Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 33 742 բայտ, 05:28, 19 Հունիսի 2015
/* I */
Իսկ շունը շունը կուշտ կերած՝ թողել գնացել էր առանց մի բառ ասելու։
 
 
===II===
 
 
Սայլակն անցնում էր լճակի ու ջրանցքի միջև գտնվող թմբի մոտով, և Ուլենշպիգելը խիստ մտազբաղ՝ շոյում էր կրծքի վրա Կլաասի աճյունը։ Նա մտածում էր՝ տեսիլքը խաբեություն էր, թե՞ ճշմարտություն, այդ ոգիները ծիծաղել էին իր վրա, թե՞ հանելուկային ձևով ասել էին այն, ինչ իրոք պետք էր գտնել պապենական երկիրը երջանկացնելու համար։
 
Զուր չարչարում էր իր միտքը և չէր կարողանում իմանալ, թե ի՛նչ է նշանակում Յոթնյակը և Մեջքի կապը։
 
Մտքում թվում էր մեռած կայսրեր, կենդանի թագավորին, երկրի կառավարչուհուն, Հռոմի պապին, մեծ ինկվիզիտորին, ճիզվիտների գեներալին և դրանց մեջ գտնում երկրի վեց մեծ դահիճներին, որոնց կուզենար անմիջապես ողջ֊ողջ այրել։ Բայց եզրակացրեց, որ դրանք չեն, որովհետև սրանք իրենք էին հաճությամբ այրում։ Ուստի մի այլ տեղ պետք է որ լինեն նրանք։
 
Եվ շարունակ մտքում կրկնում էր․
 
<poem>
Երբ որ հյուսիսը
Ու մայրամուտը
Համբուրեն միմյանց՝
Այդ կլինի վախճանն
Ավերածության։
:Սիրի՛ր Յոթնայկը
:Եվ Մեջքի կապը։
</poem>
 
Ավա՜ղ, ― կրկնում էր նա, ― մահվան, արյան և արցունքի մեջ գտնել Յոթնյակը, այլրել Յոթնյակը, սիրել Յոթնյակը։ Խեղճ միտքս այսքան ժամանակ տանջվում է, որովհետև ո՞վ է այրում իր սիրածը։
 
Սայլակը արդեն կտրել էր ճանապարհի մեծ մասը, երբ նրանք ոտնաձայն լսեցին ավազի վրա և ապա մեկի հետևյալ երգը․
 
 
<poem>
Ո՜վ անցորդներ, տեսե՞լ եք դուք
Խենթ ընկերոջս, որ կորցրի․
Գնում է նա բախտն ուր տանի։
::Տեսե՞լ դուք։
 
Հանց արծիվն է ճանկում գառան՝
Նա էլ սիրտըս խլեց տարավ,
Տըղամարդ է, բայց անմորուք։
::Տեսե՞լ եք դուք։
 
Թե նրան տեսնեք՝ ասեք Նելեն
Ուժից ընկավ քեզ փնտրելով։
Անուշիկ Թիլ, այդ ո՞ւր ես դու։
::Տեսե՞լ եք դուք։
 
Թե նրան տեսնեք՝ ասեք Նելեն
Ուժից ընկավ քեզ փնտրելով։
Անուշի՛կ Թիլ, այդ ո՞ւր ես դու։
::Տեսե՞լ եք դուք։
 
Գի՞տե արդյոք, որ հյուծվում է
Մարդուն կորցրած խեղճ տատրակը։
Էլ ինչ անի սիրող սիրտը։
::Տեսե՞լ եք դուք։
</poem>
 
 
Ուլենշպիգելը խփեց Լամմեի փորին և ասաց․
 
Ֆսֆսոցդ կտրի՛ր, է՛յ, ցմփոր։
 
― Ավա՜ղ, ― պատասխանեց Լամմեն, ― շատ դժվար բան է այդ իմ կազմվածքն ունեցող մարդու համար։
 
Բայց Ուլենշպիգելը առանց նրա պատասխանը լսելու թաքնվեց սայլակի ծածկույթի տակ և նմանեցնելով հարբած մարդու խռպոտ ձայնին գեղգեղեց․
 
 
<poem>
Տեսել եմ խենթ ընկերոջդ
Որդից կրծված հին սայլակում՝
Նստած անշուշտ մեկի կողքին։
::Տեսել եմ ես։
</poem>
 
