Changes

Դևեր, Մասն առաջին

Ավելացվել է 162 881 բայտ, 18:24, 17 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրիշի մեղքեր */
== Գլուխ երրորդ. Ուրիշի մեղքեր ==
 
=== I ===
 
Մի շաբաթի չափ անցավ, և գործը սկսեց տեղից թեթևակի շարժվել։ Թռուցիկ նշեմ, որ այդ տարաբախտ շաբաթվա ընթացքում ես ահագին տրտմություն կրեցի՝ համարյա անբաժան մնալով իմ խեղճ, հարսնախոսած բարեկամի կողքին, որպես նրա մերձավորագույն խորհրդապահը։ Նրան գլխավորապես նեղում էր ամոթը, թեև այդ շաբաթվա մեջ ոչ ոքի չտեսանք և շարունակ նստած էինք մենակ, բայց նա ամաչում էր նույնիսկ ինձնից, ու այն աստիճան, որ ինչքան շատ էր բացվում իմ առաջ, այնքան ավելի էր սրտնեղվում դրանից։ Իսկ կասկածամտությունից ենթադրում էր, թե արդեն ամեն ինչ հայտնի է ամենքին, ամբողջ քաղաքին, և ոչ միայն ակումբում, այլ նույնիսկ իր խմբակում վախենում էր երևալ։ Անգամ անհրաժեշտ օդափոխության համար զբոսնելու էր ելնում միայն կատարյալ մթնշաղին, երբ լիովին մթնում էր։
 
Շաբաթն անցավ, իսկ նա դեռևս չգիտեր, փեսացու է ինքը, թե՝ ոչ, ու որքան ջանում, ոչ մի կերպ չէր կարողանում դա իմանալ հաստատ։ Հարսնացուի հետ դեռևս չէր տեսնվել, չգիտեր անգամ՝ իր հարսնացուն է, թե ոչ, չգիտեր անգամ, թե որևէ լուրջ բան կա՞ այդ ամենի մեջ։ Չգիտես ինչու, Վարվառա Պետրովնան կտրականապես չէր թողնում նրան իր մոտ գնալ։ Նրա սկզբնական նամակներից մեկին (իսկ նա բազմաթիվ նամակներ հղեց), Վարվառա Պետրովնան ուղղակի պատասխանեց ամեն կարգի շփումներից իրեն ժամանակավորապես ազատելու խնդրանքով, որովհետև զբաղված է, իսկ ինքը, նրան շատ կարևոր բաներ ունենալով հայտնելու, դիտավորյալ սպասում է դրա համար ավելի ազատ պահի, քան ներկայումս ունի, և ինքը նրան իմաց կտա ''ժամանակի ընթացքում'', թե երբ կարելի կլինի իր մոտ գալ։ Իսկ նամակները խոստացավ ետ ուղարկել՝ չբացված, քանի որ դա «միայն ու միայն գժություն է»։ Այդ երկտողն ինքս եմ կարդացել, Ստեպան Տրոֆիմովիչը ցույց տվեց ինձ։ Եվ սակայն բոլոր այդ կոպտությունները և անորոշությունները, այդ ամենը ոչինչ էր, համեմատած նրա գլխավոր հոգսին։ Այդ հոգսը նրան տանջում էր չափազանց, աննահանջ, դրանից նիհարում էր նա և ընկճվում։ Այնպիսի մի բան էր, որից արդեն ամաչում էր ամենից շատ և ինչի մասին ոչ մի կերպ չէր ուզում խոսել ինձ հետ նույնիսկ։ Ընդհակառակն, առիթի դեպքում ստում ու պոչ էր խաղացնում իմ առաջ, փոքր երեխայի պես, այնինչ, ինքն էր ամեն օր մարդ ուղարկում՝ ինձ կանչելու, առանց ինձ երկու ժամ չէր կարողանում մնալ՝ ջրի կամ օդի նման զգալով իմ կարիքը։
 
Նման վարմունքը փոքր-ինչ վիրավորում էր իմ ինքնասիրությունը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ վաղուց արդեն կռահել էի նրա այդ գլխավոր գաղտնիքը և տեսնում էի ամեն ինչ՝ թափանցիկ։ Այն ժամանակվա իմ խորագույն համոզմամբ, այդ գաղտնիքի, Ստեպան Տրոֆիմովիչի գլխավոր այդ հոգսի բացահայտումը պատիվ չէր բերի նրան, ուստի ես, որպես դեռևս երիտասարդ, մի քիչ զայրացած էի նրա զգացմունքների կոպտության և նրա որոշ կասկածների գեշության վրա։ Բորբոքված էլ խոստովանում եմ՝ խորհրդապահը լինելու ձանձրույթից, գուցեև չափից ավելի էի մեղադրում նրան։ Իմ դաժանությամբ ես հետամուտ էի նրա սեփական խոստովանությանն իմ առաջ ամեն ինչում, թեև, իմիջիայլոց, ընդունում էի նաև, որ այլևայլ բաների խոստովանումը գուցեև դժվարին բան է։ Նա նույնպես լիովին հասկանում էր ինձ, այն է՝ հստակ տեսնում էր, որ հասկանում եմ իր համակ ներքինը և անգամ զայրանում նրա վրա, ինքն էլ իմ վրա էր զայրանում, որ զայրանում եմ իր վրա ու տեսնում համակ ներքինը։ Թերևս իմ բարկությունը մանրախնդիր էր ու անմիտ, սակայն փոխադարձ մեկուսացումը երբեմն չափազանց վնասում է իսկական բարեկամությանը։ Հայտնի տեսակետից, նա ճիշտ էր հասկանում իր վիճակի որոշ կողմերը և նույնիսկ շատ նրբորեն էր բնորոշում դա այն կետերում, որոնք հարկ չէր համարում թաքցնել։
 
― Օ՜, այսպիսի՞ն էր արդյոք նա այն ժամանակ,― երբեմն բերանից թռցնում էր Վարվառա Պետրովնայի մասին։― Այդպիսին էր արդյոք նախկինում, երբ իրար հետ խոսում էինք... Գիտե՞ք արդյոք, որ այն ժամանակ նա դեռևս կարողանում էր խոսել։ Կհավատա՞ք արդյոք, որ այն ժամանակ մտքեր ուներ, սեփական մտքեր։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ասում է, թե այդ ամենը լոկ հնօրյա շատախոսություն է։ Նա արհամարհում է նախկինը... Հիմա նա ինչ-որ գործակատար է, տնտեսավար, չարացած մարդ ու շարունակ բարկանում է...
 
― Իսկ ի՞նչ ունի բարկանալու, երբ դուք կատարել եք նրա պահանջը,― առարկեցի նրան։
 
Նրբանկատ ինձ նայեց։
 
― Cher ami, եթե ես չհամաձայնեի, նա սարսափելի կբարկանար, սարսա-փելի, բայց և այնպես ավելի քիչ, քան հիմա, երբ համաձայնել եմ։
 
Իր այս խոսքից նա գոհ մնաց, և այդ երեկո մի շիշ խմեցինք։ Բայց դա սոսկ ակնթարթ էր, հաջորդ օրը նա ավելի սարսափելի էր և մռայլված, քան երբևէ։
 
Բայց ամենից շատ ես բարկացած էի այն բանի վրա, որ սիրտ չէր անում նույնիսկ գնալ և անհրաժեշտ այցելություն անել Դրոզդովներին, որոնք եկել էին արդեն, ծանոթությունը վերականգնելու համար, ինչը, լսածի համաձայն, նրանք նույնպես կամենում էին, քանի որ արդեն հարցրել էին նրա մասին, իսկ ինքը դրա համար տխրում էր ամեն օր։ Լիզավետա Նիկոլաևնայի մասին խոսում էր ինձ հետ անհասկանալի մի ցնծությամբ։ Անկասկած, նա հիշում էր աղջկան, որպես երեխայի, ում այնպես սիրում էր ժամանակին։ Սակայն, դրանից բացի, հայտնի չէ, թե ինչու, երևակայում էր, որ նրա կողքին իսկույն թեթևացում կգտնի իր բոլոր առկա տանջանքներին և նույնիսկ կլուծի իր կարևորագույն երկմտությունները. Լիզավետա Նիկոլաևնայի մեջ նա ենթադրում էր տեսնել մի որևէ արտակարգ էակի։ Այդուհանդերձ, չէր գնում նրա մոտ, թեև ամեն օր պատրաստվում էր։ Գլխավորն այն էր, որ ինքս էլ էի անչափ ուզում այդժամ ներկայացվել ու երաշխավորվել նրան, ինչի համար միայն Ստեպան Տրոֆիմովիչի վրա կարող էի հույս ունենալ։ Արտակարգ տպավորություն էին գործում ինձ վրա հաճախակի հանդիպումներն աղջկա հետ, անշուշտ, փողոցում, երբ նա ձիով ելնում էր զբոսնելու, ամազոնկայով, սքանչելի ձիով, իր այսպես կոչված ազգականի, գեղեցկադեմ սպայի, հանգուցյալ գեներալ Դրոզդովի զարմիկի հետ։ Իմ շլացումը տևեց ընդամենը մի ակնթարթ, և ինքս շատ շուտով գիտակցեցի իմ երազանքի համակ անհնարինությունը, բայց թեև ակնթարթաչափ, սակայն դա գոյություն ուներ իսկապես, այդ պատճառով էլ կարող եք պատկերացնել, թե այն ժամանակ ինչպես էի մեկ-մեկ բարկանում իմ խեղճ բարեկամի վրա նրա համառ մենակեցության համար։
 
Մերոնց բոլորին դեռևս ամենասկզբից պաշտոնապես հայտարարվել էր, որ Ստեպան Տրոֆիմովիչը որոշ ժամանակ չի ընդունելու և խնդրում է կատարելապես հանգիստ թողնել իրեն։ Նա պնդում էր, որ շրջաբերական-ծանուցում լինի, թեև ես խորհուրդ չէի տալիս։ Հենց ինքս էլ շրջեցի բոլորի մոտ, նրա իսկ խնդրանքով, ու բոլորին պատմեցի, որ Վարվառա Պետրովնան մեր «ծերուկին» (մեր մեջ այդպես էինք կոչում Ստեպան Տրոֆիմովիչին) ինչ-որ արտահերթ աշխատանք է հանձնարարել՝ կարգի բերել ինչ֊որ տարիների գրագրություն, որ նա փակվել է, իսկ ես օգնում եմ իրեն, և այլն, և այլն։ Միայն Լիպուտինի մոտ չհասցրի մտնել և շարունակ հետաձգում էի, ավելի ճիշտ՝ վախենում էի գնալ։ Նախապես գիտեի, որ ոչ մի բառիս չի հավատալու, անպայման երևակայելու է, որ մի գաղտնիք կա այստեղ, որն էլ հենց միայն իրենից են ուզում պահել, և հենց դուրս գամ, տեղնուտեղը սկսելու է քաղաքով մեկ տեղեկանալ ու բամբասել։ Մինչ սա կպատկերացնեի ինքս ինձ, այնպես եղավ, որ փողոցում պատահմամբ դեմ առա նրան։ Պարզվեց, որ ամեն ինչ արդեն իմացել է մերոնցից, ում ես էի տեղեկացրել։ Բայց, տարօրինակ բան, նա ոչ միայն չհետաքրքրվեց և հարցուփորձ չարեց Ստեպան Տրոֆիմովիչից, այլ հակառակը, դեռ ինքն ինձ ընդհատեց, երբ սկսեցի ներողություն խնդրել, որ ավելի շուտ չեմ գնացել իր մոտ, և իսկույն փոխեց խոսակցության նյութը։ Ճիշտ է, պատմելու բան կուտակվել էր։ Նա չափազանց հոգեխռով վիճակում էր և ուրախացել էր, որ ի դեմս ինձ, ունկնդիր է բռնել։ Սկսեց խոսել քաղաքային նորություններից, նահանգապետի կնոջ գալստյան մասին՝ «նոր խոսակցություններով», ակումբում արդեն կազմավորված ընդդիմության մասին, այն մասին, որ բոլորը գոռում են նոր գաղափարներից և ինչպես է դա տիրել բոլորին և այլն, և այլն։ Նա խոսեց մի քառորդ ժամ և այնքան հետաքրքրաշարժ, որ չկարողացա պոկվել։ Թեև տանել չէի կարողանում նրան, բայց ընդունում եմ, որ իրեն լսել ստիպելու շնորհք ուներ նա, հատկապես, երբ ինչ-որ բանի վրա շատ զայրացած էր լինում։ Այդ մարդը, իմ կարծիքով, իսկական և բնածին լրտես էր։ Ամեն րոպե գիտեր ամենավերջին բոլոր նորությունները և մեր քաղաքի ծածուկ գաղտնիքները՝ լրիվ, գերազանցապես նողկալիությունների առումով, ու զարմանալ էր պետք, թե ինչ աստիճանի սրտին մոտ է ընդունում բաներ, որոնք երբեմն ամենևին չէին վերաբերում իրեն։ Ինձ միշտ թվում էր, որ նրա բնավորության գլխավոր գիծը նախանձն է։ Երբ ես նույն երեկոյան Ստեպան Տրոֆիմովիչին հայտնեցի առավոտյան Լիպուտինին հանդիպելու և մեր խոսակցության մասին, ի զարմանս, նա չափազանց հուզվեց և մի արտառոց հարց տվեց ինձ. «Լիպուտինը գիտե՞, թե ոչ»։ Ես սկսեցի ապացուցել, որ այսքան շուտ իմանալու հնարավորություն չի եղել, նաև՝ ումից պիտի իմանար, բայց Ստեպան Տրոֆիմովիչն իրենն էր պնդում։
 
― Հավատացեք, կամ՝ ոչ,― վերջում անսպասելի եզրակացրեց նա,― իսկ ես համոզված եմ, որ նրան ոչ միայն արդեն հայտնի է ամեն ինչ մեր վիճակի մասին, բոլոր մանրամասներով, այլ որ նա դրան գումարած այնպիսի մի բան էլ գիտե, ինչ ոչ դուք, ոչ ես դեռևս չգիտենք, գուցեև երբեք չենք իմանա, կամ կիմանանք, երբ արդեն ուշ կլինի, երբ արդեն չի լինի վերադարձ...
 
Ես լռեցի, բայց այդ բառերը շատ բան էին ակնարկում։ Դրանից հետո հինգ լրիվ օր ոչ մի բառով չհիշատակեցինք Լիպուտինին։ Ինձ համար պարզ էր, որ Ստեպան Տրոֆիմովիչը շատ է զղջում՝ իմ առաջ այդպիսի կասկածանքներ արտահայտելու և լեզվից թռցնելու համար։
 
=== II ===
 
Մի առավոտ, այն է՝ յոթերորդ կամ ութերորդ օրն այն բանից հետո, երբ Ստեպան Տրոֆիմովիչը համաձայնել էր փեսացու դառնալ, ժամը տասնմեկի կողմ, երբ սովորականի պես շտապում էի իմ վշտաբեկ բարեկամի մոտ, ճանապարհին մի դեպք կատարվեց։
 
Հանդիպեցի Կարմազինովին՝ «մեծ գրողին», ինչպես Լիպուտինն էր նրան մեծարում։ Կարմազինով կարդում էի մանկուց։ Նրա վիպակներն ու պատմվածքները հայտնի են անցյալ և անգամ մեր սերնդին։ Իսկ ես վայելում էի դրանք, իմ պատանեկության և երիտասարդության վայելքն էին։ Հետո որոշ չափով սառեցի նրա գրչից։ Ուղղվածությամբ վիպակները, որոնք գրում էր վերջին ժամանակներս, ինձ այլևս դուր չէին գալիս այնպես, ինչպես նրա առաջին, նախասկզբնական գործերը, որոնց մեջ այնքան անմիջական պոեզիա կար, իսկ ամենավերջին ստեղծագործությունները նույնիսկ դուր չէին գալիս։
 
Ընդհանուր առմամբ ասած, եթե համարձակվեմ իմ կարծիքն էլ հայտնել նման նուրբ խնդրի շուրջ, միջին տրամաչափի մեր այդ բոլոր պարոնայք տաղանդները, սովորաբար, կենդանության օրոք համարյա թե հանճարների տեղ անցնելով, ոչ միայն չքանում են գրեթե անհետ և մի տեսակ հանկարծակի՝ մարդկանց հիշողությունից, երբ մեռնում են, պատահում է նաև, որ կենդանության օրոք նույնիսկ, հենց հասակ է առնում փոխարինող նոր սերունդը, որի հետ նրանք գործում էին, բոլորից մոռացվում ու արհամարհվում են անբացատրելի արագ։ Մի տեսակ հանկարծակի է դա լինում մեզանում, ինչպես դեկորների փոփոխումը թատրոնում։ Օ՜, սա ամենևին այն չէ, ինչ առնչվում է Պուշկիններին, Գոգոլներին, Մոլյերներին, Վոլտերներին, բոլոր այն գործիչներին, որոնք եկել էին՝ ասելու իրենց նոր խոսքը։ Ճշմարիտ է և այն, որ միջին տրամաչափի այդ պարոնայք տաղանդներն իրենք հենց, իրենց պատկառելի տարիքի մայրամուտին, սովորաբար ամենաողորմելի եղանակով սպառվում են մեզանում՝ ամենևին նույնիսկ չնկատելով դա։ Հաճախ պարզվում է, որ գրողը, ում երկար ժամանակ վերագրում էին գաղափարների արտակարգ խորություն և ումից սպասում էին հասարակության շարժման վրա արտակարգ և լուրջ ազդեցություն, վերջում ի հայտ է բերում իր հիմնական պստիկ գաղափարի այնպիսի ջրիկությունը և մանրությունը, որ ոչ ոք անգամ չի ափսոսում, որ այդչափ շուտ կարողացավ սպառվել։ Բայց ալեհեր ծերուկները չեն նկատում դա և բարկանում են։ Նրանց անձնասիրությունը, հենց իրենց ասպարեզի ավարտին, երբեմն ձեռք է բերում զարմանքի արժանի չափեր։ Աստված գիտե, թե ում տեղ են սկսում ընդունել իրենց, ծայրահեղ դեպքում՝ աստվածների։ Կարմազինովի մասին պատմում էին, որ ուժեղ մարդկանց և բարձրագույն հասարակության հետ կապերը նա ավելի թանկ է գնահատում թերևս իր հոգուց։ Պատմում էին, որ նա ձեզ կդիմավորի, կփաղաքշի, կհրապուրի, կգերի իր պարզասրտությամբ, հատկապես եթե ինչ-որ բանում պետք եք իրեն և անշուշտ, եթե նախապես ներկայացված եք։ Բայց առաջին իշխանի, առաջին կոմսուհու, առաջին մարդու ներկայությամբ, ումից նա վախենում է, իր սրբազնագույն պարտքը կհամարի մոռանալ ձեզ ամենավիրավորական քամահրանքով, որպես մի տաշեղ, որպես մի ճանճ, տեղնուտեղը, երբ դեռ չեք հասցրել հեռանալ նրա մոտից, և նա լրջորեն համարում է դա ամենաբարձր ու ամենագեղեցիկ վարք։ Չնայած կատարյալ ինքնազսպմանը և լավ վարվեցողության կատարյալ իմացությանը, ասում են, այն աստիճան անձնապաշտ է՝ հիստերիայի հասնող, որ ոչ մի կերպ չի կարող թաքցնել իր հեղինակային բորբոքվածությունն անգամ հասարակության այն շրջանակներում, ուր սակավ են հետաքրքրվում գրականությամբ։ Իսկ եթե պատահմամբ մեկնումեկը մտահոգում էր նրան իր անտարբերությամբ, ապա նեղանում էր հիվանդագին կերպով և ջանում վրեժխնդիր լինել։ Շուրջ մի տարի առաջ ամսագրում կարդացի նրա հոդվածը, գրված ամենապարզունակ պոեզիայի, ավելացրած նաև հոգեբանության ահավոր հավակնությամբ։ Նա նկարագրել էր մի շոգենավի խորտակում անգլիական ափի մոտ, որին ականատես էր եղել ու տեսել, թե ինչպես են փրկում խեղդվողներին ու հանում ջրահեղձերին։ Բավական երկարաշունչ և շատախոս այդ հոդվածն ամբողջությամբ գրված էր իրեն ներկայացնելու միակ նպատակով։ Հենց դա էր ընթերցվում տողերի արանքում. «Հետաքրքրվեք ինձնով, տեսեք, ինչպիսին էի ես այդ րոպեներին։ Ձեր ինչի՞ն է պետք այդ ծովը, փոթորիկը, ժայռերը, նավի փշրված բեկորները։ Չէ որ բավականաչափ նկարագրել եմ այդ ամենն իմ զորեղ գրչով։ Ի՞նչ եք նայում այդ ջրահեղձ կնոջը՝ մահացած երեխան մեռած ձեռքերում։ Ավելի լավ է, ինձ նայեք, թե ինչպես չդիմացա այդ տեսարանին ու շրջվեցի։ Ահա, մեջքով կանգնեցի դեպի նրանց, ահա, սարսափած եմ և անուժ՝ ետ նայել, ես կկոցում եմ աչքերս, ինչ հետաքրքիր է, չէ՞»։ Երբ Կարմազինովի հոդվածի մասին կարծիքս հայտնեցի Ստեպան Տրոֆիմովիչին, նա համաձայնեց ինձ հետ։ Երբ վերջերս լուրեր տարածվեցին մեզ մոտ, որ Կարմազինովը գալու է, ես, իհարկե, անչափ ցանկացա տեսնել նրան և եթե հնարավոր է, հետը ծանոթանալ։ Գիտեի, որ դա կարող եմ անել Ստեպան Տրոֆիմովիչի միջոցով, ժամանակին նրանք ընկերներ էին եղել։ Եվ ահա, հանկարծակի հանդիպում եմ նրան խաչմերուկում։ Իսկույն ճանաչեցի նրան, երեք օր առաջ ինձ արդեն ցույց էին տվել, երբ նա կառքով անցնում էր նահանգապետի տիկնոջ հետ։
 
