Դժվարությամբ բացելով աչքերս, ես շուրջս նայեցի։
Ես պառկած էի փայտյա մահճակալի չոր ներքնակի վրա, ինչ֊որ տարօրինակ սենյակում, որը ոչ այն է բանտախուց, ոչ այն է վանականի խուց էր հիշեցնում։ Մի անկյունում սրբապատկերներով դարակ, մյուսում՝ գյուղական լվացարան, իր թասով (արդյոք այն նույնը չէ՞ր, որը ես տեսել էի սրանից քսան տարի առաջ Սիմիչի նկուղում): Փոքրիկ պատուհան առաստաղի տակ, որի միջով սենյակ էին ներխուժում տարբեր նողկալի ձայներ։ Ինչ֊որ տականք թմբուկ է խփում և փչում ճչացող շվի ։ Ինչպիսի՜ հանդգնություն։ Մի՞թե կարելի է այսքան վաղ․․․
Ես մոտեցրի աչքերիս ժամացույցը և ապշեցի։ Տասներկուսից քսան է պակաս, իսկ ես դեռ քնած եմ։ Եվ դա էլ այն տանը, որտեղ տերն ու նրա բոլոր օգնականները աշխատում են առավոտից մինչև երեկո։