Changes
/* Գլուխ հինգերորդ. Նախքան տոնախմբությունը */
== Գլուխ հինգերորդ. Նախքան տոնախմբությունը ==
=== I ===
Մեր նահանգի դաստիարակչուհիների օգտին հանգանականության՝ Յուլիա Միխայլովնայի հղացած տոնախմբության օրն արդեն քանիերորդ անգամ նշանակում ու հետաձգում էին։ Նրա շուրջ անփոփոխ պտտվում էին Պյոտր Ստեպանովիչը, դեսուդեն ուղարկվելու համար էր մանր աստիճանավոր Լյամշինը, որը ժամանակին գնում-գալիս էր Ստեպան Տրոֆիմովիչի մոտ և հանկարծ շնորհի էր արժանացել՝ նահանգապետական տանը դաշնամուր նվազելու համար, մասամբ՝ Լիպուտինը, ում Յուլիա Միխայլովնան նկատի ուներ որպես նահանգային ապագա անկախ թերթի խմբագիր, մի քանի տիկնայք և օրիորդներ և վերջապես նույնիսկ Կարմազինովը, որը թեև չէր պտտվում, սակայն բարձրաձայն ու գոհ տեսքով հայտարարում էր, որ հաճելիորեն զարմացնելու է բոլորին, երբ սկսվի գրականության կադրիլը։ Ցուցակագրվողներ և նվիրատուներ հայտնվեցին արտակարգ շատ՝ քաղաքային ամբողջ ընտիր հասարակությունը։ Բայց ընդունվում էին նաև ամենասովորականները, եթե ներկայանում էին փողով։ Յուլիա Միխայլովնան նշեց, որ երբեմն նույնիսկ պետք է թույլ տալ դասերի իրար խառնում, «այլապես, ո՞վ պիտի լուսավորի նրանց»։ Կազմվեց տնային գաղտնի կոմիտե, ուր որոշվեց, որ տոնախմբությունը կլինի ժողովրդավարական։ Չափից ավելի ցուցակագրումը գայթակղում էր ծախսեր անել։ Ուզում էին մի որևէ հրաշալի բան անել՝ ահա թե ինչու էր հետաձգվում։ Դեռևս չէին վճռել որտեղ կազմակերպել երեկոյան պարահանդեսը, ազնվականության պարագլխի վիթխարի տա՞նը, որն այդ օրվա համար տրամադրում էր տանտիրուհին, թե՞ Վարվառա Պետրովնայի մոտ՝ Սկվորեշնիկիում։ Վերջինը հեռու կլիներ, բայց կոմիտեից շատերը պնդում էին, որ այնտեղ «ավելի ազատ» կզգան։ Վարվառա Պետրովնան շատ կուզեր, որ իր մոտ նշանակվեր։ Դժվար է որոշել, թե այդ հպարտ կինն ինչո՞ւ էր համարյա թե հաճոյանում Յուլիա Միխայլովնային։ Նրան, հավանաբար, դուր էր գալիս, որ վերջինս, իր հերթին, համարյա թե նվաստանում է Նիկոլայ Վսեվոլոդովիչի առաջ և սիրալիր է նրա նկատմամբ, ինչպես և ոչ ոքի։ Նորից կրկնեմ. Պյոտր Ստեպանովիչն ամբողջ ժամանակ և մշտապես շարունակում էր նահանգապետական տանը շշնջաձայն արմատավորել դեռևս նախկինում մեջտեղ բերած իր գաղափարը, թե Նիկոլայ Վսեվոլոդովիչն ամենախորհրդավոր աշխարհում ամենախորհրդավոր կապեր ունեցող մեկն է և որ, հավանաբար, այստեղ է ինչ-ինչ հանձնարարությամբ։
Տարօրինակ էր այն ժամանակ մտքերի տրամադրվածությունը։ Հատկապես տիկնանց հասարակության մեջ նկատվեց ինչ-որ թեթևամտություն, և չի կարելի ասել, թե կամաց-կամաց։ Ասես քամու թևով սփռվեցին մի քանի չափից ավելի սանձարձակ ըմբռնումներ։ Շատ զվարթ, թեթև մի բան հաստատվեց, չէի ասի, թե միշտ էլ հաճելի։ Մտքերի որոշ խառնիճաղանջությունը մոդայիկ էր։ Հետո, երբ ամեն ինչ վերջացավ, մեղադրում էին Յուլիա Միխայլովնային, նրա շրջապատը և ազդեցությունը, սակայն հազիվ թե ամեն ինչ եղավ միմիայն նրա պատճառով։ Հակառակը, շատ շատերը սկզբում, իրարից առաջ ընկնելով, գովաբանում էին նոր նահանգապետուհուն, որ կարողանում է միավորել հասարակությունը և որ հանկարծ ավելի ուրախ է դարձել կյանքը։ Կատարվեցին նույնիսկ մի քանի սկանդալային դեպքեր, որոնց մեջ ամենևին արդեն մեղավոր չէր Յուլիա Միխայլովնան, սակայն բոլորն այն ժամանակ լոկ քրքջում և ուրախանում էին, իսկ կանգնեցնող մեկը չկար։ Ճիշտ է, մի կողմ քաշված մնացածների մի նշանակալի խմբակ կար, որն իր հատուկ հայացքն ուներ այն ժամանակվա գործերի ընթացքի վրա, բայց նրանք ևս դեռ չէին փնթփնթում այն ժամանակ, անգամ ժպտում էին։
Հիշում եմ, այն ժամանակ մի տեսակ ինքնըստինքյան ստեղծվեց բավական լայն շրջանակ, որի կենտրոնը, այո, իրականում Յուլիա Միխայլովնայի հյուրասենյակն էր։ Նրա շուրջ խռնված այդ մտերմիկ խմբակում, հարկավ, երիտասարդների մեջ, թույլատրված ու նույնիսկ կանոն էր դարձել զանազան՝ երբեմն իսկապես բավականաչափ սանձարձակ խենթություններ անելը։ Խմբակում էին մի քանի նույնիսկ շատ սիրունիկ տիկնայք։ Երիտասարդները դաշտահանդեսներ էին կազմակերպում, երբեմն շրջում քաղաքում հեծյալ խմբով, կառքերով։ Արկածներ էին որոնում, նույնիսկ դիտավորյալ հորինում ու սարքում, միայն մի ուրախ դիպվածի համար։ Մեր քաղաքն արհամարհում էին, որպես ինչ-որ Գլուպով քաղաք։ Նրանց կոչում էին ծաղրասերներ կամ ծաղրաբաններ, քանի որ քիչ բանից էին խորշում նրանք։ Օրինակ, եղավ այնպես, որ տեղական մի պորուչիկի դեռևս շատ ջահել, սևահեր, ամուսնու վատ խնամքից հալումաշ եղած կինը, մի երեկույթի թեթևամտորեն նստել էր թղթախաղի՝ հուսալով շահել և իր համար թիկնոց գնել ու դրա փոխարեն տարվել էր տասնհինգ ռուբլի։ Վախենալով ամուսնուց և վճարելու ոչինչ չունենալով, նա հիշել էր երբեմնի համարձակությունը և վճռել հենց տեղում՝ երեկույթին ծածուկ պարտքով փող խնդրել մեր քաղաքագլխի որդուց, որը մի նողկալի, տարիքին անհամապատասխան քարշ եկած տղա էր։ Սա ոչ միայն մերժել, այլ նաև բարձրաձայն քրքջալով գնացել էր ամուսնուն պատմելու։ Միայն ռոճիկով իսկապես գոյություն պահպանող պորուչիկը, տուն հասցնելով կնոջը, լիուլի ծանակել էր նրան, չնայած լացուկոծին, բղավոցին, ծնկաչոք ներողություն խնդրելուն։ Այդ զայրացուցիչ պատմությունը քաղաքում ամենուր միայն ծիծաղ հարուցեց, ու թեև պորուչիկի խեղճ կինը չէր պատկանում Յուլիա Միխայլովնային շրջապատող հասարակությանը, սակայն «հեծելախմբի» տիկնանցից մեկը՝ արտականոն ու ճարտար անձնավորություն, որը թեթևակի ծանոթ էր նրան, գնաց նրա մոտ և ուղղակի տարավ իրեն հյուր։ Այստեղ նրան անմիջապես կալմեջ արեցին մեր չարաճճիները, փայփայեցին, նվերներ տվեցին և պահեցին չորս օր՝ չվերադարձնելով ամուսնուն։ Կինն ապրում էր այդ տիկնոջ մոտ, օրնիբուն շրջում քաղաքում նրա և ամբողջ զվարճացող հասարակության հետ, մասնակցում հեծյալ զբոսանքներին, զվարճանքներին, պարերին։ Նրան շարունակ հրահրում էին, որ ամուսնուն քարշ տա դատարան, պատմություն սարքի։ Հավատացնում էին, որ բոլորը կպաշտպանեն իրեն, վկայություններ կտան։ Ամուսինը լռում էր՝ չհամարձակվելով պայքարել։ Խեղճ կինը կռահեց վերջապես, որ փորձանքի մեջ է խրվել, և սարսափից կիսամեռ, չորրորդ օրը, մթնշաղին, իրեն հովանավորողներից փախավ իր պորուչիկի մոտ։ Ստույգ հայտնի չէ, թե ինչ կատարվեց ամուսինների միջև, սակայն փայտաշեն ցածլիկ տնակի փակոցափեղկերը, ուր բնակարան էր վարձում պորուչիկը, երկու շաբաթ չբացվեցին։ Յուլիա Միխայլովնան բարկացավ չարաճճիների վրա, երբ ամեն ինչ իմացավ, և շատ դժգոհ էր արտականոն տիկնոջ արարմունքից, թեև սա պորուչիկի կնոջը նրան էր ներկայացրել հափշտակման առաջին օրը։ Ի դեպ, այդ մասին շուտով մոռացան։
