Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 75 717 բայտ, 16:09, 4 Փետրվարի 2015
/* Ա․ գլուխ */
Եվ մենք նորից վերադարձանք կիթառին, նորից սկսեցինք ծաղիկներ նկարել, նորից երգել ― Տրա֊լա՜֊լա՜, տրա֊լա՜֊լա՜֊լա՜, և ամբողջ շաբաթ երջանիկ էինք։ Երբեմն մտքովս անցնում էր ակնարկել միս Լավինյային, թե նա արդեն չափից դուրս է խաղալիք համարում հոգյակիս, բայց տեսնում էի, որ ես էլ երբեմն, ընդհանուր հոսանքին հետևելով, նույնն եմ անում, բայց միայն երբեմն, և ոչ թե միշտ։
 
 
==Բ․ գլուխ==
 
Չարիք
 
 
Գիտեմ, որ ինձ վայել չէ նկարագրել (թեև այս ձեռագիրը երբեք հրապարակվելու չէ), թե որքան էի աշխատում հմտանալ սղագրության տաժանելի արվեստի մեջ և որքան ճգնում՝ ըստ կարելվույն տիրապետել այն, առաջնորդ ունենալով իմ պարտքը դեպի Դորան ու իր հորաքույները։ Աշխատելու եռանդը իրավ մեծ էր կյանքիս այդ միջոցին, երբ, ինչպես արդեն ասել եմ, հարատևությունն ու անսայթաք հաստատությունը արդեն սկսել էին բնավորությանս ամենաէական կողմերը կազմել։ Անցյալս հիշելով պիտի ասեմ, ես բոլոր հաջողություններիս աղբույրն այդ հարատևության, այդ հաստատության մեջ եմ գտել։ Ես շատ բախտավոր էի աշխարհիկ գործերում․ շատ մարդիկ ինձնից ավելի են աշխատել և դարձյալ իմ հաջողության կեսն անգամ չեն գտել․ սակայն ես երբեք գլուխ չէի բերի այն ամենը, ինչ որ արել եմ, եթե վարժված չլինեի կանոնավոր, տոկուն ու փութաջան աշխատանքի, և եթե, մանավանդ, սովորություն չունենայի՝ մի գործ սկսելիս՝ ամբողջ ուշքս միայն դրա վրա կենտրոնացնել, առանց մտածելու հետևայլի մասին, որի հերթը, թերևս, իսկույն պիտի գար։ Աստծուն հայտնի է, որ պարծենալու մտքով չեմ գրում։ Սուրբ կլիներ այն մարդը, որ իր կյանքը թերթ առ թերթ աչքի անցնելիս, ինչպես որ ես եմ անում, վստահանար ասել, թե ոչ մի քանքար չի թաքցրել հողի մեջ, ոչ մի հարմար պատեհություն չի կորցրել, ոչ մի սխալ չի արել, մոլար կրքեր չի ունեցել, խղճի խայթ ու սրտի կսկիծ չի զգացել։ Ես չեմ ունեցել և ոչ մի բնական ձիրք, որ ի չարը գործ դրած լինեմ։ Ասելիքս միայն այս է, թե ինչ որ արել եմ, աշխատել եմ հնար եղածին չափ լավ անել․ ինչ բանի որ նվիրվել եմ՝ լիովին եմ նվիրվել և անելիքս մեծ լիներ թե փոքր, ― ձգտել եմ հավասար փութով ու ջանքով անել։ Երբեմն չեմ հավատացել, որ նույնիսկ փայլուն ձիրքերով մարդը հաջողություն կգտնի, եթե ձիրքերի հետ միասին տոկուն ջանասիրություն էլ չունենա։ Առանց այսպիսի ջանասիրության ոչ մի էական հաջուղություն չի տեսնված աշխարհում։ Փայլուն քանքարն ու հաջող դեպքը սանդուղքի երկու բազիրքներն են, որով ոմանք բարձրանում են․ բայց անհրաժեշտ է, որ այդ բազիրքներն ու ձողերը պատահարներին դիմադրելու ընդունակ ամուր նյութից շինված լինեն։ Ո՞րն է, սակայն, մարդուս համար այդ նյութը, եթե ոչ իր ազնիվ եռանդը, զորեղ կամքը, անընկճելի բնավորությունը, որ ոչ մի ուրիշ բանով չի կարելի փոխարինել։ Երբեք չկպչել մի գործի, որին չես կարող ամբողջ զորությամբ անձնատուր լինել, և եբեք չարհամարհել որևէ գործ, որքան էլ նրա արժեքը փոքր լինի, ― այս է եղել կյանքիս կանոնը և ստուգել եմ, որ դա ոսկի կանոն է։
 
Չեմ ուզում կրկնել, թե որքան եմ պարտական Ագնեսին գործերի մեջ այդ կանոնին հետևելուս համար։ Պատմությունս այժմ նրան է անցնում երախտագետ սիրով։
 
Ագնեսը երկու շաբաթով հյուր եկավ դոկտոր Ստրոնգի մոտ։ Մր․ Ուիկֆիլդը դոկտորի հին բարեկամն էր․ դոկտորը կամենում էր տեսնել նրան և, եթե կարելի լինի, մի լավություն անել։ Ագնեսը դեռ վեջին անգամ Լոնդոն հանդիպելիս խոսել էր դոկտորի հետ իր հոր մասին, և նրա այժմյան գալուստը նույն խոսակցության հետևանքն էր։ Նա ու հայրը միասին եկան։ Ես ամենևին չզարմացա, երբ Ագնեսից լսեցի, թե նա հանձն է առել մի մերձավոր բնակարան գտնել մրս․ Հիպի համար, որովհետև պառավի հոդացավը օդափոխության կարոտ է, և նա շատ փափագում է դոկտոր Ստրոնգի ընկերության մեջ լինել։ Չզարմացա և Ուրիաս Հիպին տեսնելով, որ իբրև մի բարի որդի՝ եկել էր այդ բնակարանում տեղավորելու իր արգո մորը։
 
― Տեսնում եք, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա առանց կանչվելու մոտենալով ինձ, մինչ ես զբոսնում էի դոկտորի այգում, ― սիրահար մարդիկ միշտ փոքր֊ինչ նախանձկոտ են․․․ կամ գոնե փափագում են աչքաթող չանել իրենց սիրած էակին։
 
― Ո՞ւմ եք այժմ նախանձում, ― ասացի ես։
 
― Ձեր շնորհիվ, մաստր Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասը, ― ոչ ոքի չեմ նախանձում առայժմ․․․ գոնե ոչ մի տղամարդու։
 
― Ուրեմն ուզում եք ասել, թե մի կնոջ եք նախանձում։
 
Ուրիասը իր կարմիր ու չար աչքերով ծուռ նայեց վրաս ու ծիծաղեց։
 
― Իրավ, մաստր Կոպպերֆիլդ․․․ կներեք, ուզում էի միստր ասել, բայց արմատացած սովորությունս ստիպեցնում է, ― ասաց նա, ― իրավ դուք այնպես վարպետ եք, որ մի վայրկյանում սիրտս բաց եք անում, կարծես մի խցանահանով։ Եվ պարզ կասեմ (այս ասելիս նա գորտի պես պաղ ձեռքով իմ աջը շոշափեց), չեմ թաքցնի, սըր, ես երբեք կանանց սիրելին չեմ եղել, և, մանավանդ, մրս․ Ստրոնգի սիրելին։
 
Ուրիասի աչքերը, որոնք նենգությամբ դիտում էին ինձ, այժմ կանաչ գույն ստացան։
 
― Ի՞նչ եք ուզում ասել, ― հարցրի ես։
 
― Հը՛մ, ― ասաց Ուրիասը չոր ծիծաղով։ ― Թեև այժմ ես փաստաբան եմ, մաստր Կոպպերֆիլդ, բայց և այնպես այս րոպեիս այն եմ ասում, ինչ որ զգում ու մտածում եմ։
 
― Եվ ի՞նչ եք ասում ձեր հայացքով, ― կրկնեցի ես։
 
― Իմ հայացքո՞վ։ Շատ խորասույզ եք, Կոպպերֆիլդ։ Ուզում եք իմանալ, թե ինչ եմ ասում իմ հայացքո՞վ։
 
― Այո՛։
 
Ուրիասն այնպես սրտանց քրքջաց, ինչպես միայն կարող էր։ Որոշ ժամանակ աչքերը գետնին հառած կզակը շփելուց հետո, սկսեց խոսել շատ մեղմ ձայնով․
 
― Երբ ես դեռ մի խոնարհ գրագիր էի, այդ լեդին բարձրից էր նայում ինձ վրա։ Նա շուտ֊շուտ էր իր մոտ տանում Ագնեսին և մի առանձին մտերմություն ցույց տալիս ձեզ, մաստր Կոպպերֆիլդ․ իսկ ես, ես այնքան ստոր էի, որ նրա ուշադրությանն արժանի չէի։
 
― Դիցուկ թե, ― ասացի ես։
 
― Եվ այնքան ստոր նրա մարդուց․․․ ― շարունակեց Ուրիասը մի շատ պարզ, բայց մտածկոտ եղանակով և կզակը շարունակ շփելով։
 
― Մի՞թե կարծում եք, ― ասացի ես, ― թե դոկտորն ընդունակ է մտածել անգամ ձեր մասին, եթե աչքին չերևաք։
 
