Դժվար թե իրավունք ունենայի մի ուրիշ խորհուրդ տալ մրս․ Միկաբրի պես փորձված կնկան, միայն հորդորել նրան՝ համբերությամբ ու սիրով նորից գրավել մր․ Միկաբրի շնորհը (որ վստահ էի թե կանի). բայց և այնպես նրա նամակը շատ մտմտուք պատճառեց ինձ։
==Գ․ գլուխ==
Դարձյալ մի հետադարձ հայացք
Թույլ տվեք ինձ դարձյալ կանգ առնել, կյանքիս մի արժանահիշատակ շրջանի վրա։ Թույլ տվեք մի կողմ քաշվել և անցած օրերի այն ուրվականները դիտել, որոնք ահա իմ ստվերի հետ անցնում են նսեմաշուք թափորով։
Անցնում, գնում են շաբաթներ, ամիսներ, տարիներ և ավելի երկար տարիներ չեն թվում ինձ, քան թե մի ամառվա օր և կամ մի ձմեռվա գիշեր։ Մերթ տեսնում եմ մի ծաղկաղարդ ու ոսկեփայլ մարգագետին, ուր զբոսնում եմ Դորայի հետ, մերթ կանգանծ ենք մի ամայի դաշտի մեջ, ուր բլուր ու թուփ սպիտակ ձյունով են ծածկված։ Ահա մի վճիտ գետակ։ Կիրակի օր է․ ման ենք գալիս նրա ափին։ Գետակը, որ ամառվա արևի շողերի տակ կարկաչահոս խայտում էր, հանկարծակի ձմեռվա քամուց պղտորվելով, փքվում է, սառցով ծածկվում և որոտալից ոստումներով հորդում դեպի ծովը։
Ոչ մի փոփոխություն թռչնանման լեդիների տնակում։ Ճոճանակը վառարանի վրա միատեսակ շաչում է և ծանրաչափը հանգիստ կախված է դահլիճում։ Ոչ ճոճանակն է իր պաշտոնը միշտ կատարում, ոչ ծանրաչափը․ բայց մենք անպայման հավատում ենք, թե՛ մեկի և թե՛ մյուսի ցուցմունքին։
Ահա արդեն չափահաս եմ օրենքով․ քսանմեկ տարեկան եմ։ Ժամանակը, սակայն, ամենքին էլ այդ պատիվը պարգևում է։ Լավ է՝ տեսնեմ ի՞նչ եմ արել այդ միջոցին։
Լիովին նվաճել եմ սղագրության վայրենի արվեստը, և այժմ դա ինձ շոշափելի արդյունք է տալիս։ Դրա բոլոր ճյուղերի մեջ հռչակ եմ վայելում և մեկն եմ այն տասներկու սղագիրներից, որոնք Պառլամենտի պայքարներն արձանագրելով, լուր են տալիս առավոտյան թերթերին։ Ամեն երեկո գրի եմ առնում հազար տեսակ գուշակություններ, որոնք երբեք չեն կատարվում․ դավանություններ, որոնց ոչ ոքի չի հավատում, մեկնություններ, որոնց նպատակն է միայն թոզ փչել մարդկանց աչքին։ Ես բառերի մեջ լողում եմ։ Բրիտանիան, այս թշվառ կույսը, միշտ աչքիս առջև է՝ խորովելու թռչնի նման երկաթե գրիչներով շամփրված և թևերն ու ոտիկները կարմիր լարելով կապված։ Քաղաքական Բեմի կուլիսներին այնքան մոտ եմ, որ քաղաքական կյանքի բուն արժեքը շատ լավ եմ ճանաչում։ Այդ բանում ես անհավատ եմ և երբեք դարձի չպիտի գամ։
Իմ հին բարեկամ Տրեդլսն էլ փորձել է այդ արվեստում իր ձեռքը վարժեցնել, բայց դա նրա գործը չէ։ Նա իր անհաջող ջանքերը զվարթ սրտով ծաղրում է և ասում, թե ինքը միշտ բթամիտ է եղել։ Նա էլ երբեմն լուրեր է տալիս մեր լրագրին, որոնք, սակայն, տպվելուց առաջ մշակվում են ու կոկվում մի ավելի հմուտ մարդու ձեռքով։ Նա արդեն փաստաբան է և իր տոկուն, իր անձնուրաց աշխատությամբ ձեռք է բերել մի երկրորդ հարյուր ստեռլինգ, որ վճարել է, իբրև գրավական, մի նշանավոր իրավաբանի գրասենյակին։ Պաշտոնապես այդ գրասենյակը մտնելու օրը նա մի փառավոր խնջույք տվեց, ուր Տեմպլի ծառայողները տաք պորտվեյնով հյուրասիրվեցին ու քեֆ արին։
