված մեկ կավճով, մեկ ածխով, իսկ մի հեռախոսային խցիկի վրա, այդ բառը գրված երկրորդական մթերքով․․․
Մի օր, արթնանալով առավոտյան ես հայտնաբերեցի «Սիմ» բառը իմ համարում։ Այն քերծված էր ինչ֊որ սուր բանով դիմացի պատին։
Ես, բնականաբար, վազեցի հերթապահի մոտ, բերեցի նրան համար, ցույց տվեցի գրվածը և ասացի, որ այդ ես չեմ արել։
― Կպարզենք, ― ասաց հերթապահը և գնաց ինչ֊որ մեկին հայտնելու։
Ում և ինչ էր նա հաղորդել և ինչ հետևություններ էին արվել, ես այդպես էլ չիմացա, որովհետև հաջորդ գիշեր մի այնպիսի բան պատահեց, որ միչև այդ եղած ամեն ինչ մթագնեց։