Մեկը մյուսի հետևից, և ամեն անգամ մեկական բանտարկյալի, տանում էին, և մեկը մյուսի հետևից, խավարի մեջ ոռնալով ու հառաչելով, վերադառնում էին մարմնով ու հոգով փշրված մարդիկ։ Իսկ ես իմ զնդանում պառկած լսում էի այդ հեծեծանքն ու ողբը, լսում էի ցավից խենթացած այդ էակների անիմաստ մրմունջը, և աղոտ հիշողություններ էին զարթնում իմ հոգում. ինձ թվաց, թե ժամանակին անտարբեր ու ամբարտավան նստած եմ եղել բարձր տախտակամածին, և ինձ են հասել ճիչեր ու հառաչանքներ։ Հետագայում, ինչպես դուք կտեսնեք, ես հայտնագործեցի այդ հիշողությունների սկզբնաղբյուրը. իմացա, որ այդ ճիչերն ու հառաչանքները լսվել են այն նստարաններից, որոնց շղթայված են եղել թիավարող-ստրուկները, իսկ ես՝ հռոմեացի զորապետս, լսել եմ այդ ողբը Հին Հռոմի թիանավերից մեկի ցռուկին նստած։ Դա այն ժամանակ էր, երբ ես Երուսաղեմ գնալիս նավարկում էի դեպի Ալեքսանդրիա.... Բայց այդ մասին հետո կպատմեմ։ Իսկ առայժմ...
== Գլուխ IV ==
Իսկ առայժմ ես սարսափի ճիրաններում էի՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում մենախցերում, նախապատրաստվող փախուստը բացահայտվելուց հետո։ Սպասման անսահմանորեն երկար ժամերի ընթացքում ոչ մի վայրկյան իմ գլխից չէր հեռանում այն միտքը, որ վաղ թե ուշ ես էլ եմ գնալու այն նույն ճանապարհով, ինչպես և մյուս բանտարկյալները, որ ուրիշների պես ինձ ևս ենթարկելու են հարցաքննության հրեշավոր տանջանքներին, իսկ հետո ետ են բերելու մարդկային կերպարանքս կորցրած վիճակում և նետելու են մենախցի երկաթակոփ դռան հետևը, քարե հատակին։
Եվ իմ հետևից էլ եկան։ Անողոքաբար, կոպտորեն, քացիներով ու անեծքներով ինչ-որ տեղ քշեցին ինձ, և ես կանգնեցի կապիտան Ջեմիի ու բանտապետ Ազերթոնի առջև, որոնք շրջապատված էին իրենց հպատակներով՝ Կալիֆորնիա նահանգի վարձկաններով ու հարկատուներով, մոտ կես դյուժին վերակացու–դահիճներ խռնվել էին սենյակում՝ սպասելով հրամանի։ Սակայն նրանց ծառայությանը դիմելու կարիք չեղավ։
— Նստիր,— ասաց բանտապետ Ազերթոնը՝ մատնացույց անելով փայտե ամուր նստարանը։
Բայց ես, ծեծված ու տանջված, ամբողջ օր ու գիշեր ծարավից տառապած, սովից ու հարվածներից թուլացած, հինգ օր շարունակ զնդանում նստելուց և ութսուն ժամ զսպաշապիկ հագնելուց հետո այդպիսի արհավիրքների ենթարկված, մեր թշվառ ճակատագրից ստորացած ու առաջիկա հարցաքննության նկատմամբ սարսափահար (ես գիտեի արդեն, թե ինչ օրն են գցում մյուս բանտարկյալներին), մի խոսքով, ես՝ խղճուկ, մարդու նմանակ դողդողացող արարածս և համալսարանական խաղաղ քաղաքի հողագիտության երբեմնի պրոֆեսորս, տատանվեցի, չհամարձակվելով նստել։
Բանտապետ Ազերթոնը հզոր կազմվածքով վիթխարի մարդ էր։ Նրա ձեռքերը կառչեցին իմ ուսից, և այդ ուժի ճիրաններում ինձ զգացի մի չնչին ծղոտ։ Նա հատակից կտրեց ինձ ու թափով նետեց նստարանի վրա։
