Changes
/* VII */
«Տուո՜ւ, տուո՜ւ֊տուո՜ւ», ― լսվում է հեռվից, ասես կովի բառաչ։ Գիշերապահն է եղջերափողը հնչեցնում։
===VIII===
Շտեպանը լծում է սայլը։
― Բարի լույս, պան։ Ուզո՞ւմ եք մարգագետինը տեսնել։
Յուրայը մռայլվում է։ Ես աղայի վերակացո՞ւ եմ, ինչ է, որ սայլակով գնամ հողերը նայելու։ Ասենք, ինչու չգնա։ Տանը անելիք չունի․ խոտհարք էլ չկա։ Միգուցե աչք ածի Պոլանայի տիրություններին։
Շտեպանը քաթանե լայն վարտիք է հագել ու կապույտ գոգնոց։ Իսկույն երևում է՝ տափաստանի ծնունդ է։ Եվ թխադեմ է գնչուի պես։ Ձիերին հայ֊հույ է անում, և սայլակը դղրդոցով ու զնգոցով թռչում է առաջ։ Յուրայը կառչում է սայլակին, իսկ Շտեպանը կանգնել է՝ գլխարկը թեքած ծոծրակին ու սանձերը բարձր պահած։ Նա մտրակը թափահարում է ձիերի մեջքի վերևում։ Դե, դե, կամաց, հարկ չկա շտապելու։
― Լսիր, ― դժգոհությամբ մռթմռթում է Յուրայը, ― ինչո՞ւ ես սանձերը այդպես ուժով ձգում։ Մի տես ձիերը ոնց են մռութները թափ տալիս։ Ախր դա նրանց ցավ է պատճառում։
Շտեպանը շուռ է գալիս քմծիծաղով։
― Պան, էդպես է հարկավոր։ Որպեսզի գլուխները բարձր պահեն։
― Ինչո՞ւ, ― առարկում է Հորդուբալը։ ― Թող ինչպես սովոր են, այնպես էլ պահեն։
― Դրա համար լավ գին են տալիս, պան, ― բացատրում է Շտեպանը։ ― Ամեն գնորդ առաջ ու առաջ նայում է, թե ձին գլուխը ոնց է պահում։ Հապա նայեք, պարոն, նայեք, թե ինչ շախով են վազում՝ միայն ետևի ոտքերով, իսկ առջևինները էնպես շարժում են միայն։ Ն֊նո՜։
― Դե, այդպես մի քշիր նրանց, ― խնդրում է Հորդուբալը։
― Թող սովորեն վազել, ― անտարբերությամբ առարկում է Շտեպանը։ ― Հանգիստ ձիուց ի՞նչ օգուտ, պան։
«Տեսնես Պոլանային ո՞նց է տանում, ― մտածում է Հորդուբալը։ ― Երևի ամբողջ գյուղը շուռ է գալիս՝ հրեն սայլի մեջ նստած գալիս է Հորդուբալի կինը։ Դե, ուղղակի կալվածատիրուհի։ Հպարտ, ձեռքերը ծալած կրծքին։ Իսկ ինչո՞ւ չպետք է հպարտ լինի։ Փառք աստծու, Պոլանան նման չի ուրիշ կանանց։ Ամրակազմ է, սոճու նման շեփ֊շիտակ։ Այնպիսի տուն է շինել, ոնց որ կալվածատիրոջ դաստակերտ, մի զույգ ձիու դիմաց վերցրել է յոթ հազար, ուրեմն կարելի է գլուխը բարձր պահել։ Այդ բանը միշտ էլ օգտակար է, եղբայրներ»։
― Հրեն տափաստանը, ― մտրակով ցույց է տալիս Շտեպանը։ ― Մինչև այն ակացիաները ամբողջ հողը պատկանում է տիրուհուն։
Հորդուբալն իջնում է սայլակից ամբողջովին ջարդված։ Համա թե թափ տվեց, սատանան։ Ուրեմն, սա՞ է տափաստանը։ Ճշմարիտ է, խոտը հասնում է մինչև գոտկատեղը, բայց խիստ չոր է ու կոշտ։ Դե չէ, հեքիաթներ մի պատմի, այստեղ ի՞նչ ճակնդեղ ցանես։
Մանյան քորում է ծոծրակը։
― Էն կտորն էլ որ առնենք, պան, կարելի է թեկուզ երեք տասնյակ ձի պահել։
― Չէ, առարկում է Հորդուբալը։ ― Ախր խոտը բոլորովին չոր֊չոր է, մեջը ճարպի կտոր չկա։
― Իսկ ճարպն ինչի համար է, ― քմծիծաղում է Շտեպանը։ ― Ձին պիտի լղար լինի, պան, չոր֊չոփ։ Հո նրան մորթելու համար չեն գիրացնում։
Հորդուբալը չի պատասխանում։ Նա մոտենում է ձիերին, շոյում նրանց մռութները։
― Դե, դե, պստլիկ, ապրես, մի վախենա․․․ Ի՞նչ ես ականջներդ պտտում։ Այ թե խելոքն ես դու։ Դե, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես գետինը սմբակով դոփում։
Շտեպանը արձակում է ձիերին, շտկվում տեղում ու խստությամբ նկատում․
― Ձիերի հետ չի կարելի խոսել, պան։ Կփչանան։
Հորդուբալը արագ շուռ է գալիս։ Այդպիսի հանդգնություն, այն էլ տիրոջ նկատմամբ։ Չէ, նա երևի հենց այնպես։ Չի ուզում, որ ձիերն իրեն վարժվեն։ Դե, գրողի տարած, ես քո գործերին չեմ էլ խառնվի։ Դե֊դե, մի չարանա։
Շտեպանը ձիերին բաց է թողնում՝ արածեն ու վերցնում է գերանդին՝ խոտ հնձելու։ Է՛խ, հիմար, պիտի մի գերանդի էլ վերցնեիր հետդ, ― հառաչում է Յուրայը և սկսում դիտել Ծուռփեշի վերևի արտերը։ Այ թե իսկական հողերը որտեղ են։ Ճիշտ է, քար շատ կա, բայց փոխարենը կարտոֆիլ է աճում, վարսակ, հաճար։ Ահա այստեղ հաճարը դեռևս հնձած չի, իսկ այնտեղ արդեն խրձեր են կապում։
