Նոան առանց որևէ պատասխան տալու, դուրս թռավ տանից և ամբողջ ուժով սկսեց վազել։ Անցորդները սաստիկ զարմանում էին տեսնելով մի գլխաբաց տղայի, որ ճեղքում էր խռնված փողոցները, աչքի վրա մի մեծ դանակ բռնած։
==Յոթերորդ գլուխ==
Օլիվերը շարունակում է իր կամակորությունները
Նոա Քլեյփոլը փողոցներով վազելով՝ արագությամբ հասավ աղքատանոց։ Դարպասի առաջ փոքր֊ինչ հանգստանալուց հետո, նա դեմքին տվեց չափազանց ահաբեկված արտահայտություն և մեծ ուժգնությամբ ծեծեց դուռը։ Բաց անող ծերունին աղքատանոցի ամենահին բնակիչներից էր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, նա միայն ողբալի դեմքեր էր տեսել, բայց նա Քլեյփոլի վշտահար դեմքից շփոթված՝ ընկրկեց։
― Ի՞նչ է պատահել տղային, ― հարց տվեց ծերունին այլայլվելով։
― Միստր Բա՜մբըլ, միստր Բա՜մբլ, ― աղեխարշ աղաղակեց Նոան, հաջողությամբ կատարելով իր դերը։
Միստր Բամբըլը, որը պատահաբար մոտերքումն էր, ոչ միայն լսեց այս ձայները, այլև այնքան վրդովվեց, որ բակ խուժեց առանց իր եռանկյուն գլխարկի․ զարմանալի և ուշագրավ մի երևույթ, որը ցույց է տալիս, թե անգամ բիդլը հանկարծակի և ուժեղ հուզմունքի ազդեցության տակ մի րոպե կարող է կորցնել իր պաղարյունությունը և մոռանալ անձնական արժանապատվությունը։
― Օ՜հ, միստր Բամբըլ, տեր իմ, ― ասաց Նոան, ― Օլիվե՜րը, տեր իմ, Օլիվե՜րը այնպիսի․․․
― Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, ― ընդհատեց միստր Բամբըլը, ― որի սառն աչքերում ուրախության կայծեր ցոլացին։ ― Մի՞թե փախել է։ Մի՞թե նա փախել է, Նոա։
― Ո՛չ, տեր իմ, չի փախել, նա չի փախել, տեր իմ։ Նա ուղղակի կատաղել է, պատասխանեց Նոան։ ― Նա փորձեց սպանել ինձ, ինձ տեր իմ, հետո նա փորձեց սպանել Շառլոթին, հետո տանտիրուհուն, տեր իմ։ Օ՜հ, որքա՜ն սաստիկ է ցավում․ այնպես տանջալի է, գիտե՞ք, տեր իմ։ Ապա նա մարմինը օձի նման գալարեց, կծկեց, զանազան այլանդակ ձևեր ընդունեց և հաջող կերպով տպավորեց միստր Բամբըլին, որ Օլիվերի վայրագությունների պատճառով իր ներքին օրգանները մեծապես վնասվել են և որ ինքը այդ րոպեին տառապում է սուր ու անտանելի ցավերից։
Երբ Նոան տեսավ, որ միստր Բամբըլը իր հաղորդաց տեղեկությունից բացարձակապես շշմեց, տպավորությունը ավելի խորացնելու համար սկսեց սաստիկ լաց լինել, և երբ տեսավ, որ բակով անցնում էր սպիտակ բաճկոնով ինչ֊որ ջենթլմեն, նրա ողբն ու կոծը ավելի սրտառուչ դարձավ։ Նա իրավամբ ըմբռնեց, որ մեծապես պատշաճ կլիներ վերոհիշյլ ջենթլմենի ուշադրությունը գրավել իր վրա և նրա զայրույթը գրգռել։
