Changes
/* Ի․ գլուխ */
Ես վերադարձա «Ոսկե Խաչի» պանդոկը, հույս ունեի նորից տեսնել Մարթային, որի դեմքն այնպես սաստիկ ազդել էր վրաս։ Նա այնտեղ չէր։ Ձյունը մեր քայլերի վերջին հետքը ծածկել էր․ միայն իմ քայլերի նոր հետքն էր երևում, բայց դա էլ, երբ շուռ եկա նայելու, արդեն սկսել էր ձյունի նոր֊նոր քուլաների տակ անհետանալ։
==Ա․ գլուխ==
Դորայի հորաքույրները
Վերջապես պատասխան եկավ երկու պառավ լեդիներից։ Նրանք հարգանք էին մատուցում մր․Կոպպերֆիլդին ու հայտնում, թե շատ լուրջ ուշադրության են առել նրա նամակը, «երկու կողմի շահերն էլ լավ կշռելով»։ Այս դարձվածքը բավական տագնապիչ երևաց ինձ՝ ոչ թե նրա համար, որ քույրերն արդեն մի անգամ այդ գործ էին ածել մի հայտնի ընտանեկան գժտության մասին խոսելիս, այլ, որովհետև կյանքումս միշտ ստուգել ու ստուգում եմ, որ այդ սովորական ոճերը հրափամփշտի նման են ― մի անգամ թողվելուց հետո այնպիսի գույներ ու ձևեր են ընդունում, որ սկզբնականից բոլորովին տարբեր են։ Քույրերն ավելացնում էին, թե անհարմար են դատում «գրով» հայտնել իրենց կարծիքը մր․ Կոպպերֆիլդի առաջարկած խնդրի մասին, բայց եթե մր․ Կոպպերֆիլդը հաճի մի օր իրենց մոտ գալ (մանավանդ մի հավատարիմ ընկերոջ հետ), նրանք սիրով այդ նյութի մասին կբանակցեն։
Մր․ Կոպպերֆիլդը անմիջապես բարեհաճեց պատասխանել օրիորդ Սպընլոներին, իհարկե, խորին հարգանքով, թե պատիվ կունենա այսինչ օրն այցելել նրանց իր հավատարիմ բարեկամի հետ, որը է Տեմպլում ծառայող պաշտոնյա մր․ Թոմաս Տրեդլսը։ Այս նամակն առաքելուն պես՝ մր․ Կոպպերֆիլդը մի սաստիկ ջղային գրգիռ ստացավ, որ և մինչև սահմանված տեսության օրը շարունակվեց։
Հոգեկան տագնապիս զորանալուն նպաստում էր և այն հանգամանքը, որ այդ խորհրդավոր օրերում ես միս Միլսի անգին օգնությունից զրկված էի։ Մր․ Միլսը, որ միշտ իմ երջանկության հակառակ էր (գոնե ինձ այդպես էր թվում) այժմ մի ծայրահեղ բան էր մտածել, այն է՝ գնալ Հնդկաստան։ Ասացեք, խնդրեմ՝ ինչո՞ւ պիտի Հնդկաստան գնար, եթե ոչ ինձ զայրացնելու համար։ Իրավ է, նա աշխարհիս ուրիշ մասերից և ոչ մեկի հետ որևէ գործով չէր կապված, բացի միայն Հնդկաստանից, ուր մի քանի առևտրական շահեր ուներ։ Ի՞նչ էին արդյոք այդ առևվտրի նյութերը՝ ոսկեթել շալե՞ր, թե փղի ատամնե՞ր, չգիտեմ․ հայտնի էր միայն, որ երիտասարդության ժամանակ Կալկաթա էր հանդիպել և այժմ ուզում էր նորից գնալ մի ընկերակից վաճառականի պաշտոնով։ Այդ բոլորն ինձ համար մի մազի չափ նշանակություն չուներ։ Բայց և այնպես նա գնում էր, հետն էլ միս Միլսին տանում, որն այժմ գավառ էր մեկնել՝ ազգականներին մնաս բարով ասելու։ Նրանց տան վրա արդեն անթիվ հայտարարիչ տոմսակներ էին կպցված, թե «այս տունը վարձու է տրվում, կարող է վաճառվել», և թե «կահ֊կարասիքը (ուրեմն և լվացքի տաշտը) կարելի է աճուրդով գնել»։ Ահա մի երկրորդ երկրաժարժ ոտքերիս տակ, մինչ առաջինից էլ ես դեռ ուշքի չէի եկել։
Սաստիկ վարանել էի, թե այդ հանդիսավոր օրվա համար ինչպե՞ս հագնվեմ․ մի կողմից ուզում էի շքեղ պճնվել, մյուս կողմից, վախենում, որ մի ավերոդ զարդարանքով անգործնական ու թեթևսոլիկ մարդ կերևամ քույրերին։ Վերջապես, միջին, ոսկի ճանապարհն ընտրեցի․ տատս հավանեց ընտրությունս, և երբ Տրեդլսն ու ես ներքև էինք իջնում, մր․ Դիկը մեր հետևից մի մուճակ շպրտեց, հաջողություն մաղթելով։
Պատվական տղա էր Տրեդլսը, շատ էլ սիրելի ընկերակից․ բայց և այնպես այս հանդիսավոր դիպվածում չէի կարող չփափագել, որ նա մազերը դիզած պահելու սովորություն չունենար։ Այդ՝ ցախավելի նման ցից֊ցից մազերը մի ահռելի տեսք էին տալիս նրան, որ ինձ համար սրտիս ներքին վկայությամբ աղետալի հետևանքեր պիտի ունենար։
Պուտնիի ճամփով առաջ գնալիս համարձակվեցի Տրեդլսին նկատելու, որ լավ կաներ, եթե մազերը փոքր֊ինչ կոկեր։
― Հոժարությամբ կցանկանայի, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց նա, գլխարկը հանելով ու մազերն ամեն կերպ շտկելով, ― բայց չի լինում։
― Մի՞թե չի կարելի փոքր֊ինչ տափակ դիրք տալ դրանց։
― Ամենևին։ Ոչ մի կերպ։ Անգամ եթե այստեղից մինչև Պուտնի հիսուն լիտրանոց կշիռ կրեմ գլխիս վրա, դարձյալ նրանք այդ բեռից ազատվելուն պես կդիզվեն։ Չես կարող երևակայել, Կոպպերֆիլդ, թե մազերս որքան համառ են։ Ես մի չարացած ոզնու նման եմ։
Ճար չկար, սիրտս փոքր֊ինչ նեղացած էր, բայց ընկերոջս անկեղծությունը հիացրեց ինձ։ Ասացի նրան, թե նրա բարությունը հարգում եմ և նկատեցի, թե նրա մազերն իր բնավորության ամբողջ համառությունը խլած կլինեին, որովհետև դրա հետքն անագամ չէր երևում նրա հոգում։