― Թի՛լ, ― ասաց Լամմեն, ― այսօր չարալեզու ես։
 
Ուլենշպիգելը առանց նրան մտիկ անելու գլուխը ծածկույթի ծակից դուրս հանեց ու ասաց․
 
― Նելե՛, ինձ ճանաչո՞ւմ ես։
 
Անակնկալից վախեցած Նելեն և՛ լալիս էր, և ծիծաղում։
 
― Տեսնում եմ քեզ, անպիտա՛ն դավաճան, ― ասաց նա։
 
― Նելե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― եթե ուզում ես ինձ ծեծել՝ այստեղ մի մահակ ունեմ։ Նա ծանր է՝ հարվածներն ազդու դարձնելու համար, և նրա կոստղերը բավական առատ են իրենց հետքերը թողնելու համար մարմնիս վրա։
 
― Թի՛լ, Յոթնյակի ետևի՞ց ես գնում, ― հարցրեց Նելեն։
 
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Նելեն կրում էր մի որսապարկ, որ կարծես պատրաստ էր պայթելու, այն աստիճան լինքն էր։
 
― Թի՛լ, ― ասաց նա՝ որսապարկը Ուլենշպիգելին տալով, ― ես մտածեցի, որ ողջամիջ բան չէ մարդու համար ճամփորդել՝ առանց հետը վերցնելու մի լավ պարարտ սագ, մի խոզի ճուտ և Գենտի երշիկներ։ Կե՛ր և հիշի՛ր ինձ։
 
Մինչ Ուլենշպիգելը նայում էր Նելեին ու ամենևին չէր մտածում որսապարկը վերցնել՝ Լամմեն գլուխը ծածկոցի մի ուրիշ ծակից դուրս հանեց ու ասաց․
 
― Կանխատե՛ս աղջիկ, եթե նա չի ընդունում՝ ցրվածությունից է․ ի՛նձ տուր այդ ճուռը, հանձնիր ինձ այդ սագը, գցիր ինձ այդ երշիկները․ կպահեմ նրա համար։
 
― Ո՞վ է այդ բարեդեմ տռուզը, ― հարցրեց Նելեն։
 
― Ամուսնության մի զոհ է սա, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և սրտի մորմոքից կչորանար՝ ինչպես խնձորը փռի մեջ, եթե չվերականգներ իր ուժերը անընդհատ ուտելով։
 
― Շատ ճիշտ ասացիր, որդյա՛կս, ― հառաչեց Լամմեն։
 
Շողշողուն արևը խիստ տաքացնում էր Նելեի գլուխը, ուստի գոգնոցը գլխին քաշեց։ Ուլենշպիգելը ցանկանալով մենակ մնալ Նելեի հետ՝ ասաց Լամմեին․
 
― Տեսնո՞ւմ ես այն կնոջը, որ թափառում է մարգագետնում։
 
― Տեսնում եմ, ― ասաց Լամմեն։
 
― Ճանաչո՞ւմ ես։
 
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― չի կարող իմը լինել։ Քաղաքի կնոջ պես չի հագնված։
 
― Դեռ կասկածո՞ւմ ես, կո՛ւյր խլուրդ, ― վրա բերեց Ուլենշպիգելը։
 
― Իսկ եթե նա չլինի՞, ― ասաց Լամմեն։
 
― Այնուամենայնիվ ոչինչ չես կորցնի․ այնտեղ՝ ձախ կողմը, դեպի հյուսիս, կա մի փոքրիկ պանդոկ, ուր հիանալի գարեջուր կգտնես։ Մենք էլ շուտով կգանք քեզ միանալու։ Այս էլ քեզ խոզի ապխտած միս՝ մի քիչ ավելի զարկ տալու համար քո ծարավին։
 
Լամմեն դուրս եկավ սայլակից և արագաքայլ վազեց դեպի մարգագետնում գտնվոզ կինը։
 
― Ինչո՞ւ չես գալիս մոտս, ― ասաց Ուլենշպիգելը Նելեին։
 
Եվ օգնելով նրան որ բարձրանա սայլակը՝ նստեցրեց իր կողքին, գոգնոցը հանեց գլխից, վերնազգեստը ուսերից, ապա հարյուրավոր համբյուրներով ծածկելով նրան՝ ասաց․
 
