Changes

Դևեր, Մասն առաջին

Ավելացվել է 152 139 բայտ, 19:47, 16 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Արքայազն Հարրին: Հարսնախոսություն */
== Գլուխ երկրորդ. Արքայազն Հարրին: Հարսնախոսություն ==
 
=== I ===
 
Աշխարհում մի հոգի էլ կար, ում կապված էր Վարվառա Պետրովնան ոչ պակաս, քան Ստեպան Տրոֆիմովիչին՝ միակ որդին էր՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչ Ստավրոգինը։ Հենց նրա համար էր հրավիրվել Ստեպան Տրոֆիմովիչը, որպես դաստիարակ։ Տղան այն ժամանակ ութը տարեկան էր, իսկ հայրը՝ թեթևամիտ գեներալ Ստավրոգինը, արդեն բաժան էր ապրում մայրիկից, այնպես որ երեխան մեծացավ միայն մոր հոգածության ներքո։ Արդարը պիտի հատուցել Ստեպան Տրո-ֆիմովիչին, նա կարողանում էր իրեն կապել սանին։ Նրա ամբողջ գաղտնիքն այն էր, որ ինքն էլ էր երեխա։ Այն ժամանակ ես դեռ չկայի, իսկ նա մշտապես կարիքն ուներ իսկական ընկերոջ։ Նա չերկնչեց իրեն ընկեր դարձնել այդքան փոքրահասակ մի արարածի, հենց նա մի քիչ մեծացավ։ Մի տեսակ բնական էր ստացվել, որ նրանց միջև նվազագույն իսկ տարածություն չէր մնացել։ Նա քանիցս արթնացրել էր իր տասը կամ տասնմեկամյա ընկերոջը գիշերով, միայն նրա առաջ իր վիրավորված զգացմունքները զեղելու՝ արցունքն աչքերին, կամ որևէ մի ընտանեկան գաղտնիք բացահայտելու, չնկատելով, որ դա արդեն միանգամայն անթույլատրելի է։ Նրանք միմյանց գիրկ էին նետվում ու լալիս։ Մոր մասին տղան գիտեր, որ շատ է սիրում իրեն, բայց հազիվ թե շատ էր սիրում մորն ինքը։ Մայրը քիչ էր խոսում նրա հետ, որևէ խնդրում հազվադեպ էր շատ նեղում նրան, սակայն մոր՝ իրեն հետևող ակնդետ հայացքը մշտապես մի տեսակ հիվանդագին զգում էր իր վրա։ Ի դեպ, ուսուցման և բարոյական զարգացման ամբողջ գործում մայրն ամբողջովին վստահում էր Ստեպան Տրոֆիմովիչին։ Այն ժամանակ դեռևս լիուլի հավատում էր նրան։ Հարկ է մտածել, որ մանկավարժը փոքր-ինչ քայքայել էր իր սանի նյարդերը։ Երբ տասնվեց տարեկան նրան տարան լիցեյ, տղան տխեղծ էր ու գունատ, տարօրինակ սուսուփուս և մտազբաղ։ (Հետագայում նա աչքի էր ընկնում արտակարգ ֆիզիկական ուժով)։ Հարկ է ենթադրել նաև, որ ընկերները լաց էին լինում, գիշերները փոխադարձաբար միմյանց գիրկ նետվելով, ոչ սոսկ ինչ-ինչ ընտանեկան պատմությունների պատճառով։ Ստեպան Տրոֆիմովիչը կարողացել էր դիպչել իր ընկերոջ սրտի ամենախորունկ լարերին և արթնացրել առաջին, դեռևս անորոշ զգացողությունն այն հավերժական, սրբազան թախծի, որն առանձին ընտրյալ հոգին, մեկ անգամ ճաշակելով ու ճանաչելով, հետագայում երբեք չի փոխարինի էժանագին բավարարությամբ։ (Կան նաև այնպիսի երկրպագուներ, որոնք այդ թախիծն ավելի թանկ են գնահատում ամենաարմատական բավարարումից, եթե նույնիսկ այդպիսին հնարավոր դառնար)։ Համենայն դեպս, լավ էր, որ փոքրիկին ու դաստիարակին, թեև ուշ, սակայն բաժանեցին այս ու այն կողմ։
 
Առաջին երկու տարին երիտասարդը լիցեյից արձակուրդ էր գալիս։ Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի Պետերբուրգում եղած ժամանակ նա երբեմն ներկա էր լինում մոր մոտ տեղի ունեցող գրական երեկույթներին, ունկնդրում էր և հետևում։ Խոսում էր քիչ և նախկինի պես դեռևս սուսուփուս էր, ամաչկոտ։ Ստեպան Տրոֆիմովիչին նախկին քնքուշ ուշադրությամբ էր վերաբերվում, բայց արդեն մի տեսակ ավելի զուսպ։ Վերին նյութերից և անցյալի հուշերից, ըստ երևույթին, խուսափում էր խոսել նրա հետ։ Դասընթացն ավարտելով, մայրիկի ցանկությամբ, զինվորական ծառայության ընդունվեց նա և շուտով գվարդիական ամենաերևելի հեծյալ գնդերից մեկի կազմում էր։ Նա չեկավ՝ մայրիկին ներկայանալու մունդիրով և սկսեց հազվադեպ գրել Պետերբուրգից։ Վարվառա Պետրովնան նրան փող էր ուղարկում՝ չխնայելով, չնայած, որ ռեֆորմից հետո նրա կալվածքների եկամուտն ընկավ այնքան, որ սկզբնական շրջանում նախկինի կեսն էլ չէր ստանում։ Իմիջիայլոց, տևական խնայողությամբ նա որոշ, ոչ ամենևին փոքր կապիտալ էր կուտակել։ Նրան շատ էին հետաքրքրում որդու հաջողությունները պետերբուրգյան բարձրագույն հասարակության մեջ։ Ինչ չհաջողվեց նրան, հաջողվեց երիտասարդ սպային՝ հարուստ և հուսադրող։ Նա վերականգնեց այնպիսի ծանոթություններ, որոնց մասին մայրն այլևս երազել իսկ չէր կարող, և ամենուր ընդունվում էր մեծ բավականությամբ։ Բայց շատ շուտով Վարվառա Պետրովնային հասնել սկսեցին բավականին տարօրինակ լուրեր․ երիտասարդը մի տեսակ խելահեղ ու հանկարծակի գինարբուքների էր տրվել։ Չէ թե նա խաղում էր կամ շատ խմում։ Պատմում էին միայն ինչ-որ վայրի սանձարձակության մասին, վարգաձիերով կոխկրտված մարդկանց մասին, գազանային վարմունքի մասին լավ հասարակության մի տիկնոջ հանդեպ, ում հետ կապի մեջ էր եղել, իսկ հետո վիրավորել հրապարակավ։ Նույնիսկ չափից ավելի բացահայտ կեղտոտ ինչ-որ բան կար այդ գործում։ Դրան ավելացնում էին, որ նա մենամարտասեր է, կպչում և վիրավորում է՝ վիրավորելու հաճույքից։ Վարվառա Պետրովնան հուզվում էր և թախծում։ Ստեպան Տրոֆիմովիչը հավատացնում էր նրան, որ դրանք չափազանց հարուստ խառնվածքի առաջին բուռն պոռթկումներն են, որ ծովը կխաղաղվի և որ այդ ամենը նման է Ֆալստաֆի, Պոյնսի և միստրիս Քուիքլիի հետ գինարբուքներ անող արքայազն Հարրիի պատմությանը՝ նկարագրված Շեքսպիրի գործում։ Վարվառա Պետրովնան այս անգամ չբղավեց. «Ցնդաբանությո՜ւն է, ցնդաբանությո՜ւն», ինչպես սովորություն էր դարձրել վերջերս շատ հաճախ բղավել Ստեպան Տրոֆիմովիչի վրա, այլ հակառակը, շատ ուշադիր լսեց, կարգադրեց ավելի մանրամասն բացատրել իրեն, ինքը վերցրեց Շեքսպիրի հատորը և արտակարգ ուշադրությամբ ընթերցեց անմահ ժամանակագրությունը։ Սակայն ժամանակագրությունը նրան չհանգստացրեց, այնքան էլ շատ նմանություններ չգտավ։ Նա տենդագին սպասում էր իր մի քանի նամակների պատասխանին։ Պատասխանները չհապաղեցին․ շուտով ճակատագրական մի լուր ստացվեց, որ արքայազն Հարրին համարյա միանգամից երկու մենամարտ է ունեցել, երկու դեպքում էլ ծայրեծայր մեղավոր, հակառակորդներից մեկին սպանել տեղում, իսկ մյուսին խեղանդամել է և այդ արարքների պատճառով դատի տրվել։ ''Գործն ավարտվել էր աստիճանազրկման՝ զինվորի, իրավունքներից զրկմամբ և ծառայության ուղարկվելով բանակային հետևակ գնդերից մեկը, այն էլ՝ առանձնահատուկ ողորմածությամբ։''
 
Վաթսուներեք թվականին նրան ինչ-որ կերպ հաջողվեց աչքի ընկնել։ Նրան փոքր խաչ էին հանձնել և ենթասպայի, իսկ հետո մի տեսակ շատ արագ սպայի աստիճան տվել։ Այդ ամբողջ ժամանակաընթացքում Վարվառա Պետրովնան թերևս հարյուրի չափ նամակներ ուղարկեց մայրաքաղաք՝ խնդրանքներով և աղաչանքներով։ Նա իրեն թույլ տվեց փոքր-ինչ նսեմանալ նման անսովոր դեպքի կապակցությամբ։ Աստիճան ստանալուց հետո երիտասարդը հանկարծ հրաժարվեց ծառայությունից, կրկին չեկավ Սկվորեշնիկի, իսկ մորն ամենևին արդեն սկսեց չգրել։ Կողմնակի ճանապարհներով իմացան վերջապես, որ նա Պետերբուրգում է, բայց որ նախկին հասարակության մեջ նրան արդեն չեն հանդիպում ամենևին։ Հետևեցին ու պարզեցին, որ ապրում է ինչ-որ տարօրինակ շրջապատում, կապվել է պետերբուրգյան բնակչության ինչ-ինչ թափթփուկների հետ, անսապոգ աստիճանավորների, ազնվաբարո տեսքով մուրացող աստիճանաթող զինվորականների, հարբեցողների հետ, ելումուտ ունի նրանց կեղտոտ ընտանիքները, օրեր ու գիշերներ է անցկացնում մթին հետնախորշերում և Աստված գիտե, թե ինչ ծակուծուկերում, իջել է հատակը, ցնցոտիների մեջ է և որ, ուրեմն, դա նրան դուր է գալիս։ Մորից փող չէր խնդրում, իր փոքր կալվածքն ուներ՝ գեներալ Ստավրոգինի նախկին գյուղակը, որը գոնե ինչ-որ եկամուտ տալիս էր և որը, լուրերի համաձայն, նա վարձակալության էր տվել սաքսոնյան մի գերմանացու։ Վերջապես մայրն աղաչեց նրան իր մոտ գալ, և արքայազն Հարրին հայտնվեց մեր քաղաքում։ Այստեղ էլ առաջին անգամ ես զննեցի նրան, իսկ մինչ այդ երբեք չէի տեսել։
 
Շատ գեղեցկատես երիտասարդ էր, քսանհինգ տարեկան, և խոստովանում եմ, ապշեցրեց ինձ։ Սպասում էի հանդիպել ինչ-որ գջլոտ շրջմոլիկի՝ այլասերումից մաշված, օղու հոտ արձակող։ Ընդհակառակն, երբևէ իմ տեսած ջենթլմեններից ամենանրբագեղն էր, չափազանց լավ հագնված և պահում էր իրեն այնպես, ինչպես կարող է պահել ամենանրբին բարեձևության սովոր պարոնը։ Միայն ես չէի զարմացած, զարմանում էր նաև ամբողջ քաղաքը, որին, հարկավ, արդեն հայտնի էր պարոն Ստավրոգինի լրիվ կենսագրությունը, նույնիսկ այնպիսի մանրուքներով, որ անհնար էր պատկերացնել՝ որտեղից էին դրանք ի հայտ եկել, և որ ամենազարմանալին է, դրանց կեսը ճիշտ դուրս եկավ։ Մեր բոլոր տիկնայք ցնորված էին նոր հյուրով։ Նրանք կտրուկ բաժանվեցին երկու կողմի՝ մեկը պաշտում էր, մյուսը ատում, արյամբ վրեժ լուծելու աստիճան, սակայն ցնորված էին հավասարապես։ Ոմանց առանձնապես հրապուրում էր, որ նրա հոգում գուցեև ինչ-որ ճակատագրական գաղտնիք կա, մյուսներին հաստատապես դուր էր գալիս, որ նա մարդասպան է։ Պարզվեց նույնպես, որ միանգամայն կարգին կրթված է, նույնիսկ որոշ գիտելիքներ ունի։ Հարկավ, շատ գիտելիք չէր պահանջվում մեզ զարմացնելու համար, բայց նա կարող էր դատել նաև օրախնդիր, բավական հետաքրքիր թեմաներով, և որ ամենից արժեքավորն էր, հոյակապ կշռադատությամբ։ Հիշատակեմ որպես տարօրինակություն, մեզանում բոլորը, համարյա առաջին օրից, նրան համարեցին չափազանց կշռադատ անձնավորություն։ Շատ զրուցասեր չէր, նրբագեղ էր առանց նրբաճաշակության, զարմանալի համեստ և միաժամանակ համարձակ ու ինքնավստահ, ինչպես և ոչ ոք մեզանում։ Մեր պճնամոլները նրան էին նայում նախանձով և կատարելապես խամրեցին նրա առաջ։ Ինձ զարմացրեց նաև նրա դեմքը, մազերը չափից ավելի էին սև, բացգույն աչքերը չափից ավելի էին հանգիստ ու ջինջ, դեմքի գույնը չափից ավելի էր նուրբ ու ճերմակ, շառագույնը չափից ավելի էր վառ ու մաքուր, ատամները մարգարտի պես, շրթունքները մարջանե՝ թվում էր, թե պատկերք է, միաժամանակ կարծես նաև գարշելի։ Ասում էին, որ դեմքը դիմակ է հիշեցնում, ի դեպ, շատ բաներ էին ասում, իմիջիայլոց, նրա մարմնական արտակարգ ուժի մասին։ Համարյա բարձրահասակ էր։ Վարվառա Պետրովնան նրան էր նայում հպարտությամբ, բայցև մշտական անհանգստությամբ։ Մեզ մոտ նա կես տարվա չափ ապրեց՝ ծուլորեն, անձայն, բավականին մռայլ։ Հայտնվում էր հասարակության մեջ և անշեղ ուշադրությամբ կատարում մեր գավառական ամբողջ էտիկետը։ Հոր կողմից հարազատ էր նահանգապետին և նրա տանն ընդունված որպես մոտիկ ազգական։ Սակայն անցավ մի քանի ամիս, և գազանը հանկարծ ցույց տվեց ճանկերը։ Ի դեպ, փակագծերում նշեմ, որ մեր սիրելի, մեղմաբարո Իվան Օսիպովիչը՝ մեր նախկին նահանգապետը, մի քիչ նման էր կնկա, բայց լավ ընտանիքից էր ու կապեր ուներ, ինչով էլ բացատրվում է, որ այդքան տարի նստեց մեզ մոտ՝ մշտապես խույս տալով ամենայն գործից։ Աղուհացով մարդ լինելու և հյուրընկալության առումով հարկ էր, որ նա հին ու լավ ժամանակների ազնվականության պարագլուխ լիներ և ոչ թե նահանգապետ, այնպիսի մի հոգսաշատ ժամանակ, ինչպիսին մերն էր։ Քաղաքում շարունակ խոսում էին, որ նահանգը կառավարում է ոչ թե նա, այլ Վարվառա Պետրովնան։ Իհարկե, թունալի էր ասված, բայց և այնպես կատարյալ սուտ էր։ Մենք էլ քիչ սրամտություններ չօգտագործեցինք այդ կապակցությամբ։ Ընդհակառակն, Վարվառա Պետրովնան վերջին տարիներս հատկապես ու գիտակցաբար իրեն մեկուսացրել էր ամեն կարգի վերին դեր ու կոչումից, չնայած իր հանդեպ ամբողջ հասարակության արտակարգ հարգանքին, և կամավորապես սահմանափակվել իր իսկ նշած խիստ շրջանակներում։ Վերին դերերի փոխարեն նա հանկարծ սկսեց զբաղվել տնտեսությամբ և երկու-երեք տարում իր կալվածքի եկամտաբերությունը բարձրացրեց համարյա նախկին աստիճանին։ Բանաստեղծական նախկին բռնկումների փոխարեն (ուղևորություններ Պետերբուրգ, ամսագիր հրատարակելու մտադրություն և այլն), սկսեց կուտակել և ժլատություն անել։ Անգամ Ստեպան Տրոֆիմովիչին հեռացրեց իրենից՝ թույլ տալով նրան բնակարան վարձել ուրիշ տան մեջ (ինչի համար նա վաղուց արդեն ձեռ չէր քաշում տիկնոջից, զանազան պատրվակներով)։ Կամաց-կամաց Ստեպան Տրոֆիմովիչը սկսեց նրան կոչել պրոզայիկ կին, կամ ավելի կատակախառը՝ «իր պրոզայիկ բարեկամը»։ Անշուշտ, այդ կատակները նա իրեն թույլ էր տալիս սոսկ արտակարգ հարգալիր ձևով՝ երկար ժամանակ ընտրելով հարմար պահը։
 
Բոլոր մոտիկներս, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը բոլորիցս զգալի կերպով, հասկանում էինք, որ որդին նրա դիմաց է հայտնվել հիմա կարծես նոր մի հույսի ձևով և նույնիսկ ինչ-որ նոր մի երազանքի տեսքով։ Նրա բուռն զգացմունքը որդու հանդեպ ծայր առավ պետերբուրգյան հասարակության մեջ նրա հաջողությունների շրջանից և հատկապես ուժգնացավ այն պահից, երբ եկավ նրա՝ զինվորի աստիճանազրկման լուրը։ Այնինչ, նա ակնհայտորեն վախենում էր որդուց և նրա առաջ թվում էր ճորտուհի։ Նկատելի էր, որ նա վախենում է անորոշ, խորհրդավոր մի բանից, ինչ ինքն էլ չէր կարող արտահայտել՝ բազմիցս աննկատ ու ակնդետ զննելով Nicolas-ին, ինչ-որ բաներ հասկանալով և գուշակելով, և ահա՝ գազանը մեկեն բացեց իր ճանկերը։
 