Ես մի ուրիշ ասպարեզի վրա էլ եմ ոտք դրել։ Ահ ու դողով ձեռնարկել եմ մի բան հեղինակելուն։ Առաջին փորձս մի թաքուն գրված փոքրիկ բան էր, որ ուղարկել էի մի հանդեսի․ դրա մեջ էլ լույս տեսավ։ Այնուհետև համարձակվեցի ուրիշ մանր բաներ էլ գրել։ Այժմ ինձ կանոնավոր փող են վճարում դրանց համար։ Առհասարակ գործերը հաջող են, և երբ սկսում եմ տարեկան եկամուտս ձախ ձեռքիս մատների վրա գումարել, արդեն երրորդից անցնում եմ ու չորրորդ մատիս երկրորդ հոդի վրա կանգ առնում․ երեք հարյուր հիսուն ստեռլինգ․ քիչ բան չէ։
Բուկինհեմի փողոցից մենք անցել ենք մի ուրիշ սիրուն տուն, ոչ հեռու այն տնակից, որ մի ժամանակ հիացրել էր մեզ։ Սակայն տատս (որ իր Դուվրի տունը ձեռնտու գնով վաճառել է) չի ուզում ինձ մոտ մնալ ու մտադիր է մի ավելի համեստ տնակի մեջ հաստատվել՝ մեր բնակածի մոտերքում։ Ի՞նչ է նշանակում այս բոլորը։ Իմ ամուսնությո՞ւնը։ Այո՛։
Այո՛։ Ես պսակվելու եմ Դորայի հետ։ Միս Լավինյան ու միս Կլարիսան վերջապես հոժարություն տվին, և արժի տեսնել, թե ինչպես են այս րոպեիս ոստոտում։ Միս Լավինյան, անձամբ վերահսկելով նշանածիս օժիտի գործը, գորշ թղթից զանազան ձևեր է կտրտում և շարունակ վիճում մի բարետեսիլ երիտասարդի հետ, որ թևի տակ մի ահագին կապոց ու մետրաչափ բռնած՝ ամեն օր նրանց մոտ է գալիս։ Մի կին դերձակ, որի կրծքին միշտ թելով ասեղ է ցցված և որ կարծես ուտելիս էլ, խմելիս էլ, քնելիս էլ մատնոցը մատից չի հանում, գիշեր ցերեկ տանն է։ Նրանք Դորային մի կատարյալ տիկին են դարձրել․ նրան անդադար կանչում են՝ վրան որևէ զգեստ փորձելու համար։ Թույլ չեն տալիս, որ գոնե երեկոյան մի հինգ րոպե միասին մնանք․ անպատճառ մի անկոչ կին գալիս է և դուռը բախելով ասում․ «Միս Դորա, խնդրեմ վերև հրամեցեք»։
Միս Կլարիսան ու տատս ամբողջ Լոնդոնը չափչփում են խանութներում կահ֊կարասիք տեսնելու և հետո ինձ էլ տանում Դորայի հետ, որ ընտրենք։ Սակայն լավ կանեին, եթե արդեն սկզբից իրենք գնեին՝ առանց մեր հավանությանը դիմելու, որովհետև երբ մեզ առաջարկում են աչքի անցկացնել, օրինակի համար, մի խոհանոցի կրակարան և կամ կերակրի պահարան, Դորան Ջիպի համար մի չինական տնակ է գտնում՝ փոքրիկ զանգակներով, և այդ բանն ամենից ավելի նախամեծար համարում։ Եվ որքան ժամանակ պետք եղավ, մինչև որ Ջիպն այդ նոր պալատին ընտելանար․ հենց որ փորձում էր ներս մտնել և կամ դուրս գալ, զանգակներն սկսում էին հնչել, և ահից նրա սիրտը համարյա թե ճաքում էր։
