Արտասանդուղք է դուրս գալիս Պոլանան ու կանգ առնում՝ տեղում քար կտրած։ Ձեռքերը ջղաձգորեն սեղմելով կրծքին, նա շնչում է ծանր ու ընդհատ, առանց վախեցած աչքերը ամուսնուց հեռացնելու։
===III===
Եվ հիմա, Յուրայ Հորդուբալը չգիտի ինչ ասի․ քանի՜֊քանի անգամ էր պատկերացրել այս հանդիպումը, և ինչո՞ւ սա ոչ մեկին նման չի։ Ետևից թաքուն մոտենալով Պոլանայի աչքերը չփակեց, գիշերով չթակեց պատուհանը, չեկավ օրհնանքի խոսքերով երեկոյան ժամին, երբ հոտը զանգերն է հնչեցնում․ ո՛չ, ահա ինքը՝ ներս ընկավ կոշտամազ ու անլվա։ Եվ ինչո՞ւ զարմանալ, որ կինը վախեցավ։ Եվ Հորդուբալի ձայնն էլ մի տեսակ օտարոտի է, խռպոտ․․․ Տե՛ր, խրատի՛ր, հասկացրու, թե ինչ կարելի է ասել այսպիսի անմարդկային ձայնով։
Պոլանան ետ է քաշվում, անչափ ետ, թույլ տալով, որ նա ներս անցնի, ― ախ, Պոլանա, ես այնպես էլ ներս կմտնեի, ― և արտաբերում է համարյա անլսելի ու մի տեսակ ոչ իր ձայնով․
― Ներս գնա, ես Հաֆյային կկանչեմ։
Ա՛խ, Հաֆյայի՞ն։ Բայց ես նախ կուզենայի գրկել քո ուսերը, Պոլանա, ու ասել․ «Դե, անուշս, ինքս էլ ուրախ չեմ, որ քեզ վախեցրի։ Փառք աստծու, ահա և ես տանն եմ։ Մի տես, ո՞նց ես դու այստեղ ամեն բան կարգի բերել։ Նոր մահճակալ, բարձերի սար, սեղանն էլ նոր ու ամուր․ պատին սրբապատկերներ։ Ամերիկայում էլ դրանց նմանը չես գտնի։ Հատակը տախտակից, պատուհաններին էլ ծաղիկներ։ Կեցցես, Պոլանա, դու լավ տանտիրուհի ես։
Յուրայ Հորդուբալը կամացուկ նստում է իր ճամպրուկին։ Խելոք կին է Պոլանան, իր գործը գիտե։ Ամեն ինչից երևում է, որ մի դյուժինից ոչ պակաս կովեր ունի, գուցե և ավելի։ Փառք աստծու, ես իզուր չեմ աշխատել։ Օ՛հ, անուշս, համա թե շոգ է հանքահորում։ Թե իմանաս՝ ի՜նչ դժոխք է այնտեղ։
Պոլանան չի վերադառնում։ Եվ Յուրայ Հորդուբալն իրեն անհարմար է զգում, ասես երկար ժամանակով նրան մենակ են թողել օտար խրճիթում։ Կսպասեմ բակում, որոշում է նա, համ էլ կլվացվեմ։ Է՛խ, մարդ շապիկը հաներ, սառը ջրի հոսանքը բաց թողներ ուսերին, գլխին, մազերը թրջեր, ջուր շաղ տար չորս կողմ, բավականությունից քրքջար։ Չէ, չէ ― չի կարելի։ Ժամանակը չի դեռ, ժամանակը չի։ Առայժմ կարելի է միայն պոմպով մի քիչ ջուր հանել։ Առաջ այստեղ մի հորափայտվածք կար և կռունկ դույլի հետ․ կռանում էիր ցած, իսկ ներքևում մո՜ւթ֊մութ էր ու խոնավության հոտ էր փչում, իսկ հիմա ճիշտ ոնց որ Ամերիկայում․ այնտեղ ֆերմերները ճիշտ այսպիսի պոմպեր ունեն։ Չվերցնի՞ դույլն ու գնա գոմ, անասուններին ջուր տա, որպեսզի կովերը փնչացնեն, որպեսզի նրանց թաց ռունգերը փայլեն․․․ Յուրայը յուղոտված թաշկինակը թրջում է ու սրբում դեմքը, ճակատը, ձեռքերն ու ծոծրակը։ Ա֊ա՜խ, ինչ հաճելի է սառեցնում։ Հորդուբալը քամում է թաշկինակն ու աչք ածում, թե որտեղ փռի չորանալու։ Բայց ոչ, մենք դեռ տանը չենք, և նա թաց թաշկինակը խցկում է գրպանը։
― Նա քո հայրն է, Հաֆյա, ― լսում է Հորդուբալը, և Պոլանան տասնմեկամյա աղջնակին հրում է նրա կողմը։ Երեխան վախեցած կապույտ աչքեր ունի։
― Այ թե դու ինչպիսին ես, Հաֆյա, ― շփոթված մրթմրթում է Հորդուբալը (իսկապես որ, այսպիսի մեծ երեխային ու թեդդի֊բե՜ր) և ուզում է շոյել նրա գլուխը։ Միայն մի մատով, Հաֆյա։
Բայց աղջնակը խույս է տալիս ու սեղմվում է մորը, առանց աչքը անծանոթից կտրելու։