=== II ===
 
Մեր արքայազնը հանկարծ, անտեղի-անհարկի, երկու-երեք անհնարին լկտիություններ արեց տարբեր մարդկանց հանդեպ, այսինքն՝ գլխավորն այն էր հենց, որ այդ լկտիություններն ամենևին չլսված էին, ամենևին նման չէին որևէ բանի, ամենևին այնպիսին չէին, ինչպես սովորաբար լինում են, միանգամայն գարշելի ու տղայական, և սատանան գիտե, թե ինչի համար, միանգամայն առանց որևէ առիթի։ Մեր ակումբի պատկառելիագույն ավագներից մեկը՝ Պավել Պավլովիչ Գագանովը, տարեց և անգամ վաստակաշատ մի մարդ, անմեղ սովորություն էր դարձրել ամեն խոսքին ոգևորությամբ ավելացնել. «Չէ-է՜, քթիցս բռնած ինձ ման ածել չի լինի»։ Է՜, թող այդպես համարի։ Բայց մի անգամ ակումբում, երբ նա, ինչ-որ տաք առիթով, տվյալ ասույթն էր արտասանել շուրջը խմբված ակումբային այցելուներին (բոլորն էլ՝ ոչ վերջին մարդիկ), քիչ այն կողմ մենակ կանգնած Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ում ոչ ոք չէր դիմել, հանկարծ մոտեցել էր Պավել Պավլովիչին, անսպասելի, բայց ամուր բռնել էր քթից երկու մատով և հասցրել իր ետևից քարշ տալ դահլիճում երկու-երեք քայլ։ Պարոն Գագանովի նկատմամբ ոչ մի չարություն ունենալ չէր կարող նա։ Կարելի էր մտածել, թե դա զուտ աշակերտական արարք է, հարկավ, աններելիագույն։ Սակայն, հետո պատմում էին, որ գործողության բուն պահին նա համարյա թե մտազբաղ էր, «ճիշտ կարծես խելագարվել էր», բայց դա արդեն երկար ժամանակ անց վերհիշեցին ու ըմբռնեցին։ Տաքացած, բոլորը սկզբում հիշում էին միայն երկրորդ պահը, երբ նա արդեն հաստատ ամեն ինչ հասկացել էր իրական ձևով և ոչ միայն չէր շփոթվել, այլ հակառակը՝ ժպտացել էր չարամիտ ու զվարթ, «առանց նվազագույն զղջման»։ Ահավոր մի աղմուկ էր բարձրացել, նրան շրջապատել էին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը շուռումուռ էր եկել և, ոչ մեկին չպատասխանելով, չորսբոլորը նայել՝ հետաքրքրությամբ զննելով գոռացող դեմքերը։ Ի վերջո, հանկարծ կարծես մտքերի մեջ էր ընկել նորից, համենայն դեպս՝ այդպես էին ասում, խոժոռվել, հաստատաքայլ մոտեցել էր վիրավորված Պավել Պավլովիչին և շուտասելուկով, նկատելի դառնացածությամբ, մրթմրթացել.
 
― Իհարկե, կներեք... ճիշտն ասած, չգիտեմ, ինչպես հանկարծ ուզեցի... Հիմարություն էր...
 
Ներողության անփութությունը հավասար էր նոր վիրավորանքի։ Ավելի մեծ աղմուկ բարձրացավ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը թոթվեց ուսերն ու դուրս եկավ։
 
Այդ ամենը շատ հիմար բան էր, չասած արդեն այլանդակության մասին՝ հաշվարկված և դիտավորյալ այլանդակություն, ինչպես թվում էր առաջին հայացքից, ուստիև իրենից ներկայացնում էր դիտավորյալ, վերին աստիճանի լկտի վիրավորանք մեր ամբողջ հասարակությանը։ Այդպես էլ դա հասկացվեց բոլորի կողմից։ Սկսեցին նրանից, որ անհապաղ և միահամուռ ակումբի անդամությունից վտարեցին պարոն Ստավրոգինին։ Հետո որոշեցին ամբողջ ակումբի անունից դիմել նահանգապետին և խնդրել նրան անմիջապես (չսպասելով, մինչև գործը սկսվի օրինական դատարանով), իրեն վստահված վարչական իշխանությամբ սանձել վտանգավոր կռվարարին, մայրաքաղաքային «մենամարտամոլին, դրանով իսկ մեր քաղաքի ամբողջ օրինավոր շրջանակի հանգստությունը պաշտպանել վնասաբեր ոտնձգություններից»։ Ընդ որում, չարամիտ անմեղությամբ ավելացրել էին, որ «գուցեև պարոն Ստավրոգինի համար էլ մի որևէ օրենք կգտնվի»։ Հենց այդ նախադասությունն էին նախատեսել նահանգապետի համար, որ խայթեն Վարվառա Պետրովնայի կապակցությամբ։ Ծեփել էին հաճույքով։ Ասես դիտմամբ, նահանգապետն այդ ժամանակ քաղաքում չէր, գնացել էր ոչ հեռու մի տեղ՝ կնքելու սիրունիկ ու վերջերս այրիացած մի կնոջ զավակին, որն ամուսնուց հետո էր հղիացել։ Սակայն գիտեին, որ նահանգապետը շուտով վերադառնալու է։ Իսկ նրան սպասելու ընթացքում հարգարժան և վիրավորված Պավել Պավլովիչին մի ամբողջ օվացիա սարքեցին, գրկում և համբուրում էին, ամբողջ քաղաքն այցելեց նրան։ Ծրագրում էին նաև ճաշկերույթ տալ նրա պատվին՝ ցուցակագրումով, և միայն նրա իսկ եռանդագին խնդրանքով թողեցին այդ միտքը, թերևս վերջապես գլխի ընկնելով, որ մարդուն, այնուամենայնիվ, քթից բռնած քարշ են տվել և որ, ուրեմն, այնքան էլ մի հանդիսելու բան չէ։
 
Եվ սակայն ինչպե՞ս էր դա պատահել։ Ինչպե՞ս կարող էր պատահել։ Հատկանշելի է այն հանգամանքը, որ մեր ամբողջ քաղաքում ոչ ոք այդ վայրի արարմունքը չվերագրեց խելագարության։ Ուրեմն, Նիկոլայ Վսեվոլոդովիչից էլ խելացի մեկից էլ հակված էին սպասել նմանօրինակ արարքներ։ Ես նույնիսկ մինչև հիմա չգիտեմ ինչպես բացատրել, չնայած շուտով դրան հետևած դեպքն անգամ, որը թվում է, ամեն ինչ բացատրեց ու ըստ երևույթին, բոլորին հանգստացրեց։ Ավելացնեմ նաև, որ չորս տարի անց Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ակումբում այդ անցած դեպքի կապակցությամբ իմ զգուշավոր հարցին պատասխանեց խոժոռվելով. «Այո, այն ժամանակ ես այնքան էլ առողջ չէի»։ Բայց կարիք չկա առաջ անցնել։
 
Ինձ համար հետաքրքրական էր նաև համընդհանուր ատելության այն պոռթկումը, որով նրանք այն ժամանակ վրա պրծան «կռվարարի և մայրաքաղաքային մենամարտամոլի վրա»։ Անպայման ուզում էին տեսնել ամբողջ հասարակությանը միանգամից վիրավորելու հանդուգն դիտավորություն և հաշվարկած մտադրություն։ Հաստատապես ոչ մեկի սրտով չէր այդ մարդը և, հակառակը, ''բոլորին զինել էր իր դեմ, պարզ չէ, թե ինչով''։ Մինչև վերջին դեպքը, նա ոչ ոքի հետ չէր վիճել և ոչ մեկին չէր վիրավորել, այլ նրբակիրթ էր այնպես, ինչպես մոդայիկ նկարից իջած ասպետ, եթե միայն վերջինս խոսել կարողանար։ Ենթադրում եմ, որ նրան ատեցին հպարտության պատճառով։ Նույնիսկ մեր տիկնայք, որոնք սկսել էին երկրպագությամբ, հիմա նրա դեմ աղաղակում էին տղամարդկանցից ավելի։
 
Վարվառա Պետրովնան ահավոր ցնցված էր։ Հետագայում նա խոստովանեց Ստեպան Տրոֆիմովիչին, որ ինքը վաղուց կանխատեսում էր այդ ամեն ինչը, ամբողջ այդ կես տարին, օրեօր, և նույնիսկ հենց «այդ ձևով»՝ զարմանալի խոստովանություն հարազատ մոր կողմից։ «Սկսվեց»,― մտածեց մայրը՝ սարսռալով։ Ակումբում ճակատագրական երեկոյի հաջորդ առավոտյան նա զգուշորեն, սակայն վճռական բացատրություն ունեցավ որդու հետ, այդ ընթացքում՝ դողացնում էր ամբողջ մարմնով, չնայած վճռականությանը։ Ամբողջ գիշեր չէր քնել և նույնիսկ վաղ առավոտյան խորհրդակցելու էր գնացել Ստեպան Տրոֆիմովիչի մոտ ու լաց եղել, ինչ դեռ երբեք չէր եղել մարդկանց ներկայությամբ։ Նա ուզում էր, որ Nicolas-ը ծայրահեղ դեպքում գոնե ինչ-որ բան ասեր իրեն, գոնե բացատրության արժանացներ։ Nicolas-ը, միշտ այնքան հարգալիր ու բարեկիրթ մոր հանդեպ, որոշ ժամանակ նրան էր լսում խոժոռված, բայց շատ լրջորեն։ Հանկարծ վեր կացավ, առանց մի բառ ասելու, համբուրեց մոր ձեռքն ու դուրս եկավ։ Իսկ հենց նույն օրը, երեկոյան, կարծես դիտմամբ, մեկ ուրիշ սկանդալ էլ վրա հասավ, թեև շատ ավելի թույլ ու ավելի սովորական առաջինից, բայց և այնպես, համընդհանուր տրամադրության շնորհիվ, քաղաքային աղաղակները սաստկացան։
 
Ձեռքի տակ հենց մեր բարեկամ Լիպուտինն էր ընկել։ Նա հայտնվել էր Նիկոլայ Վսեվոլոդովիչի մոտ, վերջինիս՝ մոր հետ բացատրությունից անմիջապես հետո և թախանձագին խնդրել պատիվ անել և նույն օրը երեկույթի գալ իրենց տուն, կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ։ Վարվառա Պետրովնան արդեն վաղուց սարսուռով էր նայում Նիկոլայ Վսեվոլոդովիչի ծանոթությունների այդքան ստորին ուղղվածությանը, սակայն այդ հաշվով նրան դիտողություն անել չէր համարձակվում։ Որդին արդեն դրանից բացի մի քանի ծանոթություններ էր հաստատել մեր հասարակության այդ երրորդական շերտերում, անգամ ավելի ցածր, բայց դե, նման հակվածություն ուներ։ Մինչ այդ դեռ չէր եղել Լիպուտինի տանը, թեև հանդիպում էր նրա հետ։ Նա կռահեց, որ Լիպուտինն իրեն կանչում է հիմա, ակումբում երեկվա սկանդալի պատճառով և որպես տեղական լիբերալ, հիացած է դրանով, անկեղծորեն մտածում է, որ հենց այդպես էլ պիտի վարվել ակումբային ավագների հետ և որ դա շատ լավ է։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը ծիծաղեց և խոստացավ գնալ։ Բազմաթիվ հյուրեր էին հավաքվել, անբարետես, սակայն ժիր ժողովուրդ։ Անձնապաշտ և նախանձոտ Լիպուտինը տարեկան միայն երկու անգամ էր հյուր կանչում, բայցև այդ անգամները ժլատություն չէր անում։ Ամենապատվարժան հյուրը` Ստեպան Տրոֆիմովիչը, հիվանդության պատճառով չէր եկել։ Թեյ մատուցեցին, առատ ուտեստեղեն կար և օղի։ Խաղում էին երեք սեղանների վրա, իսկ երիտասարդները, սպասելով ընթրիքին, պարեր կազմակերպեցին, դաշնամուրի նվագով։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը հրավիրեց տիկին Լիպուտինային՝ չափազանց սիրունիկ կին էր, որը սաստիկ երկյուղում էր նրանից, երկու շրջան պարեց հետը, նստեց կողքը, խոսեցրեց, ծիծաղեցրեց։ Ի վերջո, նշելով, թե ինչքան է գեղեցկանում ծիծաղելիս, հանկարծակի, բոլոր հյուրերի ներկայությամբ, գրկեց կնոջ գոտկատեղը և համբուրեց շուրթերը, երեք անգամ իրար ետևից, ամենայն վայելումով։ Վախեցած խեղճ կինն ուշագնաց եղավ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը վերցրեց շլյապան, մոտեցավ համընդհանուր խառնաշփոթի մեջ շվարած ամուսնուն, նայելով նրան՝ ինքն էլ շփոթվեց և փութով մրմնջալով «Մի բարկացեք», դուրս եկավ։ Լիպուտինը վազեց նրա ետևից նախասենյակ, իր ձեռքով նրան մատուցեց մուշտակը և խոնարհումներով ուղեկցեց աստիճաններով ցած։ Սակայն հաջորդ օրն էլ հենց կատարվեց բավական զվարճալի լրացումն ըստ էության անմեղ այդ պատմության, համեմատաբար ասված՝ լրացումը, որն այն ժամանակից ի վեր նույնիսկ որոշ հարգանք բերեց Լիպուտինին, ինչից նա կարողացավ օգտվել, ի մեծ շահ իրեն։
 
Առավոտյան ժամը տասին տիկին Ստավրոգինայի տուն ներկայացավ Լիպուտինի աղախին Ագաֆյան՝ կապը կտրած, ժիր ու կարմրաթուշ, երեսնամյա մի կին, ում Լիպուտինն էր ուղարկել Նիկոլայ Վսեվոլոդովիչի մոտ՝ հանձնարարությամբ և որն անպայման ուզում էր «տեսնել հենց իրեն»։ Երիտասարդի գլուխը շատ էր ցավում, բայց նա դուրս եկավ։ Վարվառա Պետրովնային հաջողվեց ներկա լինել հանձնարարությունը հայտնելիս։
 
― Սերգեյ Վասիլևիչը (այն է՝ Լիպուտինը),― աշխույժով բլբլացրեց Ագաֆյան,― հրամայեցին նախ և առաջ շատ և շատ բարևներ հայտնել ձեզ ու առողջությունն իմանալ, թե ինչպե՞ս եք բարեհաճել քնել երեկվանից հետո և հիմա ինչպես եք ձեզ բարեհաճում զգալ երեկվանից հետո։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը քթի տակ ծիծաղեց։
 
― Բարևներս ու շնորհակալությունս հայտնիր ու իմ կողմից էլ ասա պարոնիդ, Ագաֆյա, որ նա ամենախելացի մարդն է ամբողջ քաղաքում։
 
― Իսկ նրանք հրամայել են դրա վրա պատասխանել,― ավելի աշխույժով շարունակեց Ագաֆյան,― որ առանց ձեզ էլ դրա մասին գիտեն ու նույնը ձեզ են ցանկանում։
 
― Ահա թե ինչ, բայց նա ինչպե՞ս կարող էր իմանալ, թե ինչ եմ քեզ ասելու։
 
― Էդ մեկը չգիտեմ, թե ինչ ձևով են իմացել, բայց երբ տնից ելա ու փողոցը լրիվ կտրել էի, Սերգեյ Վասիլյիչն առանց գլխարկի հասան ինձ ու ասին. «Ագաֆյուշկա, թե որ հանկարծ ու քեզ հրամայեն, թե, պարոնիդ կասես, որ ինքը քաղաքում լրիվից ավելի խելոքն է», չմոռանաս տեղնուտեղը պատասխան տաս, որ «ինքներս էլ լավ իմանում ենք դրա մասին ու ձեզ էլ նույն բանն ենք ցանկանում»։
 
=== III ===
 
Վերջապես կայացավ նաև բացատրությունը նահանգապետի հետ։ Մեր սիրելի, մեղմաբարո Իվան Օսիպովիչը հենց նոր էր վերադարձել ու հենց նոր հասցրել ունկնդրել ակումբային տաք-տաք գանգատը։ Անկասկած, հարկ էր ինչ-որ բան անել, բայց նա շփոթվեց։ Մեր հյուրընկալ ծերուկը նույնպես կարծես երկյուղում էր իր երիտասարդ ազգականից։ Նա սիրտ արեց սակայն համոզել նրան՝ ներողություն խնդրել ակումբից և վիրավորվածից, բայց բավարարող ձևով, ու եթե պահանջվի, նաև գրավոր, իսկ հետո մեղմորեն հորդորել նրան՝ թողնել մեզ, օրինակ հետաքրքրասիրության համար մեկնելով Իտալիա, ընդհանրապես որևէ տեղ՝ արտասահման։ Սրահում, ուր մտավ նահանգապետն այս անգամ ընդունելու Նիկոլայ Վսեվոլոդովիչին (ուրիշ անգամներ տնով մեկ անարգել, ազգականի իրավունքով թափառողին), դաստիարակված Ալյոշա Տելյատնիկովը՝ աստիճանավոր, դրա հետ մեկտեղ նահանգապետի համար տնեցի մեկը, անկյունում՝ սեղանի մոտ ծրարներ էր կնքազերծում, մյուս սենյակում՝ սրահի դռանն ամենամոտ պատուհանի մոտ նստած էր մի եկվոր, գեր ու խոշոր գնդապետ՝ Իվան Օսիպովիչի ընկերն ու նախկին պաշտոնակիցը և «Գոլոս» էր կարդում, անշուշտ, ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում սրահում, նույնիսկ մեջքը դռանն արած։ Իվան Օսիպովիչը խոսել սկսեց հեռուներից, համարյա շշնջոցով, բայց շարունակ փոքր-ինչ շփոթվում էր։ Nicolas-ը նայում էր շատ անբարյացակամ, ամենևին ոչ-ազգա-կանավարի, գունատ էր, նստած՝ հայացքը ցած հառած ու լսում էր հոնքերը կիտած, կարծես սաստիկ ցավ էր հաղթահարում։
 
