Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 12 280 բայտ, 18:36, 24 Մարտի 2013
  Ժայռի կատարը իրենից ներկայացնում էր մի հարթակ, որտեղից ներքև, դեպի գետը աստիճաններ էին իջնում և տրորված մի արահետ։ Գետը այդ մասում կարելի էր անցնել ծանծաղուտով՝ մեծ, տափակ քարերի վրայով։ Խումբը այստեղ մի պահ կանգ առավ, որպեսզի քննարկի իր պլանները։
 
  ― Ես հենց սկզբից մտադրվել էի հնարավորության սահմաններում ձեզ բարեհաջող անցկացնել լեռները, ― սկսեց կախադը։ ― Իմ հմուտ ղեկավարության և, որ այնքնա էլ կարևոր չէ, բարեհաջող հանգամանքների շնորհիվ այդ խնդիրը ես լուծեցի։ Վերջ ի վերջո սա իմ արկածը չէ։ Ես, կարող է պատահել, մի անգամ էլ մասնակցեմ դրան, բայց հիմա ինձ ուրիշ անհետաձգելի գործեր են սպասում։
 
  Թզուկները սարսափելի վշտացան և տնքացին։ Բիլբոն չկարողացավ արցունքները պահել։ Նրանք, ախր, արդեն վարժվել էին, մտածելով, որ Հենդալֆն իրենց հետ կմնա մինչև վրեջ և միշտ ծանր վիճակներից կհանի։
 
  ― Ես հո չեմ պատրաստվում այս րոպեիս անհետանալու,― ասաց Հենդալֆը։― Կսպասեմ ևս մեկ-երկու օր։ Հնարավոր է, ես ձեզ կօգնեմ այս վիճակից դուրս գալու, դեռ ինքս էլ եմ որոշ օգնության կարիք զգում։ Մենք ուտելիք չունենք, իրեր չունենք, ձիեր չունենք, և ձեզ հայտնի չէ, թե որտեղ ենք գտնվում։ Դա ես ձեզ կբացատրեմ։ Հիմա դուք գտնվում եք մի քանի մղոն հյուսիս այն արահետից, որով պետք է գնայիք, եթե շտապով չհեռանայիք լեռնային անցումից։ Այս կողմերում մարդիկ քիչ են, բայց այստեղից ոչ հեռու ապրում է Ոմնը։ Հենց նա էլ փորել է այս աստիճանները ժայռի մեջ, որը եթե չեմ սխալվում, անվանվում է Կարրոկ։ Այստեղ նա հազվադեպ է գալիս և համենայն դեպս ոչ ցերեկը, այստեղ նրան սպասելը միտք չունի։ Եվ նույնիսկ վտանգավոր է։ Մենք ինքներս պետք է նրան գտնենք։ Եթե հանդիպումը խաղաղ ընթացք ունենա, ես ձեզ մնաք բարով կասեմ և արծինվերի նման բարի ճանապարհ կմաղթեմ, դեպի ուր էլ որ ուղղված լինի այն։
 
  Թզուկներն աղաչեցին-պաղատեցին նրան, որ իրենց չլքի, խոստացան վիշապի ոսկիները, արժաթն ու թանկարժեք իրերը, բայց նա անդրդվելի մնաց։
 
  ― Հետո կտեսնենք,― պատասխանեց հրաշագործը բոլոր թախանձնանքներին։― Կարծում եմ, որ ես առանց էյդ էլ արդեն վաստակել եմ ձեր ոսկու մի մասը։ Այսինքն՝ այն ձերը կլինի, երբ դուք կկարողանաք ձեռք բերել։
 
  Վերջապես թզուկները ձեռ քաշեցին նրանից։ Գետում լողացան, որը ծանծաղուտում խոր չէր, ջուրը վճիտ էր, քարքարոտ հատակով, և, արևի տակ չորանալով, իրենց թարմացած զգացին, չնայած վնասվածքներն ու ճանկռվածքները դեռ ցավում էին, և, իհարկե, սովածացել էին։ Ծանծաղուտով մյուս ափն անցնելով (հոբիտին որևէ մեկը միշտ շալակած էր տանում), ճանապարհորդները քայլեցին սաղարթախիտ կաղնիների և բարձր ծփիների երկայնքով տարածված փարթամ կանաչ խոտի միեջով։
 