Մեկ ուրիշ անգամ, մանր աստիճանավորի՝ արտաքնապես պատկառելի ընտանիքատիրոջ տանը հյուրընկալվել էր հարևան գավառից եկած երիտասարդ, նույնպես մանր մի աստիճանավոր, խնդրել նրա դստեր ձեռքը՝ տասնյոթամյա աղջիկ էր, ամբողջ քաղաքին հայտնի գեղեցկուհի։ Բայց հանկարծ իմացան, որ ամուսնության առաջին իսկ գիշերը երիտասարդ ամուսինը գեղեցկուհու հետ խիստ անբարեկիրթ է վարվել՝ վրեժ լուծելով իր անարգված պատվի համար։ Լյամշինը, որ համարյա թե գործին վկա էր, քանի որ հարսանիքին հարբել ու մնացել էր նրանց տանը՝ գիշերելու, լույսը չբացված բոլորին վազեվազ հասցրել էր ուրախ լուրը։ Ակնթարթորեն տասը հոգուց կազմված մի խումբ գոյացավ, բոլորը հեծյալ, մի քանիսը կազակական վարձու ձիերով, ինչպես օրինակ Պյոտր Ստեպանովիչը և Լիպուտինը, որը չնայած իր ճերմակ մազերին, այն ժամանակ մասնակցում էր մեր թեթևսոլիկ երիատասարդության համարյա բոլոր սկանդալային արկածներին։ Երբ նորապսակները երկալուծ կառքով հայտնվեցին փողոցում՝ այցելություններ անելու, ինչ մեր սովորությամբ օրինականացված էր անպայման կատարել պսակի հաջորդ օրը, հաշվի չառնելով և ոչ մի պատահականություն, ահա այդ ամբողջ հեծելախումբը շրջապատեց կառքը՝ ուրախ քրքիջով և ամբողջ առավոտ ուղեկցեց նրանց քաղաքով մեկ։ Ճիշտ է, տները չէին մտնում, այլ ձիերը հեծած սպասում էին դարպասների մոտ. հարս ու փեսային առանձին վիրավորանքներ հասցնելուց ձեռնպահ մնացին, բայց և այնպես սկանդալը սարքեցին։ Ամբողջ քաղաքը սկսեց խոսել։ Անշուշտ, բոլորը քրքջում էին։ Բայց այստեղ զայրացավ ֆոն Լեմբկեն և նորից բորբոքված տեսարան ունեցավ Յուլիա Միխայլովնայի հետ։ Վերջինս նույնպես սաստիկ բարկացել էր և մտադրվել տուն չընդունել չարաճճիներին։ Սակայն հաջորդ իսկ օրը բոլորին ներեց, ի հետևանք Պյոտր Ստեպանովիչի հորդորների և Կարմազինովի մի քանի բառերի։ Սա «կատակը» բավականաչափ սրամիտ էր համարել։
― Այստեղի բարքերին համապատասխան է,― ասել էր նա,― ծայրահեղ դեպքում, բնորոշական և... համարձակ։ Եվ տեսեք, բոլորը ծիծաղում են, զայրացած եք միայն դուք։
Բայց եղան անտանելի արարմունքներ, որոշակի երանգով։
Քաղաքում մի շրջիկ գրավաճառ էր հայտնվել, Ավետարան էր վաճառում, պատկառելի կին էր, թեև քաղքենիական դասից։ Նրա մասին սկսեցին առնել-տալ, որովհետև շրջիկ գրավաճառների մասին հետաքրքրական կարծիքներ էին երևացել մայրաքաղաքային թերթերում։ Դարձյալ նույն նենգամիտ Լյամշինը, դպրոցում ուսուցչական տեղի սպասելով և պարապ-սարապ թրև եկող մի ճեմարանականի օգնությամբ, գրավաճառ կնոջից իբր գրքեր գնելով, նրա պայուսակի մեջ ծածուկ խցկել էր արտասահմանից բերված գայթակղիչ, նողկալի լուսանկարների մի ամբողջ տրցակ, որը, ինչպես հայտնի դարձավ հետագայում, այդ դեպքի համար հատկապես զոհել էր շատ պատկառելի, կարևոր շքանշանը վզից կախ մի ծերուկ, ում ազգանունը բաց եմ թողնում, և որը, իր իսկ արտահայտությամբ, սիրում էր «առողջ ծիծաղ և ուրախ կատակ»։ Երբ խեղճ կինը սկսել էր սուրբ գրքերը հանել մեզ մոտ, Գոստինի ռյադում, շաղ էին եկել լուսանկարները։ Ծիծաղ էր բարձրացել, փնթփնթոց։ Ամբոխը խռնվել էր, սկսել էին հայհոյել, բանը ծեծկռտուքի էլ կհանգեր, եթե վրա չհասներ ոստիկանությունը։ Գրավաճառին տարել էին բանտ, և միայն երեկոյան, Մավրիկիյ Նիկոլաևիչի ջանքերով, որը զայրույթով իմացել էր այդ նողկալի պատմության մանրամասերը, ազատեցին և դուրս քշեցին քաղաքից։ Այս անգամ արդեն Յուլիա Միխայլովնան վճռականապես վռնդելու էր Լյամշինին, բայց հենց նույն երեկոյան մերոնք, ամբողջ խմբով, վերջինիս բերեցին նրա մոտ, հայտնելով, որ առանձնահատուկ նոր մի բան է հորինել՝ դաշնամուրով, համոզեցին միմիայն լսել։ Իրոք, զվարճալի էր, «ֆրանս-պրուսական պատերազմ» զվարճալի վերնագրով։ Սկսվում էր «Մարսելյեզի» խրոխտ հնչյուններով.
Qu’un sanq impur abreuve nos sillons!<ref>Թող պիղծ արյունը ոռոգի մեր արտերը (ֆրանս.)։</ref>
Լսվում էր փքուն մարտակոչ, արբեցում ապագա հաղթանակներով։ Բայց հանկարծ, հիմնի՝ վարպետորեն ձևափոխված տակտերի հետ միասին, մի տեսակ, կողքանց, տակերից, անկյուններում, սակայն շատ մերձ, լսվում էին «Mein lieber Augustin»-ի<ref>«Իմ սիրելի Ավգուստին» (գերմ.)։</ref> անճոռնի հնչյունները։ «Մարսելյեզը» չէր նկատում դրանք, «Մարսելյեզն» իր վեհությամբ արբեցման բարձրագույն կետին էր, բայց «Augustin»-ը ամրանում էր, ավելի ու ավելի լկտիանում, և ահա դրա տակտերը մի տեսակ անսպասելի սկսում են համընկնել «Մարսելյեզի» տակտերին։ Վերջինս ասես սկսում էր զայրանալ, վերջապես նկատում էր «Augustin»-ը, ուզում էր դեն շպրտել, քշել դա աներես ու աննշմար ճանճի պես, բայց «Mein lieber Augustin»-ը ամուր կառչած է, ուրախ և ինքնավստահ, բերկրալի և հանդուգն։ Եվ «Մարսելյեզ»-ը մի տեսակ հանկարծակի ահավոր հիմարանում է, այլևս չի թաքցնում, որ բորբոքված ու դառնացած է։ Զայրույթի ճիչեր են դրանք, արցունք ու երդումներ՝ նախախնամությանը պարզած ձեռքերով.
Pas un pouce de notre terrain, pas une pierre de nos forteresses!<ref>Ոչ մի թիզ մեր հողից, ոչ մի քար մեր ամրոցներից... (ֆրանս.)։</ref>
Բայց արդեն ստիպված է «Mien lieber Augustin»-ի հետ երգել համատակտ։ «Մարսելյեզի» հնչյունները տխմարագույն մի ձևով փոխակերպվում են «Augustin»-ի, դա բեկվում է, մարում։ Երբեմն սոսկ, ճեղքելով, նորից կլսվի «qu’unsang impur...», բայց և իսկույն շատ ցավալիորեն կդառնա նողկալի վալս։ Կհամակերպվի ամբողջովին, դա ժյուլ Ֆավրն է, որ հեկեկում է Բիսմարկի կրծքին ու տալիս ամեն, ամեն ինչ... Բայց այստեղ կատաղում է նաև «Augustin»-ը, լսվում են խռպոտ հնչյուններ, զգացվում է չափից ավելի խմված գարեջուրը, ինքնագովության մոլեգնումը, միլիարդների, նուրբ սիգարների, շամպայնի և պատանդների պահանջները։ «Augustin»-ը դառնում է ամեհի ոռնոց... Ֆրանս-պրուսական պատերազմն ավարտվեց։ Մերոնք ծափահարեցին, Յուլիա Միխայլովնան ժպտաց ու ասաց. «Լավ, ինչպե՞ս վռնդեմ նրան»։ Հաշտություն կնքվեց։ Սրիկան, իսկապես, տաղանդի նշույլ ուներ։ Ստեպան Տրոֆիմովիչը մի անգամ ինձ հավատացնում էր, որ գեղարվեստական ամենաբարձր տաղանդները կարող են ամենաահավոր սրիկաներ լինել և որ մեկը մյուսին չի խանգարում։ Հետո լուր տարածվեց, որ Լյամշինն այդ պիեսը թռցրել է իր ծանոթ եկվորից, տաղանդավոր և համեստ մի երիտասարդից, որն այդպես էլ անհայտ մնաց, բայց սա՝ մի կողմ։ Այդ ստահակը, որը մի քանի տարի պտույտ էր գալիս Ստեպան Տրոֆիմովիչի առաջ, նրա երեկույթներին, հյուրերի պահանջով պատկերելով զանազան ջհուդների, խուլ կնկա ապաշխարանքը կամ մանկան լույս աշխարհ գալը, հիմա երբեմն շատ ծիծաղելի ծաղրանկարներ էր անում Յուլիա Միխայլովնայի տանը, իմիջիայլոց, պատկերելով նաև, հենց Ստեպան Տրոֆիմովիչին՝ «Քառասնական թվականների ազատականը» վերնագրով։ Բոլորը կոտորվում էին ծիծաղից, այնպես որ վերջում նրան այլևս վռնդել չէր լինի, չափից ավելի էր հարկավոր դարձել։ Բացի դրանից, նա ստրկամտորեն հաճոյանում էր Պյոտր Ստեպանովիչին, որն իր հերթին, այդ ժամանակ արդեն տարօրինակության աստիճան ուժեղ ազդեցություն էր ձեռք բերել Յուլիա Միխայլովնայի վրա...