― Դուք բարի սիրտ ունեք, Nicolas և ազնիվ,― իմիջիայլոց, խոսքին ագուցեց ծերուկը,― դուք շատ կրթված մարդ եք, եղել եք բարձրաշխարհիկ հասարակության մեջ, այստեղ էլ մինչև այժմ ձեզ օրինակելի եք պահել ու դրանով հանգստացրել մեր բոլորի թանկագին ձեր մայրիկի սիրտը... Եվ հիմա ահա, ամեն ինչ նորից երևան է գալիս այդպիսի հանելուկային և բոլորի համար վտանգավոր կոլորիտով։ Ասում եմ ձեզ որպես տան բարեկամ, որպես ձեզ անկեղծորեն սիրող, տարեց և հարազատ մարդ, որից չի կարելի նեղանալ... Ասացեք, ի՞նչն է ձեզ դրդում նման անսանձ արարքների՝ ընդունված ամեն տեսակ պայմաններից ու չափերից դուրս։ Ի՞նչ կարող են նշանակել նման արարմունքները, նման զառանցանքի մեջ արված բաները։
 
Nicolas-ը լսում էր զայրույթով և անհամբերությամբ։ Հանկարծ կարծես խորամանկ ու ծաղրական մի բան փայլեց նրա հայացքում։
 
― Թերևս ես ձեզ ասեմ, թե ինչն է դրդում,― մռայլադեմ ասաց նա և, շուրջը նայելով, հակվեց Իվան Օսիպովիչի ականջին։ Դաստիարակված Ալյոշա Տելյատնիկովը ևս երեք քայլ հեռացավ դեպի պատուհանը, իսկ գնդապետը հազաց՝ «Գոլոսը» կարդալով։ Խեղճ Իվան Օսիպովիչը փութով և վստահաբար նրան պարզեց ականջը։ Ծայրաստիճան հետաքրքրասեր էր։ Եվ ահա, հենց այստեղ էլ կատարվեց միանգամայն անհնարին մի բան, մյուս կողմից էլ, որոշ առումով, չափից ավելի պարզ ու հստակ։ Ծերուկը հանկարծ զգաց, որ Nicolas-ը, փոխանակ ինչ մի հետաքրքիր գաղտնիք փսփսալու, ատամներով հանկարծակի բռնեց ու շատ պինդ սեղմեց իր ականջի վերին մասը։ Նա դողացրեց, շունչը կտրվում էր։
 
― Nicolas, այս ի՜նչ կատակներ են,― տնքաց նա մեքենայաբար, ոչ իր ձայնով։
 
Ալյոշան և գնդապետը դեռևս չէին հասցրել ոչինչ հասկանալ, ասենք, նրանք չէին էլ տեսնում, ու մինչև վերջ թվում էր, թե նահանգապետն ու ազգականը շշնջում են, այնինչ, ծերունու հուսաբեկ դեմքը նրանց անհանգստացրեց։ Աչքները չռած, միմյանց նայեցին, չիմանալով՝ նետվել ծերուկին օգնության, ինչպես պայմանավորված էր, թե էլի սպասել։ Nicolas-ը գուցեև նկատեց դա ու կծեց ականջն ավելի ցավոտ։
 
― Nicolas, Nicolas,― նորից տնքաց զոհը,― լավ, կատակ արեցիր... հերիք է...
 
Եվս մի վայրկյան, խեղճը կմեռներ վախից, բայց հրեշը խղճաց ու թողեց ականջը։ Ամբողջ այդ մահացու սարսափը շարունակվեց մի լրիվ րոպե, և ծերուկը դրանից հետո ինչ-որ նոպա ունեցավ։ Բայց կես ժամ անց Nicolas-ը ձերբակալվեց։ Առայժմ տարան հաուպտվախտ, ուր և փակեցին առանձին խցում, դռան մոտ առանձին ժամապահով։ Կտրուկ որոշում էր, բայց մեր մեղմաբարո պետն այնքան էր զայրացել, որ վճռեց իր վրա վերցնել պատասխանատվությունը, նույնիսկ անձամբ Վարվառա Պետրովնայի առաջ։ Ի համընդհանուր զարմանս, անհապաղ բացատրությունների համար փութով ու զայրույթով նահանգապետի մոտ հասած այդ տիկնոջը մերժեցին ընդունել, առմուտքի մոտ, այդպես էլ նա ետ գնաց տուն՝ կառքից դուրս չգալով, ինքն իրեն չհավատալով։
 
Եվ վերջապես ամեն ինչ բացատրություն ստացավ։ Գիշերվա ժամը երկուսին, մինչ այդ զարմանալիորեն հանգիստ և նույնիսկ քուն մտած բանտարկյալը հանկարծ աղմուկ բարձրացրեց, սկսեց բռունցքներով մոլեգնաբար խփել դռանը, անբնական ուժով պոկեց դռան փոքր պատուհանի երկաթյա ճաղերը, փշրեց ապակին ու կտրատեց ձեռքերը։ Երբ պահախմբի սպան՝ իր խումբն ու բանալիներն առած, վազեվազ եկավ և հրամայեց բացել բանտախուցը՝ մոլեգնածի վրա հարձակվելու և կապկպելու համար, պարզվեց, որ սա ուժեղագույն սպիտակ տենդի մեջ է։ Նրան տեղափոխեցին տուն՝ մայրիկի մոտ։ Ամեն ինչ միանգամից պարզվեց։ Մեր երեք բժիշկներն էլ կարծիք հայտնեցին, որ դրանից երեք օր առաջ նույնպես հիվանդը կարող էր արդեն լինել ասես զառանցանքի մեջ ու թեև, ըստ երևույթին, տիրապետում էր գիտակցությանը և խորամանկությանը, բայց ոչ առողջ մտքին ու կամքին, ինչ, ի դեպ, հաստատվում էր նաև փաստերով։ Ստացվում էր այդպիսով, որ Լիպուտինն ամենքից շուտ է կռահել։ Իվան Օսիպովիչը՝ նրբանկատ և զգայուն մի մարդ, շատ ճնշվեց, բայց հետաքրքիր է, որ նա նույնպես, ուրեմն, Նիկոլայ Վսեվոլոդովիչին համարում էր ամեն մի խելահեղ արարքի ընդունակ՝ կատարյալ գիտակցված վիճակում։ Ակումբում նմանապես ամաչեցին և զարմանում էին, թե ինչպես բոլորը չեն նկատել փիղը և աչքաթող արել բոլոր այդ հրաշքների միակ հնարավոր բացատրությունը։ Անշուշտ, երևան եկան նաև հոռետեսներ, բայց երկար չդիմացան։
 
Nicolas-ը պառկեց ավելի քան երկու ամիս։ Մոսկվայից հայտնի բժիշկ հրավիրվեց՝ կոնսիլիումի համար։ Ամբողջ քաղաքն այցելեց Վարվառա Պետրովնային։ Նա ներեց։ Ամառնամուտին, երբ Nicolas-ը լիովին արդեն ապաքինվեց և առանց մի առարկության համաձայնեց մայրիկի՝ Իտալիա մեկնելու առաջարկությանը, մայրն էլ խնդրեց, որ հրաժեշտի այցելություններ անի բոլորին և որքան հնարավոր է և ուր հարկն է ներողություն խնդրի։ Nicolas-ը մեծ հաճույքով համաձայնեց։ Ակումբում հայտնի եղավ, որ նա Պավել Պավլովիչ Գագանովի հետ շատ նուրբ բացատրություն է ունեցել նրա տանը, որից միանգամայն գոհ է մնացել տանտերը։ Այցելություններով շրջելիս Nicolas-ը շատ էր լուրջ և փոքր-ինչ նույնիսկ մռայլված։ Բոլորն ընդունեցին նրան, ըստ երևույթին, կատարյալ կարեկցանքով, բայց բոլորն էլ, չգիտես ինչու, շփոթվում էին և ուրախ էին, որ նա գնում է Իտալիա։ Իվան Օսիպովիչը նույնիսկ արտասվեց, բայց չգիտես ինչու, վերջին հրաժեշտը տալիս սիրտ չարեց գրկել նրան։ Ճիշտ է, մեզանում ոմանք այդպես էլ մնացին վստահ, որ սրիկան պարզապես ծիծաղել է բոլորի վրա, իսկ հիվանդությունը՝ մի ուրիշ բան է։ Լիպուտինի մոտ էլ մտավ նա։
 
― Ասացեք,― հարցրեց նրան,― ինչպե՞ս կարող էիք կռահել նախօրոք, թե ինչ եմ ասելու ձեր խելքի մասին և դրա պատասխանն ապսպրել Ագաֆյային։
 
― Այնպես,― ծիծաղեց Լիպուտինը,― չէ՞ որ ես էլ ձեզ խելացի մարդ եմ համարում, ուստիև ձեր պատասխանը կարող էի նախապես կռահել։
 
― Այնուամենայնիվ, հոյակապ զուգադիպություն էր։ Սակայն կներեք, ուրեմն դուք ինձ խելացի մարդ եք համարել, երբ ուղարկել էիք Ագաֆյային և ո՞չ խելագար։
 
― Անչափ խելացի և անչափ կշռադատ, այլ միայն ձևացրել եմ, որ իբր հավատում եմ, թե խելքը թռցրել եք... Ասենք, դուք էլ իմ մտքերն այն ժամանակ իսկույն կռահեցիք և Ագաֆյայի միջոցով սրամտության արտոնագիր ուղարկեցիք ինձ։
 
― Է, այստեղ դուք մի քիչ սխալվում եք, ես իսկապես... առողջ չէի...― մրթմրթաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ խոժոռվելով։― Բա՜,― բղավեց նա,― չլինի՞ իրոք մտածում եք, որ ես ընդունակ եմ հարձակվել մարդկանց վրա՝ խելքս լրիվ գլուխս։ Իսկ ինչի՞ համար։
 
Լիպուտինը ծռմռվեց ու չկարողացավ պատասխանել։ Nicolas-ը թեթևակի գունատվեց կամ այդպես միայն թվաց Լիպուտինին։
 
― Համենայն դեպս, մտքերի շատ զվարճալի դասավորություն ունեք,― շարունակեց Nicolas-ը,― Ագաֆյային էլ, անշուշտ, հասկանում եմ, ուղարկել էիք ինձ հայհոյելու։
 
― Է, հո մենամարտի չէի՞ կանչելու ձեզ։
 
― Ահ, հա՛, հա՛։ Կարծեմ, ինչ-որ բան լսել եմ, որ մենամարտեր դուք չեք սիրում...
 
― Ֆրանսերենից ի՞նչ կարիք կա թարգմանելու,― նորից ծռմռվեց Լիպուտինը։
 
― Ժողովրդականությա՞նն եք հարում։
 
Լիպուտինն ավելի ծռմռվեց։
 
― Բա՜, բա՜, ի՜նչ եմ տեսնում,― բղավեց Nicolas-ը, սեղանին, ամենաերևացող տեղում հանկարծ նկատելով Կոնսիդերանի հատորը։― Եվ հո Ֆուրյեական չե՞ք արդյոք։ Ինչ ասես, կլինի։ Արդյոք սա այն թարգմանությունը չէ՞ ֆրանսերենից,― ծիծաղեց նա՝ մատներով խփելով գրքին։
 
― Ոչ, սա թարգմանություն չէ ֆրանսերենից,― մի տեսակ նույնիսկ չարությամբ վրա բերեց Լիպուտինը,― այս թարգմանությունը համաշխարհային-մարդկային լեզվից է, միայն ֆրանսերենը հո չէ։ Համաշխարհային-մարդկային սոցիալական հանրապետության և ներդաշնակության լեզվից, ահա թե ինչ։ Մենակ ֆրանսերենը հո չէ...
 
― Փուհ, գրողը տանի, բայց այդպիսի լեզու չկա ամենևին,― շարունակեց ծիծաղել Nicolas-ը։
 
Երբեմն նույնիսկ մանրուքը բացառապես ու տևական ժամանակ ապշեցնում է ուշադրությունը։ Պարոն Ստավրոգինի մասին գլխավոր ամբողջ խոսքն առջևում է, բայց հիմա նշեմ, հանուն զվարճության, որ մեր քաղաքում անցկացրած ամբողջ ժամանակաընթացքում, բոլոր տպավորություններից ամենահստակը նրա հիշողության մեջ դաջվել էր նահանգային մանր աստիճանավորիկի, խանդոտ և ընտանեկան կոպիտ բռնակալի, կծծի և վաշխառու մեկի աննշմար ու համարյա թե ստոր մարդու կերպարանքը, որը ճաշի մնացորդներն ու մոմի կիսայրուկները փակի տակ էր պահում, միաժամանակ, Աստված գիտի, թե ի՜նչ ապագա «սոցիալական ներդաշնակության» մոլի աղանդավոր էր, որը գիշերները ցնծագին հրճվում էր՝ ապագա ֆալանստերաայի<ref>կոմունայի՝ Ֆալանգի բնակաշենք, ըստ ֆուրյեականների ուտոպիական ուսմունքի։</ref> երևակայական պատկերների առաջ, ինչի մերձավորագույն իրականացմանը Ռուսաստանում ու մեր նահանգում հավատում էր, ինչպես սեփական գոյությանը։ Եվ դա այնտեղ, ուր հենց ինքը հավաքել ու իրեն «տնակ» էր գնել, ամուսնացել երկրորդ անգամ ու փող վերցրել կնոջից, ուր գուցեև հարյուր վերստ շրջանագծով չկար մի մարդ, առաջինը հենց իրենից սկսած, որը գոնե սոսկ արտաքնապես նման լիներ «համաշխարհային-համամարդկային սոցիալական հանրապետության և ներդաշնակության» ապագա անդամի։
 
«Աստված գիտե, թե ինչպես են այդ մարդիկ սարքվում»,― մտածում էր Nicolas-ը տարակուսած՝ երբեմն վերհիշելով անսպասելի ֆուրյեականին։
 
=== IV ===
 
Մեր արքայազնը ճանապարհորդեց ավելի քան երեք տարի, այնպես որ քաղաքում նրա մասին համարյա մոռացան։ Իսկ մեզ հայտնի էր Ստեպան Տրոֆիմովիչի միջոցով, որ նա ոտքի տակ է տվել ամբողջ Եվրոպան, եղել է նույնիսկ Եգիպտոսում ու անցել Երուսաղեմ, հետո մի տեղ Իսլանդիա գնացող ինչ-որ գիտական արշավախմբի պոչից կպել և իսկապես եղել է Իսլանդիայում։ Հայտնում էին նաև, որ մի ձմեռ դասախոսություններ է լսել գերմանական ինչ-որ համալսարանում։ Նա քիչ էր գրում մորը՝ կես տարին մեկ, նույնիսկ ավելի հազվադեպ, բայց Վարվառա Պետրովնան չէր բարկանում ու չէր դառնանում։ Որդու հետ մեկ անգամ հաստատված հարաբերությունները նա ընդունել էր անտրտունջ և հնազանդ, բայց, հարկավ, այդ երեք տարվա մեջ ամեն օր անհանգստանում էր, կարոտում և երազում իր Nicolas-ի մասին շարունակ։ Ոչ երազանքները, ոչ տրտունջները չէր հայտնում ոչ ոքի։ Նույնիսկ Ստեպան Տրոֆիմովիչից, ըստ երևույթին, փոքր-ինչ հեռացավ։ Իր վերաբերյալ ինչ-ինչ ծրագրումներ էր կազմում ու կարծում եմ, ավելի ժլատ դարձավ նախկինից, ավելի շատ սկսեց կուտակել և զայրանալ Ստեպան Տրոֆիմովիչի` թղթախաղում տարվածների վրա։
 
Վերջապես, այս տարվա ապրիլին նամակ ստացավ Փարիզից, իր մանկության ընկերուհի՝ գեներալի կին Պրասկովյա Իվանովնա Դրոզդովայից։ Իր նամակում Պրասկովյա Իվանովնան, ում հետ Վարվառա Պետրովնան արդեն ութը տարի չէր հանդիպել և նամակագրություն չուներ, տեղեկացրել էր ընկերուհուն, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մոտիկից ծանոթացել է իրենց տան հետ ու մտերմացել Լիգայի (նրա միակ դստեր) հետ և մտադիր է ամռանն ուղեկցել իրենց Շվեյցարիա, Vernes-Montreux, չնայած այն բանին, որ ներկայումս Փարիզում գտնվող կոմս Կ.-ի (Պետերբուրգում բավական ազդեցիկ անձնավորություն) ընտանիքում հարազատ որդու պես է ընդունված, այնպես որ համարյա թե ապրում է կոմսի մոտ։ Նամակը կարճ էր և հստակ բացահայտում էր նպատակը, թեև վերոհիշյալ փաստերից բացի, որևէ հետևություն չէր բովանդակում։ Վարվառա Պետրովնան երկար չմտածեց, վայրկենապես վճռեց ու պատրաստվեց, իր հետ վերցրեց սանուհուն՝ Դաշային (Շատովի քրոջը) և ապրիլի կեսերին մեկնեց Փարիզ, ապաև Շվեյցարիա։ Վերադարձավ հուլիսին, մենակ, Դաշային թողած Դրոզդովների մոտ։ Իսկ իրենք՝ Դրոզդովները, նրա բերած տեղեկությամբ, խոստացել էին մեզ մոտ երևալ օգոստոսի վերջին։
 
