Մինչև հեղափոխություն ոչ մի Մոսկորեպ գոյություն չուներ։ Սովետական միությունը կառավարում էին խոր ծերունիներ։ Իհարկե նրանք միշտ չէ, որ այդքան ծեր էին։ Նրանք զավթում էին իշխանությունը երբ դեռ ուժերով և առողջությամբ լի էին, և ամեն անգամ սկսում էին երիտասարդեցնել կադրերը։ Բայց մինչև կադրային փոփոխություններ էին տեղի ունենում, նրանք հասցնում էին ծերանալ, և տարիների փորձից ելնելով, գալիս էին այն եզրակացության, որ ամենաառաջավոր կառավարման ձևը մառազմն է և կառչում էին իրենց տեղից մինչև կյանքի վերջը։ Ղեկավարների նոր սերունդը նորից սկսում էր երիտասարդեցնել կադրերը և նորից չէր հասցնում։ Կյանքի լավ պայմանների և բժշկության հաջողությունների շնորհիվ, առաջնորդների ամեն մի հաջորդ սերունդը նախորդներից ավելի զառամյալ էր դառնում։ Բանը հասավ նրան, որ վերջին Պոլիտբյուրոյի տասներկու անդամներից յոթը իրենց գործունեությունը ավարտում էին գտնվելով խոր մառազմում, երկուսը տեղաշարժվում էին միայն անդամալույծների համար նախատեսված սայլակներով, մեկը՝ ամբողջապես պարալիզացված, մյուսը՝ խուլ, իսկ ամենագլխավորը՝ վերջին վեց տարիներին ղեկավարում էր նրանց կոմայի մեջ գտնվելով։
Այն ժամանակ էլ Գենիալիսիմուսը հեղափոխություն իրագործեց։ Այն տեղի ունեցավ , այսպես ասած , «ԿԳԲ֊ի զայրացած գեներալների դավադրության արդյունքում»։
Ինձ շատ էին հետաքրքրում մանրամասները, բայց Իսկրինան, որքան ես հասկացա, պատմությունից այնքան էլ ուժեղ չէր, որովհետև շատ ժամանակ էր ծախսել նախնական լեզվի ուսումնասիրության վրա։
― Դե ինչո՞ւ դատարկ բաներով, ― դժգոհությամբ առարկեց նա։ ― Նա ամեն ինչով էր զբաղվում։ Մի մոռացիր, որ նրա գաղափարներով ու ղեկավարությամբ մեզ մոտ կառուցվեց կոմունիզմ։ Այն էլ Օգոստոսյան հեղափոխությունից միայն մի տարի հետո։ Այդ տիեզերական ստուգումները այնքան արդյունավետ դուրս եկան, որ վերջ ի վերջո որոշում ընդունվեց ընդմիշտ թողնել Գենիալիսիմուսին տիեզերքում և բաժանել իշխանությունը տիեզերականի և երկրայինի։ Գենիալիսիմուսը վերևից իրականացնում է ընդհանուր ղեկավարությունը, իսկ երկրային գործերով զբաղվում է Գերագույն Հնգանկյունը և Խմբագրական Հանձնաժողովը։
===Ինչպես կառուցեցին կոմունիզմ===