Changes
/* Գլուխ չորրորդ. Բոլորը՝ սպասման մեջ */
== Գլուխ չորրորդ. Բոլորը՝ սպասման մեջ ==
=== I ===
Մեր ամբողջ հասարակության մեջ մենամարտի՝ շատ արագ հայտնի դարձած պատմության թողած տպավորությունն առանձնապես նշանակալի էր այն միակամությամբ, որով բոլորը շտապեցին աներկբայորեն իրենց հայտարարելՆիկոլայ Վսեվոլոդովիչի կողմնակիցը։ Նրա նախկին թշնամիներից շատերը վճռականորեն իրենց հայտարարեցին նրա բարեկամները։ Հասարակական կարծիքի նման անսպասելի հեղաշրջման գլխավոր պատճառը մի քանի բառ էր՝ արտակարգ դիպուկ ու բարձրաձայն արտասանված մի տիկնոջ կողմից, որ մինչ այդ չէր արտահայտվել և դեպքին միանգամից հաղորդել էր նշանակություն, ինչ չափազանց էր հետաքրքիր մեր խոշոր մեծամասնությանը։ Այսպես էր եղել, դեպքի հենց հաջորդ օրը մեր նահանգի ազնվականության պարագլխի տիկնոջ մոտ անվանակոչության օրը հավաքվել էր ամբողջ քաղաքը։ Ներկա էր, կամ ավելի ճիշտ՝ առաջին դերն էր խաղում Յուլիա Միխայլովնան, որ եկել էր գեղեցկությամբ և մի հատուկ ուրախությամբ շողացող Լիզավետա Նիկոլաևնայի հետ, ինչը մեր տիկնանց մեծ մասին այդ անգամ իսկույն առանձնապես կասկածելի էր թվացել։ Տեղին է ասել, որ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ նրա նշանադրության վերաբերյալ արդեն չէր կարող որևէ երկմտանք լինել։ Պաշտոնաթող, սակայն պատկառելի մի գեներալի, ում մասին խոսք կգնա ստորև, ահա, նրա կատակախառը հարցին Լիզավետա Նիկոլաևնան ինքն ուղղակի պատասխանել էր այն երեկո, որ հարսնացու է ինքը։ Եվ ի՞նչ։ Մեր տիկնանցից բացարձակորեն և ոչ մեկն այդ նշանադրությանը հավատալ չէր ուզում։ Բոլորը համառորեն շարունակում էին ենթադրել մի որևէ սիրավեպ, մի որևէ ընտանեկան ճակատագրական գաղտնիք՝ կատարված Շվեյցարիայում և, չգիտես ինչու, Յուլիա Միխայլովնայի անկասկած մասնակցությամբ։ Դժվար է ասել, թե ինչու էին այդպես համառորեն դիմանում բոլոր այդ ասեկոսեները կամ, այսպես ասած, նույնիսկ երազանքները, և ինչու հատկապես այդչափ անպայման դրան էին կապում Յուլիա Միխայլովնային։ Նա նոր էր ներս մտել, բոլորը նրա կողմը դարձրեցին սպասումներով լի, տարօրինակ հայացքները։ Հարկ է նշել, որ դեպքի նոր կատարված լինելու և ուղեկցող որոշ հանգամանքների պատճառով երեկույթին դրա մասին խոսում էին դեռևս որոշ զգուշությամբ, ոչ բարձրաձայն։ Բացի դրանից, դեռևս ոչինչ չգիտեին իշխանության կարգադրությունների մասին։ Երկու մենամարտողներին էլ, որքան հայտնի էր, չէին անհանգստացրել։ Բոլորը գիտեին, օրինակ, որ Արտեմիյ Պավլովիչն առավոտ վաղ գնացել է Դուխովոյի իր կալվածքը՝ առանց որևէ խոչընդոտի։ Այնինչ, բոլորը ծարավի էին, հարկավ, որ մեկնումեկը բարձրաձայն խոսք բացի առաջինը, դրանով իսկ բանալով հասարակական անհամբերության դուռը։ Հատկապես հույս ունեին վերոհիշատակյալ գեներալի վրա, և չսխալվեցին։
Այդ գեներալը՝ մեր ակումբի ամենավեհատեսք անդամներից մեկը, ոչ շատ հարուստ կալվածատեր, սակայն խիստ աննման մտածելակերպով, օրիորդներին հնաոճ սիրահետող, իմիջիայլոց, չափազանց սիրում էր մեծ հավաքույթներին խոսել բարձրաձայն, գեներալական ծանրակշռությամբ, հենց այն մասին, ինչի շուրջ դեռևս խոսում էին զգուշավոր շշնջոցով։ Դա էր նրա, այսպես ասած, առանձնահատուկ դերը մեր հասարակության մեջ։ Ըստ որում, նա առանձնակի ձգում ուքաղցրածոր էր արտասանում բառերը, հավանաբար փոխ առած այդ սովորությունը արտասահմանում ճամփորդող պարոններից կամ նախկինում հարուստ այն ռուս կալվածատերերից, որոնք բոլորից շատ էին քայքայվել գյուղացիական ռեֆորմից հետո։ Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ մի անգամ նկատեց, որ ինչքան ավելի է կալվածատերը քայքայված, այնքան ավելի քաղցրածոր է սվսվացնում ու ձգում բառերը։ Իմիջիայլոց, ինքն էլ էր քաղցրածոր սվսվացնում ու ձգում բառերը, սակայն չէր նկատում դա։
Գեներալը խոսել սկսեց որպես իրազեկ մարդ։ Բացի նրանից, որ Արտեմիյ Պավլովիչն ինչ-որ հեռավոր ազգական էր գալիս, թեև վեճի և նույնիսկ դատի մեջ էին ներքաշված, ինքը նույնպես ժամանակին երկու մենամարտ է ունեցել և անգամ մեկի պատճառով աքսորվել Կովկաս, որպես շարքային։ Ինչ-որ մեկը հիշատակեց Վարվառա Պետրովնային, որն արդեն երկրորդ օրն է, դուրս է գալիս «հիվանդությունից հետո» և ոչ հատկապես նրա, այլ նրա կառքի սքանչելի, մոխրաթույր քառալուծի մասին՝ ստավրոգինյան սեփական ձիաբուծարանից։ Գեներալը հանկարծ նշեց, որ այսօր հանդիպել է «երիտասարդ Ստավրոգինին» ձիով... Բոլորն իսկույն լռեցին։ Գեներալը ճպպացրեց շրթունքները և մատների արանքում պտտելով ոսկյա, պարգևված ծխախոտատուփը՝ հանկարծ ազդարարեց.
― Ափսոսում եմ, որ մի քանի տարի առաջ այստեղ չեմ եղել... այսինքն, Կառլսբադում էի։ Հը՜մ։ Ինձ շատ է հետաքրքրում այդ երիտասարդը, ում մասին այնքան բաներ լսեցի ժամանակին։ Իսկ ի՞նչ, ճի՞շտ է, որ նա խանգարված է։ Այն օրերին ինչ-որ մեկն ասաց։ Հանկարծ լսում եմ, որ նրան այստեղ վիրավորում է ինչ-որ ուսանող, զարմուհիների ներկայությամբ, ու նա մտնում է սեղանի տակ, իսկ երեկ էլ լսեցի Ստեպան Վըյսոցկուց, որ Ստավրոգինը մենամարտել է այդ... Գագանովի հետ։ Ու սոսկ նրբակիրթ մի նպատակով՝ ճակատը դեմ անել կատաղած մարդուն, միայն թե օձիքն ազատի նրանից։ Հըմ։ Դա քսանական թվականների գվարդիայի բարքերից է գալիս։ Այստեղ նա լինո՞ւմ է մեկնումեկի մոտ։
Գեներալը լռեց՝ ասես պատասխանի սպասելով։ Հասարակական անհամբերության դուռը բաց էր։
― Ավելի պարզ էլ ի՞նչ,― հանկարծ ձայնը բարձրացրեց Յուլիա Միխայլովնան, բորբոքված այն բանից, որ բոլորը միանգամից, ասես հրամանով, հայացքներն իր կողմը դարձրին։
― Մի՞թե հնարավոր է զարմանալ, որ Ստավրոգինը մենամարտել է Գագանովի հետ ու չի պատասխանել ուսանողին։ Նա չէր կարող մենամարտի կանչել իր նախկին ճորտ մարդուն։
Հոյակա՜պ բառեր։ Պարզ ու հստակ միտք, որը սակայն, մինչ այժմ ոչ-մեկի մտքով չէր անցել։ Բառեր, որոնք արտակարգ հետևանքներ ունեցան։ Ամենայն սկանդալային և բամբասական, ամենայն մանր-մունր և անեկդոտային բան ետին պլան մղվեց, առաջ քաշվեց ուրիշ նշանակություն։ Հայտարարվեց նոր մի դեմք, որի հարցում բոլորը սխալվել էին, հասկացությունների համարյա իդեալական խստության տեր մի դեմք։ Մահացու վիրավորված ուսանողից, այսինքն, կրթված ու արդեն ոչ ճորտ մեկից, նա արհամարհում է վիրավորանքը, քանի որ վիրավորողն իր նախկին ճորտն է։ Հասարակության մեջ աղմուկ է տիրում և բամբասանք, թեթևամիտ հասարակությունն արհամարհանքով է նայում դեմքին հարված կերած մարդուն, նա էլ արհամարհում է հասարակության կարծիքը, որը չի հասել իսկական ըմբռնումների, այնինչ, քննարկում է դրանք։
― Իսկ իմիջիայլոց, ձեզ հետ միասին, Իվան Ալեքսանդրովիչ, նստած քննարկում ենք ճիշտ ըմբռնումների մասին,― ինքնամերկացման վսեմ ոգևորությամբ նշում է ակումբային մի ծերուկ մյուսին։
― Այո, Պյոտր Միխայլովիչ, այո,― վայելումով համաձայնում է մյուսը,― ահա և խոսեք երիտասարդության մասին։
― Երիտասարդությունը չէ այստեղ, Իվան Ալեքսանդրովիչ,― դիտողություն է անում միացած երրորդը,― հարցն այստեղ երիտասարդությունը չէ։ Սա աստղի խնդիր է, և ոչ թե ինչ-որ մեկը երիտասարդությունից, ահա թե ինպես է պետք հասկանալ։