Պեգգոտին էլ շտապով գալիս է օգնելու և անմիջապես գործել սկսում։ Նրա մասնավոր պաշտոնն է ամեն բան մաքրել, և նա ամեն մի մաքրվելու ընդունակ իր այնքան է սրբում, մաքրում, մինչև որ նրանք անվերջ քերվելուց ու շփվելուց իր ազնիվ ճակատի պես պսպղան։ Այդ միջոցին է, որ երբեմն աչքիս է ընկնում նրա միայնակ եղբայրը, որ գիշերվա մթին փողոցների մեջ շրջելով, ամեն մի անցնող կնոջ երեսին նայում է։ Այդ ժամերին ես նրա հետ չեմ խոսում։ Նրա վշտահար դեմքը տեսնելիս լավ գիտեմ, թե ի՞նչ է որոնում և ի՞նչ բանից վախենում։
Արդյոք ինչո՞ւ այնքան մտածկոտ է Տրեդլսը, որ գալիս է տեսնելու ինձ Դոկտորների Համայնքում, ուր ես դարձյալ շարունակում եմ երբեմն ձևի համար հաճախել, այն էլ ազատ ժամերիս։ Երիտասարդական երազներս արդեն սկսել են իրագործվել․ ես գնում եմ ամուսնության թույլտվությունն ստանալու։
Այդ փոքրիկ թուղթը երբեք իմ աչքին այնքան կարևորություն չի ունենցել, ինքան որ այժմ։ Ահա սեղանիս վրա է դրված, և Տրեդլսը հիացումով ու երկյուղով դիտում է այն։ Թղթի մեջ մի ուրույն հին ձևով շաղկապված են Դավիթ Կոպպերֆիլդ ու Դորա Սպընլո անունները, և անկյունում, մեր միության վրա նայելով՝ դրված է կնիքը դրոշմատուրքի հայրախնամ վարչության, որ այնքան հետամուտ է մարդկային կյանքի բազմապատիկ գործերին։ Ահա և Կենտրբրիի արքեպիսկոպոսի տպագրած օրհնությունը, որ նա մեզ անսպասելի էժան գնով շնորհում է։
Բայց և այնպես այդ բոլորը մի շփոթ, մի երջանիկ, մի թռուցիկ երազ է թվում։ Հավատալս չի գալիս, որ այդ բոլորն իսկություն է․ այնուամենայնիվ հավաստի եմ, որ փողոցում ինձ հանդիպող յուրաքանչյուր անցվոր արդեն գիտի, որ ես մի երկու օրից հետո պսակվելու եմ։ Արքեպիսկոպոսի տեղակալը, որի մոտ գնում ենք երդվելու, արդեն գործին տեղյակ է և այնպես մտերմաբար է հետս վարվում, որ կարծես Մասոնական ընկերության անդամակից լինենք։ Տրեդլսը բնավ հարկավոր չէ, բայց ներկա է, իբրև իմ վկան։
― Հուսով եմ, սիրելի ընկեր, ― ասում եմ նրան, ― որ հետևյալ անգամ դո՛ւ այստեղ կգաս երդում տալու, և աստուծով՝ այդ օրը շուտ կհասնի։
― Շնորհակալ եմ ցանկությանդ համար, սիրելի Կոպպերֆիլդ, ― պատասխանում է Տրեդլսը։ ― Ես էլ հույսով եմ։ Ինձ համար մեծ սփոփանք է, որ նշանածս որքան ուզենաս պատրաստ է սպասել։ Ի՜նչ պատվական աղջիկ է․․․
― Ժամը քանիսի՞ն պիտի հանդիպես նրան իջևանում, ― հարցնում եմ Տրեդլսին։
― Ժամը յոթին, ― ասում է Տրեդլսը, իր հասարակ արծաթե ժամացույցին նայելով, որի միջից, դեռ մր․ Կրիկլի վարժարանում, մի անիվը հանել էր փոքրիկ ջրաղաց շինելու համար։ ― Այդ ժամին միս Ուիկֆիլդն էլ գալու է։ Չէ՞։
―Փոքր֊ինչ ուշ։ Նա ութուկեսին կհասնի։