Դրոզդովները նույնպես մեր նահանգի կալվածատերեր էին, սակայն գեներալ Իվան Իվանովիչի (Վարվառա Պետրովնայի նախկին մտերիմն ու ամուսնու պաշտոնակիցը) ծառայությունը մշտապես խանգարում էր նրանց՝ երբևէ գալ իրենց հոյակապ կալվածքը։ Իսկ գեներալի մահից հետո, որ անցյալ տարի եղավ, անսփոփ Պրասկովյա Իվանովնան դստեր հետ մեկնեց արտասահման, իմիջիայլոց, նաև խաղողաբուծությունից օգտվելու մտադրությամբ, ինչը ենթադրում էր կատարել Vemes-Moritreux-ում, ամռան երկրորդ կեսին։ Իսկ հայրենիքից վերադառնալուց հետո մտադիր էր բնակություն հաստատել մեր նահանգում ընդմիշտ։ Քաղաքում նա մի մեծ տուն ուներ, որը տարիներ ի վեր դատարկվել էր, պատուհանները՝ մեխած։ Հարուստ մարդիկ էին։ Պրասկովյա Իվանովնան, առաջին ամուսնությամբ տիկին Տուշինան, ինչպես պանսիոնի իր ընկերուհի Վարվառա Պետրովնան, նույնպես անցյալ ժամանակների կապալառուի դուստր էր և նույնպես ամուսնացել էր խոշոր օժիտով։ Պաշտոնաթող շտաբս-ռոտմիստր Տուշինն էլ ունևոր մարդ էր ու որոշ ընդունակությունների տեր։ Մահանալով, իր յոթնամյա և միակ դստերը՝ Լիզային լավ դրամագլուխ կտակեց։ Հիմա, երբ Լիզավետա Նիկոլաևնան արդեն քսաներկուսին մոտ էր, համարձակ կարելի էր շուրջ երկու հարյուր հազար ռուբլի միայն սեփական փող վերագրել նրան, էլ չասած այն ունեցվածքը, որը պիտի մնար ժամանակին, մորից հետո, որը երկրորդ ամուսնությունից զավակներ չուներ։ Վարվառա Պետրովնան, ըստ երևույթին, շատ գոհ էր իր ուղևորությունից։ Նրա կարծիքով, ինքը հասցրել էր պայմանավորվել Պրասկովյա Իվանովնայի հետ բավականաչափ, և գալուն պես ամեն ինչ հայտնեց Ստեպան Տրոֆիմովիչին, նույնիսկ շատ սրտազեղ էր նրա հետ, ինչ վաղուց արդեն չէր եղել։
 
― Ուռա՜,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը և մատներով չրթացրեց։
 
Նա կատարելապես ցնծում էր, առավել ևս, որ իր ընկերոջից բաժանման ամբողջ ընթացքում չափից ավելի վհատված էր։ Մեկնելով արտասահման, Վարվառա Պետրովնան նույնիսկ հրաժեշտ չէր տվել ինչպես հարկն է և իր ծրագրումների մասին ոչինչ չէր հայտնել «այդ կնկանը», գուցեև երկյուղելով, որ ավել-պակաս դուրս չտա։ Այն ժամանակ բարկացած էր Ստեպան Տրոֆիմովիչի վրա՝ հանկարծակի երևան եկած թղթախաղի նշանակալի պարտքի պատճառով։ Բայց դեռևս Շվեյցարիայում սրտով էր զգացել, որ վերադառնալուն պես հարկ է հատուցել լքյալ ընկերոջը, առավել ևս, որ վաղուց արդեն խստորեն էր վարվում նրա հետ։ Արագընթաց և խորհրդավոր բաժանումը խոցեց ու քրքրեց Ստեպան Տրոֆիմովիչի երկչոտ սիրտը, և կարծես դիտմամբ, միանգամից վրա հասան նաև այլ տարակուսանքներ։ Նրան տանջում էր կարևոր ու վաղեմի դրամական պարտավորություն, որն առանց Վարվառա Պետրովնայի օգնության ոչ մի կերպ չէր կարող բավարարվել։ Բացի դրանից, այդ տարվա մայիսին վերջապես ավարտվեց մեր բարի, մեղմաբարո Իվան Օսիպովիչի նահանգապետությունը, նրան փոխարինեցին, նույնիսկ անախորժություններով։ Ապա, Վարվառա Պետրովնայի բացակայությամբ, տեղի ունեցավ մեր նոր պետի՝ Անդրեյ Անտոնովիչ ֆոն Լեմբկեի մուտքը, ինչի հետ մեկտեղ, անմիջապես սկսվեց մեր նահանգային ամբողջ հասարակության վերաբերմունքի նկատելի փոփոխությունը Վարվառա Պետրովնայի, նշանակում է՝ նաև Ստեպան Տրոֆիմովիչի նկատմամբ։ Ծայրահեղ դեպքում, նա արդեն հասցրել էր հավաքել մի քանի տհաճ, թեև արժեքավոր դիտարկումներ և կարծես թե շատ էր երկնչում մենակ, առանց Վարվառա Պետրովնայի։ Հուզմունքով կասկածում էր, որ իր մասին արդեն մատնել են նոր նահանգապետին, որպես վտանգավոր մարդու։ Հաստատապես իմացել էր, որ մեր տիկնանցից ոմանք մտադրվել էին դադարեցնել այցելությունները Վարվառա Պետրովնային։ Ապագա նահանգապետուհու մասին (ում մեզ մոտ սպասում էին միայն աշնանամուտին) կրկնում էին, որ թեև լսել են, թե գոռոզ կին է, բայց փոխարենը՝ իսկական արիստոկրատուհի է և ոչ թե «ինչ-որ մեր խեղճուկրակ Վարվառա Պետրովնա»։ Բոլորին ինչ-որ տեղից հայտնի էր հավաստի և մանրամասերով, որ նոր նահանգապետուհին և Վարվառան Պետրովնան ժամանակին հանդիպել են բարձր հասարակության մեջ և բաժանվել թշնամաբար, այնպես որ տիկին ֆոն Լեմբկեի մասին սոսկ հիշատակումն իբր Վարվառա Պետրովնայի վրա հիվանդագին տպավորություն պիտի գործի։ Վարվառա Պետրովնայի առույգ ու հաղթական տեսքը, արհամարհական անտարբերությունը, որով նա ունկնդրեց մեր տիկնանց կարծիքների և հասարակության հուզմունքների մասին, հարություն տվեցին երկյուղած Ստեպան Տրոֆիմովիչի ընկճված հոգուն և ակնթարթորեն ուրախացրին նրան։ Առանձնահատուկ, բերկրալի-հաճոյական հումորով նա սկսեց նկարագրել նոր նահանգապետի գալուստը։
 
― Ձեզ, excellente ami<ref>իմ շատ բարի ընկեր (ֆրանս.)։</ref>, անկասկած հայտնի է,― ասում էր նա՝ սեթևեթանքով և պճնամոլաբար ձգելով բառերը,― թե ինչ ասել է կառավարիչ՝ ընդհանրապես և ինչ ասել է ռուս կառավարիչ, այսինքն՝ նորաթուխ, նոր նշանակված... Ces interminables mots russes<ref>Այդ անվերջանալի ռուսական բառերը... (ֆրանս.)։</ref>... Բայց հազիվ թե կարողանայիք գիտնալ գործնականում, թե ի՞նչ է նշանակում վարչական զմայլանք և հատկապես ի՞նչ է դա։
 
― Վարչական զմայլա՞նք։ Չգիտեմ՝ ինչ է դա։
 
― Ասել է թե... Vous savez, chez nous... En un mot<ref>Դուք գիտեք, մեզ մոտ... Մի խոսքով (ֆրանս.)։</ref>, ամենավերջին ոչնչությանը դրեք երկաթուղու ինչ-որ ողորմելի տոմսերի վաճառքի վրա, և այդ ոչնչությունը տեղնուտեղն իրեն իրավունք կվերապահի մեզ նայել Յուպիտերի պես, երբ մոտենաք տոմս վերցնելու, pour vous montrer son pouvoir<ref>իշխանությունը ցույց տալու համար (ֆրանս.)։</ref>։ «Հապա, մի ցույց տամ իմ իշխանությունը քեզ վրա...»։ Եվ դա նրանց վարչական զմայլանքի է հասցնում... En un not, ես նոր եմ կարդացել, որ մեր արտասահմանյան եկեղեցիներից մեկում մի սարկավագ,― mais s’est très currieux<ref>այնինչ, դա շատ հետաքրքիր է (ֆրանս.)։</ref>,― եկեղեցուց վռնդել է, այսինքն՝ տառացիորեն վռնդել է անգլիական հոյակապ մի ընտանիք, les dames charmantes<ref>սքանչելի տիկնանց (ֆրանս.)։</ref>, մեծպասյան ժամերգությունից անմիջապես առաջ՝ vous savez ces chants et le livre de Job<ref>դուք գիտեք Հոբա գրքի այդ սաղմոսները (ֆրանս.)։</ref>... սոսկ այն պատրվակով, թե «ռուսական եկեղեցիներում օտարերկրացիների թրև գալը մի կարգ չէ և որ թող գան նշանակված ժամին...», ու հասցրել է ուշագնացության... Այդ փոքրավորը եղել է վարչական զմայլանքի նոպայի մեջ, et il a montré son pouvoir<ref>նա ցուցադրել Է իր իշխանությունը (ֆրանս.)։</ref>...
 
― Եթե կարող եք, կրճատ ասեք, Ստեպան Տրոֆիմովիչ։
 
― Պարոն ֆոն Լեմբկեն հիմա գնացել է շրջելու նահանգում։ En un mot, այդ Անդրեյ Անտոնովիչը, թեև ուղղափառ հավատքի ռուսական գերմանացի է և նույնիսկ՝ այս մեկը զիջեմ իրեն, շատ գեղեցկատես տղամարդ է, քառասուն տարեկան կլինի...
 
― Որտեղի՞ց գտաք, թե գեղեցկատես է։ Ոչխարի աչքեր ունի։
 
― Վերին աստիճանի։ Բայց թող այդպես լինի, ես զիջում եմ մեր տիկնանց կարծիքին...
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, անցնենք առաջ, խնդրում եմ ձեզ։ Ի դեպ, կարմիր փողկապ եք կրում, վաղո՞ւց արդյոք։
 
― Ես... միայն այսօր...
 
― Իսկ ձեր զբոսանքն անո՞ւմ եք... Ամեն օր վեցը վերստ քայլո՞ւմ եք, ինչպես բժիշկներն են հանձնարարել։
 
― Չէ... ոչ միշտ;
 
― Այդպես էլ գիտեի։ Շվեյցարիայում դեռևս կանխազգում էի,― բորբոքված բղավեց նա։― Հիմա արդեն ոչ թե վեցական, այլ տասնական վերստ կքայլեք։ Դուք սարսափելի անկում եք ապրել, սարսափելի, սարսափելի։ Ոչ թե ծերացել եք դուք, այլ զառամել... դուք ինձ ապշեցրիք, երբ ձեզ տեսա գալուց, չնայած ձեր կարմիր փողկապին... quelle idée rouge<ref>ինչ վայրի հղացում (ֆրանս.)։</ref>։ Շարունակեք ֆոն Լեմբկեի մասին, եթե իսկապես ասելիք ունեք, ու ավարտեք երբևէ, խնդրում եմ ձեզ, ես հոգնած եմ։
 
― En un mot, ես ուզում էի հենց նոր ասել, որ դա քառասուն տարեկան հասակում սկսող այն կառավարիչներից է, որոնք մինչև քառասունը ողորմելի վիճակ են քարշ տվել և հետո միանգամից մարդամեջ ելել հանկարծակի ձեռք բերած կնոջ կամ որևէ այլ, ոչ պակաս հանդուգն միջոցով... Այսինքն, նա հիմա գնացել է... այսինքն, ուզում եմ ասել, որ իմ մասին տեղնուտեղը փսփսացել են երկու ականջին, որ ես երիտասարդությանն այլասերող եմ և նահանգային անաստվածության սերմանող... Նա իսկույն սկսել է տեղեկանալ։
 
― Ճշմարի՞տ է արդյոք։
 
― Ես նույնիսկ միջոցներ եմ ձեռնարկել։ Երբ ձեր մասին «զե-կու֊ցել» են, թե դուք «կառավարել եք նահանգը», vous savez<ref>դուք գիտեք (ֆրանս.)։</ref>, նա թույլ է տվել իրեն արտահայտվել, թե «նման բան այլևս չի լինի»։
 
― Այդպես էլ ասե՞՜լ է։
 
― Որ «նման բան այլևս չի լինի» և avec cette morgue<ref>այսպիսի բարձրամտությամբ (ֆրանս.)։</ref>... Տիկնոջ՝ Յուլիա Միխայլովնայի տեսքին կարժանանանք այստեղ, օգոստոսին, ուղիղ Պետերբուրգից։
 
― Արտասահմանից։ Մենք այնտեղ տեսնվել ենք։
 
― Vraiment?<ref>Մի՞թե... (ֆրանս.)։</ref>
 
― Փարիզում և Շվեյցարիայում։ Նա ազգական է գալիս Դրոզդովներին։
 
― Ազգակա՞ն։ Ի՜նչ հոյակապ զուգադիպություն։ Ասում են, պատվասեր է... և իբր մեծ կապե՞ր ունի։
 
― Դատարկ բան է, մանր-մունր կապեր։ Մինչև քառասունհինգ տարեկան տանը մնացած նստել է առանց կոպեկի, իսկ հիմա իր ֆոն Լեմբկեին է ճանկել և, անշուշտ, ամբողջ նպատակը նրան մարդամեջ մտցնելն է։ Երկուսն էլ բանսարկու են։
 
― Ասում են, երկու տարով մե՞ծ է ամուսնուց։
 
― Հինգ։ Նրա մայրը Մոսկվայում շեմս էր մաշում, Վսեվոլոդ Նիկոլաևիչի ժամանակ, իմ պարահանդեսներին գալ էր խնդրում, ինչպես ողորմածություն։ Իսկ պատահում էր, ամբողջ գիշեր մենակ նստում էր անկյունում՝ առանց պարելու՝ իր փիրուզե ճանճը ճակատին, այնպես որ ժամը երեքին, սոսկ խղճահարությունից, առաջին պարընկերն էի ուղարկում նրան։ Այն ժամանակ քսանհինգ տարեկան էր արդեն, իսկ նրան, աղջնակի պես, կարճփեշ հագուստով էին դուրս բերում։ Նրանց տուն թողնելը դառնում էր անվայել։
 
― Այդ ճանճը ճիշտ կարծես տեսնում եմ։
 
― Ես ձեզ ասում եմ, տեղ հասա, թե չէ, խարդավանքի դեմ առա։ Դուք նոր կարդացիք Դրոզդովայի նամակը, չէ՞, ավելի պարզ ի՞նչ կարող էր լինել։ Իսկ ի՞նչ եմ տեսնում։ Ինքը՝ այդ հիմար Դրոզդովան,― նա միշտ էլ միայն հիմար է եղել,― հանկարծ ինձ է նայում հարցական՝ իբր, ինչի՞ համար եմ եկել։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես էի զարմացած։ Տեսնեմ, այդտեղ պոչ է խաղացնում այդ Լեմբկեն, նրա հետ է նաև զարմիկը՝ ծերուկ Դրոզդովի ազգականը, ամեն ինչ պարզ էր։ Անկասկած, մի ակնթարթում ամեն ինչ տեղը գցեցի և Պրասկովյան հիմա նորից իմ կողմն է, բայց խարդավա՜նքը, խարդավա՜նքը։
 
― Ինչը դուք, սակայն, հաղթահարեցիք։ Օ՜, դուք Բիսմարկն եք։
 
― Բիսմարկ չլինելով, այդուհանդերձ, ես ընդունակ եմ տեսնել կեղծությունն ու հիմարությունը, ուր էլ հանդիպեմ։ Լեմբկեն կեղծություն է, իսկ Պրասկովյան՝ հիմարություն։ Հազվադեպ եմ հանդիպել առավել թառամած կնոջ, ավելացրած, որ ոտքերն են ուռել, ավելացրած՝ բարի է։ Ի՞նչը կարող է ավելի հիմար լինել, քան հիմար բարեսիրտը։
 
― Չարասիրտ հիմարը, ma bonne ami<ref>Իմ լավ բարեկամ (ֆրանս.)։</ref>, չարամիտ հիմարն ավելի է հիմար,― վսեմությամբ առարկեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Գուցեև իրավացի եք, դուք հիշում եք, չէ՞, Լիզային։
 
― Charmante enfant<ref>Սքանչելի փոքրիկ (ֆրանս.)։</ref>։
 
― Բայց հիմա արդեն enfant չէ, այլ կին, և բնավորության տեր կին։ Ազնվաշուք և պոռթկուն, ու նրա մեջ սիրում եմ, որ մորը՝ այդ դյուրահավատ հիմարին, չի թողնում ծավալվել։ Այդ ազգականի պատճառով քիչ էր մնացել պատմության մեջ ընկնեինք։
 
― Բա՜, բայց չէ որ նա իրոք ամենևին էլ ազգական չէ Լիզավետա Նիկոլաևնային... Չլինի՞, հույսեր է փայփայում։
 
― Գիտեք, նա երիտասարդ սպա է, շատ սակավախոս, նույնիսկ համեստ։ Ես միշտ ցանկանում եմ արդարացի լինել։ Ինձ թվում է, որ նա անձամբ դեմ է այդ խարդավանքին և ոչինչ չի կամենում, իսկ խաղեր անողը միայն տիկին Լեմբկեն էր։ Շատ էր հարգում Nicolas-ին։ Դուք հասկանում եք, ամեն ինչ կախված է Լիզայից, բայց ես նրան թողել եմ Nicolas-ի հետ գերազանց հարաբերությունների մեջ և նա ինքն է խոստացել անպայման մեզ մոտ գալ նոյեմբերին։ Նշանակում է, այստեղ խարդավանում է միայն տիկին Լեմբկեն, իսկ Պրասկովյան սոսկ կույր կին է։ Հանկարծ ինձ ասում է, թե իմ բոլոր կասկածանքները երևակայություն են, ես էլ հենց երեսին պատասխանեցի, որ ինքն անխելք է։ Պատրաստ եմ Ահեղ դատաստանին հաստատել։ Եվ եթե Nicolas-ի խնդիրքները չլինեին, որ թողնեմ որոշ ժամանակով, ապա ես չէի հեռանա այնտեղից՝ չբացահայտելով այդ կեղծավոր կնոջը։ Nicolas-ի միջոցով կոմս Կ.-ին էր հաճոյանում, նա ուզում էր մորից որդուն բաժանել։ Սակայն Լիզան մեր կողմից է, իսկ Պրասկովյայի հետ ես պայմանավորվել եմ։ Դուք գիտե՞ք, որ Կարմազինովն ազգական է նրան։
 
― Ինչպե՞ս։ Տիկին ֆոն Լեմբկեին ազգակա՞ն։
 
― Է հա, նրան։ Հեռավոր։
 
― Նովելի՞ստ Կարմազինովը։
 
― Է հա, գրողը, ի՞նչ եք զարմանում։ Իհարկե, նա ինքն իրեն մեծ է համարում։ Փքված անասո՜ւնը։ Նրա հետ միասին են գալու, իսկ հիմա նրանով է այնպես զբաղված։ Տիկինը մտադիր է ինչ-որ բան հիմնել այստեղ, ինչ-որ գրական հավաքույթներ։ Կարմազինովը մեկ ամսով է գալու, վերջին կալվածքն այստեղ վաճառել է ուզում։ Քիչ էր մնացել նրան հանդիպեի Շվեյցարիայում և շատ չէի ուզում, որ դա լինի։ Ի դեպ, հուսով եմ, ինձ հո կարժանացնի իր ծանոթությանը։ Հնում ինձ նամակներ է գրել, մեր տանը եղել։ Ես կցանկանայի, որ դուք ավելի լավ հագնվեիք, Ստեպան Տրոֆիմովիչ, օրըստօրե այնքան փնթի եք դառնում... Օ՜, ինչպես եք ինձ տանջում։ Ի՞նչ եք հիմա կարդում։
 
― Ես... ես...
 