Ուրիասը դարձյալ հոնքերի տակից ինձ նայեց ու կզակը քորելով պատասխանեց․
 
― Օ՜, դոկտորի մասին չէ, բարեկամ։ Խեղճ մարդ․․․ Մր․ Մելդընի մասին է խոսքս։
 
Սիրտս հանկարծ ճմլվեց։ Մի անգամից բոլոր կասկածներս արթնացան․ հիշեցի դոկտորի միամտությունն ու զիջողությունը, որ անբացատրելի էր թվում ինձ, և պարզ տեսա, որ վատթար Ուրիասը պատրաստ է նրա երջանկությունն ու հանգիստը կործանել։
 
― Մեր գրասենյակը մտնելիս, նա սովոր էր միշտ հրամայաբար վարվել ինձ հետ, ― ասաց Ուրիասը։ Չէ՞ որ ազնիվ ջենտլմեն էր, իսկ ես ի՞նչ․ մի խոնարհ ու չնչին արարած, ինչպես որ եմ և այս րոպեիս։ Սակայն այդպիսի վարմունք ես չեմ սիրել․․․ չեմ էլ սիրում։
 
Ուրիասը կզակը քորելուց դադարեց և առաջվա պես վրաս կողմնակի նայելով, այտերն այնքան ներս քաշեց, որ նրանք կարծեմ, բերանի մեջ իրար կպան։
 
 
― Այդ է ձեր շնորհալի տիկինը, ― շարունակեց Ուրիասը, նորից իսկական ձև տալով երեսին, ― և պարզ է, որ նա չէր զիջի ուշք դարձնել իմ վրա։ Այդ ես գիտեմ։ Նա իսկ և իսկ այն անձն է, որ մի ավելի նուրբ խաղի համար կարող է գործածել իմ Ագնեսին։ Ես, իհարկե, ձեր լեդիներին հաճելի տղաներից չեմ, մաստր Կոպպերֆիլդ, բայց և այնպես աչքեր ունեմ, և իմ աչքերը փակ չեն։ Մենք՝ խոնարհ մարդիկս, առհասարակ աչքաբաց ենք և սրատես։
 
Ես աշխատում էի անուշադիր և միամիտ ձևանալ, բայց Ուրիասի դեմքից երևում էր, որ նա վրդովումներս նկատել է։
 
― Ես չեմ ուզում ոտնակոխ լինել, Կապպերֆիլդ, ― շարունակեց նա, չար խնդությամբ դեմքի այն մասը բարձրացնելով, ուր պիտի կարմիր հոնքեր գտնվեին, եթե միայն հոնքեր ունենար, ― և պիտի ջանամ այդ բարեկամությանը վերջ դնել։ Դա ինձ բնավ դուր չէր գալիս։ Ավելորդ է ասել, որ ես փոքր֊ինչ վայրագ եմ և թույլ չեմ տա, որ ճանապարհս կտրեն։ Ես նրանց բոլոր դավերը ի չիք կդարձնեմ։
 
― Դավ դնողը միշտ ինքներդ եք և կարծում եք, թե ամեն մարդ էլ ձեզ պես է անում, ― ասացի ես։
 
― Շատ կարելի է, մր․ Կոպպերֆիլդ․ բայց ես մի շարժառիթ ունեմ, ինչպես որ ասում է ընկերս, և ոչ մի միջոց չեմ խնայի նպատակիս հասնելու համար։ Ճշմարիտ է, ես մի խոնարհ, ես մի չնչին արարած եմ, բայց չեմ համբերի, որ ուրիշները ճանապարհս փակեն։ Ոչ, մաստր Կոպպերֆիլդ․ թող նրանք ճանապարհից հեռանան, եթե ոչ՝ ես ինքս նրանց հետ կքշեմ։
 
― Չեմ հասկանում ձեզ, Ուրիաս, ― ասացի ես։
 
― Իրա՞վ։ Զարմացնում եք ինձ, մաստր Կոպպերֆիլդ, ― գոչեց նա իր սովորական ցնցումով։ ― Դուք, որ այնքան նրբամիտ եք, դժվարանում եք ինձ հասկանալ։ Մյուս անգամ կաշխատեմ ավելի պարզ խոսել․․․ Սակայն, ներեցեք, սըր։ Մր․ Մելդընը չէ՞ այն ձիավորը, որ դռան զանգակը հնչեցրեց։
 
― Կարծեմ նա է, ― ասացի ես, ըստ կարելվույն անհոգ կերպով։
 
Ուրիասը հանկարծ կանգ առավ, ձեռքերը ծնկների միջև խոթեց ու ծիծաղից թուլանալով կքվեց։ Բայց այդ մի մունջ ծիծաղ էր․ ոչ մի ձայն դուրս չթռավ Ուրիասի կրծքից։ Այն աստիճան այդ մարդը գաշելի էր ինձ և, մանավանդ, նրա վերջին արարքը, որ ես առանց այլևայլի շուռ եկա և հեռացա։ Նա կծկված ու երկու տակ եղած՝ պարտեզի մեջտեղը մնաց, իբրև մի թռչնահալած խրտվիլակ։
 
Այդ երեկո չէ, այլ մի երկու օր հետո էր, և, հատկապես, մի շաբաթ երեկո, որ ես Ագնեսին Դորայի մոտ տարա։
 
Ես ու միս Լավինյան այդ այցելությունն արդեն առաջուց սարքել էինք։ Ագնեսին սպասում էին թեյի։
 
Սիրտս բաբախում էր հպարտությունից ու տագնապից․ միանգամայն հպարտ էի իմ սիրելի նշանածով, և անվստահ՝ արդյոք Ագնեսը կսիրի՞ նրան։ Պուտնի գնալիս՝ Ագնեսը հանրակառքում տեղ բռնեց, իսկ ես՝ վերը։ Ամբողջ ճանապարհին աշխատում էի աչքիս առջև այնպես սիրուն պատկերացնել Դորային, ինչպես որ շատ անգամ տեսել էի նրան․ մեկ ուզում էի, որ նա այնպես երևա, ինչպես որ մի ուրիշ օր էր, և ամբողջ մարմնով դողում էի այդ մտքերից։
 
Համենայն դեպս վստահ էի, որ նա շատ սիրուն կլինի, բայց դուրս եկավ, որ նրան ոչ մի ժամանակ այքան սիրուն ու գեղեցիկ չէի տեսել, ինչքան որ այժմ։ Նա հյուրասենյակում չէր, երբ ես նրա փոքրիկ հորաքույրերի հետ ծանոթացրի Ագնեսին, այլ երկյուղից փախել էր։ Սակայն այժմ գիտեի, թե որտեղ կգտնեմ նրան, և գտա հին դռան հետևի անկյունում, ուր առաջվա պես թաքնվել էր, ականջները ձեռքերով ծածկած։
 
Սկզբում ամենևին չէր ուզում գալ․ հետո հինգ րոպե ժամանակ խնդրեց իր ժամացույցով։ Վերջ ի վերջո երբ թևս բռնեց, որ միասին հյուրասենյակ գնանք, նրա չքնաղ դեմքը շիկնեց։ Ոչ մի ժամանակ այդպես սիրուն չէր եղել։ Բայց երբ սենյակը մտանք, և նա հանկարծ գույնը նետեց, հազար անգամ ավելի սիրուն էր, քան առաջ։
 
Դորան Ագնեսից վախենում էր։ Իր ասելով՝ Ագնեսը «շատ խելոք էր»։ Բայց ընկերուհուս խոհուն ու բարի, լուրջ ու զվարթ դեմքը տեսնելուն պես նա ուրախության ճիչ հանեց և նույն րոպեին Ագնեսի վզին փարվեց՝ իր անմեղ այտը նրա երեսին դնելով։
 
Երբեք այնքան բախտավոր, այնպես երջանիկ չէի զգացել ինձ, ինչպես այդ եկուսին իրար մոտ նստած տեսնելիս։ Ի՜նչ դժվարություն էր ինձ համար, երբ տեսնում էի սիրելիիս պարզ նայվածն Ագնեսի անկեղծ աչքերին և Ագնեսի հեզիկ հայացքը, որով դիտում էր Դորային։
 
Միս Լավինյան ու միս Կլարիսան իրենց եղանակով մասնակից էին իմ ուրախությանը։ Այն օրվա թեյի սեղանի պես զվարճալի սեղան դեռ ոչ մի տեղ չէր տեսնված։ Միս Կլարիսան նախագահում էր։ Ես կտրում էի կարկանդակն ու բաժանում․ քույրերը թռչնիկների պես կտցում էին կարկանդակի չամիչներն ու շաքարը․ միս Լավինյան բարեհոժար հովանավորությամբ նայում էր, ասես թե մեր երջանիկ սերը միանգամայն իր գործը լիներ, և բոլորս շատ գոհ էինք թե՛ ինքներս մեզնից, թե՛ իրարից։
 
Ագնեսի անկեղծ պարզությունն ամենքի սիրտը գրավեց։ Նրա լուրջ ուշադրությունը դեպի ամեն բան, ինչ որ սիրելի էր Դորային, նրա հեշտ ծանոթությունը Ջիպի հետ (որ իսկույն մտերմություն ցույց տվեց նրան). նրա զվարթ վարվեցողությունը Դորայի հետ, երբ որ սա ամաչում էր իմ կողքին նստել․ նրա շնորհալի վարմունքը, որով մտերմության անթիվ նշաններ հափշտակեց վարդի պես կարմրող Դորայից, ― այս բոլորը տեսնելիս, անշուշտ կասեիր, թե նա եկել է մեր փոքրիկ շրջանի երջանկությունը լրացնելու։
 