Ոչ ամենևին բարձրահասակ, չորչորուկ ծերուկ էր, ոչ ավելի, քան հիսունհինգ տարեկան, բավականին վարդագույն երեսով, թավ ու ալեհեր գանգուրներով՝ դուրս թափված կլոր, ցիլինդրաձև գլխարկի տակից, ոլորված մաքուր, վարդագույն, փոքրիկ ականջների շուրջ։ Մաքուր սափրած դեմքն ամենևին էլ գեղեցիկ չէր, բարակ, երկարուկ, խորամանկ ծալքով շրթունքներ ուներ, փոքր-ինչ մսեղ քիթ, սուր-սուր, խելացի և մանրիկ աչքեր։ Սի տեսակ հնամենի էր հագնված՝ ուսերին գցած ինչ-որ թիկնոց, որպիսին, օրինակ, այդ եղանակին կհագնեին Շվեյցարիայում կամ Հյուսիսային Իտալիայում։ Բայց այնուհանդերձ, նրա հագուստի բոլոր մանրուքները՝ ճարմանդիկները, օձիքները, կոճակիկները, սև և բարակ ժապավենով կրիայի ոսկրից լոռնետը, փոքրիկ մատանին անպայման այնպիսին էին, ինչպիսին ունենում են անթերի լավ վարվեցողության տեր մարդիկ։ Ես վստահ եմ, որ ամռանը նա հագնում է պրյունելե ոտնամաններ՝ կողքից սադափե փոքր կոճակներով։ Երբ մենք բախվեցինք, նա կանգնեց փողոցի անկյունադարձին և շուրջը նայեց ուշադրությամբ։ Նկատելով, որ ուշադրությամբ իրեն եմ նայում, մեղրածոր, թեև փոքր-ինչ ճղճղան ձայնով հարցրեց ինձ.
 
― Թույլ տվեք հարցնել, ավելի կարճ ինչպե՞ս հասնեմ Բըյկովա փողոց։
 
― Բըյկովա փողո՞ց։ Այստեղ է, մոտերքում,― բղավեցի անսովոր հուզմունքով։― Միշտ ուղիղ գնացեք այս փողոցով, հետո՝ երկրորդ անկյունադարձից ձախ։
 
― Շատ շնորհակալ եմ։
 
Նզովվի այդ րոպեն, կարծեմ թե երկնչեցի և նայում էի ծառայամտորեն։ Նա ակնթարթորեն այդ ամենը նկատեց և հարկավ, իսկույն ևեթ ամեն ինչ իմացավ, այսինքն, իմացավ, որ ինձ հայտնի է, թե ինքն ով է, որ իրեն կարդացել ու երկրպագում եմ մանկուց, որ հիմա էլ երկնչել եմ ու նայում եմ ծառայամտորեն։ Նա ժպտաց, մի անգամ էլ գլխով արեց և գնաց ուղիղ, ինչպես ցույց էի տվել։ Չգիտեմ ինչու, ետ դարձա, չգիտեմ ինչի համար կողքից մի տասը քայլ վազեցի։ Նա հանկարծ նորից կանգ առավ։
 
― Իսկ չէի՞ք կարող ինձ ցույց տալ, թե ամենամոտ որտեղ են կանգնում կառապանները,― նորից բղավեց իմ կողմը։
 
Գեշ ձայն, գեշ բղավոց։
 
― Կառապաննե՞րը, կառապաններն այստեղից ամենամոտը... տաճարի մոտ են կանգնում, այնտեղ միշտ լինում են,― և ահա քիչ էր մնացել շրջվեի ու վազեի կառք բերելու։ Ես կասկածում եմ, որ նա հենց դա էլ սպասում էր ինձնից։ Հարկավ, տեղնուտեղն ուշքի եկա և կանգ առա, բայց իմ շարժումը շատ լավ նկատեց և ինձ էր նայում միևնույն այդ գարշելի ժպիտով։ Այստեղ կատարվեց այն, ինչ երբեք չեմ մոռանա։
 
Նա հանկարծ ցած գցեց պստիկ պայուսակը, որ բռնել էր ձախ ձեռքում։ Իմիջիայլոց, դա պայուսակ չէր, այլ ինչ-որ արկղիկ, կամ ավելի ճիշտ, մի փոքր թղթապանակ, կամ ավելի լավ կլինի ասել՝ ձեռնաքսակ, նման կանացի հնօրյա ձեռնաքսակներին, ի դեպ, չգիտեմ դա ինչ էր, գիտեմ միայն, որ ես, կարծեմ թե նետվեցի դա բարձրացնելու։
 
Լիովին համոզված եմ, որ չեմ բարձրացրել, բայց իմ արած առաջին շարժումն աներկբա էր, կոծկել դա արդեն չէի կարող և հիմարի պես կարմրեցի։ Խարդախն իսկույն հանգամանքից քաղեց այն ամենը, ինչ իրեն հարկավոր էր։
 
― Մի անհանգստացեք, ինքս կվերցնեմ,― հմայիչ ասաց նա, այսինքն, երբ արդեն վերջնական նկատեց, որ իր ձեռնաքսակը չեմ բարձրացնի, ինքը վերցրեց, ասես կանխելով ինձ, մի անգամ էլ գլխով արեց ու գնաց իր ճամփով՝ հիմար վիճակի մեջ ձգելով ինձ։ Նույնն է, թե ինքս վերցրած լինեի։ Հինգ րոպեի չափ ես ինձ համարում էի ամբողջովին և հավերժաբար խայտառակված, սակայն մոտենալով Ստեպան Տրոֆիմովիչի տանը, հանկարծ քրքջացի։ Տեսարանն ինձ այնքան զվարճալի երևաց, որ անմիջապես վճռեցի ուրախացնել Ստեպան Տրոֆիմովիչին պատմելով և ամբողջ տեսարանը ներկայացնել՝ նույնիսկ դեմքերով։
 
=== III ===
 
Բայց այս անգամ, ի զարմանս, նրան տեսա արտակարգ փոխված։ Ճիշտ է, մի տեսակ ագահաբար վրա պրծավ ինձ, ներս մտնելուս պես, և սկսեց ինձ լսել, սակայն այնպիսի շփոթված տեսքով, որ սկզբում, երևում է, չհասկացավ ասածներս։ Բայց հենց տվեցի Կարմազինովի անունը, նա միանգամայն հանկարծակի ելավ իր հունից։
 
― Ինձ մի ասեք, մի արտաբերեք,― բղավեց նա, համարյա կատաղած,― ահա, ահա, տեսեք, կարդացեք, կարդացեք։
 
Նա քաշեց դարակը և սեղանին շպրտեց թղթի ոչ մեծ երեք կտոր, շտապ գրոտած մատիտով, բոլորն էլ Վարվառա Պետրովնայից։ Առաջին երկտողը երեք օր առաջվա էր, երկրորդը՝ երեկվա, իսկ երրորդն այսօր էր տեղ հասել, ընդամենը մի ժամ առաջ, ամենափուչ բովանդակությամբ, բոլորը՝ Կարմազինովի մասին, և մերկացնում էին Վարվառա Պետրովնայի ունայն ու պատվասեր հուզմունքն այն երկյուղից, որ Կարմազինովը կմոռանա այցելություններ անել իրեն։ Ահա առաջինը, երեք օր առաջվա (հավանաբար, չորս օր, գուցեև հինգ օր առաջվա) գրությունը.
 
«Եթե նա վերջապես արժանացնի ձեզ այսօր, ապա խնդրում եմ, իմ մասին ոչ մի խոսք։ Նվազագույն ակնարկում անգամ։ Խոսք մի բացեք և մի հիշեցրեք։
 
Վ.Ս.»։
 
Երեկվանը.
 
«Եթե նա վճռի վերջապես այսօր առավոտյան այցելության գալ ձեզ, կարծում եմ, ամենաազնվաբարո բանը կլինի ամենևին չընդունել նրան։ Այսպես է իմ կարծիքը։ Չգիտեմ, ինչ է ձեր կարծիքով։
 
Վ.Ս.»։
 
Այսօրվանը, վերջինը.
 
«Ես համոզված եմ, որ ձեզ մոտ կեղտը ոտք առել, գնում է, ու սյան պես ծուխ է կանգնած ծխախոտից։ Ես կուղարկեմ Մարյային և Ֆոմուշկային, նրանք կես ժամում կհավաքեն-կմաքրեն։ Իսկ դուք մի խանգարեք և նստեք խոհանոցում, մինչև կվերջացնեն։ Ուղարկում եմ բուխարական գորգը և երկու չինական սափոր, վաղուց էի պատրաստվում ձեզ նվիրել, և դրան գումարած իմ Տենյերը (ժամանակավոր)։ Սափորները կարելի է դնել պատուհանին, իսկ Տենյերը կախեք Գյոթեի դիմանկարից վեր, այնտեղ ավելի լավ կերևա և առավոտները միշտ լույս է ընկնում։ Եթե նա վերջապես հայտնվեց, ընդունեք նրբին բարեկրթությամբ, բայց աշխատեք խոսել աննշան բաներից, որևէ գիտական նյութից ու այնպիսի տեսքով, ասես երեկ եք բաժանվել։ Իմ մասին ոչ մի խոսք։ Գուցե երեկոյան անցնեմ ձեզ մոտ՝ տեսնելու։
 
Հ.Գ. ― Եթե այսօր էլ չեկավ, ամենևին չի գա։ Վ.Ս.»։
 
Ես կարդացի և զարմացա, որ Ստեպան Տրոֆիմովիչն այդպիսի հուզմունքի մեջ է նման փուչ բաներից։ Նրան նայելով հարցական, հանկարծ նկատեցի, որ մինչ ես կկարդայի, նա հասցրել է մշտական ճերմակ փողկապը փոխարինել կարմրով։ Նրա շլյապան և ձեռնափայտը դրված էին սեղանին։ Իսկ ինքը գունատ էր, և նույնիսկ ձեռքերն էին դողում։
 
― Իմանալ իսկ չեմ կամենում նրա հուզմունքները,― մոլեգնած բղավեց նա՝ պատասխանելով իմ հարցական հայացքին։― Je m’en fiche<ref>Ես թքել եմ դրա վրա (ֆրանս.)։</ref>։ Նա հոգի ունի՝ հուզվելու Կարմազինովի համար, իսկ իմ նամակներին չի պատասխանում։ Ահա, ահա իմ նամակը, չբացված, որը նա երեկ է ետ ուղարկել, սեղանին է, ահա, գրքի տակ, «L’homme qui rit»<ref>«Մարդը, որ ծիծաղում է» (ֆրանս.)։</ref>-ի տակ։ Իմ ինչ գործն Է, որ նա տանջվում Է Նի-կո-լեն-կայի համար։ Je m’en fiche et je procleme ma liberté. Au diable le Karmazinoff!. Au diable la Lembke!<ref>Ես թքել եմ դրա վրա, և ես հայտարարում եմ իմ ազատությունը։ Գրողի ծոցն այդ Կարմազինովը։ Գրողի ծոցն այդ Լեմբկեն (ֆրանս.)։</ref>։ Ես սափորները պահել եմ նախասենյակում, իսկ Տենյերը դրել պահարանը, իսկ նրանից պահանջել, որ անմիջապես ընդունի ինձ։ Լսում եք՝ պահանջել եմ։ Ես նրան ուղարկել եմ նույնպիսի թղթի կտոր՝ մատիտով գրված, Նաստասյայի հետ, ու սպասում եմ։ Ես ուզում եմ, որ Դարյա Իվանովնան ինքն ինձ հայտնի, իր բերանով և երկնքի առաջ, կամ ծայրահեղ դեպքում, ձեր առաջ։ Vous me seconderez, n’est ce pas, comme ami et témoin<ref>Ճիշտ է, չէ՞, դուք ինձ չեք մերժի աջակցությունը, որպես բարեկամ և վկա (ֆրանս.)։</ref>։ Ես չեմ ուզում կարմրել, ես չեմ ուզում ստել, չեմ ուզում գաղտնիքներ, այս գործում ես գաղտնիքներ թույլ չեմ տա։ Թող ամեն ինչ ինձ խոստովանեն անկեղծորեն, պարզահոգի, ազնվաբարո, և այդժամ... այդժամ ես գուցեև ամբողջ սերունդը զարմացնեմ մեծահոգությամբ... Սրիկա՞ եմ ես, ողորմած պարոն, թե՝ ոչ,― եզրափակեց նա հանկարծ՝ ահեղատեսք ինձ նայելով, կարծես հենց ես Էի իրեն սրիկա համարողը։
 
Ես նրան խնդրեցի ջուր խմել, դեռևս չէի տեսել նրան այդ տեսքով։ Ամբողջ խոսելու ընթացքում նա վազում էր սենյակի մի անկյունից մյուսը, բայց հանկարծ կանգ առավ իմ դիմաց ինչ-որ անսովոր կեցվածքով։
 
― Միթե՞ դուք կարծում եք,― սկսեց նա նորից հիվանդագին բարձրամտությամբ զննելով ինձ ոտից գլուխ,― մի՞թե կարող եք ենթադրել, որ ես՝ Ստեպան Վերխովենսկիս, իմ մեջ այնքան բարոյական ուժ չեմ գտնի, որ վերցնեմ իմ արկղը, չքավորի իմ արկղը, և դնելով իմ վտիտ ուսերին, ելնեմ դարպասից ու չքվեմ այստեղից առհավետ, երբ դա են պահանջում պատիվը և անկախության վսեմ սկզբունքը։ Ստեպան Վերխովենսկին առաջին անգամը չէ, որ ետ է մղում բռնակալությունը մեծահոգությամբ, թեկուզև խելացնոր կնոջ բռնակալությունը, այսինքն՝ ամենավիրավորական ու դաժան բռնակալությունը, որպիսին միայն կարող է գոյություն ունենալ երկրիս երեսին, թեև հիմա դուք, ողորմած իմ պարոն, ձեզ թույլ տվեցիք քթի տակ ծիծաղել իմ խոսքերի վրա։ O՜, դուք չեք հավատում, որ իմ մեջ այնքան մեծահոգություն կգտնեմ, որ ավարտել կարողանամ վաճառականի մոտ դաստիարակի իմ կյանքը կամ սովից մեռնեմ ցանկապատի տակ։ Պատասխան տվեք անմիջապես՝ հավատո՞ւմ եք դուք, թե՞ չեք հավատում։
 
Բայց ես լռեցի դիտավորյալ։ Նույնիսկ տեսք ընդունեցի, թե չեմ կամենում նրան դառնացնել բացասական պատասխանով, սակայն չեմ էլ կարող հաստատական պատասխանել։ Այդ համակ բորբոքման մեջ այնպիսի մի բան կար, որը վճռականապես վիրավորում էր ինձ, և ոչ անձնապես, օ՜ ոչ։ Բայց... ես հետո կբացատրեմ։
 
Նա նույնիսկ գունատվեց։
 
― Գուցե ձեզ համար ձանձրալի՞ է ինձ հետ, Գ.-վ (իմ ազգանունն է), և դուք կուզենայիք... ամենևի՞ն չգալ ինձ մոտ,― խոսեց նա դժգույն հանգստության այն տոնով, որը սովորաբար նախորդում է այս կամ այն արտասովոր պայթյունին։ Ես վեր թռա վախեցած, նույն պահին ներս մտավ Նաստասյան և Ստեպան Տրոֆիմովիչին լուռ պարզեց թղթի մի կտոր, որի վրա ինչ-որ բան էր գրված մատիտով։ Նա նայեց ու փոխանցեց ինձ։ Վարվառա Պետրովնայի ձեռքով թղթի պատառիկին միայն երկու բառ էր գրված. «Մնացեք տանը»։
 
Ստեպան Տրոֆիմովիչը լուռ վերցրեց շլյապան, ձեռնափայտը և արագ ելավ սենյակից։ Մեքենայաբար հետևեցի նրան։ Հանկարծ ձայներ և ինչ-որ մեկի արագ քայլերի աղմուկը լսվեցին միջանցքից։ Նա կանգնեց, ասես շանթահար։
 
― Սա Լիպուտինն է, և ես կորած եմ,― շշնջաց նա՝ բռնելով ձեռքս։
 
Նույն պահին սենյակ մտավ Լիպուտինը։
 
=== IV ===
 
Թե ինչու էր նա կորած՝ Լիպուտինի հայտնվելով, չգիտեի, նշանակություն էլ չտվեցի ասածին՝ ամեն ինչ վերագրում էի նյարդերին։ Բայց և այնպես նրա վախն անսովոր էր, ու ես վճռեցի ուշադիր հետևել։
 
Ներս մտած Լիպուտինի տեսքը սոսկ ազդարարում էր, որ այս անգամ գալու մի հատուկ իրավունք ունի, չնայած արգելումներին։ Իր ետևից բերում էր մի անծանոթ, հավանաբար եկվոր պարոնի։ Ի պատասխան արձանացած Ստեպան Տրոֆիմովիչի անիմաստ հայացքին, նա անմիջապես և բարձրաձայն բացականչեց.
 
