Changes
/* Գլուխ երրորդ. Մենամարտ */
== Գլուխ երրորդ. Մենամարտ ==
=== I ===
Հաջորդ օրը՝ ցերեկվա ժամը երկուսին, ենթադրվող մենամարտը տեղի ունեցավ։ Գործի արագընթաց ելքին նպաստեց Արտեմիյ Պավլովիչ Գագանովի՝ ինչ գնով ուզում է լինի կռվելու անզուսպ ցանկությունը։ Նա չէր հասկանում իր ախոյանի վարմունքը և կատաղած էր։ Արդեն մի լրիվ ամիս վիրավորում էր նրան անպատիժ և դեռ չէր կարողացել նրան հանել համբերությունից։ Մարտահրավերը նրան անհրաժեշտ էր իր իսկ՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչի կողմից, քանի որ ինքն ուղղակի առիթ չուներ մարտահրավերի։ Իսկ իր թաքուն մղումները, այն է՝ չորս տարի առաջ կատարված ընտանեկան վիրավորանքի համար Ստավրոգինի նկատմամբ տածած պարզապես հիվանդագին ատելությունը, չգիտես ինչու, ամաչում էր ընդունել։ Եվ ինքն էլ նման առիթն անհնարին էր համարում, հատկապես Նիկոլայ Վսեվոլոդովիչից արդեն երկու անգամ ստացված խոնարհ ներողություններից ելնելով։ Ինքն իրեն համարում էր, որ նա անամոթ վախկոտ է, չէր կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարող էր տանել Շատովից ստացած ապտակը։ Այդպիսով, ի վերջո վճռեց ուղարկել կոպտությամբ անսովոր իր նամակը, որն էլ դրդեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին՝ առաջարկել հանդիպումը։ Նախորդ օրն ուղարկելով այդ նամակը և տենդոտ անհամբերությամբ սպասելով մարտահրավերին, հիվանդագին հաշվարկելով հնարավորինը, մեկ հուսալով, մեկ հուսալքվելով, համենայն դեպս դեռևս երեկոյից իր համար մարտավկա ընտրեց, հենց Մավրիկիյ Նիկոլաևիչ Դրոզդովին՝ իր մտերմին, դպրոցական ընկերոջը և առանձնապես հարգված մարդուն։ Այդպիսով, Կիրիլլովը, հաջորդ օրվա առավոտյան ժամը իննին ներկայանալով հանձնարարությամբ, հողն արդեն լիովին նախապատրաստված գտավ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի բոլոր ներողությունները և չլսված զիջումներն իսկույն, առաջին իսկ խոսքից և անսովոր կրքով մերժվեցին։ Գործի ընթացքի մասին սոսկ նախորդ օրը տեղեկացած Մավրիկիյ Նիկոլաևիչը, այդպիսի չլսված առաջարկություններից ելնելով, զարմանքից բերանը պիտի բացեր և տեղնուտեղը պնդեր հաշտվելու մասին, սակայն նկատելով, որ Արտեմիյ Պավլովիչը, կռահելով ընկերոջ մտադրությունները, համարյա թե ցնցվեց իր աթոռին, լռեց ու ոչ մի բառ չարտասանեց։ Եթե ընկերոջը տված խոսքը չլիներ, նա անհապաղ կհեռանար, բայց մնաց՝ գործի բուն ելքին գոնե որևիցե բանով օգնելու միակ հույսով։ Կիրիլլովը փոխանցեց մարտահրավերը, հանդիպման՝ Ստավրոգինի նշած բոլոր պայմաններն ընդունվեցին տառացիորեն անմիջապես, առանց նվազագույն առարկության։ Միայն մի ավելացում արվեց, իմիջիայլոց խիստ դաժան, այն է. եթե առաջին կրակոցներից ոչ մի վճռական բան չեղավ, ապա պիտի հանդիպեն երկրորդ անգամ, եթե էլի ոչինչ չեղավ, պիտի հանդիպեն երրորդ անգամ։ Կիրիլլովը խոժոռվեց, առևտուր արեց երրորդ անգամվա համար, բայց ոչնչի չհասնելով՝ համաձայնեց, սակայն պայմանով, որ «երեք անգամ կարելի է, իսկ չորս անգամ՝ ոչ մի կերպ»։ Դա զիջեցին։ Այդպիսով, ցերեկվա ժամը երկուսին էլ կայացավ հանդիպումը Բռըյկովոյում, այսինքն, քաղաքամերձ, մի կողմից Սկվորեշնիկիի, մյուս կողմից Շպիգուլինների ֆաբրիկայի միջև ընկած փոքր անտառակում։ Երեկվա անձրևը լրիվ դադարել էր, բայց թաց էր, խոնավ ու քամոտ։ Պղտոր ու պատառոտուն, կախված ամպերը սուրում էին ցուրտ երկնքում, ծառերը թանձր ու խուլ աղմկում էին իրենց կատարներով և ճռճռում արմատներով։ Շատ տրտում առավոտ էր։