― Շտեպան, իսկ մեր վերևի արտը ո՞վ է գնել։
― Պյոսա անունով մեկը։
― Հըմ, Պյոսան։ Անդրեյ Պյոսան ― Հուսարը։ Ահա թե ինչու այն ժամանակ պանդոկում չմոտեցավ իրեն։ Ամաչում է, որ հողը խաբխբելով առել է կնիկարմատից։ Յուրայը նայում է վերև։ Տարօրինակ է։ Ասես Հորդուբալի արտը սարերից իջել ու փռվել է այստեղ, տափաստանում․․․
― Իսկ Ռիբարին որտե՞ղ է, ― հետաքրքրվում է Հորդուբալը։ ― Այնտեղ, ներքևո՞ւմ։
― Հրեն, այնտեղ է, ― ասում է Շտեպանը։ ― Այն կողմը։ Այստեղից մի երեք ժամվա ճամփա է։
― Երեք ժամվա՜։ Նշանակում է՝ մոտ չի։
Հորդուբալը պարապությունից մի ծղոտ է պոկում ու ծամում։ Խոտը մի տեսակ թթված է, ճռճռան։ Չէ, մեզ մոտ, սարերում, խոտը բոլորովին այլ համ ունի ու թունդ ուրցի հոտ է արձակում։ Յուրայը քայլում է տափաստանով ավելի ու ավելի հեռու։ Այ քեզ տափարակ, ոչինչ չի երևում, միայն երկինքը, այն էլ ինչ֊որ փոշոտ է, ոչ այնպես, ինչպես սարերում։ Ահա և եգիպտացորենի արտը։ Իսկապես էլ, եգիպտացորենը բարձր է , մարդահասակ, իսկական թփուտ։ Իսկ օգուտն ինչ։ Միգուցե լավ լիներ խոզեր բաց թողնել այստեղ։ Արտը ուրիշ բան է, ոնց որ մուշտակ։
Ակացի՞ա։ Յուրայն ակացիա չի սիրում։ Այնտեղ, վերևում, վայրի սալորենի է աճում ու մասրենի, արոս ու գիհի, և ոչ մի անպետք ակացիա։
Մանյան իր գոգնոցով ու երկարաճիտ կոշիկներով արդեն աչքից կորավ։ Ինչպե՞ս թե ձիերի հետ չխոսել։ Ձին խելոք կենդանի է, կովից ոչ վատ։ Խոսքերից նա ավելի հնազանդ է դառնում։
Տափաստանը փռվել է Յուրայի դեմ, թախիծով պարուրելով նրան։ Ասես ծով լինի՝ որ կողմ նայում ես, ամենուրեք նույն բանն է։ Յուրայը գլուխը վեր բարձրացրեց՝ սարերին նայելու։ Էխ դուք, սարեր, սարեր, հարթավայրը ձեզ էլ է փոքրացնում, աննկատելի դարձնում։ Հապա բարձրացիր սարը, այն ժամանակ կհասկանաս, թե դա ինչ է։ Եվ Յուրայը, չդիմանալով, ուղղվում է դեպի տուն ոտքով, ձեռքը թափ տալով Շտեպանի ու նրա սայլակի վրա։ «Ճամփին աչք կածեմ ցորենի արտերին», ― մտածում է նա։
Հորդուբալը քայլում է ամբողջ մի ժամ, իսկ սարերը դեռևս հեռու են։ Այ թե շոգ է այստեղ ու հով էլ չի խաղում․ այս էլ ձեր տափաստա՜նը։ Շտեպանը ինձ ո՞ւր է բերել։ Մի գլուխ շտապեցնում էր ձիերին, և ահա հասել ենք աշխարհի ծայրը։ Պոլանայի ձիերը կրակոտ ձիեր են։ «Հանգիստ ձիուց ի՞նչ օգուտ, պան»։
Ուղիղ երկու ժամ է, ինչ Հորդուբալը քայլում է։ Փառք աստծու, վերջապես ահա և գյուղը։ Գնչուական աղքատ մի թափառախումբ վրան է զարկել բանգի ու գժախոտի մացառուտում։ Ահա և ճամփեզրի դարբնոցը։ Գլխում ծագած անակնկալ մտքից Հորդուբալը կանգ է առնում։ Սպասիր, Պոլանա, ես քեզ կուրախացնեմ։ Նա շուռ է գալիս դարբնոցի կողմը։
― Է՛յ, վարպետ, ինձ համար մի կեռ պատրաստեք։
― Ի՞նչ կեռ։
― Դռան սովորական կեռ, որ փակեն։ Ես կսպասեմ։
Դարբինը Հորդուբալին չի ճանաչում՝ դարբնոցում մութ է, քուրան էլ աչք է կուրացնում։ Կեռ ես ուզում, խնդրեմ։ Դարբինը դղրդյունով ծեծում է երկաթը։
― Իսկ ինչ կասեք, դարբին, Հորդուբալովայի ձիերը լա՞վն են։
― Ձիե՜ր եմ ասել․ ոչ թե ձիեր են, այլ սատանաներ։ Միայն թե, քեռի, դրանք աղաների համար են, ոչ թե գյուղական աշխատողի։ Իսկ դրանց պայտելը իսկական փորձանք է։ Երկու ջահել հազիվ են պահում էդ տեսակ սատանային։
Հորդուբալը նայում է շիկացած երկաթի կտորին։ Այո, Պոլանա, քո տնտեսության համար մի բան կբերեմ։
― Եվ այդպիսի ձին թանկ արժի, հը՞, դարբին։
― Թող կայծակը զարկի ինձ, ― թքում է դարբինը։ ― Լսել եմ, որ նրա համար ութ հազար են ուզում։ Էդքան փողը մի ձիու համար։ Իսկ ի՞նչ օգուտ նրանից։ Էդպիսի սատանի ծնունդը հենց որ սկսեց կաղալ՝ վերջ։ Ինչ եմ ասել գյուղական մալած ձիուն։ Մեջքը ոնց որ սեղան, դոշը՝ ժամի երգեհոնը քեզ օրինակ։ Ինչ ասել կուզի։ Էդ հնում էր, որ ձիեր կային։ Իսկ հիմի տրակտորն է։ Ասում են, կալվածատերն իր մարգագետինը ծախում է․ իբրև թե՝ խոտն ինչին է, ու ձիերն էլ բանի պետք չեն, հիմի ամեն տեղ էլ մեքենաներն են աշխատում։
