Changes
/* ԺԸ․ գլուխ */
Երե՜ք տարի։ Երեք երկա՜ր տարիներ, թեև կարճ օրերից բաղկացած։ Եվ այժմ հայրենիքն ինձ տենչալի էր, Ագնեսն էլ տենչալի․․․ սակայն նա իմս չէր․․․ երբեք էլ իմս լինելու չէր։ Մի ժամանակ կարող էր, այո՛, իմս լինել, բայց այդ ժամանակն անցել էր։
==ԺԹ․ գլուխ==
Վերադարձ
Ես Լոնդոն հասա մի աշնանային ցուրտ երեկո։ Արդեն մութն էր, անձրև էր գալիս․ ամբողջ տարվա ընթացքում այնքան մեգ չէի տեսել, ինչքան այժմ մեկ րոպեում։ Մաքսատնից իսկույն դեպի կոթողն անցա՝ կառք գտնելու, և թեպետ տների ցանկապատներն անգամ իրենց իրենց ջրահոս խողովակներով ինձ հին բարեկամներ երևացին, էլի չէի կարող ուրանալ, որ նրանք կեղտոտ բարեկամներ են։
Հաճախ դիտել եմ ― հարկավ շատերն էլ նույնը դիտած կլինեն, ― որ մի ծանոթ տեղից հեռանալուն պես՝ կարծես հեռանալդ արդեն նշան է տալիս, որ այնտեղ փոփոխություններ առաջ կգան։ Կառքի լուսամուտից նկատեցի, որ Ֆիշ֊ստրիտ Հիլի հին տներից մեկը, որ մի դարից ի վեր ներկարարի, հյուսնի և կամ որմնագրի երես չէր տեսել, իմ բացակայության միջոցին փլվել է։ Իսկ հարևան փողոցը, որ իր անմաքրությամբ ու վատառողջ պայմաններով անվանի էր, չորացել ու լայնացել է։ Այս բոլորը տեսնելով, կարծում էի, թե ս․ Պողոսի տաճարն է՛լ ավելի պառաված կգտնեմ։
Բարեկամներիս կյանքում եղած մի քանի փոփոխություններն արդեն ինձ հայտնի էին։ Տատս վաղուղ Դուվր էր քաշվել, իսկ Տրեդլսը իմ մեկնելուս հենց առաջին ամիսներում փաստաբանության ձեռնարկվել։ Այժմ նա բնակվում էր Գրեյս Իննում, և վերջին նամակներից գիտեի, որ հույս ունի շուտով ամենաչքնաղ օրիորդի հետ պսակվելու։
Նրանք, ինձ սպասում էին Ծննդյան տոնին և չէին կարծում, թե այսպես վաղ տուն կգամ։ Ես ինքս էի նրանց սխալ լուր տվել, որպեսզի անակնկալ վերադարձովս նրանց զարմացնելու ուրախություն ունենամ։ Եվ, սակայն, միգապատ փողոցներով մենակ ու լուռ անցնելիս այնպես անախորժ ցուրտ զգացի, որ գոհ կլինեի, եթե ինձ գեթ մի մարդ դիմավորեր։
Բայց և այնպես ծանոթ խանութների զվարթ լույսը ժպտում էր ինձ, և երբ Գրեյս Իննի սրճատան առջև կանգ առա, աշխույժս արդեն ետ էր եկել։ Իրավ է, նույն րոպեին այն շատ տարբեր ժամանակը միտքս ընկավ, երբ իջել էի Ոսկե Խաչում և այն օրից ի վեր պատահած դեպքերը հիշեցի, բայց դա մի բնական բան էր։
― Արդյոք չգիտե՞ք, որտեղ է բնակվում մր․ Տրեդլսը, ― հարցրի սրճարանի սպասավորին, մինչ տաքանում էի վառարանի մոտ։
― Հոլբորնի դատարանում, սըր։ Երկրորդ համար։
― Մր․ Տրեդլսը կարծեմ արդեն սկսել է փաստաբանների դասում հռչակ հանել, ― ասացի ես։ ― Այնպես չէ՞։
― Շատ կարելի է, սըր, ― պատասխանեց սպասավորը։ ― Սակայն այդ մասին ես ինքս դեռ բան չգիտեմ։
Այդ սպասավորը, որ մի միջահասակ ու նիհար մարդ էր, տեղեկություն հարցրեց մի ուրիշ սպասավորից, որ մի հաստ ու հուժկու ծերունի էր՝ կրկնակի կզակով, սև տաբատով ու գուլպաներով․ դա դուրս եկավ դահլիճի ծայրում գտնվող վանդակապատի ետևից, որ ընկերություն էր անում գանձարանի, հաշվեգրի, հասցեների մատյանի, փաստաբանների ցուցակի և ուրիշ այդ տեսակ գործերի հետ։
― Այն մր․ Տրեդլսը, որ երկրորդ համարն է բռնել, ― ասաց նիհար սպասավորը։
Հաստ սպասավորը մի կողմ քաշվելու նշան արեց նիհարին և լրջորեն ինձ դիմեց։
― Կցանկանայի իմանալ, ― ասացի ես, ― թե ի՞նչ համբավ է վայելում փաստաբանների շրջանում մր․ Տրեդլսը, երկրորդ համարի բնակիչը։
― Այդպիսի անուն ամենևին չեմ լսել, սըր, ― պատասխանեց հաստը խռպոտ ձայնով։
― Ինչպես կարելի է, որ լսած չլինեք, ― ասացի ես, տեր կանգնելով ընկերոջս։
― Գուցե դեռ անհայտ երիտասարդներից մեկը լինի, ― նկատեց սեգ սպասավորը, խիստ աչքերը վրաս հառելով։ ― Ե՞րբ է սկսել իր ծառայությունը։
― Մոտ երեք տարի առաջ։
Երևի թե քառասուն տարի վանդակապատի հետևում ապրած սպասավորը չուզեց երկարաբանել մի այսպիսի չնչին առարկայի մասին, այլ միայն հարցրեց, թե ինչ կցանկանամ ճաշի համար պատվիրել։
Զգացի, որ դարձյալ Անգլիայում եմ, և իրոք խղճացի ընկերոջս։ Հույս չկար, որ Տրեդլսը հաջողություն գտնի մեր երկրում։ Համեստաբար ապսպրեցի փոքր֊ինչ ձուկ ու բիֆշտեքս և բարեկամիս անհայտության մասին մտածելով, վառարանի առջև կանգնած մնացի։