― Դե բարևիր, Հաֆյա, ― խստությամբ ասում է Պոլանան ու շմփացնում աղջկա մեջքին։
― Թող նրան, Պոլանա։ Ինչ վատ բան կա այստեղ, որ երեխան քաշվում է։
― Բարի օր, ― շշնջում է Հաֆյան ու շուռ գալիս։
Հանկարծ Յուրայն իրեն վատ է զգում, արցունքները պատում են աչքերը, երեխայի կերպարանքը թրթռում է աչքին ու ճապաղվում։ «Դե, դե, այս ինչ բան է․ է՜, ոչինչ կանցնի։ Բոլորը նրանից է, որ այսքան տարի չէի լսել այդ խոսքը՝ «բարի օր»։
― Հայֆա, մոտ արի, ― իրար է անցնում Հորդուբալը, ― նայիր՝ քեզ համար ինչ եմ բերել։
― Գնա, հիմար, ― առաջ է հրում աղջկան Պոլանան։
Հորդուբալը կռանում է ճամպրուկի վրա։ Սուրբ աստվածածին, ինչպե՜ս է ամեն ինչ ճմրթվել։ Ո՞ւր է կորել էլեկտրական լապտերը։ Այ թե Հաֆյան կզարմանա։
― Նայիր, Հաֆյա, սեղմում ես այս կոճակը, և սա լույս է տալիս։ Այս ինչ բան է, չի ուզում վառվել։ ― Հորդուբալը սեղմում է կոճակը, լապտերը ձեռքերի մեջ շուռումուռ է տալիս ու մռայլվում։
― Ի՞նչ պատահեց սրան։ Ա֊ա՜, երևի մարտկոցը չորացել է։ Նավի վրա այնպիսի դժոխք էր որ։ Գիտես, ներքևի տախտակամածում․․․ Հաֆյա, սա լույս էր տալիս։ Պայծառ լույս էր տալիս, ոնց որ արև։ Սպասիր, ես քեզ նկարներ տամ, կնայես։
Հորդուբալը հանում է լրագրերի ու ամսագրերի թերթերը, որոնց մեջ հագուստ է փաթաթված։
― Հաֆյա, մոտ արի։ Տես, ահա սա Ամերիկան է։
Աղջնակը շփոթված տատանվում է ու նայում մորը։ Պոլանան չոր֊չոր ու խստությամբ գլխով է անում․ «Գնա»։ Հաֆյան քաշվելով, տհաճությամբ մոտենում է այդ օտար, լողլող մարդուն։ Ո՜ւխ, հիմա ոնց նետի պես դուրս կթռչեր դռնից ու կվազեր, առանց ետ նայելու կվազեր Մարիյկայի ու Ժոֆկայի մոտ, աղջիկների մոտ, որոնք այնտեղ, կալերի ետևում, փոքրիկ, ծիծաղելի շան լակոտին բարուրում են վերմակի մեջ․․․
― Մտիկ, Հաֆյա, ինչպիսի՜ կանայք են։ Իսկ այստեղ, նայիր, կռվում են, հը՞։ Սա ֆուտբոլ է, մի տեսակ խաղ է Ամերիկայում, հասկանում ես։ Իսկ ահա այս բարձր տները․․․
Հաֆյան արդեն ուսով դիպչում է նրան ու վեհերոտությամբ շշնջում․
― Իսկ էնտեղ ի՞նչ է։
Ուրախ խանդաղատանքը համակում է Հորդուբալին՝ դե ահա, երեխան արդեն ընտելանում է։
― Այդ․․․ այդ Felix the Cat:<ref>Ֆելիքս կատուն (անգլ)։</ref>
― Ախր էդ փիսիկ է, ― բողոքում է Հաֆյան։
― Հա՛֊հա՛, իհարկե, փիսիկ է։ Դու խելոք աղջիկ ես, Հաֆյա։ Սա մի տեսակ․․․ ամերիկյան կատու է, օլ֊ռայթ։ <ref>all right ― ճիշտ է(անգլ)։</ref>
― Իսկ նա ի՞նչ է անում։
― Նա․․․ նա լիզում է tin,<ref>tin ― թիթեղյա տուփ (անգլ․)։</ref> հասկանում ես էդվերտիսմենտ<ref>advertisment ― ռեկլամ (անգլ․)։</ref> է, այ թե ինչ։
― Իսկ էստեղ ի՞նչ է գրած։
― Սա․․․ սա ամերիկերեն է, Հաֆյա, դու չես հասկանա։ Իսկ հիմա նայիր՝ շոգենավեր, ― թեման շտապով փոխում է Հորդուբալը, ― ես եկա մի այսպիսի նավով։
― Իսկ էս ի՞նչ է։
― Դրանք ծխնելույզներ են, հասկանում ես։ Նավի ներսում շոգեմեքենա կա, իսկ ետևից այսպիսի․․․ այսպիսի պտուտակ․․․
― Իսկ էստեղ ի՞նչ է գրած։
― Այդ դու կկարդաս ժամանակին, մի ուրիշ անգամ։ Դու հո կարդալ գիտես, ― ճողոպրում է Հորդուբալը։ ― Իսկ ահա այստեղ նայիր՝ երկու կար<ref>car ― ավտոմոբիլ (անգլ․)։</ref> իրար են զարկվել․․․
Պոլանան կանգնել է շեմին, ձեռքերը կրծքին խաչած, ու չոր, սևեռուն հայացքով նայում է դեպի բակ։ Նրա ետևը, խրճիթում, երկու գլուխ թեքվել են իրար։ Տղամարդկային ձայնը կմկմոցով պատմում է Ամերիկայի մասին, աշխատելով ինչ֊որ բան հասկացնել։