― Հասկանում եմ։ Առաջվա պես՝ մտերիմներ, առաջվա պես՝ կերուխումեր, ակումբ ու թղթախաղ և աթեիստի համբավ։ Ինձ այդ համբավը դուր չի գալիս, Ստեպան Տրոֆիմովիչ։ Ես չէի կամենա, որ ձեզ աթեիստ կոչեն, առանձնապես հիմա չէի կամենա։ Ես առաջ էլ չէի կամենում, որովհետև չէ որ այդ ամենը սոսկ դատարկաբանություն է։ Պետք է վերջապես ասել։
 
― Mais, ma chère<ref>Բայց, սիրելիս (ֆրանս.)։</ref>...
 
― Լսեք, Ստեպան Տրոֆիմովիչ, գիտական բոլոր հարցերում, իհարկե, ես անկիրթ եմ ձեր առաջ, բայց որ գալիս էի այստեղ, շատ մտածեցի ձեր մասին։ Եվ եկա մի համոզման։
 
― Իսկ ի՞նչ համոզման։
 
― Այն, որ միայն ես ու դուք չենք աշխարհում բոլորից խելացի, մեզնից խելոքներն էլ կան։
 
― Թե սրամիտ է, թե դիպուկ։ Ավելի խելոքները կան, նշանակում է, կան և ավելի իրավացիները, ուրեմն, մենք էլ կարող ենք սխալվել, այդպես չէ՞։ Mais, ma bonne ami, ընդունենք, թե սխալվեմ, բայց չէ՞ որ ունեմ ազատ խղճի իմ համամարդկային, հավերժական, վերին իրավունքը։ Ունե՞մ արդյոք իրավունք չլինել շատ բարեպաշտ և մոլեկրոն, եթե դա եմ ուզում, իսկ դրա համար, բնականաբար, զանազան պարոնների ատելին լինել հուր հավիտենական։ Et puis, comme on trouve toujours plus de moines que de raison<ref>Եվ հետո, քանի որ միշտ ավելի հաճախ ես հանդիպում վանականի, քան ողջամիտ իմաստի (ֆրանս.)։</ref>, և քանի որ կատարելապես համաձայն եմ դրան...
 
― Ինչպե՞ս, ինչպե՞ս ասացիք։
 
― Ես ասացի՝ on trove toujours plus de moines que de raison, և քանի որ ես դրան...
 
― Դա հաստատ ձերը չէր, հաստատ ինչ-որ տեղից վերցրե՞լ էիք։
 
― Սա Պասկալն է ասել։
 
― Այդպես էլ մտածեցի... որ ձերը չէ։ Ինչո՞ւ դուք երբեք այդպես չեք ասում, այդպես կարճ ու դիպուկ, այլ միշտ ձգում եք երկա՜ր-երկա՜ր։ Դա շատ ավելի լավ էր, քան քիչ առաջվա վարչական զմայլանքի մասինը...
 
― Ma foi, chère<ref>ճիշտ որ, թանկագինս (ֆրանս.)։</ref>... ինչո՞ւ։ Նախ, որովհետև հավանորեն Պասկալը չեմ այնուամենայնիվ, et puis<ref>և ապա (ֆրանս.)։</ref>... Երկրորդը, մենք՝ ռուսներս, ոչինչ չենք կարողանում մեր լեզվով ասել... Համենայն դեպս, մինչ այժմ դեռ ոչինչ չենք ասել...
 
― Հը՛մ։ Գուցեև դա ճիշտ չէ։ Համենայն դեպս, դուք կգրառեիք և կհիշեիք այդ խոսքերը, գիտեք, խոսակցության ժամանակ... Ախ, Ստեպան Տրոֆիմովիչ, ես ձեզ հետ լրջորեն, լրջորեն խոսելու էի գալիս։
 
― Chère, chère amie<ref>Սիրելի, սիրելի բարեկամ (ֆրանս.)։</ref>.
 
― Հիմա, երբ բոլոր այդ Լեմբկեները, այդ Կարմազինովները... Օ՜, տեր Աստված, Ինչքա՜ն եք իջել։ Օ՜, ինչպես եք ինձ տանջում... Ես կցանկանայի, որ այդ մարդիկ հարգանք զգային ձեր հանդեպ, որովհետև նրանք ձեր մի մատը, ձեր ճկույթը չարժեն, իսկ դո՞ւք ինչպես եք ձեզ պահում։ Ի՞նչ են տեսնելու նրանք։ Ի՞նչ եմ ցույց տալու նրանց։ Փոխանակ ազնվակերպ կանգնած մնալու որպես վկայություն, ձեզնով շարունակելու օրինակը, դուք ձեզ շրջապատում եք ինչ-ինչ ստահակներով, ձեռք եք բերել անհնարին ինչ-որ սովորություններ, դուք թոշնել եք, չեք կարող յոլա գնալ առանց խմիչքի և խաղաթղթերի, միայն ու միայն Պոլ դը Կոկ եք կարդում ու ոչինչ չեք գրում, երբ այնտեղ նրանք բոլորը գրում են, ձեր ամբողջ ժամանակը գնում է շաղակրատանքի վրա։ Մի՞թե կարելի է, թույլատրելի է ընկերանալ այնպիսի մի սրիկայի հետ, ինչպիսին ձեր անբաժան Լիպուտինն է։
 
― Իսկ ինչո՞ւ է իմը և անբաժան,― երկչոտ բողոքեց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Որտե՞ղ է նա հիմա,― խիստ ու կտրուկ շարունակեց Վարվառա Պետրովնան։
 
― Նա... նա ձեզ անսահման հարգում է և գնացել է Ս.-կ՝ մորից մնացած ժառանգությունը ստանալու։
 
― Կարծեմ թե նրա բան ու գործը փող ստանալն է։ Իսկ Շատո՞վը։ Էլի նո՞ւյնն Է։
 
― Irascible, mais Bon<ref>Դյուրաբորբոք է, բայց բարի (ֆրանս.)։</ref>։
 
― Տանելչեմ կարող ձեր Շատովին, թե չար է, թե իր մասին մեծ կարծիքի։
 
― Ինչպե՞ս էր Դարյա Պավլովնայի առողջությունը։
 
― Դաշայի մասի՞ն եք հարցնում։ Այդ ի՞նչ է անցել ձեր մտքով,― հետաքրքրությամբ նրան նայեց Վարվառա Պետրովնան։― Ողջ և առողջ է, Դրոզդովների մոտ թողեցի... Շվեյցարիայում ձեր որդու մասին բաներ լսեցի, վատ բաներ, ոչ լավ։
 
― Oh, c’est une histoire bien bête! Je vous attendais, ma bonne amie, pour vous raconter...<ref>Օ, դա բավական հիմար պատմություն Է։ Ես սպասում Էի ձեզ, իմ բարի ընկեր, որպեսզի պատմեմ ձեզ... (ֆրանս.)։</ref>
 
― Բավական է, Ստեպան Տրոֆիմովիչ, դադար տվեք, տանջվեցի։ Կհասցնենք կուշտ խոսել, հատկապես վատ բաներից։ Դուք սկսել եք թուք շաղ տալ ծիծաղելիս, դա արդեն մի տեսակ զառամյալություն է։ Եվ ի՜նչ տարօրինակ եք սկսել հիմա ծիծաղել... Աստված իմ, ինչքա՜ն գեշ սովորություններ եք կուտակել։ Կարմազինովը ձեզ մոտ չի գա։ Իսկ այստեղ, առանց դրա էլ ուրախ են ամեն ինչի համար։ Դուք հիմա ամբողջովին ի հայտ եք բերել ձեզ։ Է, բավական է, բավական, հոգնեցի։ Վերջապես, կարելի է, չէ՞, խնայել մարդուն։
 
Ստեպան Տրոֆիմովիչը «խնայեց մարդուն», բայց հեռացավ շփոթմունքի մեջ։
 
=== V ===
 
Մեր բարեկամը քիչ գեշ սովորություններ չէր ձեռք բերել, հատկապես վերջին ժամանակներս։ Նա նկատելի և արագ անկում էր ապրել և իրավ, դարձել էր փնթի։ Ավելի շատ էր խմում, ավելի լալկան ու նյարդերից թույլ էր դարձել, չափից ավելի զգայուն՝ գեղեցիկի հանդեպ։ Դեմքը ստացել էր անսովոր արագ փոփոխվելու տարօրինակ ունակություն, ասենք, ամենահանդիսավոր արտահայտությունից ամենածիծաղելի և նույնիսկ հիմար։ Չէր դիմանում մենության և շարունակ ծարավի էր, որ շուտափույթ զբաղեցնեն իրեն։ Հարկ էր նրան անպայման պատմել մի որևէ բամբասանք, քաղաքային անեկդոտ, ըստ որում, ամեն օր՝ նորը։ Իսկ եթե երկար ժամանակ ոչ ոք չէր գալիս, նա տխրամած թափառում էր սենյակներում, մոտենում պատուհանին, մտազբաղ ծամծմում շրթունքները, խոր հոգոցներ հանում, իսկ վերջում համարյա թե նվնվում։ Շարունակ ինչ-որ բան էր կանխազգում, անսպասելի, անխուսափելի ինչ-որ բանից վախենում էր, դարձել էր երկչոտ, մեծ ուշադրություն սկսել դարձնել երազներին։
 
Այդ ամբողջ օրն ու երեկոն չափազանց տխուր անցկացրեց նա, մարդ ուղարկեց՝ ինձ կանչելու, շատ էր հուզվում, երկար խոսեց, երկար պատմեց, բայց ամեն ինչ բավականին չկապակցված։ Վարվառա Պետրովնան վաղուց արդեն գիտեր, որ նա ինձնից ոչինչ չի թաքցնում։ Ինձ թվաց վերջապես, որ նրան մտահոգում է առանձնահատուկ և այնպիսի մի բան, ինչ թերևս ինքը նույնպես պատկերացնել չէր կարողանում։ Նախկինում սովորաբար, երբ հանդիպում էինք երկուսով և նա սկսում էր ինձ գանգատվել, համարյա միշտ, որոշ ժամանակ անց, շիշ էր բերվում ու շատ ավելի մխիթարական դառնում։ Այս անգամ խմիչք չկար և նա, ըստ երևույթին, զսպում էր խմիչքի ուղարկելու քանիցս առաջացած ցանկությունը։
 
― Եվ ինչի՞ է նա շարունակ բարկանում,― րոպեն մեկ երեխայի պես տրտնջում էր նա։― Tous les hommes de génie et de progrès en Russie étaient, sont et sepont toujours des խաղամոլները, et des հարբեցողները, qui boivent en capoi...<ref>Բոլոր շնորհալի, առաջավոր մարդիկ Ռուսաստանում եղել են, կան ու միշտ կլինեն խաղամոլներ ու հարբեցողներ, որոնք խումհարից դուրս չեն գալիս (ֆրանս.)։</ref>, իսկ ես դեռ ամենևին էլ այդպիսի խաղամոլ չեմ ու այդպիսի հարբեցող... Հանդիմանում է, թե ինչո՞ւ ոչինչ չեմ գրում։ Տարօրինակ միտք է... Ինչի՞ համար եմ պառկում։ Դուք, ասում է, պետք է կանգնեք «որպես օրինակ և կշտամբանք»։ Mais, entre nous soit dit<ref>Բայց, մեր մեջ ասած (ֆրանս.)։</ref>, իսկ ի՞նչ պիտի անի մարդը, որին կանխանշված է կանգնել, «որպես կշտամբանք», եթե չպառկի, գիտե՞ արդյոք նա դա։
 
Եվ վերջապես, ինձ համար պարզվեց այն գլխավոր, առանձնահատուկ տրտմությունը, որ այնպես կպել ու տանջում էր նրան այս անգամ։ Այդ երեկո քանիցս մոտեցավ հայելուն ու երկար կանգնեց դրա առաջ։ Ի վերջո, հայելուց դարձավ ինձ և մի տեսակ հուսալքությամբ արտաբերեց.
 
― Mon cher, je suis un<ref>Սիրելիս, ես մի... եմ (ֆրանս.)։</ref> ընկած մարդ։
 
Այո, իսկապես, մինչև հիմա, մինչև հենց այդ օրը, նա մշտապես վստահ էր միայն մի բանում, չնայած Վարվառա Պետրովնայի բոլոր «նոր հայացքներին» և բոլոր «գաղափարների փոփոխմանը», հատկապես, որ ինքը դեռևս հմայիչ է նրա կանացի սրտի համար, այսինքն ոչ միայն որպես հալածական կամ որպես փառապանծ գիտնական, այլ որպես գեղեցիկ տղամարդ։ Քսան տարի արմատացել էր նրա մեջ այդ շոյիչ ու հանգստացուցիչ համոզումը, ու գուցեև բոլոր համոզումներից նրա համար ամենադժվարինն այդ մեկին հրաժեշտ տալն էր։ Կանխազգում էր արդյոք նա այն երեկո, թե մոտ ապագայում ինչ վիթխարի փորձություն է պատրաստվում իրեն։
 
=== VI ===
 
Հիմա անցնեմ մասամբ զվարճալի այն դեպքի նկարագրությանը, որից էլ իրապես, սկսվում է իմ ժամանակագրությունը։
 
Օգոստոսի ամենավերջին օրերին վերադարձան նաև Դրոզդովները։ Նրանց հայտնվելուն կարճ ընթացքով նախորդեց իրենց իսկ ազգականուհու՝ մեր նոր նահանգապետի տիկնոջ՝ ամբողջ քաղաքի կողմից վաղուց սպասված գալուստը, որն ընդհանրապես հոյակապ տպավորություն գործեց հասարակության վրա։ Սակայն բոլոր այդ հետաքրքրական դեպքերի մասին կասեմ հետո, իսկ հիմա կսահմանափակվեմ լոկ նրանով, որ Պրասկովյա Իվանովնան իրեն այնքան անհամբեր սպասող Վարվառա Պետրովնային ամենահոգսաշատ հանելուկը բերեց. Nicolas-ը նրանցից բաժանվել էր դեռևս հուլիսին, և Հռենոսի վրա հանդիպելով կոմս Կ.-ին՝ վերջինիս ու նրա ընտանիքի հետ ուղևորվել Պետերբուրգ (NB. կոմսի երեք դուստրերն էլ հարսնացու էին)։
 
― Լիզավետայից ոչինչ չկորզեցի՝ նրա հպարտության և կամակորության պատճառով,― եզրափակեց Պրասկովյա Իվանովնան,― բայց աչքովս տեսա, որ նրա և Նիկոլայ Վսեվոլոդովիչի միջև ինչ-որ բան կատարվել է։ Պատճառները չգիտեմ, բայց կարծում եմ, իմ բարեկամ Վարվառա Պետրովնա, ստիպված կլինեք պատճառների մասին հարցնել ձեր Դարյա Պավլովնայից։ Իմ կարծիքով, Լիզան վիրավորված էր։ Ուրախ եմ անչափ, որ վերջապես ձեզ եմ բերել ձեր սիրեցյալին ու ձեռքից ձեռք եմ հանձնում, ուսերիցս քար ընկավ։
 
Թունալի այս բառերն արտասանվեցին հոյակապ բորբոք-վածությամբ։ Երևում էր, որ «թոշնած կինը» վաղօրոք է դրանք պատրաստել և նախապես ընբոշխնել դրանց հարուցած էֆեկտը։ Սակայն Վարվառա Պետրովնային չէր լինի շվարեցնել սենտիմենտալ էֆեկտներով ու հանելուկներով։ Նա խստորեն պահանջեց ամենաստույգ և բավարարող բացատրություններ։ Պրասկովյա Իվանովնան անմիջապես մեղմեց տոնը և նույնիսկ ավարտեց նրանով, որ արտասվեց ու ծայր տվեց ամենաբարե-կամական զեղումների։ Այդ դյուրաբորբոք, սակայն սենտիմենտալ տիկինը, ճիշտ ինչպես Ստեպան Տրոֆիմովիչը, մշտապես կարիք ուներ իսկական մտերմության և իր դստեր՝ Լիզավետա Նիկոլաևնայից գլխավորագույն գանգատն այն էր, որ «դուստրն իրեն ընկեր չէ»։
 
Սակայն նրա բոլոր բացատրություններից և զեղումներից ստույգն այն էր սոսկ, որ, իրոք, Լիգայի և Nicolas-ի միջև ինչ-որ գժտություն է եղել, բայց թե ինչ բնույթի էր այդ գժտությունը, Պրասկովյա Իվանովնան, ակներևաբար, այս մասին որոշակի պատկերացում կազմել չէր կարողացել։ Իսկ Դարյա Պավլովնայի վրա բարդված մեղադրանքներից նա ոչ միայն հրաժարվեց ամենավերջում, այլ նույնիսկ հատկապես խնդրեց ոչ մի նշանակություն չտալ քիչ առաջվա իր խոսքերին, որովհետև ասել էր դրանք «բորբոքված»։ Մի խոսքով, ամեն ինչ ստացվում էր շատ անհստակ, անգամ կասկածելի։ Ըստ նրա պատմածների, գժտությունը սկսվել էր Լիգայի «կամավոր և ծաղրասեր» բնավորությունից, «իսկ հպարտ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, թեև խիստ էր սիրահարված, բայց չկարողացավ տանել ծաղրանքները և ինքն էլ դարձավ ծաղրասեր»։
 
― Հետո շուտով ծանոթացանք մի երիտասարդի հետ, կարծես, ձեր «պրոֆեսորի» ազգականն է, ազգանունն էլ է նույնը...
 