Գագանովը և Մավրիկիյ Նիկոլաևիչը տեղ հասան զույգալուծ, երկանիվ շքեղ, թեթև կառքով, որը քշում էր Արտեմիյ Պավլովիչը, նրանց հետ էր և ծառան։ Համարյա նույն րոպեին հայտնվեցին նաև Նիկոլայ Վսեվոլոդովիչը և Կիրիլլովը, բայց ոչ կառքով, այլ հեծյալ, նույնպես հեծյալ ծառայի ուղեկցությամբ։ Կիրիլլովը, որ երբեք ձի չէր հեծնել, թամբի վրա իրեն պահում էր անվախ և ուղիղ՝ աջ ձեռքով բռնած ատրճանակների ծանր արկղը, որը չէր ուզել վստահել ծառային, իսկ ձախով՝ անվարժությունից անդադար ոլորելով ու ցնցելով սանձը, որից ձին թափահարում էր գլուխը և ծառս լինելու ցանկություն ի հայտ բերում, ինչը, ի դեպ, ամենևին չէր վախեցնում հեծյալին։ Կասկածամիտ, արագ ու խորապես վիրավորվող Գագանովը ձիերով գալն իր համար նոր վիրավորանք համարեց, այն առումով, որ ախոյանները, նշանակում է, չափից ավելի հույս ունեին հաջողության, քանի որ կառքի կարիք չէին զգացել նույնիսկ՝ վիրավորին տեղափոխելու դեպքում։ Նա իջավ իր կառքից, ամբողջովին դեղնած չարությունից և զգաց, որ ձեռքերը դողում են, ինչի մասին էլ հայտնեց Մավրիկիյ Նիկոլաևիչին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի ողջույնի գլուխխոնարհումին չպատասխանեց բոլորովին և դեմքը դարձրեց։ Մարտավկաները վիճակ գցեցին, դուրս եկավ Կիրիլլովի ատրճանակներով։ Արգելագիծը չափեցին, ախոյաններին կանգնեցրին, կառքն ու ձիերը ծառաների հետ ուղարկեցին երեք հարյուր քայլ այն կողմ։ Զենքերը լցրին ու հանձնեցին ախոյաններին։
Ափսոս, որ ավելի արագ պիտի շարադրվի պատմությունը և նկարագրությունների ժամանակ չկա, բայցև չի կարելի բոլորովին առանց նշումների։ Մավրիկիյ Նիկոլաևիչը տխուր էր և մտահոգ։ Փոխարենը՝ Կիրիլլովն էր միանգամայն հանգիստ ու անտարբեր, շատ ստույգ իր ստանձնած պարտականությունների մանրամասերում, սակայն առանց նվազագույն իրարանցման և համարյա թե զուրկ գործի այդչափ մոտալուտ և ճակատագրական ելքի հանդեպ հետաքրքրությունից։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը սովորականից ավելի էր գունատ, հագնված բավական թեթև, վերարկուով և ճերմակ փետրե շլյապայով։ Նա շատ հոգնած էր թվում, մեկ-մեկ խոժոռվում ու ամենևին հարկ չէր համարում թաքցնել իր անդուր հոգեվիճակը։ Սակայն Արտեմիյ Պավլովիչն այդ րոպեին բոլորից նշանակալի էր, այնպես որ ամենևին չի կարելի մի քանի խոսք չասել նրա մասին, բոլորովին առանձնակի։
=== II ===
Մինչև հիմա առիթ չի եղել հիշատակել նրա արտաքինը։ Բարձրահասակ, ճերմակամաշկ, կուշտուկուռ՝ ինչպես կասեին հասարակ մարդիկ, համարյա ճարպոտ, շեկ ու ցանցառ մազերով, երեսուներեք տարեկան մարդ էր, թերևս նույնիսկ գեղեցիկ դիմագծերով։ Պաշտոնաթող էր եղել գնդապետի աստիճանով, և եթե ծառայեր մինչև գեներալ դառնալը, ապա գեներալական աստիճանում է՛լ ավելի պատկառազդու կլիներ, և շատ հնարավոր է, որ լավ, մարտական գեներալ դառնար։ Անձը բնութագրելու համար չի կարելի չասել, որ նրա պաշտոնաթողության գլխավոր առիթ ծառայեց նրան այդչափ տևականորեն ու տանջալի հետապնդող միտքն ընտանեկան խայտառակության մասին՝ չորս տարի առաջ, ակումբում նրա հորը հասցրած Նիկոլայ Ստավրոգինի վիրավորանքից հետո։ Իր խղճով անպատիվ էր համարում շարունակել ծառայությունը և ինքն իր մեջ վստահ էր, որ իրենով արատավորում է գունդն ու ընկերներին, թեև