― Որքան ուրախ եմ, որ սիրում եք ինձ, ― ասաց Դորան թեյից հետո։ ― Չէի կարծում, թե ինձ կսիրեք․ այնինչ այժմ, երբ Ջուլիա Միլսը հեռացել է, ես ավելի սիրված լինելու կարոտ եմ։
 
Մոռացել եմ հիշատակել, այդ դեպքը։ Միս Միլսը մեկնել էր, և ես ու Դորան գնացել էինք Գրեվզընդ՝ բարի ճանապարհ մաղթելու նրան մի հնդկական նավի վրա, ուր մեզ շաքարած զենճեֆիլով, գուավայով և ուրիշ արևելյան անուշներով հյուրասիրեցին։ Մենք թողինք միս Միլսին նավի սրահում մի ծալովի աթոռի վրա նստած, արտասվալիր։ Նա իր թևի տակ մի ահագին նոր հիշատակարան էր բռնել, ուր օրեցօր պիտի գրեր՝ օվկիանոսի տեսարաններից իր մեջ ծագած զգացումներն ու մտքերը։
 
Ագնեսն ասաց, թե հավանական է, որ ես մի աննպաստ նկարագիր արած լինեմ իր մասին, սակայն Դորան անմիջապես դրա հակառակը հաստատեց։
 
― Օ՜հ, ո՛չ, ― գոչեց նա, իր գանգուրները դեպի ինձ թոթվելով։ ― Դոդին երբեք ձեզ գովելուց չի կշտանում։ Այն աստիճան գնահատում է ձեր կարծիքը, որ ես արդեն վախենում էի դրանից։
 
― Իմ բարի կարծիքը ոչ մի բան չի ավելացնի այն սիրո վրա, որով նա սիրում է մի քանի հոգու, ― ասաց Ագնեսը ժպտալով։ ― Ուրեմն, չարժե էլ իմ կարծիքն իմանալ։
 
― Բայց ես կցանկանայի իմանալ, ― ասաց Դորան փաղաքշական ձայնով։ ― Աղաչում եմ, ասացեք։
 
Դորայի միամիտ խոստովնությունը սիրված լինելու կարոտի մասին՝ առիթ տվեց մեզ զանազան կատակներ անելու, և այդ միջոցին նա ինձ սագ անվանեց ու ասաց, թե իմ սիրուն ամենևին կարոտ չի։ Երեկոն անցավ այսպիսի ուրախ կատակներով։ Գնալու ժամանակը հասել էր․ հանրակառքը շուտով մեկնելու էր։ Ես մենակ կանգնած էի վառարանի առջև։ Դորան կամաց ինձ մոտեցավ և իր անգին համբույրը ինձ շնորհեց, որ միշտ տալիս էր մնաս բարովի ժամանակ։
 
― Ի՞նչ ես կարծում, Դոդի, ― ասաց նա, իր լուսափայլ աչքերը վրաս ուղղելով ու զգեստիս կոճակներից մեկի հետ անհոգ֊անհոգ խաղալով, ― մի՞թե ես ավելի խելոք չէի լինի, եթե վաղուց մի այդպիսի ընկերուհի ունենայի։
 
― Սիրելիդ իմ, այդ ինչ անմիտ խոսքեր են, ― ասացի ես։
 
― Մի՞թե անմիտ, ― հարցրեց Դորան, առանց վրաս նայելու։ ― Եվ վստա՞հ ես, որ այդպես է։
 
― Լիովին վստահ։
 
― Մոռացել եմ հարցնել, Դոդի, ― ասաց Դորան, շարունակելով կաճքկս դեսուդեն քաշել, ― ինչպիսի՞ ազգական է քեզ գալիս Ագնեսը։ Այդ մասին կարծես, դու ինձ ոչինչ չես ասել, այ չար տղա։
 
― Նա ինձ ազգական չի գալիս, ― ասացի ես, ― բայց մենք միասին ենք դաստիարակվել, իբրև քույր ու եղբայր։
 
― Ուրեմն ինչե՞ս եղավ, որ դու ինձ սիրահարվեցիր, ― ասաց Դորան, զգեստիս մյուս կոճակին անցնելով։
 
― Ես քեզ սիրեցի, որովհետև քեզ տեսնել ու չսիրել, չէր կարելի։
 
― Իսկ եթե տեսած չլինեի՞ր, ― ասաց Դորան, երկրորդ կոճակին անցնելով։
 
― Իսկ եթե աշխարհ եկած չլինեինք, ո՛չ դու, ո՛չ ես, ― ասացի ես խնդալով։
 
Արդյոք ի՞նչ է մտածում Դորաս, հարցնում էի ինքս ինձ ու լուռ դիտում կոճակներիս հետ խաղացող նրա քնքուշ մատները, կամ թե հիանում նրա ալեծածան մազերով, որոնք փռված էին կրծքիս վրա, նրա երկար թարթիչներով, որոնք ծածկում էին իր խոնարհած աչքերը։ Վերջապես նա ուղիղ երեսիս նայեց, ոտքերի ծայրի վրա կանգնեց ու սովորականից ավելի մտածկոտ կերպով մի, երկու, երեք համբյուր տվեց ինձ, ապա հեռացավ սենյակից։
 
Հինգ րոպեից հետո բոլորը միասին ետ եկան։ Դորայի անսովոր լրջությունը կորել էր։ Հանրակառքի գալուց առաջ նա ուզեց Ջիպի բոլոր հնարքները ցույց տալ մեզ։ Դրա համար բավական ժամանակ պետք եղավ (ոչ հնարքների շատության, այլ Ջիպի կամակորության պատճառով), և երբ կառքը դռան մոտ կանգնեց, ներկայացումը դեռ չէր վերջացել։ Ագնեսն ու Դորան շուտ֊շուտ, բայց սրտագին հրաժեշտ տվին միմյանց։ Դորան խոստացավ գրել Ագնեսին (պայմանով, որ իր նամակները նա շատ անմիտ չհամարի)․ Ագնեսն էլ խոստացավ գրել Դորային։ Կառքի դռնակի մոտ նրանք երկրորդ անգամ մնաս բարով, մնաս բարով ասացին․ երկրորդ անգամ էլ նույն արին, երբ Դորան միս Լավինյայի ազդեցության հակառակ, կառքի լուսամուտի մոտ վազեց հիշեցնելու Ագնեսին, որ չմոռանա նամակ գրել, և մի վերջին ժպիտ շնորհեց ինձ, մինչ ես հիանալով նայում էի նրան կառքի վերևի նստարանից։
 
Հանրակառքն իջեցնելու էր մեզ Կովընտ Գարդընի մոտերքում, և այնտեղ մենք մի ուրիշ կառք պիտի նստեինք մինչև Հայգեթ գնալու համար։ Ես անհամբեր սպասում էի այդ միջանկյալ իջևանին, որ գոնե մի քանի րոպե ժամանակ գտնեմ Ագնեսի կարծիքը Դորայի մասին իմանալու։ Օ՜հ, որքան նա Դորային գովեց։ Ինչ սիրով ու ջերմությամբ պատվիրեց ինձ գգվել այդ նազելի էակին, այդ անարվեստ շնորհներով օժտված արարածին։ Ի՜նչ զգուշությամբ հիշեցրեց ինձ իմ սուրբ պարտքը դեպի այդ որբ մանկիկը, որ ապավինված էր իմ սիրուն։
 
Երբեք, երբեք չէի սիրել Դորային այնպիսի խոր ու ճշմարիտ սիրով, ինչպես որ այդ երեկո։ Երբ որ մենք Հայգեթ հասանք և կառքից իջնելով այն լռիկ ճանապարհի վրա ոտք դրինք, որ տանում էր դեպի դակտոր Ստրոնգի տունը, երկինքն արդեն շողշողում էր աստղերով։ Ես ասացի Ագնեսին, թե իմ ամբողջ երջանկությունը հատկապես իրեն եմ պարտական։
 
― Եվ երբ նստած էինք Դորայի մոտ, ― շարունակեցի ես, ― ինձ թվում էր, թե դուք նրա համար էլ մի պահապան հրեշտակ եք, ինչ որ եք և ինձ համար։
 
― Մի խեղճ հրեշտակ, բայց հավատարիմ, ― պատասխանեց Ագնեսը։
 
Նրա ձայնի պարզ հնչյունը սրտիս խորքը թափանցելով ստիպեց ինձ ասել․
 
― Կարծեմ այսօր նորից գտաք հոգու այն զվարթ տրամադրությունը, որ միայն ձեզ է հատուկ, սիրելի Ագնես։ Այդ տեսնելով, ուզում եմ հավատալ, որ այժմ ավելի բախտավոր եք ձեր տանը։
 
― Ավելի բախտավոր եմ ինքս իմ մեջ, ― ասաց նա։ ― Սիրտս հանգիստ ու զվարթ է։
 
Մտիկ արի նրա դեմքին, որ աստղերի լույսով փայլում էր, և նա ինձ ավելի ազնիվ երևաց։
 
― Մեր տանը ոչ մի փոփոխություն չի պատահել, ― ասաց Ագնեսը մի քանի վայրկյան լռելուց հետո։
 
― Եվ ոչ մի ակնարկ չի՞ եղել այն․․․ ներեցեք, որ ձեզ վշտացնում եմ, Ագնես, սակայն չեմ կարող չհարցնել․․․ այն բանի մասին, որի առթիվ խոսել էինք վերջին անգամ։
 