Այդ սրիկայի մասին ես հատկապես չէի խոսի ու չարժեր էլ կանգ առնել նրա վրա, բայց կատարվեց մի զայրացուցիչ պատմություն, որին, ինչպես հավատացնում են, նույնպես մասնակցել էր նա, իսկ այդ պատմությունը չեմ կարող շրջանցել իմ ժամանակագրության մեջ։
Մի առավոտ ամբողջ քաղաքում լուր տարածվեց այլանդակ ու զայրացուցիչ սրբապղծության մասին։ Մեր շուկայի վիթխարի հրապարակի մուտքին կից գտնվում է Աստվածամոր ծննդյան հնամենի եկեղեցին, մեր հինավուրց քաղաքի նշանավոր հնությունը։ Ցանկապատի մուտքի մոտ վաղուց ի վեր տեղադրված էր Աստվածածնի մեծ սրբապատկերը՝ պատի մեջ, ճաղաշարի ետևում։ Եվ ահա, սրբապատկերը գիշերով կողոպտված էր, տապանակի ապակին կոտրված, ճաղաշարը ջարդված, և լուսապսակից ու մակադրվագից պոկված էին մի քանի քարեր ու մարգարիտներ, չգիտեմ, արդյո՞ք, շատ թանկարժեք։ Սակայն գլխավորն այն էր, որ գողությունից բացի, կատարված էր անմիտ, ծաղրական սրբապղծություն, սրբապատկերի կոտրած ապակու ետևում, ասում են, առավոտյան գտել էին կենդանի մուկ։ Հիմա, չորս ամիս անց, հաստատապես հայտնի է, որ հանցանքը կատարել էր տաժանապարտ Ֆեդկան, բայց չգիտես ինչու, ավելացնում էին նաև Լյամշինի մասնակցությունը։ Այն ժամանակ ոչ ոք չէր խոսում Լյամշինի մասին և բոլորովին չէին կասկածում նրան, իսկ հիմա բոլորը պնդում են, որ հենց նա է մուկը գցել այնտեղ։ Հիշում եմ, մեր ամբողջ ղեկավարությունը թեթևակի կորցրեց իրեն։ ժողովուրդը խռնվել էր հանցանքի վայրում առավոտից։ Մշտապես կանգնած էր ամբոխը, թեև ոչ այնքան մեծ, այնուամենայնիվ, մի հարյուր հոգի կլինեին։ Ոմանք գալիս էին, մյուսները գնում։ Եկողները խաչակնքվում էին, համբուրում սրբապատկերը, սկսեցին փող գցել, ու հայտնվեց եկեղեցու մատուցարանը, մատուցարանի հետ՝ վանականը, և միայն կեսօրվա ժամը երեքին ղեկավարությունը կռահեց, որ կարելի է ժողովրդին հրամայել չխռնվել, այլ աղոթելով, համբուրելով և ընծայաբերելով, անցնել-գնալ։ Այդ դժբախտ պատահարը Ֆոն Լեմբկեի վրա ամենամռայլ տպավորությունը թողեց։ Ինչպես ինձ հայտնեցին, Յուլիա Միխայլովնան ասել էր, որ այդ չարագույժ առավոտից հետո ամուսնու մեջ նա սկսել էր նկատել արտառոց այն վհատությունը, որը չէր դադարել հետագայում, ընդհուպ մինչև երկու ամիս առաջ հիվանդության պատճառով մեկնումը մեր քաղաքից, և կարծեմ, հիմա էլ ուղեկցում է նրան Շվեյցարիայում, ուր նա շարունակում է իր հանգիստը՝ մեր նահանգում իր կարճատև գործունեությունից հետո։
Հիշում եմ, ցերեկվա ժամը մեկին ես գնացի հրապարակ։ Ամբոխը լուռ էր, դեմքները՝ սևեռ ու խոժոռ։ Քառանիվ թեթև կառքով մի վաճառական եկավ՝ ճարպոտ ու դեղնամորթ, իջավ կառքից, գետնահաս խոնարհվեց, համբուրեց, մի ռուբլի նվիրեց, տնքալով նստեց տեղն ու հեռացավ։ Մի ուրիշ կառք մոտեցավ՝ երկու տիկնանցով, մեր չարաճճիներից երկուսի ուղեկցությամբ։ Այդ երիտասարդները (որոնցից մեկն ամենևին արդեն երիտասարդ չէր) նույնպես իջան կառքից և խցկվեցին սրբապատկերի մոտ՝ բավական անփութորեն դեսուդեն հրելով մարդկանց։ Երկուսն էլ չհանեցին շլյապաները, իսկ մեկը քթակնոցը հարմարեցրեց աչքերին։ Քրթմնջոց տարածվեց, ճիշտ է, խուլ, բայց անբարյացակամ։ Քթակնոցով երիտասարդը թղթադրամներից տռզած դրամապանակից պղնձե մի կոպեկ հանեց և շպրտեց մատուցարանի վրա։ Երկուսն էլ, ծիծաղելով ու բարձրաձայն խոսելով, շրջվեցին դեպի իրենց կառքը։ Այդ պահին մոտեցավ Լիզավետա Նիկոլաևնան, Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։ Նա ցած թռավ ձիուց, սանձը տվեց իր հրամանով ձիուն նստած մնացած ուղեկցին և մոտեցավ սրբապատկերին հենց այն պահին, երբ կոպեկանոցը շպրտվեց։ Զայրույթի շառագույնը պատեց նրա այտերը։ Նա հանեց իր կլոր գլխարկը, ձեռնոցները, ծնկի իջավ սրբապատկերի առաջ՝ ուղիղ կեղտոտ մայթի վրա, և երկյուղածությամբ գետնահաս երեք խոնարհում արեց։ Հետո հանեց դրամապանակը, բայց քանի որ մեջը մի քանի տասը կոպեկանոց կար ընդամենը, ակնթարթորեն հանեց իր ադամանդե ականջօղերը և դրեց մատուցարանին։
― Կարելի՞ է, կարելի՞ է։ Մակադրվագը գարդարելու հասար,― սաստիկ հուզված հարցրեց նա վանականից։
― Թույլատրելի է,― պատասխանեց վերջինս,― ամենայն ընծա շնորհ է։
ժողովուրդը լուռ էր՝ չդրսևորելով ոչ կշտամբանք, ոչ հավանություն։ Լիզավետա Նիկոլաևնան՝ հագուստը կեղտոտած, նստեց իր ձին ու ետ արշավեց։
=== II ===
Նոր նկարագրված դեպքից երկու օր անց, հանդիպեցի նրան՝ մեծաքանակ խմբով, երեք կառքով, ձիավորներով շրջապատված ինչ-որ տեղ գնալիս։ Նա ձեռքով կանչեց ինձ, կառքը կանգնեցրեց և համառորեն պահանջեց միանալ իրենց հասարակությանը։ Ինձ համար տեղ գտնվեց կառքում, և նա ուղեկցող փարթամ տիկնանց ներկայացրեց ինձ, ծիծաղելով, իսկ ինձ բացատրեց, որ բոլորով գնում են արտակարգ հետաքրքիր ուղևորության։ Նա քրքջում էր և թվում էր մի տեսակ արդեն չափից ավելի երջանիկ։ Ամենավերջին ժամանակներս նա դարձել էր ուրախ, մինչև իսկ կայտառության աստիճան։ Իրոք, ձեռնարկն արտառոց էր. բոլորն ուղևորվում էին գետի մյուս ափը, վաճառական Սևոստյանովի տուն, ում մոտ, կողաշենքում արդեն շուրջ տասը տարի հանգստի, լիության և խնամքի մեջ ապրում էր ոչ միայն մեզանում, այլև մերձակա գավառներում և նույնիսկ մայրաքաղաքներում հայտնի Սեմյոն Յակովլևիչը, մեր խևն ու մարգարեություններ անողը։ Բոլորն այցելում էին նրան, հատկապես եկվորները, ստանում խևական խոսքը, խոնարհվում և դրամ շնորհում։ Նվիրատվությունները, երբեմն՝ նշանակալի, եթե տեղնուտեղը չէր տնօրինում ինքը՝ Սեմյոն Յակովլևիչը, բարեպաշտորեն ուղարկվում էին Աստծո տուն, գերազանցապես մեր Տիրամոր մենաստան, այդ նպատակով մենաստանից մի վանական մշտապես հերթապահում էր Սեմյոն Յակովլևիչի մոտ։ Բոլորը մեծ զվարճություն էին ակնկալում։ Հասարակությունից և ոչ ոք դեռ չէր տեսել Սեմյոն Յակովլևիչին։ Նախկինում միայն Լյամշինն էր եղել և հիմա հավատացնում էր, որ նա կարգադրեց ցախավելով քշել իրեն և երկու խոշոր խաշած կարտոֆիլ շպրտեց իր վրա։ Հեծյալների մեջ նկատեցի նաև Պյոտր Ստեպանովիչին՝ դարձյալ վարձովի կազակական ձին հեծած, թամբի վրա իրեն բավական անվարժ պահելով, և Նիկոլայ Վսեվոլոդովիչին՝ նույնպես հեծյալ։ Վերջինս երբեմն խույս չէր տալիս ընդհանուր զվարճանքներից և նման դեպքերում միշտ պատշաճ զվարթ տեսք ուներ, թեև խոսում էր նախկինի պես քիչ և հազվադեպ։ Երբ խումբը, դեպի կամուրջ անցնելիս, հավասարվեց քաղաքային հյուրանոցին, ինչ-որ մեկը հանկարծ հայտարարեց, որ այնտեղ, համարներից մեկում հենց նոր զտել են ինքնասպան եղած եկվորի և սպասում են ոստիկանությանը։ Իսկույն ևեթ միտք ծագեց՝ նայել ինքնասպանին։ Միտքը պաշտպանեցին մեր տիկնայք՝ երբեք չէին տեսել ինքնասպանների։ Հիշում եմ, նրանցից մեկը տեղնուտեղն ասաց, թե «ամեն ինչ այնպես է ձանձրացրել, որ պետք չէ ձևեր թափել զվարճանալիս, միայն թե հետաքրքիր լինի»։ Միայն քչերը մնացին՝ սպասելու առմուտքի մոտ, իսկ մյուսները խմբով մտան կեղտոտ միջանցքը, և իմիջիայլոց, զարմանքով տեսա նաև Լիզավետա Նիկոլաևնային։ Ինքնասպանի համարի դուռը բաց էր և, հարկավ, սիրտ չարեցին մեզ ներս չթողնել։ Դեռևս ջահել տղա էր, տասնինը տարեկան՝ ոչ ավելի, պետք է որ շատ սիրունատես լիներ, խիտ ու շեկ մազերով, ուղիղ, ձվածիր դեմքով, բաց ու պայծառ ճակատով։ Նա արդեն փայտացել էր, և ճերմակավուն դեմքը թվում էր մարմարյա։ Սեղանին նրա ձեռքով գրված երկտողն էր, որ իր մահվան համար չմեղադրեն ոչ ոքի և որ ինքնասպան է եղել, որովհետև չորս հարյուր ռուբլին «քեֆի է տվել»։ Վերջին բառերն այդպես էլ գրված էին երկտողում, դրա չորս տողերի մեջ քերականական երեք սխալ կար։ Հատկապես ախուվախ էր անում մեկը, ըստ երևույթին, նրա հարևանը, հաստլիկ կալվածատեր էր՝ իր գործերով կանգ առած մյուս համարում։ Նրա ասածներից պարզվեց, որ տղային գյուղից քաղաք ուղարկել է ընտանիքը՝ այրի մայրը, քույրերը, հորաքույր-մորաքույրները, որպեսզի այստեղ ապրող ազգականուհու ղեկավարությամբ զանազան գնումներ անի ամուսնացող ավագ քրոջ օժիտի համար և հասցնի դրանք տուն։ Նրան էին վստահել տարիների ընթացքում կուտակած այդ չորս հարյուր ռուբլին՝ վախից տնքալով և անվերջանալի խրատներով, աղոթքներով ու խաչակնքումներով ճամփու դնելով։ Տղան մինչ այդ համեստ էր եղել և բարեհույս։ Երեք օր առաջ գալով քաղաք, ազգականուհու մոտ չէր երևացել, կանգ էր առել հյուրանոցում և գնացել ուղիղ ակումբ, հուսալով, որ ետևի սենյակում, մի տեղ կգտնի որևէ եկվոր բանկ բռնողի կամ ծայրահեղ դեպքում՝ ստուկոլկա խաղը։ Բայց այդ երեկո ստուկոլկա չէր եղել, բանկ բռնող՝ նույնպես։ Արդեն կեսգիշերին մոտ վերադառնալով համար, պատվիրել էր շամպայն, հավայան սիգարներ ու ընթրիք՝ վեց, թե յոթ ճաշատեսակից։ Բայց շամպայնից հարբել էր, սիգարից սիրտը խառնել, այնպես որ բերած ուտեստեղենին չէր էլ դիպել, այլ պառկել էր քնելու համարյա անգիտակից վիճակում։ Հաջորդ օրն արթնանալով բողկի պես թարմ, անմիջապես ճամփա էր ընկել դեպի գնչուների թափառախումբ, գետի մյուս ափի ավանը, որի մասին