Changes
/* Բոյկոտ (շարունակություն) */
Ում և ինչ էր նա հաղորդել և ինչ հետևություններ էին արվել, ես այդպես էլ չիմացա, որովհետև հաջորդ գիշեր մի այնպիսի բան պատահեց, որ միչև այդ եղած ամեն ինչ մթագնեց։
===Դալլաս===
Արդեն երեկո էր, երբ Մոսկորեպում աննպատակ թափառելուց հետո, բոլորից մերժված, քաղցած, դժբախտ, արյունոտ ոտքերով, ես դանդաղ, հիվանդի նման մի կերպ դեպի իմ աիծյալ հյուրանոցն էի գնում։ «Հիմա ես ի՞նչ անեմ, ― մտածում էի ես։ ― Ո՞ւմ դիմեմ, որպեսզի ինձ այստեղից բաց թողնեն, եթե ոչ ոք չի ցանկանում ինձ հետ խոսել։ Միգուցե անձամբ Գենիալիսիմուսի՞ն։ Չնայած մեր հայացքների տարբերությանը, մենք մի ժամանակ միասին սովորել ենք, միասին խմել ժուռնալիստի տանը, հանդիպել Մյունխենում, և վերջ ի վերջո, եթե լինելով հասարակ գեներալ նա փրկեց ինձ «յակուտական տարբերակից», ապա ինչո՞ւ հիմա էլ չի կարող բարի գործ կատարել։ Մի՞թե նրան էլ է անհրաժեշտ է, որ ես փչացնեմ այդ հիմար վեպը»։
Ես արդեն գիտեի, որ նրա ազդեցությունը երկրային գործերի վրա այնքան էլ մեծ չէ, բայց միգուցե, եթե անձամբ ասի․ «Նրան հանգիստ թողեք, նա իմ ընկերն է», ― կամ դրա նման մի բան, միգուցե նրան ենթարկվեն, չհամարձակվեն մերժել։
Բայց ինչպե՞ս նրան դիմեմ։ Ինչպե՞ս։ Միայն ուղի՞ղ։ Եթե նա վերևից բոլորին հետևում է և ամեն ինչ տեսնում է, միգուցե ի՞նձ էլ է տեսնում։ Երբ հայտնվի երկնքում, ծնկի գամ, ձեռքերս վեր բարձրացնեմ․․․
Ես նայեցի երկնքին և տեսա, որ երկինքը ծածկված է ամպերի խիտ շերտով։ Երևի նույնիսկ Գենիալիսիմուսը այդ ամպերի միջով ինձ չի կարող տեսնել։ Ես էլ նրան չեմ տեսնի։
― Կարծում եք այսօր մի բան կլինի՞, ― լսեցի ես մի երիտասարդ ձայն։
Զարմանալով, որ ինձ հետ խոսեցին, ես շրջվեցի և տեսա մի նիհար կոմսոր, որը մի քիչ ծալել էր գլխարկի երեսկալը և նույնպես նայում էր երկնքին։
― Ի՞նչ կլինի, ― հարցրի ես նրան։
― Ինչպես թե ինչ կլինի։ ― Կոմսորը հայացքը երկնքից ինձ վրա տեղափոխեց և ես ճանաչեցի պոդկոմպիս Օխլամոնովին Բեզբումլիտից։ Ցավոք, նա էլ ինձ ճանաչեց։
― Այդ դո՜ւք եք, ― ասաց նա շփոթված, շրջվեց, և արագ հեռացավ։
Ես չփորձեցի նրան կանգնեցնել։ Արդեն ամեն ինչի սովոր էի այս քաղաքում։
Երբ հասա տուն, արդեն մթնել էր։ Ես անցա լամպի մոտ նստած հերթապահի կողքով, և համենայն դեպս ասացի «սլագեն», բայց ինչպես և սպասում էի, նա չպատասխանեց։
Հետո նստեցի մահճակալին ու տարվեցի մռայլ մտքերով։ Այդ գիշերը, երևի թե, ամենամութն էր Մոկորեպում գտնվելուս ողջ ընթացքում։ Ոչ մի աստղ չէր երևում ամպերի միջից, ողջ կոմունիստական քաղաքը ընկղմվել էր մթան մեջ, ինչպես թանաքում։ Պատուհանից դուրս նայելիս, ես ոչ մի լուսավորված պատուհան չէի տեսնում։ Չէին երևում ոչ փողոցային լապտերները, ոչ էլ քաղաքային տրանսպորտի լույսերը։ Միայն ինչ֊որ տեղ հեռվում, շողում էր Գենիալիսիմուսի լուսանկարը և փայլփլում էին նրա իմաստուն խոսքերը․ «Մարդկանց դարավոր իղձերը իրականություն դարձան»։ Այդ լույսի խղճուկ մնացորդները հասնում էին սենյակիս, հազիվ նշմարելի դարձնելով առանձին առարկաներ․ մետաղյա մահճակալի մեջքի կորությունը, աթոռակը և պատի վրայի երկու պլաստմասե կախիչները։