― Եվ ոչ մի, ― ասաց Ագնեսը։
 
― Ես շատ եմ մտածում այդ մասին։
 
― Քանի քիչ մտածեք, այնքան լավ։ Չմոռանաք, Տրոտուդ, որ ես լիովին հավատում եմ պարզ սիրուն ու ճշմարտության։ Իմ մասին միամիտ եղեք, ― հարեց Ագնեսը փոքր֊ինչ հետո, ― ես երբեք այն քայլը չեմ անի, որից այդքան վախենում եք։
 
Թեպետ սառը մտածության րոպեներին ես ամենևին վախ չէի ունեցել, բայց դարձյալ մի անասելի թեթևություն զգացի իր արդար բերնից այդ վստահությունը լսելով, և իսկույն հայտնեցի իրեն։
 
― Ահա դոկոտորի մոտ ձեր այցելության ժամանակը լրանալու վրա է, ― ասացի ես։ ― Այսուհետև դժվար թե կարողանանք ազատ֊ազատ տեսնել իրար, սիրելի Ագնես։ Ե՞րբ նորից Լոնդոն կգաք։
 
― Հավանական է, որ շուտով չգամ։ Հորս հանգստությունը պահանջում է, որ տանը մնամ։ Երևի թե մի քանի ժամանակ իրար հաճախ չենք տեսնի, բայց ես սրտանց կթղթակցեմ Դորայի հետ, և այսպիսով լուր կունենանք իրար մասին։
 
Արդեն դոկտորի տան բակումն էինք։ Բավական ուշ էր։ Մրս․ Ստրոնգի պատուհանին մի ճրագ էր երևում, և Ագնեսը մատնացույց անելով դրան՝ բարի գիշեր մաղթեց ինձ։
 
― Մեր հոգսերով ու վշտերով մի՛ մաշվեք, ― ասաց նա, իր աջն ինձ մեկնելով։ ― Միայն ձեր բախտը կարող է ինձ երջանիկ անել։ Եթե ես օգնության կարոտ լինեմ, վստահ եղեք, որ միայն ձեր օգնությանը կդիմեմ։ Աստծու օրհնությունն անպակաս լինի ձեզնից։
 
Նրա պայծառ ժպիտի մեջ ու ձայնի վերջին զվարթ շեշտերում, կարծես, նորից տեսա ու լսեցի իմ անձկալի Դորային։ Աչքերս աստղերին հառած, երախտագետ ու սիրալիր սրտով մի քանի վայրկյան կանգ առա գավթի մոտ և հետո կամաց դիմեցի դեպի մոտակա պանդոկը, ուր մտադիր էի գիշերել։ Բակի դռնից դուրս գնալիս հակարծ տեսա, որ դոկտորի գրասենյակում դեռ լույս կա։ Նա գուցե մենակ բառարանի վրա է աշխատում առանց իմ օգնության, անցավ մտքովս։ Այս ենթադրությամբ շուռ եկա՝ գոնե բարի գիշեր ասելու նրան, և նրա դուռը բաց արի։
 
Լապտերի աղոտ լույսով աչքիս ընկնող առաջին մարդը Ուրիասն էր։ Շվարած մնացի։ Նա կանգնած էր լապտերի մոտ՝ իր ձեռքը բերանին դրած, մյուսը դոկտորի սեղանին հենած։ Դոկտորը նստած էր թիկնաթոռի վրա, երեսը ծածկած երկու ձեռքով։ Մր․ Ուիկֆիլդը, որ անհանգիստ ու վշտահար էր երևում, փոքր֊ինչ կռացած՝ անվստահ շոշափում էր դոկտորի թևը։
 
Դոկտորը հիվանդ երևաց ինձ։ Այդ տպավորության ներքո ես մի քայլ մոտեցա նրան․ բայց Ուրիասի հայացքից իսկույն ևեթ բանի էությունն իմացա։ Արդեն ուզում էի հեռանալ, երբ դոկտորը ձեռքի շարժումով նշան արեց, որ մնամ, և մնացի։
 
― Համենայն դեպս ավելորդ չի լինի դուռը փակել, ― ասաց Ուրիասն իր սովորական ցնցումով։ ― Հարկ չկա, որ այս բանը ամբողջ քաղաքն իմանա։
 
Այս ասելով նա կամացուկ մոտեցավ ու դոռը փակեց։ Հետո նա եկավ ու նորից նստեց իր տեղը։
 
Նրա ձայնի ու շարժումների մեջ մի կեղծ կարեկցություն էր երևում, որ անգամ հանդուգն լրբությունից պժգալի էր։
 
― Ես անհրաժեշտ համարեցի, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ― մատնանիշ անել դոկտոր Ստրոնգին այն բանը, որի մասին արդեն խոսել ենք։ Սակայն, կարծեմ, այն ժամանակ դուք ինձ լավ չէիք հասկացել։
 
Պատասխանի տեղ՝ մի լուռ ակնարկ նետեցի վրան, մոտենալով իմ բարի վարժապետին, մի քանի սփոփիչ խոսք ասացի։ Նա իր աջն ուսիս դրեց, ինչպես որ սովոր էր անել, երբ դեռ փոքրիկ աշակերտ էի, բայց ալեևոր գլուխը չբարձրացրեց։
 
― Եվ, որովհետև, չէիք հասկացել, մաստր Կոպպերֆիլդ, ― սկսեց Ուրիասը միևնույն պաշտոնական եղանակով, ― համարձակություն կանեմ այստեղ, մտերիմներիս շրջանում խոնարհաբար ասելու, որ ես դոկտոր Ստրոնգին հրավիրում եմ ուշք դարձնել մրս․ Ստրոնգի ընթացքի վրա։ Հավատացեք, Կոպպերֆիլդ, որ բնությանս հակառակ է այս անախորժ գործին խառնվել, սակայն բոլորս էլ առհասարակ խառն ենք լինում հենց այն գործին, որից կցանկանայինք հեռու մնալ։ Ահա սա էր, սը՛ր, ասելիքս, որ դուք դժվարացաք այն ժամանակ հասկանալ։
 
Հիշելով այժմ Ուրիասի լիրբ նայվածքը, չգիտեմ ինչու նույն րոպեին նրա կոկորդը հուպ չտվի ու խեղդամահ չարի նրան։
 
― Երևի թե միտքս պարզ չէի հայտնել, ոչ էլ դուք էիք պարզ խոսել, ― շարունակեց նա։ ― Երկուսս էլ հարկավ խորշում էինք այդ նյութից։ Ինչևիցե՝ ես վճռեցի վերջ ի վերջո բացահայտ խոսել ու հայտնեցի դոկտոր Ստրոնգին․․․ ի՞նչ ասացիք, սը՛ր։
 
Այդ ուղղված էր դոկտորին, որ սրտի խորքից հառաչել էր։ Ուրիասն ամենևին չհուզվեց այդ ձայնից ու շարունակեց։
 
― Հայտնեցի դոկտոր Ստրոնգին, թե ամեն մարդ կարող է տեսնել, որ մր․ Մելդընը և դոկտոր Ստրոնգի չքնաղ ամուսինը շատ քաղցր են վարվում իրար հետ։ Իրոք, ժամանակը հասել է դոկտոր Ստրոնգին հայտնելու, թե այդ հանգամանքը դեռ մր․ Մելդընի Հնդկաստան գնալուց առաջ ամենքին էլ արևի պես ակներև էր․ թե այդ էր իսկապես մր․ Մելդընի շուտաթույթ վերադառնալու պատճառը, ինչպես և դոկտորի տանից միշտ անբաժան գտնվելու շարժառիթը։ Ձեր գալուց փոքր֊ինչ առաջ, խնդրել էի, սը՛ր, ընկրոջս (դիմելով մր․ Ուիկֆիլդին) դոկտոր Ստրոնգի ներկայությամբ ազնվաբար հաստատել, ― մինչ բոլորս խառն ենք այս գործին, ― թե արդյոք ինքն էլ վաղուց ի վեր միևնույն կարծիքը չի՞ ունեցել։ Դե, մր․ Կոպպերֆիլդ, հաճեցեք խոսել։ Այո՞, թե ոչ։ Դե, ընկեր։
 
― Աստծու սիրուն, ազնիվ դոկտոր, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, նորից իր աջը զգուշությամբ դոկտորի թևին դնելով, ― կարևորություն մի՛ տաք իմ կասկածներին։
 
― Ա՜, ― գոչեց Ուիրասը, գլուխը սաստիկ շարժելով։ ― Ինչպիսի տխուր հաստատություն, այն էլ ումի՞ց, իմ վաղեմի ընկերոջից։ Ապրի նա։ Սակայն, Կոպպերֆիլդ, ես դեռ մի հասարակ գրագիր էի, երբ նա զայրանում էր մր․ Մելդընի միայն անունը լսելուց։ Եվ այդ զայրույթը ոչ թե մի անգամ, այլ քսան անգամ ես տեսել եմ։ Եվ ո՞վ կարող է դրա համար կշտամբել նրան․ հարկավ ոչ ես։ Որպես հայր, ընկերս լիովին իրավունք ուներ երկյուղ կրելու և փափագելու, որ միս Ագնեսը այդ գործին խառը չլինի։
 