Հորդուբալը գլխով է անում։ Ճիշտ է, մեքենաները, ոնց որ Ամերիկայում։ Հարկավոր է հետևել, որ Պոլանան հիմարություն չանի։ Մեկ էլ տեսար՝ մեքենաներ հայտնվեցին, այն ժամանակ ձիերն ի՞նչ անել։ Բանն էլ հենց այդ է։ Չէ, չէ, Պոլանա, ես իմ դոլարները չեմ տա մարգագետին առնելու։ Արտը և կովը ուրիշ բան, իսկ մեքենայով փոր չի կշտանա։ Ինչպե՞ս։ Կարծում ես, թե արտից ու կովերից եկամուտ չկա՞։ Հետո ինչ․ գուցե և չկա, բայց հո հացն ու կաթը քո սեփականն են։ Այդպիսի բաներ։
Վերցնելով դեռևս չսառած երկաթի կտորը, Հորդուբալն շտապում է տուն։ Կարծես Պոլանան ճաշ է պատրաստում։ Յուրայը սանդուղքով գողեգող բարձրանում է չարդախ ու կեռը ներսից ամրացնում դռանը։ Ահա, հիմա էլ ծխնին․․․
Պոլանան սանդուղքով բարձրանում է վերև ու, հոնքերը կիտելով, նայում, թե Հորդուբալն ինչ է պատրաստում։ Չէ, չի հարցնում, միայն նայում է սևեռուն հայացքով։
― Պատրաստ է, Պոլանա, ― փնթփնթում է Հորդուբալը, ― այստեղ կեռ ամրացրի, որ կարողանաս ներսից փակել։
===IX===
Հիմար բա՞ն է ստացվում, Յո՛ւրա, Յուրա՜յ։ Շրջում ես բակում, աչք ածում չորս կողմ ու չես իմանում՝ ինչի ձեռք զարկես։ Կաղա՞մբ տնկես։ Դա տղամարդու գործ չի։ Հավերին կո՞ւտ տաս։ Խոզերի՞ն կերակրես։ Դա էլ կնկա գործ է։ Փայտն արդեն սղոցել, կոտորել ես, ցանկապատը նորոգել, տախտակներից էլի մանր֊մունր բաներ շինել, իսկ հիմա պարապ֊սարապ թրևում ես, ոնց որ ծերուկ Կիրիլը, որ հրեն այնտեղ, Միհալ Հերպակի բակում, մորուքն է տմբտմբացնում։ Իսկ հարևան կնանիք բամբասում են՝ լավ տնատեր է, ձեռքերը գրպանները դրած հորանջում է մինչև ականջները։ Կամա՛ց, ծնոտդ ցած չընկնի։
Մանյան ներքևում է, մարգագետնում։ Հետո՞ ինչ։ «Ձիերի հետ չի՜ կարելի խոսել» ― և վերջ։ Մնա այստեղ մեն֊մենակ ցցված, ինչիս է քո տափաստանը։ Դրան տես, այս բատրակին, աստված գիտի՝ որտեղից է լույս ընկել ու դեռ սովորեցնում է․ «Լավ կլիներ, պան, էս անեիք, էն անեիք»։ Ինձ սովորեցնելը քո գործը չի։ Փայտից ինչ որ կարելի է պատրաստել, այդ կանեմ․․․ Առաջ անտառ էի հատում, իսկ հիմա ասում են փայտի պահանջ էլ չկա։ Ծառերը կանգնած փտում են, իսկ սղոցարանները չեն աշխատում։
Աստված իմ, մնում է միայն կով պահել։ Ոչ թե երկու հատ, ― մարդիկ ձեռ կառնեն, ― այլ մի դյուժին։ Քշել նրանց Եզան Կուզ, հետն էլ կացին առնել՝ արջերից պաշտպանվելու համար։ Եվ ոչ ոք չի ասի՝ մի խոսիր կովերի հետ։ Անասունի վրա պետք է բղավել։
Բայց Պոլանան լսել անգամ չի ուզում, իբրև թե՝ մսավաճառը մի կովին ութ հարյուր է տալիս, այն էլ ասես շնորհ է անում։ Դե, ինչ մսավաճառ, մսավաճա՜ռ։ Կով կարելի է պահել նաև իր համար։ Բայց եթե չես ուզում, լավ։ Իսկ հովտի մարգագետնի վրա փող չեմ ծախսի։
Կամ լծիր կովերին ու քշիր արտ՝ խուրձ կրելու։ Քայլում ես, քայլում, ձեռքդ դրած լծին՝ է՛յ, է՜յ, իրար եկեք։ Շտապելու հարկ չկա՝ քայլում ես կովերի քելքով, Հորդուբալը Ամերիակյում էլ չսովորեց ուրիշ կերպ քայլել։ Հենց որ խրձերը բարձում ես սայլին, ճաղերից բռնած՝ անիվները պահում, զգում ես, ոնց որ ամբողջ սայլը ձեռքիդ մեջ լինի։ Այն ժամանակ, փառք աստծու, հասկանալի է դառնում, թե ձեռքերն ինչի համար են տրված մարդուն։ Այ դա տղամարդու գործ է, Պոլանա։ Ա՛խ, տեր աստված, դու ողորմա, ի՜նչ պարապություն է, ձեռքերը կորչում են անտեղի։ Եվ ի՜նչ ձեռքեր՝ կտրիճի, ամուր, ամերիկյան․․․