― Է՛հ, ― ասաց Տրեդլսը ծիծաղելով, ― հավատացնում եմ քեզ, Կոպպերֆիլդ, արդեն վաղուց է, որ չարչարվում եմ այս տնաքանդ մազերից։ Հորեղբորս կինը տեսնել անգամ չէր կարող սրանց։ Ասում էր, թե նայելուց անգամ զայրանում է։ Գիտենայիք, Սոֆիին սիրահարվելուս միջոցին ինչեր եմ քաշել մազերիս պատճառով։
― Մի՞թե նրան էլ մազերդ չէին դուր գալիս։
― Ոչ թե նրան, այլ նրա ավագ քրոջը, գերդաստանի գեղեցկուհուն։ Նա շատ էր ծաղրում մազերս, բայց պիտի ասեմ, որ բոլոր քույրերն էլ ծիծաղում են սրանց վրա։
― Հաճելի բան, ― ասացի ես։
― Այո, ― պատասխանեց Տրեդլսը մի սիրելի անմեղությամբ։ ― Իմ մազերը բոլորիս համար կատակի առարկա են։ Քույրերն ասում են, թե մազերիս մի փունջը Սոֆին սեղանի արկղում պահել է և ստիպված է այդ փունջը մի ճարմանդավոր գրքի մեջ ճնշել, որ հարթվի։ Գնա ու մի ծիծաղիր։
― Ի դեպ, Տրեդլս, ― ասացի ես, ― փորձարկությունդ կարող էր ինձ էլ օգտակար լինել։ Երբ դու ուզում էիր իսկույն հիշած օրիորդիդ հետ նշանվել, ծնողներին մի կանոնավոր առաջարկ արի՞ր։ Կամ թե՝ մի այնպիսի բան կատարեցի՞ր․․․ ինչ որ, օրինակի համար, մենք ենք մտադիր այսօր անել, ― հարեցի ես դողալով։
Տրեդլսի ուշիմ դեմքի վրայով մի անհանգիստ ստվեր անցավ։
― Ճշմարիտն ասեմ, Կոպպերֆիլդ, իմ գործը սաստիկ դժվար էր։ Սոֆին այն աստիճան իր ընտանիքին հարկավոր անձն էր, որ ոչ ոքի մտքից չէր անցել, թե նա մի օր մարդու կգնա։ Գերդաստանի անդամները մինչև անգամ վճռել էին, թե նա միշտ տանը կմնա, և արդեն պառավ աղջիկ էին անվանում նրան։ Հետևաբար, երբ մի օր ես մեծ զգուշությամբ այդ մասին խոսք բաց արի մրս․ Քրուլրի առջև․․․
― Նրա մո՞րը։
― Այո, օրիորդի մոր՝ արժանապատիվ Հորաս Քրուլրի կնոջ առջև․․․ նա մի սաստիկ ճիչ հանեց և ուշաթափ եղավ։ Այնուհետև, ամիսներ անցան, մինչև որ հնար գտա այդ խնդիրը նորից շոշափելու։
― Բայց վերջապես հո գտա՞ր։
― Այո, բայց գտնողը ես չէի։
― Հապա ո՞վ։
― Ինքը գերագույն Հորաս Քրուլրը, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Նա պատվական մարդ է, ամեն տեսակետից օրինակելի։ Նա էր, որ կնոջը համոզեց, թե կինը, որպես քրիստոնյա, պարտավոր է այդ անհրաժեշտ զոհաբերությունը հանձն առնել և անգութ չլինել դեպի ինձ։ Իսկ ինձ գալով, Կոպպերֆիլդ, երդում եմ անում, ինձ թվում էր, թե այդ ընտանիքի վրա հարձակված մի գիշատիչ թռչուն եմ։
― Սակայն քույրերն անշուշտ քո կողմն էին, չէ՞, Տրեդլս։
― Ո՛չ։ Չեմ կարող ասել, որ իմ կողմն էին։ Հազիվ֊հազ մրս․ Քրուլրին մեր կողմը քաշելուց հետո՝ պետք եղավ, որ բանի էությունը Սառային էլ հայտնենք։ Հիշո՞ւմ ես հո Սառային, այդ այն աղջիկն է, որի ողնաշարը կարգին չէ։
― Լավ եմ հիշում։
― Նա հուսահատ վրաս նայելով՝ սկսեց ձեռքերը կոտրտել, աչքերը գոցեց, կապարի պես կապտեց, փայտացավ և ամբողջ երկու օր ոչ մի սնունդ չընդունեց, բացի ջրից, այն էլ թեյի գդալով։
― Այդ ինչ անտանելի աղջիկ է, ― նկատեցի ես։
― Կներես, Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը։ Սառան հիանալի աղջիկ է, թեև անչափ դյուրազգաց։ Սակայն նրանք բոլորն էլ այդպես են։ Սոֆին հետո ինձ ասաց, թե ոչ մի լեզվով չի կարելի այն խղճահարությունը պատմել, որ զգացել էր հիվանդ Սառային խնամելիս։ Ես փորձովս կարող եմ դատել, թե ինչ պիտի զգացած լիներ, որովհետև մի ոճրագործ էի համարում ինձ։ Սառային փոքր֊ինչ կազդուրելուց հետո պետք եղավ մյուս ութին էլ լուրը հայտնել․ և ադա ամեն մեկին սաստիկ հուզեց։ Երկու փոքրիկ քույրերը, որոնց դաստիարակը Սառան է, միայն նորերս դադարեցին ինձ ատելուց։
― Սակայն, անշուշտ, բոլորն էլ այժմ հետդ հաշտված կլինեն։
― Գուցե․․․ ― ասաց Տրեդլսը երկբայությամբ։ ― Միայն այսքանը ինձ հայտնի է, որ նրանք արդեն հպատակվել են ճակատագրին։ Սակայն մենք այդ նյութը շոշափելուց միշտ խորշում ենք, և նրանց սփոփանքը միայն այն է, որ գործերս փոքր֊ինչ խառն են ու ապագաս՝ անորոշ։ Անտարակույս մեր ամուսնության օրը մի աղիողորմ տեսարան կբացվի, որ ավելի մի թաղման հանդեսի նման կլինի, քան հարսանիքի։ Եվ Սոֆիին հափշտակելուս համար նրանք բոլորն էլ կատեն ինձ։
Հիշում եմ Տրեդլսի ազնիվ դեմքի լուրջ ու ծաղրալի պարզությունը և նա այժմ շատ ավելի է հիացնում ինձ, քան այն րոպեին, որովհետև այն ժամանակ մտքերս այնպես մոլորված ու ալեծուփ էին, որ ընդունակ չէի մի որևէ բանի վրա կենտրոնանալ։ Քանի մոտենում էինք Սպընլո օրիորդների բնակարանին, ես այնքան վհատվում էի իմ արտաքին տեսքից ու ոգուս սթափությունից․ այնպես որ Տրեդլսն ինձ առաջարկեց մի բաժակ էյլ ընդունել արիություն ստանալու համար։ Մոտիկ սրճարանում այդ կազդուրիչն ընդունելուց հետո՝ դողդոջ քայլով մոտեցա միս Սպընլոների դռանը։
Մի շփոթ զգացում ինձ ասաց, թե սպասուհին դուռը բաց արեց և մենք սրահ մտանք, ուր կախված էր մի ջերմաչափ և անցանք գետնահարկի սիրուն դահլիճը, որ դեպի այգին էր նայում։ Այդտեղ կարծեմ բազմոցի վրա նստեցինք, և հենց որ Տրեդլսը գլխարկը հանեց, նրա մազերը ցցվեցին ու պատկերը նմանվեց այն զսպանակավոր տուփի մեջ փակված փոքրիկ֊փոքրիկ խրտվիլակներին, որոնք խուփը բանալուն պես դուրս են թռչում։ Կարծեմ լսում եմ հին ժամացույցի չխկչխկոցը և աշխատում սրտիս թնդյունը նրա չափին հարմարեցնել, բայց իզուր․․․ Շուրջս նայելով, որոնում եմ գեթ մի բան, որ Դորային հիշեցներ, և չեմ գտնում․․․ Ահա կարծես Ջիպը հեռվից հաչեց, և մի աներևույթ ուժ իսկույն ևեթ նրա ձայնը խեղդեց։ Վերջապես, կարծեմ, քիչ էր մնում, որ Տրեդլսին վառարանի մեջ հրեի, երբ ցատկելով ոտքի ելա՝ անասելի շփոթումով գլուխ տալու երկու կարճլիկ, սևազգեստիկ, տարեց ու նիհար լեդիներին, որոնք կարծես իսկ և իսկ հանգուցյալ մր․ Սպընլոյի փոքրացած օրինակները լինեին։
― Խնդրեմ նստեցեք, ― ասաց երկու փոքրիկ լեդիներից մեկը։
Տրեդլսին գլորվելուց բռնելով, ես մի ինչ֊որ փափուկ բանի վրա ընկա, բայց ոչ կատվի, որի վրա սկզբում նստել էի, և ուշքի գալով նկատեցի, թե մր․ Սպընլոն գերդաստանի կրտսեր անդամը պիտի լիներ։ Չնայած մի քրոջ հասակը վեց կամ յոթ տարով մյուսից տարբեր էր, բայց կարծես փոքրն էր կոչված մեր բանակցությունը ղեկավարելու, որովհետև իմ նամակը ձեռքին (այնքան ծանոթ, բայց և այնքան սոսկալի), ակնոցով դիտում էր։ Երկու քույրն էլ միակերպ էին հագնված, բայց կրտսերի հագուստն ավելի զվարթ էր․ դրա մեջ կար մի ինչ֊որ բան, գուցե մի փոթավոր շոր, մի ջոկ շղարշ, մի ուրույն ծալք, մի գնդասեղ, ապարանջան, որ ավելի աշխույժ էր երևացնում նրան։ Երկուսն էլ ամուր պրկված էին, ձիգ սեղմված, մանրակրկիտ ու զգուշավոր։ Այն քույրը, որ նամակ չուներ, ձեռքերը կրծքին ծալած՝ կուռքի պես անշարժ նստած էր։
― Մր․ Կոպպերֆի՞լդ, եթե չեմ սխալվում, ― ասաց նամակս բռնող քույրը, Տրեդլսին դիմելով։
Դա մի չարագուշակ սկիզբ էր։ Տրեդլսը շտապեց բացատրել, թե ես եմ մր․ Կոպպերֆիլդը, ես հայտնեցի, թե նա մր․ Տրեդլսն է, և քույրերը ներողություն խնդրեցին, որ Տրեդլսին մր․ Կոպպերֆիլդի տեղ դրին։ Շատ անախորժ դրություն։ Դրա վրա ավելացրեք Ջիպի երկու անգամ կարճ հաչելն ու ձայնի նորից խեղդվելը։
― Մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց նամակը ձեռքին քույրը։
Ես մի ինչ֊որ շարժում արի․․․ կարծեմ գլուխ տվի․․․ և ականջներս սրեցի։ Մյուս քույրն ասաց․
― Իմ քույրը՝ Լավինյան, այս տեսակ գործերին հմուտ լինելով, իսկույն կասի, թե ի՞նչ բան է հարմար տեսանք երկու կողմերի շահերի համար։
Հետո իմացա, որ միս Լավինյան հեղինակություն է սրտի գործերում, որովհետև մի ժամանակ նրա սրտում մր․ Պիջր անունով մի ջենտլմեն է ապրել, երևելի ուիստ խաղացող, որ իբր թե սիրահարված է եղել օրիորդին։ Դա մի անհիմն ենթադրություն էր ըստ իս, այն պատճառով, որ մր․ Պիջըը ոչ մի ժամանակ սիրային զգացում չէր ունեցել և սիրո մասին ոք ոքի բան չէր հայտնել՝ ոչ բերնով, ոչ էլ գրչով։ Սակայն թե՛ միս Լավինյան և թե՛ միս Կլարիսան համոզված էին, որ իր սերը կհայտներ, եթե հանկարծ իր ծաղիկ հասակում (այն է՝ վաթսուն տարեկան) կաթվածահար չլիներ և հետո չմեռներ անչափ շատ հանքային ջուր խմելուց, որով հույս ուներ օղիից վնասված առողջությունը կազդուրել։ Քույրերի ներքին համոզումով այդ մահը ծածուկ սիրո հետևանք էր, թեև պիտի ասեմ, որ մր․ Պիջրի դահլիճում կախված պատկերը՝ բոլորովին կարմիր քթով, ակներև ցույց էր տալիս, թե ի՞նչն էր մահվան բուն պատճառը։
― Սակայն ավելորդ է, ― ասաց միս Լավինյան, ― այս նյութի անցած պատմությունը հետազոտել։ Մեր խեղճ եղբոր՝ Ֆրենսիսի մահն այդ բոլորը ջնջեց։
― Մենք մեր եղբոր՝ Ֆրենսիսի հետ շատ սերտ հարաբերություններ չունեինք, ― ասաց միս Կլարիսան, ― ոչ թե նրա համար, որ գժտված էինք կամ կռված, այլ այնպես։ Նա իր ճամփովն էր գնում, մենք՝ մեր։ Մենք կարծում էինք, թե այդ ընթացքը երկու կողմին էլ շահավետ կլինի․ այդպես էլ եղավ։
Երկու քույրն էլ խոսել սկսելիս փոքր֊ինչ առաջ էին հակվում, իսկ վերջացնելիս՝ գլուխները թոթվում ու փայտի պես դրստվում։ Միս Կլարիսան ոչ մի անգամ թևերը չշարժեց, այլ երբեմն միայն մատներն էր սահեցնում նրանց վրա․․․ երևի, թե զանազան պարեր և մարշեր ածելով․․․ բայց թևերն անշարժ էին մնում։
― Մեր եղբոր աղջկա դրությունը, ― ասաց միս Լավինյան, ― մեր Ֆրենսիս եղբոր մահից հետո բավական փոխվել է․ հետևաբար, մեր եղբոր կարծիքն էլ այդ դրության մասին արդեն փոխված պիտի համարվի։ Մենք հիմք չունենք չհավատալու, մր․ Կոպպերֆիլդ, որ դուք մի ազնվաբարո ու լավանուն երիտասարդ եք, և սիրում եք․․․․ կամ լիովին համոզված եք թե սիրում եք․․․ մեր եղբոր աղջկան։
Պատասխանեցի (ինչպես որ արել եմ ամեն հարմար դեպքերում), թե ոչ մի մարդ այնպես չի սիրել մեկ ուրիշին, ինչպես որ ես եմ սիրում Դորային։ Տրեդլսը փութաց մի դրական մրմունջով վկայությունս հաստատել։
