Changes
Յուշեր
,Մենք շուտով կը լինէինք Վանի պատմական բերդի տակ, ուր որսորդական շան նման շարուած էին թուրք ոստիկանները, մանաւանդ Հանրային Պարտուց Վարչութեան ծխախոտի խուզարկիչները, որոնք բոլոր կասկածելի անցորդներին խուզարկում են ու ապա ճամբայ դնում։
Յոնանը ճանապարհին պատմել էր բոլոր զգուշութիւնները եւ ձեւերը՝ միշտ սրտապնդելով, որ վախենալու բան չկայ․ «<i>Քեզ պէս հազար յեղափոխական ընկեր եմ անցկացրել, պարոն․ մարախ (հոգ) չանես</i>»
Ինչքան էլ Յունանի վերաբերմունքը ջերմ լինէր, բայց իմ դրութեան բացառիկութիւնը բաւական անհանգստացնում էր ինձ օտար եւ անծանօթ քաղաքի մէջ, ուր առաջին անգամն էի ընկնում, կարծես երկնքից, եւ ուր չգիտէի ոչ մի ուղղութիւն եւ ոչ մի ճամբայ։
Սառնարիւն մնալ անհնարին էր։
Յունանը երկար խօսել չէր կարող։ Բանուկ ճամբայ էր, — երթեւեկութիւնը՝ շատ կասկածելի, աչքերը՝ առատ։ Մանաւանդ, որ ինքը մի քանի քայլ առաջ էր, իսկ ես կոյրի պէս, կամ, ինչպէս ինքն էր ասում, հարսի պէս հետեւում էի նրան։
— <i>Պարո՛ն, հրէն Վարագայ լեռը… մեր տղաներաց ապաստանարանը։ Պարո՛ն, տե՛ս, Վանայ բերդը։ Ա՜խ, ե՞րբ պիտի հայու սուրբ դրօշը ծածանուի էն գլխուն…</i>
Խե՜ղճ Յունան, հայու դրօշը քանի մը օր ծածանուեց էն գլխուն, բայց անիրաւ ճակատագիրը քեզ չարժանացրեց այդ օրուան…
Ի հարկէ, ես ոչ Վարագայ լերան մասին էի մտածում եւ ոչ էլ հայի դրօշակի, այլ շտապում էի, որքան կարելի է արագ, անցնել այդ խառնիճաղանճ ամբոխի միջից։
— <i>Պարոն Գէօ, Թաւրիզի դարդեախը</i>։
Նայում եմ․ բերդի տակ մի մեծ դուռ է․ երեւի Թաւրիզի քարաւանը այդ դռնից է ներս մտնում։
— <i>Պարո՛ն, այս Հայկավանքն է</i>։
Ոչինչ չեմ հասկանում։ Տներն այրուած են, միայն մնացորդ քանդուած մասն է մնում։ Յետոյ իմանում եմ, որ Հայկավանք կոչուածը քաղաքի թաղամասն է, որ 1896 թուին թուրքերը կոտորել եւ վառել են, եւ այնպէս էլ մնացել է կիսաւեր։
Հայկավանքի անկիւնում ինչ որ զինուորական շէնք կար, որի առաջ խռնուած էին զինուորներ։ Առաջին անգամն էի տեսնում այդքան մեծ քանակութեամբ թուրք զինուորներ, բաւական վայելուչ հագնուած ու զինուած։
Ինձ վրայ մեծ տպաւորութիւն թողին։ Կրծքերից դեղին պղնձէ բաներ էին կախուած, թիկնապահի զարդերով, երկարահասակ (այն ժամանակ գէթ երկարահասակ եւ վայելուչ էին երեւում)։ Մտքիս մէջ ասացի, սրանք կը լինին յեղափոխականներին հետապնդողները։ Յետոյ հասկացայ, որ նրանք «<i>կանոն չաւուշի</i>» են կոչւում, հասարակ զինուորներ են եւ պաշտօն ունին հսկելու, որ զինուորները, նոյնիսկ սպաները անկարգութիւններ — խմել, կռիւ, սկանտալ, թղթախաղ, սրճարան նստիլ եւայլն — չʼանեն։