  ― Իսկ ժայռն ինչո՞ւ է կոչվում Կարրոկ,― հարցրեց Բիլբոն, որ հիմա քայլում էր կախարդի կողքից։
 
  ― Նա Կարրոկ է անվանում, որովհետև այդպես է ցանկանում ինքը։
 
  ― Ո՞վ։
 
  ― Ոմնը, ում մասին որ խոսում էին։ Շատ կարևոր դեմք է։ Խնդրում եմ նրա հետ քաղաքավարի լինեք։ Ավելի լավ է ես ձեզ աստիճանաբար կներկայացնեմ, երկու-երկու։ Եվ մտքներովդ չանցնի նրան գրգռել, թե չէ աստված գիտի, ինչ կարող է պատահել։ Զգուշացնում եմ ձեզ՝ նա շատ տաքարյուն է և ուղղակի սարսափելի, երբ զայրանում է, իսկ լավ տրամարդության դեպքում շատ սիրալիր է։
 
  Թզուկները, լսելով, թե ինչի մասին է խոսում կախարդը Բիլբոյի հետ, հավաքվեցին նրանց շուրջը։
 
  ― Եվ դուք մեզ տանում եք այդպիսի մեկի մո՞տ։ Մի՞թե չէիք կարող ավելի բարի մեկին գտնել։ Եվ չի՞ կարելի արդյոք ավելի հասկանալի բացատրել,― հարցրի տարափ տեղացին նրանք։
 
  ― Հենց այդպիսի մեկի։ Ոչ, չէի կարող։ Ես առանց այն էլ բավական հասկանալի բացատրեցի,― զայրացկոտ պատասխանեց կախարդը։― Եթե անպայման ուզում եք իմանալ, նրա անունը Բեորն է։ Նա փոխում է մորթին։
 
  ― Ինչպե՞ս։ Մորթեգո՞րծ է։ Նա, որ ճագարից ծովաշուն է սարքում, երբ չի կարողանում այն սկյուռիկ դարձնել,― հարցրեց Բիլբոն։
 
  ― Ողորմած աստված, դե, իհարկե, բնական է, ինքնըստինքյան հասկանալի է՝ ոչ,― գոռաց Հենդալֆը։― Բարի եղեք, միստր Բեգինս, հիմարություններ դուրս մի՛ տվեք։ Եվ հետո երդվեցնում եմ քեզ աշխարհի բոլոր հրաշքներով, Բիլբո, այլևս չհիշատակես «մորթագործ» բառը, քանի գտնվում ես նրա տնից հարյուր մղոն շառավղով տարածության վրա․․․ Նա ներկայանում է մերթ վիթխարի սև արջի կերպարանքով, մերթ վիթխարի, հզոր, սևահեր, մեծ-մեծ ձեռքերով և երկար մորուքով մարդու կերպարանքով։ Ոմանք սում են, իբրև թե նա արջ է՝ սև արջերի հնագույն ու նշանավոր ցեղից, որ ապրել են լեռներում մինչև հսկաների գալը։ Մյուսներն ասում են, իբրև թե այն մարդկանց հետնորդն է, որ ապրել են լեռներում, քանի դեռ այնտեղ չէին բնակվել Ամոգը և ուրիշ վիշապներ, քանի դեռ հյուսիսից չէին բարեհաճել գոբլինները։ Չգիտեմ, իհարկե, բայց ինձ թվում է, ճշմարիտ է երկրորդ ենթադրությունը։ Բոլոր դեպքերում նրա վրա ուրիշ ոչ մեկի հմայանքը չկա, բացի իր սեփականից։ Նա ապրում է կաղնուտում, փայտե ընդարձակ տան մեջ, անասուն և ձիեր է պահում, որոնք պակաս հրաշք չեն, քան ինքը։ Սրանք նրա համար աշխատում են և նրա հետ խոսում։ Ինքը նրանց չի ուտում և վայրի կենդանիներ էլ չի որսում։ Նա փեթակներ է պահում, անհամար փեթակներ՝ խոշոր չար մեղուներով, և հիմնականում սնվում է սերուցքով ու մեղրով։ Արջի կերպարանքով նա թափառում է տնից հեռու։ Մի անգամ ես նրան հանդիպեցի գիշերը, մենակ, Կարրոկի կատարին նստած․ նայում էր, թե ինչպես է լուսինը անցնում Մառախլապատ Լեռների ետևը և փնթփնթում էր արջի լեզվով․ «Կգա օրը, դրանք բոլորը կչքվեն, և այն ժամանակ ես կվերադառնամ»։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա ինչ-որ ժամանակ եկել է սարերից։
 