― Մեզ էլ հենց դա է պետք, մարդկանց պակասության մեջ ենք։
Գլխավորն այստեղ այն էր, որ «նոր մարդը», բացի նրանից, որ «աներկբա ազնվական» դուրս եկավ, նաև նահանգի հարստագույն հողատերն էր, նշանակում է՝ չէր կարող չհանդիսանալ օժանդակող և գործիչ։ Ի դեպ, ես նախկինում էլ եմ հպանցիկ հիշատակել մեր հողատերերի տրամադրության մասին։
Անգամ ոգևորության հանգեցին։
― Բավական չէ, որ նա մենամարտի չի կանչել ուսանողին, նա ձեռքերն է ետ քաշել, առանձնապես նկատի ունեցեք, ձերդ գերազանցություն,― մեջ մտավ մեկը։
― Եվ նոր դատարան չի քարշ տվել նրան,― ավելացրեց մյուսը։
― Չնայած, որ դատարանում ազնվականական ''անձնական'' վիրավորանքի համար նրան տասնհինգ ռուբլի տուգանք կնշանակեին, հե՛-հե՛-հե՛։
― Չէ, ես ձեզ կասեմ նոր դատարանների գաղտնիքը,― մոլեգնեց երրորդը,― եթե մեկնումեկը գողություն կամ խարդախություն է արել, բացահայտ բռնվել է ու մերկացվել, թող շուտափույթ վազի տուն, քանի դեռ ժամանակն է, և սպանի հարազատ մորը։ Իսկույն ամեն ինչում կարդարացնեն, և տիկնայք բեմի վրայից բատիստե թաշկինակներ կթափահարեն, անկասկած ճշմարտություն է։
― Ճի՜շտ է, ճի՜շտ։
Չէր լինի և առանց պատմությունների։ Հիշեցին Նիկոլայ Վսեվոլոդովիչի կապերի մասին կոմս Կ.-ի հետ։ Վերջինիս խիստ, առանձնակի կարծիքները վերջին բարեփոխությունների մասին հայտնի էին։ Հայտնի էր նաև նրա հոյակապ գործունեությունը՝ փոքր-ինչ կասեցված ամենավերջին ժամանակներս։ Եվ ահա հանկարծ բոլորի համար անկասկած դարձավ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը նշանված է կոմս Կ.-ի դուստրերից մեկի հետ, թեև ոչինչ ստույգ առիթ չէր տալիս նման նորության համար։ Իսկ ինչ վերաբերում է շվեյցարական այսուայն սքանչելի արկածներին և Լիզավետա Նիկոլաևնային, ապա նույնիսկ տիկնայք դադարեցին դրանց մասին հիշատակել։ Ի դեպ, նշենք, որ Դրոզդովներն այդ իսկ ժամանակ հասցրել էին կատարել մինչ այդ իրենց բաց թողած բոլոր այցելությունները։ Լիզավետա Նիկոլաևնային արդեն բոլորն անկասկած համարեցին իր հիվանդ նյարդերով «ձևեր թափող» ամենասովորական աղջիկ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի գալստյան օրը նրա ուշագնացությունը հիմա բացատրեցին պարզապես որպես վախ՝ ուսանողի այլանդակ արարքի հանդեպ։ Նույնիսկ սաստկացրին այն ամենի առօրեականությունը, ինչին մինչ այդ ձգտում էին հաղորդել որևէ երևակայական կոլորիտ։ Իսկ ինչ-որ կաղլիկ կնոջ մասին մոռացան վերջնականապես, ամաչում էին անգամ հիշել։ «Էհ, թեկուզև հարյուր կաղլիկ կին, ով չի եղել ջահել»։ Ի ցույց դրեցին Նիկոլայ Վսեվոլոդովիչի հարգալիր վերաբերմունքը մոր հանդեպ, տարբեր առաքինություններ գտան նրա համար, բարեհոգությամբ խոսում էին նրա ուսյալության վերաբերյալ՝ ձեռք բերված չորս տարում, գերմանական համալսարաններում։ Արտեմիյ Պավլովիչի արարքն անտակտ հայտարարեցին վերջնականապես՝ «ինքն իր յուրայիններին չճանաչած», իսկ Յուլիա Միխայլովնային վերագրեցին անվերապահ բարձրագույն խորաթափանցություն։
Այդպիսով, երբ վերջապես հայտնվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչն անձամբ, բոլորը դիմավորեցին նրան ամենապարզամիտ լրջությամբ, նրա վրա հառված բոլոր աչքերի մեջ ամենա-անհամբեր սպասումները կային։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը տեղնուտեղը կաղապարվեց ամենախիստ լռությամբ, ինչով, անշուշտ, բավարարեց բոլորին շատ ավելի, քան եթե խոսեր չափից ավելի շատ։ Մի խոսքով, ամեն ինչ հաջողվում էր նրան, դարձել էր մոդայիկ։ Գավառական հասարակության մեջ եթե մեկը երևար մեկ անգամ, այլևս թաքնվել չէր կարելի։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն առաջվա պես սկսեց կատարել գավառական բոլոր պարտականությունները՝ հասցված նրբինության։ Նրան ուրախ չէին համարում. «Մարդը շատ բան է տարել, մյուսների նման չէ, մտածելու բաներ էլ կան»։ Անգամ գոռոզությունը և խորշական այն անմատչելիությունը, որի պատճառով այնպես ատում էին նրան մեզ մոտ չորս տարի առաջ, հիմա հարգվում էին և դուր գալիս։
Բոլորից ավելի ցնծում էր Վարվառա Պետրովնան։ Չեմ կարող ասել, թե նա շատ էր ցավում Լիզավետա Նիկոլաևնայի հանդեպ տապալված հույսերի համար։ Դրան նպաստեց, հարկավ, նաև ընտանեկան հպարտությունը։ Տարօրինակ էր մի բան. Վարվառա Պետրովնան հանկարծ ծայրաստիճան հավատաց, որ Nicolas-ն, իրոք, «ընտրել» է կոմս Կ.-ի դուստրերից մեկին, և, որ ամենից տարօրինակն էր, հավատաց լուրերին, որոնք նրան էին հասնում, ինչպես բոլորին, քամու թևով։ Իսկ ինքը վախենում էր ուղղակի հարցնել Նիկոլայ Վսեվոլոդովիչից։ Սակայն երկու-երեք անգամ չհամբերեց և ուրախ-զվարթ ու տակետակ կշտամբեց նրան, որ մոր հետ այնքան էլ բացսիրտ չէ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը ժպտաց և շարունակեց լռել։ Լռությունն ընդունվեց որպես համաձայնության նշան։ Եվ ինչ. այդ ամենով հանդերձ, մայրը երբեք չէր մոռանում կաղլիկի մասին։ Այդ միտքը քար էր դարձել նրա սրտին, մղձավանջ, տանջում էր նրան արտառոց տեսիլքներով և գուշակություններով, ու այդ ամենը համատեղ և միաժամանակ՝ կոմս Կ.-ի դուստրերի հետ կապված անուրջներով։ Բայց այս մասին դեռևս խոսք կգնա ստորև։ Հարկավ, հասարակության մեջ վերստին սկսեցին Վարվառա Պետրովնային վերաբերվել արտակարգ ու պատրաստակամ հարգանքով, սակայն նա քիչ էր օգտվում դրանից ու խիստ հազվադեպ էր ելնում տնից։
Սակայն հանդիսավոր այցելություն արեց նահանգապետուհուն։ Հարկավ, ոչ ոք ավելի գերված ու հափշտակված չէր Յուլիա Սիխայլովնայի վերոնշյալ նշանավոր բառերով՝ ասված հրավերք-երեկույթին. դրանք տարան տրտմության բեռը նրա սրտից և միանգամից լուծեցին շատ բան, ինչ այնպես տանջում էր նրան այն տարաբախտ կիրակի օրվանից։ «Ես չէի հասկանում այդ կնոջը»,― բարբառեց նա և ուղղակի, իրեն հատուկ շեշտակիությամբ հայտարարեց Յուլիա Միխայլովնային, որ եկել է ''շնորհակալություն հայտնելու''։ Յուլիա Միխայլովնան շոյված էր, սակայն իրեն անկախ պահեց։ Այն ժամանակ արդեն շատ էր սկսել զգալ իր արժեքը, նույնիսկ գուցեև փոքր-ինչ չափից ավելի։ Օրինակ, խոսքի մեջ հայտարարեց, որ երբեք ոչինչ չի լսել Ստեպան Տրոֆիմովիչի գործունեության և գիտության մասին։
― Իհարկե, ես ընդունում և փայփայում եմ երիտասարդ Վերխովենսկուն։ Նա խենթուխելառ է, բայց դեռ ջահել է։ Ի դեպ, պատկառելի գիտելիքներով։ Բայց և այնպես որևիցե պաշտոնաթող նախկին քննադատ չէ։
Վարվառա Ստոպանովնան իսկույն շտապեց նշել, որ Ստեպան Տրոֆիմովիչն ամենևին էլ քննադատ չի եղել երբեք, այլ ընդհակառակն, ամբողջ կյանքն անց է կացրել իր տանը։ Իսկ նշանավոր է իր կարիերայի նախասկզբնական՝ «ամբողջ հասարակությանը չափից ավելի հայտնի» հանգամանքներով, իսկ ամենավերջին ժամանակներս՝ իսպանական պատմության վերաբերյալ իր աշխատություններով, ուզում է նմանապես գրել գերմանական ներկայիս համալսարանների վիճակի և կարծեմ, նաև ինչ-որ բան դրեզդենյան Աստվածամոր մասին։ Մի խոսքով, Վարվառա Պետրովնան չկամեցավ Յուլիա Միխայլովնային զիջել Ստեպան Տրոֆիմովիչին։