նրանցից ոչ ոք չգիտեր էլ կատարվածը։ Ճիշտ է, առաջ էլ էր ուզում թողնել ծառայությունը մի անգամ, վաղուց արդեն, վիրավորանքից շատ առաջ և բոլորովին ուրիշ առիթով, սակայն մինչ այդ տատանվում էր։ Ինչքան էլ տարօրինակ է գրելը, բայց այն առաջին առիթը, կամ ավելի ճիշտ կլինի ասել պաշտոնաթող լինելու մղումը գյուղացիներին ազատություն շնորհելու մասին փետրվարի 19-ի մանիֆեստն էր։ Արտեմիյ Պավլովիչը՝ մեր նահանգի հարստագույն կալվածատերը, որ նույնիսկ այնքան էլ շատ բան չէր կորցրել մանիֆեստից հետո, ավելին՝ ինքն էլ ի վիճակի էր համոզվել միջոցառման մարդասիրության մեջ և համարյա թե հասկանալ բարեփոխման տնտեսական օգուտները, մանիֆեստի հայտարարումից հետո հանկարծ մի տեսակ վիրավորված զգաց իրեն։ Դա մի չգիտակցված, ինչ-որ զգացողության նման բան էր, նույնքան ավելի ուժեղ, որքան ավելի չգիտակցված։ Մինչև հոր մահը, իմիջիայլոց, նա սիրտ չէր անում վճռական որևէ քայլ ձեռնարկել, սակայն իր մտքերի «ազնվաբարոյությամբ» Պետերբուրգում հայտնի դարձավ բազմաթիվ երևելի անձանց, որոնց հետ ջանադրաբար կապեր էր պահպանում։ Ինքն իր մեջ ամփոփվող, ներփակվող մարդ էր։ Եվս մի հատկանիշ, տարօրինակ, սակայն Ռուսիայում դեռևս մնացած այն ազնվականներից էր, որոնք չափազանց են գնահատում իրենց ազգանվան տոհմի վաղեմիությունն ու մաքրությունը և չափից ավելի լրջությամբ հետաքրքրվում դրանով։ Դրա հետ մեկտեղ, նա տանել չէր կարողանում ռուսաց պատմությունը և ընդհանրապես ռուսական համակ նիստուկացը մասամբ խոզություն էր համարում։ Դեռևս մանկուց, առավել երևելի և հարուստ սաների համար զինվորական հատուկ դպրոցում, ուր պատիվ ունեցավ սկսել և ավարտել իր կրթությունը, նրա մեջ արմատավորվեցին բանաստեղծական որոշ տեսակետներ. նրան դուր էին գալիս ամրոցները, միջնադարյան կյանքը՝ դրա համակ օպերային կողմը, ասպետականությունը։ Արդեն այն ժամանակ նա համարյա թե լալիս էր ամոթից, որ Մոսկովյան թագավորության ժամանակների ռուս բոյարին ցարը կարող էր մարմնական պատիժների ենթարկել և կարմրում էր համեմատություններից։ Այդ ձիգ, չափազանց խստաբարո մարդը, որն իր ծառայությունը լավ գիտեր անչափ ու այդպես էլ կատարում էր իր պարտականությունները, հոգու խորքում երազող էր։ Հաստատում էին, որ նա կարող է խոսել հավաքներին և խոսելու ձիրք ունի, այնինչ իր ապրած երեսուներեք տարիների ընթացքում լուռ էր մնացել։ Անգամ պետերբուրգյան այն ծանրակշիռ միջավայրում, ուր լինում էր վերջին ժամանակներս, իրեն պահում էր անսովոր գոռոզ։ Հանդիպումը Պետերբուրգում արտասահմանից վերադարձած Նիկոլայ Վսեվոլոդովիչի հետ համարյա խելագարեցրեց նրան։ Ներկա պահին, կանգնած արգելագծի մոտ, ահավոր անհանգստության մեջ էր։ Նրան շարունակ թվում էր, թե էլի ինչ-որ կերպ չի լինելու գործը, նվազագույն հապաղումը նրան դող էր պատճառում։ Դեմքը հիվանդագին արտահայտություն ձեռք բերեց, երբ Կիրիլլովը, փոխանակ սկսելու նշանն անելու, հանկարծ սկսեց խոսել, ճիշտ է, ձևի համար, ինչ ինքն էլ հայտարարեց բարձրաձայն.
― Ես միայն ձևի համար եմ ասում, հիմա, երբ ատրճանակներն արդեն ձեր ձեռքին են ու պիտի հրահանգ տալ, չե՞ք կամենա վերջին անգամ հաշտվել։ Մարտավկայի պարտականությունն է։
Կարծես դիտավորյալ, մինչև հիմա լռած, բայց երեկվանից իսկ իր զիջողությունից ու ներողամտությունից տառապող Մավրիկիյ Նիկոլաևիչը հանկարծ կառչեց Կիրիլլովի մտքից և նույնպես խոսեց.