― Որքան ուրախ եմ, սիրելիս, ―ասում էր Տրեդլսը, ― որ գործդ այսպես հաջողակ է վերջանում․ կարծես թե պսակվողը ես ինքս եմ։ Եվ ես իրոք շնորհակալ եմ, որ Սոֆին միս Ուիկֆիլդի հետ հրավիրված է իբրև հարսնաքույր ներկա լինելու հարսանիքին։ Անչափ շնորհակալ եմ, Կոպպերֆիլդ։
Լսում եմ նրան, ամուր սեղմում եմ նրա աջը, հետո խոսում ենք, զբոսնում ենք ու միասին ճաշելու գնում։ Սակայն չեմ հավատում այդ բոլորին։ Մի՞թե այդ բոլորը երազ չէ։
Որոշված ժամին Սոֆին Դորայի հորաքույրերի տունն է գալիս։ Շատ գրավիչ դեմք ունի։ Չի կարելի ասել, թե գեղեցիկ է։ Նա վերին աստիճանի դուրեկան է, շատ հաճելի, անարվեստ, հրապուրիչ ու համարձակ։ Տրեդլսը պարծենլով ծանոթացնում է մեզ իրար հետ, և երբ ես, նրան մի անկյուն քաշելով, իր ընտրությունն եմ շնորհավորում, նա հրճվանքից իր ձեռքերը շարունակ տասը րոպե իրար է շփում, և նրա գլխի յուրաքանչյուր մազը ցցի նման տնկվում է։
Ես իջեցրի Ագնեսին Կենտրբրիից եկող կառքից ու տարա Պուտնի, ուր այժմ երկրորդ անգամ հիանում են նրա պայծառ, սիրուն դեմքով։ Ագնեսը շատ է հավանում Տրեդլսին, և զվարճալի է նրանց հանդիպումը տեսնել և դիտել, թե Տրեդլսը ինչ ցնծությամբ է ծանոթացնում նրան աշխարհիս ամենալավ աղջկա հետ։
Բայց դարձյալ չեմ հավատում այդ բանին։ Սքանչելի երեկո է, բոլորս լիովին երջանիկ ենք, այնուամենայնիվ, ոչ մի բանի չեմ հավատում։ Անկարող եմ ուշքի գալ, խելքս գլուխս հավաքել, ուրախությանս չափ դնել։ Շշմածի պես եմ․ կարծես մի երկու շաբաթ առաջ առավոտյան վաղ զարթնած լինեի և այնուհետև անքուն մնացած։ Չեմ կարող որոշել, թե ե՞րբ է երեկը, և ինձ թվում է, թե ամիսներ կլինեն, որ գրպանումս ման եմ ածում ամուսնության արտոնագիրը։
Հետևյալ օրն էլ, երբ խմբով գնում ենք տունը տեսնելու․․․ մեր տունը․․․ Դորայի և իմ տունը տեսնելու, ամենևին չեմ կարենում դրա տերը համարել ինձ։ Ասես թե մեկ ուրիշի թույլտվությամբ եմ այնտեղ մտել։ Ահա իսկական տանտերը կգա ու կասի, թե ուրախ է տեսնել ինձ։ Եվ ի՜նչ սիրուն է այդ տնակը, ի՜նչ փայլուն են նրա միջի իրերը։ Գորգերի ծաղիկներն ասես թե նոր են բացվել, որմաթղթի կանաչ տերևները նոր արձակվել։ Մարմաշե վարագույրները ձյունի նման սպիտկա են, բազմոցի երեսը վարդագույն։ Ահա և Դորայի պարտեզի գլխարկը կապույտ ժապավենով, որ արդեն մեխից կախված է․ մի՞թե կարող եմ երբևէ մոռանալ, որ ճիշտ այդպիսի գլխարկով եմ տեսել նրան առաջին անգամ։ Ահա նրա կիթառն էլ անկյունում ու Ջիպի մեհյանը, որի վրա ամենքը գայթում են, որովհետև մեր փոքրիկ տնակի մեջ անչափ շատ տեղ է բռնում։
Մի ուրիշ երջանիկ երեկո, և դարձյալ առերևույթ, ինչպես և որ բոլոր մյուսները։ Մեկնելուց առաջ կամաց մտնում եմ հայտնի սենյակը․ Դորան այնտեղ չէ։ Որտե՞ղ է․ մի՞թե նորից զգեստը չափելու է գնացել։ Միս Լավինյան մտիկ է անում դռան հետևից ու խորհրդավոր ձայնով հայտնում, թե Դորան շուտով կգա։ Բայց երկար ժամանակ չի գալիս։ Վերջապես լսում եմ մի խշխշոց․ դուռը ծեծում են։