Ավագ սպասավորին աչքով հետևելիս ինքս ինձ ակամա ասում էի, թե այն պարտեզը, որ նա հետզհետե բուսել և այդպիսի պերճ ծաղիկ էր դարձել, աճման ձեռնտու միջավայր չէ։ Շատ ազդեցիկ, անչափ կարծր, հինավուրց, հանդիսավոր ու պապենական էր նրա տեսքը։ Ճիշտ այդպիսի ավազ ցանել, երբ ավագ սպասավորը դեռ մանուկ էր, եթե միայն ունեցել էր մանկություն, որ դժվար է ենթադրել։ Դիտեցի փայլուն սեղանները և տեսա դեմքիս արտացոլումը հին մահոգենի<ref>Mahwgany ― ֆրանսերեն, Ամերիկայի կարմրափայտ ծառ, որի փայտից շինում են ընտիր կահ֊կարասիք։</ref> վճիտ խորքերում․ դիտեցի շողշողուն ու հստակ լապտերները, կանաչագույն շքեղ ու պերճ վարագույրներն իրենց արույրե ձողերով․ երկու ահագին վառարաններն իրենց պայծառ կրակով․ շարք֊շարք կանգնած հպարտ շշերը, որոնք կարծես պարծենում էին իրենց միջի հին պորտվեյնով․ դիտեցի այդ բոլորն ու հասկացա, որ Անգլիան ու իր օրենքը մի֊մի բերդ են, որոնց չի կարելի հարձակումով հեշտ նվաճել։ Այնուհետև ննջարան մտա թրջված հանդերձս փոխելու, և ինձ այնպես թվաց, թե տախտակամած հին սենյակի մեծությունը (դա կարծեմ Գրեյս Ինն տանող նրբանցքի վրա էր գտնվում), քառասուն մահճակալի ահագին ծավալը և պահարանների աննվաճելի ծանրությունը միացել են անժպիտ դեմքով դիմավորելու Տրեդլսին, որ հանդգնել էր իր բախտն արագ հաստատելու հույսեր տածել։ Իջա ընթրելու, և սեղաի ծանր ու հանդարտ սպասն անգամ և տեղի հանդիսավոր լռությունը (հյուրեր չկային, որովհետև դատավորների արձակուրդը չէր վերջացել)․․․ կարծես դավադիր էին եղել՝ բողոքելու Տրեդլսի մեծամիտ հավակնության դեմ և հատկապես նրան ասելու, թե նա զուր է իրեն խաբում քսան տարուց առաջ մի համեստ ապրուստ ճարելու հույսով։
Մեկնելուցս ի վեր այդպիսի բաներ չէի տեսել, և ընկերոջս մասին ունեցած հույսերս հոդս ցնդեցին։ Ավագ սպասավորը այլևս ինձ հետ գործ չուներ․ նա ինձ արդեն թողել էր և ուշքն ու միտքը մի ծեր ջենտլմենի նվիրել, մատուցելով նրան մի շիշ պորտվեյն, որ կարծես ինքն իրեն մառանից ելավ, որովհետև ջենտլմենը ոչ մի պատվեր չէր տվել։ Երկրորդ սպասավորը փսփսալով հաղորդեց ինձ, թե այդ ծերը մի անչափ հարուստ պաշտոնաթող նոտար է, որ ասածներին նայելով իր ամբողջ փողերը մտադիր է իր լվացարարի աղջկան կտակել․ թե դարձյալ ասածներին նայելով՝ նրա տանը ահագին քանակությամբ արծաթեղեն անոթներ կան՝ բոլորն էլ անգործ մնալուց սևացած․ այնինչ նրա սեղանի վրա մի հասարակ պատառաքաղից ու դանակից զատ՝ ուրիշ բան երբեք չի տեսնված։ Արդեն այդ րոպեից Տրեդլսին կորած համարեցի ու վճռեցի, որ նրա համար էլ հույս չկա։
Բայց և այնպես սիրելի բարեկամիս տեսնելու փափագից ճաշս այնպես շտապելով ավարտեցի, որ ավագ սպասավորի համարումն իմ մասին անկարող էր բարձրանալ, և հետևի դռնով դուրս փախա։ Դժվար չէր դատարանի երկրորդ համարը գտնել։ Դռան նշանակը ցույց էր տալիս, որ Տրեդլսի սենյակները վերի հարկում են, և ես դեպի վեր բարձրացա մի անշուք ու հին սանդուղքով․ դրա յուրաքանչյուր հարթակը անփայլ ապակու բանտում հյուծվող ձեթի պատրույգով էլ լուսավորված։
Աստիճան առ աստիճան բարձրանալիս մի քրքիջ լսեցի, որ ո՛չ փաստաբանի, ո՛չ դատախազի, ո՛չ էլ փաստաբանի կամ դատախազի գրագիրների, այլ երկու կամ երեք կայտառ ու զվարթ աղջիկների քրքիջ էր։ Բայց մինչ ուզում էի ականջ դնել, ոտքս մի փոսի մեջ խրվեց, ուր Գրեյս Իննի պատկառելի ընկերությունը մոռացել էր մի նոր տախտակ ամրացնել, և ես շռինդ հանելով վայր ընկա․ երբ վեր կացա՝ ձայներն արդեն լռել էին։
Ճանապարհիս մնացած մասն ավելի մեծ զգուշությամբ անացա ու վերջապես հասա նպատակիս։ Սիրտս թնդաց, երբ մր․ Տրեդլս վերնագրով դրսի դուռը բաց գտա։ Բախեցի։ Ներսի կողմից մի փոթորկալի դղրդոց թնդաց․ ուրիշ ոչինչ։ Ստիպվեցի նորից բախել։
Դիմացս ելավ սպասավորի կամ գրագրի նման մի սրաչյա տղա, որ շնչասպառ ինձ չափչփեց, ասես թե իմանալու՝ արդյոք արժանի՞ եմ ներկայանալ իր պարոնին։
― Մր․ Տրեդլսը տա՞նն է, ― հարցրի ես։
― Այո՛, սըր, բայց զբաղված է։
― Կամենում եմ տեսնել նրան։
Դարձյալ մի անգամ շտապ֊շտապ ինձ դիտելուց հետո՝ սրաչյա պատանին կարելի գտավ դեպի ներս առաջնորդել ինձ և դուռը լայն բանալով մի փոքրիկ նախասենյակ մտցրեց, հետո մի փոքրիկ հյուրասենյակ, ուր սեղանի առջև թղթերի մեջ թարթափելով նստած էր իմ սիրելի ընկերը (նմանապես հևալով)։
― Տեր ողորնյա, ― գոչեց Տրեդլսը, ինձ տեսնելով։ ― Դո՞ւ ես, Կոպպերֆիլդ։
Եվ գիրկս ընկավ, ես նրան ամուր սեղմեցի։
― Ինչպե՞ս ես, սիրելի Տրեդլս։
― Շատ լավ, սիրելի Կոպպերֆիլդ։ Լավից լավ․ էլ ուրիշ ասելիք չունեմ։
Եվ ուրախությունից երկուսս էլ լաց եղանք։
― Անգին բարեկամս, ― ասաց Տրեդլսը ոգևորությունից գլխի մազերը դեպի վեր հրելով (որ մի ավելորդ գործողություն էր), ― օ՜հ, Կոպպերֆիլդ, իմ վաղուց կորած ու միշտ անձկալի ընկերս, ինչպես ուրախ եմ, որ քեզ տեսնում եմ։ Ինչպես երեսդ թխացել է։ Որքա՜ն ուրախ եմ։ Արևս ու պատիվս վկա, այսպիսի ուրախություն ես օրումս չեմ զգացել, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, այո, օրումս։
Ես էլ սաստիկ հուզված էի և գրեթե բան ասելու անկարող։
― Ազնիվ ընկեր, սրտակից ընկեր, ― շարունակեց Տրեդլսը։ ― Մեծանուն մատենագիր, իմ փառավոր Կոպպերֆիլդ։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Գալդ բարի։ Ե՞րբ ես եկել, որտեղի՞ց ես եկել, ի՞նչ էիր անում։