― Դրեզդենյան Աստվածամո՞ր։ Սիքստինյա՞ն։ Chere Վարվառա Պետրովնա, ես երկու ժամ նստել եմ այդ նկարի առաջ ու հեռացել հիասթափված։ Ոչինչ չհասկացա և անչափ զարմացած էի։ Կարմազինովը նույնպես ասում է, որ դժվար է հասկանալ։ Հիմա բոլորն էլ ոչինչ չեն գտնում, թե ռուսները, թե անգլիացիները։ Այդ ամբողջ փառքը ծերուկներն են թնդացրել։
― Նոր մոդա՞ է, ուրեմն։
― Իսկ ես այսպես եմ մտածում, որ պետք չէ անտեսել նաև մեր երիտասարդությանը։ Գոռում են, թե նրանք կոմունիստներ են, իսկ իմ կարծիքով, պիտի խնայել նրանց ու թանկ գնահատել։ Հիմա ամեն ինչ կարդում եմ ես՝ բոլոր թերթերը, կոմունաներ, բնական գիտություններ, բոլորը ստանում եմ, որովհետև պետք է ի վերջո իմանալ, թե որտեղ ես ապրում և ում հետ գործ ունես։ Չի կարելի ամբողջ կյանքն անցկացնել սեփական երևակայության բարձրերում։ Ես հետևություններ եմ արել և որպես կանոն ընդունել՝ փայփայել երիտասարդությանը, դրանով իսկ նրան պահել եզրին։ Հավատացեք, Վարվառա Պետրովնա, որ միայն մենք՝ հասարակությունը կարող է իր բարենպաստ ազդեցությամբ և փայփայանքով նրանց ետ պահել անդունդից, դեպի ուր հրում է նրանց բոլոր այդ ծերուկների անհանդուրժողությունը։ ի դեպ, ուրախ եմ, որ ձեզնից իմացա Ստեպան Տրոֆիմովիչի մասին։ Դուք ինձ միտք տվեցիք, նա կարող է օգտակար լինել մեր գրական ընթերցումներին։ Գիտեք, ես կազմակերպում եմ մի ամբողջ օր զվարճանք՝ ցուցակագրությամբ, մեր նահանգի չքավոր դաստիարակչուհիների օգտին։ Նրանք ցրված են Ռուսաստանով մեկ, միայն մեր գավառից վեց հոգի կան, բացի դրանից, երկու հեռագրիչ կին, երկուսը սովորում են ակադեմիայում, մյուսները կուզենային, բայց միջոցներ չունեն։ Սարսափելի է ռուս կնոջը վիճակվածը, Վարվառա Պետրովնա։ Դրանից հիմա համալսարանական հարց են սարքում, և նույնիսկ պետական խորհրդի նիստ է կայացել։ Մեր տարօրինակ Ռուսաստանում ինչ ասես, կարելի է անել։ Այդ պատճառով էլ սոսկ միայն ամբողջ հասարակության փայփայանքով և անմիջական ջերմ կարեկցանքով մենք կկարողանայրնք այդ ընդհանուր մեծ գործն ուղղել ճշմարիտ հուն։ Օ՜, տեր Աստված, շա՞տ ունենք արդյոք լուսավոր անձնավորություններ։ Անշուշտ, կան, բայց նրանք ցաքուցրիվ են։ Ուրեմն, խմբվենք և ավելի ուժեղանանք։ Մի խոսքով, սկզբից կլինի գրական առավոտ, ապա թեթև նախաճաշ, հետո ընդմիջում և նույն օրը երեկոյան՝ պարահանդես։ Մենք ուզում էինք երեկոն սկսել կենդանի պատկերներով, բայց կարծեմ թե ծախսը շատ է լինում, ուստիև, հասարակության համար մեկ կամ երկու կադրիլ կլինի՝ դիմակներով և բնորոշող զգեստներով, որոնք կպատկերեն գրական հայտնի ուղղություններ։ Այդ կատակաբնույթ միտքն առաջարկել է Կարմազինովը. նա ինձ շատ է օգնում։ Գիտեք, նա մեզ մոտ կկարդա իր վերջին գործը, որը դեռ ոչ ոքի հայտնի չէ։ Նա ցած է դնում գրիչը և այլևս չի գրելու, այդ վերջին հոդվածը նրա հրաժեշտն է հասարակությանը։ Սքանչելի մի գործ է՝ «Merci» վերնագրով։ Անվանումը ֆրանսիական է, բայց նա դա համարում է ավելի կատակաբնույթ և նույնիսկ ավելի նուրբ։ Ես՝ նույնպես, նույնիսկ ես եմ խորհուրդ տվել։ Կարծում եմ, Ստեպան Տրոֆիմովիչն էլ կարող է կարդալ, եթե հակիրճ լինի և... որ շատ գիտական չլինի։ Կարծեմ, Պյոտր Ստեպանովիչն ու էլի ինչ-որ մեկը որոշ բաներ կկարդան։ Պյոտր Ստեպանովիչը կանցնի ձեզ մոտ և կհայտնի ծրագիրը։ Կամ, ավելի լավ է, թույլ տվեք, ինքս բերեմ ձեզ։
― Իսկ դուք ինձ թույլ տվեք անդամագրվել ձեր ցուցակին։ Ես կհայտնեմ Ստեպան Տրոֆիմովիչին և ինքս կխնդրեմ նրան։
Վարվառա Պետրովնան տուն վերադարձավ վերջնականապես հմայված։ Նա սարի պես կանգնած էր Յուլիա Սիխայլովնայի թիկունքին և չգիտես ինչու, արդեն կատարելապես բարկացավ Ստեպան Տրոֆիմովիչի վրա, իսկ այդ խեղճը ոչինչ չգիտեր՝ նստած տանը։
― Ես սիրահարվել եմ նրան, չեմ հասկանում, ինչպես կարող էի սխալվել այդ կնոջ խնդրում,― ասում էր նա Նիկոլայ Վսեվոլոդովիչին և երեկոյան դեմ եկած Պյոտր Ստեպանովիչին։
― Այնուամենայնիվ, դուք պետք է հաշտվեք ծերունու հետ,― ասաց Պյոտր Ստեպանովիչը,― նա հուսահատ է։ Դուք նրան լիովին արդեն խոհանոց եք ուղարկել։ Երեկ տեսել է ձեր կառքը, խոնարհվել, իսկ դուք՝ երես եք դարձրել։ Գիտեք, մենք նրան առաջ կքաշենք, ինչ-որ ծրագրումներ ունեմ նրա համար, և նա դեռ օգտակար կարող է լինել։
― Օ՜, նա կկարդա։
― Միայն դրա մասին չեմ ասում։ Ինքս էլ էի ուզում այսօր մտնել նրա մոտ։ Ուրեմն, հայտնե՞մ նրան։
― Եթե ուզում եք։ Իմիջիայլոց, չգիտեմ, ինչպես եք դա անելու,― ասաց նա անվճռական։― Ես մտադիր էի ինքս բացատրվել նրա հետ և ուզում էի օրն ու տեղը նշանակել։― Նա սաստիկ խոժոռվեց։
― Էհ, չարժե օր նշանակել։ Ես պարզապես կհայտնեմ։
― Թերևս, հայտնեք։ Ավելացրեք նաև, որ օր անպայման կնշանակեմ։ Անպայման ավելացրեք։
Պյոտր Ստեպանովիչը շտապեց դուրս՝ քթի տակ ծիծաղելով։ Ընդհանրապես, որքան հիշում եմ, այդ ժամանակ նա առանձնապես չարացած էր և նույնիսկ թույլ էր տալիս իրեն չափազանց անհամբեր արարքներ՝ համարյա թե բոլորի հետ։ Տարօրինակ է, որ նրան ամեն բան ներում էին մի տեսակ։ Ընդհանուր առմամբ, կարծիք էր հաստատվել, որ նրան պիտի նայել առանձնակի։ Նշեմ, որ նա վերին աստիճանի չարությամբ վերաբերվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի մենամարտին։ Դա նրան հանկարծակիի բերեց, նույնիսկ կանաչեց, երբ պատմեցին։ Գուցե թե տուժել էր ինքնասիրությունը՝ իմացավ սոսկ հաջորդ օրը, երբ բոլորին էր հայտնի։
― Իսկ չէ՞ որ դուք մենամարտելու իրավունք չունեիք,― շշնջաց նա Ստավրոգինին արդեն հինգերորդ օրը՝ պատահաբար հանդիպելով ակումբում։ Շատ լավ է, որ այդ հինգ օրվա մեջ նրանք ոչ մի տեղ չէին հանդիպել, թեև Պյոտր Ստեպանովիչը համարյա ամեն օր Վարվառա Պետրովնայի մոտ էր լինում։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը լուռ նայեց նրան ցրված տեսքով, ասես չհասկանալով, թե բանն ինչ է, ու անցավ, առանց կանգ առնելու։ Ակումբի մեծ սրահով բուֆետ էր գնում։
― Շատովի մոտ էլ եք գնացել... ուզում եք Սարյա Տիմոֆեևնայի մասին հայտարարել,― վազում էր նրա ետևից ու ցրվածությունից բռնեց նրա ուսը։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը հանկարծ դեն տարավ նրա ձեռքն ու շրջվեց դեպի նա՝ սպառնագին խոժոռվելով։ Պյոտր Ստեպանովիչը նրան նայեց տարօրինակ, ձգված մի ժպիտով։ Ամեն ինչ տևեց մի ակնթարթ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն անցավ գնաց։
=== II ===
Նա շտապեց ծերունու մոտ, Վարվառա Պետրովնայից հետո անմիջապես, և եթե այդպես շտապում էր, ապա միմիայն չարությունից, որ վրեժ լուծի նախկին մի վիրավորանքի համար, որի մասին մինչ այդ պատկերացում չունեի։ Բանն այն է, որ իրենց վերջին տեսակցությանը, այն է՝ նախորդ շաբաթվա հինգշաբթի օրը, Ստեպան Տրոֆիմովիչը, որն, ի դեպ, ինքն էր սկսել վեճը, ավարտել էր Պյոտր Ստեպանովիչին փայտով դուրս քշելով։ Այդ փաստն ինձնից նա թաքցրել էր այն ժամանակ, բայց հիմա, իր մշտական քմծիծաղով, այդչափ պարզունակ գոռոզ, տհաճորեն հետաքրքրված, անկյունները պրպտող հայացքով Պյոտր Ստեպանովիչի ներս ընկնելուն պես, Ստեպան Տրոֆիմովիչն իսկույն գաղտնի նշան արեց ինձ, որ սենյակից չելնեմ։ Այդպիսով, իմ առաջ բացահայտվեցին նրանց իսկական փոխհարաբերությունները, քանզի այդ անգամ լսեցի ամբողջ խոսակցությունը։
Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր թախտին՝ ամբողջ մարմնով մեկնված։ Այն հինգշաբթի օրվանից նա նիհարել ու դեղնել էր։ Պյոտր Ստեպանովիչը շատ ընտանեվարի տեսքով նստեց նրա կողքին՝ ոտքերը տակը քաշած աննրբանկատորեն, քան դա պահանջում էր հարգանքը հոր նկատմամբ։ Ստեպան Տրոֆիմովիչը լուռ և արժանապատվությամբ մի կողմ քաշվեց։
Սեղանին գիրք կար։ «Ի՞նչ անել» վեպն էր։ Ավաղ, պիտի խոստովանեմ մեր բարեկամի մի տարօրինակ փոքրոգությունը, երազանքն առ այն, որ իրեն հարկավոր է դուրս գալ մեկուսացումից ու վերջին ճակատամարտը տալ, ավելի ու ավելի էր գերակշռում նրա գայթակղված երևակայության մեջ։ Ես կռահեցի, որ նա վերցրել և ''ուսումնասիրում'' է վեպը սոսկ մի նպատակով, որ «ճղճղացողների» հետ անտարակույս բախման դեպքում նախապես գիտնա նրանց հնարներն ու փաստարկումները՝ իրենց իսկ «կատեխիզիսով» և այդպիսով նախապատրաստված, հանդիսավորապես ժխտի բոլորին ''Վարվառա Պետրովնայի աչքում''։ Օ՜, ինչպես էր նրան տանջում այդ գիրքը։ Նա երբեմն դեն էր շպրտում դա և տեղից վեր ցատկելով հուսալքված, քայլում էր սենյակում համարյա մոլեգնած։
― Ես համաձայն եմ, որ հեղինակի հիմնական գաղափարը ճիշտ է,― տենդագին ասում էր նա ինձ,― բայց դրանով էլ ավելի սարսափելի։ Նույն գաղափարը, հենց մերը։ Մենք, մենք ենք առաջինն արմատավորել, աճեցրել, պատրաստել, և ինչ կարող էին իրենք ասել նոր բան, մեզնից հետո։ Բայց Աստվա՜ծ իմ, ինչպես է այդ ամենն արտահայտված, խեղաթյուրված, աղճատված,― բացականչում էր նա՝ մատներով խփելով գրքին։
― Այդպիսի՜՞ հետևությունների էինք մենք ձգտում։ Ո՞վ կարող է այստեղ ճանաչել նախասկզբնական իմաստը։
― Լուսավորվո՞ւմ ես,― քթի տակ ծիծաղեց Պյոտր Ստեպանովիչը՝ սեղանի վրայից վերցնելով գիրքն ու կարդալով վերնագիրը։― Վաղուց ժամանակն է։ Ես քեզ ավելի լավերը կբերեմ, եթե կուզես։
Ստեպան Տրոֆիմովիչը նորից և արժանապատվությամբ լռության տվեց։ Ես նստած էի անկյունում՝ բազմոցին։
Պյոտր Ստեպանովիչն արագ բացատրեց իր գալու պատճառը։ Անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչն ապշահար էր չափից ավելի և լսում էր արտակարգ զայրույթին խառնված երկյուղով։
― Եվ այդ Յուլիա Միխայլովնան հույս ունի, որ կգամ իր մոտ՝ կարդալու։
― Այսինքն, նրանք ամենևին էլ քո կարիքը չեն զգում։ Ընդհակառակը, որպեսզի քեզ շոյեն ու դրանով շողոքորթեն Վարվառա Պետրովնային։ Բայց և ինքնըստինքյան, դու չես համարձակվի հրաժարվել կարդալուց։ Եվ ինքդ էլ, կարծում եմ, ուզում ես,― ժպտաց նա,― բոլոր ծերուկներդ էլ դժոխային հավակնություններ ունեք։ Բայց լսիր, պետք է սակայն, որ շատ ձանձրալի չլինի։ Ի՞նչ ունես, իսպանական պատմությո՞ւն էր, ինչ էր։ Մի երեք օր առաջ կտաս, նայեմ, թե չէ գուցե բոլորին քնեցնես։
Այդ խայթոցների հապշտապ և չափից ավելի անսքող կոպտությունը հստակորեն դիտավորյալ էր։ Ձևացվում էր, թե Ստեպան Տրոֆիմովիչի հետ կարծես չի կարելի խոսել մեկ ուրիշ, ավելի նուրբ լեզվով և հասկացություններով։ Ստեպան Տրոֆիմովիչը հաստատակամ շարունակում էր չնկատել վիրավորանքները։ Սակայն որդու հայտնած դեպքերը նրա վրա ավելի ու ավելի ցնցող տպավորություն էին գործում։
― Եվ նա ինքը, ''ի՞նքը'' կարգադրեց հայտնել դա ինձ... ''ձեր'' միջոցով,― հարցրեց նա՝ գունատվելով։
― Այսինքն, գիտես ինչ, նա ուզում է նշանակել օրն ու տեղը ձեր փոխադարձ բացատրության համար՝ ձեր սենտիմենտալությունների մնացուկներ։ Դու քսան տարի սեթևեթել ես նրա հետ և վարժեցրել ամենածիծաղելի հնարքների։ Բայց մի անհանգստացիր, հիմա արդեն ամենևին այն չէ։ Ինքն է րոպեն մեկ ասում, որ նոր-նոր է սկսել «գլխի ընկնել»։ Ես նրան ուղղակի բացատրեցի, որ ձեր այդ բարեկամությունը միայն փոխադարձաբար կեղտաջուր լցնելն է միմյանց վրա։ Նա ինձ շատ բան պատմեց։ Փուհ, ի՜նչ սպասավորական պաշտոնի ես եղել ամբողջ ժամանակ։ Նույնիսկ ես կարմրեցի քո փոխարեն։
― Սպասավորական պաշտոնի՞ եմ եղել,― չդիմացավ Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ավելի վատ, դու ձրիակյաց ես եղել, այսինքն՜ կամավոր սպասավոր։ Ծուլացել ես աշխատել, իսկ փողի ախորժակ եղել է։ Հիմա այդ ամենը նա հասկանում է, համենայն դեպս, սարսափելի է, թե ինչեր պատմեց քո մասին։ Էհ, ինչքան քրքջացի նրան ուղղված քո նամակների վրա՝ ամոթ էր ու գարշելի։ Բայց չէ որ դուք այնքա՜ն եք այլասերված, այնքան այլասերված։ Ողորմության մեջ ընդմիշտ այլասերող ինչ-որ բան կա՝ դու հստակ օրինակն ես։
― Նա քեզ ցո՜ւյց է տվել իմ նամակները։
― Բոլորը։ Այսինքն, իհարկե, էլ որտե՞ղ պիտի դրանք կարդայի։ Փուհ, ինչան թուղթ ես գրոտել, կարծում եմ, երկու հազարից ավելի նամակ կա այնտեղ։ Իսկ գիտես, ծերուկ, կարծում եմ, մի պահ է եղել, երբ նա պատրաստ էր քեզ հետ ամուսնանալ։ Հիմարագույն ձևով բաց ես թողել։ Անշուշտ, ես խոսում եմ քո տեսակետից, բայց և այնպես ավելի լավ, քան հիմա, երբ քիչ էր մնացել պսակեին «ուրիշի մեղքերի» հետ, որպես մի ծաղրածուի՝ հանուն զվարճության, փողով։
― Փողո՜վ։ Նա՜, նա ասում է, թե փողո՜վ,― հիվանդագին ճչաց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Հապա էլ ինչպե՞ս։ Ինչ ես ասում, ես քեզ պաշտպանեցի էլ։ Չէ որ արդարանալու քո միակ միջոցն է դա։ Նա ինքն է հասկացել, որ քեզ փող է պետք եղել, ինչպեսև ամենքին, և որ դու, այդ տեսակետից, թերևս իրավացի էլ ես։ Ինչպես երկու անգամ երկու, ես նրան ապացուցեցի, որ դուք ապրել եք փոխադարձ շահերով, նա՝ որպես կապիտալիստուհի, դու՝ որպես սենտիմենտալ խեղկատակ նրա մոտ։ Իմիջիայլոց, փողի համար նա չի բարկանում, թեև կթել ես նրան այծի պես։ Նրան չարացնում է սոսկ, որ քսան տարի հավատացել է քեզ, որ նրան այդպես պլոկել ես՝ ազնվության վրա խաղալով ու ստիպել այդքան երկար ժամանակ ստել։ Այն, որ ինքն էլ է ստել, նա երբեք չի խոստովանի, բայց դրանից էլ քեզ կրկնակի ավելի կհասնի։ Չեմ հասկանում՝ ինչպես չես կռահել, որ երբևիցե ստիպված ես լինելու հատուցել։ Չէ՞ որ խելքի նշույլ ունեցել ես։ Երեկ նրան խորհուրդ տվեցի քեզ անկելանոց տալ, հանգստացիր, կարգին տեղ, վիրավորական չի լինի։ Կարծեմ թե, նա այդպես էլ կանի։ Հիշո՞ւմ ես քո վերջին նամակն ինձ Խ. նահանգ՝ երեք շաբաթ առաջ։
― Մի՞թե ցույց ես տվել նրան,― սարսափահար վեր ցատկեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Հապա ի՜նչ։ Առաջին հերթին։ Հենց այն նամակը, որով հայտնել էիր, թե նա քեզ շահագործում է, նախանձելով քո տաղանդին և «ուրիշի մեղքերի» մասին էլ։ Բայց քեզ, իմիջիայլոց, ասեմ, այ թե ինքնասիրություն ունես, հա՜։ Այնպես էի քրքջում։ Ընդհանրապես, քո նամակները խիստ են ձանձրալի, ահավոր ոճ ունես։ Հաճախ ամենևին չեմ կարդացել, իսկ մեկը հիմա էլ ընկած է տանը՝ չբացած, վաղը կուղարկեմ։ Բայց այդ, քո վերջին այդ նամակը կատարելության գագաթ է։ ինչպե՜ս էի քրքջում, ինչպե՜ս։
― Ճիվաղ, ճիվաղ,― ճչաց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Փո՜ւհ, գրողը տանի, քեզ հետ խոսել չի կարելի։ Լսիր, նորի՞ց ես նեղանում, ինչպես նախորդ հինգշաբթի։
Ստեպան Տրոֆիմովիչն ահեղատեսք ուղղվեց.