Միս Լավինյան մտադիր էր շարունակել, բայց միս Կլարիսան, որ հենց իմանաս իր եղբոր՝ Ֆրենսիսի մասին անդադար խոսելու տենդով հիվանդ էր, առաջն առավ ու ասաց․
― Եթե Դորայի մայրիկը մեր եղբոր՝ Ֆրենսիսի հետ ամուսնանալիս պարզ ասեր, թե իր սեղանի շուրջը ոչ մի տեղ չպիտի լինի գերդաստանի մյուս անդամների համար, այդ բանը երկու կողմի շահերին էլ նպաստավոր կլիներ։
― Ա՛հ, քույրիկ Կլարիսա, ― ասաց միս Լավինյան, ― լավ է այդ կետը չհիշենք։
― Քույրիկ Լավինյա, կներես, ― ասաց միս Կլարիսան, ― այդ կետը նյութի հետ սերտ կապված է։ Չեմ շոշափի նյութի այն ճյուղը, որը միայն քեզ է վերաբերում, բայց նյութի մյուս ճյուղի մեջ ես իմ ձայնն ու սեփական կարծիքն ունեմ։ Երկու կողմի երջանկությունն էլ նպաստավոր կլիներ, եթե Դորայի մայրիկը եղբորս հետ պսակվելիս որոշակի հայտներ, թե ի՞նչ է իսկապես իր դիտավորությունը։ Այն ժամանակ մենք էլ մեր անելիքը կիմանայինք և կասեինք․ «Աղաչում ենք, մի՛ հրավիրեք մեզ, ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ երբեք»։ Եվ այսպես ամեն թյուրիմացություն կվերջանար։
Երբ միս Կլարիսան գլուխը թոթվեց, շտկվեց, միս Լավինյան կրկին իր նյութին դարձավ և ակնոցը նամակիս վրա ուղղեց։ Պետք է ասել, որ երկու քրոջ աչքերն էլ փոքր, կլոր, ցոլուն էին ու շարունակ թարթափուն։ Առհասարակ երկուսն էլ իրենց արագ ու շտապ, թեթև ու ցնցուն շարժումներով և շուտ֊շուտ կոկվելու փութկոտ ջանքով նման էին դեղձանիկի։
Միս Լավինյան նորից սկսեց ու ասաց․
― Ուրեմն, մր․ Կոպպերֆիլդ, դուք ինձնից և իմ քույր Կլարիսայից թույլտվություն եք խնդրում այցելելու մեզ, որպես մեր եղբոր աղջկա փեսացու։
― Եթե մեր Ֆրենսիս եղբայրը, ― ասաց միս Կլարիսան, վերստին քրոջ խոսքի թելը կտրելով (եթե կարելի է այդպես անվանել նրա մեղմ ընդմիջումը), ― բարվոք եք դատել Դոկտորների Համայնքի մթնոլորտով շրջապատվել, մենք ի՞նչ իրավունք ունենք և կամ թե հիմք կունենայինք հակառակելու նրա կամքին։ Եվ ոչ մի։ Մենք ոչ մի ժամանակ ուրիշի վրա բռնանալու հավակնություն չենք ունեցել։ Եվ ինչո՞ւ չասեմ, իմ եղբայր Ֆրենսիսն ու իր կինը ազատ էին իրենց շրջանն ունենալու, ես էլ քրոջս հետ՝ մեր շրջանը։ Չէ՞ որ մենք էլ մեր շրջանը կարող էինք ընտրել։
Կարծելով, թե այդ խոսքերը Տրեդլսին ու ինձ են ուղղված, երկուսս էլ հարկ համարեցինք մի որևէ պատասխան տալ։ Տրեդլսի ասածը չլսվեց, իսկ ես, կարծեմ, ասացի, թե «այդ ամենքին էլ շատ ձեռնտու է»։ Ամենևին չգիտեմ՝ ի՞նչ էի ուզում դրանով հայտնել։
― Քույրիկ Լավինյա, ― ասաց միս Կլարիսան, արդեն իր սիրտը թեթևացրած լինելով, ― այժմ կարող ես շարունակել։
Եվ միս Լավինյան շարունակեց։
― Մր․ Կոպպերֆիլդ, իմ քույր Կլարիսան և ես ուշի֊ուշով նամակը քննեցինք ու վերջ ի վերջո մեր եղբոր աղջկան էլ ցույց տվինք՝ նրա հետ միասին խորհրդակցելու համար։ Չենք կասկածում, որ դուք իրոք կարծում եք, թե նրան անչափ սիրում եք։
― Կարծո՜ւմ, տիկին, ― գոչեցի ես ոգևորությամբ։ ― Օ՜հ, եթե․․․
Սակայն միս Կլարիսան աչքով արեց ինձ (ճիշտ դեղձանիկի պես), որ պատգամախոսին չընդհատեմ, և ես ներողություն խնդրեցի։
― Սերը, ― ասաց միս Լավինյան, քրոջը նայելով, ասես թե նրա հավանությունը խնդրելու համար, որ և միս Կլարիսան գլխի թեթև հակումով ամեն մի պարբերությունից հետո նրան տալիս էր, ― անկեղծ, մաքուր, ջերմ սերը, ճշմարիտ սերը հեշտությամբ չի արտահայտվում։ Նրա ձայնը թույլ է։ Նա համեստ է, երկչոտ է, քաշվող է, թաքչում է և պատրաստ է սպասել, միշտ սպասել։ Ազնիվ պտուղն այդպես է։ Երբեմն կյանքն անցնում է, բայց նա դեռ հասունանում է ստվերի մեջ։
Հարկավ ես այն ժամանակ չհասկացա, որ այդ բոլորը մի ակնարկ է կաթվածահար մր․ Պիջրի իբր թե ծածկված սիրո մասին, բայց միս Կլարիսայի գլխի լուրջ շարժումներից պարզ տեսա, որ այդ խոսքերը մեծիմաստ են։
― Երիտասարդ մարդկանց թռուցիկ հակումները․․․ թռուցիկ եմ ասում համեմատելով այդ հաստատուն սիրո հետ․․․ ջահել մարդկանց հակումները, ― շարունակեց միս Լավինյան, ― ոչ այլ ինչ են, քան ավազի հատիկներ՝ բաղդատությամբ մի ժայռի հետ։ Դժվար է իմանալ՝ այրդյո այդ հակումները որևէ ամուր հիմք ունե՞ն և կարո՞ղ են հարատևել։ Սա էր պատճառը, որ իմ քույր Կլարիսան և ես ինքս երկար ժամանակ տարակույսի մեջ էինք, թե ի՞նչ ընթացք պետք է բռնել, մր․ Կոպպերֆիլդ և մր․․․
― Տրեդլս, ― ասաց ընկերս, տեսնելով, որ ես իրեն եմ նայում։
― Խնդրեմ ներեցեք։ Կարծեմ Տեմպլի պաշտոնյա եք, այնպես չէ՞, ― ասաց միս Լավինյան, նորից նամակը դիտելով։
― Ճիշտ այդպես է, ― պատասխանեց Տրեդլսն ու վարդի նման կարմրեց։