― Որդին է, ոչ թե ազգականը,― ուղղեց Վարվառա Պետրովնան։ Պրասկովյա Իվանովնան նախկինում էլ երբեք չէր կարողանում հիշել Ստեպան Տրոֆիմովիչի ազգանունը և միշտ «պրոֆեսոր» էր կոչում նրան։
 
― Է, որդին է, թող որդին լինի, ավելի լավ, իսկ ինձ համար չէ որ միևնույնն է։ Սովորական երիտասարդ է, շատ աշխույժ և ազատ, բայց մեջն առանձին ոչինչ չկա։ Էհ, այստեղ արդեն Լիզան լավ չվարվեց, երիտասարդին մոտ թողեց իրեն այն հաշվով, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչի խանդը հարուցի։ Շատ չեմ դատապարտում դա՝ աղջկա արած է, սովորական, նույնիսկ հաճելի։ Սենակ թե Նիկոլայ Վսեվոլոդովիչը, փոխանակ խանդելու, հակառակը, ինքը մտերմացավ երիտասարդի հետ, ճիշտ կարծես ոչինչ չի տեսնում, կարծես նրա համար մեկ է ամեն բան։ Իսկ Լիզան հենց այդ պատճառով էլ պոռթկաց։ Երիտասարդն ինչ-որ տեղ մեկնեց շուտով (շատ էր շտապում), իսկ Լիզան սկսեց ամեն հարմար առիթով կպչել Նիկոլայ Վսեվոլոդովիչից։ Նկատել էր, որ նա երբեմն խոսում է Դաշայի հետ, ու սկսեց կատաղել, այստեղ արդեն իմ կյանքն էլ փչացավ։ Բժիշկներն ինձ արգելել էին բարկանալ-հուզվել, ու նրանց այդ գովական լիճն էլ ինձ ձանձրացրեց, միայն ատամներս սկսեցին ցավել, մի տեսակ հոդացավ ստացա։ Այդ մասին նույնիսկ տպագրում են, որ ժնևի լճից ատամները ցավում են՝ այդպիսի հատկություն ունի։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն էլ հանկարծ նամակ ստացավ կոմսուհուց և տեղնուտեղը մեզ մոտից գնաց, մի օրվա մեջ պատրաստվեց։ Հրաժեշտ տվեցին նրանք բարեկամաբար, Լիզան էլ, ուղեկցելով նրան, շատ ուրախ ու թեթևամիտ դարձավ, շատ էր քրքջում։ Միայն թե շինծու էր ամեն ինչ։ Հենց նա գնաց, շատ մտամոլոր դարձավ, բոլորովին դադարեց հիշատւսկել նրան, ինձ նմանապես չէր թողնում։ Ձեզ նույնպես խորհուրդ կտամ, սիրելի Վարվառա Պետրովնա, հիմա Լիզայի հետ այդ նյութի շուրջ ոչինչ չսկսել, միայն գործին կվնասեք։ իսկ եթե լռեք, առաջինն ինքը խոսք կբացի, ավելի շատ բան կիմանաք։ Իմ կարծիքով, նորից կմտերմանան, եթե միայն Նիկոլայ Վսեվոլոդովիչը չհապաղի գալ, ինչպես խոստացել է։
 
― Անմիջապես կգրեմ նրան։ Եթե ամեն ինչ այդպես է եղել, ապա դատարկ գժտություն է՝ փուչ բան է դա։ Դարյային էլ եմ չափից ավելի ճանաչում՝ փուչ բան է։
 
― Դաշենկայի վերաբերյալ զղջում եմ՝ մեղք արեցի հոգուս։ Միմիայն սովորական խոսակցություններ են եղել, այն էլ՝ բարձրաձայն։ Բայց ախր այդ ամենն ինձ շատ դառնացրեց, սիրելիս, այն ժամանակ։ Լիզան էլ, տես, ինքը մտերմացավ Դաշենկայի հետ նախկին սիրով...
 
Վարվառա Պետրովնան նույն իսկ օրը գրեց Nicolas-ին և խնդրեց որդուն նշված ժամկետից գոնե մեկ ամիս շուտ գալ։ Բայց և այնպես, նրա համար անհստակ ու անհայտ ինչ-որ բան կար այդտեղ։ Նա մտորեց ամբողջ երեկոն և ամբողջ գիշերը։ «Պրասկովյայի» կարծիքը նրան թվաց չափից ավելի անմեղ և սենտիմենտալ։ «Ամբողջ կյանքում Պրասկովյան եղել է չափազանց զգայուն, դեռևս պանսիոնից,― մտածում էր նա,― Nicolas-ն այնպիսին չէ, որ փախչի աղջկա ձեռ առնելուց։ Այստեղ ուրիշ պատճառ կա, եթե իսկապես գժտություն եղել է։ Այնինչ, այդ սպան այստեղ է, իրենց հետ են բերել, ու նրանց տանն է բնակվում, որպես ազգական։ Դարյայի մասին էլ Պրասկովյան շատ շուտ մեղա եկավ, հաստատ մի բան իր մեջ պահեց, չուզեց ասել...»։
 
Լուսադեմին Վարվառա Պետրովնան ծայրահեղ դեպքում գոնե մեկ տարակուսանք միանգամից լուծելու ծրագիր հասունացրեց՝ իր անսպասելիությամբ հոյակապ ծրագիր։ Թե ի՞նչ կար նրա սրտում, երբ այդ ծրագիրն էր կազմում, դժվար է ասել, չեմ էլ հանձն առնի նախապես պարզաբանել բոլոր հակասությունները, որոնցից բաղկացած էր դա։ Որպես ժամանակագիր, ես սահմանափակվում եմ սոսկ նրանով, որ ներկայացնում եմ դեպքերը ստուգապես, ճիշտ այնպես, ինչպես կատարվել են, ու մեղավոր չեմ, եթե դրանք անհավանական թվան։ Բայց և այնպես, մեկ անգամ էլ պիտի վկայեմ, որ Դաշայի վրա կասկածանքներ չմնացին լուսադեմին, իսկ ավելի ճիշտ՝ երբեք չէին էլ եղել, նրա վրա չափազանց վստահ էր։ Եվ մտքով անգամ չէր անցնի, որ իր Nicolas-ը կարող է հրապուրվել իր... «Դարյայով»։ Առավոտյան, երբ Դարյա Պավլովնան թեյասեղանի մոտ թեյ էր լցնում, Վարվառա Պետրովնան երկար ու ակնդետ զննում էր նրան, և երեկվանից գուցե արդեն քսաներորդ անգամ վստահաբար ասաց ինքն իրեն.
 
― Դատարկ բան է ամեն ինչ։
 
Նկատեց սոսկ, որ մի տեսակ հոգնած տեսք ունի Դաշան և որ նախկինից ավելի սուսուփուս է, ավելի անտարբեր։ Թեյից հետո, մեկընդմիշտ ընդունված սովորությամբ, երկուսն էլ նստեցին ձեռագործի։ Վարվառա Պետրովնան կարգադրեց իրեն կատարյալ հաշվետվություն տալ արտասահմանյան տպավորությունների, գերազանցապես բնության, բնակիչների, քաղաքների, սովորույթների, նրանց արվեստի, արդյունաբերության մասին, այն ամենի, ինչ հասցրել է նկատել։ Ոչ մի հարց Դրոզդովների և Դրոզդովների հետ կյանքի մասին։ Դաշան, նստած նրա կողքը՝ աշխատանքային սեղանիկի մոտ, և օգնելով ասեղնագործելուն, արդեն կես ժամ պատմում էր իր համաչափ, միապաղաղ, բայց փոքր-ինչ նվազ ձայնով։
 
― Դարյա,― հանկարծակի ընդհատեց նրան Վարվառա Պետրովնան,― ոչ մի առանձնահատուկ բան չունե՞ս, ինչի մասին կուզենայիր հայտնել։
 
― Չէ, ոչինչ,― մի փոքր մտածեց Դաշան և իր պայծառ աչքերով նայեց Վարվառա Պետրովնային։
 
― Հոգուդ, սրտիդ, խղճիդ վրա՞։
 
― Ոչինչ,― մեղմաձայն, բայց մի տեսակ մռայլ ու հաստատուն կրկնեց Դաշան։
 
― Այդպես էլ գիտեի։ Իմացիր, Դարյա, ես երբեք չեմ կասկածել քեզ։ Հիմա նստիր ու լսիր։ Տեղափոխվիր այս աթոռին, դիմացս նստիր, ուզում եմ քեզ ոտից գլուխ տեսնել։ Այ, այդպես։ Լսիր՝ ուզո՞ւմ ես ամուսնանալ։
 
Դաշան պատասխանեց հարցական, տևական, իմիջիայլոց, ոչ շատ զարմացած հայացքով։
 
― Սպասիր, սուս կաց։ Նախ և առաջ, տարիքների տարբերություն կա, շատ մեծ, բայց չէ որ դու բոլորից լավ գիտես, թե ինչ փուչ բան է դա։ Դու ողջամիտ ես, ու քո կյանքում սխալներ չպետք է լինեն։ Իմիջիայլոց, նա դեռևս գեղեցկատես տղամարդ է... Մի խոսքով, Ստեպան Տրոֆիմովիչը, դու նրան միշտ հարգել ես։ Հը՞։
 
Դաշան ավելի հարցական նայեց և այս անգամ ոչ միայն զարմանքով, այլև նկատելիորեն կարմրեց։
 
― Սպասիր, սուս կաց։ Մի շտապիր։ Թեև դու փող ունես, իմ կտակի համաձայն, բայց եթե մեռա, ի՞նչ կլինի քեզ հետ, թեկուզև փողերի հետ։ Քեզ կխաբեն ու փողերդ կառնեն, ուրեմն՝ կործանված ես։ Իսկ նրա հետ կլինես հայտնի մարդու կին։ Հիմա նայիր մյուս կողմից, եթե հիմա մեռնեմ, թեև կապահովեմ նրան, ի՞նչ կկատարվի նրա հետ։ Իսկ քեզ վրա ես հույս ունեմ։ Սպասիր, ես չեմ վերջացրել, նա թեթևամիտ է, ծանրաշարժ, դաժան, եսամոլ, ցածրակարգ սովորություններով, բայց դու նրան գնահատիր նախ և առաջ, այն պատճառով, որ շատ ավելի վատերը կան։ Հո չե՞մ ուզում ինչ-որ սրիկայի վրա քեզ սաղացնել, մտքովդ հո նման բան չանցա՞վ։ Իսկ գլխավորը, որովհետև ես եմ խնդրում, դրա համար էլ կգնահատես,― հանկարծակի ընդհատեց նա բորբոքված,― լսո՞ւմ ես։ Ի՞նչ ես դեմ առել։
 
Դաշան լուռ էր ու լսում էր։
 
― Սպասիր, համբերիր դեռ։ Նա կնիկ է, բայց չէ որ ավելի լավ է քեզ համար։ Իմիջիայլոց, խղճալի կնիկ, նրան բոլորովին չարժեր կին սիրել։ Բայց արժե նրան սիրել իր անպաշտպանության համար, և դու սիրիր նրան այդ անպաշտպանության համար։ Դու չէ՞ որ ինձ հասկանում ես։ Հասկանո՞ւմ ես։
 
Դաշան գլխով արեց՝ հաստատելով։
 
― Ես այդպես էլ գիտեի, պակաս բան չէի սպասում քեզնից։ Նա քեզ կսիրի, որովհետև պարտավոր է, պարտավոր է, նա պետք է քեզ աստվածացնի,― մի ուրիշ տեսակ ճչաց Վարվառա Պետրովնան։― Իսկ իմիջիայլոց, առանց պարտավորության էլ նա քեզ կսիրահարվի, չէ որ ես գիտեմ նրան։ Բացի դրանից, ես ինքս էլ եմ այստեղ։ Մի անհանգստացիր, ես միշտ այստեղ եմ։ Նա կսկսի քեզնից գանգատվել, կսկսի քեզ զրպարտել, քո մասին կփսփսա առաջին հանղիպած մեկի հետ, կնվնվա, մշտապես կնվնվա, քեզ նամակներ կգրի մի սենյակից մյուսը, օրեկան երկուական նամակ, բայց և այնպես առանց քեզ չի ապրի, իսկ գլխավորը դա է։ Ստիպիր որ քեզ ենթարկվի, չկարողացար ստիպել՝ անխելք ես։ Կուզենա կախվել, կսպառնա՝ մի հավատա, միայն ցնդաբանություն է։ Մի հավատա, բայց և այնպես, ուշքդ վրադ պահիր, մեկ էլ տեսար, ու կախվեց, այդ պատճառով էլ երբեք մի հասցրու վերջին գծին, և դա ամուսնական կյանքի առաջին կանոնն է։ Հիշիր նաև, որ նա բանաստեղծ է։ Լսիր, Դարյա, ավելի բարձր երջանկություն չկա, քան իրեն զոհաբերելը։ Բացի դրանից, ինձ էլ մեծ հաճույք կպատճառես, իսկ դա գլխավորն է։ Մի կարծիր, թե հիմա գլխիցս դուրս տվեցի հիմարավարի, ես հասկանում եմ, ինչ եմ ասում։ Ես եսապաշտ եմ, դու էլ եսապաշտ եղիր։ Ես քեզ չեմ պարտադրում, ամեն ինչ քո կամքով է, ինչպես ասես, այնպես էլ կլինի։ Դե, ի՞նչ ես նստել, մի բան ասա։
 
― Վարվառա Պետրովնա, չէ որ ինձ համար միևնույնն է, եթե անպայման պիտի ամուսնանալ,― հաստատուն ասաց Դաշան։
 
― Անպայմա՞ն։ Այդ ի՞նչ ես ակնարկում,― խստությամբ և ակնդետ նրան նայեց Վարվառա Պետրովնան։
 
Դաշան լռում էր՝ ասեղով փորփրելով քարգահը։
 
― Թեև դու խելացի ես, բայց հիմար բան ասացիր։ Թեկուզև ճիշտ է, որ հիմա անպայման մտադիր եմ քեզ ամուսնացնել, բայց դա անհրաժեշտությունից չէ, այլ միայն, որ մտքովս այդպես է անցել, ու մենակ Ստեպան Տրոֆիմովիչի համար։ Չլիներ Ստեպան Տրոֆիմովիչը, չէի էլ մտածի հիմա քեզ ամուսնացնել, թեև արդեն քսան տարեկան ես... Դե՞։
 
― Ինչպես կամենաք, Վարվառա Պետրովնա։
 
― Ուրեմն, համաձայն ես։ Սպասիր, սուս կաց, ո՞ւր ես շտապում, ես չեմ վերջացրել։ Կտակով քեզ քսանհինգ հազար ռուբլի է նշանակված ինձնից։ Պսակից անմիջապես հետո քեզ կտամ։ Դրանից ութը հազարը կտաս նրան, այսինքն՝ ոչ թե նրան, այլ ինձ։ Նա ութը հազար պարտք ունի, ես էլ կվճարեմ, բայց պետք է իմանա, որ քո փողից եմ տալիս։ Յոթը հազարը կմնա ձեռքիդ, դրանից հետո երբեք ոչ մի ռուբլի չտաս իրեն։ Նրա պարտքերը չփակես երբեք։ Մի անգամ տվեցիր, հետո պրծում չես ունենա։ Իմիջիայլոց, ես միշտ այստեղ կլինեմ։ Դուք ինձնից ամեն տարի կստանաք հազար երկու հարյուր՝ ապրուստի փող, ավելի տվածի հետ՝ հազար հինգ հարյուր, բացի բնակարանից և ուտելիքից, որոնք իմ կողմից կլինեն, ինչպես հիմա է նա օգտվում։ Ծառաները, մենակ ինքներդ կվարձեք։ Տարեկան փողը միանգամից կտամ քեզ, ձեռքդ կդնեմ։ Բայցև բարի կլինես, երբեմն նրան էլ մի քիչ տուր, թույլատրիր ընկերների մոտ գնալ, շաբաթը մի անգամ, իսկ եթե հաճախակի եղավ, ապա վռնդիր։ Բայց ես ինքս այստեղ կլինեմ։ Իսկ եթե մեռա, ձեր ապրուստադրամը չի դադարեցվի, մինչև նրա մահը, լսում ես, մինչև միայն նրա մահը, քանի որ դա նրա ապրուստադրամն է, և ոչ քոնը։ Իսկ քեզ, բացի հիմիկվա յոթ հազարից, որը լրիվ քեզ կմնա, եթե ինքդ անխելք չլինես, ևս ութը հազար կտակով կթողնեմ։ Եվ ինձնից քեզ ավելի ոչինչ չի լինի, պետք է որ իմանաս։ Հը՞, համաձա՞յն ես, թե չէ։ Վերջապես, մի բառ ասելո՞ւ ես։― Ես արդեն ասացի, Վարվառա Պետրովնա։
 
― Հիշիր, որ կամքը լրիվ քոնն է, ինչպես ուզես, այնպես էլ կլինի։
 
― Մենակ թույլ տվեք, Վարվառա Պետրովնա, մի՞թե Ստեպան Տրոֆիմովիչը ձեզ արդեն ինչ-որ բան ասել է։
 
― Չէ, ոչինչ չի ասել ու չգիտի, բայց... հիմա կսկսի ասել։ Նա ակնթարթորեն վեր թռավ ու վրան գցեց իր սև շալը։
 