Յունանը Այգեստանի նեղ ու ձիւնով լիքը խուլ ու մութ տեղերով, հազար պտոյտներ անելով Այգեստանի բոլորովին ծայրը, արեւելեան կողմը, Վարագայ դիմաց, մի դրան առջեւ կանգ առաւ…
— <i>Պարոն, հասանք «դրախտ» մայրիկի տունը։ Տղաները տան կʼըլնեն։ Բարով աւելի մեծ յաջողութիւններ եւ գործունէութիւն ունենաս</i>։
Այս բառերը արտասանում էր այնպէս յուզուած, այնպէս անկեղծ, որ մարդ համակւում էր նրա սիրով։ Թէեւ սոսկալի յոգնած էի, մանաւանդ ուռած ոտներս այլեւս հրաժարւում էին յենարան լինել, բայց եւ այնպէս սրտիս խորքում մխիթարուած էի Յունանի խրախուսումների ազնիւ ոգւով։
Դուռը կամացուկ ծեծում ենք։ Երկար սպասումից յետոյ այս եւ այն կողմից ստուգում են, թէ ծեծողներն ովքե՞ր են։ Դուռը բանում է մի երիտասարդ բաւական համակրելի աղջիկ։
— <i>Յունան, դո՞ւ ես</i>։
— <i>Հա, ես եմ, Երան, նոր</i> միսաֆիր <i>եմ բերել</i>։
Օրիորդը, առանց մեզ սպասելու, ներս վազեց։ Մենք ներս մտանք եւ դուռը փակեցինք։ Յունանը ծակ ու ծուկերի ծանօթ էր։ Առանց սպասելու ներս տարաւ։ Գնացինք ներքին յարկը։ Վերեւի յարկն ինչ որ անհանգիստ շարժումներ կային։ Չարուխներնիս հանեցինք եւ նստեցինք թոնրան գլխուն, վերջապէս, հանգստանալու յոյսով։ Բայց, յանկարծ, ներս մտաւ օրիորդը բղաւելով․
— <i>Էս խարամ (կեղտոտ) գիւղականներն ի՞նչ են նստել վերին գլուխը, ելէք դուրս, մայրիկս լեղկնայ պիտի։</i>
Սուս ու փուս փօշ֊փօշման ելնում ենք ես եւ Յունանը։ Հազար զօռով նորից հագնում եմ չարուխներս դուրս գալու համար։
Լաւ է, Վանը եթէ ամէն բանով աղքաթ էր, բայց ձմեռը առատ լոյս եւ ջերմ արեւ ունի։ Ելանք ներսի կողմը, այգին եւ, մէջքերս տալով պատին, նստեցինք պատի տակ տաքանալու եւ բարի լոյսի սպասելու։
Երկար սպասեցինք, բայց բան դուրս չեկաւ։ Երեւի Յունանի «<i>նոր միսաֆիր եմ բերել</i>» խօսքը չլսեցին կամ չհասկացան։
Անդադար մարդիկ էին գալիս գնում, անշուշտ ամէնքը յեղափոխական կազմակերպական գործերով։ Յետոյ իմացայ, որ այս տունը մեր գլխաւոր կայարանն է եղել — «Դրախտ» կեղծ անունով։
«Դրախտ»ին դեռ կը դառնանք։ Անցնինք մեր անել կացութեան։ Համբերութիւնն էլ սահման ունի։ Կանչում եմ տղաներից մէկին, խնդրում եմ մատիտ եւ թուղթ տալ Կոմսին նամակ գրելու եւ յայտնելու գալուս մասին։
Նոր են գլխի ընկնում, որ եկողը գիւղացի եւ պատահական մարդ չէ, մանաւանդ երբ նամակը կարդում են։ Բաց նամակ էի գրել․ «<i>Սիրելի Կո՛մս, եկել եմ․ մարդ ուղարկիր, տար մօտդ, կամ կարգադրութիւն արա, որ տեղաւորեն…</i>»։