― Ես միանգամայն կողմ եմ պարոն Կիրիլլովի ասածին... այն միտքը, թե չի կարելի հաշտվել արգելագծի վրա, նախապաշարմունք է, հարմար ֆրանսիացիներին... Կամքը ձերը լինի, ես չեմ էլ հասկանում վիրավորանքը, վաղուց էի ուզում ասել... որովհետև չէ՞ որ առաջարկվում են ամեն տեսակ ներողություններ, այդպես չէ՞։
Նա ամբողջովին կարմրատակեց։ Հազվադեպ էր լինում, որ այդքան երկար խոսեր ու այդպես հուզված։
― Ես նորից հաստատում եմ ամեն կարգի ներողություն ներկայացնելու իմ առաջարկությունը,― արտակարգ փութով միացավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Մի՞թե սա հնարավոր է,― մոլեգնած բղավեց Գագանովը՝ դիմելով Մավրիկիյ Նիկոլաևիչին և ոտքը գետնին խփելով կատաղած։― Բացատրեք այս մարդուն, Մավրիկիյ Նիկոլաևիչ (նա ատրճանակով ցույց տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին), եթե դուք իմ մարտավկան եք, և ոչ թշնամին, որ նման զիջումները միայն սաստկացնում են վիրավորանքը։ Նա հնարավոր չի համարում վիրավորվել ինձնից... Նա խայտառակություն չի տեսնում արգելագծի վրա ինձնից հեռանալու մեջ։ Ո՞ւմ տեղն է դնում նա ինձ դրանից հետո՝ ձեր աչքում... դուք էլ դեռ իմ մարտավկան եք։ Դուք ինձ սոսկ բորբոքում եք, որ վրիպեմ։― Նա ոտքը նորից խփեց, թուքը շաղ էր գալիս շրթունքներից։
― Բանակցություններն ավարտվեցին։ Խնդրում եմ լսել հրամանը,― ամբողջ ուժով բղավեց Կիրիլլովը։― Մե՜կ։ Երկո՜ւ։ Երե՛ք։
''Երեք'' հաշվի հետ ախոյանները շարժվեցին ընդառաջ։ Գագանովն իսկույն բարձրացրեց ատրճանակը և հինգերորդ կամ վեցերորդ քայլին կրակեց։ Մի վայրկյան կանգ առավ և համոզվելով, որ վրիպել է, արագ մոտեցավ արգելագծին։ Մոտեցավ նաև Նիկոլայ Վսեվոլոդովիչը, բարձրացրեց ատրճանակը, բայց մի տեսակ շատ վեր, և կրակեց համարյա ամենևին նշան չբռնելով։ Հետո հանեց թաշկինակը և աջ ձեռքի ճկույթը փաթաթեց։ Այստեղ միայն տեսան, որ Արտեմիյ Պավլովիչն այնքան էլ չի վրիպել, բայց գնդակը լոկ սահել է մատի վրայով, հոդի փափուկ եզրով, չվնասելով ոսկորը՝ աննշան ճանկռվածք։ Կիրիլլովը տեղնուտեղը հայտարարեց, որ մենամարտը, եթե ախոյանները բավարարված չեն, շարունակվում է։
― Ես հայտարարում եմ,― խռպաձայն ասաց Գագանովը (կոկորդը չորացել էր)՝ կրկին դիմելով Մավրիկիյ Նիկոլաևիչին,― որ այս մարդը (նա նորից ատրճանակը տնկեց Ստավրոգինի կողմը) դիտմամբ օդ կրակեց... մտածված... նորից՝ վիրավորանք։ Նա ուզում է մենամարտն անհնար դարձնել։
― Ես իրավունք ունեմ կրակել, ինչպես ուզենամ, միայն թե կանոններով լինի,― հաստատ հայտարարեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Չէ, չունի։ Բացատրեք նրան, բացատրեք,― գոռում էր Գագանովը։
― Ես միանգամայն կողմ եմ Նիկոլայ Վսեվոլոդովիչի կարծիքին,― ազդարարեց Կիրիլլովը։
― Ինչի՞ համար է նա ինձ խնայում,― փրփրել էր Գագանովը՝ չլսելով։― Ես արհամարհում եմ նրա խնայելը... Ես թքում եմ... Ես...
― Ազնիվ խոսք, ամենևին չեմ ուզել ձեզ վիրավորել,― անհամբերությամբ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― ես վերև կրակեցի, որովհետև չեմ ուզում այլևս որևէ մեկի սպանել, ձեզ, թե մեկ ուրիշի, անձամբ ձեզ չի վերաբերում։ Ճիշտ է, ես ինձ վիրավորված չեմ զգում և շատ ափսոս, որ դա ձեզ բարկացնում է։ Բայց ոչ ոքի թույլ չեմ տա միջամտել իմ իրավունքներին։
― Եթե նա այդպես վախենում է արյունից, ապա հարցրեք, թե ինչո՞ւ է մարտահրավեր ուղարկել ինձ,― բղավում էր Գագանովը՝ դիմելով Մավրիկիյ Նիկոլաևիչին։