Դաշան նորից թեթևակի կարմրեց և հարցական հայացքով նրան էր հետևում։ Վարվառա Պետրովնան միանգամից շրջվեց դեպի նա՝ զայրույթից կրակվող դեմքով։
 
― Անխելք ես,― բազեի պես հարձակվեց նրա վրա,― ապերախտ անխելք։ Ի՞նչ է անցնում մտքովդ։ Չլինի՞ մտածում ես, որ թեկուզ մի փոքր բանով, թեկուզ այ, այսքանով կվարկաբեկեմ քեզ։ Նա ինքը ծնկաչոք կսողա և կխնդրի, նա պիտի երջանկությունից մեռնի, ահա թե ինչպես կդասավորվի դա։ Դու հո գիտես, որ ես չեմ թողնի քեզ նեղացնել։ Թե՞ կարծում ես, նա քեզ այդ ութը հազարի համար կվերցնի, ես էլ վազում եմ քեզ ծախելո՞ւ։ Անխելքի մեկը, անխելք, բոլորդ էլ ապերախտ անխելքներ եք։ Անձրևանոցը տուր։
 
Եվ նա թրջված աղյուսե մայթերով ու փայտյա կամրջակներով, ոտքով սլացավ Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։
 
=== VII ===
 
Ճիշտ էր, որ «Դարյային» նա չէր թողնի նեղացնել, ընդհակառակը, հենց հիմա իրեն համարում էր նրա բարերարը։ Ամենավսեմ ու անբասիր զայրույթը նրա հոգում բորբոքվեց, երբ շալը գցելիս իր վրա որսաց սանուհու շշկլված ու չվստահող հայացքը։ Վարվառա Պետրովնան անկեղծորեն սիրում էր նրան՝ հենց մանկուց։ Պրասկովյա Իվանովնան իրավացիորեն էր կոչել Դարյա Պավլովնային նրա սիրեցյալը։ Վաղուց արդեն Վարվառա Պետրովնան վճռել էր մեկընդմիշտ, որ «Դարյայի բնավորությունը նման չէ եղբորը» (այսինքն, նրա եղբոր՝ Շատովի բնավորությունը), որ նա մեղմաբարո է և հեզ, ընդունակ է մեծ անձնազոհության, աչքի է ընկնում հավատարմությամբ, արտասովոր համեստությամբ, եզակի ողջամտությամբ և գլխավորը՝ երախտագիտությամբ։ Ըստ երևույթին, մինչև հիմա Դաշան արդարացրել էր նրա բոլոր սպասումները։ «Այս կյանքում սխալներ չեն լինի»,― ասել էր Վարվառա Պետրովնան, երբ աղջնակը դեռևս տասներկու տարեկան էր, և քանի որ փոքրիկն ուներ իրեն գերած ամեն մի երազանքին, իր ամեն մի նոր կանխանշմանը, իրեն լուսավոր թվացած յուրաքանչյուր մտքին համառորեն և մոլեգնորեն կապվելու հատկություն, ապա իսկույն ևեթ որոշել էր դաստիարակել Դաշային, որպես հարազատ դստեր։ Նա անհապաղ դրամագլուխ առանձնացրեց նրան ու տուն հրավիրեց դաստիարակչուհու՝ միսս Կրիգսին, որն էլ ապրեց նրանց մոտ, մինչև սանուհու տասնվեց տարեկան դառնալը, բայց հանկարծ, չգիտես ինչու, նրան մերժեցին։ Գալիս էին ուսուցիչներ գիմնազիայից, այդ թվում մի իսկական ֆրանսիացի, որն էլ Դաշային ֆրանսերեն սովորեցրեց։ Այս մեկին էլ հանկարծակի մերժեցին, ճիշտ կարծես վռնդեցին։ Մի չունեևոր տիկին, ազնվատոհմ այրի, դաշնամուր նվագել սովորեցրեց։ Սակայն գլխավոր մանկավարժը, այնուամենայնիվ, Ստեպան Տրոֆիմովիչն էր։ Իսկականից, առաջինն էլ հենց նա բացահայտեց Դաշային. սկսեց ուսուցանել սուսուփուս մանկանն այն ժամանակ դեռ, երբ Վարվառա Պետրովնան նրա մասին չէր էլ մտածում։ Նորից կրկնեմ, զարմանալի է, թե ինչպես էին նրա հետ կապվում երեխաները։ Լիզավետա Նիկոլաևնա Տուշինան նրա մոտ սովորեց ութից տասնմեկ տարեկան (հարկավ, Ստեպան Տրոֆիմովիչը սովորեցնում էր նրան անվճար և հանուն ոչնչի վարձ չէր վերցնի Դրոզդովներից)։ Բայց նա ինքը սիրահարվեց սքանչելի փոքրիկին և նրան ինչ-որ պոեմներ էր պատմում աշխարհի, երկրի կառուցվածքի, մարդկության պատմության մասին։ Նախնադարյան ժողովուրդների և նախամարդու մասին դասախոսություններն ավելի հետաքրքրաշարժ էին արաբական հեքիաթներից։ Լիզան, որը նվաղում էր այդ հեքիաթներից, տանը անչափ ծիծաղելի նմանակում էր Ստեպան Տրոֆիմովիչին։ Վերջինս իմացավ այդ մասին ու մի անգամ անսպասելի, ծածուկ նայեց։ Շփոթահար Լիզան նետվեց նրա գիրկն ու լաց եղավ։ Ստեպան Տրոֆիմովիչը՝ նույնպես, զմայլանքից։ Սակայն Լիզան շուտով մեկնեց և մնաց միայն Դաշան։ Երբ Դաշայի մոտ ուսուցիչներ սկսեցին գալ, Ստեպան Տրոֆիմովիչը թողեց իր պարապմունքները և կամաց-կամաց բոլորովին դադարեց ուշադրություն դարձնել նրա վրա։ Այդպես շարունակվեց երկար ժամանակ։ Սի անգամ, երբ Դաշան արդեն տասնյոթ տարեկան էր, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծակի ապշեց նրա բարետեսությամբ։ Դա կատարվեց Վարվառա Պետրովնայի մոտ, սեղանի շուրջ։ Նա խոսակցություն սկսեց օրիորդի հետ, շատ գոհ մնաց նրա պատասխաններից և ավարտեց նրան ռուս գրականության պատմության լուրջ և ընդարձակ դասընթաց կարդալու առաջարկությամբ։ Վարվառա Պետրովնան գովեց և շնորհակալություն հայտնեց սքանչելի գաղափարի համար, իսկ Դաշան զմայլված էր։ Ստեպան Տրոֆիմովիչը սկսեց հատկապես նախապատրաստվել դասախոսություններին, որոնք ի վերջո, կայացան։ Սկսեցին հնագույն ժամանակներից, առաջին դասախոսությունն անցավ գրավիչ, Վարվառա Պետրովնան ներկա գտնվեց։ Երբ Ստեպան Տրոֆիմովիչն ավարտեց և գնալուց առաջ հայտնեց աշակերտուհուն, որ հաջորդ անգամ անցնելու է «Ասք Իգորի մասին»-ի վերլուծությանը, Վարվառա Պետրովնան հանկարծ ոտքի ելավ ու հայտարարեց, որ այլևս դասախոսություններ չեն լինի։ Ստեպան Տրոֆիմովիչը շշկլվեց, բայց ձայն չհանեց։ Դաշան բռնկվեց, սակայն դրանով էլ ավարտվեց ձեռնարկումը։ Դա կատարվեց Վարվառա Պետրովնայի ներկայիս անսպասելի ֆանտազիայից ճիշտ երեք տարի առաջ։
 
Խեղճ Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր մենակ ու ոչինչ չէր կանխազգում։ Տխուր մտքերով տարված, վաղուց արդեն պատուհանից դուրս էր նայում, թե ծանոթներից մեկնումեկը չի՞ երևա արդյոք։ Բայց ոչ ոք չէր ուզում գալ։ Դրսում անձրև էր մաղմղում, ցրտում էր, պետք էր վառարանը վառել։ Նա հոգոց հանեց։ Հանկարծ սարսափելի տեսիլք հայտնվեց աչքերին. Վարվառա Պետրովնան այս եղանակին ու նման անպատեհ ժամի իր մոտ է գալիս։ Ու՝ ոտքով։ Այնքան էր ապշահար, որ մոռացավ հագուստը փոխել և ընդունեց նրան, ինչպես կար՝ իր մշտական բամբակյա վարդագույն ֆուֆայկայով։
 
― Ma bonne amie,― թույլ բղավեց նա՝ ընդառաջ գնալով։
 
― Դուք մենակ եք, ուրախ եմ, տանել չեմ կարող ձեր ընկերներին։ Ինչպե՜ս եք միշտ այսպես ծխում, Աստված իմ, սա ի՜նչ օդ է։ Թեյն էլ դեռ չեք խմել-վերջացրել, իսկ ժամը տասներկուսն է արդեն։ Ձեր երանությունը թափթփվածությունն է։ Ձեր վայելքը՝ կեղտը։ Այս ի՞նչ պատառոտված թղթեր են հատակին։ Նաստասյա, Նաստասյա։ Ի՞նչ է անում ձեր Նաստասյան։ Այ հոգի, բաց արա պատուհանները, օդանցքները, դռները, բոլորը՝ կրնկի վրա։ Իսկ մենք գնանք սրահ, գործով եմ եկել ձեզ մոտ։ Կյանքումդ գոնե մի անգամ ավլիր, այ հոգի։
 
― Կեղտոտում են, է՜,― բորբոքված, տրտնջան ձայնով ծվծվաց Նաստասյան։
 
― Դու էլ սրբիր, օրվա մեջ տասնհինգ անգամ սրբիր։ Գարշելի սրահ ունեք (երբ մտան սրահ)։ Դուռը պինդ փակեք, նա ականջ է դնելու։ Անպայման պիտի փոխել պաստառները։ Չէ՞ որ ես ձեզ պաստառագործ ուղարկեցի, նմուշներով, ինչի՞ համար չընտրեցիք։ Նստեք և լսեք։ Դե, նստեք վերջապես, խնդրում եմ ձեզ։ Իսկ ո՞ւր եք գնում։ Ո՞ւր եք գնում։ Ո՜ւր եք գնում։
 
― Ես... հիմա կգամ,― մյուս սենյակից բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը,― ահա, ես եկա։
 
― Ա՜, հագուստը փոխեցիք,― ծաղրաբար զննեց նա Ստեպան Տրոֆիմովիչին։ (Նա ֆուֆայկայի վրայից սերթուկ էր հագել)։ Էդպես, իրոք, ավելի հարմար կլինի... մեր խոսակցությանը։ Վերջապես նստեք, խնդրում եմ ձեզ։
 
Նա բացատրեց ամեն ինչ միանգամից, կտրուկ ու համոզիչ։ Ակնարկեց նաև ութը հազարը, որ նրան անչափ պետք էր։ Մանրակրկիտ պատմեց օժիտի մասին։ Ստեպան Տրոֆիմովիչն աչքերն էր չռել ու դողում էր։ Լսեց ամեն ինչ, բայց հստակ ըմբռնել չէր կարողանում։ Ուզում էր խոսել, բայց ձայնը շարունակ կտրվում էր։ Գիտեր միայն, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես Վարվառա Պետրովնան է ասում, որ առարկելը կամ չհամաձայնելն անիմաստ գործ է, իսկ ինքն ամուսնացած մարդ է անդառնալիորեն։
 
― Mais, ma bonne amie<ref>Բայց, իմ բարի ընկեր (ֆրանս.)։</ref>, երրորդ անգամ, իմ տարիքում... ու այդպիսի երեխայի հետ,― վերջապես խոսեց նա։― Mais c’est un enfant<ref>Բայց չէ որ նա երեխա է (ֆրանս.)։</ref>։
 
― Երեխա, որը քսան տարեկան է, փառք Աստծո։ Խնդրում եմ, մի պտտեք ձեր բիբերը, թատրոնում չեք։ Դուք շատ խելացի եք և ուսյալ, բայց ոչինչ չեք հասկանում կյանքում, ձեր ետևից շարունակ պիտի դայակ ման գա։ Ես որ մեռնեմ, ի՞նչ կլինի ձեզ հետ։ Իսկ նա լավ դայակ կլինի ձեզ համար։ Համեստ, կայուն, կշռադատող աղջիկ է, բացի դրանից, ինքս էլ կլինեմ այստեղ, հո չմեռա հիմա։ Տանը նստող է, հեզության հրեշտակ։ Այս երջանիկ միտքը դեռ Շվեյցարիայում էր գլուխս մտել։ Հասկանո՞ւմ եք արդյոք, երբ ինքս եմ ձեզ ասում, որ հեզության հրեշտակ է նա,― հանկարծ մոլեգնած բղավեց նա։― Ձեր տունը կեղտի բուն է, նա մաքրություն կհաստատի, կարգուկանոն, ամեն ինչ՝ հայելու պես... Է, չլինի՞ մտածում եք, թե պիտի գլուխ խոնարհեմ այդպիսի գանձի համար, թվարկեմ բոլոր օգուտները, խնամախոսեմ։ Դուք ախր պիտի ծնկաչոք... Օ՜, փուչ, դատարկ, փոքրոգի մարդ։
 
― Բայց ես արդեն ծերունի եմ։
 
― Ինչ է նշանակում ձեր հիսուներեք տարին։ Հիսուն տարին կյանքի վերջը չէ, այլ կեսը։ Գեղեցկատես տղամարդ եք, ինքներդ էլ դա գիտեք։ Գիտեք նույնպես, որ նա ձեզ հարգում է։ Ես որ մեռնեմ, ի՞նչ կլինի նրան։ Իսկ ձեզ հետ նա հանգիստ կլինի, ես էլ հանգիստ կլինեմ։ Դուք նշանավոր եք, ունեք անուն, սիրող սիրտ, դուք ապրուստադրամ եք ստանում, որը ես իմ պարտականությունն եմ համարում։ Դուք գուցեև կփրկեք նրան, կփրկեք։ Համենայն դեպս, պատվի կարժանացնեք։ Դուք կձևավորեք նրան՝ կյանքի համար, բաց կանեք նրա սիրտը, ուղղություն կտաք մտքերին։ Հիմա ինչքան մարդ է կործանվում նրանից, որ մտքերը սխալ ուղղություն ունեն։ Այդ ընթացքում ձեր ստեղծագործությունն էլ կավարտվի և դուք միանգամից կհիշեցնեք ձեր մասին։
 
― Ես հենց...― մրթմրթաց նա՝ արդեն շոյված Վարվառա Պետրովնայի ճարպիկ շողոքորթությունից,― ես հենց պատրաստվում եմ նստել իմ «Պատմվածքներ իսպանական պատմությունից» գործը գրելու...
 
― Ահա, տեսնում եք, ճիշտ էլ համընկավ։
 
― Բայց... նա՞։ Դուք նրան ասե՞լ եք։
 
― Նրա համար մի անհանգստացեք, ու պետք չէ հետաքրքրվել։ Անշուշտ, դուք ինքներդ պիտի խնդրեք, աղաչեք նրան՝ ձեզ պատիվ անել, հասկանո՞ւմ եք։ Բայց մի անհանգստացեք, ես այստեղ եմ։ Բացի դրանից, դուք նրան սիրում եք...
 
Ստեպան Տրոֆիմովիչի գլուխը դարձավ, պատերը պար բռնեցին։ Մի սարսափելի գաղափար կար, որը ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։
 
― Excellente amie!,― հանկարծ դողաց նրա ձայնը,― ես... ես երբեք չէի կարող պատկերացնել, որ դուք կվճռեք ինձ ամուսնացնել... ուրիշ... կնոջ հետ։
 
― Դուք աղջիկ չեք, Ստեպան Տրոֆիմովիչ, միայն աղջիկներին են ամուսնացնում, իսկ դուք ինքներդ եք ամուսնանում,― թունալի ֆշշացրեց Վարվառա Պետրովնան։
 
― Oui, j’ai pris un mot pour un autre. Mais c’est égal<ref>Այո, ես սխալվեցի։ Բայց... դա միևնույնն է (ֆրանս.)։</ref>,― գլուխը կորցրած տեսքով աչքերը կնոջ վրա հառեց նա։
 
― Տեսնում եմ, որ c’est égal,― արհամարհանքով ասաց Վարվառա Պետրովնան ատամների արանքից։― Աստվա՜ծ իմ, նրա ուշքը գնաց։ Նաստասյա՛, Նաստասյա, ջուր։
 
Բայց բանը ջրի չհասավ։ Նա ուշքի եկավ։ Վարվառա Պետրովնան վերցրեց իր անձրևանոցը։
 
― Ես տեսնում եմ, որ ձեզ հետ հիմա խոսելու բան չկա։
 
― Oui, oui, je suis incapable<ref>Այո, այո, ես ի վիճակի չեմ (ֆրանս.)։</ref>։
 
― Բայց մինչև վաղը կհանգստանաք և կմտածեք։ Նստեք տանը, եթե բան պատահեց, իմաց տվեք, թեկուզ գիշերով։ Նամակներ չգրեք, չեմ էլ կարդա։ Իսկ վաղն այս նույն ժամին ինքս կգամ, մենակ, վերջնական պատասխանի և հուսով եմ, դա գոհացուցիչ կլինի։ Աշխատեք, որ ոչ ոք չլինի և կեղտ էլ չլինի, թե չէ ինչի՞ է նման։ Նաստասյա՛, Նաստասյա՛։
 
Հարկավ նա վաղը համաձայնեց, չէր էլ կարող չհամաձայնել։ Այստեղ մի հանգամանք կար...
 