— Իսկ հիմա,― ասաց նա, մինչ ես ջանում էի ներսումս խեղդել ցավատանջ ճիչը և դժվարությամբ ետ էի բերում շունչս,— դու կպատմես այն ամենը, ինչ հայտնի է քեզ, Սթենդինգ։ Պատմի՛ր, պատմի՛ր, ինչ որ գիտես, եթե կամենում ես ողջ մնալ։
— Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բացարձակապես ոչինչ չգիտեմ․․․― սկսեցի ես։
Ահա այն ամենը, ինչ կարողացա ասել։ Մռնչալով՝ նա հարձակվեց վրաս, դարձյալ կտրեց ինձ գետնից և նետեց բազկաթոռին։
— Հիմարություններ դուրս մի տուր, Սթենդինգ,— սպառնալից ասաց նա։— Պատմիր առանց որևէ բան թաքցնելու։ Որտե՞ղ է դինամիտը։
— Ոչ մի դինամիտի մասին ես ոչինչ չգիտեմ,— առարկեցի ես։
Եվ ինձ դարձյալ պոկեցին նստարանից ու ցած նետեցին։
Ինձ հաճախ են ենթարկել ամենաբազմազան տանջանքների, բայց երբ հիմա, իմ կյանքի վերջին օրերի լռության մեջ ես մտորում եմ այդ մասին, ինձ չի լքում այն համոզումը, որ ոչ մի տանջանք չի կարող համեմատվել մարդուն նստարանի վրա նետելուն։ Ամուր նստարանը աստիճանաբար իմ մարմնի հարվածների տակ վերածվեց բեկորների։ Հետո մեկ ուրիշ նստարան բերեցին, և շուտով դա էլ ջարդուփշուր եղավ։ Մեկն էլ բերեցին և դարձյալ ու դարձյալ հնչեց միևնույն հարցը․ «Որտե՞ղ է դինամիտը»։
Երբ բանտապետը հոգնեց, նրան փոխարինեց կապիտան Ջեմին, իսկ հետո կապիտան Ջեմիին հերթափոխելու եկավ բանտապան Մանոհենը, և սա էլ սկսեց ինձ նետել նստարանի վրա․ «Որտե՞ղ է դինամիտը։ Որտե՞ղ է դինամիտը։ Որտե՞ղ է դինամիտը»։ Իսկ դինամիտ գոյություն չուներ։ Հարցաքննության վերջում ես իմ անմահ հոգին կտայի մի քանի ֆունտ դինամիտի համար, որի գաղտնարանը հայտնելու հնարավորություն չունեի։
Չգիտեմ, թե քանի նստարան ջարդվեց իմ մարմնի հարվածների տակ։ Բազում անգամներ ես կորցրեցի գիտակցությունս, և ի վերջո ամեն բան ձուլվեց ինչ֊որ մի աղոտ մղձավանջի մեջ։ Ինձ աքացիներով ստիպեցին ինչ-որ տեղ գնալ, հետո ոչ այն է քարշ տալով, ոչ այն է ձեռքերից ու ոտքերից բռնած, տարան մութ միջանցքով։ Իսկ երբ հայտնվեցի իմ խցում, պարզվեց, որ այնտեղ մի մատնիչ է նստած։ Դա մի վախկոտ բարդ էր, հաշիշամոլի գունատ, մեռելային դեմքովք և բացարձակապես պատրաստ ամեն բանի, միայն թե կարողանա հաշիշ ձեռք բերել։ Նրան տեսնելուն պես ես սողացի դեպի վանդակադուռն ու, վերջին ուժերս հավաքելով, գոչեցի․
― Տղե՛րք, իմ խցում շուն են կապել, Իգնատիուս Իրվինին։ Լեզուներդ ձեզ քաշեք։
Եվ կատաղի հայհոյանքների մի այնպիսի պայթյուն թնդաց ի պատասխան, որ երևի, սարսափահար կաներ շատ շատ ավելի խիզախ մարդու, քան Իգնատիուս Իրվինն էր։ Նա վախից այնպես խեղճացավ, որ մարդու մեղքը գալիս էր նրան նայելիս։ Իսկ ծեծված բանտարկյալները, ցավից ու կատաղությունից մռնչալով վայրի գազանների պես, նրա վրա սպառնալիքների տարափ էին տեղում և բոլոր հնարավոր եղանակներով խոստանում էին, թե ինչ օրի կգցեն, եթե միայն կարողանան բռնացնել։