― Ներս մտեք, ― ասում եմ ես։
Նորից դուռը ծեծում են։ Վեր եմ կենում բանալու և տեսնում երկու վառվռուն հրացայտ աչքեր ու մի կարմրած չքնաղ դեմք։ Դորան է, միս Լավինյան պճնել է նրան վաղվան զգեստով ու զարդերով՝ միմիայն ինձ ցույց տալու համար։ Սրտիս սեղմում եմ իմ սիրունիկ կնոջը․ միս Լավինյան մի թեթև ճիչ է հանում, որովհետև ես զարդերը փոքր֊ինչ ճմռթում եմ, և Դորան ծիծաղում է ու լալիս, ինձ հիացած տեսնելով։ Այդ արդեն ամենևին հավատալու բան չէ։
― Ի՞նչ ես կարծում, Դոդի, այս բոլորը վայելո՞ւչ է, ― ասում է Դորան։
― Վայելո՞չ։ Ինչպես կարող է վայելուչ չլինել։
― Եվ վստա՞հ ես, Դոդի, որ դու ինձ շատ ես սիրում։
Այդ հարցման պատասխանը մի այնպիսի վտանգ է սպառնում զարդերին, որ միս Լավինյան հարկ է համարում կրկին մի ճիչ արձակել, խնդրելով ինձ հասկանալ, թե այժմ ներելի է միայն նայել Դորային, իսկ դիպչել՝ ոչ մի դեպքում։ Եվ Դորան մի երկու րոպե իմ առջև կանգնած է մնում, իբրև մի հրաշալի երևույթ, և ես սքանչանում եմ նրանով։ Հետո հանկարծ գլխարկը հանում է (ի՜նչ սիրուն է առանց դրան) ու փախչում, հետո իր հասարակ հագուստը հագած նորից գալիս թռչկոտելով ու հարցնում Ջիպին, թե Դոդիի կինը գեղեցի՞կ է, թե Ջիպը գո՞հ է, որ իր տիրուհին մարդու է գնում և չոքում է Ջիպի առջև (վերջին անգամ իր կուսության օրով) ու նրան ստիպում խոհարարության գրքի վրա ողիղ կանգենլ։
Հեռանում եմ իմ վարձովի բնակարանը ավելի թերահավատ, քան առաջ, և առավոտյան վաղ վերկենալով Հայգեթ գնում տատիս բերելու։
Ոչ մի ժամանակ այդքան մեծաշուք չեմ տեսել տատիս։ Հուսամագույն մետաքսե շքեղ զգեստով և սպիտակ գլխարկով, մի խոսքով փառահեղ է։ Նրան պճնել է Ջենետը, և Ջենետը կանգնած նայում է ինձ։ Պեգգոտին պատրաստ է եկեղեցի գնալ, ուր մտադիր է վերնատնից ականատես լինել հանդեսին։ Մր․ Դիկը, որ հայրություն պիտի անի Դորային ու սեղաի առջև նրան ինձ տա, մազերը սիրուն գանգրացրել է։ Տրեդլսը, որին ժամադիր էի եղել դիլիժանսների իջևանում, աչքս շլացնում է կարմիր ու կապույտ գույներով։ Նրա ու մր․ Դիկի ձեռնոցները մի֊մի հրաշք են։
Անտարակույս այդ բոլորն այդպես է, որովհետև պարզ տեսնում եմ, բայց և այնպես ամեն բան ինձ ցնորք է թվում, և կարծես ոչինչ չեմ տեսնում։ Այնուամենայնիվ, երբ բաց կառքով ճանապարհ ենք ընկնում, իմ դյութական հարսանիքն այն աստիճան իրական է հանդիսանում, որ սկսում եմ սրտանց ափսոսալ դրան չմասնակցող թշվառներին, որոնք այդ միջոցին կրպակ ավլելու և կամ թե իրենց առօրյա գործին հետևելու վրա են։