― Ո՞ւր էիր գնում այդպես, սիրելի՛ս։
 
Նելեն չպատասխանեց․ երևում էր, որ նա չափազանց երջանիկ է։ Ուլենշպիգելն էլ, որ նրա պես սքանչացած էր, ասաց․
 
― Դու այստեղ ես, ինձ հետ։ Մասրենու ծաղիկները չունեն քո թարմ մաշկի քնքուշ վարդակարմիրը։ Թեև դու թագուհի չես, բայց թույլ տուր, որ համբյուրների մի պսակ հյուսեմ քեզ համար։ Գողտրիկ բազուկներ՝ քնքուշ ու վարդերանգ, որ Ամուրն է ստեղծել հատկապես գրկելու համար։ Օ՜, թանկագին աղջիկ, իմ կոշտ֊կոպիտ, տղամարդու ձեռքերը չե՛ն թառամեցնի արդյոք այս ուսերը։ Թեթև թիթեռնիկը թառում է մեխակի վրա, բայց ես՝ կոճղի նման կոպիտս, կարո՞ղ եմ հանգչել քո վառ սպիտակ մորթի վրա՝ առանց այն մթագնելու։ Աստված երկնքում է, թագավորն իր գահին, արևը՝ հաղթական բարձրության վրա․ բայց աստվա՞ծ եմ ես արյոք, թագավոր կամ լո՞ւյս, որ այսքա՜ն մոտ եմ քեզ։ Օ՜, մետաքսից ավելի փափուկ վարսեր։ Նելե՛, ես խենթանում եմ, դիվոտում եմ։ Բայց մի՛ վախենա, հոգյա՛կս։ Ի՞նչ փոքրիկ է ո՜տքդ։ Ինչից է նա այսքան ճերմակ։ Կաթո՞վ են լվացել։
 
Նելեն ուզեց վեր կենալ։
 
― Ինչի՞ց ես վախենում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Արևի՞ց, որ շողշողում է մեր գլխի վրա և ամբողջովին ոսկեզօծում քեզ։ Մի՛ խոնարհիր աչքերդ։ Նայի՛ր, ինչ վառ կրակ է այրվում իմ աչքերի մեջ։ Լսի՛ր, սիրելի՛ս, ակա՛նջ դիր, կեսօրվա լուռ ժամն է այժմ․ հողագործը գնացել է տուն՝ ապուրն ուտելու, մենք էլ մեր սիրով չե՞նք կշտանալու։ Ինչո՞ւ չկարողանամ հազար տարի ապրել և հնդկական մարգարիտներ շարել ծնկներիդ վրա։
 
― Ճարտարախո՜ս, ― ասաց Նելեն։
 
Արև արքան փայլում էր սայլակի սպիտակ ծածկույթի վրա, մի արտույտ ճռվողում էր երեքնուկների միջից, և Նելեն խոնարհել էր գլուխը Ուլենշպիգելի ուսին։
 
 
===III===
 
 
Այդ միջոցին վերադարձավ Լամմեն՝ քրտինքի մեջ կորած և դելֆինի պես ֆսսալով։
 
― Ավա՜ղ, վատ աստղի տակ եմ ծնված, ― ասաց նա։ ― Երկար վազելուց հետո հասա այդ կնոջ մոտ, որ իմ կինը չէր և տարիքն առած էր, նրա դեմքից նկատեցի, որ մի քառասունհինգ տարեկան կլիներ, իսկ գլխանոցից հասկացա, որ ամենևին ամուսնացած չէր եղել։ Նա բարկացած հարցրեց ինձ, թե տռզած փորս առած ի՛նչ էի եկել անելու մարգագետնում։
 
― Փնտրում եմ կնոջս, որ ինձ թողել է, ― պատասխանեցի քաղցրությամբ, ― և ձեզ նրա տեղը դնելով՝ վազեցի եկա այստեղ։
 
Այս խոսքի վրա տարիքոտ աղջիկն ինձ ասաց, որ միակ բանը, որ կարող եմ անել, այն է որ վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ, և եթե իմ կինը թողել է ինձ՝ շատ լավ է արել, քանի որ բոլոր տղամարդիկ էլ ավազակ են, անպիտան, հերետիկոս, ապօրեն, թունավորող, աղջիկներին (նույնիսկ տարիքոտ) խաբող, և եթե ես համառեմ մնալ ու անմիջապես փասա֊փուսես չհավաքեմ՝ իր շան բաժինը կդարձնի ինձ։
 