Եվ արդարև, այդ բանը անմիջապես գրավեց ջենթլմենի ուշադրությունը, նա հազիվ էր երեք քայլ հեռացել, երբ շուռ եկավ և զայրացած հարցրեց, թե այդ շան լակոտը ինչո՞ւ է կաղկանձում և միստր Բամբըլը ինչո՞ւ չի ծեծում նրան այնպես, որ ձևական ոռնոցը փոխվի իրական լացի։
― Որբանոցի աղքատ տղաներից է, սըր, որին համարյա սպանել է փոքրիկ Թվիստը, ― ասաց միստր Բամբըլը։
― Ո՜վ աստվածներ, ― բացականչեց սպիտակ բաճկոնով ջենտլմենը ընդոստ կանգ առնելով։ ― Ես այդպես էլ գիտեի։ Ես հենց սզբից էլ զարմանալիորեն նախազգում էի, որ այդ հանդուգն փոքրիկ վայրենին մի օր անպայման կախաղան կբարձրանա։
― Նա փորձել է սպանել նաև սպասուհուն, սըր, ― ասաց միստր Բամբըլը, բոլորովին այլայլված դեմքով։
― Եվ տիրուհուն, ― միջամտեց միստեր Քլեյփոլը։
― Նաև իր տիրո՞ջը, կարծեմ դու այդպես ասացիր, Նոա, ― ավելացրեց միստր Բամբըլը։
― Ո՛չ, նա տանը չէ, այլապես նրան էլ սպանած կլիներ, ― պատասխանեց Նոան։ Թվիստն ասաց, որ այդպիսի ցանկություն ուներ։
― Ինչպե՞ս, ասաց որ այդպիսի ցանկությո՞ւն ուներ, ― հարցրեց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Այո՛, տեր իմ, ― պատասխանեց Նոան։ ― Եվ խնդրում եմ, տեր իմ, տիրուհին ուզում է իմանալ, թե արդյոք միստր Բամբըլը չի՞ կարող, իր սուղ ժամանակից մի քանի րոպե տրամադրելով, անմիջապես գալ այնտեղ և խարազանել նրան, քանի որ միստր Սովերբերրին բացակայում է տանից։
― Իհա՜րկե, տղաս, իհա՜րկե, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը՝ բարեհամբույր ժպտալով և շոյելով Նոայի գլուխը, որն իր գլխից մոտավորապես երեք մատնաչափ բարձր էր։ ― Դու լա՜վ տղա ես։ Դու շա՝տ լավ տղա ես։ Առ քեզ մի պեննի։ Բամբըլ, գավազանդ վերցրու և շտապ գնա Սովերբերրիների մոտ։ Տե՛ս, ինչ֊որ պետք է արա՛։ Չխնայես, Բամբըլ։
― Ո՛չ, չեմ խնայի, սըր, ― պատասխանեց բիդըլը գավազանի ծայրին ամրացնելով այն մոմած թելը, որով խարազանում էր ծխական հանցավորեներին։
― Սովերբերրրիին ասա, թող նա էլ չխնայի։ Նրա հետ ոչինչ չի կարելի անել առանց մտրակի գործածության և առանց գլուխ ջարդելու, ― ասաց սպիտակ բաճկոնով ջենթլմենը։
― Դուք անհոգ կացեք, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ― պատասխանեց բիդըլը։
Ապա գավազանը հանդիսավոր կերպով վերցրեց, եռանկյունի գլխարկը ըստ պատշաճի դրեց գլխին և Նոա Քլեյփոլի հետ շտապեց դագաղագործի խանութը։