― Սիրելի իմ Ստրոնգ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը դողդոջ ձայնով, ― ազնիվ բարեկամս, դուք գիտեք իմ թերությունը․ ձեզ հայտնի է, որ ես սովոր եմ յուրաքանչյուր մարդու մեջ միայն մի տիրող շարժառիթ տեսնել և նրա բոլոր գործերը մի նեղ սկզբունքով դատել։ Անշուշտ այս թերությունս էր, որ ինձ դրդեց անհիմն կասկածներ ունենալ։
 
― Ուրեմն կասկածներ ունեի՞ք, Ուիկֆիլդ, ― ասաց դոկտորն՝ առանց գլուխը բարձրացնելու։ ― Դուք է՞լ կասկածներ ունեք։
 
― Խոսեցեք, ընկեր, ― ասաց Ուրիասը։
 
― Այո, մի ժամանակ ունեի, ― պատասխանեց մր․ Ուիկֆիլդը։ ― Բայց․․․ թող աստված ինձ ների․․․ դուք էլ, կարծեմ, ունեիք։
 
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, երբեք, ― գոչեց դոկտորն ամենաջերմ եռանդով։
 
― Մի ժամանակ կարծում էի, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― թե դուք կամենում եք մի ցանկալի բաժանում առաջ բերելու նպատակով տարաշխարհ ուղարկել Մելդընին։
 
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― կրկնեց դոկտորը։ ― Իմ միակ նպատակն էր՝ Աննիիս հաճյանալ, նրա մանկության ընկերոջ համար մի լավ պաշտոն ճարելով։ Ուրիշ ոչինչ։
 
― Ինքս էլ հետո համոզվեցի, որ դա այդպես է, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Եվ չէի կարող չհամոզվել, քանի որ դուք ինքներդ ինձ այդպես ասացիք։ Սակայն․․․ աղաչում եմ չմոռանաք՝ ամեն բան շատ նեղ տեսակետից դիտելու ախտս․․․ մի ժամանակ կարծում էի, սիրելի դոկտոր, թե հասակների այդ մեծ տարբերության մեջ․․․
 
― Այդ կետից ահա պետք է նայել գործի վրա, չէ՞, մաստր Կոպպերֆիլդ, ― նկատեց Ուրիասը մի վիրավորական ու քծնի կարեկցությամբ։
 
― ․․․ Կարծում էի, թե հասակների այդ տարբերության մեջ մի այդպիսի մանկամարդ ու հրաշաղեղ կին, որքան էլ ձեր անձը հարգեր, միայն աշխարհիկ հաշիվներով ամուսնացած կլիներ։ Ես նկատի չէի առել, թե ուրիշ անհամար զգացումներ ու պատճառներ էլ կան, որոնցով կարող էր նրա սիրտն առաջնորդվել։ Աղաչում եմ, չմոռանաք այս, սիրելի դոկտոր։
 
― Տեսեք, որքան զգույշ ու քնքուշ է, ― ասաց Ուրիասը գլուխը շարժելով։
 
― Միայն մի տեսակետից նրան դիտելով․․․ ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― աղաչում եմ, հին բարեկամ, հոգուս վիճակը լավ հասկացեք․․․ ես կարող էի սխալված լինել․ և այժմ ստիպված եմ խոստովնել, քանի որ ուրիշ ելք չկա։
 
― ․․․ Խոստովնել, ― շարունակեց մր․ Ուիկֆիլդը, Ուրիասի վրա մի անհույս ակնարկ նետելով, ― թե կասկածել եմ լեդիին ու կարծել, թե նա անփույթ է ձեր նկատմամբ ունեցած իր պարտքի մեջ, և այս պատճառով փափագել եմ, որ Ագնեսը տիկնոջ հետ շատ չմտերմանա և չտեսնի այդ բոլորը, ինչ որ տեսնում էի ես ինքս, կամ երևակայում, թե տեսնում եմ իմ կանխակալ մոլորումով։ Այս մասին ես ոչ ոքի բան չեմ ասել․ չեմ էլ կամեցել, որ գեթ մեկը բան իմանա։ Եվ, թեպետ ձեզ դառն է լսել, ― կրկնեց մր․ Ուիկֆիլդը ընկճված սրտով, ― այնուամենայնիվ ինձ կարեկից կլինեք, եթե իմանաք, թե որքան եմ տանջվում այս բոլորը պատմելիս։
 
Դոկտորն իրեն հատուկ բարությամբ աջը մեկնեց նրան։ Մր․ Ուիկֆիլդը մի քանի վայրկյան այդ աջն իր ձեռքում բռնեց ու գլուխը խոնարհեց։
 
― Հարկավ այս նյութը բոլորիս համար էլ շատ անախորժ է, ― ասաց Ուրիասը, ծանր լռությունը խզելով։ ― Բայց, որովհետև բանը բանից անցել է, թույլ տվեք ինձ ավելացնել, որ Կոպպերֆիլդն էլ այդ գիտեր։
 
Ես շուռ եկա դեպի նա ու հարցրի, թե ինչպես է համարձակվում վկա բերել ինձ։
 
― Օ՜հ, ձեր վարմունքը շատ գեղեցիկ է, Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասն, օձի նման գալարվելով, ― և բոլորին հայտնի է, որ դուք մի սիրալիր մարդ եք․ սակայն դուք բանի էությունն իսկույն իմացաք, երբ ես այդ մասին էի ձեզ հետ խոսում անցյալ երեկո, գոնե իմացաք, թե ինչ էր իմ ասելիքը։ Մի՛ ուրանք, Կոպպերֆիլդ, որ ասելիքս իմացաք։ Դուք շատ բարի նպատակով եք ուրանում, բայց և այնպես մի՛ ուրանաք, Կոպպերֆիլդ։
 
Ալևոր դոկտորի ազնիվ հայացքը մի վայրկյան աչքիս դիպավ, և ես զգացի, որ իմ անցյալ կասկածների ու հիշատակների խոստովնությունը պարզ գրված է երեսիս վրա։ Ուրանալ կամ զայրանալ ավելորդ էր։ Ես չէի կարող բանն ուղղել։ Ինչ էլ ասեի, չէի կարող ինքս հերքել։
 
Դարձյալ բոլորս լուռ մնացինք։ Դոկտորը վեր կացավ և երկու֊երեք անգամ սենյակի մի ծայրից դեպի մյուսն անցավ․ հետո բազկաթոռի մոտ կանգնեց ու դրա թիկունքին հենվելով, իր աչքերը թաշկինակով սրբեց։ Նա իր վիշտը չթաքցրեց, այլ պարզորեն ցույց տվեց, որն ըստ իս նրա սրտի ազնվության ապացույցն էր, և ասաց․
 
― Ես իրավ մեղադրանքի արժանի եմ։ Հավատացած եմ, որ ես սաստիկ մեղավոր եմ և իրոք պարսավելի։ Ես փորձության ու զրպարտության ենթարկեցի մի անձ, որը սրտիս մեջ իշխում է․․․ նրա մասին նույնիսկ մտքով կասկածելը ես զրպարտություն եմ անվանում․․․ այնինչ նա երբեք զրպարտության նշավակ չէր դառնա եթե ես չլինեի։
 
Ուրիաս Հիպը քթով շնչեց, երևի թե համակրություն հայտնելու համար։
 
― Երբեք Աննիիս այդ փորձության և զրպարտության զոհ չէր դառնա, ― ասաց դոկտորը, ― եթե ես չլինեի։ Ես շատ ծեր եմ, պարոններ, այդ լավ գիտեք, և զգում եմ, այս երեկո մանավանդ, որ էլ երկար չպիտի ապրեմ։ Բայց կյանքովս․․․ այս կյանքովս պատրաստ եմ երաշխավոր լինել այն կնոջ ազնվությանն ու պատվին, որ մեր խոսակցության առարկան էր։
 
Չեմ կարծում, որ մինչև անգամ ասպետների ամենալավ տիպարների մեջ և կամ նկարիչների պատկերած ամենավեհ դեմքերի շարքում մեկը գտնվեր, որ կարենար այդ խոսքերն ավելի ազդու և սրտաշարժ արժանավորությամբ արտասանել, քան ալևոր դոկտոր Ստրոնգը։
 
― Չեմ ուրանա, ― շարունակեց դոկտորը, ― որ գուցե ես ինքս անգիտաբար մի դժբախտ ամուսնության թակարդը ձգեցի այդ նորատի լեդիին։ Ես դիտելու սովոր մարդ չեմ, և հոժար եմ հավատալ, որ ուրիշների միատեսակ դիտողությունը, այն էլ երբ նրանք տարբեր դիրքի ու հասակի մարդիկ են, իմից լավ է։
 
Շատ անգամ էի հիացել, ինչպես ասել եմ մի ուրիշ տեղ, դոկտորի բարեսեր վարմունքից՝ իր նորատի կնոջ հետ, սակայն այն պատվագիր գորովանքը, որ այժմ ցույց էր տալիս նրա մասին արտասանած յուրաքանչյուր բառի մեջ, և այն ազնիվ վստահությունը, որով կասկածի նշույլն անգամ նրա մաքրության նկատմամբ վանում֊քշում էր իր մտքից, ո՛չ միայն հիացման, այլև երկրպագության արժանի էին իմ աչքում։
 