Վերջերս այդ կեռիկները ինձ մոտ այնպիսի մտքեր էին սկսել առաջացնել, որոնք անցյալում դժվար էր պատկերացնել։ Իսկ այժմ այդ մտքերը համարյա բնական էին թվում։
Իմ դրությունը ես գնահատում էի, որպես անելանելի։ Ես շրջում եմ ինչ֊որ օտար, անհասկանալի մարդկանց մեջ, ոչինչ չեմ կարող անել և չեմ պատկերացնում, թե ինչպես դուրս պրծնել այս թակարդից։ Եթե ես չկարողանամ այստեղից դուրս պրծնել, ես երբեք և ոչ մեկին չեմ պատմի տեսածիս մասին։ Իսկ այդ դեպքում ի՞նչ միտք ունի իմ կյանը։
Կեռիկները ամուր չեն, բայց իմ թեթևացած մարմնին, երևի թե կդիմանան։ Այդ միտքը դեռ վերջնականապես չէր ձևավորվել, բայց ես արդեն տեսնում էի ինձ կապտած, նիհար, խղճուկ, կախ ընկած լեզվով ու ծալված ոտքերով։ Ես նույնիսկ պատկերացրի, թե ինչպես մի սանիտար կամ վնուբեզի աշխատակից, երկու մատով հանում է իմ մարմինը կախիչից և շպրտում պադգարակի վրա։ Հետաքրիր է, ինչպիսի՞ն կլինի «Պրավդայի» արձագանքը։ Կգրե՞ն «Շանը շան մահ» վերնագրով հոդված, թե՞ այնպիսի տեսք կընդունեն, կարծես երբեք չեմ եղել։
Հանկարծ սենյակը լուսավորվեց, մի ինչ֊որ տարօրինակ, ամենուր թափանցող լույսով և նորից մթություն տիրեց։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ։ Այդ լուսային էֆեկտը դրսի՞ց էր, թե ինձ վրա իջաց հայտնություն էր։ Այսպես թե այնպես, մտքերիս ուղղությունը կտրուկ փոխվեց։
― Իսկ ի՞նչ է պատահել, ― հարցրի ես ինքս ինձ։ ― Ինչո՞ւ ես պետք է այստեղ մնամ և հանուն ինչի կործանվեմ, երբեք չվերադառնամ իմ սիրելի Շտոկդորֆ և չտեսնեմ կնոջս ու երեխաներիս։ Միայն այն պատճառով, որ իմ էությունը պահանջում է անիմաստ սխրագործություններ և թույլ չի տալիս ուղղել գրա՞ծս։
Ես քննադատաբար նայեցի անցյալիս և մտածեցի․ այս ի՞նչ բան է։ Ինչո՞ւ եմ կառչում հնարածս պատկերներից ու բառերից, ինչո՞ւ եմ ինձ և ընտանիքիս սարսափելի տհաճություններ պատճառում։ Մի՞թե այդ ֆանտազիաները ավելի թանկ են, քան իմ բարօրությունը և նույնիսկ կյանքը։
Ո՛չ, ― ասացի ինքս ինձ։ ― Իհարկե ոչ։ Ես ոչ ապուշ եմ, ոչ էլ խելագար։ Ես ողջախոհ մարդ եմ և հասկանում եմ, որ առաջնայինը իմ կյանքն է, իսկ հնարածս երկրորդական է։ Հնարել կարելի է և այս և այն։ Վերջ ի վերջո, հնարածը կարելի է ջնջել։ Ինչքան էլ Սիմիչին խղճամ, ես ավելի մեղք եմ։
Ես հստակ պատկերացրի, որ կարող եմ հեշտությամբ ջնջել գրածս։ Սիմիչին, Կլեոպատրա Կազիմիրովնային, Զիլբերովիչին, Ստեպանիդային, Թոմին և նույնիսկ ինձ։ Ոչ միայն ջնջել, այլև կտոր֊կտոր անել, պատռել, վառել՝ սատանան տանի։ Տվեք ինձ այդ անիծված գիրքը, և ես այն անհապաղ կվառեմ, կամ ամբողջապես կանիգիլացնեմ։ Ես նույնիսկ պատկերացրեցի, թե ինչպիսի հաճույքով եմ պատառոտում թերթիկները և նետում կրակը․․․
