Changes
/* Առևանգում */
Ես նստեցի հեծանիվս և գնացի զբոսնելու մեր շտոկդորֆյան անտառում։ Իմ վտարումից հետո ինձ համար սովորական և սիրելի էին դարձել հեծանվային զբոսանքները։ Այդ ամբողջ, մեծամասամբ փշատերև անտառը, որը բաժանում է մեր գյուղը Մյունխենի ծայրամասից, շատ սիրելի է ինձ և հիշեցնում է մեր մերձմոսկովյան անտառները, բայց տարբերվում է նրանցից, ամբողջ անտառը լայնքով ու երկայնքով հատող ասֆալտե և խճե ճանապարհներով, որոնց խաչմերուկներում դրված են ուղեցույցներ, իսկ բացատներում մանրամասն քարտեզներ։ Այնպես որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ մոլորվել։ Ես անցնում էի իմ սիրած ճանապարհով, որը միացնում է Բուխենդորֆը Նոյրիդին, այն ուղիղ է, ասֆալտապատ, և սովորական օրերին դատարկ։ Շարժվում էի բավականին արագ, խորհելով առաջիկա ճանապարհորդության մասին և երևի այնպես էի տարվել մտքերով, որ չնակտեցի մի ինչ֊որ բան, որը սպասում էր ինձ ճանապարհին։
Ես հիմա էլ չգիտեմ, թե ինչ կար այնտեղ։ Երևի դա ձգված պարան էր, որին բախվելով ես ընկա և կորցրեցի գիտակցությունս։ Իսկ մի գուցե ինձ ուշագնաց են արել այլ միջոցով, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ես միայն հիշում եմ, որ գնում էի հեծանվով ու մտածում։ Իսկ հետո հիշողության կորուստ, և ինչպես ասում են ամերիկացիները, ես ինձ գտա մի փոքրիկ բազմոցի վրա, որը մի թեթև շարժվում էր իմ տակ։էր։
Մտածելով, որ ես գտնվում եմ իմ սենյակում, ես ենթադրեցի որ երկրաշարժ է և ուզում էի վեր թռչել տեղիցս։ Բայց տեղնուտեղը նկատեցի, որ առաջին՝ մարմինս չի ուզում ինձ ենթարկվել, երկրորդ՝ որ ես տանը չեմ, այլ վարագուրված պատուհաններով ավտոբուսի մեջ։ Ավտոբուսը ինչ֊որ տեղ է գնում, իսկ իմ առջև նստած են երեք մարդ, երկուսը սովորական կոստյումներով, իսկ մեկը ամբողջովին սպիտակ հագած, երևի բժիշկ։