― Այ թե Ամերիկայում ոնց են անում, Հայֆա։ Իսկ ահա սա էլ մի անգամ ես ինքս իմ աչքով տեսա․․․ ― Հետո Հորդուբալի լեզուն բոլորովին շաղվում է, և նա մռմռում է, ― Հաֆյա, մի տես մայրիկդ ո՞ւր է։
Ասես գերությունից ազատվելով, Հաֆյան դուրս է թռչում արտասանդուղք։
― Սպասի՛ր, ― կանգնեցնում է նրան Պոլանան, ― հարցրու, միգուցե նա ուտել է ուզում․․․ կամ խմել։
― Հարկավոր չի, աղավնյակս, հարկավոր չի, ― հրաժարվում է Հորդուբալն ու շտապում դեպի շեմը։ ― Շնորհակալ եմ, որ հոգացիր, սրտանց շնորհակալ եմ, հարկ չկա շտապելու․ դու, անշուշտ, ուրիշ գործեր էլ կունենաս․․․
― Գործը միշտ էլ անպակաս է, ― անորոշ կերպով արձագանքում է Պոլանան։
― Դե, այ տեսնում ես, Պոլանա, այ տեսնում ես։ Ես քեզ չեմ անհանգստացնի, զբաղեցնելով իմ գործերով, ես հետո․․․ ես ինչ․․․
Պոլանան աչքերը բարձրացնում է նրա վրա, ասես ուզում է ասել, ուզում է ամեն ինչ միանգամից ասել, բայց շրթունքներն սկսում են դողալ, և նա լուռ գնում է իր գործերին․ չէ՞ որ դրանք միշտ էլ անպակաս են։
Կանգնած դռների մեջ, Հորդուբալը նայում է նրա ետևից․ չգնա՞ նրա ետևից սարայ։ Չէ, առայժմ չէ․ սարայում մութ է, լավ չի լինի այդ․․․
Ութ տարի, եղբայրներ, ո՜ւթ տարի։ Խելամիտ կին է Պոլանան, ջահել աղջկա պես չի փաթաթվում վզիդ։ Վատ չի լինի նրան հարձուփորձել այս ու այն բանի, դաշտի, անասունների մասին։ Դե, աստված իր հետ, նրա գործերն անպկաս են։ Պոլանան առաջ էլ այդպես էր՝ աշխատող, ծանրաբարո, խելամիտ։
Հորդուբալը մտախոհ դիտում է բակը։ Բակը մաքուր է, ծածկված աղպատով ու հարսնմատով, ոչ մի տեղ աղբահյութի հետք անգամ չի նկատվում։ Չգնա՞ տնտեսությանն աչք ածի։ Չէ, պետք չի, առայժմ պետք չի։ Պոլանան ինքը կասի․ Յուրայ, գնա տես՝ ո՞նց եմ տնտեսությունը վարել։ Ամեն ինչ աղյուսից է ու երկաթից, բոլորը նոր, այսքան ու այսքան է նստել։ Եվ ես կասեմ՝ լավ է, Պոլանա։ Ես էլ եմ որոշ բաներ բերել տնտեսություն։ Պոլանա, դու տնտեսությունից լավ ես գլուխ հանել։ Ու բարեկազմ ես դու, Պոլանա, բարեկազմ ես, ոնց որ նորապսակ աղջիկ։ Աստված իմ, ի՜նչ ուղիղ է մեջքը։ Պոլանան միշտ էլ այդպես է քայլել, դեռևս աղջիկ ժամանակ գլուխը բարձր էր պահում։ Հորդուբալը հառաչեց ու ծոծրակը քորեց։ Ինչ արած, թող քո ուզածի պես լինի, Պոլանա։ Ութ տարի շարունակ ինքդ ես եղել քո տիրուհին, մի անգամից կոտրել չես կարող։ Ինքդ կխոստովանես՝ լավ է, որ հիմա տանը տղամարդ կա։
Հորդուբալը մտախոհ դիտում է իր բակը։ Ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նոր ձևով։ Պոլանան տնտեսության մեջ հաջողակ է։ Իսկ ահա այդ աղբը, աղավնյակներս, այդ աղբը ինձ դուր չի գալիս։ Դրանից ախոռի հոտ է փչում և ոչ թե գոմի։ Ահա պատից կախված է երկու անուր, իսկ բակում ձիու թրիք կա։ Պոլանան ձայն էլ չհանեց, որ ձիեր է պահում։ Լսիր, Պոլանա, ձին կնկա բան չի։ Ախոռում տղամարդ է հարկավոր, ահա թե ինչ։
Հորդուբալը մտահոգությամբ ճակատն է կնճռոտում՝ նա սմբակի հարվածներ է լսում տախտակե միջնապատին։ Ձին դոփում է, ինչպես երևում է՝ ծարավ է։ ― Բրեզենտե դույլով ջուր տանեմ նրան։ Չէ, չէ, Պոլանան ինքը կխնդրի․ «Յուրայ, գնանք, աչք ածիր մեր տնտեսությունը»։ Ջոնսթոնում էլ ձիեր կային, այնտեղ ներքևում, բովանցքերում։ Մոտենում էի դունչները շոյելու, ― այնտեղ կովեր չկային, Պոլանա, այ թե ինչ։ Իսկ որքան լավ է, երբ բռնում ես կովի եղջյուրից ու գլուխը ցնցում, օհի֊ հո՜, պառավս։ Իսկ ձին․․․ Դե, փառք աստծու, հիմա տանդ տղամարդ ունես։