― Ձեռագրերը չեն վառվում, ― չարամտորեն հիշեցրեց ինձ սատանան նախնական գրողներից մեկի բառերը։
― Չքվիր, ― ասացի ես։ Եթե միանգամից մեծ կապոցներով նետես, ապա իհարկե, նրանք դժվարությամբ կվառվեն, բայց եթե թերթիկ առ թերթիկ, նախապես ճմրթելով, կվառվեն մինչև վերջ։
Իմ բոլոր մտահղացումներից, այս մեկը ամենապարզն ու հանճարեղն է և պետք է անհապաղ իրականացվի։ Ես ոչ մի վայրկյան այլևս չէմ կարող կորցնել։
Ես դուրս թռա միջանց և գնացի դեպի լամպի թարթող լույսը։ Պետք է ասել հերթապահին, որ ինձ անհապաղ անհրաժեշտ է կապվել Սմերչևի, Ձերժին Գավրիլովիչի, Պրոպագանդա Պարամոնովնայի և նույնիսկ Բերիյ Իլյիչի հետ։ Ես նրանց կասեմ, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ինձ կտանեն Ուպոպոտ, այնտեղ կբավարարեմ իմ սննդային կարիքները, իսկ հետո․․․ Այո՛, կանեմ այն ամենը, ինչ պահանջեն։
Ես սպասում էի հերթապահից թշնամական վերաբերմունք, բայց շատ զարմացա, երբ ինքը դիմեց ինձ։
― Լսեք, ― ասաց նա հուզված, ― Դուք ուսյալ մարդ եք, չե՞ք ասի, թե որտեղ է գտնվում Նենադո անապատը։
Այդ հարցը ինձ շփոթեցրեց։ Ես մտածեցի և ասացի, որ որքան գիտեմ այդպիսի անապատ գոյություն չունի, իսկ Նևադան գտնվում է Ամերիկայում։
― Ուրեմն Երրորդ Օղակո՞ւմ, ― ասաց նա բավարարված։ Այդպես էլ մտածում էի։
― Իսկ ի՞նչ է պատահել այնտեղ, Երրորդ օղակում։
― Մի՞թե չգիտեք, ― զարմացավ նա, նայեց շուրջը և համոզվելով, որ միջանցքում ուրիշ ոչ ոք չկա շշնջաց․ ― Գիտե՞ք, որ մեր տիեզերագնեցները երկվորյակներ են ունեցել։ Սյեզդիին և Սոզվեզդիին։
― Սրտանց շնորհավորում եմ ձեզ։
― Շնորհակալություն։ ― Նա չնկատեց բառերիս մեջ եղած ծաղրանքը։ ― Բայց շնորհավորելու պատճառ չկա։ Բանն այն է, ― նա նորից իջեցրեց ձայնը, ― որ այդ սրիկաները բժշկի և երեխաների հետ վայրէջք են կատարել այդ անապատում և քաղաքական ապաստան խնդրել։ Ինչպիսի՜ դավաճանություն։ Հայրենիքը նրանց դաստիարակել է, կերակրել բարձրագույն կարգի առաջնային մթերքով, իսկ նրանք՝ այնտեղ։ Չէ՞ որ Երրորդ Օղակում բոլորը աղքատ են, և սնվում են երկրորդական մթերքով։ Չէ՞ որ այդպես է։ Դուք այնտեղ եղել եք։ Դուք ի՞նչ կասեք, ― հարցաքննում էր նա ինձ, չգիտես ինչու հուզվելով և ակնհայտորեն չհավատալով սեփական գիտելիքներին։ Նախկին, արատավոր սովորությանս համաձայն, ես ուզում էի պատմել նրան ճշմարտությունը Ամերիկայի մասին, բայց ժամանակին հասկացա, որ դա ևս մի քայլ կլինի դեպի ինքնասպանություն։
― Դե ի՜նչ ասեմ, ― թափ տվեցի ես ձեռքս։ ― Այնտեղ, այդ անապատում, երկրորդական մթերք անհնարին է գտնել։ Միայն տարբեր տեսակի մողեսներ։
Ես ուզում էի էլի ինչ֊որ սարսափելի բաներ հնարել, բայց չհասցրեցի։