Առանց սպասելու այդ հարցերից գեթ մեկի պատասխանին՝ Տրեդլսը, որ արդեն վառարանի մոտ բազկաթոռի վրա էր հրել ինձ, մի ձեռքով սկսեց կրակը խառնել, մյուսով փողպատս ամուր քաշել այն թյուր ենթադրությամբ, թե դա վերարկուիս օձիքն է։ Շարունակ կրակխառնիչը շարժելով, նա նորից վզովս փարվեց, ես էլ նրան գրկեցի․ երկուսս էլ համ ծիծաղում էինք, համ լալիս, համ սրտանց իրար աջ սեղմում։
― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― գոչեց ընկերս, ― այս ինչ զարմանալի բան է, որ դու մեր սպասածից վաղ ետ եկար, բայց և այնպես մեր հանդեսին չհասար։
― Ո՞ր հանդեսին։
― Տեր արարիչ, ― աղաղակեց Տրեդլսը, աչքերը մեծ֊մեծ բանալով։ ― Մի՞թե վերջին նամակս չես ստացել։
― Եթե մի հանդես նկարագրող նամակ էր, չեմ ստացել։
― Ա՛յ քեզ զարմանալի բան, ― ասաց Տրեդլսը մազերը երկու ձեռքով դեպի վեր մղելով, հետո երկուսն էլ ծնկների վրա դնելով։ ― Ուրեմն չգիտե՞ս, որ ես արդեն պսակված եմ։
― Պսակվա՞ծ, ― բացականչեցի ես ցնծությամբ։
― Այո՛, փառք աստծո, ― ասաց Տրեդլսը։ ― Եվ մեզ, այսինքն՝ Սոֆիին ու ինձ պսակող քահանան արժանապատիվ տեր Հորասն էր, Դեվոնշիրցի տեր․ Հորասը։ Էլ ինչո՞ւ եմ երկար խոսում․ չէ՞ որ կինս այս պատուհանի վարագույրի հետևն է։ Տե՛ս։
Այդ րոպեին ի զարմանս իմ, աշխարհիս ամենասիրուն աղջիկը ծիծաղելով ու կարմրելով խորշից ելավ։ Ես իրավ աշխարհում չէր տեսնված (ինչպես և շտապեցի հայտնել) մի ավելի սիրուն, ավելի գրավիչ, ավելի ազնիվ, ավելի զվարթ արարած։ Ես համբուրեցի նրան, ինչպես հին ծանոթիս, և երկուսին էլ երջանկություն մաղթեցի սրտիս ամբողջ զորությամբ։
― Ով կսպասեր, ― ասաց Տրեդլսը, ― որ այսպիսի բարեբախտ հանգամանքներում նորից իրար կտեսնենք։ Բայց դու սաստիկ թխացել ես, Կոպպերֆիլդ։ Որքա՜ն երջանիկ եմ, փառք քեզ, տեր։
― Ես էլ երջանիկ եմ, ― ասացի ես։
― Ես էլ իրավ շատ երջանիկ եմ, ― ասաց Սոֆին ժպտալով ու շիկնելով։
― Բոլորս էլ անչափ երջանիկ ենք, ― հաստատեց Տրեդլսը, ― աղջիկներն անգամ մեզ հետ միասին երջանիկ են։ Աստված իմ, քիչ էր մնում մոռանայի նրանց։
― Մոռանայիր նրա՞նց, ― ասացի ես։
― Այո՛, աղջիկներին, Սոֆիի քույրերին, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Նրանք հո մեզ մոտ են, եկել են Լոնդոնը տեսնելու։ Բայց բանն այս է, որ երբ․․․ այն դո՞ւ էիր, որ սանդուղքի վրա գլորվեցիր։
― Ես էի, ― ասացի ծիծաղելով։
― Ահա գլորվելուդ րոպեին էր, որ աղջիկներն ու ես իրար հետ էինք ընկել։ Ճշմարիտն ասեմ՝ մենք պահմտոցի էինք խաղում։ Հիանալի բան է․․․ բայց որովհետև Ուեստմինստրի Հոլում մի այդպիսի խաղ խաղալն անհարմար է, մանավանդ եթե հանկարծ կլիենտ վրա հասնի, այս պատճառով բոլոր օրիորդները փախուստ տվին։ Այժմ, անշուշտ․․․ ականջ են դնում, ― ասաց Տրեդլսը, մյուս սենյակի դռան կողմն ակնարկելով։
― Ցավում եմ, որ այդ փախուստի պատճառը ես եմ եղել, ― ասացի կրկին ծիծաղելով։
― Պատիվս վկա, դու չէիր ցավի, ― գոչեց Տրեդլսը ցնծությամբ, ― եթե տեսնեիր ինչպես փախան, երբ որ դուռը բախեցիր, հետո վազելով ետ եկան, որ մազերից դուրս թռած սանրերը հավաքեն, և հետո նորից շնչասպառ փախան։ Մի կանչես նրանց, Սոֆի ջան։
Սոֆին մյուս սենյակը վազեց, և մենք լսեցինք, որ նրան ծիծաղելով ընդունեցին։
― Հիանալի չէ՞ այդ երաժշտությունը, Կոպպերֆիլդ, և քաղցրալուր, ― ասաց Տրեդլսը։ ― Դրանով է, որ այս հին տունը զվարթանում է։ Եվ որքան սփոփիչ է այդ երաժշտությունը մանավանդ ինձ նման ամբողջ կյանքը մենակ անցկացրած տղայի համար։ Օ՜հ, սքանչելի է, դյութական է։ Խեղճ աղջիկներ։ Նրանք մի ահագին կորուստ ունեցան, զրկվելով Սոֆիից․․․ որ, հավատա, Կոպպերֆիլդ, աշխարհիս ամենալավ աղջիկն էր, և կլինի։ Անչափ գոհ եմ, որ այդ կորուստը կրելուց հետո էլ նրանք ուրախ են։ Աղջիկների ընկերությունը մի զվարճալի բան է, Կոպպերֆիլդ, և թեպետ անհաշտելի մի մասնագետ փաստաբանի պաշտոնի հետ․․․ բայց և այնպես շատ զվարճալի։
Վերջին խոսքերն ասելիս Տրեդլսը փոքր֊ինչ կմկմաց․ բարեսիրտ ընկերս անշուշտ կարծեց, թե կանանց ընկերությունը գովելով, ինձ տրտմություն է պատճառում։ Նկատեցի այդ և եռանդով նրան ասացի, թե ես էլ հոգով֊սրտով գովասանքին համամիտ եմ․ ընկերս լիովին միամտացավ։
― Ճշմարիտն ասեմ, ― շարունակեց նա, ― մեր ընտանեկան նիստ ու կացն էլ շատ հարմար չէ իրավաբանական պաշտոնիս։ Նույնիսկ Սոֆիի ներկայությունն այս տան մեջ անպատշաճ է պաշտոնական կոչմանս։ Բայց մի ուրիշ տեղ բնակարան ճարելու միջոց որ չունենք, ի՞նչ անենք։ Է՛հ, ծովն ենք ընկել մի չնչին լաստով, ուզենք չուզենք դրանով պիտի գոհանանք։ Սոֆին վարպետ տանտիկին է։ Կզարմանաս, երբ իմանաս, թե ինչպես է տեղավորել այդ բոլոր աղջիկներին։ Ինքս էլ, սակայն չգիտեմ, թե այդ գործն ի՞նչ հնարքով է գլուխ բերել։
― Ուրեմն այդ ջահել օրիորդներից քանիս՞սն են ձեզ մոտ, ― հարցրի ես։