Այդպես էլ արի՝ ոչ առանց վախենալու, որովհետև նկատեցի մի մեծ գամփռ, որ պառկել էր նրա ոտքերի մոտ ու գռմռում էր։ Երբ դուրս եկա նրա դաշտի սահմանից՝ նստեցի և կազդուրվելու համար կերա քո տված ճուռի միսը։ Այդ միջոցին ես գտնվում էի երեքնուկի երկու արտի միջև․ հանկարծ մի աղմուկ լսեցի իմ հետևից և շրջվեցի․ տեսա տարիքոտ աղջկա խոշոր գամփռը, բայրացակամությամբ և ախորժակը սրած օրորում էր պոչը։ Նա աչք ուներ իմ ճուռի վրա, ուստի մի փոքրիկ կտոր տվի նրան, երբ հանկարծ վրա հասավ նրա տիրուհին ու գոռաց․
 
― Կծի՛ր, կծի՛ր դրան, որդյա՛կս։
 
Ես սկսեցի վազել՝ վարտիքիցս կախված տանելով գամփռին, որը նրանից պոկեց մի կտոր՝ հետն էլ մի կտոր իմ մսից։ Բայց ցավից սաստիկ զայրացած՝ շրջվեցի նրա կողմը և մահակովս այնպիսի փառավոր հարված հասցրի նրա առջևի թաթերին, որ առնվազն մեկը ջարդեցի։ Այդ միջոցին նրա տիրուհին հող էր շպրտում վրաս՝ քար չլինելու պատճառով, ես էլ վազում էի։
 
Դե հիմա ասեք, անսիրտ ու անարդար բան չէ՞, որ մի աղջիկ բավականաչափ գեղեցկություն չունենալու պատճառով ամուսին չի գտել և դրա վրեժը ինձ պես խեղճ ամեղներից է լուծում։
 
Այնուամենայնիվ տխուր֊տխուր հասա այն պանդոկը, որ դու ասել էիր՝ հուսալով մխիթարության գարեջուր գտնել այդտեղ։ Սակայն հուսախաբ եղա, որովհետև ներս մտնելով տեսա մի մարդ ու կին իրար հետ կռիվ անելիս։ Հարցրի, թե չե՞ն բարեհաճի ընդհատել իրենց ճակատամարտը, որպեսզի մի աման գարեջուր տան ինձ՝ լինի մեկ կամ վեց լիտր։ Բայց կինը՝ մի իսկական stokfisch,<ref>Ապխտած ձուկ (ֆլամանդ)։</ref> կատաղած ինձ պատասխանեց, որ եթե անմիջապես չհեռանամ՝ ինձ կերցնել կտա այն փայտե ոտնամանը, որով խփում էր իր մարդու գլխին։ Եվ ահա հիմա այստեղ եմ, բարեկա՛մս, խիստ քրտնած և ուժասպառ․ ուտելու բան չունե՞ս։
 
― Ունեմ, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Վերջապե՜ս, ― գոչեց Լամմեն։
 
 
===IV===
 
 
Եվ այսպես համախբված շարունակեցին նրանք ճանապարհը։ Իշուկն ականջները կախած քաշում էր սայլակը։
 
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ―հիմա մենք չորսովս լավ ընկերներ ենք․ էշը՝ աստծու անասունը, որ դաշտերում ուղտափուշ էր գտնում֊ուտում, դո՛ւ բարեմիտ ցմփորդ, որ փնտրում ես նրան, ով քեզնից խույս է տվել, այս քնքուշ սրտով անուշիկ աղջիկը, որ գտել է նրան, որ արժանի չէ իրեն, ուզում եմ ասել ինձ՝ որ կազմում եմ չորրորդը։
 
