Changes
— Այժմ,— ասում է Ուինվուդը կապիտան Ջեմիին,— թեև մենք չգիտենք, թե որտեղ է թաքցրած դինամիտը, սակայն որևէ վտանգ մեզ չի սպառնում։ Սթենդինգը միակ մարդն է, որին հայտնի է գաղտնարանի տեղը, իսկ մենախցում նստած, նա ոչ ոքի ոչինչ չի կարող հայտնել։ Բանտարկյալներն արդեն պատրաստ են փախուստի համար։ Մենք նրանց կկարողանանք բռնացնել փախուստի փորձ կատարելիս։ Նրանք միայն իմ ազդանշանին են սպասում։ Ես կհայտնեմ, որ այս գիշեր ժամը երեկուսին պատրաստ լինեն, որ ես կքնացնեմ ժամապահին քնաբեր դեղով, իսկ հետո կբացեմ խցերի դռներն ու կբաժանեմ ատրճանակները։ Վերակացու, եթե այս գիշեր դուք նրանց չբռնեք հանցանքի վայրում, փախուստի համար կազմ ու պատրաստ, հագնված ու արթուն բոլոր քառասուն հոգուն էլ, այդ դեպքում դուք ինձ կարող եք նստեցնել մենախցում մինչև իմ ժամկետի լրանալը։ Իսկ երբ, բացի Սթենդինգից, մյուս քառասուն հոգին էլ հուսալի կերպով փակված կլինեն մենախցերում, մենք լիուլի ժամանակ կունենանք գտնելու այդ դինամիտը։
Այս ամենը տեղի ունեցավ վեց տարի առաջ։ Այդ ընթացքում, ինչ խոսք, նրանց այնպես էլ չհաջողվեց գտնել գոյություն չունեցող դինամիտը, թեև հազար֊հազար անգամ նրանք քչփորեցին ամբողջ բանտը դինամիտ գտնելու հույսով։ Բայց և այնպես, բանտապետի իր պաշտոնն զբաղեցնելու ընթացքում մինչև վերջին րոպեն Ազերթոնը հավատում էր դինամիտի գոյությանը։ Կապիտան Ջեմին, որն հիմա էլ աշխատում է որպես ավագ վերակացու, մինչև այսօր էլ համոզված է, որ դինամիտը գտնվում է բանտի ծակուծուկերից մեկնումեկում։ Հենց երեկ էլ նա կտրել անցել էր Սեն֊Քվենտինից մինչև Ֆոլսեմ ընկած ճանապարհը, մեկ անգամ ևս ինձ խոստովանեցնելու համար, որպեսզի իմանա այդ գաղտնարանի տեղը։ Ես գիտեմ. նա հոգեպես չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ինձ չեն կախել։
«Իսկ ո՞վ է մատնել արդյոք»։— Այս միակ հարցը բոլորի շրթերին էր և ամբողջ գիշեր մինչև լուսաբաց այս հարցը դարձյալ ու դարձյալ կրկնվեց բազմաթիվ անգամներ։ Զնդան նետվածների մեջ բացակայում էր Սեսիլ Ուինվուդը, և հենց նրան էլ կասկածեցին մատնության մեջ։
Եվ այնտեղ, մարդկանց անմարդկայնությունից ստեղծված այդ մութ վիրապում չորս տասնյակ ցմահ բանտարկյալ հանցագործներ, դեմքով դռների թուջե վանդակին հպված, մեկ մյուսի հետևից երդվեցին ասել միայն ճշմարտությունը։
Մեկը մյուսի հետևից, և ամեն անգամ մեկական բանտարկյալի, տանում էին, և մեկը մյուսի հետևից, խավարի մեջ ոռնալով ու հառաչելով, վերադառնում էին մարմնով ու հոգով փշրված մարդիկ։ Իսկ ես իմ զնդանում պառկած լսում էի այդ հեծեծանքն ու ողբը, լսում էի ցավից խենթացած այդ էակների անիմաստ մրմունջը, և աղոտ հիշողություններ էին զարթնում իմ հոգում. ինձ թվաց, թե ժամանակին անտարբեր ու ամբարտավան նստած եմ եղել բարձր տախտակամածին, և ինձ են հասել ճիչեր ու հառաչանքներ։ Հետագայում, ինչպես դուք կտեսնեք, ես հայտնագործեցի այդ հիշողությունների սկզբնաղբյուրը. իմացա, որ այդ ճիչերն ու հառաչանքները լսվել են այն նստարաններից, որոնց շղթայված են եղել թիավարող-ստրուկները, իսկ ես՝ հռոմեացի զորապետս, լսել եմ այդ ողբը Հին Հռոմի թիանավերից մեկի ցռուկին նստած։ Դա այն ժամանակ էր, երբ ես Երուսաղեմ գնալիս նավարկում էի դեպի Ալեքսանդրիա.... Բայց այդ մասին հետո կպատմեմ։ Իսկ առայժմ...
----
<references/>