― Ինչպե՞ս ես համարձակվում ինձ հետ այդ լեզվով խոսել։
― Այդ ի՞նչ լեզվով։ Պարզ ու հասարա՞կ։
― Բայց ասա ինձ վերջապես, ճիվաղի մեկը, որդի՞ս ես դու, թե՝ ոչ։
― Դու ավելի լավ գիտես, իհարկե, տվյալ դեպքում ամեն մի հայր հակված է կուրության...
― Լռիր, լռիր,― ամբողջ մարմնով ցնցվեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Գիտես ինչ, դու գոռում ու կռիվ ես անում անցած հինգշաբթվա պես, ուզում էիր փայտդ էլ բարձրացնել, բայց այն ժամանակ ես փաստաթուղթը հո գտա։ Հետաքրքրությունից ամբողջ երեկո ճամպրուկն էի քրքրում։ Ճիշտ է, ստույգ ոչինչ չկա, կարող ես մխիթարվել։ Սիայն իմ մոր երկտողն է այն լեհուհուն։ Սակայն, դատելով բնույթից...
― Մի խոսք էլ ասես, ապտակ կհասցնեմ։
― Ա՜յ քեզ մարդիկ,― հանկարծ ինձ դիմեց Պյոտր Ստեպանովիչը։― Տեսնում եք, թե ինչ է մեզ մոտ կատարվում արդեն նախորդ հինգշաբթվանից։ Ես ուրախ եմ, որ հիմա համենայն դեպս դուք եք այստեղ և արդար կդատեք։ Նախ և առաջ՝ փաստը, նա կշտամբում է, որ այսպես եմ խոսում մայրիկի մասին, բայց ի՞նքը չի մղել ինձ այդ նույն բանին։ Պետերբուրգում, երբ դեռևս գիմնազիական էի, ի՞նքը չէր, արդյոք, գիշերներն ինձ երկու անգամ արթնացնում, գրկում ու լաց լինում կնկա պես, և ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ էր նա ինձ պատմում գիշերները։ Այ, հենց նույն անպարկեշտ պատմություններն իմ մոր մասին։ Առաջինը հենց նրանից եմ լսել։
― Օ՜, այն ժամանակ ես դա բարձրագույն իմաստով... Օ՜, դու չես հասկացել ինձ։ Ոչինչ, ոչինչ չես հասկացել։
― Բայց և այնպես, քո արածն ավելի ստոր է, քան իմը, ավելի է ստոր, չէ՞, խոստովանիր։ Տեսնում ես, չէ՞, եթե ուզում ես, ինձ համար միևնույն է։ Ես քո տեսանկյունից եմ ասում։ Իմ տեսակետից, մի անհանգստանա՝ ես մորս չեմ մեղադրում։ Դու ես, ուրեմն դու ես, լեհն է, ուրեմն լեհն է, ինձ համար մեկ է։ Ես մեղավոր չեմ, որ Բեռլինում ձեր մեջ այդքան հիմար բան է ստացվել։ Եվ կարո՞ղ էր, արդյոք, ավելի խելացի բան ստացվել։ Եվ արդյո՞ք ծիծաղելի մարդիկ չեք այդ ամենից հետո։ Եվ մի՞թե քեզ համար միևնույնը չէ, քո որդին եմ, թե՝ ոչ։ Լսեք,― ինձ դիմեց նորից,― ամբողջ կյանքում մեկ ռուբլի չի ծախսել վրաս, մինչև տասնվեց տարեկան չի ճանաչել ամենևին, հետո էլ այստեղ է կողոպտել, իսկ հիմա գոռում է, թե սրտանց ցավել է ինձ համար ամբողջ կյանքում ու կոտրատվում է իմ առաջ դերասանի պես։ Բայց չէ որ ես Վարվառա Պետրովնա չեմ, ողորմած եղիր։
Նա վեր կացավ ու վերցրեց շլյապան։
― Հետայսու նզովում եմ քեզ իմ անունով,― Ստեպան Տրոֆիմովիչը նրա վրա պարզեց ձեռքերը՝ ամբողջովին մահու չափ գունատված։
― Ահա թե ինչ տխմարության կարող է մարդ իրեն հասցնել,― նույնիսկ զարմացավ Պյոտր Ստեպանովիչը։― Է, մնաս բարով, ծերուկ, էլ երբեք չեմ գա մոտդ։ Հոդվածն ավելի շուտ հասցրու, չմոռանաս, և աշխատիր, եթե կարող ես, առանց դատարկաբանությունների՝ փաստեր, փաստեր և փաստեր, իսկ գլխավորը՝ հակիրճ։ Մնաս բարով։
=== III ===
Իմիջիայլոց, այստեղ ազդել էին նաև կողմնակի առիթներ։ Պյոտր Ստեպանովիչն իսկապես հոր հետ կապված մտադրություններ ուներ, իմ կարծիքով, նա մտադիր էր ծերունուն հասցնել հուսալքության ու դրանով մղել մի որևէ բացահայտ սկանդալի՝ հայտնի իմաստով։ Դա պետք էր նրան հետագա, կողմնակի նպատակների համար, որոնց մասին դեռ խոսք կգնա ստորև։ Այդպիսի զանազան հաշվարկումներ և կանխագծումներ այն ժամանակ չափից ավելի էին կուտակվել նրա գլխում, հարկավ, համարյա բոլորն էլ երևակայական։ Ստեպան Տրոֆիմովիչից բացի, մեկ ուրիշ նահատակ էլ նկատի ուներ։ Ընդհանրապես, քիչ նահատակներ չուներ, ինչպես արդեն պարզ դարձավ հետագայում, սակայն այս մեկի հետ առանձնապես էր հույսեր կապում, և դա ինքը պարոն ֆոն Լեմբկեն էր։
Անդրեյ Անտոնովիչ ֆոն Լեմբկեն պատկանում էր հովանավորյալ (ի բնե) այն ցեղին, որից Ռուսաստանում մի քանի հարյուր հազար կա՝ ըստ օրացույցի տվյալների, և որը թերևս ինքն էլ չգիտե, որ իր համակ զանգվածով գոյացնում է մեկ խստագույնս կազմակերպված միություն։ Եվ, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ կանխամտածված ու չհորինված միություն, այլ ամբողջապես ինքնուրույնաբար առկա, առանց խոսքերի և առանց պայմանավորվածության, որպես բարոյապես պարտադիր մի բան ու այդ ցեղի բոլոր անդամների՝ մեկը մյուսին մշտապես փոխադարձ աջակցություն՝ ամենուր և ցանկացած հանգամանքներում։ Անդրեյ Անտոնովիչը պատիվ էր ունեցել դաստիարակվել ռուսական բարձրագույն ուսումնական այն հաստատություններից մեկում, որոնք համալրվում են կապերով և հարստությամբ առավելապես օժտված ընտանիքներից ելած պատանիներով։ Այդ հաստատության սաները դասընթացն ավարտելուց համարյա անմիջապես հետո նշանակվում էին բավական նշանակալի պաշտոնների՝ պետական ծառայության բաժանմունքներից մեկում։ Անդրեյ Անտոնովիչի մի հորեղբայրը ինժեներ-գնդապետ էր, մյուսը՝ հացթուխ, սակայն բարձրագույն դպրոց սողոսկեց և հանդիպեց այնտեղ իր նման բավականաչափ ցեղակիցների։ Զվարթաբարո ընկեր էր, բավականին բութ սովորող, բայց բոլորը սիրեցին նրան։ Եվ երբ արդեն բարձր դասարաններում պատանիներից շատերը, գերակշռորեն ռուսներ, սովորեցին խոսել-դատել արդիական հույժ բարձր հարցերի մասին, ու այնպիսի տեսքով, որ բավական է սպասել ավարտելուն և իրենք կվճռեն բոլոր հարցերը, Անդրեյ Անտոնովիչը դեռ շարունակում էր զբաղվել ամենաանմեղ դպրոցական բաներով։ Նա ծիծաղեցնում էր բոլորին, ճիշտ է, չափազանց անխարդախ, թերևս լոկ ցինիկ արարմունքներով, սակայն դա նպատակ էր դարձրել։ Մեկ մի տեսակ զարմանալի կփռշտար, երբ դասախոսության ժամանակ դասատուն նրան կդիմեր հարցով, ինչով կծիծաղեցներ թե ընկերներին, թե դասատուին, մեկ ննջասրահում կպատկերեր որևէ կենդանի լկտի տեսարան՝ ընդհանուր ծափահարությունների ներքո, մեկ միմիայն սեփական քթով (շատ էլ վարպետորեն) կնվազեր «Ֆրա-Դիավոլոյի» նախերգանքը։ Աչքի էր ընկնում նաև դիտավորյալ թափթփվածությամբ՝ չգիտես ինչու դա գտնելով սրամիտ։ Ամենավերջին տարում նա սկսեց ռուսական ոտանավորներ գրոտել։ Իր ցեղական լեզուն նա գիտեր շատ ոչ-քերականորեն, ինչպես և նրա շատ ցեղակիցներ Ռուսաստանում։ Այդ հակումը ոտանավորների նկատմամբ նրան մերձեցրեց մռայլադեմ ու կարծես թե ծեծկված մի ընկերոջ հետ՝ ինչ-որ չքավոր գեներալի որդի էր՝ ռուսներից, և որն այդ հաստատությունում համարվում էր ապագա մեծ գրող։ Վերջինս նրան էր վերաբերվում հովանավորությամբ։ Սակայն եղավ այնպես, որ հաստատությունն ավարտելուց հետո, արդեն երեք տարի անց, այդ մռայլ ընկերը, որն իր ծառայողական ասպարեզը թողել էր հանուն ռուս գրականության, ի հետևանք ինչի արդեն շրջում էր պատառոտված սապոգներով և խոր աշնան ցրտին ատամներն իրար զարկում, ամառային թեթև վերարկուով, հանկարծ Անիչկով կամրջի մոտ պատահաբար հանդիպեց իր նախկին protege<ref>Հովանավորյալ (ֆրանս.)