Դե հիմա, տղե՛րք․ սրտներդ պինդ պահեք։ Տերևները դեղնում եմ, և աստղերն ավելի շողշողուն կդառնան․ շուտով արև արքան կթաքնվի աշնանային թուխպերի մեջ․ կգա ձմեռը՝ մահվան պատկերը և ձյունե պատանքով կծածակի նրանց, ովքեր քնած են մեր ոտքերի տակ, իսկ ես կգնամ փնտրելու մեր հայրենական հողի բախտավորությունը։ Խե՜ղճ հանգուցյալներ՝ Սոոտկին, որ մեռար կսկիծից, Կլաաս, որ մեռար խարույկի վրա․ բարությա՛ն կաղնի և սիրո՛ բաղեղ, ես ձեր շառավիղը՝ խիստ տանջվում եմ և քո վրեժը կլուծեմ, թանկագին աճյուն, որ բախում է կրծքիս։
 
― Չպետք է ողբալ նրանց, որոնք մեռնում են ճշմարտության համար, ― ասաց Լամմեն։
 
Սակայն Ուլենշպիգելը մնում էր մտախոհ, հանկարծ նա ասաց․
 
― Այա ժամը, Նելե՛, հրաժեշտի, երկարատև հրաժեշտի ժամ է․ և գուցե այլևս երբեք ես չտեսնեմ քո անուշիկ դեմքը։
 
Նելեն նայում էր նրան՝ աստղերի պես փայլփլուն իր աչքերով։
 
― Ինո՞ւ չես իջնում այս սայլակից, ― ասաց նա, ― որպեսզի միասին գնանք անտառ, ուր պատվական սնունդ կգտնենք, որովհետև ես ճանաչում եմ բույսերը և գիտեմ հրապուրել թռչուններին։
 
― Աղջի՛կ, ― ասաց Լամմեն, ― լավ չես անում, որ ուզում ես Ուլենշպիգելին հետ պահել ճանապարհից, քանի որ նա պետք է փնտրի Յոթնյակը և ինձ օգնի գտնելու կնոջս։
 
― Բայց ո՛չ հիմա, ― ասում էր Նելեն ու լաց լինում՝ արցունքների միջից քնքշագին ժպտալով Ուլենշպիգելին, որն այդ տեսնելով ասաց․
 
― Կնոջդ գտնելու միշտ էլ ժամանակ կունենաս, երբ որ ուզենաս մի նոր ցավ ու տանջանք ձեռք բերել։
 
― Թի՛լ, ― ասաց Լամմեն, ― մի՞թե ուզում ես ինձ մենակ թողնել այս սայլակում այդ աղջկա պատճառով։ Հարցին չես պատասխանում և մտածում ես անտառի մասին, ուր Յոթնյակը չի լինի, ոչ էլ իմ կինը։ Ավելի շուտ եկ նրան որոնենք այս քարապատած ճանապարհի վրա, ուր այնքան լավ թավալվում են սայլակների անիվները։
 
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― սայլակում մի լեցուն որսապարկ կա, այնպես որ քաղցից չես մեռնի՝ եթե առանց ինձ այստեղից գնաս Քյոլկերքե, ուր ես կմիանամ քեզ։ Դու մենակության մեջ կարող ես ավելի հեշտ իմանալ, թե դեպի ո՛ր գլխավոր կետը պիտի ուղղվես կնոջդ գտնելու համար։ Ականջդ բաց ու լսի՛ր։ Այս արագությամբ սայլակովդ կգնաս և երեք լիյո անցնելուց հետո կտեսնես Քյոլկերքեն՝ Զով եկեղեցին, որ այդպես է կոչվում նրա համար, որ չորս քամիներից միաժամանակ ծեծվում է, ինչպես որ շատ ուրիշ եկեղեցիներ։ Զանգակատան ծայրին մի հողմացույց կա, այսինքն աքլորի մի խրտվիլակ, որ պտտվում է իր ժանգոտ ծխնիների վրա։ Այդ ծխնիների ճռռոցն էլ հենց իրենց բարեկամներին կորցրած խեղճ մարդկանց ցույց է տալիս, թե ի՛նչ ուղղությամբ պետք է բռնեն նրանց գտնելու համար։ Բայց նախ և առաջ պետք է զանգակատան ամեն մի պատին յոթ անգամ խփել ընկուզենու ճիպոտով։ Եթե ծխնիները ճռռան հյուսիսային քամին փչելիս՝ նշանակում է, թե պետք է գնալ այդ ուղղությամբ, զգույշ կերպով, որովհետև հյուսիսային քամին պատերազմի քամի է․ եթե հարավից փչի՝ ուրախ֊զվարթ գնա՝ այդ կողմը, որովհետև դա սիրո քամին է․ եթե արևելքից՝ ո՛տք առ ու վազի, որովհետև դա ուրախությունն է ու լույսը․ եթե արևմուտքից՝ կամա՛ց գնա, որովհետև դա անձրևի ու արցունքի քամին է։ Գնա՝, Լամմե, գնա՛ Քյոլկերքե և ինձ սպասի՛ր։
 
