Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 4768 բայտ, 22:19, 14 Մարտի 2013
  Այսպես ավարտվեցին արկածները Մառախլապատ Լեռներում։ Շուտով Բիլբոյի ստամոքսը հաճելիորեն ծանրացավ, չնայած սրտի խորքում նա կգերադասեր հաց ու կարագ և ոչ թե փայտիկների վրա խորոված մսի կտորներ։ Նա զգաց, որ քունը տանում է։ Կուչ գալով կոշտ քարերի վրա՝ նա ննջեց և քնեց ավելի պինդ, քան երբևէ իր տանը, փետրե անկողնում։
==ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ==
 
  Մյուս առավոտյան Հոբիտին արթնացրեց ծագող արևը։ Նա վեր թռավ ժամացույցին նայելու և թեյնիկը դնելու մտադրությամբ․․․ Բայց իսկույն էլ հասկացավ, որ ինքը ամենեևին էլ տանը չէ։ Նստեց և անձկությամբ սկսեց մտածել այն մասին, թե ինչ հաճելի կլիներ հիմա լվացվել և ատամները մաքրել․․․ Ո՛չ լվացվել, ո՛չ ատամերը մաքրել, ո՛չ նախաճաշին թեյ, բոված հաց ու ապխտած խոզի միս ստանալ նրան չհաջողվեց։ Ստիպված եղավ բավարարվել ոչխարի ու ճագարի սառը մսով, որից հետո պատրաստվեցին ճանապրհ ընկնելու։
 
  Այս անգամ նրան թույլ տվեցին բարձրանալ արծվի մեջքին և բռնել փետուրներից։ Թզուկները հրաժեշտի խոսքեր ասացին, խոստանալով երբևէ երախտահատույց լինել արծիների Տիրակալին, և տասնհինգ վիթխարի թռչուն խոյացան երկինք։ Արևը դեռ չէր բարձրացել, օդը թարմ էր, մառախուղը փռված էր հովիտներում և թևածում էր լեռնագագաթների շուրջը։ Բիլբոն աչքերը բացեց ու տեսավ, որ գետինը հեռու ներքևում է, իսկ լեռները մնացել են ետևում ու քանի գնում փոքրանում են։ Բիլբոն նորից աչքերը կկոցեց ու ավելի ամուր կառչեց փետուրներից։
 
  ― Փետուրներս մի՛ պոկիր,― դժգոհ ասաց արծիվը։― Ի՞նչ ես ճագարի պես վախենում։ Ասենք դու իսկապես էլ ճագարի շատ ես նմանվում։ Հրաշալի առավոտ է, հաճելի զեփյուռ։ Թռիչքից էլ լավ բա՞ն։
 
  Բիլբոն ուզում էր պատասխանել․ «Տաք լոգանքը և նախաճաշը տան առջև գտնվող մարգագետնում»։ Բայց չհամարձակվեց և միայն ամենափոքր չափով մատները թուլացրեց։
 
  Որոշ ժամանակ անց արծիվները հավանաբար տեսան այն նպատակակետը, դեպի ուր ուղևորվում էին, և սկսեցին իջնել։ Նրանք իջնում էին պարուրաձև մեծ շրջաններով, բավական երկար, այնպես որ հոբիտը չհամբերեց և նորից աչքերը բաց արեց։ Գետինն այժմ առավել մոտիկ էր, ներքևում ծառեր էին երևում, կարծես թե կաղնի և ծփի, ընդարձակ մարգագետիններ ու գետակ։ Եվ ուղիղ գետափով անցնող ճանապարհին, որը գետի պատճառով ստիպված էր կեռման տալ, վեր էր ցցվել քարե մի բլուր, ժայռ, որն ասես հեռավոր լեռների առաջավոր դիրք լիներ կամ տիտանական բեկոր, որ այստեղ, հարթավայր էր գցված աներևակայելի հսկայի կողմից։
 
  Հենց այստեղ էլ, ժայռի կատարին, մեկը մյուսի ետևից իջան արծիվները և իջեցրին իրենց ուղևորներին։
 
  ― Բարի ճանապարհ,― գոռացին նրանք,― դեպի ուր էլ որ այն գնա․․․ Եվ թող ընդունի ձեզ վերջ ի վերջո հարազատ բույնը։
 
  Արծիվների մոտ ընդունված է այդպես ասել, երբ նրանք ուզում են սիրալիր լինել։
 
  ― Ուղեկից քամին թող ձեզ տանի այնտեղ, որտեղ լողում է արևը և զբոսնում է լուսինը,― պատասխանեց Հենդալֆը։ Նա գիտեր, թե ինչպես պետք է քաղաքավարի պատասխանել։
 
  Ժայռի կատարը իրենից ներկայացնում էր մի հարթակ, որտեղից ներքև, դեպի գետը աստիճաններ էին իջնում և տրորված մի արահետ։ Գետը այդ մասում կարելի էր անցնել ծանծաղուտով՝ մեծ, տափակ քարերի վրայով։ Խումբը այստեղ մի պահ կանգ առավ, որպեսզի քննարկի իր պլանները։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]