― Մեզ մոտ է Կարոլին անունով ավագը, որ գեղեցիկ է հռչակված, ― ասաց ընկերս։ ― Հետո Սառան, որի մասին մի ժամանակ պատմել էի քեզ, թե ողնաշարի հիվանդություն ունի․ այժմ ավելի առողջ է։ Հետո Սոֆիի դաստիարակած երկու կրտսեր քույրերը, հետո Լուիզան։
― Իրա՞վ, ― գոչեցի ես։
― Այո՛։ Եվ պիտի ասեմ, որ մեր ամբողջ բնակարանը միայն երեք սենյակից է․ բայց Սոֆին այնպես է կարգադրել, որ բոլորն էլ լավ են քնում։ Երեքն՝ այն սենյակում, ― ասաց Տրեդլսը, սենյակի դուռը ցույց տալով, ― երկուսն էլ՝ այն։
Ակամա շուրջս նայեցի տեսնելու, թե որտե՞ց են հապա հանգստանում ինքը մր․ Տրեդլսը և իր ամուսինը։ Տրեդլսը միտքս հասկացավ։
― Փույթ չէ, Կոպպերֆիլդ, ― ասաց ընկերս։ ― Չէ՞ որ հենց նոր ասացի, թե ստիպված ենք մի չնչին լաստով գոհանալ․ և ահա անցյալ շաբաթ մեր անկողինն այս հատակի վրա սարքեցինք։ Բայց հանկարծ տանիքի տակն էլ մի խցիկ ճարվեց, մի փոքրիկ անկյուն, ինչպես ինքդ էլ կտեսնես, և Սոֆին իր ձեռքով այն խցիկը հարդարեց։ Մեր ննջարանն այժմ այնտեղ է։ Ասես թե մի գնչուի վրան լինի․ սակայն տեսնեիր՝ ինչ հիանալի տեսարան է բացվում այնտեղից։
― Վերջապես ամուսնացար ու երջանիկ ես, սիրելի Տրեդլս։ Շա՜տ ուրախ եմ։
― Շնորհակա՜լ եմ, ընկեր իմ, ― ասաց Տրեդլսը, ձեռքս ամուր սեղմելով։ ― Այո, այնքան երջանիկ եմ, ինչքան որ կարելի է երջանիկ լինել։ Ահա վաղեմի ծանոթներդ, տեսնո՞ւմ ես, ― շարունակեց ընկերս, թաղարը հանդիսաբար ցույց տալով։ ― Ահա և մարմարյա սեղանը։ Մյուս բոլոր կարասիքն էլ թեև հասարակ, բայց պիտանի բաներ են։ Գալով արծաթեղենին, աստված հասցնե, դեռ մի թեյի գդալ էլ չունենք։
― Հոգ չէ, հետզհետե կունենաք։
― Հարկավ կունենանք։ Ամեն բան ժամանակով կլինի։ Այժմ էլ հարկավ գդալներ ունենք ― չէ՞ որ թեյը մի բանով պիտի խառնվի․․․ բայց բոլորն էլ բրիտանական մետաղից են։
― Երբ մի օր արծաթեղեն ունենաք, ավելի փայլուն կերևա ձեզ, ― ասացի ես։
― Մենք էլ հենց այդ ենք ասում, ― գոչեց Տրեդլսը։ ― Գիտես, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց նա վերստին ձայնն իջեցնելով, ― հենց որ տարա Ջայպսի դատը Ուիզըլի դեմ, որ փաստաբանական համբավիս շատ նպաստեց, իսկույն Դեվոնշիր գնացի և մի լուրջ խոսակցություն ունեցա արժանապատիվ հայր Հորասի հետ։ Ես գլխավորապես այն փաստը առաջ բերի, թե Սոֆին․․․ հավատա, Կոպպերֆիլդ, աշխարհումս դրանից լավ աղջիկ չկա։
― Հավատում եմ։
― Իրավունք ունես հավատալու, ― հաստատեց Տրեդլսը։ ― Բայց կարծեմ շեղվում եմ առարկայից։ Հայր Հերասի մասին չէ՞ր խոսքս։
― Ասացիր, թե այն փաստը առաջ բերիր, թե․․․
― Այո՛, այն փաստը, որ Սոֆին ու ես արդեն վաղուց նշանված ենք, և թե Սոֆին, ծնողների հաճությամբ, իսկույն հոժար է միանալ ինձ հետ․․․ անգամ եթե մեր մետաղը բրիտանական լիներ, ― ավելացրեց ընկերս բարի ժպիտով։ ― Լա՛վ։ Այնուհետև բացատրեցի հայր Հորասին․․․ որ մի պատվական պաստոր է և նույնիսկ եպիսկոպոս դառնալու և կամ գոնե մի ապահով կյանք վարելու արժանավոր․․․ բացատրեցի, թե քանի որ ես տարին երկու հարյուր հիսուն ստրռլինգ եմ վաստակում, իսկ հետևյալ տարին գուցե ավելի վաստակեմ, և հնար ունեմ սրա նման մի բնակարան սարքելու, ― ուրեմն ինչո՞ւ Սոֆին և ես անմիջապես չամուսնանանք։ Վստահացա այս էլ ասել պաստորին, թե Սոֆին ու ես այսքան տարի սպասելով, արդեն բավական համբերեցինք, և թե զավակասեր ծնողները չպիտի արգելեն, որ իրենց աղջիկը մարդու գնա, պատճառաբանելով, թե նա շատ օգտակար է իրենց տնային գործերում․․․ ի՞նչ ես կարծում։
― Հարկավ չպիտի արգելեն, ― ասացի ես։
― Ուրախ եմ, որ դու էլ իմ կարծիքին ես, Կոպպերֆիլդ։ Առանց հայր Հորասին մեղադրելու կասեմ, որ այդպիսի դիպվածներում ազգականները, եղբայրները, քույրերը և այլն շատ ինքնասեր են։ Լավ։ Այն կետն էլ մատնանիշ արի տեր հորը, թե ամենաջերմ փափագս է՝ միշտ օգնել գերդաստանին, և եթե աստված մի արասցե՝ նրան․․․ այսինքն արժանապատիվ հայր Հորասին մի փորձանք հասնի․․․
― Հասկանում եմ, ― ասացի ես։
― ․․․ Կամ թե մրս․ Կրուլրին, ես երջանկություն կհամարեմ նրա աղջիկների համար հայր լինել։ Արժանապատիվ հայր Հորասը մի շատ սիրուն ու սրտիս շատ հաճելի պատասխան տվեց և հանձն առավ մրս․ Կրուլրի հավանությունը ձեռք բերել։ Դժվար ու սոսկալի բան։ Ոտքերից կրծքին դիպավ, կրծքից էլ գլխին․․․
― Ի՞նչը դիպավ, ― հարցրի ես։
― Մրս․ Կրուլրի ցավը, ― պատասխանեց Տրեդլսը ծանրաբար։ ― Նրա բոլոր զգացումները դեպի գլուխը բարձրացան։ Արդեն մի ամգամ ասել եմ քեզ, Կոպպերֆիլդ, որ մրս․ Կրուլրը շատ գերապանծ տիկին է, միայն թե վաղուց անդամալույծ։ Ինչ վիշտ էլ իրեն հասնի, իսկույն աչքերում ցավ կզգա․ այս անգամ, սակայն, ցավը ոտքերից կրծքին անցավ, կրծքից էլ գլխին․․․ մի խոսքով՝ ամբողջ մարմինը ցնցեց։ Բայց ընդհանուր ջանքով ու խնամքով նրան վերստին ուշքի բերին, և Սոֆին ու ես ամուսնացանք։ Երեկ էր, որ մեր պսակվելու երեք շաբաթը լրացավ։ Չես կարող երևակայել, Կոպպերֆիլդ, թե ինչ հրեշ թվացի ես ինձ, երբ գերդաստանի բոլոր անդամները միաձայն ճիչ հանեցին ու ուշաթափ դեսուդեն ընկան․․․ Մեր մեկնելու րոպեին մրս․ Կրուլրը տեսնել անգամ չէր ուզում ինձ․․․ չէր ուզում ներել, որ իր աղջկան տանում եմ․․․ բայց և այնպես մի բարի արարած է, և մենք շուտով հաշտվեցինք։ Հենց այս առավոտ ես նրանից մի սիրալիր նամակ ստացա։