― Իսկ ինչպե՞ս կարելի էր չուղարկել,― միջամտեց Կիրիլլովը։― Դուք ոչինչ չէիք ուզում լսել, իսկ ինչպե՞ս ազատվել ձեզնից։
― Մի բան նշեմ միայն,― ասաց Մավրիկիյ Նիկոլաևիչը՝ ջանք ու տառապանքով քննարկելով գործը,― եթե ախոյանը նախապես հայտարարում է, որ վերև է կրակելու, ապա մենամարտն իսկապես չի կարող շարունակվել... նրբանկատ և... պարզ... պատճառներով։
― Ես ամենևին չեմ հայտարարել, որ ամեն անգամ վերև եմ կրակելու,― բղավեց Ստավրոգինը՝ արդեն լրիվ կորցրած համբերությունը։― Դուք բոլորովին չգիտեք, թե ինչ կա իմ գլխում և ինչպես եմ նորից կրակելու հիմա... Ես ոչնչով չեմ խանգարում մենամարտին։
― Եթե այդպես է, հանդիպումը կարող է շարունակվել,― դիմեց Մավրիկիյ Նիկոլաևիչը Գագանովին։
― Պարոնայք, գրավեք ձեր տեղերը,― հրաման տվեց Կիրիլլովը։
Նորից կանգնեցին, նորից վրիպեց Գագանովը և նորից վերև կրակեց Ստավրոգինը։ Կարելի էր նաև վիճել այդ վերև արված կրակոցների շուրջ. Նիկոլայ Վսեվոլոդովիչը կարող էր ուղղակի հաստատել, թե կրակում է, ինչպես հարկն է, եթե ինքը չխոստովաներ դիտավորյալ վրիպումը։ Նա ատրճանակն ուղղում էր ոչ ուղիղ դեպի երկինք կամ ծառին, այլ, այնուամենայնիվ, կարծես նշան էր բռնում ախոյանի վրա, թեև, իմիջիայլոց, մի արշին վեր էր բռնում նրա շլյապայից։ Այդ երկրորդ անգամ նշանառությունը նույնիսկ ավելի ցածր էր, ավելի ճշմարտանման, բայց Գագանովին արդեն դժվար էր հակառակը համոզել։
― Էլի՜,― ատամները կրճտացրեց նա։― Միևնույն է։ Ես մարտահրավեր եմ ստացել և օգտվում եմ իրավունքից։ Ես ուզում եմ երրորդ անգամ կրակել... ինչ գնով լինի։
― Կատարյալ իրավունք ունեք,― կտրեց Կիրիլլովը։ Մավրիկիյ Նիկոլաևիչը ոչինչ չասաց։ Երրորդ անգամ կանգնեցրին, հրամանը տվեցին։ Այս անգամ Գագանովը հասավ ճիշտ արգելագծին և այդտեղից, տասներկու քայլից սկսեց նշան բռնել։ Նրա ձեռքերը չափից ավելի էին դողում՝ ճիշտ կրակոցի համար։ Ստավրոգինը կանգնած էր՝ ատրճանակը ցած կախած, սպասելով նրա կրակոցին։
― Չափից ավելի, չափից ավելի երկար եք նշան բռնում,― փութով բղավեց Կիրիլլովը։― Կրա-կե՛ք, կրա-կե՛ք։― Բայց կրակոցը թնդաց, և այս անգամ Նիկոլայ Վսեվոլոդովիչի ճերմակ շլյապան գլխից թռավ։ Բավական դիպուկ կրակոց էր, շլյապան շատ ցածրից էր ծակված, քառորդ վերշոկ էլ ներքև լիներ, ամեն ինչ վերջացած կլիներ։ Կիրիլլովն օդում բռնեց շլյապան ու տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին։
― Կրակեք, մի սպասեցրեք ախոյանին,― չափազանց հուզված բղավեց Մավրիկիյ Նիկոլաևիչը՝ տեսնելով, որ Ստավրոգինը կարծես մոռացել է կրակոցը՝ Կիրիլլովի հետ զննելով շլյապան։ Ստավրոգինը ցնցվեց, նայեց Գագանովին, շրջվեց և, այս անգամ արդեն առանց որևէ նրբանկատության, կրակեց մի կողմ, դեպի անտառակը։ Մենամարտն ավարտվեց։ Գագանովը կանգնած էր՝ ճզմվածի պես։ Մավրիկիյ Նիկոլաևիչը մոտեցավ նրան ու սկսեց ինչ-որ բաներ ասել, բայց նա կարծես չէր հասկանում։ Կիրիլլովը հեռանալիս հանեց շլյապան և գլխով արեց Մավրիկիյ Նիկոլաևիչին, բայց Ստավրոգինը մոռացել էր նախկին բարեկրթությունը։ Կրակելով անտառակի կողմը՝ նա նույնիսկ չշրջվեց դեպի արգելագիծ, ատրճանակը խոթեց Կիրիլլովի ձեռքն ու արագ գնաց ձիերի մոտ։ Դեմքը չարացածություն էր արտահայտում, բայց լուռ էր։ Լուռ էր նաև Կիրիլլովը։ նստեցին ձիերն ու քշեցին քառատրոփ։
=== III ===
― Ինչո՞ւ եք լռում,― անհամբեր ձայնեց Կիրիլլովին, արդեն ոչ հեռու տնից։