― Ես ամուսնացա լեդիի հետ, ― ասաց դոկտորը, ― երբ նա դեռ շատ ջահել էր։ Ես առա նրան, երբ նրա բնավորությունը դեռ կազմված չէր։ Դրա կազմվելուն նպաստելը ինձ համար երջանկություն էր։ Լավ էի ճանաչում նրա հորը, իրեն էլ լավ էի ճանաչում։ Ինչ որ գիտեի, սովորեցրի նրան, և նրա փայլուն ձիրքերը ինձ միշտ զարմացնում էին։ Եթե անարդար վարվեցի թեև անգիտակցաբար, օգուտ քաղելով նրա երախտագիտության զգացումից, հոգով սրտով ներողություն եմ խնդրում լեդիից։
 
Նա մինչև սենյակի ծայրը գնաց ու նորից առաջվա տեղը ետ գալով՝ բազկաթոռի թիկունքը բռնեց։ Այժմ նրա ձայնն էլ ձեռքերի պես դողում էր։
 
― Ես կարծում էի, թե նրա ամուսինը դառնալով կյանքի բոլոր վտանգների դեմ կպաշտպանեմ նրան։ Սփոփում էի ինձ այն հույսով, թե որքան էլ մեր հասակը տարբեր լինի, նա ինձ հետ հանգիստ կապրի և իր կյանքից գոհ կլինի։ Այն էլ չէի մոռանում, որ ես մի օր գերեզման կիջնեմ, և նա ազատ կմնա՝ դեռ նորատի ու սիրուն, բայց ավելի հասուն խելքով մի նոր ընտրություն անելու համար․․․ Այո՛, պարոններ, պատիվս վկա, այդ էլ ունեցել եմ աչքիս առջև։
 
Դոկտորի համեստ դեմքը փայլ առավ այդ հավատարիմ վեհանձնության զգացումից։ Նրա յուրաքանչյուր խոսքի մեջ մի այնպիսի զորություն կար, որին ոչ մի շնորհ չէր կարող հավասարվել։
 
― Ես շատ երջանիկ էի լեդիի հետ։ Մինչև այս երեկո ես միշտ օրհնել եմ այն օրը, երբ նրա հետ այդպես անիրավ վարվեցի։
 
Դոկտորի ձայնը, որ այդ խոսքերն ասելիս հետզհետե թուլանում էր, մի քանի վայրկյան կտրվեց։ Այնուհետև շարունակեց․
 
― Մի անգամ այդ երազից սթափվելով․․․ ամբողջ կյանքումս ես մի թշվառ երազող եմ եղել․․․ այժմ տեսնում եմ, թե նրա համար որքան բնական էր ցավակից լինել իր մանկության ընկերոջը, իր մտերիմ բարեկամին։ Շատ հավանական է, որ նա մի անմեղ ափսոսանքով մտածելիս լինի այն մասին, թե նա ի՞նչ կարող էր դառնալ, եթե ես իր ճանապարհի վրա չպատահեի։ Այս վերջին փորձությանս րոպեին, ինչ որ առաջ էլ տեսել էի, սակայն չէի հասկացել, բայց այսքանը ասելուց հետո հայտնում եմ ձեզ, պարոննե՛ր, որ այսուհետև կասկածանքի մի բառ անգամ չպիտի կապվի ազնիվ լեդիի անվան հետ։
 
Ալևորի աչքերը վառվել էին, ձայնը նորից ամրացել։ Փոքր֊ինչ լուռ մնալուց հետո նա ասաց․
 
― Այսուհետև ինձ կմնա հլությամբ կրել իմ պատճառած դժնախտության գիտակցությունը։ Մեղադրելու իրավունքը տիկնոջն է, ոչ թե իմը։ Այժմ նվիրական պարտքս է՝ պաշտպանել նրան այն մոլար, այն անողոք կարծիքներից, որոնք մինչև անգամ իմ մտերիմ բարեկամներին վարակել են։ Եվ որքան աշխարհից հեռու ապրենք, այնքան ավելի հեշտ կլինի ինձ այս պարտքը կատարել։ Եվ երբ որ հասնի այն օրը, ― և աստված տա՝ շուտ հասնի, ― երբ մահս նրան արհեստական կապանքից ազատի, ես անհուն սիրով ու հավատով աչքերս կփակեմ նրա ազնիվ երեսի առջև և անտրտում կթողնեմ նրան ավելի երջանիկ ու զվարթ օրեր վայելել։
 
Ես այլևս չէի կարողանում դոկտորին նայել․ նրա ազնիվ, պարզ, բարի, այրական վարմունքից աչքերս արտասուքով լցվել էին։ Նա արդեն մոտեցել էր դռաը, երբ հարեց․
 
― Պարոննե՛ր, ես ձեր առջև սիրտս բացեցի։ Հույս ունեմ, որ անկեղծությունս կհարգեք։ Ինչ որ այս գիշեր ասվեց, այլևս երբեք չպիտի կրկնվի։ Ուիկֆիլդ, հին բարեկամ, օգնեցեք ինձ վերև գնալ։
 
Մր․ Ուիկֆիլդն իսկույն նրան մոտեցավ, և նրանք միասին լուռ դուրս եկան սենյակից։ Ուրիասն աչքերով հետևում էր նրանց։
 
― Հր՛մ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա, խոնարհաբար ինձ դիմելով։ ― Գործն իսկապես այն կերպարանքն ընդունեց, որ սպասելի էր, որովհետև ծերունի գիտնականը ․․․ ի՜նչ պատվական մարդ․․․ խլուրդի պես կույր է, բայց և այնպես կարելի է այդ ընտանիքը մեջտեղից վերացված համարել։
 
Բավական էր ինձ նրա ձայնը միայն լսել, որ այնպես զայրանայի, ինչպես որ երբեք չեմ զայրացել ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո։
 
― Այ անզգա՛մ, ― գոչեցի ես, ― ի՞նչ մտքով ես ուզում չարանենգ որոգայթիդ մեջ գցել ինձ։ Ինչպե՞ս ես հանդգնում ստոր խաբեբա, այս րոպեիս ինձ դիմել, իբրև թե ես դավակից եմ քեզ։
 
Մենք կանգնած էինք դեմ առ դեմ։ Նրա խորամանկ երեսի վրա ցոլացող ներքին հաճույքից պարզ տեսա, ինչ որ արդեն գիտեի, այսինքն, որ նա հատուկ վշտացնելու չար մտքով էր դիմել ինձ և հենց դրա համար էր թակարդ դրել իմ առջև։ Էլ դիմանալու հնար չկար։ Նրա ամբողջ ձախ այտը քարշում էր, և ես այդ այտին այնպիսի շեշտակի ապտակ տվի, որ մատներս կսկծացին, ասես կրակի դիպչելով։
 
Նա ձեռքս բռնեց, և մենք իրար նայելով այնքան երկար կանգնած մնացինք, որ ես ժամանակ ունեցա տեսնելու, թե ինչպես իմ մատների սպիտակ հետքը նրա այտի վրա հետզհետե մի հրաշեկ գույն ստացավ։
 
― Կոպպերֆիլդ, ― ասաց նա խեղդուկ ձայնով, ― գժվե՞լ եք, ինչ է։
 
― Կորիր դու, շո՛ւն, ― գոչեցի ես ու ձեռքս ետ քաշեցի։ ― Էլ չեմ ուզում ճանաչել քեզ։
 
― Մի՞թե, ― ասաց նա, ցավող այտին դնելով ձեռքը։ ― Գուցե ստիպված լինեք ճանաչել ինձ։ Ինչո՞ւ եք այդքան ապերախտ։
 
― Արդեն շատ անգամ ցույց եմ տվել, որ արհամարում եմ քեզ, Ուրիաս Հիպ։ Այժմ ավելի պարզ ցույց տվի այդ։ Մինչև ե՞րբ թույլ տամ, որ ամենքին անպատիժ վնասես։ Արդեն բավական է, որքան չարիք սերմանեցիր։
 
Նա շատ լավ հասկացավ, թե ինչո՞ւ ես մինչև այժմ ստիպված էի զգուշությամբ վարվել իր հետ։ Գուցե այժմ էլ զգուշանայի թե՛ ապտակ տալուց և թե՛ այդ խոսքերն ասելուց, եթե այն իսկ երեկո, Ագնեսից հավաստիք չստանայի, թե նա երբեք Ուրիասի հետ չի միանա։ Սակայն ի՞նչ փույթ։
 
Դարձյալ մի երկար լռություն հաջորդեց։ Նրա աչքերն ինձ դիտելիս ավելի այլանդակ գույներով էին ներկվում։
 
― Կոպպերֆիլդ, ― ասաց նա, իր ձեռքն այտից իջեցնելով, ― գուցե միշտ հակառակ էիք ինձ։
 
― Ինչ ուզում ես կարծիր, ― ասացի ես, դեռ բարկությամբ ալեկոծված։ ― Եթե այդ ճշմարիտ չէ, այժմ գոնե արժանի ես, որ ճշմարիտ լինի։
 
― Այնինչ ես ձեզ միշտ սիրել եմ, Կոպպերֆլիդ։
 
Ավելորդ համարեցի պատասխանել և ուզում էի գլխարկս վերցնել ու հեռանալ։ Ուրիասը կանգնեց իմ ու դռան միջև։
 
― Կոպպերֆիլդ, ― ասաց նա, ― յուրաքանչյուր կռվի մեջ երկու կողմ է հարկավոր։ Դուք մի կողմն եք․ ես չեմ ուզում մյուսը լինել։
 