Ես դեռ ոչ մի որոշ քաջալերություն չէի ստացել, բայց ինձ թվում էր, թե երկու փոքրիկ քույրերը, և մանավանդ միս Լավինյան, վերին աստիճանի ախորժում են այս տնային շահեկանություն ունեցող նոր խնդրից և պատրաստ են երկար ժամանակ փայփայել, ճաշակել ու վայելել այն, և այդ հանգամանքի մեջ մի հույս էր փայլում ինձ համար։ Նկատում էի, որ միս Լավինյան բերկրանքով պիտի խնամակալի երկու ջահել սիրահարներին, ինչպես որ էինք ես ու Դորան, իսկ միս Կլարիսան նույն հաճույքով պիտի աջակցի այդ խնամակալության, երբեմն մասնակցելով դրա այն ճյուղին, որ իրեն էր վերապահված։ Այս բոլորը ինձ սիրտ տվեց ուժգին եռանդով հայտնելու, թե ես Դորային այնքան եմ սիրում, որ ասել անգամ, հավատալ անգամ չի կարելի․ թե բոլոր բարեկամներս այդ գիտեն, տատս էլ գիտե, Ագնեսն էլ գիտե, Տրեդլսն էլ, և թե ովքեր որ ինձ ճանաչում են, միաբերան կհաստատեն, որ իմ սերն անսահման է, և որ ես այդ սերն զգալուցս ի վեր զգոնացել ու ծանրացել եմ։ Վկա կանչեցի Տրեդլսին, և Տրեդլսը կարծես թե պառլամենտի մի տաք վեճից բորբոքվելով, ազնավաբար ինձ օգնեց․ նրա գործնական, պարզ ու զորեղ փաստերը նպաստավոր ազդեցություն առաջ բերին։
― Եթե ներվի ինձ ասել, ես իբր փորձված մարդ եմ այս բաների մասին խոսում, ― ասաց Տրեդլսը, ― որովհետև նշանված եմ մի նորատի լեդիի հետ․․․ դեվոնշիրցի տասը քույրերից մեկի հետ, բայց ինքս էլ չգիտեմ, թե մեր հարսանիքը երբ կլինի։
― Ուրեմն, մր․ Տրեդլս, ― վրա բերեց միս Լավինյան, որ ակներև հետաքրքրվել էր իմ ընկերով, ― դուք, անշուշտ կհաստատեք, որ ճշմարիտ սերը միշտ համեստ է, երկայնամիտ, համբերող։
― Լիովին, օրիորդ, ― ասաց Տրեդլսը։
Միս Կլարիսան նայեց միս Լավինյային ու ծանրությամբ գլուխը շարժեց։ Միս Լավինյան գորովով նայեց միս Կլարիսային ու թեթև հառաչեց։
― Քույրիկ Լավինյա, ― ասաց միս Կլարիսան, ― փոքր֊ինչ հոտ քաշիր այս սրվակից։
Սրվակի անուշ բույրը հոտոտելուց միս Լավինյան ուժ առավ․․․ մինչ Տրեդլսն ու ես անհանգիստ դիտում էինք նրան, և նվաղ ձայնով շարունակեց։
― Քույրս ու ես մոլորված էինք ու չգիտենիք, մր․ Տրեդլս, թե ի՞նչ աչքով պետք է նայել այն սիրային, կամ իբր թե սիրային հակումների վրա, որ ցույց են տալիս երկու դեռահաս, խակ էակներ, ինչպես են ձեր բարեկամ մր․ Կոպպերֆիլդն ու մեր Դորան։
― Մեր Ֆրենսիս եղբոր աղջիկը, ― ճշտեց միս Կլարիսան, ― եթե մեր եղբոր Ֆրենսիսի կինը կարևոր դատեր իր կենդանության ժամանակ (թեև լիակատար իրավունք ուներ իր ուզածին պես վարվելու) ճաշի հրավիրել ազգականներին, այսօր ավելի մոտիկ կճանաչեինք մեր եղբոր հարազատ աղջկան։ Քույրիկ, Լավինյա, շարունակիր։
Միս Լավինյան նամակիս հասցեն շուռ տվեց ու սկսեց ակնոցով դիտել մի քանի ծանոթություն, որ, ինչպես տեսա, ինքն էր արել թղթի վրա։
― Խոհեմությունը պահանջում է, մր․ Տրեդլս, ― ասաց նա, ― մեր անձնական փորձով վերստուգել այդ զգացումները։ Առայժմ դրանց մասին ոչինչ չգիտենք, չենք էլ կարող ճիշտ դատել, թե ո՞ր աստիճան իրական են։ Հետևաբար այսքան միայն հակամետ ենք զիջելու մր․ Կոպպերֆիլդի առաջարկության, որ թույլ կտանք նրան երբեմն այցելել մեզ։
― Օ՜հ, երբեք չեմ մոռանա ձեր բարությունը, ով շնորհազարդ լեդիներ, ― գոչեցի ես, մի ծանր բեռից թեթևացած զգալով ինձ։
― Սակայն, մր․ Տրեդլս, ― շարունակեց միս Լավինյան, ― ցանկալի է, որ այդ այցելությունները, ինչպես այսօր, միայն մեզ արված համարվեն։ Մենք կզգուշանանք մր․ Կոպպերֆիլդի ու մեր եղբոր աղջկա միջև որևէ դրական կապ հաստատելուց, մինչև որ մի պատեհություն չունենանք․․․
― Մինչև որ դու պատեհություն չունենաս, քույրիկ Լավինյա, ― ասաց միս Կլարիսան։
― Շատ բարի, ― հոժարություն տվեց միս Լավինյան՝ մի թեթև հոգոց հանելով, ― մինչև որ ես առիթ չունենամ մի որոշ բան վճռելու։
― Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը, ինձ դիմելով, ― զգում ես, անշուշտ, որ չէր կարելի դրանից ավելի իմաստուն մտածել։
― Չէր կարելի, ― գոչեցի ես, ― և ես անչափ շնորհակալ եմ։
― Իրերի այս դրության մեջ, ― ասաց միս Լավինյան, դարձյալ ծանոթություններին նայելով, ― այսինքն, թույլ կտրվեն, իրավունք ունենք մր․ Կոպպերֆիլդից պահանջելու, որ նա ազնիվ խոսք տա, թե ոչ մի հարաբերություն չի ունենա մեր եղբոր աղջկա հետ՝ առանց մեր հոժարության ու գիտության։ Ազնիվ խոսք տա, թե ոչ մի որոշում չի անի մեր եղբոր աղջկա վերաբերմամբ, մինչև որ մեզ հետ խորհուրդ չտեսնի։
― Քեզ հետ, քույրիկ Լավինյա, ― մեջ բերեց միս Կլարիսան։
― Թող այդպես լինի, Կլարիսա, ― պատասխանեց միս Լավինյան համեստաբար, ― մինչև որ ինձ հետ խորհուրդ չտեսնի և․․․ մեր հավանությունը չստանա։ Հիմիկվանից ենք դնում այս կարևոր պայմանն ու բացարձակ պահանջում, որ դա ոչ մի կերպ չխախտվի։ Հատուկ խնդրել էինք մր․ Կոպպերֆիլդին մի հավատարիմ ընկերոջ հետ մեզ մոտ գալ, ― շարունակեց միս Լավինյան, գլուխը Տրեդլսի կողմը հակելով, որ նմանապես գլուխ տվեց, ― որպեսզի այս առարկայի մասին ոչ մի կասկած կամ թյուրիմացություն չծագի։ Եթե դուք, մր․ Կոպպերֆիլդ, և կամ դուք, մր․ Տրեդլս, գեթ փոքր֊ինչ դժվարանաք այս րոպեիս մի այդպիսի խոստում տալ, կխնդրենք ձեզ՝ ազատ միջոցին կշռել հարցը։ Դեռ ժամանակ կունենաք։