ականջին էր հասել երեկ ակումբում, և հյուրանոց չէր վերադարձել երկու օր։ Վերջապես, երեկ, ցերեկվա ժամը հինգին եկել էր հարբած, պառկել քնելու և քնել մինչև երեկոյան ժամը տասը։ Արթնանալով, խնդրել էր կոտլետ բերել, մի շիշ շատո-դ՚իքեմ և խաղող, թուղթ, թանաք և հաշիվը։ Ոչ ոք առանձնահատուկ ոչինչ չէր նկատել՝ նա հանգիստ էր, սուսուփուս և սիրալիր։ Պետք է որ ինքնասպան եղած լիներ կեսգիշերին մոտ, թեև տարօրինակ է, որ կրակոց ոչ ոք չէր լսել, իսկ իրար էին անցել այսօր միայն, ցերեկվա ժամը մեկին և, երկար թակելուց հետո, կոտրել էին դուռը։ Գինու շիշը կիսով դատարկված էր, խաղող նույնպես մնացել էր կես ափսեի չափ։ Կրակել էր եռափող փոքր ատրճանակից, ուղիղ սրտին։ Քիչ արյուն էր հոսել, ատրճանակը ձեռքից ընկել էր գորգին։ Ինքը՝ պատանին, կիսապառկած էր բազմոցի անկյունում։ Պետք է որ մահացած լիներ ակնթարթորեն։ Մահվան տանջանքի նշույլ չկար դեմքին, արտահայտությունը հանգիստ էր, համարյա երջանիկ, միայն ապրեր ու ապրեր։ Մերոնք բոլորը զննում էին անհոգ հետաքրքրությամբ։ Ընդհանրապես, մերձավորի ամեն մի դժբախտության մեջ միշտ կողմնակի, աչքը զվարճացնող ինչ-որ բան կա՝ նույնիսկ ով ուզում է լինեք դուք։ Մեր տիկնայք նայում էին լուռ, իսկ ուղեկցողներն աչքի ընկան մտքի սրությամբ և վերին տոկունությամբ։ Մեկը նկատեց, որ սա լավագույն ելքն էր և որ տղան ավելի խելացի ոչինչ չէր կարող հորինել, մյուսը եզրակացրեց, որ թեկուզ մի ակնթարթ, բայց լավ կյանք է արել։ Երրորդը հանկարծ բերանից թռցրեց, ինչո՞ւ են մեզանում սկսել այդքան հաճախակի կախվել ու ինքնասպան լինել՝ ճիշտ կարծես արմատահան են եղել, ճիշտ կարծես հատակը բոլորի ոտքերի տակ փախչո՞ւմ է։ Բարոյաբանին նայեցին դժկամությամբ։ Փոխարենը, Լյամշինը, պատիվ համարելով ստանձնել խեղկատակի դերը, մի ողկույզ խաղող պոկեց, նրա ետևից՝ ծիծաղելով, մյուսը, իսկ երրորդը ձեռքը մեկնեց շատո-դ’իքեմի շշին։ Բայց կանգնեցրեց տեղ հասած ոստիկանապետը և նույնիսկ խնդրեց «մաքրել սենյակը»։ Քանի որ բոլորն էլ կուշտ նայել էին, ապա իսկույն, առանց վիճելու, դուրս եկան, թեև Լյամշինն ինչ-որ խնդրով կպավ ոստիկանապետից։ Համընդհանուր ուրախությունը, ծիծաղը և զվարթ խոսակցությունը ճանապարհի մնացած կեսին էլ ավելի աշխուժացան։
Սեմյոն Յակովլևիչի մոտ հասանք ցերեկվա ճիշտ ժամը մեկին։ Վաճառականական բավական մեծ տան դարպասը կրնկի վրա բաց էր, կողաշենք տանող ճամփան՝ նույնպես։ Անմիջապես իմացանք, որ Սեմյոն Յակովլևիչը բարեհաճում է ճաշել, բայց ընդունում է։ Մեր ամբողջ խումբը ներս մտավ միանգամից։ Սենյակը, ուր ընդունում և ճաշում էր խևը, բավականաչափ ընդարձակ էր, եռապատուհան և լայնակի երկու հավասար մասերի էր բաժանված պատից պատ ձգվող փայտյա, գոտկահաս բարձրության միջնորմով։ Սովորական այցելուները մնում էին ցանկապատի մյուս կողմում, բախտավորներին, խևի ցուցումով, թույլատրում էին անցնել դռնակով՝ նրա մոտ, և նա, եթե ուզում, մարդկանց նստեցնում էր իր հին, կաշեպատ բազկաթոռներին և բազմոցին, իսկ ինքն անփոփոխ բազմած էր լինում հնամենի, վոլտերյան մաշված բազկաթոռին։ Բավական խոշորամարմին, ուռած, դեղնադեմ մարդ էր, հիսունհինգ տարեկան, շիկամազ ու ճաղատ, ցանցառ մազերով, սափրված, աջ այտն ուռած և փոքր-ինչ ծռված բերանով, ձախ ռունգի մոտ խոշոր կոծիծով, նեղ-նեղ աչքերով, դեմքի հանգիստ, պատկառազդու, քնեած արտահայտությամբ։ Հագնված էր գերմանացու պես՝ սև սերթուկ, բայց առանց ժիլետի և փողկապի։ Սերթուկի տակից երևում էր նկատելի հաստ, սակայն ճերմակ շապիկը, ըստ երևույթին, հիվանդ ոտքերին՝ ոտնամաններ։ Ես լսել էի, որ ժամանակին նա պաշտոնավոր է եղել և աստիճան էլ ունի։ Նա հենց նոր էր կերել ձկնապուրը և անցել երկրորդ ճաշատեսակին՝ կճեպով խորոված կարտոֆիլ, աղով։ Ուրիշ ոչինչ և երբեք չէր ուտում, խմում էր միայն շատ թեյ՝ սիրահար էր։ Նրա շուրջ պտտվում էին երեք սպասավոր, որոնց վաճառականն էր պահում։ Ծառաներից մեկը ֆրակով էր, մյուսը նման էր արտելականի, երրորդը՝ դպիրի։ Տասնվեցամյա մի պատանի էլ կար, շատ արագաշարժ։ Ծառաներից բացի, այդտեղ էր նաև ալեհեր ու պատկառելի մի վանական՝ բավականին լիքը սկահակով։ Սեղաններից մեկի վրա եռում էր ինքնաեռը և մատուցարան էր դրված՝ համարյա երկու երկտասնյակ բաժակներով։ Մյուս՝ հակադիր սեղանին, դարսված էին նվերները, մի քանի գլուխ և ֆունտ շաքար, երկու ֆունտի չափ թեյ, մի զույգ ասեղնավոր ոտնաման, ֆուլյարե թաշկինակ, մի կտոր մահուդ, մի թոփ քաթան և այլն։ Դրամական ընծաները համարյա բոլորը լցվում էին վանականի սկահակը։ Սենյակում շատ մարդ կար՝ միայն այցելուները մեկ երկտասնյակ կլինեին, որոնցից երկուսը նստած էին ցանկապատի մյուս կողմում, ալեհեր մի ծերուկ էր, ուխտավոր, «հասարակներից» և փոքրամարմին, նիհարիկ եկվոր մի վանական՝ նստած պատշաճաբար, աչքերը ցած հառած։ Մյուս բոլոր այցելուները կանգնած էին այս կողմում, մեծ մասը նույնպես հասարակներից, բացի հաստամարմին մի վաճառականից, որը եկել էր գավառական քաղաքից, մորուքավոր էր, հագնված ռուսավարի, բայց նրան գիտեին որպես հարյուրհազարատիրոջ, ևս մի տարեց ու չունևոր ազնվականուհի, մեկ ուրիշ կալվածատեր։ Բոլորն իրենց բախտին էին սպասում՝ չհամարձակվելով խոսք բացել։ Չորս հոգի ծնկաչոք էին, բայց բոլորից ավելի ուշադրություն էր գրավում կալվածատերը՝ գիրուկ, քառասնհինգամյա մարդ էր՝ ծնկի իջած հենց միջնորմի մոտ, բոլորից մերձ էր երևում ու երկյուղածությամբ սպասում Սեմյոն Յակովլևիչի բարեհաճ հայացքին կամ խոսքին։ Արդեն մի ժամի չափ ծնկաչոք էր, իսկ տանտերը շարունակ չէր նկատում։
Մեր տիկնայք սեղմվեցին հենց միջնորմի մոտ՝ ուրախ և ծիծաղկոտ փսփսալով։ Ծնկի եկածներին և մյուս բոլոր այցելուներին մի կողմ հրեցին կամ ծածկեցին, բացի կալվածատիրոջից, որը համառորեն տեսանելի էր մնում, նունիսկ ձեռքերով կառչած ցանկապատից։ Զվարթ և անհոգ-հետաքրքրասեր հայացքներ հառվեցին Սեմյոն Յակովլևիչի վրա, ինչպես նաև լոռնետներ, քթակնոցներ և նույնիսկ հեռադիտակներ։ Համենայն դեպս, Լյամշինը հեռադիտակով էր նայում։ Սեմյոն Յակովլևիչը հանգիստ ու ալարկոտ բոլորին էր նայում իր նեղ-նեղ աչքերով։
― Բարետեսքներ, բարետեսքներ,― բարեհաճեց արտաբերել նա խռպոտ բասով ու թեթևակի բացականչելով։
Մերոնք բոլորը ծիծաղեցին. «Ի՞նչ է նշանակում բարետեսք»։ Սակայն Սեմյոն Յակովլևիչն ընկղմվեց լռության մեջ և ուտում-վերջացնում էր իր կարտոֆիլը։ Վերջապես սրբվեց անձեռոցիկով, և նրան թեյ մատուցեցին։
Սովորաբար նա թեյը խմում էր ոչ մենակ, այցելուներին էլ էր տալիս, բայց ամենևին ոչ բոլորին, սովորաբար ինքն էր ցույց տալիս, թե որ մեկին երջանկացնեն։ Այդ կարգադրությունները միշտ զարմացնում էին իրենց անսպասելիությամբ։ Շրջանցելով հարուստներին և բարձրաստիճաններին, երբեմն հրամայում էր թեյ տալ մուժիկին կամ որևիցե զառամյալ պառավի, մեկ ուրիշ անգամ շրջանցելով չքավորներին, թեյը մատուցում էին որևիցե միակ վաճառական-հարուստի։ Թեյը նույնպես տարբերակված էին տալիս, մեկին՝ գցովի, մյուսին՝ կծովի, երրորդին՝ առանց շաքարի։ Այս անգամ երջանկացվեցին եկվոր վանականը՝ գցովի բաժակով, և ծերունի ուխտավորը, ում տվեցին առանց շաքարի։ Իսկ մենաստանի սկուտեղով հաստամարմին վանականին, չգիտես ինչու, բոլորովին չտվեցին, թեև մինչև հիմա ամեն օր նա ստանում էր իր բաժակը։
― Սեմյոն Յակովլևիչ, որևէ բան ասեք ինձ, ես շատ վաղուց եմ ցանկացել ծանոթանալ ձեզ հետ,― ժպտալով ու աչքերը կկոցած, երգեցիկ ասաց մեր կառքի այն փարթամ տիկինը, որը քիչ առաջ նշել էր, թե զվարճանքի խնդրում ձևականությունների կարիք չկա, միայն թե հետաքրքիր լինի։ Սեմյոն Յակովլևիչը նույնիսկ չնայեց նրան։ Ծնկաչոք կալվածատերը հնչեղ ու խորը հոգոց հանեց, ճիշտ կարծես բարձրացրին և իջեցրին փուքսը։
― Գցովի,― հանկարծակի ցույց տվեց Սեմյոն Յակովլևիչը հարյուրհազարատեր վաճառականին։ Վերջինս առաջ եկավ ու կանգնեց կալվածատիրոջ կողքին։
― Էլի շաքար լցրեք,― հրամայեց Սեմյոն Յակովլևիչը, երբ արդեն լցրել էին բաժակը, մի բաժին էլ լցրին։― Էլի, էլի՛։― Երրորդ անգամ էլ ավելացրին, ի վերջո՝ չորրորդ։ Վաճառականն անխոս սկսեց խմել իր թանձր շաքարաջուրը։
― Աստվա՜ծ,― շշնջաց ու խաչակնքեց ժողովուրդը։ Կալվածատերը նորից հնչեղ ու խորը հոգոց հանեց։
― Տեր իմ պատվելի, Սեմյոն Յակովլևիչ,― հանկարծ հնչեց չունևոր տիկնոջ, ում մերոնք սեղմել էին պատի կողմը, տրտմագին, սակայն այն աստիճան կտրուկ ձայնը, որ դժվար էր նրանից սպասել։― Լրիվ մի ժամ կլինի, հարազատս, բարեբախտության եմ սպասում։ Խոսք բարբառիր ինձ համար, որբուկիս դատն արա։
― Հարցրու,― Սեմյոն Յակովլևիչը ցույց տվեց դպիր-սպասավորին։ Վերջինս մոտեցավ ցանկապատին։
― Կատարե՞լ եք, արդյոք, այն, ինչ նախորդ անգամ հրամայել էր Սեմյոն Յակովլևիչը,― հարցրեց նա այրուն մեղմ ու համաչափ ձայնով։
― Ինչպես կատարեի, տեր իմ պատվելի, Սեմյոն Յակովլևիչ, նրանց հետ կատարե՞լ կլինի,― ողբաց այրին,― մարդակեր են, ինձ դատի են տվել, Սենատ են սպառնում գրել, հարազատ մորը...