― Գրողը տանի քեզ։
 
― Ո՞ւր տանի։ Ո՛չ, սըր, այդպես մի՛ ասեք, որ հետո ինքներդ չփոշմանեք։ Այլ այն ասացեք, թե ինչպե՞ս եք կարողանում իմ առջև այնքան նվաստանալ, այդքա՜ն վրաս չարանալ։ Սակայն ես ձեզ ներում եմ։
 
― Դու ինձ ներո՜ւմ, ― կրկնեցի ես արհամարող եղանակով։
 
― Այո, ներում եմ, չեք կարող ինձ արգելել, որ ներեմ, ― պատասխանեց Ուրիասը։ ― Ո՞ւմ մտքով կանցներ, թե կուզենաք վիրավորել ինձ, ինձ, որ միշտ ձեր բարեկամն էի՝ ձեր իսկ կամքին հակառակ։ Սակայն առանց երկու կողմի ոչ մի կռիվ չի լինի․ ես կռվելու տրամադիր չեմ․ ընդհակառակը, ձեր բարեկամը կմնամ, որքան էլ դուք ընդդիմանաք, որովհետև սիրում եմ ձեզ, Կոպպերֆիլդ։ Այժմ գիտե՞ք, թե ինչ կարող եք սպասել ինձնից։
 
Գիշերվա ժամին տան մարդկանց չվրդովելու համար ստիպված էինք մեր ձայնը զսպել, և որքան նա հանդարտ էր խոսում, այնքան ես բորբոքվում էի, թեև արդեն բարկությունս անցել էր։ Ես ասացի, թե ուրիշ բան չեմ սպասում նրանից, այլ միայն այն, ինչ միշտ սպասել եմ՝ առանց երբեք սխալվելու, և դուրս եկա, դուռն այնպես Ուրիասի դեմ փակելով, կարծես թե նա մի ընկույզ լիներ, որ կցանկանայի դռան տակ ջարդել։ Բայց փոքր֊ինչ հետո նա էլ դուրս եկավ և ուզում էր իր մոր մոտ գնալ։ Ես դեռ մի հարյուր քայլ չէի անցել, երբ նա իմ հետևից հասավ։
 
― Գիտեք, Կոպպերֆիլդ, ― ասաց նա, իր շուրթերն ականջիս մոտեցնելով, որովհետև ես շուռ չէի գալիս, ― դուք մի թյուր դրության մեջ եք գտնվում (զգում էի, որ դա ճշմարիտ է, ուստի և ավելի շատ զայրանում): Չեք կարող ասել, թե ձեր արածը մի ազնիվ բան է և ստիպված եք ներողություն ընդունել ինձանից։ Այդ մասին ես ոչ մորս բան կասեմ, ոչ էլ որևէ մարդու։ Ես որոշել եմ ներել ձեզ։ Սակայն չեմ կարող հասկանալ, թե ինչպես սիրտ արիք ձեռք բարձրացնել մեկի դեմ, որին ինքներդ միշտ մի խոնարհ ու չնչին մարդ եք համարել։
 
Զգում էի, որ ես գրեթե նրա չափ ստոր եմ։ Նա ավելի լավ էր ինձ ճամաչում, քան ես ինքս։ Եթե նա հայտնապես նախատեր ինձ և կամ համարձակ գրգռեր, դա մի տեսակ արդարացում ու թեթևություն կլիներ, բայց նա ավելի վարպետորեն վարվեց․ նա ինձ մարմանդ կրակի վրա դրեց, որից ես մինչև առավոտ տանջվեցի։
 
Առավոտյան, երբ պանդոկից դուրս եկա, եկեղեցու զանգն արդեն հնչում էր, և Ուրիասը իր մոր հետ ման էր գալիս եկեղեցու գավթի մոտ։ Նա բարի լույս ասաց ինձ, հենց իմանաս ոչ մի բան պատահած չլիներ մեր միջև, և ես ստիպվեցի պատասխանել։ Նրա ատամը երևի ցավում էր իմ երեկվա ապտակից։ Այժմ երեսը մետքսե սև թաշկինակով կապված էր և գլխարկը գագաթին տնկված, որ հարկավ չէր կարող նրա պատկերը գեղեցկացնել։ Հետո իմացա, որ առավոտյան Ուրիասը Լոնդոն է գնացած եղել իր ատամը հանել տալու համար։ Պետք է կարծել, որ դա շնատամը կլիներ։
 
Դոկտորը պատվիրել էր ասել, թե ինքը տկար է, և քանի դեռ հյուրերը իր մոտ են եղել՝ համարյա թե դուրս չի եկել սենյակից։ Մր․ Ուիկֆիլդի ու Ագնեսի մեկնելուց արդեն մի շաբաթ անց կլիներ, երբ դոկտորն ու ես մեր սովորական զբաղմուքը նորոգեցինք։ Դրանից մի օր առաջ դոկտորն ինձ մի անկնիք նամակ տվեց, որ կրում էր իր հասցեն։ Մի քանի ջերմ խոսքերով նա ինձ աղաչում էր ոչ մի ժամանակ ակնարկություն չանել այն գիշերվա դեպքի մասին։ Այդ դեպքը ես միայն տատիս էի հայտնել և ուրիշ ոչ ոքի։ Դա այնպիսի առարկա չէր, որի մասին կարելի լիներ Ագնեսի հետ էլ խոսել, այն գիշերվա անցքի մասին նա մի կասկած անգամ չուներ։
 
Համոզված եմ, որ մրս․ Ստրոնգն էլ չէր կասկածում։ Շաբաթներ անցան, մինչև որ նրա դեմքի վրա մի թեթև փոփոխություն նշմարվեց։ Փոփոխությունը շատ դանդաղ էր առաջ գալիս, ինչպես մի ամպ անշփոթ եղանակին։ Սկզբում նա զարմանում էր դոկտորի քնքուշ կարեկցության վրա, որով սկսել էր խոսել իր հետ․ այդ զարմանքը ավելի սաստկացավ, երբ դոկտորը փափագ հայտնեց իր տունը բերելու զոքանչին, որպեսզի Աննիի միակերպ կյանքը զվարթանա։ Մինչ դոկտորը ու ես աշխատում էինք, և լեդին սեղանի մոտ նստած էր լինում, ես շատ անգամ տեսնում էի, որ նա հիացումով ու անձկությամբ անքթիթ նայում էր իր մարդուն։ Երբեմն էլ աչքերն արտասուքով լցվում էին, և նա իսկույն հեռանում էր սենյակից։ Վշտի ստվերն օրոցոր նրա գեղեցիկ դեմքի վրա ծանրանալով՝ մթանում էր։ Այժմ մրս․ Մարկլհեմը դոկտորի տան բնակիչ էր, բայց նա գիտեր միայն խոսել ու խոսել, և ոչ մի բան չէր նկատում։
 
Մինչ Աննին, որ մի ժամանակ դոկտորի տան զվարթարար արեգակն էր, քիչ֊քիչ փոխվում էր, դոկտորն էլ մյուս կողմից ակներև ծերանում ու թոշնում էր, սակայն նրա բնածին բարությունը, հեզ վարմունքն ու գթասեր հոգատարությունը կնոջ նկատմամբ անդադար աճում էին։ Մի առավոտ, մրս․ Ստրոնգի ծննդյան օրը, երբ նա եկել էր մեր գրասենյակի պատուհանի մոտ նստելու (ուր առաջ միշտ համարձակ քայլով էր գալիս, իսկ վերջերս մի տեսակ երկյուղով, որ ինձ շատ սրտաշարժ էր երևում), դոկտորը երկու ձեռքով նրա գլուխը բռնեց, համբուրեց և արագ դուրս վազեց իր հուզմունքը ծածկելու համար։ Կինը անդրիի պես անշարժ մնաց այն տեղում, ուր մարդը նրան թողել էր, հետո գլուխը կախեց, ձեռքերը կցեց ու աղիողորմ լաց եղավ։
 
Այնուհետև տիկինը, երբեմն ինձ հետ լինելիս, կարծես խոսելու փափագ էր զգում, սակայն երբեք չէր վստահանում գեթ մի բառ արտասանել։ Դոկտորը միշտ որևէ զբոսանք էր հնարում կնոջ համար և նրան խորհուրդ տալիս՝ զանազան զվարճության տեղեր գնալ մոր հետ միասին, և մրս․ Մարկլհեմը, որ շատ զբոսասեր էր, կամ լավ է ասել՝ զբոսանքից զատ ոչ մի բանի սեր չունեցող, հոժարությամբ ձայնակցում էր դոկտորին և չէր հագենում նրա առաջարկները գովելուց։ Գալով Աննիին, ուր էլ տանեին գնում էր, բայց վշտահար, տրտում սրտով, կարծես առանց ախորժելու որևէ բանից։
 
Ես չգիտեի՝ ի՞նչ անեմ․ տատս էլ չգիտեր, և հավաստի եմ, որ նա, այս անճարակ դրության մասին մտածելիս առնվազն մի հարյուր մղոն պտույտ արեց իր սենյակում։ Բայց ամենից ավելի զարմանալին այն էր, որ դոկտորի տնային դժբախտության մութ սահմանում գեթ փոքր ի շատե զգալի սփոփանք մտցնողը ուրիշ մարդ չեղավ, բացի մր․ Դիկը։
 