― Հյուր եմ բերում, այն էլ՝ առանձնահատուկ։ Համարձակվում եմ խախտել առանձնությունը։ Պարոն Կիրիլլով, շատ հոյակապ ինժեներ-շինարար։ Իսկ գլխավորը, ձեր որդյակին, մեծարգո Պյոտր Ստեպանովիչին էլ ճանաչում են, շատ մոտիկից, նրանից հանձնարարություն էլ ունեն։ Հենց նոր են ժամանել։
 
― Հանձնարարության մասին ավելացրիք,― կտրուկ նշեց հյուրը,― հանձնարարություններ ամենևին չեն եղել, իսկ Վերխովենսկուն ես իսկապես ճանաչում եմ։ Սրանից տասն օր առաջ եմ թողել Խ. նահանգում։
 
Ստեպան Տրոֆիմովիչը մեքենայաբար պարզեց ձեռքը և ցույց տվեց, որ նստեն։ Նայեց ինձ, նայեց Լիպուտինին ու հանկարծ, կարծես ուշքի գալով, փութով ինքն էլ նստեց՝ բայց դեռ շլյապան ու ձեռնափայտը բռնած ու չնկատելով դա։
 
― Բա՜, դուք էլ դուրս գալու վրա էիք։ Իսկ ինձ ասել են, թե լրիվ տկարացել եք աշխատելուց։
 
― Այո, ես հիվանդ եմ, նոր ուզում էի զբոսնել, ես... ― Ստեպան Տրոֆիմովիչը դադար տվեց, արագ-արագ բազմոցին գցեց շլյապան ու ձեռնափայտը և կարմրեց։
 
Այդ ընթացքում ես շտապ զննեցի հյուրին։ Դեռևս երիտասարդ էր, քսանյոթ տարեկան կլիներ, վայելուչ հագնված, բարեկազմ և չորչորուկ սևահեր մի տղամարդ՝ դալուկ, փոքր-ինչ կեղտագույն երանգի դեմքով ու սև, անփայլ աչքերով։ Նա թեթևակի մտազբաղ ու ցրված էր երևում, խոսում էր ընդհատ-ընդհատ ու մի տեսակ ոչ քերականական, տարօրինակ եղանակով փոխում էր բառերի տեղը և խճճվում, եթե ստիպված էր ավելի երկար նախադասություն կազմել։ Լիպուտինը շատ լավ նկատեց Ստեպան Տրոֆիմովիչի արտակարգ երկյուղը և նկատելիորեն գոհ էր դրանից։ Նա նստեց ճղահյուս աթոռին, որը դրեց համարյա սենյակի կենտրոնում, տանտիրոջ և հյուրի միջև նույն հեռավորության վրա լինելու համար, իսկ նրանք իրար դիմաց դրված բազկաթոռներին էին տեղավորվել։ Նրա սուրուլիկ աչքերը հետաքրքրությամբ պրպտում էին բոլոր անկյունները։
 
― Ես... արդեն վաղուց չեմ տեսել Պետրուշային... Դուք արտասահմանո՞ւմ եք հանդիպել,― մի կերպ մրթմրթաց Տրոֆիմովիչը հյուրին։
 
― Այստեղ էլ, արտասահմանում էլ։
 
― Ալեքսեյ Նիլըյչն էլ նոր են եկել արտասահմանից, չորս տարվա բացակայությունից հետո,― մեջ մտավ Լիպուտինը,― գնացել էին իրենց մասնագիտությամբ կատարելագործվելու, ու մեզ մոտ են եկել, հիմք ունենալով հուսալ, որ տեղ կստանան մեր երկաթուղային կամրջի շինարարության վրա ու հիմա պատասխանի են սպասում։ Պարոնայք Դրոզդովների, Լիզավետա Նիկոլաևնայի հետ ծանոթ են Պյոտր Ստեպանովիչի միջոցով։
 
Ինժեները նստած էր, կարծես թե թթված, և ունկնդրում էր անհարմար անհամբերությամբ։ Ինձ թվաց, թե բարկացած է ինչ-որ բանի վրա։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչին էլ են ծանոթ։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչին նույնպե՞ս ճանաչում եք,― հարցրեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Դրան էլ եմ ճանաչում։
 
― Ես... շատ վաղուց արդեն չեմ տեսել Պետրուշային և... այնպե՜ս քիչ եմ իրավունք համարում ինձ հայր կոչել... c’est le mot<ref>հենց այդպես (ֆրանս.)։</ref>, ես... ինչպե՞ս էր նա, երբ բաժանվեցիք։
 
― Այդպես էլ բաժանվել ենք... ինքը կգա,― նորից շտապեց օձիքն ազատել պարոն Կիրիլլովը։ Հաստատապես բարկանում էր։
 
― Կգա։ Վերջապես ես... գիտեք ինչ, ես շատ վաղուց արդեն չեմ տեսել Պետրուշային,― այս դարձվածքի վրա լռվել էր Ստեպան Տրոֆիմովիչը։― Հիմա սպասում եմ իմ խեղճ զավակին, որի առաջ... օ՜, որի առաջ այնքան մեղավոր եմ։ Այսինքն, ես, ճիշտն ասած, ուզում եմ ասել, որ այն ժամանակ նրան թողնելով Պետերբուրգում, ես... մի խոսքով, ես նրան ոչինչ էի համարում, quelque chose dans ce genre<ref>նման մի բան (ֆրանս.)։</ref>։ Նյարդային տղա է, գիտեք, շատ զգայուն և... երկչոտ։ Քնելու պառկելիս, գետնահաս խոնարհումներ էր անում և խաչակնքում բարձը, որ գիշերը չմեռնի... je m’en souviens. Enfin<ref>ես դա հիշում եմ։ Վերջապես (ֆրանս.)։</ref>, ոչ մի գեղեցիկ զգացողության նշույլ, այսինքն՝ որևիցե վսեմ, հիմնական, ապագա գաղափարի որևէ մի սաղմի բացակայություն... c’etait comme un petit idiot<ref>նա նման էր մի փոքր ապուշի (ֆրանս.)։</ref>։ Ի դեպ, ինքս էլ կարծես թե խճճվեցի, ներեցեք, ես... դուք ինձ հանդիպել եք...
 
― Դուք լո՞ւրջ եք ասում, որ նա բարձը խաչակնքում էր,― առանձնահատուկ հետաքրքրությամբ հանկարծ հարցրեց ինժեները։
 
― Այո, խաչակնքում էր...
 
― Չէ, հենց այնպես հարցրի, շարունակեք։
 
Ստեպան Տրոֆիմովիչը հարցական նայեց Լիպուտինին։
 
― Ես շատ շնորհակալ եմ ձեր այցելության համար, բայց խոստովանում եմ, ես հիմա... ի վիճակի չեմ... Այնուամենայնիվ, թույլ տվեք հարցնել, որտե՞ղ եք բնակարան վարձել։
 
― Բոգոյավլենսկայա փողոց, Ֆիլիպպովի տանը։
 
― Ահ, այնտեղ, ուր Շատովն է ապրում,― ակամա նկատեցի ես։
 
― Հենց այդպես, նույն այդ տանը,― բացականչեց Լիպուտինը,― միայն թե Շատովը վերևում է վարձել՝ կիսավերնահարկում, իսկ նրանք ներքևում են՝ կապիտան Լեբյադկինի մոտ։ Շատովին էլ են ճանաչում, Շատովի տիկնոջն էլ։ Շատ մոտիկից են արտասահմանում հանդիպել։
 
― Comment<ref>ինչպես (ֆրանս.)։</ref>. Միթե՞ որևէ բան գիտեք de ce pauvre ami<ref>այդ խեղճ ընկերոջ (ֆրանս.)։</ref> այդ դժբախտ ամուսնության և այդ կնոջ մասին,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ հանկարծակի համակված զգացմունքով։― Առաջին մարդն եմ հանդիպում, որ գիտե, և եթե միայն...
 
― Ինչ դատարկ բան,― ընդհատեց ինժեները՝ ամբողջովին բռնկվելով։― Լիպուտին, ինչե՜ր եք ավելացնում։ Ես ամենևին չեմ տեսել Շատովի կնոջը, միայն մի անգամ հեռվից, բոլորովին էլ ոչ մոտիկից... Շատովին գիտեմ։ Ինչի՞ համար եք զանազան բաներ ավելացնում։
 
Նա կտրուկ շուռ եկավ բազմոցին, ձեռքն առավ շլյապան, հետո նորից նստելով առաջվա պես, մի տեսակ մարտահրավերով, իր սև ու բոցկլտացող աչքերը հառեց Ստեպան Տրոֆիմովիչի վրա։ Ոչ մի կերպ չէի կարող հասկանալ նման տարօրինակ բորբոքվածությունը։
 
― Ինձ կներեք,― ազդու նշեց Ստեպան Տրոֆիմովիչը,― հասկանում եմ, որ այդ գործը կարող է լինել նրբագույն...
 
― Ոչ մի նրբագույն գործ չկա ու ամոթ է նույնիսկ, ես էլ «դատարկ բան» բղավեցի ձեզ չէ, այլ Լիպուտինին, թե ինչու է բաներ ավելացնում։ Կներեք ինձ, եթե ձեզ վրա եք վերցրել։ Շատովին ես ճանաչում եմ, իսկ նրա կնոջը բոլորովին չեմ ճանաչում։
 
― Ես հասկացա, հասկացա, ու եթե պնդեցի, սոսկ այն պատճառով, որ շատ եմ սիրում մեր խեղճ ընկերոջը, notre irascible ami<ref>մեր դյուրաբորբոք ընկերոջը (ֆրանս.)։</ref>, ու միշտ հետաքրքրվել եմ... Իմ կարծիքով, այդ մարդը շատ կտրուկ է փոխել իր նախկին, գուցեև չափից ավելի երիտասարդ, բայց և այնպես ճշգրիտ մտքերը։ Եվ հիմա այնքան է տարբեր բաներ գոռում notre sainte Russie<ref>մեր սրբազան Ռուսաստանի (ֆրանս.)։</ref> մասին, որ վաղուց արդեն այդ բեկումը նրա օրգանիզմում՝ այլ կերպ ասել չեմ ուզում, վերագրում եմ ընտանեկան մի որևէ սաստիկ ցնցման և հենց նրա անհաջող ամուսնությանը։ Ես, որ ուսումնասիրել եմ իմ խեղճ Ռուսաստանը երկու մատիս պես, իսկ ռուս ժողովրդին տվել իմ ամբողջ կյանքը, կարող եմ ձեզ հավատացնել, որ նա ռուս ժողովրդին չի ճանաչում, և ավելին...
 
― Ես էլ ամենևին չեմ ճանաչում ռուս ժողովրդին և... բոլորովին ժամանակ չունեմ ուսումնասիրել,― կրկին ընդհատեց ինժեները և նորից կտրուկ շրջվեց բազմոցի վրա։ Ստեպան Տրոֆիմովիչի խոսքը կիսատ մնաց բերանում։
 
― Նրանք ուսումնասիրում են, ուսումնասիրում են,― մեջ ընկավ Լիպուտինը,― նրանք արդեն սկսել են ուսումնասիրությունը և հետաքրքրագույն հոդված են կազմում Ռուսաստանում հաճախակի դարձած ինքնասպանությունների պատճառների և ընդհանրապես պատճառների մասին, որոնք հաճախակի են դարձնում կամ կասեցնում ինքնասպանության տարածումը հասարակության մեջ։ Հասել են զարմանալի արդյունքների։
 
Ինժեները սարսափելի հուզվեց։
 
― Այդ մեկը բոլորովին իրավունք չունեք,― զայրագին մրթմրթաց նա,― ես ամենևին չեմ գրում հոդված։ Հիմարություններ անող չեմ։ Ես ձեզնից գաղտնի հարցրեցի, շատ պատահական։ Դա բոլորովին հոդված չէ, իսկ իրավունք դուք չունեք...
 
Լիպուտինն ակնհայտորեն վայելում էր։
 
― Կներեք, գուցեև սխալվեցի՝ ձեր գրական աշխատությունը հոդված կոչելով։ Միայն դիտարկումներ են հավաքում նրանք, իսկ հարցի էությանը, կամ այսպես ասած, դրա բարոյական կողմին չեն անդրադառնում և նույնիսկ բուն բարոյականությունն են ժխտում բոլորովին, այլ կողմնակից են համընդհանուր կործանման նորագույն սկզբունքին, վերջնական բարի նպատակների համար։ Նրանք ավելի քան հարյուր միլիոն գլուխ են պահանջում՝ Եվրոպայում ողջամտություն հաստատելու համար, ավելին, քան խաղաղության վերջին կոնգրեսին են պահանջել։ Այդ իմաստով Ալեքսեյ Նիլըյչն ամենից հեռուն են գնացել։
 
Ինժեները լսում էր արհամարհական և դժգույն ժպիտով։ Կես րոպեի չափ բոլորը լուռ էին։
 
― Այդ ամենը հիմարություն է, Լիպուտին,― վերջապես խոսեց պարոն Կիրիլլովը՝ որոշ արժանապատվությամբ։― Եթե ես պատահական ասել եմ ձեզ մի քանի կետեր, իսկ դուք վերցրել եք, ապա ինչպես կուզեք։ Բայց դուք իրավունք չունեք, որովհետև ես երբեք ոչ մեկի չեմ ասում։ Ես արհամարհում եմ, որպեսզի ասեմ... Եթե կան համոզմունքներ, ապա ինձ համար պարզ է... իսկ դա հիմարություն արեցիք։ Ես չեմ դատում այն կետերի մասին, ուր լրիվ վերջացած է։ Ես տանել չեմ կարողանում դատել։ Ես երբեք չեմ ուզում դատողություններ...
 
― Եվ գուցե թե հիանալի եք անում,― չհամբերեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Ես ներողություն եմ խնդրում ձեզ, բայց այստեղ ես ոչ մեկի վրա չեմ բարկանում,― շարունակեց հյուրը՝ տաքացած շուտասելուկով,― ես չորս տարի տեսել եմ քիչ մարդ... Ես քիչ եմ չորս տարի խոսել և աշխատել եմ չհանդիպել, իմ նպատակների համար, որոնց հետ գործ չունենք, չորս տարի։ Լիպուտինը դա գտել է և ծիծաղում է։ Ես հասկանում եմ և չեմ նայում։ Ես նեղացկոտ չեմ, այլ միայն բարկացած նրա ազատության վրա։ Իսկ եթե ձեզ հետ չեմ շարադրում մտքեր,― ավարտեց նա անսպասելի և բոլորիս վրայով սահեցրեց իր հաստատակամ հայացքը,― ապա ամենևին նրանից չէ, որ վախենում եմ ձեզնից մատնություն կառավարությանը, դա չէ, խնդրեմ, մի մտածեք դատարկ բաներ այդ իմաստով...
 
Այդ խոսքին արդեն ոչ ոք ոչինչ չպատասխանեց, այլ միայն հայացքներ փոխանակեցին։ Նույնիսկ Լիպուտինը մոռացավ խնդմնդալ։
 
― Պարոնայք, շատ եմ ափսոսում,― բազմոցից վճռականորեն ելավ Ստեպան Տրիֆիմովիչը,― բայց ես ինձ վատառողջ եմ զգում և անտրամադիր։ Ներեցեք։
 
― Ահ, սա որպեսզի գնանք,― գլխի ընկավ պարոն Կիրիլլովը՝ վերցնելով գլխարկը,― դա լավ է, որ ասացիք, թե չէ մոռացկոտ եմ։
 
Նա վեր կացավ և պարզսիրտ տեսքով, ձեռքը պարզած մոտեցավ Ստեպան Տրոֆիմովիչին։
 
― Ափսոս, որ դուք վատառողջ եք, իսկ ես եկա։
 
― Ցանկանում եմ ձեզ ամենայն հաջողություն մեզ մոտ, ― պատասխանեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ բարյացակամ և անշտապ սեղմելով նրա ձեռքը։― Հասկանում եմ, որ եթե, ըստ ձեր ասածի, այդքան երկար ապրել եք արտասահմանում, ձեր նպատակների համար խորթանալով մարդկանցից և մոռացել եք Ռուսաստանը, ապա, հարկավ, մեզ՝ բնիկ ու արմատական ռուսներիս, ակամա պիտի նայեք զարմանքով, իսկ մենք էլ նույնանման՝ ձեզ։ Mais cela passera<ref>Սակայն դա կանցնի (ֆրանս.)։</ref>։ Մի հարցում եմ դժվարանում, դուք ուզում եք կառուցել մեր կամուրջն ու միաժամանակ հայտարարում, թե կողմնակից եք համընդհանուր ավերածության։ Ձեզ չեն թողնի կառուցել մեր կամուրջը։
 
― Ինչպե՞ս։ Ինչպես դա ասացիք... ահ, գրողը տանի,― բացականչեց ապշահար Կիրիլլովը և հանկարծ ծիծաղեց շատ ուրախ ու անկեղծ։ Մի ակնթարթ նրա դեմքն ընդունեց անչափ մանկական արտահայտություն, և ինձ թվաց, դա շատ է սազում նրան։ Լիպուտինը ձեռքերն էր շփում՝ հիացած Ստեպան Տրոֆիմովիչի հաջող խոսքից։ Իսկ ես ներքուստ զարմացած էի. ինչու Ստեպան Տրոֆիմովիչն այնպես վախեցավ Լիպուտինից և ինչու բղավեց «ես կորա»՝ լսելով նրա ձայնը։
 
=== V ===
 
Մենք դեռ կանգնած էինք դռան շեմին։ Այն պահն էր, երբ տանտերը և հյուրերը շտապ-շտապ փոխանակում են վերջին և ամենասիրալիր բառերը, հետո բարեհոգաբար բաժանվում։
 
― Նրանք այսօր այն պատճառով են այսպես մռայլ,― սենյակից արդեն լրիվ դուրս եկած, այսպես ասած՝ թռուցիկ, հանկարծ խոսքի մեջ խցկվեց Լիպուտինը,― որ կապիտան Լերյադկինի հետ երեկ ընդհարվել են քրոջ պատճառով։ Կապիտան Լեբյադկինն ամեն օր իր գեղեցկուհի, խանգարված քրոջը մտրակով թակում է, իսկական կազակական մտրակով, առավոտ և երեկո։ Այդպես, Ալեքսեյ Նիլըյչն այդ տան նույնիսկ կողաշենքն են վարձել, չմասնակցելու համար։ Դե-հ, ցտեսություն։
 
― Քրո՞ջը։ Հիվա՞նդ։ Մտրակո՞վ,― ուղղակի ճչաց Ստեպան Տրոֆիմովիչը, ճիշտ կարծես հենց նոր իրեն մտրակեցին։― Ի՞նչ քույր։ Ի՞նչ Լեբյադկին։
 
Քիչ առաջվա երկյուղը ետ եկավ մի ակնթարթում։
 
― Լեբյադկի՞նը։ Ա՜, դա պաշտոնաթող կապիտան է, առաջ իրեն սոսկ շտաբս-կապիտան էր կոչում։
 
― Է, ինչ գործ ունեմ կոչման հետ։ Ի՞նչ քրոջ։ Աստված իմ... դուք ասում եք՝ Լեբյադկին։ Բայց չէ որ մենք ունեցել ենք Լեբյադկին...
 