Նրանք զարմացել էին, որ ես ուղղակի սիրելի էի գրել եւ ոչ պարոն։ Կը նշանակէ այս էլ նրան հաւասար մարդ է։ Սկսեցին իրար խառնուիլ եւ մեզ ներս առնել, իսկ մինչ այդ՝ Կոմսից մարդ եկաւ մեզ տանելու։
Կոմսը հեռու չէր գտնւում այդ օրը։ Մենք Փաշի Փողանի մէջ էինք, իսկ նա Չաղլի Փողան Ալամկալամեան Ջոջ Աղայենց տանը։ Մեզ ուղարկեցին Կոմսի մօտ։
✻✻✻
Հրաժեշտ եմ տալիս Յունանին եւ ուղղւում դէպի Կոմսը։ Տեղը հեռու չէ, բարեբախտաբար․ շուտով հասնում ենք։ Ներս ենք մտնում փողոցի դռնով, որը բացում է իմ առաջնորդը իր գրպանից հանուած բանալիով։ Յետոյ իմացայ, որ մեր տղաների գրպանները լիքն են բանալիներով, այս կամ այն դուռը հեշտութեամբ բանալու համար ցերեկուայ, մանաւանդ գիշերուայ անակնկալների պարագային։
Ալամկալամեան ջոջ աղայի տունը Փաղլի փողոցի գլուխ մի համեստ տուն է։ Ջոջ<ref>Վանեցիք պապի անունը երբ տալիս են թոռին, նրան ջոջ աղա (մեծ հայր) են կոչում։ Վերջերս գործածական էր պապիկ բառը։</ref> աղան մեր երիտասարդ, լաւ ու կտրիճ ընկերներիցն էր, բանտ նստած, արհեստով ոսկերիչ։
Կոմսը վերին յարկն էր։ Երբ պիտի բարձրանայինք վեր, ջոջ աղայի ծերունի մայրը պոռաց․ «<i>Սա խարամ գիւղականները պէտք է մունառեն թարանջաները (կեղտոտեն սանդուխները)</i>»։
Պէտք է խոստովանիլ, որ իրօք շատ մաքուր էին սանդուխները։ Ես յետոյ՝ նկատեցի։ Վանեցիք իրենց ոտնամանները հանում են սանդուխների տակ ու մինակ գուլպաներով են ելումուտ անում։ Հարուստները ներսի համար սովորական սանդալներ էին հագնում։
Այս սովորութիւնը, երեւի, թուրքական է, որպէսզի <i>նամազ</i> անելիք տեղը չկեղտոտուի դրսի կեղտերով։ Նոյն սովորութիւնը կայ նոյնիսկ կառավարական հիմնարկութիւնների մէջ։
Երեւի այս մաքրասիրութեան համար էր, որ այն ժամանակ Վանում գործածւում էր «<i>կալօշ֊փօթին</i>» — կօշիկ — կրկնակօշիկով, որ հագնում էին եւ ամառը, անխտիր թէ կանայք եւ թէ տղամարդիկ։ Տուն մտնելու ժամանակ, սանդուխների տակ հանում են կրկնակօշիկները եւ կօշիկներով ներս մտնում։
Կոմսի հետ սովորական նոր հանդիպումի արարողութիւններ ու խօսակցութիւններ կատարելուց յետոյ, շտապում եմ հանել վրայիս գիւղական ցնցոտիները։ Տակից հագած ունէի իմ սիվիլ հագուստներս, բացի ժակէտից եւ կօշիկներից, որ ինձ ուղեկցողները կրում էին իրենց տոպրակների մէջ։ Իսկոյն հագնուելուց եւ լուացուելուց յետոյ նոր անցնում ենք իսկական նորութիւններին։ Այդ ժամանակ ներս է գալիս պառաւը՝ փնթփնթալով եւ հարցնում է Կոմսին․