Այստեղ իրերի դրությունը չէր բարելավվել։ Սովերբերրին դեռևս տուն չէր վերադարձել, իսկ Օլիվերը նույն ուժգնությամբ շարունակում էր ոտքով հարվածել նկուղի դռանը։ Միսիս Սովերբերրին ու Շառլոթը այնպիսի վառ գույներով ներկայացրեցին նրա «գազանաբարո» վերաբերմունքը, որ միստր Բամբըլը ապշեց և խոհեմություն համարեց, նախքան դուռը բացելը, դրսից բանակցել տղայի հետ։ Հետևաբար, իբրև նախաբան, նա ոտքի մի հարցած իջեցրեց դռանը և բերանը մոտեցնելով բանալու անցքին՝ խոր և տպավորիչ տոնով ասաց․
― Օլիվե՛ր։
― Դե՛, ինձ ազատ արձակեք, ― պատասխանեց Օլիվերը ներսից։
― Գիտե՞ս թե ով է խոսում քեզ հետ, Օլիվեր, ― ասաց միստր Բամբըլը։
― Ո՛չ, ― ասաց Օլիվերը համարձակորեն։
Պատասխանը շշմեցուցիչ էր։ Դա բոլորովին նման չէր այն խոսքերին, որ միստր Բամբըլի ականջները առհասարակ սովոր էին լսել։
Նա բանալու անցքից հանդիսավոր կերպով հեռացավ, մարմինը ձգեց, գլուխը բարձրացրեց և լուռ զարմանքով նայեց մյուս երեքին։
― Օ՜հ, գիտե՛ք, միստր Բամբըլ, երևի նա խելագարվել է, ― ասաց միսիս Սովերբերին։ ― Անգամ նրանից նվազ խելք ունեցող որևէ տղա չէր համարձակվի գոնե ձեա հետ այդ ձևով խոսել։
― Դա խելագարություն չէ, տիկի՛ն, ― պատասխանեց միստր Բամբըլը, մի քանի րոպե խորհրդածելուց հետո։ ― Դա մսից է։
― Ի՞նչ է, ― բացականչեց միսիս Սովերբերրին։
― Մի՛ս, տիկին, միս, ― պատասխանեց Բամբըլը խստությամբ։ ― Դուք չափազանց եք կերակրել նրան, տիկին, զուր նրա մեջ կերտել եք մի կեղծ սիրտ և արվեստական հոգի, որ վայել չէ նրա վիճակի մարդուն։ Եվ հանձնաժողովի անդամները, միսիս Սովերբերրի, որոնք գործնական փիլիսոփաներ են, կհաստատեն այդ ճշմարտությունը։ Աղքատներն ի՞նչ գործ ունեն սրտի կամ հոգու հետ։ Այն էլ բավական է, որ նրանց թույլատրում են ապրել։ Եթե տղային կերակրեիք միայն խաշիլով, տիկին, այս դեպքը չէր պատահի։
― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ― բացականչեց միսիս Սովերբերրին, աչքերը բարեպաշտորեն հարելով խոհանոցի առաստաղին։ ― Ահա՛ թե ինչ է նշանակում առատաձեռն լինել։
Ի՜նչ խոսք, որ Օլիվերի նկատմամբ միսիս Սովերբերրին չափազանց առատաձեռն էր եղել։ Նա տղայի համար անխնա շռայլել էր իրենց ճաշի ավելցուկները, որ ուրիշները չէին ուտում։ Հետևաբար, նա լռելյայն և հեզահամբյուր կերպով ընդունեց միստր Բամբըլի ծանր մեղադրանքը, մինչդեռ նա բոլորովին անմեղ էր այդ հարցում։
― Ա՜հ, ― ասաց միստր Բամբըլը, երբ լեդին հայացքը նորից իջեցրեց գետնին․ ― իմ կարծիքով այժմ կարելի է միայն մի բան անել։ Մի քանի օր պետք է նրան թողնել նկուղում, քաղցած պահել, ապա նկուղից դուրս բերելուց հետո, նրա աշակերտության ամբողջ շրջանում, միմիայն խաշիլով կերակրել։ Նա վատ ընտանիքում է ծնվել։ Դրանք դյուրագրգիռ մարդիկ են, միսիս Սովերբերրի, դյուրագրգիռ։ Թե՛ հիվանդապահ քույրը, թե բժիշկը ասացին, որ նրա մայրը այնպիսի դժվարություններ է տեսել և այնքան է տառապել մինչև այստեղ հասնելը, որ անգամ որևէ առողջ կին չէր կարողանա տոկալ այդ բոլորին և շաբաթներ առաջ կմահանար։
Օլիվերը միստր Բամբըլի այդ խոսակցության միջոցին, հանկարծ լսելով ինչ֊որ նոր ակնկալություն իր մոր հասցեին, այնքան ուժգին թափով վերսկսեց ոտքի հարվածները, որ բոլոր ձայները խեղդվեցին այդ աղմուկի մեջ։ Այս ճգնաժամային պահին Սովերբերրին վերադարձավ տուն։ Լեդիները գիտեին, թե ինչպես կարելի էր դագաղագործի զայրույթը առավելագույն չափով գրգռել․ հետևաբար Օլիվերի կատարած հանցագործության մասին պատմեցին այնպիսի ծայրահեղ չափազանցություններով և խեղաթյուրումներով, որ միստր Սովերբերրին մի ակնթարթում նկուղի դուռը բաց արեց և իր ըմբոստ աշակերտի օձիքից բռնելով՝ դուրս քաշեց։
Օլիվերի հագուստները ծեծից պատառոտվել էին, դեմքը ճանկռոտվել էր ու կապտել, մազերը ցրիվ էին եկել ճակատի վրա։ Այսուհանդերձ, երբ նրան դուրս բերեցին իր բանտից, զայրույթի արտահայտությունը դեռ մնում էր նրա շառագունած դեմքին․ նա Նոայի վրա մի ցասումնալի հայացք նետեց և անվախ նայեց նրան։
― Խոսք չկա, լավ տղա ես երևում, այնպես չէ՞, ― ասաց Սովերբերրին՝ սաստիկ ցնցելով նրան և բռունցքի ուժեղ մի հարված իջեցնելով նրա ականջին։
― Մորս անպատվեց, ― պատասխանեց Օլիվերը։
― Հետո ի՜նչ, ապերախտ թշվառական, ― վրա տվեց միսիս Սովերբերրին, ― քո մայրը արժանի էր այդ նախատական խոսքերին, նույնիսկ ավելի վատ խոսքերի էր արժանի։
― Ո՛չ, արժանի չէր, ― ասաց Օլիվերը։
― Այո, արժանի էր,― ասաց միսիս Սովերբերրին։
― Ճիշտ չէ, ― գոչեց Օլիվերը։
Միսիս Սովերբերրին փղձկաց։
Նրա արցունքները վճռական դեր խաղացին միստր Սովերբերրիի որոշման մեջ։ Տղան պետք է իսկույն պատժվեր, հակառակ դեպքում, ինչպես հայտնի է փորձառու ընթերցողին, ամուսնական այդ կարգի վեճերում ընդունված սովորության համաձայն, նա կհամարվեր անտարբեր, անզգա, քարսիրտ մի ամուսին, մարդկային կոչումին անարժան, ստոր մի արարած և զանազան շատ հաճելի բարեմասնություններ, որոնք հնարավոր չէ պարփակել այս գլխի սահմաններում։ Չնայած այն բանին, որ միստր Սովերբերրիի հեղինակությունը սահմանափակ էր տան մեջ, այնուամենայնիվ, հանուն արդարությանը պետք է ասել, որ իր իրավասությունների ներած չափով նա լավ էր տրամադրված տղայի հանդեպ։ Դա գուցե, նրանից էր, որ իր շահը այդպես էր պահանջում, գուցե և այն պատճառով, որ միսիս Սովերբերրին հակակրում էր նրան։ Բայց այժմ ուրիշ ելք չկար․ խուսափելը անհնարին էր․ տղան պետք է անպայման պատժվեր։ Հետևաբար, դագաղագործն այնպես սաստիկ գանակոծեց նրան, որ անգամ միսիս Սովերբերրին գոհ մնաց դրանից և միստր Բամբըլի ծխական գավազանի կիրառումը ավելորդ համարվեց։ Օրվա մնացած մասը Օլիվերը արգելափակված մնաց խոհանոցում, մի շերտ հացի ու ջրհանի կողքին։ Գիշերը միսիս Սովերբերրին դռան առաջ դարձյալ նախատական խոսքեր ուղղեց նրա մոր հասցեին, ապա սենյակ մտնելով հրամայեց գնալ վերև ու պառկել․ Օլիվերը լուռ հնազանդվեց և Նոայի ու Շառլոթի ծաղրական քրքիջների տակ բարձրացավ վերև։
Եվ ահա այստեղ, դագաղագործի մռայլ խանութի լռության մեջ մեն֊մենակ մնալով, Օլիվերը տեղի տվեց իր զգացումների ուժեղ հորձանքին, որ ցերեկվա այդ դաժան վարմունքից հետո կարող էին զարթնել նույնիսկ մանկան հոգում։ Նրանց անարգանքները նա լսել էր արհամարհանքով․ նրանց մտրակի հարվածներին դիմացել անտրտունջ, որովետև նրա սիրտը այնպիսի հպարտությամբ էր համակված, որ նա իրեն թույլ չէր տվել անգամ մի ճիչ արձակել։ Բայց այժմ, իր խցի զարհուրելի մենության մեջ, երեխան ծունկի եկավ հատակին, երկու ձեռքերով երեսը ծածկեց և սկսեց դառնորեն արտասվել։ Թող աստված, ի սեր մարդկության պատվի, խնայի նման անմեղ արարածներին այդքան վաղ հասակում այդքան դառնություն ճաշակելուց։
Օլիվերը երկար ժամանակ անշարժ մնաց այս դիրքում։ Մոմը համարյա սպառվել էր մոմակալում, երբ նա վեր կացավ, զզնող հայացքով դիտեց շուրջը, լարված ուշադրությամբ ականջ դրեց, ապա անաղմուկ բանալով դռան փականքը՝ դուրս նայեց։
Ցուրտ, խավար գիշեր էր։ Տղային այնպես թվաց, որ երկնակամարում պսպղացող աստղերը երբեք այդքան հեռու չէին եղել երկրից։ Քամի չկար․ գետնին ուրվագծված ծառերի մռայլ ստվերները մահասարսուռ տեսք ունեին։ Նա դուռը դարձյալ կամացուկ ծածկեց, մոմի սպառվող լույսի տակ թաշկինակի մեջ ծրարեց իր ունեցած մի քանի իրերը, հետո նստելով նստարանին՝ սպասեց լույսի բացվելուն։
Երբ արշալույսի առաջին շողերը փեղկերի արանքից ներս թափանցեցին, Օլիվերը վեր կացավ և դուռը դարձյալ բացեց։ Նա երկչոտ նայեց շուրջը, մի րոպե վարանեց, ապա դուռը ծածկեց և դուրս եկավ։
Նա նայեց ճամփի աջ ու ձախ կողմերը, չիմանալով ուր փախչել։ Հիշեց, թե սայլերը ինչպես էին բլուրն ի վեր համրընթաց բարձրանում։ Ինքը ևս գնաց այդ ուղղությամբ, և դաշտերի մեջ հասնելով մի արահետի, որը, ինչպես նա գիտեր, որոշ տարածությունից հետո միանում էր գլխավոր ճանապարհին, արագ քայլերով շարունակեց առաջ գնալ։