― Հենց նա է որ կա, մեր Լեբյադկինը, ահա, հիշո՞ւմ եք Վիրգինսկու մոտ։
 
― Բայց չէ՞ որ նա բռնվեց կեղծ թղթերով։
 
― Ահա և ետ է եկել, համարյա երեք շաբաթ կլինի, և ամենաառանձնահատուկ հանգամանքներում։
 
― Բայց չէ որ դա սրիկա է։
 
― Կարծես թե մեզ մոտ չի՞ կարող սրիկա լինել,― հանկարծ ատամները մերկացրեց Լիպուտինը՝ կարծես իր գողավուն աչքերով շոշափելով Ստեպան Տրոֆիմովիչին։
 
― Ահ, Աստված իմ, ես լրիվ ուրիշ բան էի ուզում ասել... թեև, իմիջիայլոց, սրիկայի կապակցությամբ ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, հենց ձեզ հետ։ Բայց հետո՞ ինչ, հետո՞։ Ի՞նչ էիք ուզում դրանով ասել... Չէ որ դուք անպայման ուզում էիք մի բան ասել դրանով։
 
― Դատարկ բաներ են այդ բոլորը... այսինքն, այդ կապիտանն այն ժամանակ մեզնից հեռացել է, ամենայն հավանականությամբ, ոչ կեղծ թղթերի համար, այլ միայն այդ քրոջը որոնել-գտնելու համար, քույրն էլ իբր թաքնված է եղել անհայտ մի տեղում, հիմա ահա բերել է, սա է ամբողջ պատմությունը։ Ինչի՞ց այդպես վախեցաք կարծես, Ստեպան Տրոֆիմովիչ։ Իմիջիայլոց, ամեն բան ասում եմ հենց նրա հարբած խոսքերից, իսկ լուրջ ժամանակ ինքն էլ է լռում դրա մասին։ Դյուրաբորբոք մարդ է և, այսպես ասենք, ռազմագեղագիտական, միայն թե ցածրաճաշակ։ Իսկ այդ քույրիկը ոչ միայն խելագար է, այլև նույնիսկ կաղ։ Իբր ինչ-որ մեկից գայթակղվել ու պատիվը կորցրել է, և ահա դրա համար պարոն Լեբյադկինն արդեն քանի-քանի տարի, իբր այդ գայթակղեցնողից ամենամյա տուրք է վերցնում, որպես հատուցում ազնիվ վիրավորանքի, համենայն դեպս, այդպես է դուրս գալիս նրա ասածներից, իսկ իմ կարծիքով, հարբած խոսքեր են սոսկ։ Ուղղակի գլուխ է գովում։ Ու շատ ավելի էժան է դա արվում։ Իսկ որ գումարներ ունի, դա արդեն միանգամայն ճիշտ է։ Մեկուկես շաբաթ առաջ ոտաբոբիկ էր ման գալիս, իսկ հիմա, ինքս եմ տեսել, հարյուրանոցներ կան ձեռքին։ Քույրիկն ինչ-որ նոպաներ է ունենում ամեն օր, նա ճղճղում է, իսկ եղբայրը «կարգի է գցում» մտրակով։ Կնոջ մեջ, ասում է, հարգանք պիտի ներարկես։ Չեմ հասկանում, թե Շատովն ինչպես է կարողանում ապրել նրանց վերևում։ Ալեքսեյ Նիլըյչը միայն երեք օր մնացին նրանց կողքին, դեռ Պետերբուրգից էին ծանոթ, իսկ հիմա կողաշենքն են զբաղեցնում անհանգստությունից։
 
― Այս ամենը ճի՞շտ է,― ինժեներին դիմեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Դուք շատ եք դուրս տալիս, Լիպուտին,― մրթմրթաց նա զայրացած։
 
― Գաղտնիքնե՜ր, ծածուկ բանե՜ր։ Որտեղի՞ց հանկարծ մեզ մոտ այդքան գաղտնիք ու ծածուկ բաներ հայտնվեցին,― չզսպելով իրեն՝ գոչեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
Ինժեները խոժոռվեց, կարմրատակեց, ուսերը ցնցեց և ուզում էր դուրս գալ սենյակից։
 
― Ալեքսեյ Նիլըյչը նույնիսկ մտրակը խլեցին, կոտրեցին և պատուհանից շպրտեցին, և շատ վիճեցին,― ավելացրեց Լիպուտինը։
 
― Ինչի՞ համար եք շատախոսում, Լիպուտին, դա հիմարություն է, ինչի՞ համար,― ակնթարթորեն շրջվեց Ալեքսեյ Նիլըյչը նորից։
 
― Իսկ ինչու պիտի թաքցնել հոգու ազնվագույն թրթիռները՝ համեստությունից, այսինքն, ձեր հոգու, ես իմ մասին չեմ ասում։
 
― Ի՜նչ հիմարություն... և բոլորովին պետք չէ... Լեբյադկինը հիմար է ու բացարձակապես դատարկ, և գործողության համար անօգտակար և... բացարձակապես վնասակար։ Ինչո՞ւ եք զանազան բաներ դուրս տալիս։ Ես գնացի։
 
― Ա՛հ, ինչքան ափսոս,― բացականչեց Լիպուտինը՝ վճիտ ժպիտով։― Թե չէ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ մի զվարճալի պատմությամբ էլ կուրախացնեի։ Անգամ այդ մտադրությամբ էլ եկել եմ, որ հայտնեմ, թեև հաստատ ինքներդ էլ լսած կլինեք, իմիջիայլոց։ Էհ, մեկ ուրիշ անգամ, Ալեքսեյ Նիլըյչն այնպես են շտապում... Ցտեսություն։ Վարվառա Պետրովնայի հետ կապված պատմություն է, երեք օր առաջ զվարճացրեց նա ինձ, մարդ էր ուղարկել՝ կանչելու, ուղղակի ծիծաղից մեռնես։ Ցը-տեսություն։
 
Բայց այստեղ արդեն Ստեպան Տրոֆիմովիչը կառչեց նրանից, բռնեց ուսերից, կտրուկ ետ դարձրեց սենյակ ու նստեցրեց աթոռին։ Լիպուտինը նույնիսկ վախեցավ։
 
― Հապա ի՞նչ, ― սկսեց ինքը՝ իր աթոռի վրայից զգուշորեն նայելով Ստեպան Տրոֆիմովիչին։― Հանկարծ կանչեցին ինձ ու հարցնում են «կոնֆիդենցիալ», ի՞նչ եմ մտածում սեփական կարծիքով. Նիկոլայ Վսեվոլոդովիչը խանգարվա՞ծ է, թե խելքը գլխին է։ Զարմանալի չէ, ի՞նչ է։
 
― Դուք ցնդել եք,― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը և հանկարծ կարծես ելավ իր ափերից.― Լիպուտին, դուք շատ լավ գիտեք, որ հենց նրա համար եք եկել, որ այդ կարգի մի նողկանք հայտնեք և... ավելի վատ ուրիշ բան։
 
Վայրկենապես միտքս եկավ նրա կռահումն առ այն, թե Լիպուտինը մեր գործում ոչ միայն մեզնից ավելին գիտե, այլ նաև այնպիսի մի բան, ինչ ինքներս չենք իմանա երբեք։
 
― Աստված սիրեք, Ստեպան Տրոֆիմովիչ,― մրմնջում էր Լիպուտինը՝ իբր սաստիկ վախեցած,― ի սեր Աստծո...
 
― Լռեք և սկսեք։ Պարոն Կիրիլլով, ես ձեզ շատ եմ խնդրում, նույնպես ետ եկեք և ներկա գտնվեք, շատ եմ խնդրում։ Նստեք։ Լիպուտին, իսկ դուք սկսեք ուղղակի, պարզ... և առանց նվազագույն պատրվակների։
 
― Եթե միայն իմանայի, որ դա ձեզ այդպես շշմեցնելու է, ամենևին էլ չէի սկսի... Իսկ ես կարծում էի, որ ձեզ արդեն ամեն ինչ հայտնի է հենց իրենից՝ Վարվառա Պետրովնայից։
 
― Բոլորովին էլ չէիք կարծում։ Սկսեք, սկսեք, ասում են ձեզ։
 
― Սիայն թե բարի եղեք, ինքներդ էլ նստեք, թե չէ, ես պիտի նստեմ այսպես, իսկ դուք այդչափ հուզված իմ առաջ պիտի... վազվզեք։ Անհարմար բան կստացվի։
 
Ստեպան Տրոֆիմովիչը զսպեց իրեն և ազդեցիկ տեսքով իջավ բազկաթոռին։ Ինժեները՝ մթնգած, հայացքը ցած հառեց։ Լիպուտինը մոլեգին վայելումով նրանց էր նայում։
 
― Իսկ ինչից սկսեմ... այնպես շփոթեցրիք...
 
=== VI ===
 
― Երեք օր առաջ հանկարծ մարդ ուղարկեցին ինձ մոտ. իբր, խնդրում են վաղը, ժամը տասներկուսին այնտեղ լինել։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Գործս թողեցի և երեկ, ճիշտ կեսօրին, զանգը խփեցի։ Ինձ տարան ուղիղ հյուրասենյակ։ Մի րոպեի չափ սպասեցի, եկան, նստեցրին, իրենք էլ դիմացս նստեցին։ Նստել ու չեմ ուզում հավատալ, ինքներդ գիտեք, թե նա ինչպես է միշտ արհամարհել ինձ։ Սկսեցին ուղղակի առանց այլևայլի, իրենց մշտական ձևով. «Դուք հիշում եք, ասաց, որ չորս տարի առաջ, Նիկոլայ Վսեվոլոդովիչը, լինելով հիվանդ վիճակում, մի քանի տարօրինակ արարքներ թույլ տվեց, այնպես որ ամբողջ քաղաքը երկմտանքի մեջ էր, մինչև ամեն ինչ բացատրվեց։ Այդ արարքներից մեկը վերաբերում էր անձամբ ձեզ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ եկավ ձեզ մոտ, ապաքինվելուց հետո՝ իմ խնդրանքով նույնպես։ Ինձ հայտնի է նաև, որ նա նախկինում էլ է ձեզ հետ խոսել մի քանի անգամ։ Ասացեք անկեղծորեն և ուղղամտորեն, ինչպես եք դուք... (այստեղ մի քիչ կմկմացին) ինչպե՞ս էիք գտնում այն ժամանակ Նիկոլայ Վսեվոլոդովիչին... ինչպե՞ս էիք նրան նայում ընդհանրապես... ի՞նչ կարծիք կարող էիք նրա մասին կազմել և... հիմա ունեք»։
 
Այստեղ արդեն լրիվ կմկմացին, այնպես որ նույնիսկ մի լրիվ րոպե սպասեցին ու հանկարծ կարմրեցին։ Ես վախեցա։ Նորից սկսեցին ոչ թե հուզիչ ասենք, դա նրանց չի սազի, այլ մի շատ ազդեցիկ տոնով.
 
«Ես ցանկանում եմ, ասաց, որ դուք ինձ լավ և անսխալ, ասաց, հասկանաք։ Ես ձեզ կանչել եմ հիմա, որովհետև գիտեմ ձեզ որպես խորաթափանց և սրամիտ մարդու՝ ի վիճակի կատարելու ճիշտ դիտարկում (ի՜նչ հաճոյախոսություններ)։
 
― Անշուշտ, դուք կհասկանաք, ասաց,― և այն, որ ձեզ հետ մայր է խոսում... Նիկոլայ Վսեվոլոդովիչը կյանքում կրել է մի քանի դժբախտություն և բազմաթիվ կտրուկ փոփոխություններ։ Այդ ամենը,― ասում է,― կարող էր ազդել նրա խելքի վիճակի վրա։ Անշուշտ,― ասում է,― ես չեմ խոսում խելագարության մասին, դա երբեք չի կարող լինել (ասվեց հաստատուն և հպարտորեն)։ Բայց կարող էր լինել արտառոց, առանձնահատուկ մի բան, մտքերի որոշ շրջվածք, հակվածություն ինչ-որ հատուկ հայեցակետի (այս բոլորը ստույգ նրա բառերն են, ու ես զարմացա, Ստեպան Տրոֆիմովիչ, թե ինչպիսի ճշգրտությամբ կարող է Վարվառա Պետրովնան բացատրել բանը։ Բարձր մտքի տեր կին է)։ Համենայն դեպս,― ասաց,― ինքս եմ նրա մեջ նկատել որոշ կայուն անհանգստություն և ձգտում առանձնահատուկ հակումների։ Բայց ես մայր եմ, իսկ դուք՝ կողմնակի մարդ, նշանակում է, ի վիճակի եք, ձեր խելքով հանդերձ, առավել անկախ կարծիք կազմել։ Աղաչում եմ ձեզ, վերջապես (այդպես էլ ասվեց՝ աղաչում եմ) ինձ ասել ամբողջ ճշմարտությունը, առանց ամեն կարգի խեղումների, և եթե դուք նաև խոստանաք ինձ հետագայում երբեք չմոռանալ, որ ձեզ հետ ես կոնֆիդենցիալ եմ խոսել, կարող եք ակնկալել իմ կատարյալ և այսուհետև մշտական պատրաստակամությունը երախտապարտ լինել ձեզ յուրաքանչյուր հնարավորության դեպքում»։ Դե-հ, ինչ կասեք։
 
― Դուք... դուք ինձ այնպես շշկլացրիք...― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը,― որ ես ձեզ չեմ հավատում...
 
― Չէ, նկատի առեք, նկատի առեք,― շարունակեց Լիպուտինը, կարծես չէր լսել Ստեպան Տրոֆիմովիչին,― ինչպիսի՜ հուզմունք և անհանգստություն պիտի ապրել, երբ նման հարցով այդպիսի բարձունքից դիմում են այնպիսի մարդկանց, ինչպիսին ես եմ, դեռ չհաշված իջնելն այնքան, որ իրենք խնդրեցին գաղտնի պահել։ Սա ի՞նչ բան է։ Հո որևէ անսպասելի տեղեկություն չե՞ն ստացել Նիկոլայ Վսեվոլոդովիչի մասին։
 
― Ես չգիտեմ... ոչ մի լուր... մի քանի օր չեմ տեսնվել, բայց... բայց կասեմ ձեզ...― քրթմնջում էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ ըստ երևույթին, դժվարությամբ կարգի բերելով մտքերը,― բայց ձեզ կասեմ, Լիպուտին, որ եթե ձեզ ասվել է կոնֆիդենցիալ, իսկ դուք հիմա բոլորի ներկայությամբ...
 
― Միանգամայն կոնֆիդենցիալ։ Թող Աստված պատժի ինձ, եթե ես... Իսկ եթե այստեղ... ի՞նչ կա, ուրեմն։ Մի՞թե մենք օտար ենք, վերցնենք թեկուզ Ալեքսեյ Նիլըյչին։
 
― Այդպիսի մտահանգման ես համաձայն չեմ։ Անկասկած, մենք երեքս այստեղ կպահենք գաղտնիքը, բայց ձեզնից՝ չորրորդից, վախենում եմ և չեմ հավատում ձեր մի հատիկ խոսքին։
 
― Ինչե՜ր եք ասում։ Ես բոլորից շատ եմ շահագրգռված, չէ որ ինձ հավերժ երախտագիտություն է խոստացված։ Իսկ ահա, ես հենց ուզում էի, այս նույն առիթով, մատնացույց անել չափազանց տարօրինակ մի դեպք, ավելի այսպես ասած հոգեբանական, քան պարզապես տարօրինակ։ Երեկ երեկոյան, Վարվառա Պետրովնայի հետ խոսակցության ազդեցության տակ (ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչ ազդեցություն է գործել ինձ վրա), ես դիմեցի Ալեքսեյ Նիլըյչին՝ մի հեռավոր հարցով, դուք, ասացի, թե արտասահմանում, թե Պետերբուրգում նախկինում դեռ ճանաչել եք Նիկոլայ Վսեվոլոդովիչին, ինչպե՞ս եք գնահատում նրան, ասացի, խելքի և ընդունակությունների տեսակետից։ Նրանք էլ պատասխանեցին կարճ, իրենց ձևով, որ, ուրեմն, նուրբ խելքի և առողջ դատողության տեր մարդ է, ասացին։ Իսկ տարիների ընթացքում, ասացի, չե՞ք նկատել, ասացի, մի տեսակ գաղափարների շեղում, կամ մտքերի հատուկ շրջվածք, կամ որոշ չափով, ասացի, կարծես թե, այսպես ասած, խանգարո՞ւմ։ Մի խոսքով, կրկնում են հենց Վարվառա Պետրովնայի հարցը։ Եվ պատկերացրեք. Ալեքսեյ Նիլըյչը հանկարծ մտքերի մեջ ընկան, դեմքը կնճռոտեցին ճիշտ այնպես, ինչպես հիմա. «Այո, ասացին, ինձ երբեմն թվացել է տարօրինակ մի բան»։ Ըստ որում, նկատի առեք, որ եթե արդեն Ալեքսեյ Նիլըյչին կարող էր ինչ-որ տարօրինակ բան թվալ, ապա ի՞նչ կարող էր դա լինել իրականում, հը՞։
 
― Դա ճի՞շտ է,― դիմեց Ստեպան Տրոֆիմովիչը Ալեքսեյ Նիլըյչին։
 
― Կցանկանայի չխոսել այդ մասին,― պատասխանեց Ալեքսեյ Նիլըյչը՝ հանկարծ բարձրացնելով գլուխը և աչքերը շողացնելով,― ես ուզում եմ վիճարկել ձեր իրավունքը, Լիպուտին։ Դուք ոչ մի իրավունք չունեք տվյալ դեպքում իմ առնչությամբ։ Ես ամենևին չեմ ասել իմ ամբողջ կարծիքը։ Ես թեև ծանոթ եմ եղել Պետերբուրգում, բայց դա վաղուց, իսկ հիմա թեկուզև հանդիպել եմ, բայց շատ քիչ եմ ճանաչում Նիկոլայ Ստավրոգինին։ Խնդրում եմ ձեզ ինձ հեռու պահել և... և այս ամենը նման է բամբասանքի։
 
Լիպուտինը տարածեց ձեռքերը՝ ճնշված անմեղության տեսքով։
 
― Բամբասող։ Չլինի՞, լրտես էլ։ Ձեզ համար լավ է, Ալեքսեյ Նիլըյչ, քննադատել, երբ ամեն ինչից ձեզ հեռու եք պահում։ Իսկ ահա դուք, Ստեպան Տրոֆիմովիչ, չեք հավատա, թե թվում է, ի՞նչ կապ ունի կապիտան Լեբյադկինը, չէ որ կարծես թե հիմար է, ինչպես... այսինքն, միայն ամոթ է ասել, թե ինչքան է հիմար, այդպիսի մի ռուսական համեմատություն կա, որ չափն է նշանակում, բայց չէ որ նա էլ է իրեն վիրավորված համարում Նիկոլայ Վսեվոլոդովիչից, թեև խոնարհվում է նրա սրամտության առաջ. «Ապշած եմ, ասում է այդ մարդուց՝ իմաստուն օձ է» (սեփական բառերն են)։ Ես էլ նրան, թե (դարձյալ այդ նույն երեկվա տպավորության տակ և արդեն Ալեքսեյ Նիլըյչի հետ խոսակցությունից հետո), իսկ ի՞նչ է, կապիտան, ի՞նչ եք կարծում ձեր կողմից, խելագարվա՞ծ է ձեր իմաստուն օձը, թե՝ ոչ։ Ուրեմն, կհավատաք արդյոք, ճիշտ կարծես ետևից մտրակահարեցին հանկարծ նրան, առանց իր թույլտվության, ուղղակի վեր թռավ տեղից. «Այո, ասաց... այո, ասաց, միայն թե, ասաց, դա չի կարող ազդեցություն ունենալ...», թե ինչ ազդեցություն, չվերջացրեց։ Հետո այնպես դառնագին մտքերի մեջ ընկավ, այնպես ընկավ մտքերի մեջ, որ խումհարն էլ անցավ։ Ֆիլիպպովի պանդոկում էինք նստած։ Ու համարյա կես ժամ անց, հանկարծ բռունցքով խփեց սեղանին. «Հա, ասաց, գուցեև խելագարված է, միայն թե դա չի կարող ազդեցություն ունենալ...» և նորից չվերջացրեց, թե ինչի վրա։ Անշուշտ, ես ձեզ միայն խոսակցության թանձրուկն եմ հայտնում, բայց չէ որ միտքը հասկանալի է, ում էլ հարցնես, բոլորի մտքով անցնում է, թեև նախքան այդ ոչ մեկի մտքով չի անցել. «Հա, ասում են, խելագարված է, շատ խելոք է, բայց գուցեև խելագարված է»։
 
Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր մտազբաղ և լարված մտորում էր։
 
― Իսկ Լեբյադկի՞նն ինչու գիտե։
 
― Իսկ այդ մասին չե՞ք հաճի հարցնել Ալեքսեյ Նիլըյչից, որն այստեղ հիմա ինձ լրտես անվանեց։ Ես լրտեսն եմ, ու չգիտեմ, իսկ Ալեքսեյ Նիլըյչը գիտեն ամեն ինչ տակից գլուխ ու լռում են։
 
― Ես ոչինչ չգիտեմ, կամ՝ քիչ,― նույն բորբոքվածությամբ պատասխանեց ինժեները,― դուք Լեբյադկինին հարբեցնում եք, որ իմանաք։ Դուք ինձ էլ եք այստեղ բերել, որ իմանաք և որ ե՛ս ասեմ։ Նշանակում է, դուք լրտես եք։
 
