Մինչև հերթը մտածում էր նրա բառերի մասին, ես չսպասելով ավելի վատ բանի, հնարավորինս աննկատ, անցողիկ բակով շտապեցի փողոց, որը ժամանակին ուներ Նիկոլսկայա անվանումը, իսկ հետո դարձավ Հոկտեմբերի 25 փողոց։ Ես շատ հպարտ էի, որ միանգամից ճանաչեցի այդ փողոցը։ Ես բարձրացրի աչքերս մոտակա տան վրա, որպեսզի համոզվեմ որ ճիշտ եմ, և ուղղակի քարացա։ Պատին մեխված ցուցատախտակին սպիտակով կապույտի վրա գրված էր․ «Գրող Կարցևի անվան փողոց»։ Չնայած ջերմ ընդունելությանը, որով նախօրեին ինձ հուզեցին կոմունյանները, ես միևնույն է չհավատացի, որ հետնորդները այդքան բարձր են գնահատում իմ գործերը։ Ես նույնիսկ մտածեցի, որ միգուցե, դա միայն ինչ֊որ մեկի ոչ այնքան հաջողված կատակն է և իմ անունով ցուցանակը կախված է միայն այդ տան վրա։ Բայց անցնելով ամբողջ փողոցը մինչև Կարմիր հրապարակ, ես տեսա այդպիսի ցուցանակներ բոլոր շենքերի վրա։ Ես շատ հպարտ էի և միաժամանակ շատ ռազմատենչ տրամադրված։ Նույնիսկ մտքովս անցավ վերադառնալ երկրորդական մթերքի ընդունման կետ, գտնել այն զզվելի տիկնոջը, որը հասկանում է օտարերկրացիների լեզուն, քարշ տալ այստեղ և ցույց տալ, թե ում վրա էր նա հարձակվում իր հիմար կասկածանքներով։ Բայց քանի որ բավականին ծույլ էի և անհիշաչար, մերժեցի այդ միտքը։ Առավել ևս, որ ինձ սպասում էին նոր տպավորություններ։
Եթե ես մանրամասնորեն նկարագրեի իմ զգացմունքները, առաջին օրվա ներկայությունից Մոսկորեպում, ես ստիպված կլինեի շատ հաճախ պնդել, որ ես զարմացած էի, ցնցված, ապշած և էլի նման բաներ։ Եվ իսկապես, պատկերացրեք, որ դուրս եք գալիս Կարմիր հրապարակ և այնտեղ չեք գտնում ո՛չ Վասիլիյ Բլաժենու տաճարը, ո՛չ Լենինի դամբարանը և ո՛չ էլ Մինինի և ու Պոժարսկու հուշարձանը։ Իրենց տեղում էին միայն ԳՈՒՄ֊ը և Պատմության թանգարանը, Լոբնոե մեստո֊ն, Գենիալիսիմուսի հուշարձանը և Սպասսկայա աշտարակը։ Իսկ աշտարակի վրայի աստղը, ոչ թե ռուբինից էր, այլ երկաթից կամ պլաստմասայից։ Եվ ժամացույցը ցույց էր տալիս տասներկուսի կեսը, չնայած իրականում դեռ ութից տասնհինգ էր պակաս։ Ուշադիր նայելով ես հասկացա, որ ժամացույցը կանգնած է։
Ես կանգնեցրի մի կոմսորի, որը թեփով պարկ էր տանում սայլակով և հարցրի, թե ո՞ւր է կորել այն ամենը, ինչ կար այստեղ։ Նրան զարմացրեց իմ հարցը, նա ոտքից գլուխ ուսումնասիրեց ինձ և , առանձնապես երկար նայեց իմ շալվարին։ շալվարիս։ Հետո հարցրեց, որ օղակից եմ եկել։ Խուսափելով ուղիղ պատասխանից, ես ասացի, որ լատիշ եմ։
― Դա զգացվում է, ― ասաց կոմսորը։ ― Միանգամից զգացվում է օտար առոգանությունը։