Ես ամենաջերմ ոգևորությամբ գոչեցի, թե մի վայրկյան անգամ այդ հարցը կշռելու կարիք չկա։ Հանդիսավոր երդում արի, Տրեդլսին վկա կանչեցի, թե պահանջված պայմանը կկատարեմ, և ասացի թե աշխրհիս ամենավատթար մարդը կլինեմ, եթե գեթ մի մազի չափ խոսքիցս շեղվեմ։
― Կացեք, ― ասաց միս Լավինյան, իր աջը բարձրացնելով։ ― Դեռ ձեզ ընդունելու պատվից առաջ, ջենտլմեններ, մենք որոշել էինք մի քառորդ ժամ մենակ թողնել երկուսիդ, որ ժամանակ ունենաք այս կետի մասին խորհելու։ Թույլ տվեք՝ հեռանանք։
Զուր էի կրկնում, թե բնավ խորհելու պետք չկա։ Նրանք պնդեցին, թե անհրաժեշտ է մի քառորդ ժամով հեռանալ, և թռչնիկների պես թեթև֊թեթև ոստոտելով հեռացան։ Տրեդլսը սկսեց շնորհավորել ինձ, իսկ ես երջանկության ամենաբարձր ոլորտներն էի բարձրացել․․․ քառորդ ժամն անցավ թե չէ՝ լեդիները ետ եկան նույն թեթևությամբ, ինչպես գնացել էին։ Դուրս գալիս խշխշալով էին հեռացել, ասես թե նրանց զգեստն աշնան չոր տերևներից շինված լիներ․ խշխշալով էլ ետ եկան։
Ես նորից խոսք տվի հավատարիմ մնալ պայմաններին։
― Քույրիկ Կլարիսա, ― ասաց միս Լավինյան, ― մնացածը քեզ է վերապահված։
Միս Կլարիսան առաջին անգամ իր թևերն արձակելով, իմ նամակը քրոջից առավ ու սկսեց աչքի անցկացնել։
― Շատ ուրախ կլինենք, ― ասաց միս Կլարիսան, ― ամեն կիրակի ճաշի ժամանակ մեզ մոտ տեսնել մր․ Կոպպերֆիլդին, եթե նրան հաճելի լինի․ մենք ճաշում ենք ժամը երեքին։
― Ես գլուխ տվի։
― Շաբաթվա ընթացքում, ― շարունակեց միս Կլարիսան, ― ուրախ կլինեինք երեկոյան թեյի ժամին էլ ընդունել մր․ Կոպպերֆիլդին։ Մեր թեյը վեցուկեսին է։
Դարձյալ գլուխ տվի։
Մր․ Կոպպերֆիլդի նամակում հիշված միս Տրոտուդն էլ գուցե կամենա այցելել մեզ, ― ասաց միս Կլարիսան։ ― Եթե այցելություն անելը ձեռնտու լինի ամեն կողմի շահերին, մենք սիրով կընդունենք ու կփոխարինենք։ Իսկ եթե ամեն կողմի շահերը պահանջեն, որ ոչ մի այցելություն չլինի (ինչպես որ պատահել էր մեր եղբոր Ֆրենսիսի տան ու մեր միջև), այդ արդեն ուրիշ հարց է։
Ես ասացի, թե տատս երջանիկ կլինի ծանոթանալ նրանց հետ, թեև լիովին վստահ չէի, որ քույրեն ու նա շատ գոհ կմնան իրարից։ Պայմաններն արդեն որոշված էին։ Ես սրտանց շնորհակալություն հայտնեցի լեդիներին և նախ՝ միս Կլարիսային, ապա՝ միս Լավինյայի աջը համբուրեցի։
Այնուհետև միս Լավինյան վեր կացավ և խնդրելով Տրեդլսին մեզ մի րոպե սպասել, հրավիրեց ինձ, որ իրեն հետևեմ, ես դողալով հնազանդվեցի և նրա հետ մի ուրիշ սենյակ գնացի։ Այնտեղ գտա իմ պաշտելի Դորային՝ երեսը պատին դեմ տված։ Ջիպն՝ ափսեներ տաքացնելու դարակի վրա դրված և գլուխը սրբիչով փաթաթված։
Օ՜հ, որքան Դորան իր սև զգեստով սիրուն էր․ որքա՜ն լաց եղավ, մինչև որ կարողացանք դռան հետևից դուրս քաշել նրան։ Որքա՜ն ուրախացանք իրար տեսնելով, և այն ի՜նչ ցնծություն էր, երբ Ջիպին դարակից հանեցինք և նա աչքերը բանալով սաստիկ փռշտաց, և երեքս էլ նորից միացանք։
― Անգին Դորաս։ Վերջապես դու իմն ես հավիտյան։
― Թող խնդրեմ, թող ինձ, ― ասաց Դորան։
― Մի՞թե Դորա, դու հավիտյան իմը չես։
― Իհարկե քոնն եմ, ― գոչեց Դորան, ― բայց չե՞ս տեսնում, որ վախեցել եմ։
― Ինչի՞ց, հրեշտակս։
― Այո, այո, չեմ սիրում նրան, ― ասաց Դորան։ ― Ինչո՞ւ է եկել։
― Ո՞վ, հոգյակ իմ։
― Բարեկամդ, ― ասաց Դորան։ ― Ի՞նչ գործ ունի նա այստեղ։ Որքան հիմար է։
― Սիրելիդ իմ։ (Հրաշալի էր Դորան իր մանկական պարզությամբ)։ Բարեկամս մի պատվական արարած է։
― Ի՞նչ հարկավոր է մեզ մի պատվական արարած, ― ասաց Դորան հոնքերը կիտելով։
― Դու նրան շուտով կճանաչես, հրեշտակ իմ, և շատ կսիրես։ Տատս էլ է գալու․ գիտեմ, որ նրան էլ սրտանց կսիրես, երբ որ հետը մտերմանաս։
― Օ՜հ, աղաչում եմ, մի՛ բեր նրան, ― ասաց Դորան, ինձ մի թռուցիկ համբույր տալով ու ձեռքերը իրար կցելով։ ― Մի բեր։ Ես հո գիտեմ․ նա մի վնասակար չար պառավ է։ Մի՛ թույլ տա,Դոդի, որ նա գա։ (Այս Դոդին իմ Դավիթ անվան տարօրինակ նվազականն էր։)
Փաստաբանելն անօգուտ էր, և ես սկսեցի ծիծաղել, անսահման երջանիկ էի։ Դորան ցույց տվեց Ջիպի նոր սովորած հնարքը, որ էր՝ հետևի երկու թաթերի վրա անկյունում կանգնել, և նա իրոք կանգնում էր, բայց այնքան, ինչքան որ անում է փայլակը, և հետո իսկույն վայր ընկնում․․․ Տրեդլսն արդեն մոռացել էր, և ես չգիտեմ, մինչև ե՞րբ կմնայի Դորայի ու Ջիպի հետ, եթե միս Լավինյան ինձ ետ կանչելու չգար։ Միս Լավինյան շատ էր սիրում Դորային (իր ասելով՝ մի ժամանակ ինքն էլ սաստիկ նման է եղել Դորային․․․ Օ՜հ, որքան ուրեմն փոխված էր) և այնպես էր հետը վարվում, ինչպես մի խաղալիքի հետ։ Ուզում էի համոզել Դորային, որ գա Տրեդլսին տեսնի, բայց առաջարկս լսելուն պես իսկույն իր սենյակը փախավ ու դուռը փակեց։ Մենակ ետ եկա Տրեդլսի մոտ, և մենք միասին դուրս ելանք։