Հանկարծ պատուհաններից և բաց դռնից ինչ֊որ լույս ներխուժեց։
― Կինո՜։ Կինո՜, ― բացականչեց հերթապահը և փողոց նետվեց, ծալելով գլխարկի երեսկալը։
Ոչինչ չհասկանալով ես նետվեցի նրա ետևից, դուրս թռա փողոց և քարացա։ Եկինքը գույնզգույն բոցերի մեջ էր։ Ամպերի հարյուրավոր, կամ գուցե հազարավոր հեկտարների վրա, ինչ֊որ ֆիլմ էր ցուցադրվում։ Հստակ երևում էին գործող անձինք։ Երկու շքեղ հագնված տիկին ռեստորանում շամպայն էին խմում։ Դանդաղ անցավ երկար «կադիլակը»։ Հնաոճ իրերով կահավորված առանձնասենյակում, սպորտային կազմվածքով պարոնը, խոսում էր հեռախոսով ձեռքին պահած վառած սիգարը։
Որոշ ժամանակ նայելուց հետո զարմանքով հասկացա, որ դա «Դալլասն» է, այն հայտնի ամերիկյան ֆիլմը, որի հազարավոր սերիաները իմ ժամանակներում ամեն շաբաթ ցուցդրվում էին Ամերիկայում և Եվրոպայի բոլոր երկրներում։
«Սուրճն առանց կաթի դա նույնն է, ինչ երեքշաբթին առանց «Դալլասի», ― հիշեցի ես շտոկդորֆյան կայարանում տեղադրված գովազդը։
Ֆիլմն անձայն էր, բայց ռուսերեն տառերով տեքստը լողում էր ամպերի վրա։
Նորից հայտնվեց կանանց այն զույգը։ Նրանք փոխել էին զգեստը և այժմ նստած էին ոչ թե ռեստորանում, այլ խաղատանը։
― Ինչպիսի՜ շքեղություն, ― նախանձով ասաց հերթապահը և տարօրինակ ժպիտով նայեց ինձ։
Փողոցով հոսում էր մարդկային ամբոխը․ տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերունիներ։ Շատերի մոտ բարձեր, ներքնակներ և վերմակներ էին։ Դա նման էր մասսայական էվակուացիայի։ Ես հեռացա հերթապահից և միանալով ամբոխին հայտնվեցի մեծ և դատարկ տարածությունում։
Այնտեղ արդեն անհամար մարդիկ կային։ Հազարավոր, գուցե՝ տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք լուռ նստած էին միայնակ կամ խմբերով։ Բոլորը նայում էին երկնքին։
Սա ինչ֊որ լուռ դավադրություն էր։
Անցնելով նստած ու պառկած մարդկանց միջով, ես պատահաբար տրորեցի մեկի ոտքը։ Ոտքի տերը բղավեց և ուզում էր կռվի բռնվել, բայց նրան սաստեցին և նա լռեց։
Ես մի ազատ տեղ գտա, նստեցի վառված խոտերի վրա փոշու մեջ և սկսեցի նայել։ Չնայած վաթսուն տարի առաջ առանձին սերիաներ տեսել էի, բայց ոչ մեկը չէի հասկացել և չէի հիշել։ Անգլերեն, գերմաներեն չէի հասկացել, ռուսերեն էլ չէի հասկանում։ Իմ կարծիքով, ֆիլմի ողջ բովանդակությունը կայանում էր նրանում, որ հերոսները անընդհատ զգեստափոխվում էին, շամպայն խմում, զբոսնում կադիլակներով և խոսում ինչ֊որ միլիոնների մասին։ Ընդունված կարգով, ֆիլմը ընդհատվում էր ատամի մածուկի, լվացքի փոշու և ճապոնական էլեկտրոմոբիլների գովազդով։ Սակայն ինձ չէին հետաքրքրում ոչ ֆիլմը, ոչ էլ գովազդները։ Հետաքրքիրը այդ հսկայական տեսարանն էր վերևում և հանդիսատեսի վերաբերմունքը ներքևում։ Պետք է ասել, որ վերաբերմունքը անհնարին էր հասկանալ, որովհետև