― Ի՞նչ է ձեզ պետք,― պատասխանեց նա՝ հազիվ չտապալվելով ծառս եղած ձիուց։
Ստավրոգինը զսպեց իրեն։
― Ես չէի ուզում վիրավորել այդ... հիմարին, բայց նորից վիրավորեցի,― մեղմաձայն ասաց նա։
― Այո, նորից վիրավորեցիք,― կտրեց Կիրիլլովը,― ըստ որում, նա հիմար չէ։
― Բայց արեցի այն ամենը, ինչ կարող էի։
― Ոչ։
― Իսկ ի՞նչ էր պետք անել։
― Մենամարտի չկանչել։
― Դարձյա՞լ դիմանայի դեմքիս խփելուն։
― Այո, դիմանալ նաև խփելուն։
― Ես սկսում եմ ոչինչ չհասկանալ,― չարացած ասաց Ստավրոգինը։― Բոլորն ինչո՞ւ են ինձնից սպասում մի բան, ինչ մյուսներից չեն սպասում։ Ինչի՞ համար ես պիտի հանդուրժեմ այն, ինչ ոչ ոք չի հանդուրժում, և ինչի՞ համար տարբեր լուծեր առնեմ ուսերիս, որոնք ոչ ոք չի կարող տանել։
― Ես կարծում Էի՝ ինքներդ եք լուծ որոնում։
― Ես լո՞ւծ եմ որոնում։
― Այո։
― Դուք... դա տեսե՞լ եք։
― Այո։
― Դա այդպես նկատելի՞ է։
― Այո։
Մի րոպեի չափ լռեցին։ Ստավրոգինի տեսքը շատ էր մտահոգ, համարյա թե ցնցված էր։
― Ես չէի կրակում միայն, որովհետև չէի ուզում սպանել, և ուրիշ ոչինչ չկար, հավատացնում եմ ձեզ,― ասաց նա փութով ու տագնապած, կարծես արդարանալով։
― Պետք չէր վիրավորել։
― Իսկ ի՞նչ էր պետք անել։
― Պետք էր սպանել։
― Դուք ափսոսում եք, որ չսպանեցի՞ նրան։
― Ես ոչինչ չեմ ափսոսում։ Ես մտածում էի՝ ուզում եք սպանել իրականում։ Չգիտեք, թե ինչ եք որոնում։
― Լուծ եմ որոնում,― ծիծաղեց Ստավրոգինը։
― Ինքներդ արյուն չէիք ուզում, ինչո՞ւ էիք նրան թողնում սպանել։
― Եթե ես նրան մենամարտի չկանչեի, նա ինձ կսպաներ այնպես, առանց մենամարտի։
― Ձեր գործը չէ։ Գուցեև չէր սպանի։
― Այլ միայն կծեծե՞ր։
― Ձեր գործը չէ։ Կրեք լուծը։ Թե չէ արժանիք չկա։
― Թքած ձեր արժանիքի վրա, ես ոչ մեկի մոտ դա չեմ որոնում։
― Կարծում էի՝ որոնում եք,― ահավոր սառնասրտորեն եզրափակեց Կիրիլլովը։
Մտան տան բակը։
― Կուզե՞ք ինձ մոտ գալ,― առաջարկեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Չէ, ես տուն գնամ, մնաք բարով։― Նա իջավ ձիուց և իր արկղը դրեց թևի տակ։
― Համենայն դեպս, դուք հո չե՞ք բարկանում ինձ վրա,― ձեռքը պարզեց Ստավրոգինը։
― Ամենևին.― շրջվեց Կիրիլլովը՝ ձեռքը սեղմելու համար։
― Եթե ինձ համար թեթև է լուծը, որովհետև բնությունից է, ապա ձեզ համար գուցե ծանր է լուծը, որովհետև դա է բնությունը։ Շատ ամաչելու բան չկա, մենակ՝ մի քիչ։
― Ես գիտեմ, որ անպետք բնավորության տեր եմ, բայց չեմ էլ խցկվում ուժեղների շարքը։
― Ու մի խցկվեք, դուք ուժեղ մարդ չեք։ Եկեք թեյ խմելու։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտավ իր սենյակը՝ սաստիկ շփոթված։
=== IV ===
Ալեքսեյ Եգորովիչից նա իսկույն իմացավ, որ Վարվառա Պետրովնան, խիստ գոհ Նիկոլայ Վսեվոլոդովիչի՝ ձիով զբոսանքի գնալուց, ութ օրվա հիվանդությունից հետո առաջին զբոսանքի, կարգադրել է կառքը լծել ու գնացել է մենակ, «նախկին օրերի պես մաքուր օդ շնչելու, քանի որ ութ օր արդեն մոռացել էին, թե ինչ ասել է մաքուր օդ շնչել»։
― Մենա՞կ է գնացել, թե՞ Դարյա Պավլովնայի հետ,― արագ հարցով ծերունուն ընդհատեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը և շատ խոժոռվեց՝ լսելով, որ Դարյա Պավլովնան «առողջության պատճառով հրաժարվել են ուղեկցել և հիմա գտնվում են իրենց սենյակներում»։