― Ես նրան չեմ հարբեցրել, ու այդքան փող չարժե նա, իր բոլոր գաղտնիքներով վերցրած, ահա թե ինչ են դրանք ինձ համար նշանակում, չգիտեմ՝ ձեզ համար ինչպես։ Ընդհակառակը, այդ նա է փողերը շաղ տալիս, այն դեպքում երբ տասներկու օր առաջ մոտս էր եկել տասնհինգ կոպեկ խնդրելու, ու նա է ինձ շամպայն խմեցնում, ոչ թե ես իրեն։ Բայց դուք ինձ միտք տվեցիք, ու թե որ պետք եղավ, կհարբեցնեմ նրան, հենց հատկապես իմանալու համար, ու գուցեև իմանամ էլ... ձեր բոլոր մանր-մունր գաղտնիքները,― չարացած գռմռաց Լիպուտինը։
 
Ստեպան Տրոֆիմովիչը տարակուսած նայում էր վիճողներին։ Երկուսն էլ մատնում էին իրենք իրենց և գլխավորը՝ ձևականություններ չէին անում։ Ես մտածեցի, որ Լիպուտինն այդ Ալեքսեյ Նիլըյչին մեզ մոտ է բերել, հենց երրորդ անձի միջոցով նրան հարկավոր խոսակցության մեջ քաշելու նպատակով՝ նրա նախասիրած եղանակն էր։
 
― Ալեքսեյ Նիլըյչը չափից ավելի լավ են ճանաչում Նիկոլայ Վսեվոլոդովիչին,― բորբոքված շարունակեց նա,― միայն թե թաքցնում են։ Իսկ որ դուք հարցնում եք կապիտան Լեբյադկինի մասին, ապա նա բոլորիցս շուտ է ծանոթացել նրանց հետ, Պետերբուրգում, հինգ կամ վեցը տարի առաջ, Նիկոլայ Վսեվոլոդովիչի կյանքի, եթե կարելի է այսպես արտահայտվել, այն սակավ հայտնի ժամանակաշրջանում, երբ նա դեռ չէր էլ մտածում մեզ այստեղ երջանկացնել իր գալստյամբ։ Մեր արքայազնը, հարկ է եզրակացնել, այն ժամանակ Պետերբուրգում իր շուրջ ծանոթությունների բավական տարօրինակ ընտրություն էր սահմանել։ Այն ժամանակ էլ ահա, կարծեմ, Ալեքսեյ Նիլըյչի հետ են ծանոթացել։
 
― Զգուշացեք, Լիպուտին, զգուշացնում եմ ձեզ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն ինքն է ուզում շուտով այստեղ լինել, իսկ նա կարողանում է իրեն պաշտպանել։
 
― Ուրեմն, էլ ի՞նձ ինչի համար։ Ես առաջինն եմ բղավում, որ նրբագույն և սքանչելագույն խելքի տեր մարդ է, Վարվառա Պետրովնային էլ երեկ այդ իմաստով միանգամայն հանգստացրեցի։ «Բայց բնավորության հարցում, ասացի նրան, երաշխավորել չեմ կարող»։ Լեբյադկինն էլ երեկ նույն բանն ասաց. «Նրա բնավորությունից եմ, ասաց, տուժել»։ Էխ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ համար լավ է բղավել, թե բամբասանք է ու լրտեսություն, և նկատի առեք, երբ արդեն ինքներդ ամեն ինչ ինձնից դուրս քաշեցիք, այն էլ՝ չափից դուրս հետաքրքրությամբ։ Իսկ ահա, Վարվառա Պետրովնան երեկ հենց ուղղակի ճիշտ կետին խփեց. «Դուք, ասաց, անձամբ էիք շահագրգռված գործում, դրա համար էլ ձեզ եմ դիմում»։ Հապա թե այդպես չլիներ։ Էլ ի՜նչ նպատակներ կարող են լինել, երբ ես անձնական վիրավորանք եմ կերել նորին գերազանցությունից ամբողջ հասարակության ներկայությամբ։ Կարծեմ, պատճառներ ունեմ հետաքրքրվելու, ոչ միայն բամբասանքների համար։ Այսօր ձեր ձեռքը կսեղմի, իսկ վաղը հենց էնպես, ձեր աղուհացի դիմաց, հենց ձեր երեսներին էլ կխփի, օրինավոր ամբողջ հասարակության ներկայությամբ, ինչպես քեֆը տա։ Հղփացածությունից։ Իսկ գլխավորը նրանց համար կանացի սեռն է. թիթեռնիկներ ու անվախ աքլորիկներ։ Հին ամուրների թևիկներով կալվածատերեր, սրտակեր ― Պեչորիններ։ Ձեզ համար, Ստեպան Տրոֆիմովիչ, մոլի ամուրի մարդու համար, հեշտ է այդպես խոսել, և նորին գերազանցության պատճառով ինձ բամբասող կոչել։ Իսկ ահա, եթե ամուսնանաք, քանի որ հիմա էլ դեռ շատ ջահել եք երևում, ամուսնանաք սիրունիկ ու ջահել մեկի հետ, ապա թերևս մեր արքայազնից դուռը մղլակով կփակեք ու ձեր տան մեջ բարիկադներ կսարքեք։ Էլ ինչ ասեմ, եթե միայն այդ mademoiselle Լեբյադկինան, որին ծեծում են մտրակով, խելագար չլիներ և ծուռոտ, ապա, Աստված վկա, կմտածեի, որ հենց նա է մեր գեներալի կրքերի զոհը, և հենց նրանից է տուժել կապիտան Լեբյադկինն «իր ընտանեկան արժանապատվությամբ», ինչպես ինքն է արտահայտվում։ Գուցե թե միայն նրանց նրբին ճաշակին է հակասում, բայց նրանց. համար դա էլ մի ցավ չէ։ Ամեն պտուղ պետքական է, միայն թե ընկնի նրանց հայտնի տրամադրության տակ։ Ահա, բամբասանքի մասին եք ասում, բայց մի՞թե ես եմ բղավում, երբ արդեն ամբողջ քաղաքն է աղմկում, իսկ ես միայն լսում եմ ու գլխով անում, գլխով անելը հո արգելվա՞ծ չէ։
 
― Քաղա՞քն է բղավում։ Իսկ ի՞նչ է բղավում քաղաքը։
 
― Այսինքն, կապիտան Լեբյադկինն է բղավում հարբած վիճակում, քաղաքով մեկ, իսկ չէ՞ որ դա նույն բանն է, եթե ամբողջ հրապարակը բղավի։ Ինչո՞վ եմ ես մեղավոր։ Ես հետաքրքրվում եմ միայն ընկերների մեջ, որովհետև այստեղ այնուամենայնիվ ինձ համարում եմ ընկերների մեջ,― անմեղ տեսքով աչքերը սահեցրեց մեզ վրա։― Մի դեպք է եղել այստեղ, պատկերացրեք հապա, ստացվում է, որ նորին գերազանցությունն իբր թե դեռևս Շվեյցարիայից, մի գերազնվագույն օրիորդի և, այսպես ասած, համեստ որբուկի միջոցով, որին պատիվ ունեմ ճանաչել, երեք հարյուր ռուբլի են ուղարկել՝ կապիտան Լեբյադկինին հանձնելու համար։ Իսկ Լեբյադկինը, քիչ անց, շատ ստույգ լուր է ստացել, թե ումից՝ չեմ ասի, բայց նույնպես գերազնվագույն, ուրեմնև հաստատագույն անձնավորությունից, որ ոչ թե երեք հարյուր, այլ հազար ռուբլի է ուղարկված... Նշանակում է, բղավում է Լեբյադինը, օրիորդն իրենից յոթը հարյուր ռուբլի թռցրել է, և նա ուզում է ետ ստանալ համարյա թե ոստիկանության միջոցով, համենայն դեպս, սպառնում է և քաղաքով մեկ աղմկում...
 
― Դա ստորություն է, ստորություն է ձեր կողմից,― հանկարծ վեր թռավ ինժեներն աթոռից։
 
― Բայց չէ որ հենց դուք եք այն գերազնվագույն անձնավորությունը, որը Նիկոլայ Վսեվոլոդովիչի անունից հաստատել է Լեբյադկինին, որ ոչ թե երեք հարյուր, այլ հազար ռուբլի է ուղարկված։ Չէ որ կապիտանն ինքն է ինձ հայտնել հարբած ժամանակ։
 
― Դա... դա ցավալի թյուրիմացություն է։ Ինչ-որ մեկը սխալվել է ու ստացվել... Դա ցնդաբանություն է, իսկ դուք ստորաբար...
 
― Ես ինքս էլ եմ ուզում հավատալ, որ ցնդաբանություն է և ցավով եմ լսում, որովհետև, ինչպես կուզենաք, բայց գերազնվագույն աղջիկը խառնված է, նախ և առաջ, յոթը հարյուր ռուբլու, երկրորդը՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչի հետ ակնհայտ մտերմությունների մեջ։ Ասենք, նորին գերազանցության համար ի՞նչ մի բան է ազնվագույն աղջկան խայտառակելը կամ ուրիշի կնոջն անպատվելը, ինչպես այն ժամանակ ինձ հետ եղավ դիպվածը, հը՞։ Մեծահոգությամբ լի մարդ ընկավ ձեռքները՝ կստիպեն իր ազնիվ անունով ծածկել ուրիշի մեղքերը։ Չէ որ հենց այդպես ինքս եմ տարել ու դիմացել, իմ մասին եմ ասում...
 
― Զգուշացեք, Լիպուտին,― բազմոցից ելավ Ստեպան Տրոֆիմովիչը և գունատվեց։
 
― Մի հավատացեք, մի հավատացեք։ Ինչ-որ մեկը սխալվել է, իսկ Լեբյադկինը հարբած...― բացականչեց ինժեները՝ անասելի հուզված,― ամեն ինչ կպարզվի, իսկ ես այլևս չեմ կարող... և ստորություն եմ համարում... և բավական է, բավական։
 
Նա դուրս վազեց սենյակից։
 
― Այդ ի՞նչ եղավ։ Չէ որ ես ձեզ հետ եմ,― իրար անցավ Լիպուտինը, վեր թռավ ու վազեց Ալեքսեյ Նիլըյչի ետևից։
 
=== VII ===
 
Ստեպան Տրոֆիմովիչը մի րոպեի չափ կանգնած էր մտազբաղ, մի տեսակ առանց տեսնելու ու նայեց ինձ, վերցրեց իր շլյապան և ձեռնափայտը, կամացուկ ելավ սենյակից։ Ես նորից հետևեցի նրան, ինչպես քիչ առաջ։ Դարպասից դուրս գալիս, նկատելով, որ հետևում եմ իրեն, ասաց.
 
― Ահ, այո, դուք կարող եք որպես վկա ծառայել... de l’accident. Vous maccompagnerez, n’est-ce pas?<ref>կատարվածին։ Դուք ինձ կուղեկցեք, ճիշտ է, չէ՞ (ֆրանս.)։</ref>
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, մի՞թե նորից այնտեղ եք գնում։ Մտածեք, թե ինչ կարող է ստացվել։
 
Խղճալի և կորսված ժպիտով՝ ամոթի և կատարյալ հուսալքության ժպիտով, միաժամանակ ինչ-որ տարօրինակ ցնծությամբ, մի պահ կանգ առնելով՝ նա շշնջաց ինձ.
 
― Հո չեմ կարող ամուսնանալ «ուրիշի մեղքերի» հետ։
 
Ես հենց այդ խոսքին էի սպասում։ Վերջապես այդ նվիրական, ինձնից թաքցվող բառերն արտասանվեցին մի ամբողջ շաբաթ տևած խուսափումներից և ծամածռություններից հետո։ Ես վճռականապես ելա իմ ափերից։
 
― Ու այդպիսի կեղտոտ, այդպիսի... ստոր միտք կարող էր ի հայտ գալ ձեր՝ Ստեպան Վերխովենսկու պայծառ ուղեղում, ձեր բարի սրտում, և... դեռ նախքան Լիպուտինը։
 
Նա ինձ նայեց, չպատասխանեց ու գնաց նույն ճանապարհով։ Ես չէի ուզում ետ մնալ։ Ես ուզում էի վկայել Վարվառա Պետրովնայի առաջ։ Ես կներեի նրան, եթե հավատար միայն Լիպուտինին՝ իր կնիկային փոքրոգությամբ, բայց հիմա արդեն պարզ էր, որ ինքն է ամեն ինչ մոգոնել, Լիպուտինից դեռևս շատ առաջ, իսկ Լիպուտինը հիմա սոսկ հաստատել է նրա կասկածները և յուղ լցրել կրակին։ Նա միտք չուներ կասկածել աղջկան ամենաառաջին օրվանից՝ դեռևս չունենալով ոչ մի հիմք, անգամ լիպուտինյան։ Վարվառա Պետրովնայի բռնակալական գործողությունները բացատրել էր նրա անգին Nicolas-ի ազնվականական մանր-մունր մեղքերը հարգարժան մարդու հետ ամուսնությամբ շուտուփույթ սվաղելու բուռն ցանկությամբ սոսկ։ Եվ անպայման ուզում էի, որ նա պատժվի դրա համար։
 
― O! Dieu qui est si grand et si bon<ref>Օ, Աստված, մեծն ու բարեգութ (ֆրանս.)։</ref>, o՜, ով կհանգստացնի ինձ,― բացականչեց նա՝ անցնելով ես հարյուր քայլ ու հանկարծակի կանգ առնելով։
 
― Գնանք հիմա տուն, և ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ,― գոռացի ես՝ ուժով դարձնելով նրան դեպի տուն։
 
― Նա՜ է։ Ստեպան Տրոֆիմովիչ, այդ դո՞ւք եք։ Դո՞ւք,― մեր կողքին երաժշտության պես հնչեց մի թարմ, կայտառ, դեռատի ձայն։
 
Մենք ոչինչ չէինք տեսնում, իսկ մեր կողքին շուտով հայտնվեց հեծյալ մի կին՝ Լիզավետա Նիկոլաևնան, իր մշտական ուղեկցի հետ։ Նա կանգնեցրեց ձին։
 
― Եկեք, դե եկեք շուտ,― կանչում էր նա բարձրաձայն և ուրախ։― Տասներկու տարի չէի տեսել նրան, ու ճանաչեցի, իսկ նա... Մի՞թե չճանաչեցիք ինձ։
 
Ստեպան Տրոֆիմովիչը բռնեց իրեն պարզած ձեռքը և երկյուղածությամբ համբուրեց։ Ստեպան Տրոֆիմովիչը նրան էր նայում՝ ասես աղոթելով ու չէր կարողանում բառ իսկ արտասանել։
 
― Ճանաչեց և ուրախ է։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, նա զմայլված է, որ տեսնում է ինձ։ Իսկ ինչո՞ւ չէիք գալիս լրիվ երկու շաբաթ։ Հորաքույրը համոզում էր, որ հիվանդ եք և ձեզ չի կարելի անհանգստացնել, բայց ես հո գիտեմ, հորաքույրը ստում է։ Ես անընդհատ ոտքերս հատակին էի խփում ու ձեզ հանդիմանում, բայց անպատճառ, անպատճառ ուզում էի, որ առաջինը դուք գաք, դրա համար էլ մարդ չէի ուղարկում։ Աստվա՜ծ, իսկ նա ամենևին չի փոխվել,― զննում էր Լիզավետան նրան՝ թամբի վրա թեքված,― ծիծաղելիության չափ չի փոխվել։ Ահ, չէ՜, մանր կնճիռներ կան, շատ են աչքերի մոտ և այտերին, սպիտակ մազեր էլ կան, բայց աչքերը նույնն են։ Իսկ ես փոխվե՞լ եմ։ Փոխվե՞լ եմ։ Բայց ի՞նչ եք շարունակ լռում։
 
Այդ պահին հիշեցի պատմությունն այն մասին, որ նա համարյա թե հիվանդ էր, երբ տասնմեկ տարեկան տարել էին Պետերբուրգ, հիվանդ վիճակում իբր լաց է եղել ու կանչել Ստեպան Տրոֆիմովիչին։
 
― Դուք... ես...― մրմնջում էր նա հիմա՝ ուրախությունից բեկվող ձայնով,― ես նոր բղավում էի. «Ինձ ով կհանգստացնի» ու հնչեց ձեր ձայնը... Ես սա հրաշք եմ համարում et je commence à croire<ref>և սկսում եմ հավատալ (ֆրանս.)։</ref>։
 
― En Dieu! En Dieu, qui est là-haut et qui est si grand et si bon!<ref>Աստծո՞ւն։ Բարձրյալ Աստծո՞ւն, որ այնքան մեծ է ու այնքան ողորմած (ֆրանս.)։</ref> Տեսնո՞ւմ եք, ձեր բոլոր դասախոսություններն անգիր եմ հիշում։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, ինչպիսի՜ հավատ էր նա ինձ ուսուցանում այն ժամանակ en Dieu, qui est si grand et si bon! Իսկ հիշո՞ւմ եք ձեր պատմածներն այն մասին, թե ինչպես Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան և ինչպես բոլորը բղավեցին «Երկի՜ր, երկի՜ր»։ Դայակը՝ Ալյոնա Ֆրոլովնան, ասում էր, որ դրանից հետո գիշերը զառանցում էի և քնիս մեջ բղավում «Երկի՜ր, երկի՜ր»։ Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես էիք ինձ պատմում արքայազն Համլետի պատմությունը։ Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես էիք ինձ նկարագրում, թե ինչպես էին խեղճ տարագիրներին Եվրոպայից Ամերիկա տեղափոխում։ Ու բոլորն էլ ճիշտ չէր, ես հետո ամեն ինչ իմացա, թե ինչպես են տեղափոխում, բայց ի՜նչ լավ էր նա ինձ ստում այն ժամանակ, Մավրիկիյ Նիկոլաևիչ, համարյա ավելի լավ՝ ճշմարտությունից։ Ինչո՞ւ եք այդպես նայում Մարիկիյ Նիկոլաևիչին։ Նա ամենալավագույն և ամենահավատարիմ մարդն է ամբողջ երկրագնդի վրա, և դուք անպայման պիտի սիրեք նրան, ինչպես ինձ։ Il fait tout ce que je veux<ref>Նա անում է այն ամենը, ինչ ես ուզում եմ (ֆրանս.)։</ref>։ Բայց սիրելի Ստեպան Տրոֆիմովիչ, ուրեմն, դուք նորի՞ց դժբախտ եք, եթե փողոցի մեջտեղում բղավում եք, թե ձեզ ով կհանգստացնի։ Դժբախտ եք, այդպես չէ՞։ Այդպե՞ս է։
 
― Հիմա երջանիկ եմ...
 