եթե գաղտնիք ունենայինք, ապա մատնիչի ներկայությամբ ստիպված կլինեինք լեզուներս ատամներիս տակ պահել։ Բայց քանի որ մենք ոչինչ չգիտեինք և երդվել էինք ասել միայն ճշմարտությունը, ուստի ոչ մեկի մտքով չէր անցնում լռել Իգնատիուս Իրվինի ներկայությամբ։ Դինամիտի հետ կապված պատմությունը բոլորի համար էլ գլխավոր և անլուծելի խնդիրն էր, որը փակուղու առջև էր կանգնեցրել մյուսներին նույնքան, որքան և ինձ։ Եվ բոլորն էլ ինձ էին դիմում։ Նրանք թախանձեցին ազնվաբար խոստովանել, եթե ինձ որևէ բան հայտնի է դինամիտի մասին, և փրկել իրենց հետագա տառապանքներից։ Իսկ ես կարող էի պատասխանել միակ ճշմարտությամբ. ոչինչ չգիտեմ դինամիտի մասին։
Նախքան վերակացուները իմ խցից կտանեին Իրվինին, ես նրանից կարողացա մի նորություն կորզել, որը հուշում էր, թե դինամիտի այդ պատմությունը կատակ չէ։ Բնականաբար, ես այդ նորությունը հայտնեցի մյուսներին։ Իրվինն ասաց, որ այդ օրը բանտում ոչ մի արհեստանոց չի աշխատել։ Հազարավոր բանտարկյալների փակել են խցերում, և տպավորությունն այնպիսին է, որ աշխատանքները չեն վերսկսի, մինչև որ չգտնեն դինամիտը, որը անհայտ մեկը հաջողացրել է անհայտ մի տեղ թաքցնել։
Իսկ հարցաքննությունները շարունակվում էին։ Առաջվա պես բանտարկյալներին դուրս էին տանում մենախցերից և ապա քարշ տալով կամ պատգարակի վրա բերում էին ետ։ Մենք նրանցից տեղեկացանք, որ բանտապետ Ազերթոնը և կապիտան Ջեմին, արդեն բոլորովին ուժասպառ, սկսել են իրար փոխարինել երկու ժամը մեկ։ Մինչ մեկը քնում է, մյուսը շարունակում է հարցաքննությունը։ Իսկ նրանք ստիպված քնում էին առանց հանվելու և նույն այն սենյակում, որտեղ ուժեղ, առողջ տղամարդկանց իրար հետևից դարձնում էին խեղանդամներ։
Եվ ժամ առ ժամ մենախցերի խավարում աճում էր բոլորիս սարսռացնող սարսափը։ Օ՛հ, հավատացեք ինձ, քանի որ ես գիտեմ. կախաղանը դատարկ բան է այն տառապանքների համեմատությամբ, որոնց մարդ կարող է ենթարկվել կյանքի ընթացքում, և այնուամենայնիվ շարունակել ապրել։ Մյուս բանտարկյալների հետ համահավասար ես էլ էի կրում անմարդկային ցավերն ու ծարավի տառապանքները։ Սակայն իմ տանջանքները բազմապատկվում էին նաև նրանով, որ ես անտարբեր չէի ուրիշների տառապանքների նկատմամբ։ Երկու տարի առաջ ես ընկել էի «անուղղելիների» շարքը, ու իմ կրած տանջանքները կոփել էին նյարդերս և ուղեղս։ Ուժեղ մարդը զարհուրելի մի տեսարան է ներկայացնում, երբ նրան փշրում են։ Իսկ իմ շուրջը գտնվում էին քառասուն ուժեղ տղամարդիկ, որոնց մարմինն ու ոգին արդեն փշրել էին։ Ծարավից թուլացած մարդկանց թառանչները չէին դադարում, և այս ամենը միասին գժանոց էր հիշեցնում. ճիչեր, հառաչանքներ, փնթփնթոցներ, տենդային զառանցանք․․․