Եվ հանկարծ հին, վաղուց ծանոթ մի հոտ է առնում։ Հորդուբալը հոտոտում է երկար ու բավականությամբ։ Փա՜յտ։ Փայտերի խեժոտ բուրմունքը, արևի տակ մնացած սոճու խղանների հոտը։ Ցախանոցը հրապուրում է Յուրային։ Ծղանները լավն են, մեծ֊մեծ, հաստակեղև։ Ահա և կոճղը՝ մեջը խրված կացնով, փայտե իշուկն ու սղոցը։ Հին սղոցը։ Հին սղոցը, որ հղկվել է նրա ափերի մեջ։ Հորդուբալը շնչում է խորը ― բարի գալո՜ւստ ― հանում է պիջակն ու խղանը դնում իշուկին։
Քրտնած ու երջանիկ, նա ձմռան փայտ է սղոցում։
===IV===
Յուրայն ուղղում է մեջքը ու քրտինքը սրբում։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Այ, սա է աշխատանքը։ Այն չի, ինչ պիթում։ Հոտն էլ է ուրիշ։ Պոլանայի փայտերը լավ փայտեր են, խեժոտ․ մեջները ոչ ծուռ կոճղեր կան, ոչ չորուկներ։
Բադերը կռնչում են, սագերն աղմուկով դես ու դեն նետվում․ մոտերքում լսվում է սայլի դղրդյուն, և սայլը սրընթաց թեքվում է տան կողմը։ Պոլանան դուրս է թռչում սարայից ու վազում դարբասը բանալու։ Ա՛խ, Պոլանա, դու վազում ես աղջկա նման։
Դե այդ ո՞վ է, ո՞վ է գալիս մեզ մոտ։ Շրխկում է մտրակը, տաք, ոսկեգույն փոշին գալարվում է օդում, և զույգ ձի լծած սայլը ներս է ընկնում բակ․ սայլը թխկթխկում է, իսկ նրա վրա հունգարական ձևով կանգնած է մի երիտասարդ․ նա սանձերը բարձրացնում է վեր, բարձրաձայն բղավում՝ «թփը՜ռռռ» և ցած թռչելով թփթփացնում է ձիերի խոնավ պարանոցներին։
Մոտենում է Պոլանան, գունատ ու վճռական։
― Յուրայ, սա Շտեպանն է։ Շտեպան Մանյան։
Ձգափոկերի վրա կռացած մարդը կտրուկ ուղղվում է, դեմքով դառնում է Յուրային։ «Այ քեզ սևամո՜րթ, ― մտքում զարմանում է Հորդուբալը։ ― Աստված իմ, իսկը ագռավ է»։
― Ինձ մոտ բատրակ է, ― ամուր ու որոշակի ավելացնում է Պոլանան։
Երիտասարդն ինչ֊որ փնթփնթում է, կռանալով լծասարքին և, ձգափոկերն արձակելով, մի ձեռքով պահում է երկու ձիերին, իսկ մյուսը առանց այլևայլության մեկնում է Հորդուբալին։
― Բարի եկար, պան։
Պանը ձեռքն շտապով քսում է տաբատին ու պարզում Շտեպանին․ Հորդուբալը գլուխը կորցրել է, միաժամանակ հաճելի է նրան․ նա շփոթվում է, քրթմնջում ինչ֊որ ու նորից, ամերիկյան ձևով, թափ տալիս Շտեպանի ձեռքը։
Շտեպանը պստիկ֊մստլիկ, բայց բարեկազմ ջահել է։ Հասակով հազիվ Յուրայի ուսերից լինի, բայց հանդուգն ու գրգռիչ կերպով նայում է ուղիղ նրա աչքերի մեջ։
― Հիանալի ձիեր են, ― մռթմռթում է Հորդուբալն ու ձեռքը տանում՝ նրանց մռութները շոյելու։ Սակայն ձիերը խրտնում են ու ծառս լինում։
― Զգույշ պան, ― ասում է Մանյան, և նրա աչքերում ծաղր է նկատվում, ― սրանք հունգարական ձիեր են։
Ախ դու, սևամռութ, կարծում ես ես ձիերից գլուխ չե՞մ հանում։ Ճշմարիտ է, չեմ հանում, բայց ձիերը տիրոջը կվարժվեն։
Ձիերը ցնցում են գլուխները, ուր որ է տեղներից կպոկվեն։ Հորդուբալ, ձեռքերդ դիր գրպաններդ ու տեղիցդ մի շարժվիր, թող այդ սևամորթը չկարծի թե վախենում ես։
― Այ, էս երեք տարեկան ձին հեծելազորային հովատակից է, ― պատմում է Մանյան։ Նա բռնում է ձիու պոչից։ ― Ց֊ց֊ց․․․ Է֊է։ Վա՛յ , սատանա։ Հա՜յդե։ ― Ձին թափահարում է գլուխը, իսկ Շտեպանը ծիծաղում է միայն։