― Կարճ ասած, բարեկամ, դու երջանիկ ես և երջանիկ լինելու արժանի։
― Օ՜, դու ինձ անաչառ չես դատում, ― ասաց Տրեդլսը ծիծաղելով։ ― Սակայն իրոք ես շատ նախանձելի վիճակի մեջ եմ։ Եռանդով աշխատում եմ, անհագորեն ուսումնասիրում օրենքները։ Վեր եմ կենում առավոտյան ժամը հինգին, վեցին արդեն գործի եմ նստած։ Աղջիկներին թաքցնում եմ ցերեկով և միայն երեկոյան դեմ հետները խաղում։ Շատ ցավում եմ, ճշմարիտ, որ նրանք երեքշաբթի տուն են գնալու․ հենց այդ օրն էլ Միքայելյան արձակուրդը կսկսվի․․․ Սակայն ահա աղջիկները, ― ասաց Տրեդլսը, մտերմական խոսակցությունը կտրելով ու ձայնը բարձրացնելով։ ― Մր․ Կոպպերֆիլդ, միս Կարոլինե Կրուլրը, միս Սառա, միս Լուիզա, Մարգարիտ և Լյուսի։
Դրանք կատարյալ վարդեր էին՝ թարմ ու առողջ, բոլորն էլ սիրուն։ Միս Կարոլինեն շատ գեղեցիկ էր, սակայն Սոֆիի փայլուն աչքերի մեջ այնքան բարություն, զվարթություն ու գորովանք էր երևում, որ քրոջ շքեղ գեղեցկությունը նրա առջև նսեմանում էր․ տեսնում էի, որ ընկերս իր ընտրության մեջ չի սխալվել։ Բոլորս նստեցինք կրակի առջև և սրաչյա պատանին, որ ինչպես այժմ իմացա, թափթփված քորոցները հավաքելուց էր շնչասպառ եղել, մնացածներն էլ ժողովեց ու թեյի անոթները պատրաստեց։ Այնուհետև հեռացավ, դուռն ամուր փակելով։ Մրս․ Տրեդլսը գոհ տանտիկնոջ զվարթ հաճությամբ թեյ ածեց և վառարանի անկյունի մոտ նստելով, սկսեց տոստ պատրաստել։
Այդ զբաղման ժամանակ նա ինձ պատմեց, թե Ագնեսին տեսել է։ Հարսանիքից հետո «Թոմի» հետ Կենտըրբրի գնալիս այնտեղ նրան էլ, տատիս էլ տեսել է․ Ագնեսն էլ, տատս էլ առողջ են․ երկուսն էլ ինձ հիշել են։ Սոֆիի ասելով՝ քանի որ ես բացակա էի, «Թոմը» մի օր անգամ ինձ իր մտքից չի հանել։ «Թոմը» նրա հեղինակությունն է ամեն բանում։ «Թոմը նրա կուռքն է, որին ոչ ոք պատվանդանից շարժել չի կարող։ «Թոմին» պաշտել և բոլոր սրտով նրան սիրել, ինչ էլ ապագան բերեր, ― այդ է Սոֆիի փափագը։
Շատ զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա ու Տրեդլսը ակնածում էին Գեղեցիկից։ Չեմ կարծում, որ այդ ակնածությունը շատ իրավացի լիներ, բայց և այնպես ինձ ախորժելի էր թվում, որովհետև մարդ ու կնոջ բնավորության մեկ մասն էր։ Հավաստի եմ, որ Տրեդլսը երբեք այնքան չէր զգում դեռ գնվելիք գդալների կարիքը, որքան Գեղեցիկին թեյ մատուցելու րոպեին։ Հավաստի եմ, նմանապես, որ եթե մի օր նրա համեստ կինը մեկի առջև հպարտանալու լիներ, գուցե միայն նրա համար հպարտանար, որ Գեղեցիկն իր քույրն է։ Գեղեցիկի բնավորության մեջ երևացող անձնահաճ ոգու նշաններն անգամ Տրեդլսի և նրա ամուսնու աչքում մի֊մի բնածին արտոնություն էին ու բնական ձիրքերի հավաստիք։ Եթե Գեղեցիկը մայր մեղու ծնված լիներ, իսկ ընկերս և իր կինը մշակ մեղու, նրանք անշուշտ այդ վիճակից էլ գոհ կլինեին։
Մարդ ու կնոջ անձնուրացությունը միանգամայն հիացնում էին ինձ․ նրանց պարծենալն այդ բոլոր աղջիկներով ու անպայման հպատակվելը նրանց բոլոր հաճույքներին պատիվ էր բերում իրենց հատուկ բնավորության։ Եթե ամբողջ երեկոյի ընթացքում մրս․ Տրեդլսը իր մարդուն միայն մի անգամ «սիրելիս» անվանեց, խնդրելով որ նա այսինչ բանը բերի, այս ինչ բանը տանի, այս ինչ բանը ցած դնի և կամ հեռացնի, ― քույրեից յուրաքանչյուրը մի ժամվա ընթացքում միևնույն խնդիրն առնվազն տասն անգամ նրանց ուղղեց։ Այս քույրերին էլ Աոֆին անհրաժեշտ էր։ Եթե մեկի մազերը խառնվեին, Սոֆին միայն կարող էր շտկել։ Եթե մեկը մի երգի եղանակը մոռանար, միայն Սոֆին կհիշեցներ։ Եթե մեկը Դեվոնշիրի որևէ գյուղի անունը չհիշեր, միայն Սոֆին միտքը կձգեր։ Եթե մեկն ուզենար մի նամակ գրել մայրիկին, Սոֆին միայն ժամանակ կգտներ գրելու և վերջացնելու նամակը։ Եթե հանկարծ մեկի ձեռագործը խճճվեր, ո՞վ կարող էր թելերը ուղղել, եթե ոչ Սոֆին։ Կարճ ասած՝ քույրիկները լիազոր տիկիններ էին բնակարանում, իսկ Տրեդլսն ու Սոֆին՝ նրանց հլու սպասավորները։ Արդյոք Սոֆին իր կյանքում քանի՞ աղջիկ ու տղա էր կրթել, ― անկարող եմ ճիշտն ասել․ սակայն նրա հռչակը վկայում էր, թե նա ամեն մի մանկական երգ, որ երբևէ շարադրված է եղել անգլերեն, անգիր գիտեր, և նա քաղցրիկ ձայնով տասից ավելի երգ երգեց քույրերի պատվերին համեմատ (որոնցից ամեն մեկը մի ջոկ երգ էր պահանջում, մինչև որ ամենից հետո Գեղեցիկը վճիռ դներ), ― և ես ապշած մնացի։ Ամենից ավելի զվարճալին այն էր, որ բոլոր քույրերն էլ, չնայելով տարբեր պահանջներին, սրտանց հարգում ու սիրում էին թե՛ Տրեդլսին, թե՛ Աոֆիին։ Երբ վերջապես ես վեր կացա մնաս բարով ասելու, և Տրեդլսն ուզեց մինչև սրճարան ուղեկցել ինձ, այդ միջոցին նրա թավամազ գլխի վրա այնքան համբյուրներ տեղացին, ինչքան որ մի ուրիշի գլխի վրա չեն տեղացել։