Դուք հասկացա՞ք, թե ինչ էր տեղի ունեցել։ Մեզ կործանեց միայն ճիշտ խոսելու երդումը։ Երբ քառասուն հոգի միաձայն սկսեցին պնդել միևնույն բանը, բանտապետն ու կապիտան Ջեմին իրենց հերթին միակ եզրակացության եկան. մեր ցուցմունքները շատ լավ հորինված ստեր են, որոնք քառասունից ամեն մեկը կրկնում է թութակի նման։
Պետք է խոստովանել, որ բանտային իշխանության վիճակն էլ իր տեսակի մեջ անելանելի էր։ Ինչպես իմացա հետագայում, հեռագրային կապով հրավիրված է եղել բանտային վարչության հատուկ խորհրդակցություն, և մեր բանտն էր ժամանել նահանգական միլիցիայի երկու ջոկատ։
Զմեռ էր, իսկ ձմռանը նույնիսկ Կալիֆորնիայում սառնամանիքները երբեմն շատ խիստ են լինում։ Մենախցերի բանտարկյալներին չէր թույլատրվում նույնիսկ վերմակ ունենալ։ Հավատացեք, ծեծված ու արյունաշաղախ մարդը կարգին սառում է քարե եղյամապատ հատակին պառկած։ Բայց ի վերջո, նրանք մեզ ջուր տվեցին։ Մեր գլխին հայհոյանքների տարափ տեղալով ու ծանակելով, վերակացուները քարշ տվեցին հրշեջային խողովակները և մենախցերը ժամերով ողողեցին ջրի ուժեղ հոսքով, ողողեցին այնքան ժամանակ, մինչև որ դարձյալ բորբոքեցին մեր վերքերը։ Ջուրն արդեն հասնում էր մեր ծնկներին, և եթե առաջ մենք ջուր էինք աղաչում ու պաղատում, ապա այժմ արդեն գազազում էինք, պահանջելով, որ դադարեցնեն ջրի շիթը։
Ես կլռեմ այն մասին, թե հետագայում ինչ էր տեղի ունենում մենախցերում։ Իմիջիայլոց ասեմ միայն, որ քառասուն ցմահ բանտարկյալներից և ոչ մեկն այլևս առաջվանը չէր։ Լուիջի Պոլաձոյի գիտակցությունը այնպես էլ չվերականգնվեց։ Լողլող Թիլլ Հոջը աստիճանաբար խելքը թռցրեց և մոտ մեկ տարի անց նրան ևս տեղափոխեցին խելագարների բաժանմունք։ Հա՜, մի քանի հոգի էլ գնացին Հոջի և Պոլաձոյի հետևից։ Իսկ ոմանց առողջությունն էլ այն աստիճան քայքայվեց, որ բանտային թոքախտը շատ արագ նրանց գերեզման տարավ։ Հետագա վեց տարիների ընթացքում քառասուն հոգուց տասն էլ մեռան։
Մեկուսարանում հինգ տարի անցկացնելուց հետո, երբ ինձ Սեն-Քվենտին բանտից դատարան տարան, ես հանդիպեցի Ջեկ Բրամսելին։ Չէի ասի, թե շատ բան կարողացա տեսնել։ Հինգ տարիների ընթացքում առաջին անգամ խավարից դուրս գալով արևի պայծառ լույսի փակ, ես չղջիկի պես կույր էի, բայց և այնպես Ջեկ Բրամսելին տեսնելով, սիրտս ճմլվեց։ Ես նրան նկատեցի բանտի բակով անցնելիս։ Նրա մազերը լրիվ ճերմակել էին։ Տարիքով դեռ երիտասարդ էր նա, սակայն ծերունի էր դարձել արդեն։ Կուրծքը ներս էր ընկել, այտերը սմքել էին, ձեռքերը դողդողում էին կաթվածահարի ձեռքերի պես։ Նա հազիվ էր կարողանում կաղեկաղ քայլել, և անընդհատ սայթաքում էր։ Երբ ինձ ճանաչեց, աչքերում արցունքներ հայտնվեցին, չէ՞ որ ես էլ բնականոն մարդուց վերածվել էի ավերակի։ Իմ քաշը հազիվ ութսունյոթ ֆունտ լիներ։ Հինգ տարվա մեջ իմ ճերմակած մազերը աճել էին բաշի նման։ Այդ տարիներին կարգին երկարել էին նաև բեղերս ու մորուքս։ Ջեկի նման ես էլ հազիվ էի կարողանում կաղեկաղ, սայթաքելով քարշ գալ, և վերակացուները օգնում էին ինձ, երբ անցնում էի բանտի արևաշող փոքրիկ բակով։ Ես ու Ջեկ Բրամսելը ակնապիշ նայեցինք իրար, և մեզնից յուրաքանչյուրը հանձին այլակերպված մարդանման արարածի՝ տեսավ դժբախտության իր ընկերոջը։
Ջեկ Բրամսելի նման մարդիկ նույնիսկ բանտում միշտ օգտվում են ինչ-ինչ արտոնություններից, և այդ պատճառով էլ նա իրեն թույլ տվեց բանտային կարգուկանոնի մի փոքր խախտում. իր խռպոտած, դողդողացող ձայնով նա խոսեց ինձ հետ։
— Ապրես, Սթենդինգ,— ասաց նա։— Այնպես էլ դու նրանց ոչինչ չասացիր։
― Բայց ես ոչինչ չգիտեի, Ջեկ,— շշուկով պատասխանեցի ես։ Կամա թե ակամա ես ստիպված էի շշուկով խոսել, քանի որ հինգ տարի լուռ մնալով, ես գրեթե ետ էի վարժվել խոսելուց։— Կարծում եմ, որ այդ դինամիտը երբեք էլ գոյություն չի ունեցել։
― Այ, ապրես,— երեխայի պես ուրախանալով, գլխով արեց նա։— Խոսքիցդ մի հրաժարվիր։ Ոչինչ մի հայտնիր հրանց։ Շատ ապրես։ Ես շատ եմ քեզ հարգում, Սթենդինգ։ Դու կարողանում ես լեզուդ ատամներիդ տակ պահել։
Այստեղ բանտապանները քշեցին ինձ. ու ես այլևս երբեք չտեսա Ջեկ Բրամսելին։ Ակներև էր, որ նույնիսկ նա էլ ի վերջո հավատացել էր դինամիտի մասին այդ հեքիաթին։
{{ԵրեքԱստղ}}
Երեք անգամ բանտային իշխանությունները կանչեցին ինձ և հաջորդաբար կամ վախեցնում էին, կամ փորձում համոզել։ Ընտրության երկու հնարավոր ելք ներկայացրին ինձ. եթե ես բացահայտեմ, թե որտեղ է գտնվում դինամիտը, կստանամ ամենամեղմ պատիժը՝ երեսուն օր մեկուսարան, իսկ հետո կնշանակվեմ բանտի գրադարանի ավագ։ Եթե գերադասեմ շարունակել համառությունս և չհայտնեմ, թե որտեղ է դինամիտը, ապա իմ բանտարկության ամբողջ ժամկետի ընթացքում կմնամ զնդանում։ Եվ քանի որ դատապարտվաձ էի ցմահ բանտարկության, ապա նշանակում էր ցմահ բանտարկություն՝ մեկուսարանում։
Օհ, ո՜չ։ Կալիֆորնիան քաղաքակիրթ երկիր է։ Այդ նահանգի օրենսգրքում դուք նման բան ոչ մի տեղ չեք տեսնի։ Դա անհավանական, չլսված դաժան պատիժ է, և ոչ մի ժամանակակից պետության չի կամենա պատասխանատու լինել այդպիսի օրենքի համար։ Չնայած դրան, ես արդեն երրորդ մարդն եմ Կալիֆորնիայի պատմության մեջ, որը դատապարտված է ցմահ բանտարկությանհ մեկուսարանում։ Մյուս երկուսը Ջեկ Օպենհեյմերն ու Էդ Մորելն են։ Ես քիչ հետո կպատմեմ նրանց մասին, քանզի ինձ վիճակվեց նրանց հետ կողք-կողքի փտել մեկուսացված զնդանի լռության մեջ։
