Changes
Մարտինը ընկճված սրտով գնաց խոհանոց։ Քրոջ կարմիր դեմքն ու կեղտոտ ձեռքը խորը տպավորվեցին իր հիշողության մեջ։ Մարտինը մտածեց․ նա կսիրեր ինձ, եթե ժամանակ ունենար, սակայն ջլատվում է աշխատանքից։ Անասուն է այդ Բեռնարդ Հիգգինբոթամը, որ ստիպում է կնոջը այդքան աշխատել։ Միաժամանակ Մարտինը չէր կարողանում պոկ գալ այն մտքից, որ քրոջ համբույրի մեջ ոչ մի գեղեցկություն չկար։
Իրավ է, որ այդ համբույրը ինքնըստինքյան անսովոր էր։ Արդեն շատ տարիներից ի վեր Գերտրուդան համբուրում էր նրան միայն հրաժեշտ տալիս՝ նրա նավարկության գնալու ժամանակ կամ դիմավորելիս․ բայց այդ համբույրում զգացվում էր օճառափրփուրի համը, իսկ քրոջ շրթունքները թորշոմած էին։ Այդ շրթունքները չէին սեղմվում արագ ու պինդ իր շրթներին, ինչպես պիտի լինեն համբույրները։ Դա մի հոգնած կնոջ համբույր էր, որը մինչև անդամ անգամ մոռացել է, թե ինչպես են համբուրվում։ Մարտինը ակամա հիշեց, թե ինչպես իր քույրը ամուսնանալուց առաջ կարող էր ողջ գիշերը պարել օրվա ծանր աշխատանքից հետո ու կարծես ոչինչ էլ եղած չլիներ, հենց պարհրապարակից էլ գնալ լվացքատուն։ Այդ ժամանակ Մարտինը նորից մտածեց Ռութի մասին, ինչպես և այն մասին, որ հավանականորեն նրա շրթունքները նույնքան թարմ են, որքան նա ինքն ամբողջովին։ Հավանական է, որ Ռութը համբուրում է ճիշտ այնպես, ինչպես նայում է, ինչպես պինդ ու անկեղծ սեղմում է մարդու ձեռքը։ Մարտինը մինչև անգամ հանդգնեց պատկերացնել, թե ինչպես են Ռութի շրթունքները հպվում իր շրթներին, և նա այնպես կենդանի պատկերացրեց այդ, որ գլուխը պտույտ եկավ։ Նրան թվում էր, թե դանդաղ լողում է վարդի ծաղկաթերթերից կազմված ամպերում, որոնք իրենց բույրով արբեցնում են իրեն։
Խոհանոցում նա գտավ մյուս կենվորին՝ Ջիմին, որը դանդաղ ուտում էր վարսակից պատրաստած իր խյուսը, բութ, երազկոտ հայացքը սևեռելով դեպի անհայտ տարածություն։ Ջիմը փականագործի աշակերտ էր, և նրա դանդաղկոտությունն ու կամազուրկ կզակը, ինչպես և որոշ չափով մտավոր հետամնացությունը նրան հաջողություն չէին խոստանում գոյության համար մղվող պայքարում։
Նա սանդուղքով վազեց ցած, դուրս եկավ փողոց՝ թարմ օդի կարիք էր զգում։ Առանց այդ էլ խեղդվում էր տան մթնոլորտում, իսկ Ջիմի հետ խոսակցությունը նրան կատաղեցրեց վերջնականապես։ Երբեմն նրան թվում էր, թե իրեն ուրիշ բան չի մնում անելու, եթե ոչ վեր կենալ ու Ջիմի քիթը կոխել շիլայի պնակի մեջ։ Ինչքան շատ էր խոսում Ջիմը, այնքան շատ էր հեռանում Ռութը։ Կարո՞ղ էր նա հուսալ, որ ապրելով այդպիսի անբանների շրջանում, երբևէ արժանի կլինի Ռութին։ Նրան հուսահատեցնում էր իր առաջ դրված խնդիրը․ նա զգում էր, որ իր դրությունը՝ բանվոր դասակարգին պատկանող մարդու դրությունը, անելանելի է։ Իսկ շրջապատում ամեն ինչ նրան ցած էր մղում և թույլ չէր տալիս բարձրանալու, և՛ քույրը, և՚ նրա տունը, և՛ փականագործ Ջիմը, և՛ իր բոլոր ծանոթները՝ կյանքի բոլոր կապերը։ Կյանքն անհամ դարձավ նրա համար։ Մինչև այժմ նա կյանքը ընդունել էր այնպես, ինչպես որ կար։ Լավ է այդ թե վատ, նա երբեք չէր մտածել դրա մասին՝ բացի այն դեպքից, երբ գիրք էր կարդում։ Բայց չէ՞ որ դրանք միայն գրքեր էին, հիանալի պատմվածքներ, ավելի ևս հիանալի անգո աշխարհում։ Իսկ հիմա նա տեսավ, որ այդ աշխարհը գոյություն ունի իրականության մեջ, ինչպես և ծաղիկ-աղջիկը՝ որը կոչվում է Ռութ, այդ աշխարհի կենտրոնում։ Եվ ահա այդ րոպեից նա ճանաչեց կյանքի դառնությունը, տենչն ու անհուսությունը, որն առանձնապես տանջալի էր այն պատճառով, որ սնվում էր հույսով։