― Գնում եմ, ― ասաց Լամմեն։
 
Եվ սայլակով մեկնեց։
 
Երբ Լամմեի սայլակը առաջանում էր դեպի Քյոլկերքե՝ սաստկաշունչ, բայց գաղջ քամին երկնքից ոչխարի հոտի պես քշում էր խումբ֊խումբ ընթացող գորշ ամպերը, ծառերը մռնչում էին ալեծուփ ծովի կոհակների պես։ Ուլենշպիգելն ու Նելեն վաղուց մենակ էին անտառում։ Ուլենշպիգելը քաղցած էր․ Նելեն համեղ արմատներ էր որոնում, բայց գտնում էր միայն խոզեկաղին և համբյուրներ՝ որ նրա սիրեցյալն էր տալիս։
 
Ուլենշպիգելը ծուղակներ էր լարել և սուլում էր՝ թռչուններին հրապուրելու համար, որպեսզի բռնածներին խորովեր։ Մի սոխակ թառեց տերևների վրա՝ Նելեի մոտ․ Նելեն նրան չբռնեց, որովհետև ուզում էր, որ երգի․ ապա մի շիկահավ եկավ, Նելեն խղճաց նրան, որովհետև շատ սիրուն ու հպարտ էր․ հետո եկավ մի արտույտ, սակայն Նելեն նրան ասաց, որ լավ կանի, եթե գնա երկնքի վերին ոլորտները ու բնության ներբողը երգի, քան թե ձախողակ կերպով գա խփվելու մահաբեր շամփուրի ծայրը։
 
Բայց այլևս թռչուն չէր գալիս, եթե ոչ մի քանի անպիտան ագռավներ, որոնք կռկռում էին խիստ բարձր՝ նրանց գլխավերևում։ Եվ, այդպիսով, Ուլենշպիգելը բան չկերավ։
 
Այնուամենայնիվ Նելեն ստիպված էր մեկնել և վերադառնալ Կատլինի մոտ։ Նա քայլում էր լաց լինելով, իսկ Ուլենշպիգելը հեռվից նայում էր նրան։ Սակայն Նելեն հետ եկավ ու նետվեց նրա գիրկը։
 
― Ես գնում եմ, ― ասաց նա։
 
Ապա մի քանի քայլ արեց, նորից հետ եկավ և նորից ասաց․
 
― Ես գնում եմ, հեռանում եմ։
 
Եվ այսպես մի քսան անագամ ու, նույնիսկ, ավելի։
 
Հետո նա գնաց, և Ուլենշպիգելը ճամփա ընկավ Լամմեին գտնելու։
 
Եվ երբ հասավ նրան՝ տեսավ Լամմեին աշտարակի ստորոտին նստած ոտքերի միջև մի խոշոր աման գարեջուր դրած և խիստ տխրագին կերպով ընկուզենու ճիպոտը կրծելիս։
 
― Ուլենշպի՛գել, ― ասաց նա, ― ես կարծում եմ, որ դու ինձ այստեղ ուղարկեցիր միայն նրա համար, որ մենակ մնաս այն աղջկա հետ․ ինչպես որ պատվիրել էիր՝ ընկուզենու ճիպոտով յոթ անգամ խփեցի աշտարակի ամեն մի կողին, և քամին թեև սատանի պես փչում էր, բայց ծխնիներն ամենևին ձայն չեն հանել։
 
― Անպատճառ յուղած կլինեն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Ապա վեր կացան ու գնացին դեպի Բրաբանտի դքսությունը։
 