Այս ամենից բացի, իմ բանտապանները մտադիր են շատ շուտով ինձ հանել բանտից ու կախել․․․ Ո՛չ, ո՛չ, ոչ թե պրոֆեսոր Հասքելլի սպանության պատճառով։ Դրա համար ես դատապարտված եմ ցմահ բանտարկության։ Նրանք պատրաստվում են ինձ բանտից հանել ու կախել որովհետև հարձակում եմ գործել վերակացուի վրա։ Իսկ դա բանտային կարգուկանոնի սովորական ոտնահարում չէ։ Այսպիսի հանցանքի համար արդեն օրենք գոյություն ունի, որն իր տեղն է զբաղեցրել քրեական օրենսգրքում։
Պետք է, որ ես նրա քիթը ջարդուփշուր արած լինեմ։ Ես չեմ տեսել, արդյո՞ք նրա քթից արյուն եկավ, բայց վկաները պնդում են, որ արյուն է եկել։ Այդ մարդու անունը Սերսթոն էր։ Նա Սեն֊Քվենտին բանտում աշխատում էր որպես վերակացու, աչքի էր ընկնում իր առանձնահատուկ առողջությամբ և քաշն էլ կլիներ մոտ հարյուր յոթանասուն ֆունտ։ Ես չղջիկի նման կույր էի, և իմ քաշն էլ իննսուն ֆունտից պակաս էր, և ես այնքան երկար էի նստել չորս պատերի մեջ փակված իմ նեղլիկ խցում, որ բաց տարածություն դուրս գալով, արբեցի և գլուխս պտտվեց։ Անկասկած, դա ագորաֆոբիայի սկզբնական շրջանի ամենատիպական, կլինիկական առումով ամենամաքուր դեպքն էր, և ես դրանում համոզվեցի հենց նույն օրը, երբ մեկուսարանից դուրս գալուն պես հարվածեցի բանտապան Սերսթոնի քթին։
Ես նրա քիթը ջարդուփշուր արեցի, երբ փակեց ճանապարհս ու փորձեց բռնել ինձ։ Եվ ահավասիկ, հիմա պատրաստվում են կախել ինձ։ Կալիֆորնիա նահանգի օրենքի համաձայն, ցմահ բանտարկության դատապարտված իմ նման մի հանցագործ, Սերսթոնի նման մի վերակացուի մարմնական վնասվածք հասցնելու դեպքում ենթակա է մահապատժի։ Ճիշտ է, Սերսթոնը կես ժամ անց արդեն մոռացել էր, որ իր քթից արյուն է եկել, բայց և այնպես դրա համար ինձ կախելու են։
Իսկ հիմա լսեցեք։ Իմ առիթով այդ օրենքը կիրառվում է ex post facto։ Երբ ես սպանեցի պրոֆեսոր Հասկելլին, այդպիսի օրենք դեռ գոյություն չուներ։ Օրենքն ընդունվել էր այն բանից հետո, երբ ես արդեն դատապարտվել էի ցմահ բանտարկության։ Եվ հենց սա է գործի էությունը․ իմ նկատմամբ արձակված դատավճիռը ինձ այնպիսի վիճակի մեջ էր դրել, որ ես կարող էի ընկնել դեռևս չընդունված օրենքի ազդեցության տակ։ Չէ՞ որ Սերսթոնի վրա կատարած հարձակման համար ինձ կարող են կախել՝ շնորհիվ ցմահ բանտարկության դատապարտյալի իմ ստատուսի։ Միանգամայն պարզ է, որ դա ex post facto վճիռ է, և հետևապես, հակասում է սահմանադրությանը։
Բայց ինչ նշանակություն ունի սահմանադրությունը դատավորների համար, եթե նրանց անհրաժեշտ է հաշիվները մաքրել նշանավոր պրոֆեսոր Դարրել Սթենդինգի հետ։ Եվ բացի այդ, իմ մահապատիժը բնավ էլ աննախընդեպք չի լինի։ Ինչպես հայտնի է բոլոր նրանց, ովքեր լրագիր կարդում են, մեկ տարի առաջ, հենց այստեղ, ֆոլսեմյան բանտում, ճիշտ նույնպիսի հանցանքի համար կախեցին Ջեկ Օպենհեյմերին․․․ Միայն թե վիրավորանքը այն Ժամանակ գործողությամբ արտահայտվել էր ոչ թե այն բանում, որ Օպենհեյմերը ջարդուփշուր էր արել բանտապանի քիթը․ անակընկալ մի դիպվածով նա խոհանոցային դանակով մորթել էր բանտարկյալներից մեկին։