Տրեդլսին բարի գիշեր ասելուցս հետո էլ երկար ժամանակ հաճությամբ մտածում էի այդ զվարթ տեսարանի մասին։ Եթե հանկարծ Գրեյս Իննի վերևի հարկում հազար վարդեր բացվեին, ալևոր շենքը դրա կեսի չափ չէր զվարթանա իմ աչքում։ Դեվոնշիրցի օրիորդների ներկայությունը այնքան փոշոտ թղթավաճառ կրպակների ու պրոկտրների շրջանում․ թեյն ու տոստը և մանկական երգերն այդ թանաքի ավազի, մագաղաթի, կարմիր թեյի, կնքամոմի, թանաքի պես֊պես շշերի, անդրոշմ ու դրոշմակիր թղթերի, դատական որոշումների, ծանուցումների, զեկուցումների, հաշիվների միգապատ մթնոլորտում՝ մի այնպիսի տարօրինակ բան էին, ինչպես որ տարօրինակ կլիներ, եթե Գրեյս Ինն Հոլում հանկարծ Սուլթանը երևար իր փառավոր ընտանիքով, արևելքի խոսող թռչնով, երգող ծառով և ոսկեհոս վտակով։ Ինչևինցե՝ այդ գիշեր Տրեդլսից բաժանվելիս ես մտածում էի, թե ամենևին նրա մասին վհատելու տեղիք չունեմ, և թե Անգլիայի բոլոր ավագ սպասավորներին հակառակ՝ նա անարգել առաջ կերթա իր ընտրած ճանապարհով։
Սրճարանի վառարաններից մեկի առջև ես մի աթոռ քաշեցի և մինչ ընկերոջս երջանկության մասին մտածելով և կրակի հրաշարժ ելևեջներն ու ձևերը դիտելով նստել էի, հետզհետե մտքիս մեջ իմ հատուկ կյանքի գլխավոր փոփոխությունները, կորուստներն ու վշտերը սկսեցին պատկերանալ։ Անգլիայից մեկնելուցս ի վեր երեք տարի է, որ քարածխի կրակ չէի տեսել․ բայց շատ էի տեսել իմ տխրության ժամերին, թե ինչպես բոցավառ ցախը, քիչ֊քիչ մարելով, գորշագույն աճյուն է դառնում և թեթև մոխրով ծածկվում․․․ մեռած հույսերիս հար և նման։
Այժմ ընդունակ էի լրջորեն, բայց և առանց դառնության, մտաբերել անցյալս, աներկյուղ ու համարձակ դիտել ապագաս։ Տուն ասածդ, բառիս լավագույն իմաստով, ինձ համար արդեն գոյություն չուներ։ Այն անձին, որ մի ժամանակ կարող էր ամուսնական սիրով ինձ հետ միանալ, ես վարժեցրել էի միայն քույր լինել ինձ համար։ Նա ուրիշի հետ կամուսնանա, մեկ ուրիշը նրա գգվանքին կարժանանա, և նա երբեք չի իմանա, թե ինչպիսի սեր է վառել սրտիս մեջ։ Եվ դա կլինի մի արդար պատիժ անմիտ կրքիս փոխարեն։ Ես իմ ցանածն եմ հնձում։
Եվ մինչ փորձում էի վճռել, թե արդյոք սիրտս այնքան վշտերով խրատվա՞ծ է, որպեսզի ներկա վիճակիս դիմանա և օրիորդի առջև այն հանգիստ դիրքը բռնի, ինչ դիրք որ նա էր բռնում իմ առջև, ― աչքերս մի դեմքի վրա կանգ առան, որ ասես թե կրակից ելավ նախկին հիշատակներիս հետ միասին։
Փոքրիկ մր․ Չիլիպը, այն դոկտորը, որի բարի ծառայության, ինչպես որ գրված է գրքիս սկզբում, ես շատ եմ պարտական, լրագրեր կարդալով լուռ նստած էր դահլիճի հակառակ սեղանի մոտ։ Տարիները հենց իմանաս չէին ազդել նրա վրա, և նա, որ մի փոքրիկ ու հեզ արարած էր, լավ էր դիմադրել ժամանակի հոսանքին ու համարյա թե այնպես մնացել, ինչպես որ եղած կլիներ այն գիշեր, երբ նստած էր մեր տանը, աշխարհ գալուս սպասելով։
Մր․ Չիլիպը վեց տարի առաջ Բլենդրոտընից հեռացել էր, և այնուհետև ես նրան չէի տեսել։ Այժմ նա իր փոքրիկ գլուխը մի կողմ հակած ու դիմացը մի բաժակ գինի դրած՝ կարդում էր․ և նրա պատկերն այնքան համեստ էր, այնքան հաշտասեր, որ կասեիր, թե լրագրից անգամ ներողություն է խնդրում, որ համարձակվել է նրան կարդալ։
Ես մոտեցա նրա աթոռին ու ասացի․
― Ինչպե՞ս է ձեր առողջությունը, մր․ Չիլիպ։
Նա սաստիկ ցնցվեց մի անծանոթ մարդու այս անակնկալ հարցումից և հեզությամբ պատասխանեց․
― Շնորհակալ եմ, սըր։ Շատ բարի եք, սըր։ Հուսամ դուք էլ առողջ եք, սըր։
― Չե՞ք հիշում ինձ։
― Ինչպես չէ, ― ասաց մր․ Չիլիպը, մեղմ ժպիտով ու գլուխը թեթև շարժելով, ― զգում եմ, որ ձեր դեմքն ինձ փոքր֊ինչ ծանոթ է, բայց ճշմարիտ չեմ կարող, սըր, ձեր անունը մտաբերել։
― Այնինչ դուք ինձնից առաջ անունս գիտեիք։
― Մի՞թե, սըր, ― ասաց մր․ Չիլիպը։ ― Հետևաբար կցանկանաք ասել, թե պատիվ եմ ունեցել, սըր, պաշտոնական դեր կատարելու․․․ երբ որ․․․ երբ․․․
― Այո՛։
― Իրա՞վ, ― գոչեց մր․ Չիլիպը։ ― Բայց դուք, սըր, այդ դեպքից ի վեր շատ եք փոխված։
― Հավանական է։
― Ուրեմն, սըր, ― նկատեց մր․ Չիլիպը, ― ներողամիտ կլինեք, եթե համարձակվեմ ձեր անունը հարցնել։
Ծերունին, անունս լսելով, շատ հուզվեց և իմ աջն ամուր սեղմեց, ― մի դժվար գործողություն, որովհետև դոկտորի ձեռքը ձկան փոքրիկ թևճակի պես գաղջ էր, որ թեթև սահում էր ողջունողի աջի մեջ ու սասանվում, երբ որ մեկը նրան բռներ։ Այդ ձեռքն ազատելուն պես բժիշկը գրպանում թաքցրեց, ասես թե ուրախանալով, որ նա ողջ է մնացել։