 
=== V===
 
 
Ֆիլիպ արքան՝ մռայլ, ամբողջ օրը, նույնիսկ գիշերները, անդուլ֊անդադար թղթեր ու մագաղաթներ էր մրոտում։ Դրանց էր նա վստահում իր կարծր, դաժան սրտի մտածմունքները։ Ոչ ոքի չսիրելով այս կյանքում, իմանալով, որ ոչ ոք չի սիրում իրեն՝ ուզում էր միայնակ կրել իր հսկայական կայսրությունը․ բայց որովհետև ցավագար Ատլաս<ref>Ըստ հունական դիցաբանության, Ատլասը (Ատլանտը), Զևսի որդին, դատապարտված էր իր ուսերի վրա կրելու երկրագունդը։ Նրա անունից էլ Ատլաս լեռները, Ատլանտյան օվկիանոսը։</ref> էր, ապա կքում էր ծանր բեռան տակ։ Լինելով թուլակազմ ու մելամաղձոտ՝ այդ ծայրահեղ աշխատանքը կրծում էր նրա թույլ մարմինը։ Ատելով ամեն մի ուրախ դեմք՝ նա ատում էր մեր երկիրը իր զվարթության համար, ատում էր մեր ազնվականներին իրենց ազատախոսության համար, իրենց անկաշկանդ շարժուձևերի, անկեղծ ու պարզ կենսուրախության համար։ Նա գիտեր, նրան ասել էին, որ հնում, դեռ շատ առաջ այն բանից, երբ կարդինալ դը Կուզան մոտավորապես 1380 թվականին նշեց եկեղեցու զեղծարարությունները և քարոզեց բարենորոգումների անհրաժեշտություն՝ ընդվզումը պապի և կաթոլիկ եկեղեցու դեմ մեր երկրում երևան էր եկել տարբեր աղանդների ձևով և բորբոքում էր բոլորի մտքերը՝ ինչպես եռացած ջուրը փակ կաթսայում։
 
Որպես մի կամակոր ջորի՝ նա կարծում էր, որ իր կամքը պետք է աստծու պես ծանրանա ամբողջ աշխարհի վրա․ նա ուզում էր, որ հնազանդվելու սովորույթ չունեցող մեր երկիրը կռանա հին լծի տակ՝ առանց որևէ բարենորոգման։ Նա ուզում էր տեսնել կաթոլիկական֊հռոմեական առաքելական մայր եկեղեցին միասնական, տիեզերական՝ առանց որևէ ձևափոխման կամ փոփոխության, ընդ որում այդ բանն ուզելու միակ պատճառաբանությունն այն էր, որ ինքն այդպես էր կամենում, այդ խնդրում վարվելով թեթևաբարո մի կնոջ պես․ և գիշերներն իր անկողնի մեջ շարունակ անհանգիստ խլրտում էր, ինչպես փշե օթոցի վրա՝ անվերջ իր մտածմունքներից տանջվելով։
 
― Այո, սուրբ Փիլիպոս, այո, տե՛ր աստված, եթե պետք լինի՝ ամբողջ Նիդեռլանդիան կդարձնեմ մի համայնական փոս և բորոր բնակիչներին կնետեմ այդտեղ․ նրանք կգան քեզ մոտ, իմ աստվածամերձ հովանավոր, քեզ մոտ էլ, ո՜վ սուրբ կույս, և ձեզ մոտ՝ արքայության սրբեր ու սրբուհիներ։
 
Եվ նա փորձեց լինել այնպես, ինչպես ասում էր․ և այդպիսով նա ավելի հռոմեական եղավ, քան պապը, ավելի կաթոլիկ, քան եկեղեցական ժողովները։
 
Եվ Ուլենշպիգելն ու Լամմեն, Ֆլանդրիայի ու Հոլանդիայի ժողովուրդը դողը սրտում կարծես հեռվից տեսնում էին Էսկորիալի<ref>Մադրիդից 50 կմ հեռու գտնվող արքայական խոշոր պալատ ու վանք, որ կառուցվել էր հենց նույն Ֆիլիպ II֊ի հրամանով։</ref> մռայլ կացարանում այդ թագակիր սարդին՝ իր երկար թաթերով, աքցանները բաց արած, ոստայնը հյուսելիս՝ նրանց պարուրելու և նրանց մաքուր արյունը ծծելու հաամր։
 