Պոլանան մոտենում է, մի կտոր հաց պարզում ձիուն։ Շտեպանը, աչքերը փայլեցնելով նրա կողմը, բռնած ձիու լկամից, սեպերն է բացում․․․
― Է֊է, հանգիստ։
Շտեպանը ներքին լարումից սեղմում է ատամները, ձին ասես քարացած կանգնում է տեղում և, պարանոցը գեղեցիկ ծռելով, տիրուհու ափից շրթունքներով վերցնում է հացը։
― Դե֊ե՜, ― բղավում է Մանյան և, ամուր բռնած ձիերի լկամներից, տանում է նրանց ախոռ։
Պոլանան նայում է նրանց ետևից։
― Հովատակին չորս հազար են տալիս, ― աշխուժորեն հայտնում է նա, ― իսկ ես չեմ ծախի։ Շտեպանն ասում է, որ ութ հազար էլ արժի։ Իսկ զամբիկը աշնանը կզուգավորվի․․․ ― Այ քեզ բա՜ն, ինչո՞ւ հանկարծ շփոթվեց և ասես լեզուն կծեց։ ― Հարկավոր է նրանց կեր տալ, ասում է նա անվստահորեն և պատրաստվում է հեռանալ։
― Այդպես, այդպես, կեր տալ, ― համաձայնում է Յուրայը։ ― Լավ ձի է, Պոլանա․ իսկ ինչ, լծած ժամանակ է՞լ այդպես լավ է։
― Լծա՞ծ։ Ախր այդպիսի ձիուն լծելը մեղք է, ― գրգռվում է Պոլանան։ ― Դա քեզ համար հո գյուղական լծկան ձի չի։
― Երևի այդպես է, ― զսպում է իրեն Հորդուբալը։ ― Այդ ճիշտ է, մեղք է այդպիսի կտրիճ ձին։ Լավ ձիեր են, աղավնյակս, նայում ես՝ հոգիդ փառավորվում է։
Մանյան արդեն դուրս է գալիս ախոռից՝ ձեռքերին երկու բրեզենտե դույլեր։
― Պան, նրա համար ութ հազար կվերցնենք, ― վստահորեն ասում է նա։ ― Իսկ աշնանը հարկավոր է զամբիկին զուգավորել։ Ես նրա համար էնպիսի մի հովատակ եմ ճարել, իսկը քաջք։
― Բրո՞ւտը, թե Հեյդուսը, ― կես֊ճամփից շուռ է գալիս Պոլանան։
― Հեյդուսը։ Բրուտը ծանր կգա։ ― Մանյան սև բեղիկների տակ բացում է սեպերը։ ― Պան, չգիտեմ դուք ոնց, բայց ես ծանրաշարժ ձիուն գին չեմ տա։ Ուժը տեղն է, իսկ ցեղը՝ հեչ։ Ցեղ չունի, պան։
― Հըմ, ճիշտ է, ― անվստահորեն արձագանքում է Հորդուբալը, ― ցեղը հայտնի բան է․․․ Դե, իսկ կովե՞րը, Շտեպան։
― Կովե՞րը, ― զարմանում է Շտեպանը։ ― Դուք կովերի՞ մասին եք հարցնում։ Այո, տիրուհին երկու կով ունի, ասում է՝ կաթ է հարկավոր։ Իսկ մի՞թե դուք դեռ ախոռում չեք եղել, պան։
― Ո֊ոչ։ Գիտես, ես քիչ առաջ եմ եկել, ― պատասխանում է Հորդուբալն ու մոլորվում․ ախր ահա ամբողջ մի բլուր փայլտ է կտրել, չես կարող թաքցնել։ Բայց և այնպես Հորդուբալը գոհ է, որ Շտեպանի հետ հեշտությամբ «դու»֊ի անցավ։ Տիրոջ և բատրակի միջև այդպես էլ պետք է լինի։
― Հա, ― շարունակում է Հորդուբալը, ― ես հենց պատրաստվում էի այնտեղ գնալ։
Շտեպանը, դույլերը լցելով, տիրոջն առաջնորդում է ախոռ։
― Մեզ մոտ, այնտեղ․․․ տիրուհու մոտ, երեքշաբաթական քուռակն է ու ծանրացած մատակը։ Երկու ամիս առաջ է բեղմնավորվել։ Էս կողմ արի, պան։ Իսկ այդ մալած ձին համարիր ծախած։ Երկուսուկես հազար։ Լավ ձի է, բայց ես երեք տարեկանին եմ լծում՝ հարկավոր է վարժեցնել։ Իրասածի է։ ― Մանյան նորից է սեպերը բացում։ ― Այդ մալած ձին բանակի համար է։ Մեր ձիերը միշտ էլ բանակի համար են վերցրել։
― Այդպես, այդպես, ― համաձայնում է Յուրայը, ― այստեղ քեզ մոտ մաքուր է, Շտեպան։ Դե, իսկ ինքդ բանակում ծառայած կա՞ս։
― Հեծելազորում, պան, ― քմծիծաղում է Մանյան ու ջրում եռամյա ձիուն։ ― Մտիկ միայն․․․ ի՜նչ գլուխ է։ Հապա զավակը։ Է՛խ, ցը֊ցը֊ցը։ Զգույշ, պան։ ― Եվ Շտեպանը բռունցքով թփթփացնում է ձիու պարանոցին։ ― Ա՜խ, ավազակ․․․ Այ սա ձի՜ է։