։</ref> «Լեմբկային», ինչպես բոլորն էին կոչում նրան ուսումնարանում։ Եվ ի՞նչ։ Նույնիսկ չճանաչեց նրան առաջին հայացքից ու կանգ առավ զարմացած։ Նրա դիմաց կանգնած էր անթերի հագնված մի երիտասարդ՝ շիկավուն երանգի զարմանալի հարդարված այտամորուսներով, քթակնոցով, լաքապատ սապոգներով, նոփ-նոր ձեռնոցներով, շարմերյան լայնափեշ վերարկուով, պայուսակը թևի տակ։ Լեմբկեն սիրալիր գտնվեց ընկերոջ նկատմամբ, ասաց իր հասցեն ու կանչեց իր մոտ մի որևէ երեկո։ Պարզվեց նաև, որ նա արդեն «Լեմբկե» չէ, այլ Ֆոն Լեմբկե։ Ընկերը, այնուամենայնիվ, գնաց նրա մոտ, գուցեև միմիայն չարությունից։ Բավական գեշ և ամենևին ոչ շքամուտքային սանդուղքի վրա, որը սակայն կարմիր մահուդով էր պատված, նրան դիմավորեց և հարցուփորձ արեց բարապանը։ Զրնգուն զնգաց վերև գնացող զանգակը։ Բայց հարստությունների փոխարեն, որոնք սպասում էր տեսնել այցելուն, նա գտավ իր «Լեմբկային» շատ փոքրիկ, մութ ու հնամենի տեսքով կողասենյակում՝ կիսված մուգ կանաչ վարագույրով, կահավորված թեև փափուկ, բայց շատ հնամաշ մուգ կանաչ կարասիով, նեղ ու բարձր պատուհաններին մուգ կանաչ վարագույրներով։ Ֆոն Լեմբկեն տեղավորվել էր շատ հեռավոր մի ազգականի՝ իրեն հովանավորող գեներալի մոտ։ Նա հյուրին դիմավորեց սրտաբաց, լուրջ էր և նրբավար-բարեկիրթ։ Խոսեցին գրականության մասին, բայց պատշաճ սահմաններում։ Ճերմակ փողկապով սպասավորը բացգույն թեյ բերեց՝ փոքր ու կլոր, չոր թխվածքով։ Ընկերը սելթերյան ջուր ուզեց՝ չարությունից։ Բերեցին, բայց որոշ հապաղումով, ըստ որում, Լեմբկեն կարծես շփոթվեց, ավելորդ անգամ կանչելով սպասավորին և կարգադրելով։ Իմիջիայլոց, ինքն առաջարկեց հյուրին՝ որևէ բան չի կամենա ճաշակել և գոհ մնաց, երբ նա հրաժարվեց ու վերջապես գնաց։ Պարզ ու հասարակ, սկսել էր Լեմբկեն իր կարիերան, իսկ ցեղակցի, պատկառելի գեներալի տանը գլուխն էր պահում։
Այն ժամանակ նա տվայտում էր գեներալի հինգերորդ դստեր համար և կարծեմ, փոխադարձությամբ էին պատասխանում նրան։ Սակայն Ամալիային ամուսնացրին, երբ եկավ ժամանակը, մի տարեց գերմանացի-գործարանատիրոջ՝ ծեր գեներալի հին ընկերոջ հետ։ Անդրեյ Անտոնովիչը շատ էլ չտրտմեց, այլ թղթից մի թատրոն սոսնձեց։ Բարձրանում էր վարագույրը, դուրս էին գալիս դերասանները, շարժում ձեռքերը։ Օթյակներում նստած էր հասարակությունը, նվագախումբը մեքենայաշարժ տանում-բերում էր կնտնտոցները ջութակների վրա, նվագավարը փայտիկն էր շարժում, իսկ պարտերում նստած տղամարդիկ և սպաները ծափահարում էին։ Ամեն ինչ սարքված էր թղթից, ամեն ինչ հորինել ու պատրաստել էր անձամբ ֆոն Լեմբկեն. թատրոնի վրա կես տարի տքնել էր։ Գեներալը հատկապես մտերմիկ երեկույթ կազմակերպեց, թատրոնն ի ցույց դրեցին, գեներալական բոլոր հինգ դուստրերը, նորապսակ Ամալիայի հետ, նրա գործարանատերը և մի շարք օրիորդներ ու տիկնայք՝ իրենց գերմանացիներով, ուշադիր նայեցին և գովեցին թատրոնը, հետո պարեցին։ Լեմբկեն շատ գոհ էր և շուտով սփոփվեց։
Անցան տարիներ, և նրա կարիերան դասավորվեց։ Նա շարունակ ծառայում էր երևելի տեղերում, միշտ էլ ցեղակիցների ղեկավարությամբ և վերջապես հասավ իր տարիքի համար նշանակալի պաշտոնի։ Վաղուց արդեն ցանկանում էր ամուսնանալ և վաղուց արդեն զգուշորեն փնտրում էր։ Ղեկավարությունից ծածուկ վիպակ ուղարկեց մի ամսագրի խմբագրություն, սակայն չտպագրեցին։ Փոխարենը մի ամբողջ երկաթուղային գնացք սոսնձեց, ու նորից շատ հաջող բան ստացվեց. մարդիկ ելնում էին կայարանից՝ ճամպրուկներով ու պայուսակներով, երեխաների ու շնիկների հետ, մյուսները մտնում էին վագոնները։ Հսկիչները և ծառայողները գնում-գալիս էին, հնչում էր փոքր զանգը, ազդանշան էր արվում և գնացքը ճամփա էր ընկնում։ Այդ բարդ խաղալիքի վրա նա վատնեց մի ամբողջ տարի։ Բայց և այնպես, ամուսնանալ էր պետք։ Ծանոթությունների շրջանակը բավական լայն էր, ավելի շատ գերմանական աշխարհում, բայց նա լինում էր նաև ռուսական ոլորտներում, հարկավ, ղեկավարության գիտությամբ։ Ի վերջո, երբ արդեն երեսունութ տարին լրացավ, ժառանգություն էլ ստացավ։ Վախճանվեց հացթուխ հորեղբայրը և կտակով նրան թողեց տասներեք հազար։ Մնաց պաշտոնի խնդիրը։ Պարոն Ֆոն Լեմբկեն, չնայած իր ծառայողական ոլորտի բավական բարձր աստիճանին, շատ համեստ մարդ էր։ Նա շատ կբավարարվեր մի որևէ ինքնուրույն, պետական փոքր տեղով, ասենք, իր կարգադրություններից կախված պետական վառելափայտի ընդունմամբ, կամ նման կարգի մեկ ուրիշ անուշ գործով, և այդպես՝ ամբողջ կյանքում։ Սակայն այստեղ, ակնկալվող որևիցե Միննայի կամ Էռնեստինայի փոխարեն, մեկեն ի հայտ եկավ Յուլիա Միխայլովնան։ Նրա կարիերան միանգամից վեր թռավ մի աստիճանով։ Համեստ և ճշտակատար Ֆոն Լեմբկեն զգաց, որ ինքն էլ կարող է ինքնասեր լինել։
Յուլիա Միխայլովնան, հին հաշվով, երկու հարյուր շունչ ուներ, և բացի դրանից, մեծ հովանավորություն էր ի հայտ գալիս նրա հետ։ Մյուս կողմից, Ֆոն Լեմբկեն գեղեցկատես էր, իսկ նա՝ քառասունն անց արդեն։ Նշանակալի է, որ Ֆոն Լեմբկեն կամաց-կամաց սիրահարվեց նրան իսկապես, իրեն ավելի ու ավելի զգալով որպես փեսացու։ Հարսանիքի օրը՝ առավոտյան Յուլիա Միխայլովնային բանաստեղծություն ուղարկեց։ Այդ ամենը նրան շատ դուր եկավ, անգամ բանաստեղծությունը՝ քառասուն տարին կատակ բան չէ։ Շատ շուտով նա հայտնի աստիճան և հայտնի շքանշան ստացավ, հետո էլ նշանակվեց մեր նահանգում։
Պատրաստվելով գալ մեզ մոտ, Յուլիա Միխայլովնան բծախնդրությամբ աշխատում էր ամուսնու վրա։ Նրա կարծիքով, ամուսինն անընդունակ չէր, կարողանում էր ներս մտնել ու իրեն երևցնել, կարողանում էր խորիմաստ լսել և լռել, ձեռք էր բերել մի քանի բավականին վայելուչ կեցվածք, կարող էր նույնիսկ ճառ ասել, նույնիսկ ուներ մտքերի որոշ պատառիկներ ու եզրեր, նորագույն անհրաժեշտ ազատականության փայլ էր առել վրան։ Բայց և այնպես, Յուլիա Միխայլովնային անհանգստացնում էր, որ նա մի տեսակ է և կարիերիայի տևական, հավերժական փնտրտուքից վճռականապես սկսել էր հանգստի պահանջ զգալ։ Նա ուզում էր ամուսնուն փոխներարկել իր պատվասիրությունը, իսկ նա սկսեց կիրխե սոսնձել, պաստորը ելնում էր՝ քարոզը կարդալու, աղոթողներն ունկնդրում էին՝ ձեռքներն իրար միացրած, մի տիկին թաշկինակով արցունքն էր սրբում, փռշտում էր մի ծերուկ, վերջում հնչում էր փոքր երգեհոնը, որն արդեն պատվիրվել ու դուրս էր գրվել Շվեյցարիայից, չնայած ծախսերին։ Յուլիա Միխայլովնան նույնիսկ մի տեսակ երկյուղով վերցրեց ամբողջ աշխատանքը՝ այդ մասին իմանալուն պես և փակեց իր մոտ՝ արկղում։ Դրա փոխարեն թույլ տվեց ամուսնուն վեպ գրել, բայց սուսուփուս։ Այդ ժամանակից ի վեր սկսեց հույսը միայն իր վրա դնել։ Ցավն այն է, որ այստեղ բավականաչափ թեթևամտություն կար և սակավ չափավորություն։ Ճակատագիրը նրան խիստ շատ էր թողել պառաված օրիորդի վիճակում։ Գաղափար գաղափարի վրա առկայծեցին հիմա նրա պատվասեր և որոշ չափով բորբոքված ուղեղում։ Մտադրություններ էր փայփայում, վճռականապես կամենում էր ղեկավարել նահանգը, երազում էր իսկույն ևեթ շրջապատված լինել, ուղղություն ընտրեց։ Ֆոն Լեմբկեն նույնիսկ փոքր-ինչ վախեցավ, թեև շուտով կռահեց իր աստիճանավորական տակտով, որ նահանգապետությունից երկյուղելու բան ամենևին չունի։ Առաջին երկու, երեք ամիսներն անցան նույնիսկ չափազանց բավարար։ Բայց այստեղ ի հայտ եկավ Պյոտր Ստեպանովիչը, և սկսեց կատարվել մի արտառոց բան։