Քեզ համար ինչ, Պոլանա․ քեզ մոտ ամեն ինչ եռում է, միշտ էլ գործ կա, այստեղ հավ ու ճիվ, այնտեղ խոզեր, դեռ հարկավոր է մառան էլ դիպնել։ Իսկ տղամարդու համար ցանկապատի մոտ ցցվելն ամոթ է։ Գոնե ասեիր՝ Յուրայ, այս արա, այն արա։ Իսկ դու թռչում ես նետի պես, մարդ չի հասցնում հետդ մի խոսք փոխանակել։ Ես կարող էի քեզ Ամերիկայի մասին պատմել։ Այնտեղ, Պոլանա, երիտասարդը կարող է և՛ աման լվալ, և՛ ավել անել, և՛ հատակը քերել, ու այդ ամենը ամոթ չի համարվում։ Ամերիկայում կանայք լավ են ապրում։ Դու ահա մռայլվում ես, հենց որ ես ձեռք եմ զարկում մի բանի, իբրև թե՝ չի կարելի, մարդիկ կծիծաղեն։ Դե, ինչ կա որ, թող հիմարները ծիծաղեն։ Ախոռ եմ գնում ձիերին կեր տալու, ջրելու՝ Շտեպանն է նեղանում։ Տեսա՜ր մի՝ ձիերի հետ չի կարելի խոսել։ Նա ամեն ինչ գիտի։ Ման է գալիս չարացած, քիչ է մնում աչքերով ինձ ուտի։ Տանտիրուհու հետ մի խոսք չի փոխանակում, պատասխանում է տհաճությամբ, միայն աչքերն է տնկում վրան։ Չարանում է, երեսը չարությունից դեղնում, ինքն իրեն ուտում է․․․ Պոլանան էլ է նրանից վախենում, ասում է․ «Հաֆյա, գնա Շտեպանին ասա, որ այս բանն անի ու այն բանը, հարցրու Շտեպանին այս ու այս»։ Հաֆյան չի քաշվում։ Ձայն է տալիս՝ քեռի՛, իսկ նա աղջկան օրորում է ծնկին։ «Հաֆյա, այ քուռակն էսպես է վազում, իսկ զամբիկը քայլում է էսպես»։ Ու երգում է։ Իսկ հենց մեկնումեկին տեսավ թե չէ, իսկույն ոնց որ բերանը ջուր առնի, ու ծլկում է ախոռ։
Հորդուբալը ծոծրակն է քորում։ Սատանան գիտե, թե Հաֆյան ինչու է ինձանից վախենում։ Իրեն֊իրեն խաղում է, իսկ հենց որ ես մոտենում եմ, աչքերը չռում է ու աշխատում է ծլկել։ Դե, փախիր, փախիր։ Է՛հ, Հաֆյա, ես քեզ համար խաղալիքներ կպատրաստեի միայն սեղմվեիր ուսիս ու նայեիր, թե ինչ է ստացվում։ Իսկ ինչա՜ն բաներ կպատմեի քեզ Ամերիկայի մասին, աղջիկս․ այնտեղ նեգրեր կան ու անթիվ֊անհամար մեքենաներ․․․ Դե, աստված քեզ հետ, Հաֆյա, գնա քո Շտեպանի մոտ։ Պոլանա, ձեռք մի տուր նրան, ծեծելով ոչ ոքի չես կարող բան սովորեցնել։ Այ, եթե դու նստեիր կողքիս, ու մենք իրար հետ զրուցեինք, Հաֆյան էլ կգար ականջ դնելու, արմունկով կհենվեր ծնկիս։ Այնպիսի բաներ կպատմեի, որ երեխայի բերանը բաց կմնար։ Դե, միգուցե ձմեռը վառարանի մոտ․․․
Ներքև, գյուղամիջում վախեցած սագերը կղկղում են, լսվում է սայլի դղրդյուն՝ այդ Մանյան է վերադառնում։ Յուրայը ձեռքը թափ է տալիս ու գնում ամբարի ետևը։ Չեմ ցցվի այստեղ, նրա հետ քիթ֊քթի։ Բերածը մի խտիտ խոտ է, իսկ աղմուկը ողջ գյուղն է բռնել։ Ամբարի ետևում լավ է, խաղաղ, այնտեղ մարդ ոնց որ դրախտում լինի։ Է՜հ, պարտեզը երեսի վրա են թողել։ Առաջ այստեղ տանձենիներ ու սալորենիներ էին աճում, իսկ հիմա՝ ոչինչ։ Մարդ չկա, որ ծերացած ծառերը կտրատի ու աշնանը ջահել տնկիներ տնկի։ Ոչինչ չի մնացել, միայն անբար ծառեր։ Աստված հետներդ։ Հովասուն պարտեզ էր, իսկ հիմա եղինջ է աճում ու մեկ էլ խոզերն են հողը փորփրում։ Տե՜ր աստված։
Դե, այնպես չկարծես, Պոլանա, ես Ամերիկայում շատ բաներ եմ տեսել։ Նայում էի ու միտք անում՝ այ, վատ չէր լինի այս բանը մեզ մոտ էլ առաջ բերել։ Նրանց մոտ լավ բաներ կան, հարմար, օգտավետ, ամեն տեսակ հարմարանքներ։ Իսկ ո՜նց են բանջարեղեն աճեցնում։ Կամ ճագարներ։ Ավելի լավ է ճագարներ, չէ որ մեզ մոտ բանջարեղենից ահագին փրչեր եմ հավաքվում։ Ամեն ինչ լավ կլիներ, ես ամեն բան կարգի կգցեի միայն թե դու ուզենայիր, Պոլանա, միայն թե աչքի տակով նայեիր՝ տեսնենք Յուրայն այդ ինչ է անում։
Այդ ի՞նչ է, Յուրայ։ ― Վանդակ ճագարների համար։ ― Այ թե Հաֆյան կուրախանա՜։ ― Եվ մուշտակ կկարես նրա համար։ Կամ, ասենք, աղավնատուն։ Իսկ մեղու չե՞ս ուզում, Պոլանա։ Ես փեթակներ կպատրաստեի, իսկական, ոչ թե փորած կոճղ, այլ ետևը ապակեպատ փեթակներ, որպեսզի պարսը երևա։ Մեզ մոտ, Ջոնսթոնում, մի մայներ կար, ազգությամբ լեհ, ճանճի մեծ սիրահար էր․ գիտես, նա նույնիսկ մի տեսակ ցանց ուներ, որ հագնում էր գլխին․․․ Մարդ ամեն ինչ էլ կարող է սովորել։ Միայն թե դու ուզենաս, Պոլանա, միայն թե նայես։ Գոնե հարցնես․ «Այս բանը Ամերիկայում ո՞նց են անում»։ Չէ, չես հարցնում։ Իսկ երբ չեն հարցնում, ասելը դժվար է։ Ամոթ է մի բան ասել միայն սեփական բավականության համար․ դա ոնց որ խաղ լինի։ Իսկ երբ ուրիշի համար է՝ թքում ես ափերիդ մեջ, և գործն առաջ է գնում։ Այ թե ոնց է լինում, Պոլանա։