― Օ՜հ, աստված իմ, ― ասաց մր․ Չիլիպը, դարձյալ աչքի անցկացնելով ինձ։ ― Մի՞թե նույն ինքը մր․ Կոպպերֆիլդն եք։ Սակայն եթե սկզբից ձեր դեմքին շիտակ նայեի, ես ձեզ անշուշտ կճանաչեի։ Մեծ նմանություն ձեր ու ձեր խեղճ հոր միջև։
― Հորս տեսնելու բախտ չեմ ունեցել, ― ասացի ես։
― Ճշմարիտ է, սըր, ― նկատեց դոկտորը մեղմ ձայնով, ― շատ ճշմարիտ և, համենայն դեպս, շատ ողբալի։ Նույնիսկ մեր գավառական անկյունում, ― շարունակեց նա գլուխը թեթև շարժելով, ― մեզ անհայտ չէ ձեր հռչակը, սըր։ Ձեզ մոտ մեծ գրգռություն է պատահում այստեղ, ― ասաց մր․ Չիլիպը, ցուցամատով ճակատին զարնելով։ ― Ձեր զբաղմունքը հատկավ շատ հոգնեցուցիչ է, սըր։
― Ո՞ր գավառում եք բնակվում այժմ, ― հարցրի ես, դոկտորի կողքին նստելով։
― Այժմ հաստատված եմ Բըրի Սեյնտ Էդմընսի մոտերքում, սըր, ― ասաց մր․ Չիլիպը։ ― Կինս իր հորից մի փոքրիկ ագարակ ժառանգեց․ ես էլ այնտեղ մի փոքրիկ պաշտոն ձեռք բերի, որ բավական հաջող առաջ եմ տանում, ինչ որ հաճությամբ կլսեք։ Աղջիկս արդեն մի չափահաս օրիորդ է, սըր, ― ասաց մր․ Չիլիպը, գլուխն արագ թոթվելով։ ― Անցյալ շաբաթ մայրիկը հարկ համարեց նրա շրջազգեստի փեշերը երկու ծալքի չափ երկարացնել։ Ժամանակը շուտ է թռչում, սիրելի սըր։
Այս խորհրդածությունն անելուց հետո փոքրիկ մարդը իր դատարկ բաժակը բերանին դրեց։ Ես խնդրեցի նրան նորից լցնել, և թույլ տալ մյուս բաժակով ընկերանալ իրեն։
― Թող այդպես լինի, սըր, ― ասաց մր․ Չիլիպը։ ― Թեև ավելի խմելը կանոնիս հակառակ է, բայց ձեզ հետ խոսակցելու հաճույքից չեմ կարող ինձ զրկել։ Կարծես երեկ էր, որ պատիվ ունեի կարմրուկից բժշկելու ձեզ։ Շատ լավ պրծանք այդ փորձանքից, սըր։
Շնորհակալ եղա այդ հաճոյական խոսքերի համար և պատվիրեցի սպասավորին նիգըս<ref>Negus ― գինեխառն օշարակ։</ref> բերել։
― Ահա մի անսովոր քեֆ, ― ասաց մր․ Չիլիպը, իր բաժակը խառնելով, ― սակայն ինչպե՞ս ընդդիմանալ այս արտակարգ պատեհության։ Ընտանիք ունե՞ք, սիրելի սըր։
Գլուխս շարժեցի։
― Գիտեմ, սըր, որ շատ ծանր կորուստ եք կրել, ― ասաց մր․ Չիլիպը։ ― Այդ մասին լսել եմ ձեր խորթ հորքուրից։ Խիստ կին է, չէ՞, սըր։
― Այո՛, բավական խիստ, ― ասացի ես։ ― Որտե՞ղ եք տեսել նրան, մր․ Չիլիպ։
― Ինչպե՞ս թե որտեղ, ― կրկնեց մր․ Չիլիպը։ ― Մի՞թե չգիտեք, որ ձեր խորթ հայրը այժմ իմ հարևանն է։
― Չգիտեմ։
― Նա իրոք իմ հարևանն է, սըր։ Եվ ամուսնացել է մի ջահել լեդիի հետ և մի սիրուն օժիտ ստացել․․․ մի փառավոր ագարակ։ Խեղճ աղջիկ․․․ Սակայն ո՞վ գիտի, թե ձեր ուղեղն ինչ բորբոքման մեջ է, սըր։ Չեք զգում, որ գրական զբաղմունքը շատ հոգնեցնող բան է, սըր, ― հարցրեց դոկտորը զարմանալով։
Խույս տվի պատասխանից և Մեորդստոնին ու նրա քրոջը վերադարձա։
― Ինձ անհայտ չէր, որ նա նորից ամուսնացել է, ― ասացի ես։ ― Դուք նրա տան բժի՞շկն եք։
― Ոչ միշտ, բայց երբեմն հրավիրում են, ― պատասխանեց մր․ Չիլիպը։ ― Այո՛, թե՛ մր․ և թե՛ մրս․ Մեորդստոնի խստության գործարանի գանգաբանական զարգացումը շատ զորեղ է, սըր։ Այդ չի կարելի ուրանալ։
― Չի կարելի, ― ասացի ես այնպես ազդու հայացքով, որ մր․ Չիլիպը սիրտ առավ ու նիգըսով քաջալերված՝ գլուխը մի քանի անգամ ամուր շարժեց։ Հետո գոչեց․
Է՛հ, էլ ի՞նչ ասեմ, մր․ Կոպպերֆիլդ։ Մենք հո անցյալը հիշո՜ւմ ենք։
― Ուրեմն դարձյա՞լ իրենց հին էշն են քշում, այդ եղբայրն ու քույրը, ― հարցրի ես։
― Ինչպե՞ս ասեմ, սիրելի սըր, ― պատասխանեց մր․ Չիլիպը։ ― Բժիշկներս, որ շատ տներում մուտք ունենք, պարտավոր ենք կույր ու խուլ լինել այն դեպքերում, որոնք անմիջապես մեր պաշտոնին չեն վերաբերում․․․ Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ այդ եղբայրն ու քույրը սաստիկ դաժան ու անողոք մարդիկ են թե՛ այս կյանքի և թե՛ հանդերձյալի նկատամաբ։
― Ասենք թե համդերձյալ կյանքում նրանց կամքը հարցնող լինի, ― նկատեցի ես։ ― Ավելի լավ է իմանալ, թե այս կյանքի վերաբերմամբ ի՞նչ են անում։
Մր․ Չիլիպը գլուխը թոթվեց, նիգըսը խառնեց ու մի քանի կաթիլ կուլ տվեց։
― Հիանալի տիկին է, սըր, ― ասաց մր․ Չիլիպը։
― Ո՞վ, նոր մրս․ Մեորդստո՞նը։
― Այո՛, իրավ հիանալի կին, ― կրկնեց դոկտորը, ― շատ սիրելի, աննման։ Մրս․ Չիլիպի ասելով ամուսնությունից հետո կնոջ հոգին միանգամայն ընկճվել է, և նա այժմ խելագարի պես բան է դարձել։ Սա է մրս․ Չիլիպի կարծիքը, և դուք գիտեք, որ կանայք շատ սրատես են։
― Պետք է կարծել, ― ասացի ես, ― թե եղբայր ու քույր աշխատել են իրենց ատելի բարքին համեմատ նրա միտքը ծռել, թեքել։ Աստված օգնի խղճուկին։ Եվ, անշուշտ, հասած կլինեն իրենց փափագին։
― Այո՛, սըր, ― հաստատեց մր․ Չիլիպը։ ― Սկզբում տաք֊տաք վեճեր կային նրանց միջև, իսկ այժմ թշվառ կինը մի կատարյալ ստվեր է․․․ Մտերմաբար կասեմ, սըր, որ երբ քույրն էլ եկավ իր եղբորն օգնելու, քույր ու եղբայր միաբան ջանքով համարյա թե ապուշ դարձրին խեղճ կնոջը։
Ասացի, թե հեշտ է հավատալ այդ բանին։