Տարօրինակ բան է թե՛ կյանքը, թե՛ մարդկանց վարմունքը, թե՛ օրենքը և թե ճակատագրի նենգահյուս խաղը։ Այս տողերը ես գրում եմ Մարդասպանների Միջանցքի նույն այն մենախցում, որտեղ նստած է եղել Ջեկ Օպենհեյմերը մինչև նրան այստեղից տանելն ու կատարելը այն, ինչ պատրաստվում են անելու ինձ հետ։
Ես ձեզ զգուշացրի, որ շատ ու շատ բաների մասին եմ գրելու։ Եվ վերադառնում եմ իմ պատմությանը։ Բանտային իշխանությունները ընտրության հնարավորություն տվեցին ինձ. եթե ցույց տամ, թե որտեղ է թաքցրած դինամիտը, ապա կնշանակվեմ բանտային գրադարանի ավագ և կազատվեմ ջուլհակային արհեստանոցի աշխատանքից։ Իսկ եթե հրաժարվեմ դինամիտի գաղտնարանը ցույց տալուց, ապա մինչև կյանքիս վերջը կնստեմ մեկուսարանում։
Քսանչորս ժամով ինձ զսպաշապիկ հագցրին, որպեսզի մի քիչ մտորեմ իրենց վերջնագրի մասին։ Հետո ես երկրորդ անգամ կանգնեցի բանտային իշխանությունների առաջ։ Ի՞նչ կարող էի անել։ Հո չէի՞ կարող նրանց հայտնել դինամիտի տեղը, երբ ոչ մի դինամիտ էլ գոյություն չուներ։ Ես հենց այդպես էլ ասացի նրանց, իսկ նրանք էլ ասացին, թե ես ստում եմ։ Նրանք ասացին, որ ես ծանր դեպք եմ, վտանգավոր հանցագործ, վիժվածք, որպիսին հարյուր տարին մեկ է լինում։ Եվ նրանք դարձյալ ինչ֊որ բաներ ասացին, իսկ հետո ետ ուղարկեցին մենախուց։ Ինձ տեղավորեցին առաջին մենախցում, հինգերորդում նստած էր էդ Մորելը, տասներկուերորդում՝ Ջեկ Օպենհեյմերը։ Նա արդեն տասը տարի շարունակ նստած էր այնտեղ։ Իսկ Էդ Սորելի առաջին տարին էր։ Նրան դատապարտել էին հիսուն տարվա ազատազրկման։ Ջեկ Օպենհեյմերը ինձ նման դատապարտված էր ցմահ բանտարկության։ Թվում էր, թե երեքս էլ բավականին ժամանակ ենք այնտեղ անցկացնելու։ Սակայն անցել է ընդամենը վեց տարի, և արդեն ոչ մեկս էլ այնտեղ չենք։ Ջեկ Օպենհայմերին կախեցին։ Էդ Մորելը դարձավ Սեն-Քվենտինի ավագների գլխավորը և հենց վերջերս նրան ներում շնորհելով, ազատեցին։ Իսկ ես այստեղ, ֆոլսեմյան բանտում նստած, սպասում եմ, թե երբ է դատավոր Մորգանը վերջապես նշանակելու այն օրը, որը և կդառնա իմ կյանքի վերջին օրը։
Ապուշնե՜ր։ Կարծես նրանք կարող են ինձ զրկել իմ անմահությունից փայտե տախտակամածի և պարանից պատրաստած անշնորհք հարմարանքի միջոցով։ Օհ, ո՛չ, ես դեռ անթիվ-անհամար հարյուրամյակներ դարձյալ ու դարձյալ կթափառեմ այս գեղատեսիլ աշխարհում։ Եվ կլինեմ ոչ թե մի անմարմին ոգի, այլ տիրակալ և հողագործ, գիտնական և տգետ, ես կբազմեմ գահին և կտառապեմ լծի տակ։
----
<references/>