Ախոռի սուր հոտից Հորդուբալն իրեն վատ է զգում։ Ուրիշ բան է գոմը՝ կաթի, արոտի, գոմաղբի հարազատ բույրը։
― Իսկ ո՞ւր է քուռակը, ― հարցնում է նա։
Քուռակը, դեռևս բոլորովին բրդոտ, ծծում է մորը։ Նա ամբողջովին կազմված է ոտքերից։ Զամբիկը թեքում է գլուխն ու խելացի աչքերը շլում Հորդուբալի վրա։ Դե, իսկ դո՞ւ ինչ ես անում այստեղ։ Հուզված Յուրայը շոյում է նրա տաք, թավշյա կռնակը։
― Լավ մատակ է, ― ասում է Շտեպանը, ― միայն ծանրաշարժ է։ Տիրուհին ուզում է ծախի։ Միայն թե գիտեք, պան, մուժիկը ձի չի առնում, իսկ բանակի համար վերցնում են տաքարյուն ձիեր, ուղղակի կրակ։ Հանգիստները նրանց պետք չեն։ Այնտեղ բոլորը նման են իրար։ Չգիտեմ, թե դուք ոնց եք նայում այդ բանին, պան․․․
― Դե, դրանից Պոլանան է լավ հասկանում, ― անվստահորեն մռմռում է Հորդուբալը։ ― Իսկ այ եզների բանը ոնց է։ Պոլանան եզներ ո՞նի։
― Դե, ախր եզներն ինչի՞ համար են, պան, ― քմծիծաղում է Մանյան։ ― Դաշտում մատակն ու մալածը հերիք են։ Իսկ միսը հիմի գին չունի։ Խոզի միսը էլի մի կերպ գնում է։ Տեսե՞լ եք, տիրուհին ինչ վարազ ունի։ Դրան ավելացրու վեց խոզերն ու տասնչորս խոճկորները։ Խոճկորներն ուղղակի խլխլում են, դրանց համար հեռու տեղերից են մեզ մոտ գալիս, պան։ Ու մեր խոզերն էլ ոնց որ փղեր լինեն՝ մորթները սև, կճղակները սև․․․
Հորդուբալը մտածկոտ օրորում է գլուխը։
― Դե, իսկ խոճկորների համար կաթը ո՞րտեղից եք ճարում։
― Պարզ է, մուժիկներից, ― ծիծաղում է Մանյան։ ― «Է՛յ, չե՞ս ուզում մեր վարազը քո կեղտոտ խոզի վրա քաշել։ Ամբողջ շրջանում էդպիսի վստահելի վարազ չես ճարի։ Իսկ դրա դիմաց քանի՞ դույլ կաթ ու քանի՞ պարկ կարտոֆիլ կտաս։ Ճիշտ եմ ասում, պան, էդպիսի բանի համար չարժի մեջք ծռել։ Քաղաքն էստեղից հեռու է, առևտուրը՝ վատ։ Հիմար ժողովուրդ է․ պան։ Ամեն ինչ մշակում են իրենց համար միայն, դե, ուրեմն, քանի որ ծախել չեն իմանում, թող տան մեզ։
Հորդուբալը անորոշությամբ գլխով է անում։ Ճշմարիտ է, ճշմարիտ, մեզ մոտ միշտ էլ առևտուրը վատ է եղել, սագերն ու հավերը՝ էլի մի կերպ։ Իսկ Պոլանայի մոտ ամեն ինչ տեղը֊տեղին է։ Այո, ինչ որ ճիշտ է, ճիշտ է, տանտիրուհիս գործերից լավ է գլուխ հանում։
― Ապրանքը պիտի ծախել հեռու տեղերում, ― դատում է Շտեպանը, ― ու էնպիսի ապրանք, որ օգուտ բերի։ Դե, մի կճուճ յուղով ո՞վ շուկա կգնա։ Իսկույն քթիցդ կիմանան, որ ունեցած֊չունեցածդ էդ է․ դե, ուրեմն, գինը իջեցրու կամ չքվիր գրողի ծոցը։
― Իսկ դու ինքդ որտեղի՞ց ես, ― զարմանում է Հորդուբալը։
― Տափաստանից։ Լսած կա՞ք՝ Ռիբարիի ճահճուտը․ էստեղի ամբողջ շրջանը կտեղավորվի նրա մեջ, ոնց որ դանակը գրպանում։ Իսկ խոտը, պան, հասնում է դոշիդ։ ― Մանյան ձեռքն է թափահարում։ ― Է՛հ, էստեղ զզվելի հողեր են։ Վարում ես՝ մի գլուխ քարեր է, որ շուռ ես տալիս։ Իսկ մեզ մոտ՝ ջրհոր ես փորում, դուրս է գալիս իսկական սևահող։
Հորդուբալը կնճռոտվում է։ «Ի՜նչ գիտես դու, թաթա՛ր։ Ես, ես եմ այստեղ վարել ու քարերը շուռ տվել։ Դրա փոխարեն, ինչպիսի՜ անտառներ կան։ Ի՜նչ ազատություն, աստված իմ։ Ինչպիսի՜ արոտավայրեր»։