― Հորաքույրը նեղացնո՞ւմ է,― շարունակում էր նա, չլսելով,― էլի նույն չար, անարդարացի և մեզ համար հավերժորեն անգին հորաքույրը։ Իսկ հիշում եք, ինչպես նետվեցիք իմ գիրկն այգում, իսկ ես ձեզ սփոփում էի ու լալիս, դե, մի վախեցեք Մավրիկիյ Նիկոլաևիչից, նա ձեր մասին ամեն, ամեն ինչ գիտի, վաղուց, դուք կարող եք լաց լինել նրա ուսին՝ որքան կամենաք, և նա կկանգնի, ինչքան պետք է... Մի քիչ բարձրացրեք շլյապան, մի րոպեով հանեք, ձգեք ձեր գլուխը, կանգնեք ոտնաթաթերի վրա, իսկ ես հիմա կհամբուրեմ ձեր ճակատը, ինչպես վերջին անգամ համբուրեցի, երբ հրաժեշտ էինք տալիս։ Տեսնում եք, այն օրիորդը լուսամուտից հիանում է մեզնով... Դե, ավելի մոտ, ավելի մոտ։ Աստվա՜ծ իմ, ինչպես է ճերմակել։
 
Եվ Լիզավետան, կռանալով թամբի վրա, համբուրեց ճակատը։
 
― Դե, հիմա՝ ձեր տուն։ Ես գիտեմ՝ որտեղ եք ապրում։ Հիմա, այս րոպեիս կլինեմ ձեր տանը։ Ես առաջինը կայցելեմ ձեզ՝ համառ մարդ, հետո ամբողջ օրով կտանեմ ինձ մոտ։ Դե, գնացեք, պատրաստվեք ինձ դիմավորել։
 
Եվ նա արշավեց իր ուղեկցի հետ։ Մենք վերադարձանք։ Ստեպան Տրոֆիմովիչը նստեց բազմոցին և լաց եղավ։
 
― Dieu! Dieu!,― բացականչեց նա,― enfin, une minute de bonheur<ref>Աստված, Աստված, վերջապես մի ակնթարթ երջանկություն (ֆրանս.)։</ref>։
 
Ոչ ավելի, քան տասը րոպե անց Լիզավետան հայտնվեց՝ խոստման համաձայն, իր Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։
 
― Vous et le bonheur, vous arrivez en même temps<ref>Դուք և երջանկությունը, դուք հայտնվում եք միաժամանակ (ֆրանս.)։</ref>,― ընդառաջ ելավ Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Սա՝ ձեզ ծաղկեփունջ, նոր գնացի madame Շըվալյեի մոտ, նա կլոր ձմեռ ծաղկեփնջեր ունի անվանակոչուհիների համար։ Ահա և Մավրիկիյ Նիկոլաևիչը, խնդրում եմ ծանոթանալ։ Ես ուզում էի թխվածք վերցնել, ծաղկեփնջի փոխարեն, բայց Մավրիկիյ Նիկոլաևիչը հավատացնում է, որ դա համապատասխան չէ ռուսական ոգուն։
 
Այդ Մավրիկիյ Նիկոլաևիչը հրետանու կապիտան էր, երեսուներեք տարեկան, բարձրահասակ, գեղեցկատես, անթերի օրինավոր արտաքինով մի պարոն, ազդեցիկ և առաջին հայացքից նույնիսկ խիստ կերպարանքով, չնայած իր զարմանալի և նրբակիրթ բարության, ինչ յուրաքանչյուր ոք կըմբռներ նրա հետ ծանոթության առաջին իսկ րոպեից։ Ի դեպ, լռակյաց էր, թվում էր շատ սառնարյուն ու հետամուտ չէր բարեկամություն ձեռք բերելու։ Հետագայում մեզ մոտ շատերն էին ասում, թե սահմանափակ մարդ է, ու դա ամենևին էլ արդարացի չէր։
 
Ես չեմ սկսի նկարագրել Լիզավետա Նիկոլաևնայի գեղեցկությունը։ Ամբողջ քաղաքն արդեն թնդում էր նրա գեղեցկության մասին, թեև մեր որոշ տիկնայք ու օրիորդներ զայրույթով համաձայն չէին գոռացողներին։ Նրանց մեջ կային և այնպիսիներ, որոնք արդեն ատում էին Լիզավետա Նիկոլաևնային, և ամենից առաջ՝ հպարտության համար. Դրոզդովները համարյա դեռևս չէին սկսել այցելություններ անել, ինչը վիրավորում էր, թեև հապաղման պատճառը, իրոք, Պրասկովյա Իվանովնայի վատառողջ վիճակն էր։ Երկրորդը՝ ատում էին և այն պատճառով, որ նահանգապետուհու ազգականուհին էր, երրորդն այն պատճառով, որ ամեն օր զբոսնում էր ձիով։ Մեզանում մինչ այդ չէին եղել ամազոնուհիներ, բնական է, որ ձիով զբոսնող ու դեռևս այցելություններ չկատարած Լիզավետա Նիկոլաևնայի հայտնվելը պիտի որ վիրավորեր հասարակությանը։ Իմիջիայլոց, բոլորն արդեն գիտեին, որ նա զբոսնում է բժիշկների կարգադրությամբ, ընդ որում, թունալի էին խոսում նրա հիվանդությունների մասին։ Նա, իսկապես հիվանդ էր։ Ինչ ի հայտ էր գալիս առաջին հայացքից՝ նրա հիվանդագին, նյարդային, անընդմեջ անհանգստությունն էր։ Ավա՜ղ։ Խեղճ աղջիկը շատ էր տառապում, և ամեն բան բացատրվեց հետագայում։ Հիմա, վերհիշելով անցածը, ես արդեն չեմ ասի, թե նա գեղեցկուհի էր, ինչպես ինձ թվաց այն ժամանակ։ Գուցեև նույնիսկ ամենևին էլ սիրունատես չէր։ Բարձրահասակ, բարալիկ, սակայն ճապուկ՜ և ուժեղ, նա նույնիսկ ապշեցնում էր անկանոն դիմագծերով։ Աչքերը՝ մի տեսակ կալմիկյան, շեղաչ, դալկադեմ էր, այտոսկրավոր, թուխ ու նիհար դեմքով, սակայն այդ դեմքի մեջ մի հաղթանակող և գրավիչ բան կար։ Ինչ-որ զորեղություն էր հայտնվում նրա մգագույն աչքերի կրակվող հայացքում, նա հայտնվում էր «որպես հաղթանակող և հաղթելու համար»։ Թվում էր հպարտ, երբեմն անգամ հանդուգն, չգիտեմ, հաջողվո՞ւմ էր արդյոք նրան բարի լինել։ Սակայն գիտեմ, որ անչափ ուզում էր ու տանջվում, իրեն ստիպելու համար, որ փոքր-ինչ բարի լինի։ Այդ բնավորության մեջ, հարկավ, կային բազում սքանչելի ձգտումներ և արդարացի ձեռնարկումներ, սակայն ամեն ինչ նրա մեջ մշտապես իր մակարդակն էր որոնում ու չէր գտնում, ամեն ինչ քաոսի մեջ էր, հուզմունքի և անհանգստության։ Գուցե նա արդեն շատ խիստ պահանջներ էր ներկայացնում իրեն՝ իր մեջ երբեք ուժ չգտնելով բավարարել դրանք։
 
Նա նստեց բազմոցին և սենյակն էր զննում։
 
― Ինչո՞ւ նման րոպեներին տխրալի է դառնում ինձ համար, կռահեք հապա, ուսյալ մարդ։ Ամբողջ կյանքում մտածել եմ, թե Աստված գիտե, ինչքան ուրախ կլինեմ, երբ ձեզ տեսնեմ ու ամեն ինչ կվերհիշեմ, չնայած, որ ձեզ սիրում եմ... Ա՛հ, Աստված, նրա սենյակում իմ դիմանկարն է կախված։ Տվեք ինձ, ես դա հիշում եմ, հիշում։
 
Տասներկուամյա Լիզայի սքանչելի ջրաներկ փոքրիկ դիմանկարը Դրոզդովներն էին Պետերբուրգից ուղարկել Ստեպան Տրոֆիմովիչին, դեռևս ինը տարի առաջ։ Այդ ժամանակից նկարը մշտապես կախված էր նրա պատից։
 
― Մի՞թե այսքան սիրունիկ երեխա եմ եղել։ Մի՞թե սա իմ դեմքն է։
 
Նա վեր կացավ և, դիմանկարը ձեռքին, նայեց հայելուն։
 
― Շուտ վերցրեք,― բացականչեց նա՝ ետ տալով դիմանկարը։― Մի կախեք հիմա, հետո, չեմ էլ ուզում նայել։― Նա նորից նստեց բազմոցին։― Մի կյանք անցավ, սկսվեց մյուսը, հետո մյուսն անցավ, երրորդը սկսվեց, և ամեն ինչ՝ անվերջ։ Բոլոր ծայրերը, կարծես մկրատով, կտրատում են։ Տեսնում եք, ինչ հին-հին բաներ եմ պատմում, բայց ինչքան ճշմարտություն կա։
 
Նա, քթի տակ ծիծաղելով, նայեց ինձ։ Արդեն մի քանի անգամ նայում էր, բայց Ստեպան Տրոֆիմովիչն իր հուզմունքի մեջ մոռացել էր, որ խոստացել է ինձ ներկայացնել։
 
― Իսկ ինչո՞ւ է իմ դիմանկարը կախված դաշույնների տակ։ Եվ ինչի՞ համար այդքան դաշույններ ու թրեր ունեք։
 
Ստեպան Տրոֆիմովիչի սենյակի պատին, իրոք, չգիտեմ ինչի համար, երկու յաթաղան կար՝ խաչաձև, իսկ դրանցից վեր՝ իսկական չերքեզական թուր։ Հարցնելիս, նա այնպես ուղիղ նայեց ինձ, որ ուզեցա ինչ-որ բան պատասխանել, բայց կանգ առա։ Ստեպան Տրոֆիմովիչը վերջապես գլխի ընկավ ու ներկայացրեց ինձ։
 
― Գիտեմ, գիտեմ,― ասաց Լիզավետան,― ես շատ ուրախ եմ։ Մաման ձեր մասին նույնպես շատ է լսել։ Ծանոթացեք Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ էլ, հիանալի մարդ է։ Ձեր մասին ես արդեն ծիծաղելի ըմբռնում եմ կազմել, չէ որ դուք Ստեպան Տրոֆիմովիչի խորհրդապա՞հն եք։
 
Ես կարմրեցի։
 
― Ահ, ներեցեք, խնդրեմ, բոլորովին ուրիշ բառ ասացի, ամենևին ոչ ծիծաղելի, այլ այնպես... (նա կարմրեց և շփոթվեց)։
 
― Ասենք, ի՞նչ կա ամաչելու, որ դուք հիանալի մարդ եք։ Էհ, Մավրիկիյ Նիկոլաևիչ, ժամանակն է գնալու։ Ստեպան Տրոֆիմովիչ, կես ժամ հետո մեզ մոտ պիտի լինեք անպայման։ Աստված, ինչքա՜ն պիտի խոսենք։ Հիմա արդեն ես եմ ձեր խորհրդապահը, և ''ամեն, ամեն ինչի մասին'', հասկանո՞ւմ եք։
 
Ստեպան Տրոֆիմովիչն իսկույն վախեցավ։
 
― Օ՜, Մավրիկիյ Նիկոլաևիչն ամեն ինչ գիտե, նրանից մի քաշվեք։
 
― Իսկ ի՞նչ գիտե։
 
― Ինչպես թե,― բացականչեց Լիզավետան զարմացած։― Բա՜, ճիշտ որ թաքցնում են նրանք։ Ես հավատալ չէի ուզում։ Դաշային նույնպես թաքցնում են։ Հորաքույրը վերջերս չթողեց ինձ Դաշայի մոտ գնալ, ասաց, թե գլուխն է ցավում։
 
― Բայց... բայց ինչպե՞ս իմացաք։
 
― Ա՛հ, Աստված իմ, այնպես, ինչպես բոլորը։ Ի՜նչ մի դժվար բան է։
 
― Եվ արդյո՞ք բոլորը...
 
― Հապա ի՞նչ եք կարծում։ Մայրիկը, ճիշտ է, սկզբից իմացել է Ալյոնա Ֆրոլովնայի՝ իմ դայակի միջոցով, ձեր Նաստասյան է վազեվազ եկել նրան հայտնելու։ Դուք ասել եք, չէ՞, Նաստասյային։ Ասում է, որ դուք եք նրան ասել։
 
― Ես... ես ասել եմ մի անգամ...― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը՝ ամբողջովին կարմրատակած,― բայց... ես սոսկ ակնարկել եմ... jétais si nerveux et malade et plus...<ref>ես այսպես հուզված էի և հիվանդ, բացի դրանից...(ֆրանս.)։</ref>
 
Լիզավետան քրքջաց։
 
― Խորհրդապահը, ահա, ձեռքի տակ չէր, իսկ Նաստասյան հայտնվեց, դա էլ բավական է։ Իսկ ամբողջ քաղաքը նրա սանամերներն են։ Բայց դե, վերջ տվեք, չէ որ միևնույնն է, է, թող իմանան, նույնիսկ ավելի լավ։ Դե, շուտ եկեք, մենք վաղ ենք ճաշում... Հա, մոռացել էի,― նա նորից նստեց,― լսեք, ի՞նչ բան է Շատովը։
 
― Շատո՞վը։ Դարյա Պավլովնայի եղբայրն է...
 
― Գիտեմ, եղբայրն է, ինչ զարմանալի եք, իրոք,― անհանգստությամբ ընդհատեց նա։― Ես ուզում եմ իմանալ, ի՞նչ է նա, ինչպիսի՞ մարդ է։
 
― C’est un pense - creux d’ici. C’est le meilleur et le plus irascible homme du monde...<ref>Դա տեղական երազող է։ Լավագույն և ամենադյուրաբորբոք մարդն է աշխարհում... (ֆրանս.)։</ref>
 
― Ինքս էլ եմ լսել, որ մի տեսակ տարօրինակ է։ Իմիջիայլոց, ուրիշ բան եմ հարցնում։ Լսել եմ, երեք լեզու գիտե, և անգլերեն, ու կարող է գրական աշխատանքով զբաղվել։ Այդ դեպքում, նրա համար ինձ մոտ շատ գործ կա, ինձ օգնական է պետք, և ինչքան շուտ, այնքան ավելի լավ։ Գործը կվերցնի՞, թե՝ ոչ։ Նրան երաշխավորել են ինձ...
 
― O, անպայման, et vous fairez un bienfait...<ref>և դուք բարեգործություն կանեք (ֆրանս.)։</ref>
 
― Ես ամենևին էլ bienfait-ի համար չեմ ասում, ի՛նձ է օգնական պետք։
 
― Ես բավական լավ գիտեմ Շատովին,― ասացի ես,― և եթե ինձ հանձնարարեք հայտնել նրան, ապա այս րոպեիս կգնամ նրա մոտ։
 
― Հայտնեք նրան, որ վաղն առավոտյան գա, ժամը տասներկուսին։ Հիանալի է։ Շնորհակալ եմ։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, պատրա՞ստ եք։
 
Նրանք գնացին։ Անշուշտ, ես իսկույն շտապեցի Շատովի մոտ։
 
― Mon ami<ref>բարեկամս (ֆրանս.)։</ref>,― առմուտքի մոտ ինձ հասավ Ստեպան Տրոֆիմովիչը,― անպայման ինձ մոտ եղեք ժամը տասին կամ տասնմեկին, երբ վերադառնամ։ Օ՜, ես չափազանց, չափազանց մեղավոր եմ ձեր առաջ և... բոլորի առաջ, բոլորի առաջ։
 
=== VIII ===
 
Շատովին տանը չգտա, երկու ժամ անց եկա վազեվազ՝ նորից չկար։ Ի վերջո, արդեն ժամը ութի մոտ գնացի, որպեսզի կամ տանը գտնեմ, կամ երկտող թողնեմ, դարձյալ չկար։ Բնակարանը փակ էր, իսկ նա մենակ էր ապրում, առանց սպասավոր ու աղախնի։ Մտքովս անցավ, չիջնե՞մ արդյոք ցած, կապիտան Լեբյադկինի մոտ, Շատովի մասին հարցնելու, բայց այնտեղ էլ էր փակ, ոչ ձայն կար, ոչ լույս, ասես ամայի տեղ լիներ։ Հետաքրքրությամբ անցա Լեբյադկինի դռան մոտով՝ վերջերս պատմածների ազդեցության տակ։ Վերջիվերջո, որոշեցի վաղն ավելի շուտ գալ։ Ճիշտն ասած, երկտողի վրա այնքան էլ հույս չունեի, Շատովը կարող էր դա բանի տեղ չդնել, այնքան համառն էր, այնքան ամաչկոտ։ Անհաջողությունը նզովելով և արդեն ելնելով դարպասից, հանկարծ դեմ առա պարոն Կիրիլլովին։ Նա տուն էր մտնում և առաջինը ճանաչեց ինձ։ Քանի որ ինքը սկսեց հարցուփորձը, ընդհանուր գծերով ամեն ինչ պատմեցի նրան և ասացի, որ երկտող ունեմ։
 
― Գնանք,― ասաց նա,― ես ամեն ինչ կանեմ։
 
Ես հիշեցի, որ նա, Լիպուտինի ասածով, առավոտից զբաղեցրել է փայտյա կողաշենքը բակում։ Նրա համար չափից ավելի ընդարձակ այդ կողաշենքում նրա հետ միասին բնակվում էր մի խուլ պառավ, որն էլ աղախնություն էր անում։ Տանտերն իր մյուս նոր տունը և մեկ ուրիշ փողոցում պանդոկ ուներ, իսկ այդ պառավը՝ կարծեմ, նրա ազգականուհին, մնացել էր հետևելու ամբողջ հին տանը։ Կողաշենքում սենյակները բավական մաքուր էին, բայց պաստառները՝ կեղտոտ։ Այդ սենյակում, ուր մտանք, կահույքը հավաքովի էր, տարբեր չափերի և կատարյալ խոտան, թղթախաղի երկու սեղան, լաստենուց դարակներով պահարան, տախտակյա մեծ սեղան մի որևէ խրճիթից կամ խոհանոցից, աթոռներ ու բազմոց՝ ցանցավոր թիկնակներով և կաշվե բարձերով։ Անկյունում դրված էր հնամենի սրբապատկերը, որի առաջ պառավը, դեռևս նախքան մեր գալը, վառել էր կանթեղը, իսկ պատերից կախ էին երկու մեծ, յուղաներկ խամրած դիմանկար, մեկը հանգուցյալ կայսր Նիկոլայ Պավլովիչինն էր, ամեն ինչից դատելով, նկարված դեռևս հարյուրամյակի քսանական թվականներին, մյուսը պատկերում էր ինչ-որ ավագերեցի։
 
Պարոն Կիրիլլովը մոմ վառեց և անկյունում դրված ու դեռևս չդատարկված ճամպրուկից հանեց ծրար, զմուռս և բյուրեղապակյա փոքր կնիք։
 
― Կկնքեք ձեր երկտողը և կստորագրեք ծրարը։
 
Ես առարկեցի, թե հարկավոր չէ, բայց նա պնդեց։ Ծրարը մակագրելուց հետո, վերցրեցի գլխարկս։
 
― Իսկ ես կարծում էի, թեյ կխմենք,― ասաց նա,― ես թեյ եմ գնել։ Ուզո՞ւմ եք։
 
Չհրաժարվեցի։ Պառավը շուտով բերեց թեյը, այսինքն, մեծ թեյնիկով՝ տաք ջուր, փոքրով՝ առատ թրմած թեյ, երկու խոշոր, քարե, կոպիտ նախշած գավաթ, կալաչ և մի խոր ափսե՝ կոտրատած շաքարով լի։
 
― Ես թեյ սիրում եմ,― ասաց նա,― գիշերը, շատ, քայլում եմ ու խմում։ Մինչև լուսաբաց։ Արտասահմանում թեյը գիշերով ընդունված չէ։
 
― Դուք պառկում եք լուսաբացի՞ն։
 
― Միշտ, վաղուց։ Ես քիչ եմ ուտում, միշտ` թեյ։ Լիպուտինը խորամանկ է, բայց անհամբեր։
 
Ինձ զարմացրեց, որ նա ուզում է խոսել, որոշեցի օգտվել պահից։
 
― Վերջեղս տհաճ թյուրիմացություններ եղան,― նշեցի ես։
 
Նա շատ խոժոռվեց։
 
― Դա հիմարություն է, շատ փուչ բաներ։ Այստեղ ամեն ինչ դատարկ բան է, որովհետև Լեբյադկինը հարբեցող է։ Ես Լիպուտինին չեմ ասել, այլ միայն բացատրել եմ այդ դատարկ բաները, որովհետև նա ստեր է ասել։ Լիպուտինի երևակայությունը շատ է, դատարկ բաներից սարեր է սարքել։ Ես երեկ Լիպուտինին հավատում էի։
 
― Իսկ այսօր ի՞նձ,― ծիծաղեցի ես։
 
― Բայց չէ որ դուք արդեն ամեն ինչ գիտեք քիչ առաջվանից։ Լիպուտինը կամ թույլ է, կամ անհամբեր, կամ վնասակար, կամ... նախանձում է։
 