հանդիսատեսը պահպանում էր քար լռություն, բայց երբ երկնային էկրանի վրա բռնցքամարտի երկու նախկին չեմպիոններ սկեսցին ծամել «Մակդոնալդս» ֆիրմայի համբուրգերներ, շուրջս նստած մարդիկ ինքնաբերաբար սկսեցին չփչփացնել։ Ես էլ այնքա՜ն ուզեցի թարմ, բամբակի նման փափուկ համբուրգեր կոկա֊կոլայի հետ, որ նույնիսկ տնքացի այդ ցանկությունից։ Այդ հնչյունները դուր չեկան հանդիսատեսին, ինձ սաստեցին, իսկ ինչ֊որ մեկը բռունքով խփեց կողքիս։
Սակայն ոչ ես, ոչ էլ մյուսները չկարողացանք մինչև վերջ դիտել ֆիլմը։ Հենց այն պահին, երբ հերոսներից մեկը մյուսին էր փոխանցում տասնչորս միլիոնի չեկը, լսվեց մոտեցող շարժիչների աղմուկը, իսկ երբ ցուցադրվում էր օվկիանոսի ափին արևհարվող գլխավոր հերոսուհին իր ծերացող, բայց շատ հարուստ սիրեկանի հետ, երկնքում հայտնվեց ռմբակոծիչների մի ամբողջ երամ որը սկսեց գնդակահարել ամպերը լուսային հետքեր թողնող արկերով։
Շուտով շարժիչների աղմուկ լսվեց նաև ներքևում, շփոթեցնելով հանդիսատեսներին։
― Շրջապատու՜մ են, ― բացականչեց ինչ֊որ մեկը։ Այդ բառը տարածվեց շարքերում ինչպես կրակը բիքվորդյան լարով։
― Շրջապատո՜ւմ են։ ― Շրջապատո՜ւմ են։ ― Շրջապատո՜ւմ են։
Մարդիկ շտապ վեր էին թռչում, վերցնում իրենց ներքնակները, բարձերն ու վերմակները և փախչում տարբեր կողմեր։ Նրանք այնպիսի փոշի բարձրացրին, որ չէր երևում ոչ ֆիլմը, ոչ էլ նույնիսկ կողքիդ գտնվող մարդիկ։
Ես էլ վեր թռա, չիմանալով ինչ անել։ Եթե շրջապատում են բռնելու համար, ապա ավելի լավ է բռնեն։ Ես վաղուց էի երազում, որ ինձ վրա ուշադրություն դարձնեն։
Շարժիչների ձայնը և՛ վերևում և՛ ներքևում ավելի ու ավելի բարձր էր լսվում։
Փոշին մտել էր քիթս, աչքերս, ականջներս և ես ոչինչ չէի տեսնում։ Միայն լսում էի բազմաթիվ մարդկանց ոտնաձայները, իսկ հետո լսվեցին բղավոցներ ու կրակոցներ։
Հենց այդ ժամանակ ինչ֊որ մեկը բռնեց ձեռքս և քարշ տվեց ինձ ինչ֊որ տեղ։ Չնայած անծանոթը շատ անքաղաքավարի էր , ես չգիտես ինչու մտածեցի, որ դա բարեկամ է, և ուզում է ինձ փրկել։
Ես հնազանդվեցի։ Երբ նա վազեց, ես էլ վազեցի։
Շուտով մենք հայտնվեցինք մի ծուռումոռ նրբանցքում։
Ամենուրեք շատ լուսավոր էր և աղմկոտ։ Ես բարձրացրի գլուխս և տեսա, որ ինքնաթիռները դեռ պտտվում են երկնքում և ամպերի վրա կրակում։ Հատուկ միջոցներով նրանք ցրում էին ամպերը, և արդեն շատ բան էին հասցրել անել։ Ամպերը պատառոտված էին, բայց կտորներից մեկի վրա ծերացող միլիոնատերը դեռ վիսկի էր մեկնում երիտասարդ կնոջը։
Իմ անսպասելի ուղեկիցը քարշ տվեց ինձ մի ինչ֊որ տնակի ետևը և բաց թողնելով ձեռքս հազալով ու փռշտալով սկսեց թափ տալ իրեն։ Նրա գլուխը ինձ ծանոթ թվաց և ես մտածեցի, որ ինչ֊որ տեղ նրան արդեն տեսել եմ։
Հենց այդ ժամանակ նա իմ կողմը շրջեց դեմքը և շշուկով ասաց․
― Դուք ինձ ճանաչեցի՞ք։
Դա Օխլամոնովն էր։