― Տուր նրան,― Սեմյոն Յակովլևիչը ցույց տվեց շաքարի գլուխը։ Տղան մոտ ցատկեց, առավ շաքարի գլուխը և տարավ այրու մոտ։
― Օ՜հ, տեր իմ պատվելի, մեծ է բարությունդ։ Ի՞նչ եմ անելու այդքանը,― ողբալ էր սկսելու այրին։
― Էլի, էլի,― նվիրում էր Սեմյոն Յակովլևիչը։
Մի գլուխ էլ բերեցին։ «Էլի՛, էլի՛»,― հրամայում էր խևը, բերեցին երրորդը, վերջապես՝ չորրորդը։ Չորս կողմից այրուն շրջապատեցին շաքարով։ Մենաստանի վանականը հոգոց հանեց, այդ ամենն այսօր ևեթ կարող էր հասնել մենաստան, նախկինի պես։
― Ի՞նչ եմ անելու այսքանը,― նվաստացած տնքում էր այրին։― Սիրտս կխառնի, մենակ ես եմ... Չլինի՞ մարգարեություն է, պատվելիս։
― Դա է որ կա, մարգարեություն է,― ինչ-որ մեկն ասաց մարդկանց միջից։
― Մի ֆունտ էլ տվեք նրան, էլի,― չէր հանդարտվում Սեմյոն Յակովլևիչը։
Սեղանին մի ամբողջ գլուխ շաքար մնացել էր, բայց Սեմյոն Յակովլևիչը կարգադրել էր մի ֆունտ տալ և այրուն մի ֆունտ էլ տվեցին։
― Տե՜ր Աստված, տե՜ր Աստված,― հոգոց հանելով, խաչակնքվում էին մարդիկ։― Հաստատ մարգարեություն էր։
― Հետայսու քաղցրացրեք ձեր սիրտը բարությամբ և գթությամբ և հետո միայն եկեք բողոք անելու հարազատ զավակներից, ձեր միս ու ոսկորից՝ ահա թե ինչ էր նշանակում սույն նշանը, պիտի ենթադրել,― ցածրաձայն, բայց ինքնագոհ խոսեց գիրուկ, սակայն թեյ չստացած վանականը՝ մենաստանից, բորբոքված ինքնասիրությունից ստանձնելով մեկնումը։
― Ինչ ես ասում, հայր սուրբ,― հանկարծ բարկացավ այրին,― ախր, նրանք ինձ պարանովքարշ էին տալիս կրակի մեջ, երբ Վերխիշինների տունը վառվեց։ Նրանք ինձ ու սատկած կատվին մի սնդուկի մեջ փակեցին, ինչ փչեց գլխներին, պատրաստ են...
― Քշի՜ր, քշի՜ր,― մեկեն ձեռքերը թափահարեց Սեմյոն Յակովլևիչը։
Դպիրը և տղան դուրս պրծան ցանկապատի մոտից։ Դպիրը թևանցուկ արեց այրուն, և նա, հանդարտված, քարշ եկավ դեպի դուռը՝ ետ նայելով նվիրված շաքարի գլուխներին, որոնք այրու ետևից տանում էր տղան։
― Մեկը ետ վերցնել, ետ վերցրու,― հրամայեց Սեմյոն Յակովլևիչն իր մոտ մնացած արտելականին։ Սա նետվեց հեռացողների ետևից, և երեք սպասավորները որոշ ժամանակ անց ետ եկան միասին, բերելով մի անգամ նվիրված, հիմա ետ խլված գլուխ շաքարը։ Այնուամենայնիվ, այրին երեքը տարավ իր հետ։
― Սեմյոն Յակովլևիչ,― ետևներից, հենց դռան մոտից հնչեց ինչ-որ մեկի ձայնը,― երազիս մի թռչուն եմ տեսել, սերմնագռավ էր, դուրս թռավ ջրի միջից ու մտավկրակի մեջ։ Ի՞նչ է նշանակում սույն երազը։
― Սառնամանիք կլինի,― ասաց Սեմյոն Յակովլևիչը։
― Սեմյոն Յակովլևիչ, այդ ինչո՞ւ ինձ ոչինչ չպատասխանեցիք, ես այնքան վաղուց եմ ձեզնով հետաքրքրվում,― նորից ուզեց սկսել մեր տիկինը։
― Հարցրու,― միանգամից, առանց տիկնոջը լսելու, Սեմյոն Յակովլևիչը մատնացույց արեց ծնկաչոք կալվածատիրոջը։
Մենաստանի վանականը, ում հրամայվել էր հարցնել, ծանրումեծ մոտեցավ կալվածատիրոջը։
― Ի՞նչն էր ձեր մեղքը։ Ու հրամայված չէ՞ր ինչ-որ բան կատարել։
― Կռիվ չանել, ձեռքերին ազատություն չտալ,― խռպոտաձայն պատասխանեց կալվածատերը։
― Կատարե՞լ եք,― հարցրեց վանականը։
― Չեմ կարող կատարել, սեփական ուժս ինձ հաղթում է։
― Քշի՛ր, քշի՛ր։ Ցախավելով, ցախավելո՜վ քշիր դրան,― ձեռքերը թափահարեց Սեմյոն Յակովլևիչը։ Կալվածատերը, չսպասելով պատժի կատարմանը, վեր թռավ ու դուրս վազեց սենյակից։
― Չոքած տեղում ոսկեդրամ են թողել,― ազդարարեց վանականը՝ հատակից վերցնելով կես իմպերիալանոցը։
― Ահա, թե ում,― Սեմյոն Յակովլևիչը մատը տնկեց հարյուրհազարատեր վաճառականի վրա։ Վերջինս չհամարձակվեց հրաժարվել ու վերցրեց։
― Ոսկին ոսկետիրոջ մոտ,― չդիմացավ մենաստանի վանականը։
― Իսկ նրան՝ գցովի,― Սեմյոն Յակովլևիչը հանկարծ ցույց տվեց Մավրիկիյ Նիկոլաևիչին։ Ծառան թեյը լցրեց և իբր սխալմամբ ուզում էր տալ քթակնոցով մի պճնամոլի։
― Երկարահասակի՛ն, երկարահասակի՛ն,― ուղղեց Սեմյոն Յակովլևիչը։
Մավրիկիյ Նիկոլաևիչը վերցրեց բաժակը, զինվորական կիսախոնարհում արեց ու սկսեց խմել։ Չգիտեմ ինչու, մերոնք ծիծաղից կոտորվեցին։
― Մավրիկիյ Նիկոլաևիչ,― հանկարծ նրան դիմեց Լիզան,― այն ծնկաչոք պարոնը գնաց, նրա տեղը բռնեք, ծնկաչոք։
Մավրիկիյ Նիկոլաևիչը տարակուսանքով նրան նայեց։
― Խնդրում եմ ձեզ, ինձ մեծ հաճույք կպատճառեք։ Լսեք, Մավրիկիյ Նիկոլաևիչ,― մեկեն սկսեց Լիզան հաստատակամ, համառ, ջերմագին շուտասելուկով,― անպայման ծունկ չոքեք, ես ուզում եմ անպայման տեսնել, ինչպես եք չոքելու։ Եթե ծնկի չգաք, էլ ինձ մոտ չեք գա։ Անպայման ուզում եմ, անպայման ուզում եմ...