― Սրանից ավելի գոհացուցիչ բան ցանկանալ անգամ չէր կարելի, ― ասաց Տրեդլսը։ ― Եվ ինչ սիրելի էակներ են այդ լեդիները։ Բնավ չեմ զարմանա, Կոպպերֆիլդ, եթե դու մի քանի տարով ինձնից առաջ ամուսնանաս։
― Սոֆիդ որևէ գործիք ածել գիտե՞, ― հարցրի ես հպարտությամբ։
― Փոքր֊ինչ դաշնամուր, և միշտ այնքան, ինչքան որ պետք է փոքր քույրերին դաս տալու համար, ― պատասխանեց Տրեդլսը։
― Իսկ երգե՞լ։
― Այո, երբեմն բալլադներ է երգում քույրերին զվարճացնելու համար, երբ որ տխուր են։ Բայց նրանք բուն գեղարվեստական բաներ չեն։
― Իսկ կիթառ հնչեցնե՞լ։
― Օհ, ոչ։
― Նկարե՞լ։
― Ամենևին, ― ասաց Տրեդլսը։
Ես Տրեդլսին խոստացա, թե մի օր նրան առիթ կտամ Դորայի երգելը լսելու և նկարած ծաղիկները տեսնելու։ Տրեդլսն ասաց, թե շատ գոհ կլինի, և մենք թև֊թևի տված ամենազվարթ տրամադրությամբ առաջ գնացինք։ Ճանապարհին դրդեցի նրան Սոֆիի մասին խոսել, և նա այնպես ջերմ հավատով էր խոսում, որ իրոք սիրտ էր շարժում։ Ես մտքով համեմատում էի իրար հետ Սոֆիին ու Դորային, և թեպետ առավելություն էի տալիս իմ պաշտածին, սակայն պատրաստ էի և խոստովանել, որ Սոֆին Տրեդլսի համար շատ լավ կին կլինի։
Տատս, իհարկե, իսկույն իմացավ բանակցության հաջող ելքը և ամեն բան, ինչ որ խոսված ու արված էր այդ օրը։ Նա սրտանց խնդակից եղավ երջանկությանս ու խոսք տվեց ըստ կարելվույն շուտով այցելություն անել Դորայի հորաքույրներին։ Բայց այդ երեկո, մինչ ես Ագնեսին նամակ էի գրում, նա սկսեց այնպես եռանդով մեր սենյակները չափչփել, որ կարծեցի, թե մինչ առավոտ չի դադարի ետ ու առաջ ման գալուց։
Այդ նամակի մեջ, որ անկեղծ շնորհակալության զգացումներով լիքն էր, մանրամասն պատմում էի Ագնեսին, թե նրա բարի խորհուրդներն ինչ հետևանք ունեցան։ Նա հետևյալ փոստով պատասխանեց։ Նրա նամակը հուսալից, լուրջ ու զվարթ էր։ Այդ օրից Ագնեսը կարծես միշտ ուրախ էր։
Այժմ ես անչափ զբաղված էի։ Ամեն օր Համայնքն էի գնում, հետո Հայգեթ՝ դոկտոր Ստրոնգի մոտ։ Միս Լավինյայի նշանակած երեկոյան թեյի ժամերի Հայգեթից մինչև հեռավոր Պուտնին հասնելն անկարելի էր, թեև կցանկանայի միշտ հասնել, այս պատճառով խնդրեցի նրան թույլ տալ ինձ՝ շաբաթ երեկոներն իրենց մոտ գնալ, սակայն այնպես որ, կիրակնօրյա արտոնությունս չկորչի։ Հետևաբար, յուրաքանչյուր շաբաթվա վերջին ես ունեի երկու երջանիկ, լավ օրեր, և դրանց սպասելով՝ մյուսները նվիրում էի անդուլ ու ջերմ աշխատանքի։
Սիրտս անչափ թեթևացավ, երբ տեսա, որ իմ տատն ու Դորայի ազգականներն իրար բավական մոտեցան, գոնե ավելի, քան սպասելի էր։ Տատս այցելություն արեց ընտանեկան խորհրդից մի քանի օր հետո․ մի քանի օր էլ անցնելուց հետո Դորայի հորաքույրներն այցելեցին նրան հանդիսաբար պարտ ու պատշաճ ձևերով։ Այնուհետև ավելի պարզ երթևեկություններ տեղի ունեցան, մոտավորապես երեք շաբաթը մի անգամ։ Գիտեմ, Դորայի ազգականներին տատս շատ էր վրդովում կամ իսպառ արհամարհանքով կառք նստելու սովորությունը, կամ այնպիսի ժամանակ Պուտնի գնալով, երբ բնավ իրեն չէին սպասում, այսինքն՝ անմիջապես նախաճաշից հետո և կամ ճիշտ թեյից առաջ, կամ թե գլխարկն այնպես հագնելով, ինչպես որ հարմար էր գալիս իր գլխին, այլ ոչ թե քաղաքակրթության պահանջներին։ Սակայն Դորայի հորաքույրերը հետզհետե հաշտվեցին տատիս տարօրինակ սովորությունների հետ ու վճռեցին, որ նա մի ինքնուրույն արական կին է՝ կորովի մտքով․ և թեպետ տատս այս կամ այն ծեսի մասին երբեմն հերետիկոսական կարծիք հայտնելով, քույրերի քնքուշ զգացումները շատ էր գրգռում, բայց շատ անգամ էլ իր մասնավոր հաճույքները ինձ սիրելուց՝ ընդհանուր ներդաշնակության զոհ դարձան։
Մեր ընկերության միակ անդամը, որ բացարձակ հրաժարվում էր պարագաներին հարմարվելուց Ջիպն էր։ Անկարելի էր, որ նա իմ տատին տեսնի ու նույն վայրկյանին բոլոր ատամները ցույց չտա, աթոռի տակ չմտնի, անդադար չհաչի և երբեմն աղիողորմ ձայնով չոռնա։ Շոյել, հանդիմանել, սաստել, ծեծել, կսմթել ― ամեն միջոց գործ դրին, մի անգամ էլ նրան Բուկինհեմի փողոցը տարան (ուր նա հանկարծ երկու անմեղ կատուների վրա հարձակվեց, ահ ու սարսափ պատճառելով անցորդներին), բայց նրան տատիս հետ հաշտեցնելու հնար չեղավ։ Երբեմն կարծես զգաստանում էր, սիրալիր ձևանում մի քանի րոպե, սակայն շատ շանցած նորից սկսում էր դունչը ծռել և այնպես ոռնալ, որ ուրիշ բան չէր մնում անել, քան թե գլխովին փաթաթել նրան սրբիչով ու ափսեների դարակում փակել։ Վերջապես բանն այնտեղ հասավ, որ Դորան տատիս գալն իմանալուն պես, շտապում էր իսկույն թաքցնել Ջիպին։