=== VIII ===
 
Ստեպան Տրոֆիմովիչի՝ մեզանում այսպես կոչված կալվածքը (հին հաշվարկով մի հիսուն շունչ և Սկվորեշնիկիին կպած) ամենևին նրանը չէր, այլ պատկանում էր առաջին կնոջը, նշանակում է, հիմա նրանց որդուն՝ Պյոտր Ստեպանովիչ Վերխովենսկուն։ Ստեպան Տրոֆիմովիչը միայն խնամակալությունն էր անում, իսկ երբ թռչնակը փետրավորվեց, գործում էր կալվածքը կառավարելու ձևական երաշխավորագրով։ Երիտասարդի համար գործարքը շահավետ էր. տարեկան մինչև հազար ռուբլի էր ստանում հորից, որպես եկամուտ կալվածքից, երբ դա նոր կարգերի պայմաններում հինգ հարյուր էլ չէր բերում (գուցեև, դրանից էլ քիչ)։ Աստված գիտե, թե ինչպես էին հաստատվել նման հարաբերություններ։ Իմիջիայլոց, այդ լրիվ հազարն ուղարկում էր Վարվառա Պետրովնան, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը մեկ հատիկ ռուբլով չէր մասնակցում դրան։ Ընդհակառակը, փոքր հողակտորից ամբողջ եկամուտը գրպանն էր դնում և, բացի դրանից, վերջնականապես քայքայեց, վարձակալության տալով ինչ-որ արդյունաբերողի և Վարվառա Պետրովնայից ծածուկ կտրելով-վաճառելով անտառակը, այսինքն՝ կալվածքի գլխավոր արժեքը։ Այդ անտառակը վաղուց արդեն նա վաճառում էր ժամանակ առ ժամանակ։ Ամբողջությամբ կարժենար ամենաշատը ութը հազար, իսկ նա վերցրել էր դրա դիմաց միայն հինգը։ Սակայն նա երբեմն չափից ավելի շատ էր տանուլ տալիս ակումբում, իսկ Վարվառա Պետրովնայից խնդրել վախենում էր։ Վարվառա Պետրովնան ատամներն էր կրճտացնում, երբ ի վերջո, ամեն ինչ իմացավ։ Եվ հանկարծ հիմա որդյակը հայտնել էր, որ անձամբ կգա վաճառելու իր տիրույթները, ինչ էլ ուզում է լինի, իսկ հորը հանձնարարել էր անհետաձգելիորեն հոգալ վաճառքը։ Պարզ է, որ իր վեհանձնությամբ և անշահախնդրությամբ հանդերձ, Ստեպան Տրոֆիմովիչն ամոթ էր զգում ce cher enfant<ref>այդ թանկագին մանկան (ֆրանս.)։</ref> հանդեպ (ում վերջին անգամ լրիվ ինը տարի առաջ էր տեսել Պետերբուրգում, ուսանող ժամանակ)։ Սկզբնապես, ամբողջ կալվածքը կարող էր արժենալ տասներեք կամ տասնչորս հազար, հիմա հազիվ թե մեկնումեկը հինգ հազար տար դրան։ Անկասկած, Ստեպան Տրոֆիմովիչը, ձևական երաշխավորագրի իմաստով, կատարյալ իրավունք ուներ վաճառել անտառը և, հաշվի մեջ դնելով ամենամյա հազարական ռուբլի անհնարին եկամուտը, որ այդքան տարի բարեխղճորեն ուղարկում էր, իրեն շատ լավ պատնեշել վերջնահաշիվն անելիս։ Սակայն Ստեպան Տրոֆիմովիչը վեհանձն էր, վերին ձգտումներով։ Նրա գլխում զարմանալի գեղեցիկ մի միտք ցոլաց, երբ Պետրուշան գա, հանկարծակի ազնվորեն սեղանին դնել ամենաբարձր, maximum գինը, այսինքն՝ նույնիսկ տասնհինգ հազար, առանց մինչև հիմա ուղարկվող եկամուտների մասին նվազագույն իսկ ակնարկման, և պինդ-պինդ, արտասվելով, կրծքին սեղմել ce cher fils<ref>այդ թանկագին որդուն (ֆրանս.)։</ref>, որով և ավարտել բոլոր հաշիվները։ Հեռուներից և զգուշությամբ նա սկսեց այդ պատկերը ծավալել Վարվառա Պետրովնայի առաջ։ Ակնարկում էր, որ դա նույնիսկ մի առանձնահատուկ, վսեմ երանգ կտա իրենց բարեկամական կապին... և իրենց «գաղափարին»։ Դա այնպիսի անշահամոլ և մեծահոգի տեսքով կներկայացնի առաջվա հայրերին և ընդհանրապես նախկին մարդկանց՝ նոր թեթևամիտ և սոցիալական երիտասարդության համեմատությամբ։ Շատ ուրիշ բաներ էլ էր ասում, բայց Վարվառա Պետրովնան շարունակ լռության էր տալիս։ Վերջապես, չոր-չոր հայտարարեց նրան, որ համաձայն է գնել նրանց հողը և կտա դրա դիմաց maximum գինը, այն է՝ վեցը, յոթը հազար (չորսով էլ կարելի էր գնել)։ Իսկ անտառակի հետ թռած-գնացած ութը հազարի մասին ոչ մի բառ չասաց։ Դա կատարվել էր խնամախոսությունից մեկ ամիս առաջ։ Ստեպան Տրոֆիմովիչն ապշահար էր և մտքերի մեջ ընկավ։ Առաջ դեռևս կարող էր հույս լինել, որ թերևս որդյակը չգա էլ, այսինքն, հույս էր դա՝ դատելով կողքից, կողմնակի մեկի կարծիքով։ Իսկ Ստեպան Տրոֆիմովիչը, որպես հայր, վրդովմունքով կմերժեր նմանօրինակ հույսի միտքն անգամ։ Ինչ էլ լինի այնտեղ, բայց մինչև հիմա Պետրուշայի մասին մեզ էին հասնում միշտ շատ տարօրինակ լուրեր։ Սկզբում, համալսարանում դասընթացը վերջացնելով, վեցը տարի սրանից առաջ թափառել էր Պետերբուրգում անգործ։ Հանկարծ տեղեկություն ստացվեց, որ մասնակցել է ինչ-որ գաղտնի թռուցիկի կազմմանը և գործով հետաքննվում է։ Հետո, որ նա հանկարծ հայտնվել է արտասահմանում, Շվեյցարիա, ժնև՝ չլինի՞ փախել էր։
 
― Ինձ համար զարմանալի է դա,― այն ժամանակ մեզ քարոզում էր սաստիկ շփոթված Ստեպան Տրոֆիմովիչը,― Պետրուշան, cèst une si pauvre tête<ref>այնքան սահմանափակ է (ֆրանս.)։</ref>, նա բարի է, ազնիվ, շատ զգայուն, և ես այն ժամանակ Պետերբուրգում ինչպես էի ուրախանում՝ համեմատելով նրան ժամանակակից երիտասարդության հետ, սակայն cêst un pauvre sire tout de même<ref>այնուամենայնիվ, խեղճ մարդ է (ֆրանս.)։</ref>... Եվ գիտեք, ամեն ինչ այդ նույն մինչև վերջ չնստելուց է, սենտիմենտալությունից։ Նրանց գերում է սոցիալիզմի ոչ թե ռեալիզմը, այլ զգայական, իդեալական կողմը, այսպես ասած, կրոնական երանգը դրա, պոեզիան դրա... անշուշտ, ուրիշի ձայնով։ Եվ սակայն իմ վիճակը, ի՜մ վիճակը հապա։ Այնքան թշնամի ունեմ այստեղ, այնտեղ ավելի շատ կվերագրեն հոր ազդեցությանը... Աստվա՜ծ... Պետրուշան՝ որպես շարժիչ։ Ի՜նչ ժամանակներում ենք ապրում։
 
Պետրուշան, ի դեպ, շատ շուտով ուղարկեց իր ստույգ հասցեն Շվեյցարիայից՝ սովորական փողն իրեն ուղարկելու համար, նշանակում Է, այնքան էլ տարագիր չէր։ Եվ հիմա ահա, չորս տարի արտասահմանում մնալուց հետո, հանկարծ նորից հայտնվում է իր հայրենիքում, տեղեկացնում իր մոտալուտ գալստյան մասին, ուրեմն, ոչ մի մեղադրանք չունի։ Քիչ է դա, կարծես նույնիսկ ինչ-որ մեկն էլ օգնել ու հովանավորել է նրան։ Հիմա գրում էր Ռուսաստանի հարավից, ուր գտնվում էր ինչ-որ մեկի մասնավոր, սակայն կարևոր հանձնարարությամբ և ինչ-որ բաներ հոգում այնտեղ։ Այդ ամենը հիանալի էր, բայց և այնպես, որտեղի՞ց վերցնել մնացած յոթը-ութը հազարը, կալվածքի համար վայել maximum գինը լրացնելու համար։ Իսկ ի՞նչ, եթե աղմուկ բարձրանա և վեհապանծ պատկերի փոխարեն բանը հասնի դատավարության։ Ինչ-որ բան հուշում էր Ստեպան Տրոֆիմովիչին, որ զգայուն Պետրուշան ետ չի կանգնի իր շահերից։ «Այդ ինչի՞ց է, նկատել եմ,― մի առիթով այն ժամանակ շշնջաց ինձ Ստեպան Տրոֆիմովիչը,― ինչի՞ց է, որ բոլոր այդ թունդ սոցիալիստները և կոմունիստները, միաժամանակ նաև անհավանական կծծիներ են, ձեռք բերողներ, սեփականատերեր, և նույնիսկ այնպես, որ ինչքան ավելի է սոցիալիստ, ինչքան ավելի հեռու է գնացել, այնքան ավելի սաստիկ սեփականատեր է... Ինչի՞ց է դա։ Չլինի՞ դարձյալ սենտիմենտալությունից»։ Ես չգիտեմ, ճշմարտություն կա՞ Ստեպան Տրոֆիմովիչի այդ դիտողության մեջ, գիտեմ միայն, որ Պետրուշան որոշ տեղեկություններ ուներ անտառակի վաճառքի և այլնի մասին, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը գիտեր, որ նա այդ տեղեկությունները չունի։ Ինձ վիճակվեց նաև կարդալ Պետրուշայի նամակները՝ ուղղված հորը, գրում էր նա հազվադեպ, տարին մեկ անգամ, ավելի քիչ։ Միայն վերջերս, հայտնելով իր մոտալուտ գալստյան մասին, երկու նամակ էր ուղարկել, համարյա մեկը մյուսի ետևից։ Նրա բոլոր նամակները կարճ էին, չոր-չոր, կազմված սոսկ կարգադրություններից, և քանի որ հայր ու որդի, մոդայիկ եղանակով, դեռևս Պետերբուրգից էին միմյանց դու-ով դիմում, ապա Պետրուշայի նամակներն էլ ճիշտ և ճիշտ ունեին նախկին այն կալվածատերերի հնօրյա հանձնարարականների տեսքը, որով վերջիններս մայրաքաղաքներից գրում էին իրենց կալվածքներին կառավարիչներ նշանակած ճորտերին։ Եվ հիմա հանկարծ գործը կարգավորող այդ ութը հազարը դուրս է թռչում Վարվառա Պետրովնայի առաջարկությունից, ըստ որում, նա հստակ զգացնել է տալիս, որ դա այլևս ոչ մի տեղից դուրս չի թռչի։ Անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչը համաձայնեց։
 
Վարվառա Պետրովնայի գնալուն պես, նա մարդ ուղարկեց՝ ինձ կանչելու, իսկ մնացած բոլորից փակվեց ամբողջ օրով։ Իհարկե, լաց եղավ, շատ ու լավ խոսեց, շատ ու սաստիկ շեղվում էր, պատահաբար բառախաղ արեց և շատ գոհ մնաց դրանից, հետո թեթևակի խոլերինա ունեցավ, մի խոսքով, ամեն ինչ կատարվեց տեղը տեղին։ Որից հետո նա հանեց արդեն քսան տարի առաջ մահացած իր գերմանուհու դիմանկարը և աղիողորմ սկսեց դիմել. «Կներե՞ս ինձ արդյոք»։ Ընդհանրապես, նա մի տեսակ հունից ելած էր։ Հոգսերից՝ մի քիչ էլ խմեցինք։ Իմիջիայլոց, նա շուտով անուշ քուն մտավ։ Առավոտյան վարպետորեն կապեց փողկապը, բծախնդրորեն հագնվեց ու հաճախ մոտենում էր հայելուն՝ նայելու։ Թաշկինակը ցողեց օծանելիքով, ի դեպ՝ շատ քիչ, և հենց պատուհանից տեսավ Վարվառա Պետրովնային, փութով ուրիշ թաշկինակ վերցրեց , իսկ բուրավետը թաքցրեց բարձի տակ։
 
― Եվ հիանալի է,― գովեց Վարվառա Պետրովնան՝ լսելով նրա համաձայնությունը։― Նախ և առաջ, ազնիվ վճռականություն և երկրորդը՝ դուք ականջ դրեցիք բանականության ձայնին, որին դուք շատ հազվադեպ եք ունկնդրում ձեր մասնավոր գործերում։ Իմիջիայլոց, շտապելու կարիք չկա,― ավելացրեց նա՝ զննելով Ստեպան Տրոֆիմովիչի ճերմակ փողկապի հանգույցը,― առայժմ լռեք, ես էլ կլռեմ։ Շուտով ձեր ծննդյան տարեդարձն է, ես ձեզ մոտ կլինեմ նրա հետ միասին։ Երեկոյան թեյի պատրաստություն կտեսնեք և խնդրում եմ, առանց խմիչքի և ուտեստեղենի, ասենք, ես ինքս ամեն ինչ կդասավորեմ։ Հրավիրեք ձեր ընկերներին, իմիջիայլոց, միասին կանենք ընտրությունը։ Նախորդ օրը նրա հետ կխոսեք, եթե հարկ լինի, իսկ ձեր երեկույթին մենք ոչ թե կհայտարարենք կամ որևիցե պայմանավորվածություն կկայացնենք, այլ սոսկ կակնարկենք կամ իմաց կանենք, առանց որևէ հանդիսավորության։ Հետո էլ, երկու շաբաթ անց՝ հարսանիքը, հնարավորին չափ առանց աղմուկի... Նույնիսկ կարելի է, որ երկուսով գնաք ժամանակավորապես, զատկից անմիջապես հետո, թեկուզ, օրինակ, Մոսկվա։ Գուցե ես նույնպես գամ ձեզ հետ... Իսկ գլխավորը, մինչ այդ լուռ մնացեք։
 
Ստեպան Տրոֆիմովիչը զարմացած էր։ Նա փորձեց ժպտալ, որ իր համար անհնար է այդպես, որ պետք է, չէ՞, խոսել հարսնացուի հետ, բայց Վարվառա Պետրովնան բորբոքված վրա պրծավ նրան.
 
― Դա՞ ինչի համար։ Նախ և առաջ, գուցե դեռ ոչինչ էլ չլինի...
 
― Ինչպես չի լինի,― մրմնջաց փեսացուն՝ արդեն լիովին շշկլված։
 
― Այդպես։ Ես դեռ կտեսնեմ... Իսկ իմիջիայլոց, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ասել եմ, և մի անհանգստացեք, ես ինքս նրան կնախապատրաստեմ։ Դուք բոլորովին պետք չէ խառնվեք։ Հարկավոր ամեն ինչ կասվի և կարվի, իսկ ձեր խառնվելու կարիքը չկա։ Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։ Չգնաք նրա մոտ ու նամակներ էլ չգրեք։ Եվ ձայն-ծպտուն չհանեք, խնդրում եմ ձեզ։ Ես նույնպես կլռեմ։
 
Վարվառա Պետրովնան կտրականապես չէր ուզում բացատրվել և հեռացավ, հավանորեն, անտրամադիր։ Կարծես թե Ստեպան Տրոֆիմովիչի անսահման պատրաստակամությունը զարմացրել էր նրան։ Ավաղ, նա բոլորովին չէր հասկանում իր վիճակը և հարցը նրան չէր ներկայանում մի քանի այլ տեսանկյունից։ Հակառակը, ի հայտ էր եկել ինչ-որ նոր մի տոն, հաղթական և թեթևամիտ ինչ-որ բան։ Նա գոռոզացել էր։
 
― Սա ինձ դուր է գալիս,― բացականչում էր նա՝ կանգնելով դիմացս ու տարածելով ձեռքերը։― Դուք լսեցի՞ք։ Նա ուզում է հասցնել այնտեղ, որ ես, ի վերջո, չուզենամ։ Չէ որ ես նույնպես կարող եմ համբերությունս սպառել և... չուզենալ։ «Նստեք և պետք չէ, որ այնտեղ գնաք», բայց ինչի՞ համար ես, ի վերջո, անպայման պիտի ամուսնանամ։ Միայն որովհետև զվարճալի երևակայությո՞ւն է ունեցել նա։ Բայց ես լուրջ մարդ եմ և կարող եմ չուզենալ ենթարկվել խելառ կնոջ պարապ երևակայություններին։ Ես պարտականություններ ունեմ իմ որդու և... ինքս իմ հանդեպ։ Ես զոհաբերություն եմ անում՝ հասկանո՞ւմ է նա դա։ Գուցեև այն պատճառով եմ համաձայնել, որ ինձ ձանձրացրել է կյանքը և միևնույնն է ինձ համար։ Բայց նա կարող է ինձ զայրացնել, և այդժամ այլևս միևնույնը չի լինի ինձ համար, ես կվիրավորվեմ և կհրաժարվեմ։ Et enfin le redicule<ref>Եվ վերջապես, սա ծիծաղաշարժ է (ֆրանս.)։</ref>... Ի՞նչ կասեն ակումբում։ Ի՞նչ կասի... Լիպուտինը։ «Գուցե դեռ ոչինչ էլ չլինի»՝ ասացե՜ք խնդրեմ։ Բայց չէ որ սա արդեն վեր է։ Սա արդեն... Սա ի՞նչ բան է։ Je suis un forçat, un Badinguet, un<ref>ես տաժանապարտ եմ, Բադենգեն, մի... (ֆրանս.)։</ref> պատին դեմ արված մարդ...
 
Եվ միևնույն ժամանակ ինչ-որ մի քմահաճ ինքնաբավություն, ինչ-որ թեթևամիտ-խաղացկուն բան էր ի հայտ գալիս այդ բոլոր աղիողորմ բացականչությունների տակից։ Երեկոյան մենք նորից խմեցինք։
== Գլուխ երրորդ. Ուրիշի մեղքեր ==
Վստահելի
1318
edits