Փառք աստծու, ահա կովերը զանգերի զնգոցով տուն են դառնում, արդեն իրիկուն է։ Հիմա մեր կովերը կգան, հարկավոր է կապել նրանց, ջրել, թիմարել։ Հաֆյան ձայն կտա․ «Շտեպան, հայրիկ, իրիկնահացի»։ Շտեպանը խպշտում է աղմուկով, Պոլանան լռում է, Հաֆյան փսփսում քեռի Շտեպանի հետ։ Ի՞նչ կարող ես անել։ Բարի գիշեր բոլորիդ։
Հաֆյան խրճիթում է, Պոլանան՝ չարդախում, Շտեպանը ախոռում։
Պետք է մի անգամ էլ շրջել բակում ու գնալ գոմ՝ քնելու։ Ձեռքերը դնել գլխատակին, և կարելի է բարձրաձայն խոսել։ Խոսել ինքն իր հետ այն մասին, թե ուրիշ ինչ կարելի է հորինել և թե ամեն բան ինչպես կարող էր լինել։ Իսկ կովերն ամեն բան էլ հասկանում են՝ դարձնում են գլուխները ու նայում․․․
===X===
Հաֆյա, մայրիկին ասա, որ ես կվերադառնամ երեկոյան։
Մի կտոր հաց ճարպի հետ, և հայդա դեպի սարերը։ Հորդուբալի սիրտը թեթև է ու փոքր֊ինչ տխուր, ինչպես մորից թաքուն ծլկած երեխայի սիրտը։ Նա նայում է գյուղին վերևից։ Ինչ֊որ բան փոխվե՞լ է այնտեղ։ Բայց ի՞նչ։ Ի՞նչ։ Առաջ Հորդուբալի արտն այստեղ էր։ Ասում են քարեր կային և իսկապես էլ կային։ Բայց տես, որ Պյոսան հաճարը հնձել է․ այստեղ նաև կարտոֆիլ ունի ու բարակ մի շերտ էլ վուշ։ Նայիր, Պյոսայի հին հանդը ոնց է մերվել Հորդուբալի հանդին։ Իսկ ավելի վերևից, ուր արոսենիներն են, ամբողջ գյուղը երևում է, ոնց որ ափիդ մեջ։ Աստծու իմաստության վրա ինչպես չզարմանաս․ Կրիվոյը գյուղ է կոչվում, և ճիշտ որ, կուչ է եկել, ոնց որ նստած կով։ Կտուրը կտուրի ետևում, բոլորն իրար նման, ասես ոչխարի հոտ։ Իսկ ահա այն սպիտակ կալվածատունը Պոլանայինն է։ «Ոնց որ այստեղ օտար լինի, ― մտածում է Յուրայը։ ― Տանիքը նոր է, կարմիր, հենց այն է՝ ուզում ես հարցնել՝ ո՞վ է բնակվում այնտեղ։ Երևի, տափաստանից եկած մեկը․ այնտեղ նրանք ծառեր չունեն, սովոր են տանիքները կղմինդրով ծածկել․․․»։
Հովիտ։ Այստեղից երևում է հովիտը։ Կապույտ, հարթ, ինչպես ծովը․ մի խոսքով, հովիտ և ուրիշ ոչինչ։ Հենց նրա համար են մարդիկ արագ֊արագ գնում, որովհետև ճամփան տխուր է։ Քայլում ես, և շարունակ ոնց որ նույն տեղում լինես։ Չէ, ես առանց գործի հովիտ չէի գնա։ Իսկ այստե՜ղ։ Մի՞թե կարելի է համեմատել․ հոգուդ մեջ տոն է․ գնում ես ուր աչքդ կկտրի, իսկ շուրջը միշտ ծանոթ նշաններ են։ Ահա հիմա ճանապարհը կոլորվի, կանցնի առվի միջով, հետո մինչև այն եղևնին արոտատեղով կբարձրանա վերև, իսկ այնտեղից՝ ուրիշ անտառ։ Կեսօրին կհասնես անտառ՝ համատարած հաճարի, բներն սպիտակ֊գորշավուն, ոնց որ վրաները թուխպ նստած լինի։ Ամենուրեք կրակների պես ծաղկում են ալպյան մանուշակները։ Իսկ ահա այնտեղ, նայիր, ի՜նչ հիանալի սունկ է։ Դուրս է պրծել չոր տերևների տակից՝ ճերմակ, հաստատուն ոտքով։ Սո՛ւնկ, գիտե՞ս ինչ, մնա տեղումդ ողջ ու անվանս։ Ես նույնիսկ խոլորձ ու զանգակածաղիկ չեմ պոկի, միայն մորու մի փոքրիկ փունջ կկապեմ Հաֆյայի համար այնտեղ, անտառի փեշին, որտեղ նա ամենից քաղցր է։
Հանկարծ Հորդուբալը կանգ է առնում շունչը պահած․ քարա՜յծ։ Սարալանջի մյուս կողմում կանգնած է մի քարայծ՝ լուսավոր, փոքր֊ինչ դեղնավուն, ինչպես անցած տարվա խազալը․ կանգնել է ձարխոտերի մեջ ու ականջ է դնում։ Ո՞վ կա այնտեղ՝ մա՞րդ է, թե կոճղ։ Ես կոճղ եմ, քոթուկ, ես պարզապես ծառակոշտ եմ։ Միայն մի փախիր։ Մի՞թե դու էլ ես ինձանից վախենում, անտառի գազան։ Չէ, չի վախենում։ Տերև տերևի ետևից պոկոտում է ու նայում այծի նման։ Հետո մկկում է՝ մը֊կը֊կը՜, և, կճղակները դոփդոփելով, սլանում է հեռու։
Հանկարծ Յուրայն իրեն բախտավոր է զգում, սարնիվեր քայլերը թեթևանում են, ոչ մի բանի մասին չի ուզում մտածել։ Գնում է ու գնում իր համար, լա՜վ է։
― Իսկ ես քարայծ տեսա, ― երեկոյան կասի նա Հաֆյային։
― Որտե՞ղ։
― Էլ որտե՞ղ պիտի, սարերում։ Տափաստանում քարայծ չի լինում, Հաֆյա։