Ես չգիտեմ, դրանով ինչ էր ուզում ասել Լիզան, բայց նա պահանջում էր հաստատակամորեն, անհողդողդ, ճիշտ կարծես նոպայի մեջ էր։ Մավրիկիյ Նիկոլաևիչը, ինչպես կտեսնենք հետագայում, բացատրում էր նրա այդպիսի, վերջերս առանձնապես հաճախակի դարձած քմհաճությունները՝ իր հանդեպ կույր ատելության պոռթկումներով, այն էլ, ոչ թե չարությունից, հակառակը, Լիզան գնահատում, սիրում և հարգում էր նրան, Մավրիկիյ Նիկոլաևիչն էլ գիտեր, այլ մի տեսակ առանձնահատուկ, չգիտակցված ատելությունից, որ մեկ-մեկ չէր կարողանում հաղթահարել Լիզան և ոչ մի կերպ։
Նա լուռ տվեց բաժակը ետևում կանգնած ինչ-որ պառավի, բացեց միջնորմի դռնակը և առանց հրավերի մտավ Սեմյոն Յակովլևիչի մտերմիկ բաժինը, և սենյակի մեջտեղում ծնկի իջավ, բոլորին ի տես։ Կարծում եմ, իր նրբազգաց և պարզ հոգով նա ցնցված էր Լիզայի կոպիտ, ծաղրական արարմունքից՝ ամբողջ հասարակության աչքի առաջ։ Գուցեև նա մտածեց, թե Լիզան կամաչի իր արածից՝ տեսնելով նրա նսեմացումը, որն այնպես ստիպում էր անել ինքը։ Հարկավ, ոչ ոք սիրտ չէր անի այդպիսի միամիտ և վտանգավոր եղանակով ուղղել կնոջը, նրանից բացի։ Նա ծնկի էր իջել դեմքի իր անդրդվելի պատկառանքով՝ երկարահասակ, անդյուրաթեք, ծիծաղելի։ Բայց մերոնք չէին ծիծաղում։ Արարքի անսպասելիությունը հիվանդագին տպավորություն հարուցեց։ Բոլորը Լիզային էին նայում։
― Սպեղանի՜, սպեղանի՜,― մրմրթաց Սեմյոն Յակովլևիչը։ Լիզան մեկեն գունատվեց, ճչաց, տնքաց ու նետվեց միջնորմից այն կողմ։ Այդտեղ մի արագընթաց, հիստերիկ տեսարան եղավ, ամբողջ ուժով նա սկսեց վեր կացնել ծնկած Մավրիկիյ Նիկոլաևիչին՝ երկու ձեռքով քաշքշելով նրա բազկից։
― Վեր կացեք, վեր կացեք,― բղավում էր նա, ասես իրեն կորցրած։― Վեր կացեք հիմա՛, հիմա՛։ Ինչպես համարձակվեցիք ծնկել։
Մավրիկիյ Նիկոլաևիչը վեր կացավ։ Լիզան ձեռքերով սեղմում էր նրա ձեռքերը արմունկից վեր ու ակնապիշ նայում նրա դեմքին։ Վախ կար Լիգայի հայացքում։
― Բարետեսքնե՜ր, բարետեսքնե՜ր,― մի անգամ էլ կրկնեց Սեմյոն Յակովլևիչը։
Վերջապես Լիզան դուրս բերեց Մավրիկիյ Նիկոլաևիչին այս կողմ, մեր ամբողջ խմբի մեջ սաստիկ իրարանցում եղավ։ Մեր կառքի տիկինը, հավանորեն կամենալով բեկել տպավորությունը, երրորդ անգամ զրնգուն եւ ճղճղան հարցրեց Սեմյոն Յակովլևիչից՝ առաջվա պես սեթևեթ ժպիտով.
― Ի՞նչ է, Սեմյոն Յակովլևիչ, մի՞թե որևէ բան չեք «բարբառի» ինձ համար։ Իսկ ես այնքան հույս ունեի ձեզ վրա։
― Ք...քեզ, ք...քեզ...― հանկարծ, դիմելով նրան, Սեմյոն Յակովլևիչը խիստ անվայել բառ արտաբերեց։ Բառերն արտասանվեցին կատաղած և սարսափեցնող հստակությամբ։ Մեր տիկնայք ճղճղացին և գլխապատառ վազեցին դուրս, տղամարդիկ հոմերական քրքիջ բարձրացրին։ Դրանով էլ ավարտվեց մեր ուղևորությունը Սեմյոն Յակովլևիչի մոտ։
Այդուհանդերձ, ասում են, այդտեղ ևս մի չափազանց հանելուկային դեպք տեղի ունեցավ և խոստովանեմ, ավելի շատ հենց դրա համար այդքան մանրամաս հիշատակեցի այդ ուղևորության մասին։
Ասում են, որ երբ բոլորը խմբով դուրս պրծան, Լիզան, ում պահում էր Մավրիկիյ Նիկոլաևիչը, հանկարծ դռան մեջ, նեղվածքում, բախվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին։ Հարկ է ասել, կիրակնօրյա առավոտից և ուշագնացությունից հետո երկուսն էլ, թեև հանդիպել էին քանիցս, սակայն միմյանց չէին մոտեցել և բառ չէին փոխանակել։ Ես տեսա, թե նրանք ինչպես բախվեցին դռան մեջ. ինձ թվաց, թե երկուսն էլ մի պահ կանգ առան և մի տեսակ տարօրինակ միմյանց նայեցին։ Բայց ես կարող էի վատ տեսնել բազմության մեջ։ Այնինչ, հավատացնում էին ու միանգամայն լրջորեն, որ Լիզան, նայելով Նիկոլայ Վսեվոլոդովիչին, արագ բարձրացրել է ձեռքը, այսպես թե այնպես՝ դեմքին հավասար, ու հավանաբար կխփեր, եթե դիմացինը չհասցներ մի կողմ քաշվել։ Գուցե նրան դուր չէր եկել Նիկոլայ Վսեվոլոդովիչի դեմքի արտահայտությունը կամ քմծիծաղի պես բան էր նկատել, հատկապես հիմա, Մավրիկիյ Նիկոլաևիչին առնչվող այդ դեպքից հետո։ Խոստովանում եմ, ինքս ոչինչ չեմ տեսել, բայց փոխարենը բոլորը հավատացնում էին, թե տեսել են, թեև բոլորը չէին կարող ոչ մի կերպ տեսնել դա՝ իրարանցման պատճառով, գուցե թե՝ ոմանք։ Միայն թե այն ժամանակ չհավատացի։ Հիշում եմ սակայն, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը որոշ չափով գունատված էր ետդարձի ամբողջ ճանապարհին։
=== III ===
Համարյա նույն ժամանակ և հենց այդ օրն էլ, ի վերջո, կայացավ Ստեպան Տրոֆիմովիչի հանդիպումը Վարվառա Պետրովնայի հետ, որը վերջինս վաղուց էր մտապահել ու վաղուց արդեն դա հայտնել էր իր նախկին բարեկամին, սակայն, չգիտես ինչու, մինչ այդ շարունակ հետաձգում էր։ Հանդիպումը կայացել էր Սկվորեշնիկիում։ Վարվառա Պետրովնան իր քաղաքամերձ տունն էր եկել՝ հոգսերի մեջ թաղված, նախորդ օրը վերջնականապես վճռվել էր, որ առաջիկա տոնախմբությունը լինելու է պարագլխի տիկնոջ մոտ։ Սակայն Վարվառա Պետրովնան իր արագ գործող խելքով կռահել էր, որ տոնախմբությունից հետո ոչ ոք իրեն չի խանգարի իր առանձին տոնախմբությունն անել, արդեն Սկվորեշնիկիում և նորից հրավիրել ամբողջ քաղաքը։ Այդժամ բոլորն իրապես կարող էին համոզվել՝ ո՞ւմ տանն է ավելի լավ և որտե՞ղ են կարողանում ավելի լավ ընդունել ու առավել ճաշակով պարահանդես տալ։ Ընդհանրապես, նրան ճանաչել չէր լինի։ Թվում էր, թե հաստատապես վերածնվել և նախկին անմատչելի «բարձրագույն տիկնոջից» (Ստեպան Տրոֆիմովիչի արտահայտությունը) վերածվել է ամենասովորական աշխարհիկ խելառ կնոջ։ Ի դեպ, սա սոսկ կարող էր թվալ։
Հասնելով ամայի տուն, նա շրջեց սենյակներում երկու հոգու՝ հավատարիմ ու հնուց եկող Ալեքսեյ Եգորովիչի և գլխովը շատ բան անցած, դեկորատիվ գործի մասնագետ Ֆոմուշկայի ուղեկցությամբ։ Ծայր առան խորհուրդներ և նկատառումներ, ինչ կահույք տեղափոխել քաղաքային տնից, ինչ իրեր, նկարներ, որտեղ դրանք տեղադրել, ավելի հարմար ինչպես տնօրինել ջերմոցն ու ծաղկանոցը, որտեղ է պետք նոր վարագույրներ կախել, որտեղ պիտի լինի բուֆետը և մե՞կ, թե՝ երկու, և այլն և այլն։ Եվ ահա, ամենաթունդ հոգսերի մեջ, մեկեն մտքով անցավ կառք ուղարկել՝ Ստեպան Տրոֆիմովիչին բերելու։
Վերջինս վաղուց արդեն տեղեկացված էր և պատրաստ ու ամեն օր սպասում էր հենց նման անակնկալ հրավերի։ Կառք նստելով, խաչակնքվեց՝ վճռվելու էր ճակատագիրը։ Իր բարեկամին նա տեսավ մեծ սրահում, խորշի մեջ դրված փոքրիկ բազմոցին նստած, դիմացը՝ մարմարյա փոքր սեղանիկ, թուղթ ու մատիտը ձեռքին. Ֆոմուշկան արշինով չափում էր վերնասրահի և պատուհանների բարձրությունը, իսկ Վարվառա Պետրովնան ինքն էր գրում թվերը և նշումներ անում լուսանցքներին։ Գործից չկտրվելով, նա գլխով արեց Ստեպան Տրոֆիմովիչին, և երբ վերջինս ողջույնի պես մի բան մրթմրթաց, արագ նրան պարզեց ձեռքը և, առանց նայելու, տեղ ցույց տվեց՝ իր կողքին։
«Ես նստել և սպասում էի հինգ րոպե, սիրտս ճմլելով»,― պատմում էր նա ինձ հետո։― Ես տեսա ոչ այն կնոջը, ում ճանաչել եմ քսան տարի։ Կատարելագույն համոզումը, որ ամեն ինչ վերջացել է, ուժ տվեց ինձ, ինչը նույնիսկ զարմացրեց նրան։ Երդվում եմ, նա զարմացած էր իմ տոկունությամբ այդ վերջին ժամին»։
Վարվառա Պետրովնան հանկարծ մատիտը դրեց սեղանին և արագ դարձավ Ստեպան Տրոֆիմովիչին։
― Ստեպան Տրոֆիմովիչ, մենք պետք է գործից խոսենք։ Համոզված եմ, որ դուք նախապատրաստել եք ձեր բոլոր ճոխ բառերը և զանազան այլ դիպուկ բաներ, բայց ավելի լավ կլինի ուղղակի գործին անցնենք, այդպես չէ՞։
Ստեպան Տրոֆիմովիչն այլայլվեց։ Վարվառա Պետրովնան խիստ էր շտապում դրսևորել իր տոնը, իսկ ի՞նչ էր լինելու հետագայում։
― Սպասեք, լռեք, թողեք ես ասեմ, հետո՝ դուք, թեև ճիշտն ասած, չգիտեմ, ի՞նչ կարող էիք ինձ պատասխանել,― շարունակեց նա շուտասելուկով։― Ձեր հազար երկու հարյուր ռուբլի թոշակը ես համարում եմ իմ սրբազան պարտականությունը մինչև ձեր կյանքի վերջը։ Այսինքն, ինչո՞ւ սրբազան պարտականությունը, պարզապես պայմանագրով, դա շատ ավելի հավաստի կլինի, այդպես չէ՞։ Եթե ուզում եք, մենք կգրենք։ Իմ մահվան դեպում արվել են հատուկ կարգադրություններ։ Բայց դուք հիմա ինձնից ստանում եք, դրանից ավելի, բնակարան և սպասավորներ և ամբողջ ապրուստը։ Փոխանցենք փողի, կլինի հազար հինգ հարյուր, այդպես չէ՞։ Դնում եմ ևս հավելյալ երեք հարյուր ռուբլի, ընդամենը կդառնա լրիվ երեք հազար։ Բավակա՞ն է ձեզ մեկ տարվա համար։ Կարծում եմ, քիչ չէ։ Ամենաարտակարգ դեպքերում, ի դեպ, ես կավելացնեմ։ Այսպիսով, վերցրեք փողը, իմ մարդկանց ուղարկեք ինձ մոտ և ապրեք ինքներդ, ուր ուզում եք՝ Պետերբուրգում, Մոսկվայում, արտասահմանում կամ այստեղ, միայն ոչ ինձ մոտ։ Լսո՞ւմ եք։
― Վերջերս ճիշտ նույնպես հաստատակամ և նույնպես փութով ինձ նույն շուրթերից մեկ ուրիշ պահանջ հայտնվեց,― դանդաղ և տխրամած հստակությամբ խոսեց Ստեպան Տրոֆիմովիչը։― Ես հնազանդվեցի և կազաչոկ պարեցի՝ ձեզ հաճույք պատճառելու համար։ Oui, la compacaison peut etre permise. C՝etait comme tin petit cozak du Don, qui sautait sur sa propre tombe<ref>Այո, նման համեմատություն ընդունելի է։ Ինչպես դոնցի փոքրիկ մի կազակ, որը պարում է սեփական գերեզմանի վրա (ֆրանս.)։</ref>. Հիմա...