Բանն այն է, որ երիտասարդ Վերխովենսկին առաջին իսկ քայլից վճռական անհարգելիություն դրսևորեց Անդրեյ Անտոնովիչի նկատմամբ և ինչ-ինչ տարօրինակ իրավունքներ վերագրեց իրեն, իսկ Յուլիա Միխայլովնան՝ միշտ այնպես խանդոտ ամուսնու նշանակալիության խնդրում, ամենևին չէր ուզում նկատել դա, համենայն դեպս, կարևորություն չէր տալիս։ Երիտասարդը դարձավ տանտիրուհու հովանավորյալ-սիրելին. ուտում, խմում և համարյա քնում էր այդ տանը։ Ֆոն Լեմբկեն սկսեց պաշտպանվել, մարդկանց ներկայությամբ նրան «երիտասարդ» էր կոչում, հովանավորաբար ուսին թփթփացնում, բայց դրանով ոչինչ չներշնչեց. Պյոտր Ստեպանովիչը շարունակ կարծես ծիծաղում էր նրա երեսին, նույնիսկ, ըստ երևույթին, լուրջ խոսելիս, իսկ մարդկանց ներկայությամբ նրան ասում էր ամենաանսպասելի բաներ։ Մի անգամ, տուն գալով, նահանգապետը երիտասարդին գտավ իր աշխատասենյակում՝ բազմոցին քնած, առանց հրավերի։ Սա բացատրեց, որ եկել, տանը չգտնելով, «իմիջիայլոց, քունն առել է»։ Ֆոն Լեմբկեն վիրավորված էր և կրկին գանգատվեց կնոջը։ Ծիծաղի տալով ամուսնու դյուրագրգռությունը, թունալի նկատեց, որ, երևում է, ամուսինն ինքը չի կարողանում ճիշտ դիրք գրավել։ Համենայն դեպս, իր հետ «այդ տղան» երբեք ընտանեվարություններ թույլ չի տալիս և, ի դեպ, «նա միամիտ է ու թարմ, թեև՝ հասարակության շրջանակներից դուրս»։ Ֆոն Լեմբկեն փքվեց։ Այդ անգամ Յուլիա Սիխայլովնան նրանց հաշտեցրեց։ Պյոտր Ստեպանովիչը ոչ թե ներողություն խնդրեց, այլ օձիքն ազատեց ինչ-որ կոպիտ կատակով, ինչը մեկ այլ անգամ կարելի էր ընդունել որպես նոր վիրավորանք, սակայն այդ դեպքում ընդունեցին որպես զիջում։ Թույլ տեղն այն էր, որ Անդրեյ Անտոնովիչը վրիպում էր թույլ տվել հենց սկզբից, այն է՝ հայտնել էր նրան իր վեպի մասին։ Ի դեմ նրա երևակայելով պոեզիայով լի, պոռթկուն երիտասարդի, վաղուց արդեն ունկնդիր անրջելով, դեռևս ծանոթության առաջին օրերին մի անգամ, երեկոյան երկու գլուխ կարդացել էր նրա համար։ Վերջինս լսել էր, չթաքցնելով ձանձրույթը, անբարեկիրթ հորանջել, ոչ մի անգամ չէր գովել, սակայն գնալիս խնդրել էր ձեռագիրը, որ տանն ազատ ժամանակ կարծիք կազմի, Անդրեյ Անտոնովիչն էլ տվել էր։ Այդ օրվանից ձեռագիրը չէր վերադարձնում, թեև ամեն օր գալիս էր, հարցին պատասխանում սոսկ ծիծաղով։ Վերջապես հայտնեց, որ հենց այն ժամանակ կորցրել է փողոցում։ Այդ մասին իմանալով՝ Յուլիա Միխայլովնան ահավոր բարկացավ ամուսնու վրա։
― Նրան հո չե՞ս հայտնել նաև կիրխեի մասին,― իրար անցավ նա՝ համարյա թե վախեցած։
Ֆոն Լեմբկեն վճռականորեն սկսեց մտորել, իսկ դա վնասակար էր նրա համար, և բժիշկներն էին արգելել։ Բացի նրանից, որ շատ հոգսեր երևան եկան նահանգում, ինչի մասին խոսք կգնա ստորև, մի առանձնահատուկ բան էլ կար այստեղ, նույնիսկ սիրտն էր տառապում և ոչ միայն պետի ինքնասիրությունը։ Ամուսանանալով, Անդրեյ Անտոնովիչը ոչ մի դեպքում չէր ենթադրում ընտանեկան գժտությունների և բախումների հնարավորությունն ապագայում։ Այդպես էր պատկերացնում կյանքը՝ անրջելով Միննայի և էռնեստինայի մասին։ Նա զգում էր, որ ի վիճակի չէ դիմանալ ընտանեկան ամպրոպներին։ Յուլիա Միխայլովնան բացատրվեց նրա հետ վերջապես բացեիբաց։
― Դրա վրա բարկանալ չես կարող,― ասաց նա,― արդեն մի պատճառով, որ երեք անգամ ավելի ողջամիտ ես նրանից և անչափելի վեր՝ հասարակական աստիճանով։ Այդ տղայի մեջ դեռևս շատ են նախկին ազատամիտ հակումների, իսկ իմ կարծիքով, պարզապես գժության մնացուկները։ Բայց միանգամից չի կարելի, պետք է աստիճանաբար... Պետք է թանկ գնահատել մեր երիտասարդությանը, ես գործում եմ փաղաքշանքներով և պահում եմ նրանց սահմանի վրա։
― Բայց սատանան գիտե, թե ինչե՜ր է ասում նա,― առարկում էր ֆոն Լեմբկեն։― Ես չեմ կարող հանդուրժողաբար վերաբերվել, երբ նա մարդկանց մոտ և իմ ներկայությամբ պնդում է, որ կառավարությունը դիտավորյալ օղիով հարբեցնում է ժողովրդին, որ շշմած վիճակի հասցնի և դրանով ետ պահի ապստամբությունից։ Պատկերացրու իմ դերը, երբ ստիպված եմ բոլորի ներկայությամբ դա լսել։
Ասելով դա, Ֆոն Լեմբկեն հիշեց վերջերս ունեցած իր խոսակցությունը Պյոտր Ստեպանովիչի հետ։ Ազատականությամբ նրան զինաթափելու անմեղ նպատակով, նրան ցույց տվեց ռուսական և արտասահմանյան ամեն տեսակի թռուցիկների սեփական, շատ անձնական հավաքածուն, որը բծախնդրորեն հավաքել էր հիսունինը թվականից, ոչ որպես երկրպագու, այլ պարզապես օգտակար հետաքրքրությունից։ Պյոտր Ստեպանովիչը, կռահելով նրա նպատակը, կոպտությամբ արտահայտվեց, որ որոշ թռուցիկների մեկ տողում ավելի շատ իմաստ կա, քան մի որևէ գրասենյակում՝ ամբողջովին, «չբացառելով, թերևս, նաև ձերը»։
Լեմբկեն տհաճություն զգաց։
― Բայց մեզ մոտ դա վաղ է, չափազանց վաղ է,― ասաց նա՝ համարյա աղերսելով ցույց տալով թռուցիկները։
― Չէ, վաղ չէ՛։ Ահա, դուք հո վախենում եք, նշանակում է՝ վաղ չէ։
― Բայց և այնպես, այստեղ, օրինակ, եկեղեցիներն ավերելու հրավեր կա։
― Իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ որ խելացի մարդ եք և անշուշտ, ինքներդ չեք հավատում, այլ շատ լավ հասկանում եք, որ հավատքը ձեզ պետք է ժողովրդին շշմած վիճակում պահելու համար։ Ճշմարտությունն ավելի ազնիվ է ստից։
― Համաձայն եմ, համաձայն, ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, բայց մեզ մոտ դա վաղ է, վաղ...― կնճռոտվեց Ֆոն Լեմբկեն։
― Դրանից հետո էլ ի՞նչ կառավարության աստիճանավոր եք, եթե համաձայն եք եկեղեցիներն ավերել ու դագանակով գնալ Պետերբուրգի վրա, իսկ ամբողջ տարբերությունը միայն ժամանակի մե՞ջ եք տեսնում։
Այդպես կոպտորեն բռնված՝ Լեմբկեն սաստիկ խոցված էր։