Ահա և․․․ ոչ ոք չգիտի, թե ինչ է այդ․ քայքայված հին ծառաբները, ― ի՜նչ գերաններ են, կուզես զանգակատուն շինիր, ― ծածկված են խռնդատով, գորտնուկով, վայրի շուշաններով, ղանձլամերով, ձարխոտով ու վայրի խորդենիով։ Իսկապես, տարօրինակ վայր է, ասես կախարդված․ այստեղ անտառը նայում է հյուսիս՝ մամռապատ, սև մի անտառ։ Հողը նույնպես սև է ու ճահճոտ։ Ասում են, այստեղ չար ոգիներ են թափառում։ Աճում են մի տեսակ սպիտակավուն, անգույն, դոնդողանման սունկեր։ Եվ մշտապես կիսախավար է ու վայրի։ Ոչ սկյուռներ են երևում, ոչ միջատներ, չորս կողմ սև անտառ է միայն։ Երեխաները վախենում են այստեղ գալ, ասենք, գյուղացիներն էլ ոտք դնելիս երեսները խաչակնքում են։ Ահա և անտառի ծայրը․ հավամրգին ծնկներիդ է հասնում, իսկ ծառալոռ՝ որքան ուզես։ Մոշի ծակծկող թփիկները կառչում են ոտքերիդ։ Է՛հ, անտառը մարդուն հեշտությամբ բաց չի թողնում, հարկավոր է ճեղքել֊անցնել մացառուտի միջով, ինչպես վարազ։ Մեկ էլ՝ հո՛պլյա, ասես քեզ դուրս մղեցին անտառից, ասես անտառն ինքը քեզ դուրս հրեց, ― և դու բացատում ես։ Փառք աստծու, վերջապես դուրս պրծար։
Լայնարձակ ես դու բացատ, այս ու այնտեղ վեր են խոյանում եղևնիները՝ խոշոր, ամուր, ոնց որ աստծու տաճարներ։
Ուզում ես գլխարկդ հանել ու ողջունել բարձրաձայն․ «Բարև ձեզ»։ Խոտը հարթ է, սլկուն, կարճ, քայլում ես նրա վրայով, ասես գորգի վրայով։ Երկար բացատը ձգվում է անտառների միջով։ Վերևում տարածվում է արձակ երկինքը, ասես մի կանաչ֊կտրիճ մեկնվել է՝ կուրծքը բաց, պառկել ու նայում է աստծու վերնատնակների պատուհաններից․․․ Օ՛հ, մարդ ի՜նչ թեթև է շնչում։
Հանկարծ Յուրայ Հորդուբալը բոլորովին փոքրացավ, մրջյունի պես վազում է լայնարձակ բացատով։ Մրջյունիկ, այդ ո՞ւր, այդ ո՞ւր։ ― Այնտեղ, դեպի սարը, ուղիղ դեպի գագաթը՝ մյուս սև մրջյունների հետ արածելու։ Այ թե ուր եմ շտապում։ Լայնարձակ ես դու, բացատ, արձակ֊լայնարձակ։
Լայնարձակ է, օ՜, աստվա՜ծ իմ․․․ Այն կարմիր կետերի համար կասես եզների նախիր է։ Մեր տեր աստված իրեն լավ է զգում՝ նայում է վերևից ու միտք անում․ հրեն այն սև կետը Հորդուբալն է, իսկ ահա այն սպիտակը՝ Պոլանան։ Տեսնենք, նրանք կմիանա՞ն, թե հարկ կլինի մատով հրել, մոտեցնել իրար։
Իսկ այդ միջոցին, տես, սարալանջով ինչ֊որ սև բան է թռչում ուղիղ դեպի Հորդուբալը։ Գլուխկոնծի տալով սլանում է զառիվայրով ներքև, ուղղակի նրա ոտքերի տակ։ Ախր ո՞վ ես դու։ Ա՛խ, դու, սև շնիկ։ Ի՞նչ ես հաչում ու քեզ քրքրում։ Դե, արի, արի, մի՞թե ես գողի նման եմ։ Այստեղ արի։ Ապրես դու, շնիկ։ Գնում եմ Հովվի սարը տեսնեմ։ Հրեն արդեն նախիրն էլ երևաց։
― Հե՜յ, ― ձայն է տալիս Հորդուբալը նախրապանին։
Խոշորաչք եզները հանգիստ նայում են Հորդուբալին ու շարունակում արածել, թափահարելով պոչները։ Նախրապանը կանգնել է անշարժ, ինչպես թուփ, և լուռ նայում է եկվորին։
― Հե՜յ, ― բղավում է Յուրայը։ ― Այդ դո՞ւ ես, Միշա։ Դե, փառք աստծու։
Միշան նայում է, ու ոչ մի խոսք։
― Չե՞ս ճանաչում։ Ես Հորդուբալն եմ։
― Ա֊ա՜, Հորդուբալը, ― ասում է Միշան առանց զարմանքի։ Ինչի՞ վրա զարմանա։
― Ամերիկայից եմ վերադարձել․․․
― Ի՞նչ։
― Ամերիկայից։
― Հա, Ամերիկայից։
― Ո՞ւմ եզներն ես պահում, Միշա։
― Ի՞նչ։
― Ասում եմ՝ ո՞ւմ եզներն են։
― Հա, ում եզները։ Կրիվոյի։
― Այդպես, այդպես, Կրիվոյի։ Լավ անասուններ են։ Իսկ դու ինչպե՞ս ես, Միշա, առո՞ղջ ես։ Եկել եմ քեզ տեսնեմ։
― Ի՞նչ։
― Դե, տեսնեմ քեզ։
Միշան՝ ոչ մի խոսք, միայն աչքերն է ճպճպացնում։ Այստեղ, բաց երկնքի տակ, խոսելը կմոռանաս։ Հորդուբալը հենվելով արմունկին, պառկում է խոտերի վրա, և մի ծղոտ դնելով բերանը, սկսում է ծամել։ Այստեղ ուրիշ աշխարհ է, այստեղ խոսել չի կարելի ու չի էլ հարկավոր։ Ապրիլից մինչև սեպտեմբեր Միշան արածացնում է նախիրը, շաբաթներով ոչ մի կենդանի շունչ չտեսնելով։
― Միշա, դու երբևէ եղե՞լ ես այնտեղ ներքևը, տափաստանում։
― Ի՞նչ։
― Ասում եմ, տափաստանում եղե՞լ ես։