Այսպես մեր շրջանի մեջ մի հաշտ ու քաղցր հարաբերություն հաստատելուց հետո մի բան մնաց, որ ինձ սաստիկ վրդովում էր և հատկապես այն, որ կարծես ամենքը միաբանվել են՝ մի սիրուն տիկնիկ և կամ խաղալիք համարել իմ սիրելի Դորային։ Տատս, որի հետ Դորան հետզհետե մտերմացել էր, փոքրիկ ծաղիկ էր անվանում նրան, իսկ միս Լավինյայի հրճվանքն էր՝ փայփայել նրան, մազերը գանգրել, պաճուճել, հենց իմանաս մի սիրասուն մանկիկ լիներ։ Ինչ որ միս Լավինյան էր անում, նույն անում էր սովորաբար և քույրը։ Այդ ինձ շատ տարօրինակ էր թվում․ բայց համարյա թե բոլորն էլ որոշ չափով այնպես էին վարվում Դորայի հետ, ինչպես որ Դորան՝ Ջիպի հետ։
Մտքիս դրի այդ մասին խոսել նրա հետ, և մի օր, երբ նա ու ես զբոսնելու էինք գնացել (մի քանի ժամանակից ի վեր միս Լավինյան թույլ էր տվել մեզ միասին զբոսնելու), ասացի, որ համոզի նրանց՝ մի ուրիշ կերպ վարվել իր հետ։
― Որովհետև, սիրելիս, դու այլևս երեխա չես, ― նկատեցի ես։
― Այդ էր պակաս, ― գոչեց Դորան։ ― Արդեն սկսել ես կոպի՞տ վարվել։
― Կոպի՞տ, հոգյակս։
― Ես գիտեմ, որ բոլորն էլ ինձ սիրում են, ― ասաց Դորան, ― և երջանիկ եմ։
― Շատ լավ, սիրելիս, ― ասացի ես, ― դու կարող ես երջանիկ լինել, բայց և պահանջել, որ փոքր֊ինչ ուրիշ կերպ վարվեն քեզ հետ։
Դորան վրաս կշտամբական աչքով նայեց ― օ՜հ, որքան սիրալիր աչքեր, ― և լալով ասաց, թե ինչո՞ւ եմ ոզում նշանվել իր հետ, եթե իրեն չեմ սիրում, և թե լավ է հեռանամ, եթե նա ինձ ատելի է։
Ի՞նչ կարող էի անել, եթե ոչ համբույրով սրբել նրա արտասուքն ու երդվել, որ սիրով սիրում եմ նրան, պաշտում եմ։
― Ես էլ քեզ շատ եմ սիրում, ― ասաց Դորան։ ― Ուրեմն, Դոդի, այդպես անգութ մի՛ լինի ինձ հետ։
― Անգո՞ւթ, հրեշտակ իմ։ Ինչպե՞ս կարող եմ անգութ լինել դեպի քեզ։
― Թերություններ մի՛ փնտրի իմ մեջ, ― ասաց Դորան, իր շուրթերն իբրև վարդի կոկոն ամփոփելով։ ― Այն ժամանակ ես էլ խելոք կլինեմ։
Ես հիացած մնացի, երբ նա մի վայրկյան հետո, հոժար կամքով ինձ հարցրեց, թե ե՞րբ կբերեմ խոհարարության այն գիրքը, որի մասին մի անգամ իր հետ խոսել էի, և ցույց տամ իրեն, թե ինչպե՞ս պետք է հաշիվ պահել։ Հետևյալ այցիս բերի նրան այդ գիրքը ― մի փառակազմ գիրք, որպեսզի գրավիչ երևա, իսկ հետո զբոսնելիս ցույց տվի նրան տատիս տնտեսության հին մատյանն և ընծայեցի նրան մի փոքրիկ հաշվետետր, մի սիրուն կապարակալ ու մի տուփ մատիտ՝ տնտեսական հաշիվների մեջ վարժվելու համար։
Բայց խոհարարության գիրքը Դորայի գլուխը ցավեցրեց, իսկ թվանշանները ջերմ արտասուք պատճառեցին։ «Ի՞նչ անեմ դրանք, որ ամենևին չեն ուզում գումարվել», ― ասաց Դորան։ Այս ասելով, բոլորն էլ ջնջեց հաշվետետրերում և սկսեց թվերի տեղ՝ փնջեր նկարել, Ջիպի պատկերն ու իմը։
Այնուհետև մի շաբաթ օրվա զբոսանքի ժամանակ փորձեցի տնարարությանս գործերի մեջ հրահանգել նրան․ մի օր էլ մի մսագործի կրպակի մոտով անցնելիս՝ այսպես ասացի․
― Երևակայիր, սիրելիս, թե մենք արդեն պսակված ենք, և դու ճաշի համար միս գնելու ես գնացել․ կարո՞ղ ես գնել։
Դորայի սիրուն երեսը ձգվեց ու շուրթերը վարդի կոկոնի նման սեղմվեցին, կարծես ուզում էին համբույրով բերանս փակել։
― Կարո՞ղ ես գնել, սիրելիս, ― կրկնեցի ես, իբր թե շատ անողոք հաստատությամբ։
Դորան փոքր֊ինչ մտածեց ու հաղթական ժպիտով ասաց․
― Մսագործը հո գիտե, թե ինչպես պետք է վաճառել․ ինձ ի՞նչ հարկավոր է այդ գիտենալը։ Այ դու անմիտ երեխա։
Մի օր էլ, երբ աչքս խոհարարության գրքին հառած հարցրի Դորային, թե ինչ կասի նա, եթե ես պսակվելուց հետո ուզենամ, օրինակի համար, իռլանդական ստիու<ref>Stew ― բուղլամա</ref> ունենալ մեր ճաշին, ― պատասխանեց․ «Կասեմ խոհարարին, պատրաստեցեք մեզ համար ստիու» և այս ասելիս այնպես ուրախ ծափահարեց ու քրքջաց, որ ես զվարճությունից հիացած մնացի։
Հետևաբար խոհարարության գրքին ուրիշ բան չմնաց անել, քան անկյունում ընկած մնալ, իբրև մի պատվանդան Ջիպի համար, երբ նրան հրամայեին ուղիղ կանգնել երկու ոտքի վրա։ Դորան այնքան գոհ էր, երբ կարողացավ այնպես անել, որ Ջիպը, մի մատիտ բերանում բռնած, անշարժ կանգնի գրքի վրա, և ես ամենևին չափսոսացի այդ գիրքը գնելու համար։
Եվ մենք նորից վերադարձանք կիթառին, նորից սկսեցինք ծաղիկներ նկարել, նորից երգել ― Տրա֊լա՜֊լա՜, տրա֊լա՜֊լա՜֊լա՜, և ամբողջ շաբաթ երջանիկ էինք։ Երբեմն մտքովս անցնում էր ակնարկել միս Լավինյային, թե նա արդեն չափից դուրս է խաղալիք համարում հոգյակիս, բայց տեսնում էի, որ ես էլ երբեմն, ընդհանուր հոսանքին հետևելով, նույնն եմ անում, բայց միայն երբեմն, և ոչ թե միշտ։