  Բիլբոյի և թզուկների համար այժմ բավական խորհելու բան գտնվեց, այնպես որ նրանք լռեցին ու դադարեցին Հենդալֆին հարցեր տալուց։ Նրանք գնացին, գնացին, մեկ վեր, մեկ վար։ Տապ էր։ Բիլբոն այնքան էր սովածացել, որ հաճույքով կաղին կուտեր, եթե դրանք արդեն հասած ու գետնին թափված լինեին։
 
  Վերջապես կեսօրից հետո նրանք նկատեցին, որ ծաղիկներն սկսեցին աճել այնպես, կարծես թե դիտմամբ էին ցանել, ամեն տեսակն առանձին։ Հատկապես շատ էր առվույտը․ կարմիր առվույտի ամբողջ ծովեր կային, կարճ սպիտակներ՝ մեղրի անուշ հոտով, վարդագույն։ Ամբողջ օդը լցված էր բզզոցով ու գվվոցով։ Չորս կողմը աշխատում էին մեղուները։Այն էլ ինչպիսի՜․․․ Ձիաբոռերից խոշոր։ Բիլոբն նման բան չէր տեսել։
 
  «Սրանցից մեկը որ ինձ կծի,― մտածեց նա,― համա թե կուռեմ, հա՛»։
 
  ― Արդեն մոտ է,― ասաց Հենդալֆը։― Սկսվեցին մեղվի հանդակները։
 
  Շուտով երևաց հինավուրց կաղնիների շարքը, իսկ դրանց ետևում բարձր կանաչ փշե մի ցանկապատ, որի միջով ոչ կանցնես, ոչ էլ կտեսնես, թե ինչ կա այն կողմում։
 
  ― Ավելի լավ է դուք այստեղ սպասեք,― ասաց կախարդը։― Երբ կկանչեմ կամ կսուլեմ, հետևեցեք ինձ։ Բայց միայն հիշեք՝ զույգերով, հինգ րոպե ընդմիջումով։ Բոմբուրը մեր մեջ ամենից գիրուկն է, նա երկուսի տեղ կանցնի և վերջինը կլինի։ Գնանք, միստր Բեգինս․․․ Այստեղ մոտակայքում դարպաս պետք է լինի։
 
  Այդ խոսքերով կախարդը շարժվեց ցանկապատի երկայնքով, իր հետ տանելով վախեցած Բիլբոյին։
 
  Շուտով նրանք տեսան բարձր և լայն դարպասը, իսկ դրանից այն կողմ՝ այգի և մի քանի ցածր, փայտե շինություններ․ գերանակապ ծղոտե տանիքով շտեմարաններ, ձիանոց, մարագ և երկարավուն, ցածլիկ մի բնակելի տուն։ Բարձր ցանկապատի ներսում, հարավային կողմից, շարքերով դրված էին սրագագաթ, ծղոտով ծածկված անհամար փեթակներ։ Օդում լսվում էր հսկա մեղուների անլռելի գվվոցը, որոնք անդադար ներս ու դուրս էին թռչում փեթակներից։
 
  Կախարդն ու հոբիտը հրեցին ծանր, ճռռացող դարպասը և լայն շավիղով գնացին դեպի տուն։ Հենց խոտի միջով վարգով նրանց մոտեցան խնամված, հարթ մաշկով, շատ խելացի մռութներով երկու ձիուկ, ուշադրույթմաբ նայեցին եկվորներին և սլացան դեպի տնակները։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]