― Կանգ առեք, Ստեպան Տրոֆիմովիչ։ Դուք ահավոր շատախոս եք։ Դուք չպարեցիք, այլ հայտնվեցիք ինձ նոր փողկապով, սպիտակեղենով, ձեռնոցով, յուղված և ցողված։ Հավատացնում եմ ձեզ, որ ինքներդ էիք ուզում ամուսնանալ։ Դա գրված էր ձեր դեմքին և հավատացեք, ամենագեշ արտահայտությունն էր։ Եթե ես չնշեցի այն ժամանակ դա ձեզ՝ միայն նրբանկատությունից։ Բայց դուք ցանկանում էիք ամուսնանալ, չնայած այն նողկալիություններին, որոնք գրում էիք իմ մասին և ձեր հարսնացուի մասին։ Հիմա ամենևին էլ դա չէ։ Եվ ի՞նչ կապ ունի այստեղ cozak du Don-ը ձեր ինչ-որ գերեզմանի վրա։ Չեմ հասկանում, թե ինչ համեմատություն էր։ Ընդհակառակն, մի մեռեք, այլ ապրեք, ապրեք հնարավորին չափ երկար, ես շատ ուրախ կլինեմ։
― Անկելանոցո՞ւմ։
― Անկելանոցո՞ւմ։ Երեք հազար եկամուտով անկելանոց չեն գնում։ Ահ, հիշեցի,― քմծիծաղ տվեց նա,― իսկապես, Պյոտր Ստեպանովիչը մի առիթով կատակեց անկելանոցի վերաբերյալ։ Բա՜, դա իրոք, առանձնահատուկ անկելանոց է, որի մասին արժե մտածել։ Դա ամենահարգարժան մարդկանց համար է, այնտեղ գնդապետներ կան, հիմա այնտեղ է ուզում ընկնել մի գեներալ։ Եթե դուք տրամադրեք ձեր ամբողջ փողերը, ապա կգտնեք անդորր, լիություն, ծառայողներ։ Այնտեղ կզբաղվեք գիտություններով և միշտ կարող եք մի պարտիա պրեֆերանս խաղալ...
― Passons<ref>Թողնենք դա (ֆրանս.)։</ref>։
― Passons?― Վարվառա Պետրովնան տհաճություն զգաց։
― Բայց այդ դեպքում՝ վե՛րջ։ Դուք տեղեկացված եք, մենք այսուհետև ապրում ենք միանգամայն առանձին։
― Ու վե՞րջ։ Այն ամենը, ինչ մնաց քսան տարո՞ւց։ Մեր վերջին հրաժե՞շտն է։
― Դուք ահավոր սիրում եք բացականչել, Ստեպան Տրոֆիմովիչ։ Հիմա դա ամենևին մոդայիկ չէ։ Նրանք խոսում են կոպիտ, բայց հասարակ։ Գո՜րծ եք գտել ձեր քսան տարիներով։ Քսան տարվա երկկողմանի ինքնասիրություն, և ուրիշ ոչինչ։ Ինձ ուղղված ձեր ամեն մի նամակը գրված է ոչ թե ինձ, այլ սերունդների համար։ Դուք ոճաբան եք և ոչ բարեկամ, իսկ բարեկամությունը սոսկ փառաբանված բառ է, իսկ ըստ էության՝ փոխադարձ ցողում կեղտաջրով...
― Աստված իմ, ինչքան շատ են ուրիշի խոսքերը։ Սերտած դասե՜ր։ Նրանք ձեզ էլ են հագցրել իրենց մունդիրը։ Դուք նույնպես բերկրանքի մեջ եք, դուք նույնպես արևի տակ եք։ Chere, chere, ոսպի ի՜նչ խաշիլով եք նրանց ծախել ձեր ազատությունը։
― Ես թութակ չեմ, որ կրկնեմ ուրիշի խոսքերը,― փրփրեց Վարվառա Պետրովնան։― Հավատացած եղեք, որ ինքս իմ բառերն ունեմ կուտակած։ Ի՞նչ եք արել ինձ համար այս քսան տարում։ Դուք ինձ մերժել եք անգամ գրքերը, որոնք ձեզ համար էի դուրս գրում և որոնք այդպես էլ չթերթատած կմնային, եթե չլիներ կազմարարը։ Ի՞նչ եք տվել ինձ կարդալու, երբ ես, առաջին տարիներին, խնդրում էի ղեկավարել ինձ։ Շարունակ՝ Կապֆիգ, հա Կապֆիգ։ Դուք խանդում էիք անգամ իմ զարգացմանը և միջոցներ ձեռք առնում։ Այնինչ, ձեզ վրա բոլորն են ծիծաղում։ Խոստովանում եմ, ես միշտ ձեզ համարել եմ միայն քննադատ։ Դուք գրաքննադատ եք, և ոչ ավելին։ Երբ Պետերբուրգ գնալու ճանապարհին ձեզ հայտարարեցի, որ մտադիր եմ ամսագիր հրատարակել ու դրան նվիրել ամբողջ կյանքս, տեղնուտեղն ինձ նայեցիք հեգնաբար և հանկարծ դարձաք ահավոր բարձրամիտ։
― Դա այն չէր, այն չէր... այն ժամանակ մենք վախենում էինք հետապնդումներից...
― Դա հենց այն էր որ կա, իսկ Պետերբուրգում հետապնդումներից ոչ մի կերպ չէիք կարող վախենալ։ Հիշո՞ւմ եք, հետո՝ փետրվարին, երբ լուր տարածվեց, հանկարծ ինձ մոտ վազեցիք վախեցած և սկսեցիք պահանջել, որ անմիջապես ձեզ վկայագիր տամ նամակի տեսքով, որ նախատեսվող ամսագիրն ամենևին ձեզ չի վերաբերում, որ երիտասարդներն ինձ մոտ են գալիս և ոչ ձեզ մոտ, իսկ դուք սոսկ տնային ուսուցիչ եք, որն ապրում է տան մեջ, քանի որ ռոճիկը լրիվ չի վճարված, այդպես չէ՞։ Դուք դա հիշո՞ւմ եք։ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում դուք շատ լավ աչքի եք ընկել, Ստեպան Տրոֆիմովիչ։
― Դա սոսկ փոքրոգության մի րոպե էր, դեմառդեմ մեկ րոպե,― դառնագին բացականչեց նա,― բայց մի՞թե, մի՞թե ամեն ինչ խզվելու է նման մանրիկ տպավորություններից։ Մի՞թե էլ ոչինչ չի մնացել մեր միջև, այսքան երկար տարիների ընթացքում։
― Դուք ահավոր հաշվենկատ եք։ Ամեն ինչ ուզում եք այնպես անել, որ ես դեռ պարտք մնամ։ Երբ արտասահմանից վերադարձաք, ինձ վերևից էիք նայում և չէիք թողնում մի բառ ասել, իսկ երբ ինքս գնացի և հետո ձեզ հետ խոսեցի Տիրամորից ստացած տպավորության մասին, դուք մինչև վերջ չլսեցիք և գոռոզաբար սկսեցիք ժպտալ քթի տակ։ ճիշտ կարծես՝ չէի կարող ես էլ ունենալ նույնպիսի զգացմունքներ, ինչ և դուք։
― Դա այն չէր, հավանորեն, այն չէր... Fai oublie<ref>Ես մոռացել եմ (ֆրանս.)։</ref>։
― Ոչ, հենց այն էր որ կա, նաև առանձնապես պարծենալու բան էլ չկար իմ առաջ, որովհետև այդ ամենը դատարկ բան է և միայն ձեր հորինվածքը։ Ներկայումս ոչ ոք, ոչ ոք Աստվածամորով չի սքանչանում և ժամանակ չի կորցնում դրա վրա, բացառությամբ անուղղելի ծերուկների։ Ապացուցված բան է։
― Չէ՜ մի՝ ապացուցվա՞ծ։
― Նա բացարձակապես ոչնչի չի ծառայում։ Այս գավաթն օգտակար է, որովհետև մեջը ջուր կարելի է լցնել, այս մատիտն օգտակար է, որովհետև դրանով ամեն ինչ կարելի է գրել, իսկ այնտեղ՝ կնոջ դեմք, ավելի վատ, քան մյուս բոլոր դեմքերը բնականում։ Փորձեք խնձոր նկարել և կողքն իսկական խնձոր դրեք՝ ո՞ր մեկը կվերցնեք։ Չեմ կարծում, թե կսխալվեք։ Ահա թե ինչի են հանգում հիմա ձեր բոլոր տեսությունները, հենց դրանք լուսավորվեցին ազատ հետազոտման առաջին շողով։
― Այսպես, այսպես։
― Դուք հեգնաբար ծիծաղում եք քթի տակ։ Իսկ, օրինակի համար, ի՞նչ էիք ինձ ասում ողորմության մասին։ Այն է, թե բավականությունը ողորմությունից ամբարտավան և անբարո բավականություն է, հարուստի բավականությունն իր հարստությամբ, իշխանությամբ և իր նշանակության համեմատությամբ՝ մուրացկանի նշանակության հետ։; Ողորմությունն այլասերում է թե տվողին, թե վերցնողին և, ավելին, չի հասնում նպատակին, քանզի սոսկ սաստկացնում է մուրացկանությունը։ Աշխատել չցանկացող ծույլերը խռնվում են տվողների մոտ, ինչպես խաղամոլները խաղասեղանի շուրջ՝ շահելու հույսով։ Իսկ այն խղճուկ գրոշները, որ շպրտում են նրանց, մեկ հարյուրերորդական չափով էլ չեն բավականացնի։ Շա՞տ եք, արդյոք, բաժանել ձեր կյանքի ընթացքում։ Ոչ ավելի, քան ութը տասկոպեկանոց, հիշեք հապա։ Աշխատեք հիշել, վերջին անգամ ե՞րբ եք ողորմություն տվել։ Երկու տարի առաջ, թերևս, չորս էլ լինի։ Դուք բղավում եք և միայն գործին խանգարում։ Ողորմությունն այժմվա հասարակության մեջ էլ պետք է արգելվի օրենքով։ Նոր հասարակարգում չքավորներ չեն լինի ամենևին։