Սրտնեղած Յուրայը դուրս է գալիս ախոռից։ Ասում ես՝ զզվելի հողե՞ր։ Հապա ինչո՞ւ ես խցկվել մեզ մոտ։ Եվ մի՞թե անասունների համար այստեղ վատ է։ Դե, փառք աստծու, ահա և նրանք, արդեն ցրվում են դեպի տները։ Հովտում ու ցանկապատից դենը զանգակներն են զնգում՝ մեղմ, հավասարաչափ, ինչպես կովերի քայլերը։ Հորթերի վզին կապած բոժոժները ղողանջում են ասես հապշտապ։ Դե֊դե, դուք էլ կով կդառնաք, դուք էլ կքայլեք ծանրումեծ, ինչպես ամբողջ նախիրը։ Զանգակների զնգոցը ավելի ու ավելի է մոտենում, և Յուրայը պատրաստ է գլխարկը հանել, ասես հանդիսավոր թափոր է անցնում։ Հայր մեր, որ երկինս ես․․․ Զնգոցը լողում է գետի պես, բաժանվում խոշոր վտակների, տարածվում ողջ գյուղով մեկ։ Կովերն իրար ետևից անջատվում են նախրից և ― տա՜ն֊գո՛, ծը՜նգ֊ծը՜նգ ― ամեն մեկը դիմում է դեպի իր գամը։ Կաթի ու փոշու համաձույլ բուրմունք, և ահա զանգակները զնգում են դռների մեջ, ու երկու կովեր, գլուխները հանդարտ օրորելով, ուղղվում են դեպի Հորդուբալովների գոմը։ Յուրայը խորը հառաչում է․ դե, փառք քեզ աստված, ահա և ես տանն եմ։
Նախրի զանգահարությունը տարածվում է գյուղով մեկ ու լռում․ չղջիկը զիգզագաձև թռչում է անասունների ետևից՝ ճանճեր է որսում։ Բարի երեկո, տանտեր։ Կովը երկար ու ձիգ բառաչում է գոմում։ ― Գալիս եմ, գալիս։ Ձեռքերը մթության մեջ առաջ պարզած, Յուրայը մտնում է գոմ, շոշափում է կովի եղջյուրները, թավամազ, պինդ ճակատը, թաց շրթունքներն ու ռունգերը, պարանոցի կնճռոտ կաշին։ Ապա, մթության մեջ ափլփելով, գտնում է կովկիթն ու երեք ոտնանի աթոռակը, նստում կովի կուրծի մոտ ու սկսում իրար ետևից սեղմել պտուկները։ Կաթը բարակ շիթերով, ֆշշոցով ցայտում է կովկիթի մեջ, և Յուրայն սկսում է կամացուկ, կիսաձայն երգել։
===V===
Յուրայ Հորդուբալը նստում է սեղանի գլխին, ծալում ձեռքերն ու աղոթում։ Այդպես է պետք, քանի որ այժմ տան տերը նա է։ Պոլանան նստել է, շրթունքները սեղմած ու ձեռքերը ծալած։ Հաֆյան աչքերը չռել ու չգիտի ինչ անի։ Շտեպանը մռայլ աչքերը գցել է հատակին։ Միգուցե Շտեպանն ուրիշ հավատի է, բայց սեղան նստելիս անհրաժեշտ է աղոթել։ Ա՛յ թե քեֆները տեղը չի, հա՜․․․
Բոլորն ուտում են լուռ, շտապ֊շտապ․ միայն Հաֆյան է հազիվհազ փորփրում իր ափսեն։
― Կեր, Հաֆյա, ― խստությամբ հրամայում է Պոլանան, սակայն ինքը համարյա ոչ մի բանի ձեռք չի տալիս։ Միայն Շտեպանն է, ափսեի վրա թեքված, բարձրաձայն չփչփացնում։
Ընթրիքից հետո Մանյան շտապում է գնալ։
― Մի քիչ սպասիր, Շտեպան, ― պահում է նրան Հորդուբալը․ ― ինչ էի ուզում ասել․․․ Հա՛։ Իսկ բերքը ո՞նց է այս տարի։
― Խոտհարքը լավ էր, ― խուսափողաբար պատասխանում է Մանյան։
― Իսկ հաճա՞րը։
Պոլանան արագ մի հայացք է նետում Շտեպանի վրա։
― Հաճարը․․․ ― ծամծմում է Շտեպանը, ― ախր տիրուհին սարի արտը ծախել է։ Իզուր աշխատանք էր, պան, միայն քար ու քոլեր։
Հորդուբալի սիրտը խփում է արագ֊արագ։
― Միայն քար ու քոլեր, ― մռմռում է նա։ ― Ճիշտ է, միայն քար ու քոլեր։ Բայց ախր արտը ամենագլխավորն է, Պոլանա։
Շտեպանը ինքնավստահորեն ատամներն է բացում։
― Պան, նրանից ոչ մի գրոշի օգուտ չկար։ Գետափի մարգագետինները շատ ավելի լավն են։ Այնտեղ եգիպտացորենը մարդաբոյ է։
― Գետափի՞ն, ― զարմանում է Հորդուբալը։ ― Պոլանա, դու հովտում հո՞ղ ես գնել։
Պոլանան կուլ է տալիս ինչ֊որ բառեր, որոնք պատրաստվում էին պոկվել լեզվի ծայրից։