― Հա, տափաստանում։ Չէ, չեմ եղել։
― Իսկ վերև՞ը։ Հոռիում եղե՞լ ես։
― Եղել եմ։
― Իսկ այն սարի ետև՞ը։
― Չէ։ Չեմ եղել։
― Այ տեսնում ես, իսկ ես Ամերիկայում եմ եղել։ Բայց ի՞նչ օգուտ։ Նույնիսկ սեփական կնոջս չեմ հասկանում։
― Էնտեղ, ― ասում է Միշան, ― էնտեղ էսպիսի արոտներ չկան։
― Լսիր, ի՞նչ է եղել այնտեղ, որտեղ անտառ են հատել, ― հարցնում է Յուրայը, ինչպես դեռևս երեխայությանն էր հետաքրքրվում։
― Ի՞նչ։
― Ասում եմ, անտառ են հատել։
― Հա, հատել։
Միշան մտախոհ ծխամորճն է փստփստացնում։
― Ինչ իմանաս։ Ասում են, ավազակները ամրոց են շինել։ Դե, ինչեր ասես, որ դուրս չեն տալիս․․․
― Իսկ ճի՞շտ է, որ այնտեղ չար ոգի է շրջում։
― Էդ էլ են ասում․․․ ― անորոշությամբ արձագանքում է Միշան։
Հորդուբալը շուռ է գալիս մեջքի վրա։ «Երանությո՜ւն, ― մտածում է նա իր մեջ։ ― Թե ինչ կա այնտեղ, ներքևում, չես էլ իմանում։ Մարդիկ դես ու դեն են ընկնում, խանգարում իրար, ահա ուր որ է աքլորների նման կկպչեն մեկմեկու․ ատամերդ սեղմում ես՝ միայն թե չզբաղվես»։
― Միշա, դու կին ունե՞ս։
― Ի՞նչ։
― Կին ունե՞ս։
― Չէ։
Հարթավայրում այսպիսի ամպեր չես տեսնի։ Այնտեղ երկինքը դատարկ է։ Իսկ այստեղ դրանք ոնց որ կովերն արոտում։ Մարդը պառկել է մեջքի վրա ու ամպերն է արածացնում։ Նրանք լողում են, նա էլ նրանց հետ է լողում, նույնիսկ տարօրինակ է՝ ինչ թեթև է ինքը, ամպերի հետ վերև է բարձրանում։ Տեսնես, այդ ամպերն ո՞ւր են գնում, որտե՞ղ են պահվում երեկոյան։ Հալվում են։ Բայց մի՞թե որևէ բան կարոզ է հենց այնպես չքանալ։
Հորդուբալը հենվում է արմունկին։
― Միշա, ուզում եմ քեզնից մի բան հացնել։ Դու որևէ կախարդական խոտ չգիտե՞ս։
― Ի՞նչ։
― Որևէ կախարդական խոտ։ Դե, որպեսզի աղջիկը սիրահարվի քեզ։
― Ը֊ը, ― մռթմռթում է Միշան, ― ինչիս է։
― Դե, քեզ համար չէ, այլ, ասենք, հարկավոր է ուրիշին։
― Ինչի՞ համար է այդ, ― բարկանում է Միշան։ ― Ավելորդ է։
― Բայց և այնպես, այդպիսի խոտ գիտե՞ս։
― Չգիտեմ, ― թքում է Միշան։ ― Ես գնչուհի եմ, ինչ է։
― Բայց ախր դու կարողանում ես բուժել։
Միշան՝ ոչ մի խոսք, միայն աչքերն է թարթում։
― Իսկ մի՞թե դու գիտես, թե ինչ մահով ես մեռնելու, ― հանկարծ ասում է նա։
Հորդուբալը նստում է, սիրտը խփում է արագ֊արագ։
― Քեռի Միշա, կարծում ես շուտո՞վ։
Միշան մտախոհ աչքերն է ճպճպացնում։
― Ինչ իմանաս՝ մարդը երկա՞ր կապրի։
― Միշա, իսկ դու քանի՞ տարեկան ես։
― Չեմ իմանում, ինչիս է պետք։
― Ճիշտ է, ինչի է պետք, ― հառաչում է Հորդուբալը։
Օրինակ, ինչո՞ւ իմանալ, թե ինչ է մտածում Պոլանան։ Այնտեղ ներքևում մարդ դրանից տանջվում է, իսկ այստեղ՝ ինչ կուզես մտածիր, աղավնյակս։ Եթե բախտավոր լիներ, չէր մտածի։ Պարզապես զարմանալի է, թե այդ ամենը որքան հեռու է այստեղից, այնքան հեռու, որ ուղղակի սիրտդ նվաղում է։ Երբ մարդ մենակ է մնում, ասես մեծ բարձրությունից նայում է իրեն ու տեսնում, թե ոնց է իրար անցնում, բարկանում, հուզվում․․․ Իսկ ինքն ընդամենը փոքրիկ, վախեցած մի մրջյունիկ է, որը չգիտի ուր կորչի։
Մեծ հանգստություն է իջնում Յուրայի վրա։ Այնքան մեծ, որ սիրտը մղկտում է։ Նայեք հապա՝ ի՜նչ մուժիկ է, բայց երջանկության բեռից տնքում է, հառաչում։ Է՛խ, ինչպե՜ս չի ուզում վեր կենալ ու իջնել գյուղ։ Դե, ինչ ասել է՝ չի ուզում, պարզապես ուժ չունի։ Մարդ ուզում է կամացո՜ւկ֊կամացուկ պառկել այստեղ, որպեսզի հոգում ամեն ինչ խաղաղվի ու նստի։ Պառկել օրեր, պառկել շաբաթներ ու սպասել, մինչև որ ներսում ամեն ինչ հանգստանա։ Թող երկնային գմբեթը պտույտ գա, թող եզը գլուխն իջեցնի քեզ վրա ու փնչացնի ուղիղ երեսիդ, թող արջամուկը զննի քեզ՝ մա՞րդ ես դու, թե քար։ Իհարկե, քար ես, և փոքրիկ գազանը ցատկում է վրադ, բարձրանում ետևի թաթիկներին ու ականջ դնում․․․ Հորդուբալը պառկել է ձեռքերը տարածած․ հիմա ոչ Հորդուբալ կա, ոչ Պոլանա, միայն երկինքն է, երկիրը, քամին ու կովերի զանգակների զնգոցը։ Ամպերը հալվում են, ինչպես մարդու շունչը ապակու վրա, նրանցից հետք անգամ չի մնում․․․ Երևի եզը մտածում է՝ ինչքա՜ն հոգսեր ունի Հորդուբալը, իսկ ինքն ընդամենը զանգակը զնգացնելով արածում է։