Տատս նստած է իմ կողքին և ձեռս բաց չի թողնում։ Երբ դեռ եկեղեցուն չհասած փոքր֊ինչ կանգ ենք առնում՝ Պեգգոտիին վայր իջեցնելու, որ կառքի դիմացն էր նստել, տատս ինձ համբուրում է։
― Աստծու օրհնությունը վրադ լինի, Տրոտ։ Հարազատ որդուս էլ քեզնից ավելի չէի սիրի։ Այս րոպեիս թշվառ մանկան՝ մայրիկիդ եմ հիշում, Տրոտ։
― Ես էլ եմ հիշում, սիրելի տատիկ։ Այն բոլորն էլ հիշում եմ, ինչ որ քեզ եմ պարտական։
― Հերիք է, հերիք, ― ասում է տատս ու սիրալիր գորովանքով աջը մեկնում Տրեդլսին, Տրեդլսը մր․ Դիկին և սա՝ ինձ, ես Տրեդլսին և, ահա եկեղեցու դռանն ենք հասնում։
Եկեղեցին հարկավ շատ հանգիստ է․ սակայն ինձ ոչ մի զորություն հանգստացնել չի կարող․ իմ հուզումը անչափ է։
Դրանից զատ՝ մնացածը մի անկապ երազ է։
Կարծես երազ է Դորայի ներս բերելը, նրա և իմ սեղանի առջև տարվելը դռնապան կնոջ առաջնորդությամբ, և իմ հարցնելն ինքս ինձ, թե ինչո՞ւ այդքան անճոռնի են այդ դռնապան պառավները։ Մի՞թե փոքր ի շատե վայելուչ դեմք, փոքր֊ինչ զվարթ երես ունենալն այն աստիճան վտանգավոր է կրոնական զգացման համար, որ անհրաժեշտ են դատում այդ քացախի անոթները դնել երկինք տանող ճամփու վրա։
Երազ՝ պաստորի երևալը դպիրի հետ․ մի քանի նավավարների և ուրիշ մարդկանց ներս մտնելը․ ամբողջ եկեղեցին ռոմի հոտով լցնող մի ծեր նավաստու իմ հետևից կանգնելը․ ծիսակատարության հանդիսավոր կերպով սկսելն ու բոլորիս աղոթելը երկյուղած սրտով։
Երազ՝ հարսնամեր միս Լավինյայի հեկեկալն ու լալը (երևի թե մր․ Պիջրին հիշելուց)․ միս Կլարիսայի մի սրվակ բռնելը նրա քթի տակ․ Ագնեսի փայփայելը Դորային, տատիս անդրդվելի ձևանալու ջանքը, մինչ արտասուքն աչքեից կաթիլ֊կաթիլ թափվում է․ Դորայիս դողդողալն ու պատասխաններ թոթվելը թույլ ձայնով։
Երազ՝ մեր միասին իրար կողքի չոքելը․ Դորայի դողի նվազելը, բայց և շարունակ Ագնեսի ձեռքն ամուր բռնելը․ ծիսակատարության ծանր ու հանդարտ շարունակվելը․ դրա վերջանալն ու մեր նայելն իրար երեսի արտասվաթոր ու ժպտուն աչքով, նորատի կնոջս հեծեծելը սպասարանում ու լալը՝ խեղճ հայրիկին, իր հայրիկին հիշելով։
Երազ՝ նրա իսկույն զվարթանալն ու բոլորիս ստորագրելը մետրիքական մատյանում․ իմ վերև բարձրանալը՝ Պեգգոտիին կանչելու, որ նա էլ գա ստորագրի․ նրա փարվելն իմ վզով մի անկյունում ու լալով պատմելը, թե ինչպես էր կատարվել սիրելի մորս պսակը․ ամեն բանի վերջանալը և մեր դուրս գալը եկեղեցուց։
Երազ՝ նազելի կնոջս հետ թևանցուկ եղկեղեցու դասից հպարտ֊հպարտ իջնելս, բազմության, շիրիմների, նստարանների միջով, երգեհոնի և պատուհանների մոտով անցնելս, և այդ բոլորի հետ՝ հիշատակն այն տաճարի, ուր գնում էի մորս հետ իմ մանկության ժամանակ։ Օ՜հ, այդ ե՞րբ էր։
