Հրեշին այդ, ընթերցո՛ղ, դու էլ ես լավ ճանաչում,
Իմ երեսպա՜շտ ընթերցո՛ղ, իմ նմանա՛կ, իմ եղբա՛յր։
</poem>
'''ՍՊԼԻՆ ԵՎ ԻԴԵԱԼ'''
----
'''I ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ'''
<poem>
Այնժամ, երբ որ կամոքըն երկնային սուրբ զորության
Այս տաղտկալի աշխարհում բանաստեղծը հայտնվեց,
Նրա մայրը սարսափով ու ցասումով անսահման
Բռունցքները վեր պարզած Արարիչին ձայն տվեց.
«Ավելի լավ է ծնել բազում օձեր թունավոր,
Քան թե սնել, մեծացնել այս ծաղրանքը եղկելի.
Թող անիծվի՛ գիշերն այն հաճույքների անցավոր,
Երբ արգանդս հղացավ հատուցմամբ իմ մեղքերի։
Քանի որ դու կանանց մեջ որոշեցիը ի՛նձ ընտրել՝
Աչքին իմ խեղճ ամուսնու դարձնելով նողկալի,
Եվ քանի որ չեմ կարող կրակի մեջ շպրտել
Ինչպես նամակ սիրային այս ճիվաղին ողբալի,
Ապա այնպես կանեմ, որ քո չարիքը ինձ տանջող
Վերադառնա նզովյալ քո չարության գործիքին.
Կփչացնեմ ես իսպառ թշվառ տունկն այս կանաչող,
Որ երբեք իր ժանտախտե բողբոջները չարձակի»։
Եվ այսպես նա կուլ տալով փրփուրը իր չարության,
Չիմանալով հարատև հղացումները վերին,
Գեհենի մութ խորքերում ինքն իսկ վառեց հուրը այն,
Որտեղ նետում են բոլոր եղեռնագործ մայրերին։
Բայց հովանու տակ անտես Հրեշտակի բարերար
Անօթևան երեխան արեգակով է արբում.
Եվ ըմպելիքը նրա դառնում է սուրբ մի նեկտար
Եվ ուտելիքն է դառնում մի ամբրոսիա քաղցրաբույր։
Նա քամու հետ է խաղում և զրուցում ամպի հետ
Եվ արբում է, երգելով ճանապարհը սրբության.
Եվ այդ ուխտյալ ճամփորդին հսկող Ոգին ակնդետ
Արտասվում է, տեսնելով նրա խինդը անսահման։
Բոլորը, ում սիրում է, նրան վախով են նայում
Եվ կամ էլ սիրտ առնելով նրա տեսքից անխռով,
Աշխատում են ցավեցնել նրա հոգին զգայուն,
Դաժանությունը իրենց նրա վրա փորձելով։
Այն հացի մեջ և գինու, որ նրան է պատկանում,
Նրանք խառնում են իրենց թուքն ու մուրը զզվելի,
Այն, ինչին ձեռք է տալիս, կեղծորեն ետ են վանում
Եվ միշտ շեղվում են՝ նրա ոտնահետքը տեսնելիս։
Նրա կինը ամենուր գոչում է միշտ բարձրաձայն.
«Քանի որ նա պաշտում է գեղեցկությանն իմ այսպես,
Ես կդառնամ իր համար հնօրյա կառք ու արձան,
Եվ թող, ինչպես որ նրանք ոսկեզօծվեմ նաև ե՛ս.
Կհագենամ նարդոսով ու խեժերով բուրավետ,
Պաշտամունքով ու մսով, սեղանների ճոխությամբ.
Եվ այն սրտում, որ ինձ է տրվել սիրով առհավետ
Շնորհները երկնային ես կճնշեմ հեշտությամբ։
Եվ երբ որ ինձ ձանձրացնեն այդ ֆարսերը սրբապիղծ,
Նրա կրծքին դնելով իմ ձեռքը թույլ ու զորեղ,
Եղունգներովըս ինչպես մագիլներով հարպիայի
Ես մինչև սիրտը նրա մի ճանապարհ կփորեմ։
Եվ կպոկեմ այնտեղից արյունոտ սիրտը նրա՝
Թպրտացող, դողացող, նման փոքրիկ թռչնակի,
Եվ որպեսզի սիրելի իմ գազանը հագենա՝
Ես այն ի կեր կնետեմ քամահրանքով հատակին»։
Երկինքն ի վեր, ուր աչքն իր տեսնում է գահ մի շքեղ,
Բանաստեղծն է կարկառում բազուկներն իր բարեպաշտ,
Եվ լուսավառ իր հոգու ճառագայթները ահեղ
Նրան ծածկում են աչքից ամբոխի՝ գարշ ու անհաշտ։
«Օրհնյա՜լ լինես, Տեր իմ, որ շնորհում ես տառապանք,
Որպես հրաշք սպեղանի մեր ախտերի դեմ վազում,
Եվ որպես մի լավագույն նեկտարահյութ անապակ,
Որով սրտերը հզոր սուրբ հաճույքին են հասնում։
Ես գիտեմ, որ մի տեղ էլ կհատկացնես պոետին
Երանելի դասի մեջ Լեգեոնների սրբազան
Եվ կկանչես դու նրան հավերժական հանդեսին
Երկնի բոլոր Գահերի, Իշխանության, Վեհության։
Գիտեմ նաև, որ Վիշտը ազնվությանն է միակ,
Որին հողն ու դժոխքը չեն անարգի երբևէ,
Եվ տարածքները բոլոր և Ժամանակը համակ
Միստիկ պսակս պիտի հյուսեն, որ ինձ պարգևեն։
Սակայն եթե դուրս բերես մարգարիտները ծովի,
Հնադարյան Թադմորի անգին քարերը կորած,
Մետաղները անծանոթ, այդքանն էլ դեռ չի բավի
Շլացուցիչ, լուսահեղ այդ պսակին փառապանծ։
Քանզի պիտի նա հյուսվի միայն լույսով այն հստակ,
Որ ցայտում է հնոցից սուրբ շողերի նախնական,
Եվ մարդկային աչքերը իրենց փայլով բովանդակ
Նրա դեմ խեղճ ու խավար հայելիներ են միայն»։
</poem>