Վերջին բառն ինձ ապշեցրեց։
 
― Ի դեպ, այնքան տեսակներ շարեցիք, որ դրանցից մեկնումեկին կհամապատասխանի։
 
― Կամ՝ բոլորին մեկտեղ։
 
― Այո, դա էլ է ճիշտ։ Լիպուտինը քաոս է։ Ճի՞շտ է, նա ստո՞ւմ էր, որ ուզում եք ինչ-որ ստեղծագործություն գրել։
 
― Իսկ ինչո՞ւ՝ ստում էր,― խոժոռվեց նա կրկին՝ հայացքը ցած հառած։
 
Ես ներողություն խնդրեցի և սկսեցի հավատացնել, որ խոսք չեմ կորզում։ Նա շառագունեց։
 
― Նա ճիշտ էր ասում, ես գրում եմ։ Միայն թե, դա միևնույնն է։
 
Մի րոպեի չափ լուռ էինք։ Նա հանկարծ ժպտաց իր մանկական ժպիտով։
 
― Այդ գլուխների մասին ինքն էր հորինել, գրքից, և ինքն էլ սկզբից ինձ ասաց, ու վատ է հասկանում, ես միայն փնտրում եմ պատճառները, թե ինչու մարդիկ չեն համարձակվում սպանել իրենց, ուրիշ ոչինչ։ Եվ դա էլ է միևնույն։
 
― Ինչպե՞ս չեն համարձակվում։ Մի՞թե քիչ են ինքնասպանությունները։
 
― Շատ քիչ։
 
― Արդյո՞ք դուք այդպես եք գտնում։
 
Նա չպատասխանեց, վեր կացավ ու սկսեց մտազբաղ ետուառաջ քայլել։
 
― Իսկ ձեր կարծիքով, ի՞նչն է մարդկանց ետ պահում ինքնասպանությունից,― հարցրի ես։
 
Նա նայեց ցրված, կարծես մտաբերելով, թե ինչի մասին էինք խոսում։
 
― Ես... ես դեռ քիչ գիտեմ... երկու նախապաշարմունք են ետ պահում, երկու բան, միայն երկու։ Մեկը՝ շատ փոքր, մյուսը՝ շատ մեծ։ Բայց փոքրն էլ է շատ մեծ։
 
― Ցավը։
 
― Ցա՞վը։ Մի՞թե դա այդքան կարևոր է... նման դեպքում։
 
― Ամենաառաջինը։ Երկու տեսակ կան. նրանք, ովքեր իրենց սպանում են կամ մեծ տխրությունից, կամ չարությունից, կամ խելագար են, կամ էլ միևնույն է... նրանցը՝ հանկարծակի է։ Նրանք քիչ են ցավի մասին մտածում, այլ հանկարծակի։ ''Իսկ որ գիտակցությունից են, նրանք շատ են մտածում''։
 
― Եվ մի՞թե կան այնպիսիք, որ գիտակցությունից են։
 
― Շա՜տ-շա՜տ։ Եթե նախապաշարմունքը չլիներ, ավելի շատ կլինեին, շա՜տ-շա՜տ, բոլորը։
 
― Չէ մի՝ բոլո՞րը։
 
Նա լռության տվեց։
 
― Եվ մի՞թե միջոցներ չկան մեռնել առանց ցավի։
 
― Պատկերացրեք,― նա կանգ առավ իմ դիմաց,― պատկերացրեք այնպիսի մեծության քար, ինչպես մեծ տունը։ Կախված է, դուք էլ տակն եք։ Եթե ընկնի ձեզ վրա, ձեր գլխին, կցավեցնի՞։
 
― Տան չափ քա՞ր։ Անշուշտ, սարսափելի է։
 
― Սարսափի մասին չեմ ասում, կցա՞վի։
 
― Քարը բարձրի՞ց, միլիոն փթանո՞ց։ Հասկանալի է, ոչ ցավ, ոչ բան։
 
― Բայց իսկականից կանգնեք, ու քանի կախված է, դուք շատ կվախենաք, որ կցավացնի։ Ամեն մի առաջին գիտնական, առաջին դոկտոր, բոլորը, բոլորը շատ պիտի վախենան։ Ամեն մեկը կիմանա, որ ցավ չի լինի, և ամեն մեկը շատ պիտի վախենա, որ ցավ կլինի։
 
― Լավ, իսկ երկրո՞րդ պատճառը, այդ մե՞ծը։
 
― Այն աշխարհը։
 
― Այսինքն՝ պատի՞ժը։
 
֊Միևնույն է։ Այն աշխարհը, մենակ այն աշխարհը։
 
― Արդյո՞ք չկան այնպիսի աթեիստներ, որոնք ամենևին չեն հավատում այն աշխարհին։
 
Նա նորից լռության տվեց։
 
― Դուք գուցե ձեզնո՞վ եք դատում։
 
― Ամեն մեկը չի կարող դատել իրենով,― ասաց նա՝ կարմրելով։― Լրիվ ազատություն կլինի այն ժամանակ, երբ միևնույն կլինի՝ ապրել կամ չապրել։ Ահա ամեն ինչի նպատակը։
 
― Նպատա՞կ։ Բայց այդ ժամանակ ոչ ոք գուցեև չուզենա՞ ապրել։
 
― Ոչ ոք,― վճռական արտաբերեց նա։
 
― Մարդը մահից վախենում է, որովհետև կյանքն է սիրում, ահա ինչպես եմ հասկանում,― նշեցի ես,― այդպես բնությունն է տնօրինել։
 
― Դա ստորություն է, և այդտեղ է ամբողջ խաբեությունը,
 
― Նրա աչքերը փայլփլեցին։― Կյանքը ցավ է, կյանքը վախ է, և մարդը՝ դժբախտ։ Հիմա ամեն ինչ ցավ է և վախ։ Հիմա մարդը կյանքն է սիրում, որովհետև ցավն ու վախն է սիրում։ Եվ այդպես արել են։ Կյանքը տրվում է հիմա ցավի ու վախի դիմաց, և այստեղ է ամբողջ խաբեությունը։ Հիմա մարդը դեռևս այն մարդը չէ։ Կլինի նոր մարդ՝ երջանիկ ու հպարտ։ Ում համար միևնույնն է՝ կապրի, թե չի ապրի, դա կլինի նոր մարդ։ Ով հաղթեց ցավը և վախը, նա ինքը կլինի Աստված։ Իսկ մյուսն Աստված չի լինի։
 
― Նշանակում է, այն Աստված կա՞, ձեր կարծիքով։
 
― Նա չկա, բայց նա կա։ Քարի մեջ ցավ չկա, բայց քարից եկած վախի մեջ ցավ կա։ Աստված մահվան վախի ցավն է։ Ով հաղթեց ցավը և վախը, նա ինքը կդառնա Աստված։ Այդ ժամանակ՝ նոր կյանք, այդ ժամանակ՝ նոր մարդ, ամեն ինչ նոր... Այդ ժամանակ պատմությունը կբաժանեն երկու մասի, գորիլլայից մինչև Աստծո ոչնչացումը և Աստծո ոչնչացումից մինչև...
 
― Մինչև գորի՞լլա։
 
― ... Մինչև երկրի և մարդու փոփոխումը ֆիզիկապես։ Աստված կլինի մարդը և կփոխվի ֆիզիկապես։ Եվ աշխարհը կփոխվի, և գործերը կփոխվեն, և մտքերը, և բոլոր զգացմունքները։ Ի՞նչ եք մտածում, կփոխվի՞ այդ ժամանակ մարդը ֆիզիկապես։
 
― Եթե միևնույնը եղավ՝ ապրել, թե չապրել, ապա բոլորը կսպանեն իրենց, և գուցե ահա թե ինչը կլինի փոփոխություն։
 
― Դա միևնույնն է։ Խաբեությունը կսպանեն։ Յուրաքանչյուրը, ով ուզեց գլխավոր ազատությունը, նա պետք է համարձակվի սպանել իրեն։ Ով կհամարձակվի սպանել իրեն, նա խաբեության գաղտնիքն իմացավ։ Այն կողմ ազատություն չկա, այստեղ ամեն ինչ է, այն կողմ չկա ոչինչ։ Ով համարձակվեց սպանել իրեն, նա Աստված է։ Հիմա ամեն մեկը կարող է անել, որ Աստված չի լինի և ոչինչ չի լինի։ Բայց ոչ ոք դեռ ոչ մի անգամ չի արել։
 
― Միլիոնավոր ինքնասպաններ են եղել։
 
― Բայց բոլորը ոչ դրանից, միշտ վախով ու ոչ դրա համար։ Ոչ դրա համար, որ վախը սպանեն։ Ով սպանեց իրեն միայն նրա համար, որ վախը սպանեց, նա անմիջապես Աստված դարձավ։
 
― Գուցե թե չհասցնի, ― նշեցի ես։
 
― Դա միևնույն է,― պատասխանեց նա մեղմաձայն, հանդարտ հպարտությամբ, համարյա թե արհամարհանքով։― Ափսոսում եմ, որ դուք կարծես թե ծիծաղում եք,― ավելացրեց նա կես րոպե անց։
 
― Իսկ ինձ համար տարօրինակ է, որ քիչ առաջ բորբոքված էիք, իսկ հիմա այնքան հանգիստ եք, թեև տաքացած եք խոսում։
 
― Քիչ առա՞ջ։ Քիչ առաջ ծիծաղելի էր,― պատասխանեց նա ժպտալով,― ես չեմ սիրում նախատել և երբեք չեմ ծիծաղում,― ավելացրեց նա տխրությամբ։
 
― Այո, անուրախ եք անցկացնում ձեր գիշերները՝ թեյ խմելով։― Ես վեր կացա ու վերցրեցի գլխարկս։
 
― Դուք այդպե՞ս եք մտածում,― ժպտաց նա որոշ զարմանքով։― Իսկ ինչո՞ւ։ Ոչ, ես... ես չգիտեմ,― կարկամեց հանկարծ,― չգիտեմ, ինչպես ուրիշները, իսկ ես այնպես եմ զգում, որ չեմ կարող, ինչպես ամեն մեկը։ Ամեն մեկը մտածում է և հետո հիմա ուրիշ բանի մասին է մտածում։ Ես չեմ կարող ուրիշ բանի մասին, ամբողջ կյանքում ես մի բանի մասին։ Ինձ Աստված ամբողջ կյանքում տանջել է,― եզրափակեց նա հանկարծ զարմանալի հախուռնությամբ։
 
― Իսկ ասացեք, եթե թույլ կտաք, ինչո՞ւ դուք ոչ այնքան ճիշտ եք խոսում մայրենի լեզվով։ Մի՞թե հինգ տարում մոռացել եք արտասահմանում։
 
― Մի՞թե ճիշտ չեմ։ Չգիտեմ։ Չէ, ոչ թե, որ արտասահմանում։ Ես այդպես ամբողջ կյանքում եմ խոսել... Ինձ համար միևնույնն է։
 
― Եվս մի հարց, ավելի նուրբ, ես լիովին հավատում եմ, որ դուք հակված չեք հանդիպել մարդկանց և քիչ եք խոսում մարդկանց հետ։ Ինչո՞ւ հիմա ինձ հետ խոսքի բռնվեցիք։
 
― Ձեզ հե՞տ։ Դուք այնտեղ լավ էիք նստած և դուք... իմիջիայլոց միևնույն է... դուք իմ եղբորն եք շատ նման, շատ, արտակարգ,― արտաբերեց նա, կարմրելով,― նա յոթը տարի մահացել է, ավագը, շատ, անչափ շատ։
 
― Պետք է որ շատ ազդեցություն ունենար ձեր մտածելակերպի վրա։
 
― Ո-ո՜չ, նա քիչ էր խոսում, նա ոչինչ չէր ասում։ Ես ձեր երկտողը կհանձնեմ։
 
Նա լապտերով ուղեկցեց ինձ մինչև դարպասը, ինձնից հետո կողպելու համար։ «Իհարկե, խանգարված է»,― վճռեցի ինքս ինձ։ Դարպասի մեջ նոր հանդիպում կայացավ։
 
=== IX ===
 
Նոր էի ոտքս բարձրացրել դռնակի բարձր շեմից վեր, հանկարծ ինչ-որ մեկի ուժեղ ձեռքը բռնեց օձիքս։
 
― Ո՞վ է սույնը,― որոտաց մի ձայն,― բարեկա՞մ ես, թե՝ ոչ։ Խոստովանիր։
 
― Մերոնցից է, մերոնցից,― կողքին ճղճղաց Լիպուտինի ձայնը,― պարոն Գ.-վն է, դասական դաստիարակություն և ամենաբարձր հասարակության մեջ կապեր ունեցող երիտասարդ։
 
― Սիրում եմ, թե որ հասարակության մեջ, դա-սսա-ական... ուրեմն, ամ-մե-նա-աու-ուսյալ... պաշտոնաթող կապիտան Իգնատ Լեբյադկին, պատրաստ ծառայել աշխարհին և ընկերներին... եթե հավատարիմ են, եթե հավատարիմ են ստորները։
 
Կապիտան Լեբյադկինը՝ տասը վերշոկանոց հասակով, հաստ, մսեղ, գանգրամազ, կարմիր և սաստիկ հարբած, հազիվ էր կանգնած իմ դիմաց և դժվարությամբ էր արտաբերում բառերը։ Ի դեպ, առաջ էլ էի տեսել նրան հեռվից։
 
― Ա՜, սա էլ է,― որոտաց նա կրկին՝ նկատելով Կիրիլլովին, որը դեռ չէր գնացել իր լապտերով, կապիտանը բարձրացրեց բռունցքը, բայցև իսկույն իջեցրեց։
 
― Ներում եմ ուսյալության համար։ Իգնատ Լեբյադկին՝ ամենաուսյալ...
 
Սիրո նռնակը բոցկլտուն<br />
Ճաք տվեց Իգնատի կրծքում։<br />
Եվ նորից՝ Սևաստոպոլը հիշելով,<br />
Կռնատը մորմոքաց լալով։
 
― Թեև Սևաստոպոլում չեմ եղել ու կռնատ չեմ նույնիսկ, բայց դե, ի՜նչ հանգեր են,― քիթս էր մտնում նա իր հարբած ռեխով։
 
― Նրանք ժամանակ չունեն, ժամանակ չունեն, տուն պիտի գնան,― համոզում էր Լիպուտինը,― վաղը նրանք Լիզավետա Նիկոլաևնային կպատմեն։
 
― Լիզավետայի՜ն...― ոռնաց կրկին,― սպասի, չգնաս։ Վարյանտ՝
 
Ամազոնուհիների շուրջպարում<br />
Աստղ է թռվռում նժույգի վրա<br />
Եվ ժպտալով ինձ՝ նժույգն է վարում<br />
Իսկն ազն-նվա-ակաան մի երեխա։
 
«Ամազոնուհի աստղին»։
 
― Բայց չէ որ սա հիմն է։ Հիմն է սա, եթե դու ավանակ չես։ Անբանները չեն հասկանում։ Սպասի՜,― կառչեց նա իմ վերարկուից, թեև ամբողջ ուժով դուրս էի պրծնում դռնակից։― Կհայտնես, որ ես պատվո ասպետ եմ, իսկ Դաշան... Դաշկային ես երկու մատով... անազատ ճորտ է ու չի համարձակվի...
 
Այստեղ նա ընկավ, որովհետև ես ուժով պոկվեցի նրա ձեռքերից ու վազեցի փողոցով։ Լիպուտինը կպավ պոչիցս։
 
― Նրան Ալեքսեյ Նիլըյչը կբարձրացնեն։ Գիտե՞ք, թե նոր ինչ իմացա իրենից,― բլբլացնում էր նա շնչակտուր։― Ոտանավորները լսեցիք, չէ՞։ Ուրեմն, այդ ոտանավորները, «Ամազոնուհիները աստղին», նա ահա ծրարել, կնքել է և վաղն ուղարկելու է Լիզավետա Նիկոլաևնային, իր լրիվ ստորագրությամբ։ Ի՜նչ կասեք։
 
― Գրազ եմ գալիս, որ հենց դուք եք նրան դրդել։
 
― Կտարվեք,― քրքջաց Լիպուտինը։― Սիրահարված է, կատվի պես է սիրահարված, իսկ գիտե՞ք արդյոք, որ ատելությունից սկսվեց։ Սկզբից նա այնպես ատեց Լիզավետա Նիկոլաևնային՝ ձիով զբոսնելու համար, որ համարյա թե բարձրաձայն հայհոյում էր փողոցում։ Եվ հո չէ՜ր հայհոյում։ Դեռ երեք օր առաջ հայհոյեց, երբ նա անցավ ձիով, բարեբախտաբար, չլսեց, ու հանկարծ այսօր՝ բանաստեղծություն։ Գիտե՞ք արդյոք, որ նա ուզում է սիրտ անել առաջարկության։ Լուրջ եմ ասում, լուրջ։
 
― Լիպուտին, ես զարմանում եմ ձեզ վրա, ամեն տեղ դուք կաք, որտեղ հենց նման մի աղբ գոյացավ, ամեն տեղ տնօրինում եք,― ասացի ես մոլեգնած։
 
― Բայց դուք շատ հեռուն գնացիք, պարոն Գ.-ով, չլինի՞ թրթռաց ձեր սիրտը, ախոյանից վախեցած, հը՞։
 
― Ի-իիի՞նչ,― բղավեցի ես՝ կանգ առնելով։
 
― Այս էլ՝ պատիժը ձեզ, ու էլ ոչինչ չեմ ասի։ Իսկ չէ՞ որ շատ կուզեիք լսել։ Թեկուզ մենակ այն, որ այդ տխմարը հիմա հասարակ կապիտան չէ, այլ մեր նահանգի կալվածատեր, ու բավական նշանակալի, քանի որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իր ամբողջ կալվածքը, իր նախկին երկու հարյուր շունչն օրերս վաճառել են, և ահա, Աստված վկա, չեմ խաբում, նոր իմացա, բայց շատ ու շատ հաստատ աղբյուրից։ Դե, իսկ հիմա ինքներդ փորփրեք, ոչինչ չեմ ասի, ցը-տեսություն։
 
=== X ===
 
Ստեպան Տրոֆիմովիչն ինձ էր սպասում հիստերիկ անհամբերությամբ։ Արդեն մի ժամ կլիներ, վերադարձել էր։ Ես նրան տեսա, կարծես հարբած վիճակում։ Համենայն դեպս, առաջին հինգ րոպեն մտածում էի, թե հարբած է։ Ավաղ, այցելությունը Դրազդովներին վերջնականապես հանել էր նրան հունից։
 
― Mon ami, ես լրիվ կորցրել եմ իմ թելը... Lise... ես սիրում և հարգում եմ այդ հրեշտակին առաջվա պես, հենց առաջվա պես։ Բայց ինձ թվում է, նրանք երկուսն էլ սպասում էին ինձ միայն ինչ-որ բան պարզելու, այսինքն, պարզապես ինձնից խոսքքաշելու համար, իսկ հետո, գնաքո ճամփով... Աա այսպես է։
 