― Կալվածատիրոջ մարգագետինները, պան, ― բացատրում է Մանյան, ― հողն այնտեղ ամուր է, խորը, կուզես ուղղակի ճակնդեղ ցանիր։ Միայն թե ճակնդեղը գին չունի։ Ամեն ինչի համար էլ վատ են վճարում, պան։ Շատ ավելի շահավետ է ձի պահել։ Եկամտաբեր գործ է։ Մի ձի խնամես՝ ավելի շատ փող կստանաս, քան մի տարվա մուժիկային աշխատանքով։ Լավ կլիներ հովտում մի կտոր հող էլ առնել ու ախոռ շինել այնտեղ։ ― Շտեպանի աչքերը փայլում են։ ― Իսկ հովտում ձին իրեն ազատ է զգում, պան։ Ձին հո այծ չի։
― Կալվածատերը մարգագետինները կզիջի, ― մտմտում է Պոլանան ու բարձրաձայն հաշվում, թե դրանք ինչ կնստեն։ Սակայն Հորդուբալը չի լսում, Հորդուբալը մտածում է հաճարի ու կարտոֆիլի արտերի մասին, որ Պոլանան վաճառել է։ Ճիշտ է, այնտեղ քարեր շատ կային, բայց ախր հնուց ի վեր ղրանք եղել են ու եղել։ Մեր գործն էլ այդ է, ախպերս։ Մեկնելուց երկու տարի առաջ ես այնտեղ, սարալանջին, մի հողակտոր վարեցի։ Է՛խ, և ի՜նչ ես հասկանում դու գյուղացու աշխատանքից։
Հաֆյան մոտենում է Շտեպանին ու արմունկով հենվում նրա ուսին։
― Քեռի Շտեպան, ― շշնջում է նա։
― Դե, ինչ ես ուզում, ― ծիծաղում է Մանյան։
Աղջնակը տատամսում է։
― Բան էլ չէ, հենց էնպես։
Շտեպանը նստեցնում է նրան իր ծնկներին ու ճոճում։
― Դե, ինչ էիր ասում, Հաֆյա։
― Քեռի Շտեպան, ― շշնջում է Հաֆյան նրա ականջին, ― ես այսօր մի շան ձագ տեսա։ Էնպես սիրունիկն էր։
― Չէ՜ մի, ― շինծու կերպով զարմանում է Մանյան։ ― Իսկ ես մի նապաստակ տեսա՝ իր երեք ձագերի հետ։
― Օ՛յ, ― պոռթկում է Հաֆյան։ ― Իսկ որտե՞ղ։
― Առվույտի արտում։
― Իսկ աշնանը կորսա՞ս նրանց։
Շտեպանը խեթ նայում է Հորդուբալին։
― Տեսնենք։
«Լավ մարդ է, ― թեթևությամբ հառաչում է Հորդուբալը։ ― Հաֆյան սիրում է նրան։ Այ, ինձ այդպես չմոտեցավ։ Դե, բան չկա, երեխան կսովորի։ Իսկ Ամերիկայից բերած նկարների մասին նույնիսկ չհիշեց էլ։ Պետք է Շտեպանին մի բան նվիրել»։ Եվ Հորդուբալը աչքերով փնտրում է իր ճամպրուկը։
― Հրեն քո իրերը, դարսված են նստարանին, ― ցույց է տալիս Պոլանան։ «Նա միշտ էլ հոգատար է եղել», ― մտածում է Յուրայը և ծանրումեծ մոտենում նստարանին։
― Այ սա քեզ, Հաֆյա։ Նկարներ։ Սա էլ թեդդի֊բեր։
― Էդ ի՞նչ է, քեռի, ― հետաքրքրվում է Հաֆյան։
― Արջ է, ― բացատրում է Մանյան։ ― Դու հեչ կենդանի արջ տեսե՞լ ես։ Նրանք ապրում են վերևի սարերում։
― Իսկ դու տեսե՞լ ես, ― կպչում է Հաֆյան։
― Տեսել եմ։ Արջուկները մռթմռթում են, այ ասպես՝ մը՜ռռռ․․․
― Սա քեզ, Պոլանա, ― անվճռականորեն առաջարկում է Հորդուբալը։ ― Բոլորը դատարկ բաներ են, ես չգիտեի, որ․․․ Յուրայը շուռ է գալիս ու խառնշտում իրերը։ Ինչ մի բան ընտրել Մանյայի համար։ ― Իսկ ահա սա էլ քեզ, Շտեպան, ― շփոթված տատամսում է նա, ― երևի պետք գա։ Ամերիկյան դանակ ու ամերիկյան ծխամորճ։
― Ա՜խ դու, ― խուլ կերպով դուրս է պրծնում Պոլանայի կրծքից, աչքերը լցվում են արցունքներով, և նա դուրս է թռչում։
― Ի՞նչ եղավ քեզ, Պոլանա։
― Խոնարհաբար շնորհակալ եմ, պան, ― գլուխ է տալիս Մանյան և, ժպիտի մեջ ցուցադրելով բոլոր ատամները, ձեռք է տալիս Յուրային։ ― Օհո՜, ― համա թե ուժեղ ձեռք ունես․․․ Ուժներս չփորձե՞նք։
Փառք աստծու, ― ինքն իրեն հառաչում է Հորդուբալը, ― ահա և վերջացավ։
― Քեռի, դանակը ցույց տաս, ― կպչում է Հաֆյան։
― Տես, ― պարծենում է Շտեֆանը, ― համա՜ թե դանակ է։ Ամերիկայից։ Ուզում ես, ես քեզ համար ամերիկյան տիկնիկ պատրաստեմ։
― Հա՛, քեռի, ― ծվում է Հաֆյան։ ― Իսկ չե՞ս խաբում։
Յուրայը ժպտում է երանելի, լայն ժպիտով։