Պապական ինկվիզիցիան Կառլոս V֊ի օրոք թեև հարյուր հազար քրիստոնյա էր սպանել՝ խարույկների վրա այրելով, ողջ֊ողջ թաղելով ու կախաղան հանելով, թեև խեղճ դատապարտյալների ունեցվածը մտել թտ կայսր֊ թագավորի սնդուկները՝ կոյուղին լցվող անձրևա ջրի պես, այնուամենայնիվ Ֆիլիպը դա բավական չհամարեց․ նա նոր եպիսկոպոսներ նշանակեց ամենուր և հավակնեց իսպանական ինկվիզիցիան այդտեղ մտցնել։
 
Եվ քաղաքների մուտնետիկները շեփորի ու թմբուկների ուղեկցությամբ ամենուրեք կարդացին հրովարտակներ, որոնցով հայտարարվում էր, թե ամենայն հերետիկոս՝ մարդ, կին, աղջիկ՝ խարույկամահ կարվեն, եթե իրենց մոլորությունը չխոստովանեն․ կանայք ու աղջիկները ողջ֊ողջ կթաղվեն․ և դահիճը կպարի նրանց մարմինների վրա։
 
Եվ դիմադրության կրակը համակեց ամբողջ երկիրը։
 
 
===VI===
 
 
Ապրիլի հինգին, զատկից առաջ Լյուդովիկոս Նասաուան, Կուլեմբուրգը, Բերեդերոդեն՝ հերկուլեսյան խմողը՝ երեք հարյուր այլ ազնվականների հետ մտան Բրյուսելի պալատը, երկրի կառավարչուհու մոտ։ Շարժվելով ըստ ավագանիության և չորս֊չորս՝ նրանք բարձրացան պալատի մեծ սանդուղքը։
 
Մտնելով այն սենյակը, ուր գտնվում էր կառավարչուհին, նրանք դքսուհուն ներկայացրին մի խնդրագիր, որով հայցում էին որևէ կերպ Ֆիլիպ արքային համոզել վերացնելու այն հրովարտակները, որոնք վերաբերում էին կրոնին, ինչպես և իսպանական ինկվիզիցիային՝ հայտարարելով, որ մեր դժգոհ երկրում դրանից կարող են առաջանալ միայն խռովություններ, ավերածություն և ընդհանուր թշվառություն։
 
Եվ այդ խնդրագիրն անվանվեց Կոմպրոմիս։
 
Բեռլեյմոնը, որ հետագայում այնքան դավաճան ու դաժան եղավ պապենական երկրում, նորին բարձրության կողքին էր գտնվում և նրան ասաց՝ ծաղրելով մեր ազնվական դաշնակիցներից մի քանիսի աղքատությունը․
 
― Տիկին, ոչ մի բանից մի վախենաք, սրանք լոկ գյոզեր<ref>Ֆրանսիական gueux բառը նշանակում է խիստ աղքատ, մուրացիկ։ Բեռլեյմոնի այդ անարգական բառը հետագայում ընդգրկեցին Ֆիլիպ II֊ի դեմ ապստամբած բոլոր նիդեռլանդցիերը, ուստի և թողնում ենք նույնությամբ՝ առանց թարգմանելու։</ref> են։
 
Սրանով ուզում էր ասել, որ այդ իշխանները քայքայված էին թագավորի ծառայության մեջ կամ թե այդ վիճակին էին հասել՝ ցանկանալով իրենց պերճանքով հավասարվել իսպանական սինյորներին։
 
Տյար Բեռլեյմոնի խոսքն արհամարած լինելու համար իշխանները հետագայում հայտարարեցին, «պատիվ են համարում իրենց թագավորի ծառայության և այս երկրի բարօրության համար նկատվել ու անվանվել գյոզ»։
 
Նրանք սկսեցին կրել վզից կախված ոսկե մեդալ, որի մի կողմը արքայի պատկերն էր, իսկ մյուս կողմը՝ աղքատի մախաղի միջով իրար սեղմող երկու ձեռք՝ հետևյալ մակագրությամբ․ «Հավատարիմ ենք արքային մինչև աղքատի մախաղը»։ Նրանք կրում էին նաև իրենց փեղույրների ու գլխարկների վրա ոսկե զարդեր՝ մուրացկանի փայտաման և գդակ պատկերող։
 
Այդ միջոցին Լամմեն ամբողջ քաղաքում ման էր ածում իր տռզած փորը՝ որոնելով իր կնոջը և չէր գտնում։
Ադմին, Վստահելի
1876
edits