Ինչո՞ւ իմանալ։ Նայիր։ Ախր աստված էլ է նայում։ Նա կովի մեծ֊մեծ, հանգիստ աչքեր ունի։ Քամին խշշում է, ու թվում է, թե ինքը ժամանակն է խշշում։ Էլ որտեղի՞ց է լույս ընկնում նա․․․ Ի՞նչ կարիք կա իմանալ։
Շուտով իրիկուն կլինի։ Յուրայը վերադառնում է տուն, կտրում է մարգագետինը, մտնում անտառ ― քայլում է թեթև, լայն֊լայն։ Հոգին խաղաղվել է, ոչ մի բան չի խռովում նրան։ Լավ, Պոլանա, ես էլ չեմ տնկվի աչքիդ առաջ, երկուսիս համար նեղվածք է։ Գործ֊մործ կճարվի որևէ մեկի մոտ, իսկ եթե ոչ, կբարձրանամ այստեղ վերև, կնստեմ մինչև իրիկուն։ Մարդ ինչքա՞ն պիտի ապրի։ Ասա, խնդրեմ, երկու մրջյուն ինչո՞ւ պիտի խանգարեն իրար, ախր տեղը հերիքում է, նույնիսկ չգիտես, թե այդքան տեղը որտեղից։ Իսկ ես հեռվից էլ կարող եմ նայել իմ տան վրա։ Փառք աստծու, սարերի գագաթներին թիվ ու համար չկա։ Կարելի է բարձրանալ վեր, վեր, ուղղակի աստծու մորուքի տակ, և այնտեղից նայել ներքև։ Բարձրանալ այնտեղ, ուր շրջում են միայն ամպերը․․․ ու հալվում գոլորշու նման։
Արդեն լսվում է նախրի զանգերի ձայնը, իսկ Հորդուբալը շարունակում է նստած մնալ ուրցապատ մարգին․ ձեռքին հատապտուղների փնջիկը, նա նայում է ներքև նոր, կարմիր տանիքին։ Բակը երևում է ասես ափիդ մեջ։ Մարդ Հաֆյային այստեղ բերի ու ցույց տա՝ նայիր, Հաֆյա, մի՞թե դա խաղալիք չէ։
Մի փոքրիկ, լուսավոր կերպարանք դուրս է գալիս բակ ու կանգ առնում։ Իսկ ահա ախոռից հայտնվում է մի ուրիշ մութ կերպարանք, մոտենում է առաջինին ու կանգ առնում կողքին։ Նրանք ասես խաղալիքներ լինեն, չեն շարժվում։ Մրջյունը որ մրջյուն է, էլի բեղիկները կշարժեր, կվազվզեր ետ ու առաջ, իսկ մարդիկ ծիծաղելի են․ կանգնել են կողք֊կողքի, և ուրիշ ոչինչ։ «Ինչ իմանաս», ― մտածում է Հորդուբալը։ Բայց տարօրինակ է, ինչո՞ւ են նրանք այդքան երկար ժամանակ քարացած մնացել։ Մինչև իսկ մարդու սարսափ է պատում՝ կանգնել ու չեն շարժվում տեղներից։
Յուրայ, ո՞ւր է այն խաղաղությունը, որ բերում էիր սարերից։ Ո՞ւր է այն բեռը, որ ճնշում է քեզ։ Շատ բան վերցրիր այնտեղից, և դրանում շատ վիշտ ու տխրություն կա։ Հիմա ձեռքերդ տարածել ու կրում ես քո խաչը։ Իսկ ներքևում այն երկուսը կանգնել֊մնացել են։ Ա՛խ, տե՜ր աստված, գոնե տեղներից շարժվեին։ Ահա վերջապես լուսավոր կերպարանքը պոկվեց տեղից ու անհետացավ։ Իսկ սևը շարունակում է կանգնած մնալ, չի շարժվում․․․ Դե ահա, փառք աստծու, նա էլ կորավ։
Հորդուբալը վերադառնում է տուն հատապտղի փնջիկով։ Միայն մի փունջ հատապտուղ բերեց, այն էլ մոռացավ բակում։ Եվ նորից չորսն էլ նստել են սեղանի շուրջ։ Հորդուբալն ուզում է ասել՝ Հաֆյա, ես մի քարայծ տեսա, բայց չի կարողանում այդ հասարակ բառերն արտասանել․ դրանք դեմ են առնում կոկորդին, ասես մեծ֊մեծ պատառներ։
Պոլանան չի ուտում․ նա գունատ է, ոնց որ ոսկորից պատրաստված։ Շտեպանը խոժոռ կռացել է ափսեի վրա, մատներով ճմլում էհացի կտորը ու մեկ էլ, դանակը շպրտելով, դուրս է պրծնում սենյակից, ասես կոկորդին բան էր դեմ առել։
― Ի՞նչ եղավ քեռի Շտեպանին, ― հառաչում է Հաֆյան։
Պոլանան ոչ մի բառ։ Նա լուռ հավաքում է սեղանը․ ամբողջովին կապտել է, ոչ մի կերպ չի կարողանում դողը զսպել։
Իսկ Հորդուբալը գնում է կովերի մոտ։ Բաժիկը գլուխը դարձնում է նրան, շղթան զնգացնում։ Ի՞նչ կա, տեր։ Ինչո՞ւ ես այդպես ծանր շնչում։ Է՛հ, Բաժիկ, ինչ կարիք կա իմանաս։ Այս ամենը ծանր է, ծանր, ավելի վատ է, քան շղթան։ Այնտեղ, սարերում, ես ու դու կզնգացնեինք մեր զանգակները, ― սարերում տեղ որքան ուզես, աստծուն էլ հերիք կանի։ Իսկ մարդկանց մոտ նեղվածք է։ Երկու֊երեք հոգի իրար են գալիս, և այնպիսի նեղվածություն է։ Ինչ է, մի՞թե չես լսում, թե ոնց են զնգում մեր շղթաները։