Օլիվերը որքա՜ն լավ էր հիշում այդ արահետը։ Ագարակից աղքատանոց փոխադրվելիս ինչպիսի՜ շնչասպառությամբ էր նա վազել միստր Բամբըլի կողքից։ Այժմ հենց այդտեղից էլ պետք է անցներ։ Սիրտը սկսեց ուժգին բաբախել, երբ մտածեց այդ մասին։ Նույնիսկ մի պահ որոշեց հետ դառնալ, բայց երկար էր քայլել և շատ ժամանակ կկորցներ ճանապարհը փոխելով։ Բացի այդ, վաղ առավոտ էր, և հազիվ թե նկատեին իրեն, հետևավար նա շարունակեց իր ճամփան։
Աղքատանոցի այս բաժանմունքը հասնելիս, նա ոչ ոքի չտեսավ դրսում։ Ըստ երևույթին, դրա բնակիչները դեռևս քնած էին։ Օլիվերը, կանգ առնելով, պարտեզից գաղտագողի ներս նայեց։ Ինչ֊որ երեխա ածուներից մեկի մոլախոտերն էր մաքրում։ Երբ նա իր դժգույն դեմքը մի րոպե վեր բարձրացրեց, Օլիվերը նկատեց, որ այդ իր նախկին ընկերներից մեկն էր։ Օլիվերն ուրախացավ գնալուց առաջ նրան տեսնելով, որովհետև չնայած նա իրենից փոքր էր, բայց եղել էր իր բարեկամն ու խաղընկերը։ Նրանք շատ անգամ միասին խարազանվել էին, միասին սոված էին մնացել և միասին արգելափակվել։
― Կամա՜ց, Դիկ, ― շշնջաց Օլիվերը, երբ տղան վազեց դեպի դուռը և նրան ողջունելու համար բազրիքների արանքից իր նիհար ձեռքը դուրս երկարեց։ ― Որևէ մեկը զարթնե՞լ է։
― Ո՛չ ոք, բացի ինձնից, ― պատասխանեց երեխան։
― Ոչ մեկը չպետք է իմանա, որ ինձ տեսել ես, Դիկ, ― ասաց Օլիվերը։ ― Ես փախչում եմ։ Նրանք ինձ ծեծում են, Դիկ։ Նրանք ինձ հետ վատ են վարվում, և ես գնում եմ իմ բախտը որոնելու մի հեռավոր վայրում։ Չգիտեմ, թե ուր։ Որքա՜ն գունատ ես։
― Ես լսեցի, թե ինչպես բժիշկը նրանց ասաց, որ ես շուտով կմեռնեմ, ― պատասխանեց երեխան դժգույն ժպիտով։ ― Անչափ ուրախ եմ, որ քեզ տեսա սիրելիս։ Բայց հեռացի՛ր, շտապ հեռացի՛ր այստեղից։
― Ո՛չ, ես պետք է մնաս բարով ասեմ քեզ, ― պատասխանեց Օլիվերը։ ― Ես քեզ դարձյալ կտեսնեմ, Դիկ, անպայման կտեսնեմ։ Սյն ժամանակ դու հանգիստ ու երջանիկ կլինես։
― Հույս ունեմ, որ երջանիկ կլինեմ, ― պատասխանեց երեխան։ ― Մահից հետո, անշուշտ, երջանիկ կլինեմ։ Գիտեմ, որ բժշկի ասածը ճիշտ է, Օլիվեր, որովհետև երազումս այնքան հաճախ եմ տեսնում երկինք, հրեշտակներ և բարի դեմքեր, որ արթուն ժամանակ երբեք չեմ տեսնում։ Համբուրիր ինձ, ― ասաց երեխան և ցածր դարպասից վերև մագլցելով՝ իր փոքրիկ բազուկներով փաթաթվեց Օլիվերի վզին։ ― Գնա՜ս բարով, սիրելիս։ Աստված քեզ հետ։
Մանկական անմեղ շուրթերից դուրս եկած այս օրհնությունը առաջինն էր, որ հայցվում էր Օլիվերի համար, և նա իր հետագա կյանքի բոլոր զրկանքների ու մաքառումների, նեղությունների ու փոփոխությունների ընթացքում երբեք չմոռացավ։