― Դա այն չէ, այն չէ, ― ոգևորվեց նա՝ ավելի ու ավելի բորբոքվելով ինքնասիրությամբ,― դուք, որպես երիտասարդ և գլխավորը՝ անծանոթ մեր նպատակներին, մոլորվում եք։ Տեսեք, սիրելի Պյոտր Ստեպանովիչ, դուք մեզ կոչում եք կառավարության աստիճանավորնե՞ր։ Այդպե՜ս։ Ինքնուրույն աստիճանավորներ։ Այդպե՜ս։ Բայց ներեցեք, ինչպե՞ս ենք մենք գործում։ Մեզ վրա է պատասխանատվությունը, իսկ արդյունքում մենք նույնպես ծառայում ենք ընդհանուր գործին, ինչպես և դուք։ Մենք միայն զսպում-պահում ենք այն, ինչ դուք սասանում եք, և այն, ինչ առանց մեզ ցրիվ կգար դեսուդեն։ Մենք թշնամի չենք ձեզ, ամենևին ոչ, մենք ձեզ ասում ենք. գնացեք առաջ, առաջադիմեք, նույնիսկ սասանեք, այսինքն, ամենայն հինը, որը ենթակա է վերափոխման, բայց երբ պետք է, մենք ձեզ կպահենք նաև անհրաժեշտ սահմաններում ու դրանով հենց ձեզ կփրկենք ձեզնից իսկ, որովհետև առանց մեզ դուք սոսկ կալեկոծեիք Ռուսաստանը՝ զրկելով նրան պատշաճ տեսքից, իսկ մեր խնդիրն էլ հենց այն է, որ հոգ տանենք պատշաճ տեսքին։ Խորամուխ եղեք, որ մենք և դուք փոխադարձաբար անհրաժեշտ ենք միմյանց։ Անգլիայում տորիները և վիգերը նույնպես փոխադարձաբար անհրաժեշտ են միմյանց։ Է, ինչ. մենք տորիներ ենք, իսկ դուք՝ վիգեր, ես հենց այդպես եմ հասկանում։
Անդրեյ Անտոնովիչը նույնիսկ պաթոսի հասավ։ Նա սիրում էր խելացի և ազատական բաներ խոսել դեռևս Պետերբուրգից, իսկ այստեղ, գլխավորը՝ ոչ ոք ականջ չէր դնում։ Պյոտր Ստեպանովիչը լռում էր ու իրեն պահում մի տեսակ անսովոր լուրջ։ Դա էլ ավելի էր ոգևորում հռետորին։
― Գիտե՞ք, արդյոք, որ ես՝ «նահանգի տերը»,― շարունակեց նա՝ քայլելով սենյակում,― գիտեք, որ պարտականությունների բազմաթիվ լինելու պատճառով չեմ կարող կատարել և ոչ մեկը, իսկ մյուս կողմից, ճիշտ նույնպես հաստատ կարող եմ ասել, որ այստեղ անելիք չունեմ։ Ամբողջ գաղտնիքն այն է, որ այստեղ ամեն ինչ կախված է կառավարության հայացքներից։ Թող կառավարությունն այստեղ հիմնի թեկուզ հանրապետություն՝ է՛, քաղաքականության կամ կրքերը հանդարտեցնելու համար, իսկ մյուս կողմից, զուգահեռաբար, թող ուժեղացնի նահանգապետական իշխանությունը և մենք՝ նահանգապետներս, կուլ կտանք հանրապետությունը, ի՜նչ հանրապետություն, ինչ ուզում եք, կուլ կտանք։ Ծայրահեղ դեպքում, ես զգում եմ, որ պատրաստ եմ... Մի խոսքով, թող կառավարությունն ինձ հեռագրով կոչի activité devorante<ref>Կատաղի ակտիվություն (ֆրանս.)։</ref>, ու ես activité devorante կտամ։ Ես այստեղ ուղիղ երեսներին ասացի. «Ողորմած պարոնայք, նահանգային բոլոր հիմնարկությունների հավասարակշռման և ծաղկման համար անհրաժեշտ է մի բան. նահանգապետական իշխանության ուժեղացում»։ Գիտեք, պետք է որ այդ բոլոր հիմնարկությունները՝ զեմստվոյական լինեն, թե դատական, ապրեն, այսպես ասած, երկակի կյանքով, այսինքն, պետք է, որ դրանք լինեն (համաձայն եմ, որ դա անհրաժեշտ է), էհ, իսկ մյուս կողմից էլ, պետք է, որ դրանք չլինեն։ Ամեն ինչ՝ դատելով կառավարության տեսակետից։ Այնպիսի մի ոտանավոր կստացվի, որ հանկարծ հիմնարկություններն անհրաժեշտ կդառնան և իսկույն էլ կհայտնվեն իմ ձեռքի տակ։ Կանցնի անհրաժեշտությունը, ոչ ոք էլ չի գտնի դրանց։ Ահա թե ինպես եմ ես պատկերացնում activité devorante-ն, իսկ դա չի լինի, առանց նահանգապետական իշխանության ուժեղացման։ Ես ու դուք խոսում ենք՝ երես առ երես։ Գիտեք, ես արդեն հայտնել եմ Պետերբուրգ՝ նահանգապետական տան մուտքի մոտ հատուկ ժամապահի անհրաժեշտության մասին։ Պատասխանի եմ սպասում։
― Ձեզ երկուսն է պետք,― խոսեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ինչի՞ համար՝ երկու,― Ֆոն Լեմբկեն կանգնեց նրա դիմաց։
― Թերևս, մեկը քիչ է, որ ձեզ հարգեն։ Անպայման երկուսն է ձեզ պետք։
Անդրեյ Անտոնովիչն այլայլվեց։
― Դուք... Աստված գիտե, թե դուք ինչեր եք ձեզ թույլ տալիս, Պյոտր Ստեպանովիչ։ Օգտվելով իմ բարեհաճությունից՝ խայթոցներով եք խոսում ու ինչ-որ bourru bienfaisant<ref>Բարեգործ բռի (ֆրանս.)։</ref> ձևացնում...
― Այդ մեկը՝ ինչպես կամենաք,― մրմնջաց Պյոտր Ստեպանովիչը,― իսկ այնուամենայնիվ, դուք մեզ համար ճանապարհ եք հարթում և նախապատրաստում մեր հաջողությունը։
― Այսինքն, այդ ո՞ւմ՝ ձեզ, և ի՞նչ հաջողություն,― զարմացած հայացքը նրա վրա հառեց Ֆոն Լեմբկեն, սակայն պատասխան չստացավ։
Յուլիա Միխայլովնան, լսելով խոսակցության մասին հաշվետվությունը, շատ դժգոհ մնաց։
― Ես հո չեմ կարող,― պաշտպանվում էր Ֆոն Լեմբկեն,― կառավարչի ձևով բանի տեղ չդնել քո հովանավորյալին, այն էլ` երես առ երես... Ես կարող էի լեզվիցս թռցնել... բարեսրտությունից։
― Չափից դուրս բարեսրտությունից։ Ես չգիտեի, որ թռուցիկների հավաքածու ունես, բարի եղիր, ցույց տուր։
― Բայց... բայց նա խնդրեց տանել մեկ օրով։
― Ու դուք նորից տվեցիք,― բարկացավ Յուլիա Միխայլովնան։― Այդ ի՜նչ անտակտություն է։
― Հիմա մարդ կուղարկեմ, որ վերցնեն։
― Նա չի տա։
― Ես կպահանջեմ,― փրփրեց ֆոն Լեմբկեն և նույնիսկ վեր ցատկեց տեղից։― Ո՞վ է նա, որ այդպես երկյուղեմ նրանից և ո՞վ եմ ես, որ չհամարձակվեմ ոչինչ անել։
― Նստեք և հանգստացեք,― կանգնեցրեց Յուլիա Միխայլովնան,― ես կպատասխանեմ ձեր առաջին հարցին, նա ինձ է ներկայացված գերազանցորեն, ընդունակություններ ունի և չափազանց խելացի բաներ է ասում երբեմն։ Կարմազինովն ինձ հավատացնում էր, որ նա կապեր ունի համարյա ամենուր և արտակարգ ազդեցություն՝ մայրաքաղաքային երիտասարդության վրա։ Իսկ եթե ես նրա միջոցով նրանց բոլորին գրավեմ ու համախմբեմ իմ շուրջ, ապա ետ կպահեմ կործանումից՝ ցույց տալով նոր ճանապարհ նրանց պատվասիրությանը։ Նա ինձ նվիրված է ամբողջ սրտով և ամեն ինչում լսում է ինձ։
― Բայց չէ որ մինչ նրանց կփայփայենք, նրանք կարող են... սատանան գիտե, թե ինչեր անել։ Իհարկե, դա գաղափար է...― անորոշ պաշտպանվում էր Ֆոն Լեմբկեն,― բայց... ահա, լսում եմ, որ -յան գավառում ինչ-որ թռուցիկներ են հայտնվել։
― Բայց այդ լուրը կար դեռևս ամռանը, թռուցիկներ, կեղծ թղթադրամներ, ինչ ասես, սակայն մինչև հիմա ոչ մի հատիկ չեն գտել։ Ձեզ ո՞վ է ասել։
― Ֆոն Բլյումից եմ լսել։
― Ահ, ինձ ազատեք ձեր այդ Բլյումից և երբեք չհամարձակվեք հիշեցնել նրա մասին։
Յուլիա Միխայլովնան փրփրեց և նույնիսկ մի րոպեի չափ չէր կարողանում խոսել։ Ֆոն Բլյումը նահանգապետական գրասենյակի աստիճանավորներից էր, ում առանձնապես էր ատում նա։ Այս մասին՝ ստորև։
― Խնդրեմ, չանհանգստանաս Վերխովենսկու համար,― եզրափակեց նա խոսակցությունը,― եթե նա մասնակցեր ինչ-ինչ խենթությունների, ապա չէր խոսի այնպես, ինչպես քեզ ու բոլորի հետ է խոսում այստեղ։ ճոռոմաբանները վտանգավոր չեն, և նույնիսկ այսպես կասեմ՝ եթե ինչ-որ բան կատարվի, ապա ես առաջինը կիմանամ նրանից։ Նա ֆանատիկոսի, ֆանատիկոսի պես է նվիրված ինձ։
Դեպքերից առաջ անցնելով, նշեմ, որ եթե Յուլիա Միխայլովնայի մեծամտությունը և պատվասիրությունը չլինեին, ապա մեզ մոտ թերևս չկատարվեր այն ամենը, ինչ հասցրին անել այդ այլանդակ մարդուկները։ Այս խնդրում նա շատ է պատասխանատու։
== Գլուխ հինգերորդ. Նախքան տոնախմբությունը ==