― Համարձակ կասեմ, ― շարունակեց մր․ Չիլիպը, մի նոր կաթիլ կուլ տալով։ ― Մեր մեջ մնա, սըր․ խեղճի մայրը գերեզման մտավ աղջկա վշտից։ Հավանական է, որ աղջիկն էլ շուտով գերեզման իջնի իր ամուսնու ու տալի բիրտ վարմունքից, բռնությունից։ Ամուսնանալուց առաջ նա մի առույգ, սիրուն էակ էր․ այժմ բոլորովին մաշվել է։ Մարդն ու տալը նրա գլխին մի֊մի դահիճ են։ Այդ էր, որ մրս․ Չիլիպը դեռ անցյալ շաբաթ հաղորդեց ինձ։ Հավաստի եղեք, սիրելի սըր, որ կանայք սրատես դիտողներ են։ Մրս․ Չիլիպն էր շատ սրատես է։
― Եվ մարդը դեռ շարունակո՞ւմ է բարեպաշտ ձևանալ, ― ասացի ես։ ― Մինչև անգամ ամաչում եմ, որ կցում եմ այդ ածականը, մր․ Մեորդստոնի անվանը։
― Իմ կնոջ զարմանալի նկատողություններից մեկն էլ դա է, սիրելի սըր, ― ասաց մր․ Չիլիպը, որի աչքերն արդեն խմիչքից կարմրել էին։ ― Մրս․ Չիլիպը, ― շարունակեց նա շատ մեղմ ձայնով, ― համարյա թե ինձ շանթահար արեց, երբ ասաց, թե մր․ Մեորդստոնը մի գերբնական կատարելություն է համարում իրեն։ Այդ լսելիս ես այնպես թուլացա, որ եթե ուզենայիք, մի փետրի թեթև շոշափումով կտապալեիք ինձ։ Տեսեք, սըր, որ աստիճան դիտող են կանայք։
― Ներքին բնազդով, ― ասացի ես, հիացնելով մր․ Չիլիպին։
― Անչափ ուրախ եմ, սըր, որ կարծիքս այդպես հաստատում եք, ― հարեց նա։ ― Հավատացեք, ես սակավ եմ համարձակվում բժշկության չվերաբերող կարծիք հայտնել․․․ Երբեմն Մեորդստոնն այնպիսի բաներ է քարոզում բազմամարդ միտինգների մեջ․․․ այնպիսի բաներ, որ․․․ Սակայն որքան նա բռնակալ է, այնքան էլ նրա քարոզած դավանանքն է բռնակալ և անգութ։ Այս ասողն էլ մրս․ Չիլիպն է, սըր։
― Եվ անշուշտ ճշմարիտ է մրս․ Չիլիպի ասածը, ― վրա բերի ես։
― Այդ դեռ քիչ է, ― շարունակեց քաջալերված բժիշկը։ ― Մրս․ Չիլիպի ասելով՝ այդ մարդկանց կրոնը ուրիշ բան չէ, քան իրենց դատողությունն ու չարությունը ծածկող մի դիմակ։ Եվ գիտեք ի՞նչ կա, ― ասաց բժիշկը, գլուխը թեթև հակելով, ― ես չեմ գտնում Ավետարանի մեջ որևէ խոսք, որ մր․ Մեորդստոնի ու միս Մեորդստոնի դավանանքն արդարացներ։
― Եվ չեք գտնի, ― ասացի ես։
― Այս էլ կա, ― շարունակեց մր․ Չիլիպը, ― որ նրանք սաստիկ ատված են։ Եվ որովհետև երկուսն էլ իրենց չսիրողներին ազատ, համարձակ նզովում են, հավանական է, որ մեր գավառից շատերը գեհենի կրակին զոհ դառնան։ Բայց մրս․ Չիլիպի ասելով, սըր, հարատև պատուհաս կրողը հենց իրենք են, որովհետև լոկ իրենց սիրտը պաշտելով, միայն դրանով են կերակրվում, մինչդեռ նրանց սիրտը շատ անպիտան սնունդ է։ Այժմ, սըր, եթե թույլ տաք, դարձյալ ձեր ուղեղին կգամ․․․ Արդյոք անչափ չե՞ք գրգռում․․․
Այդ նյութից մր․ Չիլիպին հեռացնելը դժվար չէր, քանի որ նիգըսի ազդեցությամբ ինքն արդեն իր ուղեղը գրգռել էր։ Ես հրավիրեցի նրան իր սեփական գործերից խոսել, և նա մի ամբողջ կես ժամ ճառելով, ի միջի այլոց հաղորդեց, թե այս անգամ իր Գրեյս Ինն գալու նպատակն է՝ բժշկական վկայություն տալ մի հիվանդի մասին, որ հարբելուց խելագարվել է։
― Եվ գիտեք, աըր, ― ասաց մր․ Չիլիպը, ― այսպիսի պարագաներում ես չափազանց նյարդային եմ։ Անկարող եմ հանդարտ մնալ, զայրանում եմ։ Արդյոք գիտե՞ք, մր․ Կոպպերֆիլդ, թե որքան ժամանակ պետք եղավ ինձ, մինչև որ նյարդերս կարգի բերի ձեր ծննդյան գիշերը, երբ նստած էի այն ահարկու լեդիի հետ։
Ասացի մր․ Չիլիպին, թե առավոտյան գնալու եմ այն գիշերվա հրեշի մոտ․ թե այդ հրեշն իմ տատն է, աշխարհիս ամենաբարի տիկինը, ինչպես ինքն էլ կստուգի, եթե միայն ավելի մոտիկ ծանոթանա նրա հետ։ Սակայն մր․ Չիլիպն այդ տիկնոջը կրկին տեսնելու գաղափարից անգամ սարսափեց և դողդոջ ժպիտով հարցրեց․ «Մի՞թե, սըր։ Իրա՞վ եք ասում»։ Եվ այդ ասելուն պես սպասավորին հրամայեց մի մոմ բերել և իսկույն ննջարանը փախավ, անշուշտ կարծելով, թե ուրիշ ոչ մի տեղ ապահովություն չի գտնի։ Չեմ ասի, թե նա նիգըսից դանդաղում էր, բայց հավաստի եմ, որ նրա փոքրիկ շնչերակը մի րոպեում գոնե երեք զարկ ավելի կտար, քան թե տատիս հուսախաբության այն նշանավոր գիշերը, երբ նա իր գլխանոցով դոկտորի գլխին հարվածեց։
Կես֊գիշեր էր։ Հոգնած էի։ Դոկտորից հետո ես էլ քնելու գնացի։
Հետևյալ օրը դիլիժանսով Դուվր դիմեցի, ողջ֊առողջ այնտեղ հասա և տատիս հյուրասենյակը մտա, ուր այժմ նա (ակնոցներ հագած) թեյ ընդունելու վրա էր։ Տատս, մր․ Դիկը ու պառավ Պեգգոտին, որ տատիս տնտեսուհին էր, ուրախության արտասուքով ողջունեցին ինձ։ Առաջին հուզմունքից հետո, երբ սկսեցինք զվարթ խոսել, ես պատմեցի մր․ Չիլիպի հետ տեսնվելս և այն սարսափը, որ նա դեռ զգում է տատիս հիշելիս, և տատս անչափ զվարճացավ։ Նա ու Պեգգոտին այդ առթիվ շատ բաներ հաղորդեցին խեղճ մորս երկրորդ ամուսնու և նրա «մարդասպան քրոջ» մասին․․․ որին տատս, ինչ պատիժ էլ կրելու լիներ, ամենևին չէր հոժարվի մի քրիստոնեական և կամ ուրիշ անուն տալ։