Արդյոք այդ մասին ի՞նչ էր մտածում նա և կամ թե ի՞նչ էր դիտել, չէի կարող բացատրել, ինքն էլ անշուշտ, չէր բացատրի։ Սակայն, ինչպես արդեն ասել եմ ներկա պատմության ընթացքում, մր․ Դիկի սերը դեպի դոկտորն անսահման էր և հայտնի է, որ ամեն ճշմարիտ հակումի մեջ դեպի մարդը, նույնիսկ մի ստորին անասունի կողմից, մի նուրբ զգայություն կա, որ ամենավսեմ խելքից ավելի սրատես է։ Մր․ Դիկը, եթե կարելի է այսպես ասել, սրտի խելք ուներ, և դրանով էր ճշմարտության ճառագայթը նշմարվում։
 
Ազատ ժամերին մր․ Դիկը նորից սկսեց հպարտ ման գալ դոկտորի հետ նրա փոքրիկ պարտեզի մեջ, ինչպես սովոր էր մի ժամանակ Կենտրբրիի ճեմելիքում անել, և շատ չանցած իր բոլոր ազատ ժամերն այդ զբոսանքին նվիրեց։ Եթե առաջ նա երջանիկ էր, երբ դոկտորը նրան մի բան կարդար երևելի բառարանից, այժմ բոլորովին դժբախտ էր, եթե դոկտորը գիրքը գրպանից չհաներ որևէ բան կարդալու համար։ Երբ դոկտորն ու ես զբաղված էինք լինում սենյակում, մր․Դիկը գալիս էր մրս․ Ստրոնգի հետ զբոսնելու, նրա ծաղիկները ջրելու, ածուները մաքրելու։ Հավատացած եմ, որ նա մեկ ժամում տասը բառ էլ չէր ասի՝ բայց և այնպես նրա հանգիստ հոգատարությունն ու հոժարափույթ ուշադրությունը անմիջապես արձագանք էին գտնում կնոջ և մարդու սրտի մեջ․ թե՛ մեկն ու թե՛ մյուսը զգում էին, որ սիրում են նրան ու նրանից սիրված են։ Այս կերպով էր, որ նա կարողացավ, ― ինչ որ նրանից զատ դեռ ոչ ոքի չէր հաջողվել գլուխ բերել, ― միության կապ հանդիսանալ երկուսի միջև։
 
Երբ մտածում եմ նրա մասին և մտաբերում նրա լուրջ երեսը, դոկտորի հետ ետ ու առաջ ման գալը, բառարանի ամեն մի խրթին բառից հրճվելը, երբ հիշում եմ, թե ինչպես էր իր ահագին ջրի ցնցուղն Աննիի հետևից տանում և անսպառ համբերությամբ բույսերը մաքրելու չոքում, իր ամեն մի արարքի մեջ լեդիին հաճոյանալու քնքուշ փափագ ցույց տալով, ― և ոչ մի փիլիսոփայի չէր հաջողվի, ― ցնցուղի ամեն մի ծակից համակրություն, հավատարմություն, անձնվեր գութ ծորելով, երբ միտքս է գալիս, որ նա, իր բարեկամների ներքին վշտով համակված, այլևս զգաստության ճանապարհից չէր շեղվում։ Թշվառ Կառլոս Առաջնին այլևս իր հետ չէր բերում, ծառայելու սուրբ պարտքից ոչ մի անգամ չէր թերանում, ոչ մի անգամ չէր մտածում, թե դոկտորի տանը մի թյուր բան կա, որ անհրաժեշտ է ուղղել, ― այդ բոլորը հիշելիս ես իրավ ամաչում եմ, որ երբեմն մր․ Դիկին հիվանդամիտ եմ համարել, ― ես, որ նույնիսկ առողջ մտքովս տեղիք չունեի պարծենալու նրա առջև։
 
― Ինձնից զատ ոչ ոք չգիտի, թե այդ մարդն ի՞նչ արժի, Տրոտ, ― հպարտությամբ ասում էր տատս, երբ խոսք էր բացվում նրա մասին։ ― Կտեսնես, թե նա ինչպես մի օր երևելի կդառնա։
 
Այս գլուխը կնքելուց առաջ հարկավոր է մի ուրիշ հանգամանք հիշատակել։ Քանի որ հյուրերը դեռ դոկտորի տանն էին, նկատել էի, որ թղթաբերն ամեն առավոտ երկու֊երեք նամակ է բերում Ուրիաս Հիպին, որ արձակուրդից օգուտ քաղելով, նմանապես Հայգեթում էր մնում։ Նամակների հասցեն միշտ գրված էր մր․ Միկաբրի հատուկ ձեռքով, որի գրությունն այս անգամ պաշտոնական բոլորակ ձև էր ընդունել։ Այդ թեթև նշաններից ես սկսել էի ուրախությամբ եզրակացնել, թե մր․ Միկաբրը քաջառողջ է ու նրա գործերը հաջող են․ ուստի սաստիկ զարմացա, երբ նույն միջոցին ես հետևյալ նամակն ստացա նրա սիրելի ամուսնուց։
 
 
«Կենտրբրի երկուշաբթի երեկոյան։
 
 
Անշուշտ կզարմանաք, իմ սիրելի մր․ Կոպպերֆիլդ, այս նամակը որ ստանաք։ Ավելի կզարմանաք, երբ բովանդակությունը իմանաք։ Դրանից էլ ավելի կզարմանաք, որ ստիպված ձեր առաջ պայման եմ դնում՝ խոր գաղտնիք պահելու այս բոլորը։ Կարիք եմ զգում, որպես մայր ու ամուսին, սրտիս վիշտը հայտնել և, որովհետև մտադիր չեմ օգնություն խնդրել գերդաստանիս անդամներից (որոնք արդեն մր․ Միկաբրի զգացումները չեն ուզում հարգել)․ հետևաբար այժմ ո՞ւմ դիմեմ, եթե ոչ ձեզ, որ իմ նախկին բարեկամն եք և իմ հին վարձվորը։
 
Հարկավ, ձեզ անհայտ չի լինի, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, որ իմ և մր․ Միկաբրի միջև (որից հավիտյան բաժանվելու չեմ) միշտ փոխադարձ հավատարմության ոգի է տիրել։ Երբեմն, այո, պատահել է, որ նա, իմ խորհուրդը չհարցրած, ստորագրել է որևէ մուրհակ և կամ թե վճարման բուն պայմանաժամն ինձնից թաքցրել։ Այսպիսի մանր դեպքեր, չեմ ուրանում, պատահել են։ Սակայն, ընդհանրապես, մր․ Միկաբրը ոչ մի գաղտնիք չի ունեցել ու չի ծածկել իր սիրո առարկայից․․․ ուզում եմ ասել կնոջից․․․ և մեր հանգստյան ժամերին ամբողջ օրվա դեպքերը մեկ առ մեկ ինձ պատմել է։
 
Կարող եք երևակայել, ով մր․ Կոպպերֆիլդ, թե իմ սիրտը ինչ կսկիծ ու դառնություն պիտի զգա, եթե ասեմ, որ մր․ Միկաբրը բոլորովին փոխվել է։ Այժմ նա զգուշամիտ է դարձել, գաղտնապահ է։ Նրա կյանքն այժմ մի անքննելի խորհուրդ է դարձել իր ուրախության ու վշտերին հաղորդակից ընկերոջ համար․․․ մի սոսկալի խավարով է պատած այն բոլորը, ինչ որ անում է գրասենյակում առավոտյան ժամից սկսած մինչև արևի մայր մտնելը, ― խնդրեմ ասածս մի առասպել չհամարեք։
 
Սակայն սա դեռ բոլորը չէ։ Այժմ մր․ Միկաբրը անժպիտ է, խստասիրտ է, ցասկոտ է։ Նա խորշում է իր ավագ որդուց ու դստրից, չի պարծենում իր երկվորյակներով, սառն է նայում մինչև անգամ այն անմեղ եկվորին, որ նոր է մեր շրջանի անդամ դարձել։ Գալով մեր տան շատ չափավոր պիտույքները հոգալուն, մի չնչին ֆարթինգ<ref>գրեթե մեկ կոպեկ</ref> անգամ դժվարությամբ է ինձ տալիս, այն էլ սաստիկ սպառնալով, թե կգնա ջուրը կընկնի (սրանք իր խոսքերն են): Եվ այս բոլորից հետո դեռ համառությամբ հրաժարվում է բացատրել ինձ իր տարօրինակ ընթացքը։
 
Անտանելի է, ցավալի է այս ամենը, և զգում եմ, որ սիրտս կեղեքվում է, կտրատվում։ Եթե դուք ինձ մի փրկարար խորհուրդ տաք, մի նոր երախտիք կավելացնեք այն բոլորի վրա, որ արդեն արել եք ինձ շատ անգամ։ Իմ տկար ուժերը ձեզ հայտնի են, արդ ասացեք, ի՞նչ կերպ դրանց բանեցնեմ այս երկսայրի դրության մեջ։ Զավակներիս սերը և աշխարհիս չարիքներին դեռ անգիտակ նորեկիս անմեղ ժպիտն ուղարկելով Ձեզ, մնամ սիրելիդ իմ մր․ Կոպպերֆիլդ,
 
Ձեզ անձնվեր, վշտահար, Էմմա Միկաբր։
 
Դժվար թե իրավունք ունենայի մի ուրիշ խորհուրդ տալ մրս․ Միկաբրի պես փորձված կնկան, միայն հորդորել նրան՝ համբերությամբ ու սիրով նորից գրավել մր․ Միկաբրի շնորհը (որ վստահ էի թե կանի). բայց և այնպես նրա նամակը շատ մտմտուք պատճառեց ինձ։
Ադմին, Վստահելի
1876
edits