― Օ՜, ուրիշի խոսքերի ինչպիսի ժայթքում։ Բանն արդեն նոր հասարակարգի՞ն է հասել։ Դժբախտի մեկը, Աստված ձեզ օգնական։
― Այո, հասել է, Ստեպան Տրոֆիմովիչ։ Դուք խնամքով թաքցնում էիք ինձնից բոլոր նոր գաղափարները, որոնք հիմա արդեն բոլորին են հայտնի և անում էիք դա սոսկ խանդից, ինձ վրա իշխանություն ունենալու հասար։ Այժմ նույնիսկ այդ Յուլիան է ինձնից հարյուր վերստ առաջ։ Բայց հիմա իմ աչքերն էլ են բացվել։ Ստեպան Տրոֆիմովիչ, ես ձեզ պաշտպանել եմ, ինչքան կարողացել եմ։ Կտրականապես բոլորը ձեզ մեղադրում են։
― Բավական է,― ուզում էր ելնել տեղից,― բավական է։― Եվ է՞լ ինչ կցանկանամ ձեզ, չլինի՞ ապաշխարանք։
― Մի րոպե նստեք, Ստեպան Տրոֆիմովիչ, մի բան էլ պիտի հարցնեմ։ Գրական առավոտին ինչ-որ բան կարդալու հրավեր են հայտնել ձեզ, իմ միջոցով է եղել դա։ Ասացեք, ի՞նչ եք կարդալու։
― Հենց այդ թագուհիների թագուհու, մարդկության այդ իդեալի, Սիքստինյան Աստվածամոր մասին, որը, ձեր կարծիքով, չարժե այս գավաթը կամ մատիտը։
― Ուրեմն, ո՞չ պատմությունից,― դառնությամբ զարմացավ Վարվառա Պետրովնան։― Բայց ձեզ չեն լսի։ Ի՞նչ է ձեր գլուխը մտել այդ Աստվածամայրը։ Լավ, ի՞նչ հաճույք, եթե բոլորին քնեցնեք։ Վստահ եղեք, Ստեպան Տրոֆիմովիչ, միայն ու միայն ի շահ ձեզ եմ ասում։ Ուրիշ բան, եթե վերցնեիք մի որևէ կարճ, բայց հետաքրքական, միջնադարյան պալատական փոքր պատմություն, իսպանական պատմությունից, կամ, ավելի լավ է ասել, որևէ անեկդոտ, ու լրացնեիք էլի անեկդոտներով և սուր խոսքերով՝ ձեր կողմից։ Այնտեղ ճոխ պալատներ են եղել, ինչպիսի՜ տիկնայք, թունավորումներ։ Կարմազինովն ասում է, որ տարօրինակ կլինի, եթե իսպանական պատմությունից էլ մի որևէ հետաքրքիր բան չպատմվի։
― Կարմազինովը՝ իրեն սպառած այդ տխմարն ինձ համար թեմա՜ է որոնում։
― Կարմազինովը համարյա թե պետական խելք է։ Դուք շատ հանդուգն լեզու ունեք, Ստեպան Տրոֆիմովիչ։
― Կարմազինովը մի պառաված, իրեն սպառած, չարացած կնիկ է։ Chere, chere, վաղո՞ւց եք այդպես ստրկացել նրանց, օ՜ Աստված։
― Ես հիմա էլ նրան տանել չեմ կարողանում՝ գոռոզամտության համար, բայց արժանին եմ մատուցում նրա խելքին։ Ես ձեզ պաշտպանել եմ ամբողջ ուժով, ինչքան կարողացել եմ։ Եվ ինչո՞ւ անպայման իրեն ծիծաղելի ու ձանձրալի դրսևորել։ Հակառակը, բեմ ելեք հարգալիր ժպիտով, որպես անցյալ դարի ներկայացուցիչ և երեք անեկդոտ պատմեք՝ ձեր ամբողջ սրամտությամբ, այնպես, ինչպես միայն դուք կարող եք պատմել երբեմն։ Թող որ ծեր լինեք, ձեր դարն ապրած, թող որ, ի վերջո, ետ եք մնացել նրանցից։ Բայց ինքներդ դա ընդունեք ժպիտով՝ նախաբանում, և բոլորը կտեսնեն, որ դուք սիրելի, բարի, սրամիտ բեկոր եք... Մի խոսքով, հին հունցվածքի և այնքան առաջադեմ մեկը, որ ինքն է ի վիճակի գնահատել, թե ինչ ասել է որոշ ըմբռնումների համակ այլանդակություն, որոնց մինչ այժմ հետևել է ինքը։ Դե, հաճույք պատճառեք ինձ, խնդրում եմ։
― Chere, բավական է։ Մի խնդրեք, չեմ կարող։ Ես կկարդամ Աստվածամոր մասին, բայց փոթորիկ կբարձրացնեմ, որը կամ կճզմի նրանց բոլորին, կամ կխոցի միայն ինձ։
― Հավանորեն, միայն ձեզ, Ստեպան Տրոֆիմովիչ։
― Դա է իմ ճակատագիրը։ Ես կպատմեմ այն ստոր ստրուկի մասին, այն գարշահոտ ու այլասերված ծառայի մասին, որն առաջինը կթառի սանդուղքին՝ մկրատը ձեռքին և կկտրատի մեծն իդեալի աստվածային պատկերը հանուն հավասարության, նախանձի և... մարսողության։ Թող դղրդա իմ նզովքը, և այնժամ, այնժամ...
― Գժանո՞ց։
― Կարող է պատահել։ Բայց, համենայն դեպս, կմնամ ես պարտված, թե հաղթած, այդ նույն երեկո ես կառնեմ իմ տոպրակը, մուրացկանի տոպրակն իմ, կթողնեմ իմ ունեցած-չունեցածը, ձեր բոլոր ընծաները, բոլոր թոշակները և ապագա բարիքների խոստումները և կհեռանամ ոտքով, որպեսզի կյանքս ավարտեմ որևէ վաճառականի մոտ, որպես դաստիարակ, կամ մեռնեմ ինչ-որ մի տեղ սովից, ցանկապատի տակ։ Ես ասացի։ Aleajacta est!<ref>Վիճակը նետված է (լատ.)։</ref>։
Նա վեր կացավ նորից։
― Ես վստահ էի,― աչքերը շողացնելով, վեր կացավ Վարվառա Պետրովնան,― վստահ եմ արղեն տարիներ ի վեր, որ դուք հատկապես հենց այն բանի համար եք ապրում, որ վերջում խայտառակեք ինձ ու իմ տունը զրպարտությամբ։ Ի՞նչ եք ուզում ասել վաճառականի մոտ դաստիարակ լինելով կամ ցանկապատի տակ մեռնելով։ Չարություն, զրպարտանք, և ուրիշ ոչինչ։
― Դուք միշտ արհամարհել եք ինձ, բայց ես կավարտեմ ասպետի պես՝ իմ սրտի տիկնոջը հավատարիմ, քանզի ձեր կարծիքն ինձ համար միշտ ամենաթանկն է եղել։ Այս րոպեից չեմ ընդունում ոչինչ, այլ հարգում եմ անշահախնդիր։
― Ի՜նչ հիմարություն։
― Դուք միշտ էլ չեք հարգել ինձ։ Ես կարող եմ ունենալ անհաշիվ թուլություններ։ Այո, ես ձեր հացն եմ կերել, խոսում եմ նիհիլիզմի լեզվով, բայց այդ ուտելը երբեք չի եղել իմ վարմունքի վերին սկզբունքը։ Դա եղել է այդպես, ինքնըստինքյան, ես չգիտեմ ինչպես... Ես միշտ մտածել եմ, որ մեր միջև ուտելիքից վեր մի բան կա, և երբեք, երբեք չեմ եղել սրիկա։ Այսպիսով, ճամփա ելնեմ՝ գործը շտկելու համար։ Ուշացած ճանապարհ է, դրսում ուշ աշունն է, մշուշն է պատել դաշտերը ցրտահար, ծերունական եղյամն է ծածկում գալիք ճանապարհն իմ, իսկ քամին գուժում է մոտ գերեզման... Սակայն ճամփա ընկնենք, ճամփա, նոր ճանապարհ.
Լի անապական սիրով,<br />
Հավատարիմ քաղցր անուրջին....
Օ՜, մնաք բարով, իմ անուրջներ։ Քսա՜ն տարի։ Aleajacta est։
Նրա դեմքը ողողված էր հանկարծ հորդած արցունքներով։ Նա վերցրեց շլյապան։
― Ես լատիներեն ոչինչ չեմ հասկանում,― ասաց Վարվառա Պետրովնան՝ ամբողջ ուժերով գոտեպնդվելով։
Ով գիտե, գուցեև նա էլ էր ուզում արտասվել, սակայն զայրույթը և քմահաճությունը վերստին գերակշռեցին։
― Ես միայն մի բան գիտեմ, հենց այն, որ այս ամենը խենթություններ են։ Դուք երբեք ի վիճակի չեք կատարել ձեր սպառնալիքները՝ լի եսապաշտությամբ։ Ոչ մի տեղ չեք գնա, ոչ մի վաճառականի մոտ, այլ շատ հանգիստ կավարտեք կյանքն իմ ձեռքերի վրա, ստանալով թոշակ և հավաքելով ձեր ոչ մի բանի չնմանվող ընկերներին՝ երեքշաբթի օրերը։ Մնաք բարով, Ստեպան Տրոֆիմովիչ։
― Alea jacta est,― խորը գլուխ խոնարհեց նա Վարվառա Պետրովնային և տուն դարձավ հուզմունքից կիսակենդան։
== Գլուխ վեցերորդ. Պյոտր Ստեպանովիչը հոգսերի մեջ ==