― Լսիր, ծերուկ,― ասաց նա, կարծես հանկարծակի վճռելով,― այսօր ամբողջ օրը հետևիր նրան ու եթե նկատես, որ ինձ մոտ է գալիս, տեղնուտեղը կանգնեցրու և հայտնիր, որ մի քանի օր համենայն դեպս, նրան ընդունել չեմ կարող... որ ես ինքս եմ այդպես խնդրում իրենից... իսկ երբ ժամանակը եկավ, ինքս կկանչեմ, լսեցի՞ր։
― Կհայտնեմ,― ասաց Ալեքսեյ Եգորովիչը տխրամած ձայնով, աչքերը ցած հառած։
― Բայց ոչ ավելի շուտ, քան պարզ կտեսնես, որ իմ մոտ է գալիս։
― Հաճեցեք չանհանգստանալ, սխալմունք չի լինի։ Մինչև հիմա իմ միջոցով են եղել այցելությունները, միշտ էլ իմ օգնությանն են դիմել։
― Գիտեմ։ Բայց և ոչ ավելի շուտ, քան եթե ինքը գա։ Թեյ բեր ինձ, եթե կարող ես, շուտ։
Հենց ծերունին դուրս եկավ, համարյա նույն րոպեին բացվեց նույն դուռը և շեմին հայտնվեց Դարյա Պավլովնան։ Հայացքը հանգիստ էր, բայց դեմքը՝ գունատ։
― Որտեղի՞ց,― բացականչեց Ստավրոգինը։
― Ես հենց այստեղ կանգնած սպասում էի՝ երբ է դուրս գալու, որ մտնեմ ձեր մոտ։ Լսեցի, թե ինչ կարգադրեցիք նրան, իսկ նրա դուրս գալուց թաքնվեցի աջ կողմում՝ պատի ելուստի ետևը, ու նա չնկատեց ինձ։
― Ես վաղուց էի ուզում դադարեցնել ձեզ հետ, Դաշա... առայժմ... այս ժամանակ։ Ես ձեզ չէի կարող ընդունել այս գիշեր, չնայած ձեր երկտողին։ Ուզում էի ինքս ձեզ գրել, բայց գրել չեմ կարողանում,― ավելացրեց նա զայրույթով, կարծես նույնիսկ խորշանքով։
― Ես ինքս էի մտածում, որ պետք է դադարեցնել։ Վարվառա Պետրովնան շատ է կասկածում մեր կապերի մասին։
― Է, թող կասկածի։
― Կարիք չկա, որ նա անհանգստանա։ Ուրեմն, հիմա՝ մինչև վե՞րջ։
― Դուք դեռևս անպայման սպասում եք վերջի՞ն։
― Այո, համոզված եմ։
― Աշխարհում ոչինչ չի վերջանում։
― Այստեղ վերջ կլինի։ Այն ժամանակ ինձ կանչեք, ես կգամ։ Հիմա՝ մնաք բարով։
― Իսկ ինչպիսի՞ն կլինի վերջը,― քթի տակ ծիծաղեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Դուք վիրավոր չեք և... արյուն չե՞ք թափել,― հարցրեց նա՝ չպատասխանելով վերջի մասին հարցին։
― Հիմարություն էր, ես ոչ ոքի չսպանեցի, մի անհանգստացեք։ իմիջիայլոց, ամեն ինչի մասին դուք կլսեք այսօր ևեթ, ամենքից։ Ես մի քիչ վատառողջ եմ։
― Ես կգնամ։ Ամուսնության մասին հայտարարությունն այսօր չի՞ լինի,― ավելացրեց նա անհամբերությամբ։
― Այսօր չի լինի, վաղը չի լինի, վաղը չէ մյուս օրը, չգիտեմ, գուցեև բոլորս մեռնենք, ու՝ ավելի լավ։ Թողեք ինձ, թողեք ինձ վերջապես։
― Դուք չե՞ք կործանի մյուսին... խելագարին։
― Խելագարներին չեմ կործանի, ոչ մեկին, ոչ մյուսին, բայց խելացիին, կարծում եմ, թե կկործանեմ. ես այնքան ստոր եմ ու գարշելի, Դաշա, որ թվում է, թե ձեզ իսկապես կկանչեմ «վերջին ավարտին», ինչպես դուք եք ասում, իսկ դուք, չնայած ձեր խելքին, կգաք։ Ինչի՞ համար եք ինքներդ ձեզ կործանում։
― Ես գիտեմ, որ վերջիվերջո ձեզ հետ կմնամ միայն ես և... սպասում եմ դրան։
― Իսկ եթե ես վերջիվերջո ձեզ չկանչեմ ու փախչե՞մ ձեզնից։
― Չի կարող պատահել, դուք կկանչեք։
― Այստեղ գիտեք, որ միայն արհամարհանք չէ։
― Ուրեմն, արհամարհանք, այնուամենայնիվ, կա՞։
― Ես այնպես չարտահայտվեցի։ Աստված է վկա, ես չափից դուրս կուզեի, որ երբեք իմ կարիքը չզգաք։
― Մի խոսքը մյուսին արժե։ Ես էլ կուզեի ձեզ չկործանել։
― Երբեք, ոչնչով չեք կարող ինձ կործանել, և բոլորից լավ դուք գիտեք դա,― արագ և հաստատուն խոսեց Դարյա Պավլովնան։― Եթե ոչ ձեզ մոտ, ապա կգնամ ու կդառնամ գթության քույր, դայակ, թեկուզ հիվանդ խնամող, կամ գիրք բաժանող՝ Ավետարան ծախելու։ Այդպես եմ որոշել։ Ես չեմ կարող ոչ մեկի կինը լինել։ Չեմ էլ կարող ապրել այնպիսի տներում, ինչպիսին սա է։ Ես դա չեմ ուզում... Դուք գիտեք ամեն ինչը։
