Changes
/* Գլուխ քսանվեցերորդ */
Սպասեցեք՝ կիմանաք։
==Գլուխ քսանյոթերորդ==
Մրցություն արգելակներով
Իշխանը մեծ տոնախմություն կազմակերպեց։
― Իմ հպատակներին զվարճալիքներ են պետք, ― վճռեց իշխան Լիմոնը, ― այդ դեպքում նրանք իրենց կարիքների և դժբախտությունների մասին մտածելու ժամանակ չեն ունենա։
Նա որոշեց ձիարշավ կազմակերպել, որին պետք է մասնակցեին բոլոր առաջին, երկրորդ և երրորդ կարգի պալատական Լիմոնները։ Հասկանալի է, որպես հեծյալներ և ոչ թե ձիեր։
Դրանք առանձնահատուկ մրցումներ էին։ Ձիերը պետք է քաշեին արգելակված անիվներով կառքեր։
Մրցությունից առաջ ինքը իշխանը ստուգեց բոլոր արգելակները, որպեսզի տեսնի, գործո՞ւմ են դրանք թե չէ։
Արգելակները այնքան լավ էին գործում, որ անիվները բոլորովին չէին պտտվում։ Այդ իսկ պատճառով կառք քաշելը ձիերի համար հարյուրապատիկ դժվարանում էր։
Երբ իշխանն ազդանշան տվեց, ձիերը սմբակները խփեցին գետնին, սանձերից փրփուր թափելով, բոլոր մկանները լարեցին, բայց կառքերը նույնիսկ տեղից չշարժվեցին։ Այդ ժամանակ հեծյալ֊Լիմոններն սկսեցին ձիերին հարվածել իրենց երկար խարազաններով։ Դա օգնեց։ Կառքերը մի քանի սանտիմետր առաջ գնացին, և իշխանը սկսեց ուրախ ծափահարել։ Հետո ինքը դուրս եկավ հրապարակ ու սկսեց ձիերին ամբողջ ուժով խփել։ Ըստ երևույթին այդ զբաղմունքը նրան մեծ հաճույք էր պատճառում։
Նրան հաճույք պատճառելու համար, Լիմոնները գոչում էին․
― Ձերդ մեծություն, բարի եղեք իմ ձիերին էլ խփել։
Իշխան Լիմոնը ինչքան ուժ ուներ խարազանը շրխկացնում էր։ Կառքերի վրա կանգնած հեծյալները նույնպես սկսեցին հարվածներ տեղալ։ Խարազանի ամեն մի հարված ձիու մեջքին սպիտակ, երկար շերտ էր բացում, բայց դա իշխանին բոլորովին չէր անհանգստացնում։ Նա շատ հպարտ էր, որ այդքան զվարճալի բան է հնարել։
― Ամեն մի ձի, եթե նրան ոչինչ չի խանգարում, կարող է վազել, ― ասում էր նա, ― իսկ ես ուզում եմ տեսնել, կարո՞ղ են արդյոք վազել, եթե նրանց խանգարում են։
Խեղճ ձիերը, որ ցավից ու լարումից կատաղել էին, քիչ էր մնում ցած ընկնեին։
Հանդիսականները զայրանում էին, բայց ստիպված էին նայել այդ վայրենի մրցությանը, ավելի ճիշտ՝ տանջանքին, որովհետև եթե իշխանը որոշել էր, որ նրանք պետք է զվարճանային, ապա նրանց բռնությամբ էին զվարճացնում։
Բայց հանկարծ իշխանը՝ հարվածելու համար բարձրացրած խարազանը ձեռքին՝ քարացավ և աչքերն այնպես չռեց, որ քիչ էր մնացել տեղից դուրս թռչեին։ Նրա ոտքերն սկսեցին դողալ, դեմքն ավելի դեղնեց, և դեղին գլխարկի տակ մազերը բիզ֊բիզ կանգնեցին, այնպես որ ոսկե զանգակիկն սկսեց հուսահատ զնգզնգալ։
Իշխանը տեսավ, թե ինչպես ուղիղ իր ոտների մոտ հողը սկսեց քանդվել։ Այո՛, այո՛, հողը քանդվեց։
Ակզբում մի ճեղք երևաց, հետո էլի ճեղքեր երևացին, ապա մի փոքրիկ բլրակ բարձրացավ՝ նրանցից, որ խլուրդներն են դաշտում շինում։ Հետո բլրակի գագաթին մի անցք բացվեց։ Այդ անցքը լայնացավ և այնտեղ սկսեց երևալ մի գլուխ, հետո ուսեր և ինչ֊որ կենդանի էակ արմունկների ու ծնկների օգնությամբ հողի երես բարձրացավ։ Դա Չիպոլինոն էր։
Անցքի միջից լսվեց Խլուրդի անհանգստացած ձայնը․
― Ե՛տ դարձիր, Չիպոլինո, մենք սխալվել ենք, սիրելիս, ե՛տ դարձիր։
Բայց Չիպոլինոն արդեն ոչինչ չէր լսում։ Ուղիղ իր դիմաց տեսնելով խարազանը ձեռքին քարացած, աղե արձան դարձած իշխանի գունատ, քրտնակալած դեմքը, Չիպոլինոն կատաղությունից սկսեց դողալ։
Բոլորովին չմտածելով, թե ինչ է անում, տղան նետվեց իշխանի վրա և նրա ձեռքից խարազանը խլեց։ Իշխանը դեռ ուշքի չէր եկել, երբ Չիպոլինոն, խարազանը օդում թափահարելով, ինչքան ուժ ուներ խփեց նրա մեջքին։ Իշխանն այնպես էր ապշել, որ փախչելու փորձ չէր անում։
― Օ՜, օ՜, օ՜, ― ոռնաց նա։
Չիպոլինոն նորից խարազանը քաշեց և այս անգամ ավելի ուժգին հարվածեց։
Միայն դրանից հետո իշխանը շուռ եկավ և պո՛ւկ, փախավ։
Դա ազդանշան էր։ Չիպոլինոյից հետո բանտից փախած մյուս կալանավորներն էլ գետնի տակից դուրս եկան։
Ժողովուրդը նրանց դիմավորեց ուրախության ճիչերով։ Հայրերը տեսան որդիներին, կանայք տեսան ամուսիններին։
Մի ակնթարթում ոստիկանության շղթան կտրվեց, և ժողովուրդը լցվելով մրցահրապարակ, ազատագրված գերիներին ձեռքերի վրա առաջ տարավ։
Պալատական հեծյալները ուզում էին իրենց կառքերով փախչել, բայց ինչքան էլ մտրակում էին ձիերին, անիվները տեղից չէին շարժվում։ Պալատականներին բռնեցին և ձեռքերն ու ոտները կապեցին։
Սակայն իշխանն այնուամենայնիվ կարողացավ բարձրանալ իր կառքը, որը մրցումներին չէր մասնակցում և արգելակներ չուներ։ Նա կարողացավ ժամանակին փախչել։ Բայց վախեցավ իր պալատում թաքնվել և մոլեգին ճիչերով ձիերին քշելով, սլացավ դաշտ։ Հնազանդ ձիերը այնպես քառատրոփ սլացան, որ կառքը վերջ ի վերջո շուռ եկավ, և իշխանը գլխիվայր ընկավ մի փխրուն կույտի մեջ, որը դաշտերը պարարտացնելու համար էր նախատեսված։
― Ամենահարմար տեղն է նրա համար, ― կասեր Չիպոլինոն, եթե տեսներ, թե ի՛նչ պատահեց իշխանի հետ։