Changes
/* Բեզբումլիտ */
Մենք դուրս եկանք փողոց։ Այնտեղ մեզ արդեն սպասում էր Վասյան, բայց ոչ թե զրահապատ մեքենայով, այլ հասարակ սև գույնի մարդատար շոգեմեքենայով։
Մենք դուրս եկանք Մարքսի պողոտա, հետո անցանք Գենիալիսիմուսի Աֆորիզմների փողոցով, Լենինի գրադարանից (ի զարմանս ինձ այն դեռ կրում էր նախկին անունը), թեքվեցինք Չորրորդ հատորի անվան մայրուղին, նախկին Կալինինսկայան։ Ճանապարհին Սմերչևը պատմեց ինձ, որ գրողների Կոմունիստական Միության ամբողջ աշխատանքը վերափոխված է Գենիալիսիմուսի ցուցմունքով և համաձայն ՑԿԿՊԳԲ֊ի «Ստեղծագործական միությունների վերակառուցման և ստեղծագործական կարգապահության ուժեղացման մասին» որոշման հիման վրա։ Նախկինում գրողները աշխատում էին տանը։ Դա հակասում էր կոմունիստական հասարակության սկզբունքներին և նվաստացնում էր գրողներին, որոնք վերածվել էին ժողովրդից կտրված, տան պայմաններում աշխատողների։ Այդ հանգամանքը արդար դժգոհություն էր առաջացնում աշխատավորների մոտ, որոնք ստիպված էին աշխատել կոլխոզներում, գործարաններում, ֆաբրիկաներում և ձեռնարկություններում։ Աշխատավորների հետ համեմատ բացառիկ դիրքից օգտվելով գրողները սկսում էին իրենց աշխատանքը, երբ որ հարմար գտնեին։ Որոշ գիտակից գրողներ աշխատում էին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մյուսները իրենց հայեցողությամբ էին որոշում աշխատանքային օրվա տևողությունը։
Գրողների միության գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտնաբերեց աչք ծակող չարաշահումներ՝ որոշ գրական գոծիչներ տարիներով ոչինչ չէին գրում։ Այդ անբանների մոտ համարյա հերոսություն էր համարվում նախնական գրողներից մեկի՝ «Ոչ մի օր առանց մի տող գրելու» նշանաբանը։
Ես լռեցի։ Սմերչևի հաղորդածը ինձ համար չափազանց տհաճ էր, որովհետև դրանում ակնարկ կար իմ արտահայտություններից մեկին։ Բայց այդ արտահայտության մասին բացի Իսկրինայից, ոչ ոք չէր կարող իմանալ։
===Առաջնայինը երկրորդական է===