Երազ՝ նայողների շշնջյունը․ «Տե՛ս, ինչ սիրուն ջահել զույգ է, ինչ չքնաղ նորահարս է»․ մեր վերադառնալը կառքով տուն, դեպի ցնծությունն ու բերկրանքը․ Սոֆիի պատմությունը, թե որքան սարսափելի էր, երբ քահանան Տրեդլսից իմ ամուսնության արտոնագիրն է պահանջել, որ փոքր֊ինչ առաջ նրան էի հանձնել․ Սոֆիի կարծիքը, թե կամ Տրեդլսը կորցրած կլիներ այդ թուղթը և կամ գողերը նրա գրպանից թռցրած կլինեին․ Ագնեսի զվարթ քրքիջն ու Դորայի սիրահարվելն Ագնեսին, որից չի ուզում բաժանվել և որի ձեռքերը դեռ շարունակ բռնած է։
Երազ՝ մեր հոյակապ նախաճաշը, որին ես էլ հաղորդ եմ՝ առանց բնավ որոշելու, թե ինչ եմ ուտում կամ խմում․ իմ լիանալը միայն սիրով․ կշտանալը միայն հարսանիքով․ իսկ այդ համադամներն ու շշերը ― միայն ցնորք, միայն երազ։
Երազ, և իմ ճառը, ինքս էլ չգիտեմ՝ ի՞նչ բանի մասին․ բոլորիս երջանկությունն ու զվարճությունը․ անգամ և Ջիպի, որ ուտում է հարսանիքի կարկանդակից, բայց հետո չի կարենում լավ մարսել։
Երազ՝ որ փոստի ձիերը պատրաստ են, որ Դորան հեռանում է իր զգեստը փոխելու․ որ տատս ու միս Կլարիսան մեզ հետ են մնում․ որ մենք զբոսնում ենք պարտեզում և որ տատս, որ սեղանի վրա մի առանձին ճառով գովաբանել էր Դորայի հորաքույրներին, այդ ճառից այժմ գոհ է և մինչև անգամ պարծենում է իր հռետորական հանճարով։
Երազ՝ որ Դորան արդեն պատրաստ է ու միս Լավինյան նրա շուրջն է թռչկոտում ափսոսալով, որ բաժանվելու է իրեն այնքան զվարճացնող տիկնիկից․ որ Դորան հանկարծ հիշում է, թե շատ բաներ մոռացել է, և ամեքը վազում են այդ բաները բերելու։
Երազ՝ ասես ծաղիկների ածվի պես բոլորի շրջապատելը Դորային, երբ նա սկսում է մնաս բարով ասել ամեն մեկին․ սիրունիկիս գրեթե խեղդվելն այդ ծաղիկների բույլի մեջ, նրա ծիծաղելով ու լալով դուրս պրծնելը և իմ նախանձոտ գիրկն ընկնելը։
Երազ՝ Ջիպի անպատճառ մեզ ուղեկցելու ցանկությունը․ երազ՝ իմ առաջարկը ձեռքիս մեջ բռնելու նրան և Դորայի ընդդիմանալն ասելով, թե ինքը կբռնի, որպեսզի շնիկը չկարծի, թե իր տիրուհին մարդի գնալով նրան սիրելուց դադարել է, և հուսահատ չլինի։ Երազ՝ մեր թև֊թևի տված դուրս գալը, Դորայի կանգնելը, ետ նայելն ու լալով ասելը․ «Եթե երբևիցե վշտացրել եմ ձեզնից մեկին, աղաչում եմ՝ ներեցեք»։
Երազ՝ նրա մնաս բարևի նշաններ անելը ձեռքով․ նորից կանգնելը, ետ նայելը․ շտապով Ագնեսի մոտ վազելն ու վերջին անգամ ջերմ համբուրելը Ագնեսին։
Մենք միասին մեկնում ենք, և ահա ես երազից սթափվում եմ։ Այժմ արդեն հավատում եմ, որ այդ ամենը երազ չէ, իսկություն է։ Այո, կողքիս նստածը իմ չքնաղ, իմ անձկալի սիրուն կինս է, որին այնքան սիրում եմ։
― Երջանի՞կ ես այժմ, այ չար տղա, ― ասում է Դորան, ― և վստա՞հ, որ չես փոշմանել։
Անցած օրերիս ստվերները երազի պես հերթով անցան իմ առջևից։ Այժմ գալիս եմ կյանքիս վեպը շարունակելու։