― Ոչ, ես երբեք չեմ կարող իմանալ, թե ինչ եք ուզում։ Ինձ թվում է, որ դուք հետաքրքրվում եք ինձնով, ինչպես որոշ ծերացած դայակներ, ինչ-ինչ պատճառներով, մի որևէ հիվանդով հետաքրքրվում են համեմատաբար մյուսներից ավելի, կամ ավելին՝ ինչպես որոշ աստվածավախ տատիկներ, որոնք թաղումից թաղում են շրջում, որոշ դիակներ մյուսներից ավելի դուրեկան գտնում։ Ի՞նչ եք ինձ այդպես տարօրինակ նայում։
― Դուք շա՞տ հիվանդ եք,― կարեկցանքով հարցրեց նա՝ մի տեսակ առանձնահատուկ զննելով դիմացինին։― Աստվա՜ծ իմ։ Եվ այս մարդն ուզում է յոլա գնալ առանց ինձ։
― Լսեք, Դաշա, ես հիմա միշտ ուրվականներ եմ տեսնում։ Մի փոքր դև երեկ կամրջի վրա առաջարկում էր մորթել Լեբյադկինին և Մարյա Տիմոֆեևնային՝ իմ օրինական ամուսնության խնդիրը լուծելու համար, և որ ոչ մի հետք չմնա։ Կանխավճար խնդրեց երեք մանեթանոց, բայց հստակ իմաց տվեց, որ ամբողջ գործողությունը կարժենա մեկուկես հազարից ոչ պակաս։ Այ թե ինչպիսի հաշվենկատ դև էր։ Հաշվապա՜հ։ Հա-հա՛։
― Բայց դուք հաստա՞տ համոզված եք, որ ուրվական էր։
― Օ՜, ոչ, ամենևին էլ ուրվական չէր։ Տաժանապարտ Ֆեդկան էր, ավազակ, տաժանավայրից փախած։ Բայց բանը դա չէ. ի՞նչ եք կարծում, ե՞ս ինչ արեցի։ Նրան տվեցի դրամապանակիս ամբողջ փողը, և նա հիմա միանգամայն վստահ է, որ ես իրեն կանխավճար եմ տվել։
― Դուք հանդիպել եք նրան գիշերով, ու նա ձեզ նման առաջարկությո՞ւն է արել։ Եվ մի՞թե չեք տեսնում, որ չորս կողմից փաթաթված եք նրանց ցանցերով։
― Իրենց գործն է։ Իսկ գիտեք, դուք մի հարց ունեք լեզվի ծայրին, ձեր աչքերից ես տեսնում,― ավելացրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը չարացած և բորբոքված ժպիտով։
Դաշան վախեցավ։
― Հարց չունեմ ամենևին և ոչ մի կասկած էլ չկա, ավելի լավ է՝ լռեք,― բղավեց նա տագնապած, ասես վանելով հարցը։
― Այսինքն, դուք վստահ եք, որ չե՞մ գնա Ֆեդկայի մոտ։
― Օ՜, Աստված,― ձեռքերն իրար զարկեց Դաշան,― ինչի՞ համար եք ինձ այսպես տանջում։
― Էհ, ներեցեք իմ հիմար կատակը, ըստ երևույթին, նրանցից գեշ վարվեցողություն եմ փոխառնում։ Գիտեք, երեկ գիշերվանից հետո ահավոր ուզում եմ ծիծաղել, շարունակ ծիծաղել, անդադար, երկար, շատ։ Ճիշտ կարծես լիցքավորված եմ ծիծաղով... Պա-հո՜։ Մայրիկը եկավ, ես իմանում եմ դխկոցից, երբ նրա կառքը կանգնում է առմուտքի մոտ։
Դաշան բռնեց նրա ձեռքը։
― Աստված ձեզ հեռու պահի ձեր դևից և... կանչեք, կանչեք ինձ շուտով։
― Օ՜, ի՜նչ իմ դև, ի՜նչ բան։ Դա պարզապես մի պստլիկ, նողկալի, գեղձախտավոր չարք է, հարբուխ ընկած, անհաջողակներից, բայց Դաշա, չէ՞ որ մի բան չեք համարձակվում ասել, հը՞։
Դաշան նրան նայեց ցավով ու կշտամբանքով և շրջվեց դեպի դուռը։
― Լսեք,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը նրա ետևից՝ չարացած ու ջղաձիգ ժպիտով։― Եթե... ինչ ասեմ, մի խոսքով, եթե... եթե նույնիսկ Ֆեդկայի մոտ էլ գնամ ու հետո ձեզ կանչեմ, դուք կգա՞ք դրանից հետո։
Դաշան դուրս եկավ առանց շրջվելու և պատասխանելու՝ ափերով դեմքը ծածկած։
― Դրանից հետո էլ կգա,― շշնջաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտածելուց հետո, և դեմքին խորշական արհամարհանք գծագրվեց։― Դայա՜կ։ Հըմ... Իսկ, իմիջիայլոց, ինձ գուցե հենց դա էլ պետք է։
== Գլուխ չորրորդ. Բոլորը՝ սպասման մեջ ==