― Ինչպե՜ս չեք ամաչում,― բղավեցի ես՝ չդիմանալով։
 
― Բարեկամս, հիմա ես լրիվ մենակ եմ։ Enfin, c’est ridicule<ref>Վերջապես, դա ծիծաղելի է (ֆրանս.)։</ref>։ Պատկերացրեք, որ այնտեղ էլ այս ամենը պարուրված է գաղտնիքներով։ Այդպես էլ վրա տվեցին ինձ՝ այդ քթերի և ականջների, պետերբուրգյան ինչ-ինչ գաղտնիքների մասին։ Չէ որ երկուսն էլ միայն այստեղ են առաջին անգամ տեղեկացել Nicolas-ի հետ այստեղի պատմությունների մասին, չորս տարի առաջվա. «Դուք այստեղ եք եղել, դուք տեսել եք, ճի՞շտ է արդյոք, որ նա խելագար է»։ Եվ որտեղի՞ց է այդ գաղափարը մեջտեղ եկել, չեմ հասկանում։ Պրասկովյան ինչո՞ւ է անպայման ուզում, որ Nicolas-ը խելագար դուրս գա։ Ուզում է այդ կինը, ուզում է։ Ce Maurice<ref>Այդ Մավրիկին (ֆրանս.)։</ref>, կամ ինչպես են նրան կոչում, Մավրիկիյ Նիկոլաևիչը, brave homme tout de même<ref>փառավոր տղա է, համենայն դեպս (ֆրանս.)։</ref>, բայց արդյո՞ք նրա օգտին, և այն բանից հետո, երբ հենց ինքն էր Փարիզից առաջինը գրել cet pouve amie<ref>այդ խեղճ բարեկամին (ֆրանս.)։</ref>... Enfin, այդ Պրասկովյան, ինչպես կոչում է նրան cette chèr amie<ref>այդ թանկագին բարեկամը (ֆրանս.)։</ref>-ն, մի տխմար է, Գոգոլի անմահ հիշատակին՝ Կոռոբոչկա, բայց միայն չարասիրտ Կոռոբոչկա, դյուրաբորբոք, ու անսահման խոշորացված տեսքով։
 
― Բայց այդպես սնդուկ կստացվի, հաստա՞տ խոշորացված։
 
― Լավ, փոքրացված, միևնույնն է, միայն մի ընդհատեք, որովհետև ներսումս այդ ամենը պտույտ է տալիս։ Այնտեղ նրանք լրիվ թուքումուրի են անցել, բացի Lise, նա դեռևս «Հորաքույր, հորաքույր» է ասում, բայց Lise խորամանկ է ու այնտեղ էլի ինչ-որ բան կա։ Գաղտնիքներ։ Սակայն պառավի հետ գժտվեցին։ Cette pouvre<ref>այդ խեղճ (ֆրանս.)։</ref> հորաքույրը, ճիշտ է, բոլորի վրա բռնանում է... ավելացրած դեռ և նահանգապետուհին, և հասարակության անհարգալիրությունը, և Կարմազինովի «անհարգալիրությունը», ու հանկարծ էլ խելագարության մասին այդ միտքը, ce Lipoutine, ce que je ne comprends pas<ref>այդ Լիպուտինը, այն ամենը, ինչ ես չեմ հասկանում (ֆրանս.)։</ref>։ Եվ ասում են, թե գլուխը քացախով է թրջել, այդտեղ էլ մենք ու դուք, մեր գանգատներով ու մեր նամակներով... Օ՜, ինչպես եմ տանջել նրան, ու այդպիսի մի ժամանակ։ Je suis un ingrat!<ref>ես անշնորհակալ մարդ եմ (ֆրանս.)։</ref> Պատկերացրեք, վերադառնում եմ ու նրանից մի նամակ գտնում։ Կարդացեք, կարդացեք։ Օ՜, ինչպիսի անազնվություն իմ կողմից։
 
Նա ինձ տվեց Վարվառա Պետրովնայից հենց նոր ստացած նամակը։ Կարծես, նա զղջացել էր առավոտյան «Մնացեք տանը» բառերի համար։ Նամակը բարեկիրթ էր, բայց և այնպես վճռական ու սակավաբառ։ Վաղը չէ մյուս օրը, կիրակի, նա խնդրում էր Ստեպան Տրոֆիմովիչին՝ իր մոտ լինել ժամը տասներկուսին և խորհուրդ էր տվել իր հետ տանել ընկերներից որևէ մեկին (փակագծերում իմ անունն էր)։ Իր կողմից, խոստացել էր կանչել Շատովին, որպես Դարյա Պավլովնայի եղբորը։ «Դուք կարող եք Դարյա Պավլովնայից ստանալ վերջնական պատասխան, կբավականացնի՞ դա ձեզ։ Այդ ձևականությա՞նն էիք այդպես հետամուտ»։
 
― Նկատի առեք վերջի այդ բորբոքված նախադասությունը ձևականության մասին։ Խե՜ղճ իմ, խե՜ղճ, ամբողջ կյանքիս բարեկամը։ Խոստովանում եմ, ճակատագրի այդ ''հանկարծակի'' լուծումը ճիշտ կարծես ճզմել է ինձ... Խոստովանեմ, ես դեռ հուսադրվում էի, իսկ հիմա tout est dit<ref>ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։</ref>, ես արդեն գիտեմ, որ վերջացած է, c’est terrible<ref>դա սարսափելի Է (ֆրանս.)։</ref>։ Օ՜, եթե բոլորովին չլիներ այդ կիրակին, այլ ամեն ինչ հնի պես՝ դուք կգայիք, ես էլ այստեղ...
 
― Ձեզ հունից հանել են լիպուտինյան բոլոր այդ վերջին գարշելիությունները, բամբասանքները։
 
― Բարեկամս, դուք հիմա դիպաք մեկ ուրիշ ցավոտ տեղի, ձեր բարեկամական մատով։ Բարեկամական այդ մատներն ընդհանրապես անողոք են, երբեմն էլ անհասկացող, pardon<ref>ներեցեք (ֆրանս.)։</ref>, բայց կհավատա՞ք արդյոք, որ ես համարյա մոռացել եմ այդ ամենը, նողկալիությունները, այսինքն՝ բոլորովին էլ չեմ մոռացել, բայց ես, իմ հիմարության պատճառով, ամբողջ այն ընթացքում, երբ Lise-ի մոտ էի, աշխատում էի երջանիկ լինել ու հավատացնում էի ինձ, թե երջանիկ եմ։ Բայց հիմա... օ՜, հիմա ես այդ մեծահոգի, մարդասեր, իմ ստոր արատների հանդեպ համբերատար կնոջ մասին, այսինքն՝ թեև ոչ այնքան համբերատար, բասց դե, ի՞նքս ինչպիսին եմ, իմ ւիուչ, գեշ բնավորությամբ։ Չէ որ ես կամակոր երեխա եմ, երեխայի համակ եսապաշտությամբ, բայց առանց նրա անմեղության։ Նա քսան տարի խնամել է ինձ դայակի նման, cette pauvre հորաքույրը, ինչպես Lise-ն է վեհապանծ կոչում նրան։ Ու հանկարծ, քսան տարի անց, երեխան ցանկացել է ամուսնանալ, ամուսնացրու հա ամուսնացրու, նամակ նամակի վրա, իսկ նրա գլխին՝ քացախի թրջոց ու... ահա և հասա, կիրակի օրն ամուսնացած մարդ եմ, կատակ բան չէ... Եվ ի՞նչ էի ինքս ինձ պնդում, ինչո՞ւ էի նամակներ գրում։ Հա, մոռացա, Lise-ը պաշտում է Դարյա Պավլովնային, համենայն դեպս ասում է, նրա մասին ասում է. «C’est un ange<ref>Դա հրեշտակ է (ֆրանս.)։</ref>, միայն թե փոքր ինչ ծածկամիտ»։ Երկուսն էլ խորհուրդ տվեցին, նույնիսկ Պրասկովյան... Իմիջիայլոց, Պրասկովյան խորհուրդ չտվեց։ Օ՜, ինչքան թույն կա այդ Կոռոբոչկայի մոջ։ Llse-ը նույնպես խորհուրդ չտվեց. «Ձեր ինչի՞ն է պետք ամուսնանալը, ձեզ բավական են նաև գիտական վայելքները»։ Քրքջում էր։ Ես նրան ներեցի իր քրքիջը, որովհետև իր սիրտն էլ է անհանգստությամբ լի։ Սակայն, ասում են նրանք, ձեզ համար առանց կնոջ անհանարին է։ Մոտենում են ձեր տկարությունները, նա ձեզ կպահի, կամ ինչպես են ասում... Ma foi<ref>իրոք (ֆրանս.)։</ref>, ես ինքս էլ, այս ամբողջ ժամանակ ձեզ հետ նստած, ինքս ինձ մտածում էի, որ նախախնամությունն է նրան ուղարկում ինձ իմ բուռն տարիների մայրամուտին և նա ինձ կպահի, կամ ինչպես են ասում... enfin<ref>վերջապես (ֆրանս.)։</ref>, պետք կլինի տնտեսության մեջ։ Ահա, ի՜նչ կեղտ է ինձ մոտ, ահա, տեսեք, ամեն ինչ՝ թափթփված, նոր եմ կարգադրել, որ հավաքեն, և գիրքն ընկած է հատակին։ La pouvre amie-ն բարկանում է, որ կեղտոտ է լինում... Օ՜, հիմա արդեն էլ չի հնչի նրա ձայնը։ Vingt ans!<ref>Քսան տարի (ֆրանս.)։</ref> Ե-եվ, նրանց մոտ կարծեմ թե անանուն նամակներ կան, պատկերացրեք, իբր Nicolas-ը Լեբյադկինին է վաճառել կալվածքը։ C’est un monstre; et enfin<ref>Դա հրեշ է, և վերջապես (ֆրանս.)։</ref>, ո՞վ է Լեբյադկինը։ Lise-ը լսում է, լսում, ո՜ւխ, ինչպես է նա լսում։ Ես ներեցի նրա քրքիջը, ես տեսա, թե ինչպիսի դեմքով է նա լսում, Lee Mourice... ես չէի ցանկանա լինել ներկայիս նրա դերում, brave homme tout de même, բայց մի քիչ ամաչկոտ է, իմիջիայլոց, Աստված նրա հետ...
 
Նա լռեց։ Հոգնել էր. խճճվեց ու նստած էր գլուխը հակած՝ հոգնած աչքերով անշարժ նայելով հատակին։ Ես օգտվեցի դադարից ու պատմեցի իմ այցելությունը Ֆիլիպպովի տուն, ըստ որում չոր ու կտրուկ կարծիքս հայտնեցի, որ իրոք Լեբյադկինի քույրը (ում չէի տեսել) կարող էր ինչ-որ ժամանակ լինել Nicolas-ի որևէ զոհը, նրա կյանքի հանելուկային շրջանում, ինչպես արտահայտվում էր Լիպուտինը և որ շատ հնարավոր է, որ Լեբյադկինն ինչ-որ պատճառով Nicolas-ից փող է ստանում, բայց և վերջ։ Իսկ Դարյա Պավլովնայի մասին բամբասանքների վերաբերյալ, որ այդ ամենը դատարկ բան է, որ այդ ամենը սրիկա Լիպուտինի հորինվածքներն են և որ համենայն դեպս, դա է հաստատում Ալեքսեյ Նիլըյչը եռանդագին, ում չհավատալու հիմքեր չկան։ Ստեպան Տրոֆիմովիչը լսեց իմ հավաստիացումները ցրված տեսքով, կարծես իրեն չէր վերաբերում։ Իմիջիայլոց, հիշատակեցի նաև Կիրիլլովի հետ իմ խոսակցությունը և ավելացրի, որ Կիրիլլովը գուցեև խելագար է։
 
― Նա խելագար չէ, բայց դրանք կարճլիկ մտքեր ունեցող մարդիկ են,― ալարկոտ ու մի տեսակ չուզելով լմլմացրեց նա։― Ces gens-là supposent la nature et la société humaine autres que Dieu ne les a faites et qu’elles ne sot réelement<ref>Այդ մարդիկ իրենց համար պատկերացնում են բնությունը և մարդկային հասարակությունն այլ կերպ, քան ստեղծել է Աստված և թե ինչ են իրենք հանդիսանում իրականում (ֆրանս.)։</ref>։ Նրանց հաճոյախոսում են, բայց համենայն դեպս ոչ Ստեպան Վերխովենսկին։ Ես տեսել են նրանց այն ժամանակ, Պետերբուրգում, avec cette chère amie (o՜, ինչպես էի այն ժամանակ վիրավորում նրան), և ոչ միայն նրանց հայհոյանքներից, նույնիսկ նրանց գովասանքներից չվախեցա։ Չեմ վախենա և հիմա, mais parlons d’autre chose<ref>բայց ուրիշ բաներից խոսենք (ֆրանս.)։</ref>... Կարծում եմ, սարսափելի բաներ եմ արել։ Պատկերացրեք, երեկ նամակ եմ ուղարկել Դարյա Պավլովնային և... ինչպես եմ ինքս ինձ նզովում դրա համար։
 
― Իսկ ինչի՞ մասին եք գրել։
 
― O՜, բարեկամս, հավատացեք, որ այդ ամենը շատ ազնվաբար է եղել։ Ես նրան տեղեկացրի, որ գրել եմ Nicolas-ին, դեռևս հինգ օր առաջ, նույնպես ազնվաբար։
 
― Հասկանում եմ հիմա,― բղավեցի տաքացած։― Եվ ի՞նչ իրավունք ունեիք այդպես համադրել նրանց։
 
― Բայց, mon cher, մի ճզմեք ինձ վերջնական, մի բղավեք ինձ վրա։ Առանց այդ էլ լրիվ ճզմված եմ ուտիճի պես և, ի վերջո, մտածում եմ, որ այդ ամենն այնքա՜ն է ազնվաբարո։ Ենթադրենք, թե այնտեղ իսկապես ինչ-որ բան եղել է... en Suisse<ref>Շվեյցարիայում (ֆրանս.)։</ref>, կամ սկսվել։ Պե՞տք է որ ես նախապես հարցնեմ նրանից, որպեսզի... enfin, որպեսզի չխանգարեմ նրանց սրտերին ու սյան պես չկանգնեմ նրանց ճանապարհին... Միայն ազնվությունից ելնելով, ես...
 
― Օ՜, Աստված, ինչ հիմար բան եք արել,― ակամա պոկվեց բերանիցս։
 
― Հիմարությո՜ւն, հիմարությո՜ւն,― միացավ նա, նույնիսկ ագահաբար։― Ավելի խելոք ոչինչ չէիք ասել երբեք, c’detait bête, mais que faire, tout est dit<ref>դա հիմարություն կլիներ, բայց ինչ արած, ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։</ref>։ Միևնույն է, կամուսնանամ, թեկուզև «ուրիշի մեղքերի» հետ, ուրեմն, ի՞նչ կարիք կա գրել։ ճիշտ չէ՞։
 
― Նորից նույնն եք շարունակում։
 
― Օ՜, հիմա ինձ չեք վախեցնի ձեր բղավոցներով, հիմա ձեր դիմաց արդեն այն Ստեպան Վերխովենսկին չէ. այն մեկը թաղված է։ Enfin, tout est dit<ref>մի խոսքով, ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։</ref>։ Եվ ինչի՞ համար եք բղավում։ Սոսկ այն պատճառով, որ դուք չեք ամուսնացողը և դուք չեք կրելու հայտնի գլխազարդը։ Դարձյա՞լ տհաճ էր ձեզ համար։ Խեղճ իմ բարեկամ, դուք չեք ճանաչում կնոջը, իսկ իմ արածն այն է եղել, որ ուսումնասիրել եմ նրան։ Եթե ուզում ես հաղթել ամբողջ աշխարհը, «հաղթիր ինքդ քեզ»՝ միակ բանը, որ հաջողվել է լավ ասել ձեզ պես մեկ ուրիշ ռոմանտիկի՝ Շատովին, իմ տիկնոջ եղբորը։ Հաճույքով փոխառնում եմ նրա ասույթը։ Դե, ահա և պատրաստ եմ հաղթել ինքս ինձ, և ամուսնանում եմ, այնինչ, ամբողջ աշխարհի փոխարեն ի՞նչ եմ նվաճելու։ Օ՜, բարեկամս, ամուսնությունը յուրաքանչյուր հպարտ հոգու, ամենայն անկախության բարոյական մահն է։ Ամուսնական կյանքն ինձ կայլասերի, կխլի եռանդս, գործին ծառայելու արիությունս, կհայտնվեն երեխաներ, թերևս ոչ իմ, այսինքն, հասկանալի է, ոչ իմ։ Իմաստունը չի վախենում նայել ճշմարտության աչքերին... Լիպուտինն առաջարկում էր Nicolas-ից փրկվել բարիկադներով։ Հիմար է այդ Լիպուտինը։ Կինը կխաբի ամենատես աչքն իսկ։ Le bon Dieu<ref>Տեր Աստված (ֆրանս.)։</ref>, ստեղծելով կնոջը, հարկավ, գիտեր, թե ինչի է ենթարկվում, բայց ես համոզված եմ, որ հենց կինն է խանգարել նրան ու ստիպել իրեն ստեղծել այդ տեսքով և... այդ հատկանիշներով։ Այլապես, ո՞վ կուզենար իրեն այդպիսի հոգսեր պատճառել անվճար։ Նաստասյան, գիտեմ, գուցեև բարկանա իմ վրա՝ ազատամտության համար, բայց... enfin, tout est dit։
 
Ինքն ինքը չէր լինի, եթե չգոհանար էժանագին, բառախաղային ազատամտությամբ, որ այնպես ծաղկում էր նրա ժամանակներում, համենայն դեպս հիմա սփոփում էր իրեն դրանով, բայց ոչ երկարատև։
 
― Օ՜, ինչու պիտի ամենևին չլինի այդ վաղը չէ մյուս օրը, այդ կիրակին,― բացականչեց նա հանկարծ, բայց արդեն կատարյալ հուսալքությամբ,― ինչո՞ւ գոնե այդ մի շաբաթը չլինի առանց գեթ մի կիրակի օրվա՝ si le miracle existe<ref>և թող ամեն ինչ լինի վերջացած (ֆրանս.)։</ref>։ Ի՞նչ է նախախնամության համար գեթ մի կիրակի օր ջնջելն օրացույցից, թեկուզև իր զորությունն աթեիստին ապացուցելու համար, et que tout soit dit<ref>թող ամեն ինչ վերջացած լինի (ֆրանս.)։</ref>։ Օ՜, ինչպես եմ սիրել նրան, քսան տարի, ամբողջ քսան տարի, ու երբեք էլ նա չի հասկացել ինձ։
 
― Բայց ո՞ւմ մասին եք դուք խոսում, ես ձեզ չեմ հասկանում,― հարցրի ես զարմացած։
 
― Vingt ans։ Եվ ոչ մի անգամ չհասկացավ ինձ, օ՜, դաժան բան է դա։ Եվ միթե նա մտածում է, որ ես ամուսնանում եմ վախից, կարիքից։ Օ՜, խայտառակություն, հորաքույր, հորաքույր, ես քեզ համար... Օ՜, թող իմանա նա, այդ հորաքույրը, որ ինքը միակ կինն է, ում պաշտել եմ քսան տարի։ Նա պետք է իմանա դա, այլ կերպ չի լինի, այլ կերպ միայն ուժով ինձ քարշ կտան այդ qu’on appelle le<ref>այսպես կոչված (ֆրանս.)։</ref> պսակի տակ։
 
Առաջին անգամ էի այդ խոստովանությունը լսում և այդչափ եռանդագին արտաբերված։ Չեմ թաքցնում, որ անչափ ուզում էի ծիծաղել։ Ես իրավացի չէի։
 
― Մենակ, մենակ նա է մնացել հիմա, միակ իմ հույսը,― հանկարծ ձեռքերն իրար զարկեց՝ ասես անսպասելի խայթված մի նոր մտքից,― հիմա միայն նա, իմ խեղճ տղան կփրկի ինձ և օ՜, իսկ ինչու չի գալիս։ Օ՜, իմ զավակ, օ՜ իմ Պետրուշա... ու թեև ես արժանի չեմ հայր կոչվել, այլ ավելի շուտ՝ վագր, բայց... laissez-moi, mon ami<ref>թողեք ինձ, բարեկամս (ֆրանս.)։</ref>, ես մի քիչ պառկեմ, որ մտքերս ժողովեմ։ Ես այնպես եմ հոգնել, այնպես եմ հոգնել, դուք նույնպես, կարծում եմ, պիտի քնեք, voyez-veus<ref>դուք տեսնում եք (ֆրանս.)։</ref>, ժամը տասներկուսն է։
== Գլուխ չորրորդ. Կաղլիկը ==
Վստահելի
1318
edits