Մարտինը երկար ժամանակ չէր կարողանում վճռել, թե ուր գնա՝ Բերքլիի հանրային գրադարան, թե Օքլենդի գրադարանը, և կանգ առավ Օքլենդի վրա, որովհետև Ռութը ապրում էր Օքլենդում։ Ի՞նչ իմանաս... Գրադարանը ամենահարմար տեղն է Ռութի համար և շատ հավանական է, որ նրան կհանդիպի այնտեղ։ Նա բոլորովին ծանոթ չէր գրադարանի բաժիններին և թափառում էր գեղարվեստական գրականության անվերջանալի դարակների արանքում, մինչև որ նիհար, ֆրանսուհու նման մի աղջիկ նրան ասաց, թե տեղեկանքի բաժինը գտնվում է վերևի հարկում։ Նա գլխի չընկավ դիմելու սեղանի առջև նստած մարդուն և պատահաբար ընկավ փիլիսոփայության բաժինը։ Լսել էր, որ փիլիսոփայական գրքեր գոյություն ունեն, բայց երբեք չէր կարծում, թե այդ գիտության շուրջը այդքան բան է դրված։ գրված։ Հետո հատորներով լցված բարձր պահարանները ճնշում և միաժամանակ գրգռում էին նրան։ Այստեղ շատ բան կար Մարտինի ուղեղը զբաղեցնելու համար։ Մաթեմատիկայի բաժնում նա գտավ եռանկյունաչափության գրքեր և երկար զննում էր անիմաստ թվացող բանաձևերն ու գծագրությունները։ Նա կարդում էր դրանց մեջ անգլերեն բառեր, որոնց նշանակությունը չէր հասկանում։ Դա ինչ-որ յուրահատուկ լեզու էր։ Նորմանն ու Արթուրը գիտեն այդ լեզուն։ Մարտինը լսեց է թե ինչպես էին խոսում այդ լեզվով, իսկ նրանք Ռութի եղբայրներն են։ Մարտինը հուսալքված հեռացավ փիլիսոփայության բաժնից։ Թվում էր, թե գրքերն ամեն կողմից շարժվում են իր վրա՝ սպառնալով ճզմել իրեն։ Նա երբեք չէր կասկածում, որ մարդկային գիտելիքներն այդքան ահագին են։ Սարսափը պատեց նրան՝ կկարողանա՞ հաղթահարել․ շատերն են հաղթահարել այդ։ Եվ նա ջերմորեն երդվեց, որ իր ուղեղն էլ կկարողանա տիրապետել այն բոլորին, ինչին տիրապետել են ուրիշները։
Եվ այսպես նա դեգերում էր իմաստության գանձերով լի դարակների միջև՝ մատնվելով մերթ հուսահատության, մերթ հիացմունքի։ Ընդհանուր բաժնում նա գտավ Նորրիի «Կոնսպեկտը»։ Նա պատկառանքով թերթեց այդ գիրքը։ Այստեղ համենայն դեպս ինչ֊որ հարազատ բան կար․ սրա հեղինակը նույնպես նավաստի էր, ինչպես և ինքը։ Հետո նա գտավ Բոուգիչի կաշեկազմ գիրքը «Նավագնացության տեղեկագիր» խորագրով և Լեկկիի ու Մարշալլի երկերը։ Հրաշալի՜ է։ Նա կարող է զբաղվել նավագնացության ուսումնասիրությամբ, կհրաժարվի խմելուց, կսկսի եռանդով աշխատել և կդառնա նավապետ։ Այդ պահին Ռութը նրան թվում էր բոլորովին մոտիկ։ Իբրև նավապետ նա արդեն կարող է ամուսնանալ Ռութի հետ, եթե Ռութը ցանկանա, իսկ եթե չցանկանա, ոչինչ, Ռութի շնորհիվ նա կապրի լավ, արժանավոր կյանքով, իսկ խմելը կթողնի՝ անկախ դրանից։ Հետո նա հիշեց ապահովագրողին և նավատերերին՝ նավապետի այդ երկու տնօրեններին, որոնցից յուրաքանչյուրը կարող է և կուզենա խորտակել իրեն, և որոնց շահերը տրամագծորեն հակառակ են իրար։ Նա զննեց սենյակը, մինչև անգամ աչքերը կկոցեց, տեսնելով տասը հազար հատոր դիրք։ գիրք։ Չէ՜, այսուհետև ոչ մի ծով։ Այստեղ, գրքերի այդ առատության մեջ ահագին ուժ կա, և եթե նա ուզում է մեծ գործեր կատարել, պետք է կատարի այդ բոլորը ցամաքում։ Բացի այդ, նավապետներին չի թույլատրվում հետները վերցնել իրենց կանանց։
Կեսօր եղավ և բավականին ժամանակ էլ անցավ։ Մարտինը մոռացավ ուտելը և շարունակում էր կարդալ գրքերի խորագրերը, նա մի ձեռնարկ էր որոնում բարեկիրթ վարվեցողության մասին։ Նրա միտքը, բացի կարիերայից, զբաղված էր նաև պարզ ու չափազանց որոշակի մի հարցով․ եթե հանդիպում եք մի երիտասարդ լեդիի և նա խնդրում է ձեզ մի անգամ էլ այցելել, ինչքա՞ն ժամանակից հետո կարելի է գնալ նրան տեսնելու։ Բայց երբ նա վերջապես գտավ իսկական դիրքը, իզուր էր այդ հարցի պատասխանը փնտրում։ Նա սոսկաց քաղաքավարության ձևերի բարդությունից ու բազմազանությունից, սարսափեց աշխարհիկ հասարակության մեջ ընդունված այցետոմսերի փոխանակության կարգի բոլոր այդ կանոններից։ Նա դադարեցրեց իր որոնումները։ Նա չգտավ այն, ինչ փնտրում էր, բայց հասկացավ, որ մի ամբողջ կյանք է հարկավոր՝ քաղաքավարության բոլոր ձևերը սովորելու և քաղաքավարի մարդ դառնալու համար։