— <i>Պ․ Բժիշկ, ո՞ւր մնաց ան խարամ գիւղականը, խարամեց թարանջաները…</i>
— <i>Մայրիկ, գէօ գեղականը այս թազա պարոնն է։ Խնդրեմ ծանօթանաս…</i>
— <i>Քեա՛, քօռանամ, դուք ալ ինչխ կʼայլակերպուէք ան խարամ խալւներաց մէջ․ ո՞վ կʼըսէր, թէ այս սըրսուփ մարդը այն խարամ գիւղականն էր, մեղա՜յ քեզ, Աստուած…</i>
— <i>Մայրիկ, այդ բոլորը թո՛ղ․ պարոնը անօթի է․ բան մը ունի՞ս․ բե՛ր թող ուստի, շուտով թէյ էլ կʼունենանք…</i>
Թէեւ անօթի էի, բայց այս բոլոր նորութիւնները եւ այսքան էժան Վան ընկնելս մի տեսակ յագեցում էին տուել ինձ։ Ուտելու ժամանակ չէր։ Նորութիւններ էի պատմում եւ նորութիւններ լսում։ Հարցրի Իշխանի եւ միւս ընկերների մասին։ Նրանք էլ ուրիշ տուն են եղել։ Երեկոյեան պիտի պատահէինք իրար, որովհետեւ միջկուսակցական ժողով կար։
— <i>Միասին պիտի գնանք ժողով․ այս լաւ է, քեզ էլ հետներս կը տանինք,</i> — ասաց Վահանը (Կոմսը)։
Կոմսը մենակ էր։ Բայց սենեակի մի անկիւնում դրուած էին 5֊6 հրացաններ․ երեւի զինուորները վարը կամ միւս սենեակումն էին։ Սենեակը շատ անպաճոյճ էր․ յատակը հող․ գետնի վրայ, այն էլ միայն սենեակի վերին կէսը փռուած էր խսիր, վրայից՝ կապերտ․ պատերի տակ շարուած էին բազմոցներ, վրան նստելու եւ բարձերին յենուելու համար։
Կոմսը նստած էր գետին, պատուհանի մօտիկ, առաջը մի փոքր աթոռ, վրան լիքը թղթերով, նամակներով, մեծ մասամբ մանր թղթերի վրայ գրուած եւ մանր ծրարների մէջ — երեւի դիւրութեամբ տեղաւորելու համար։ Աչքի էր զարնում եւ մի ուրիշ բան․ բոլորը համարեա գրուած էր կարմիր մելանով։ Կոմսը արագ֊արագ գրում էր, կարդում, նօթ առնում իր փոքրիկ յուշատետրի մէջ եւ մի քանիսին էլ իսկոյն պատասխանում։
Վարը կանգնած 2֊3 պատանիներ կային 12֊14 տարեկան․ ինձ բերողն էլ նրանց մէջն էր․ ես նրան յետոյ ճանաչեցի։ Մի շատ մաքուր գաղափարական տղայ էր, անունը Պօղոս՝ Քոթոթ կեղծ անունով, յետոյ դարձաւ Քոթոթ֊Պօղոս․ կեղծ եւ իսկական անուններն իրար խառնուել էին։ Գրուած նամակները որոշ հրահանգներով երկուսը տարան․ իսկ մէկը սպասում էր նոր հրահանգի։
Առաջին տպաւորութիւնս հրաշալի էր․ գործը՝ մեքենայի պէս լարուած։ Այդ պատանիների դերը գործակատարութիւն էր․ ցրուիչի դեր էին կատարում, գրուած նամակները հասցնում էին ըստ պատկանելւոյն եւ, գաւառներից, քաղաքից, խմբերից եւ այլ տեղերից եկած նամակները հաւաքելով, բերում էին կոմիտէի ներկայացուցչին, ներկայ դէպքում՝ Կոմսին։ Յետոյ ծանօթացայ, որ այդ յարաբերութեան գործը մի բարդ մեքենայ էր եղել, որ ունեցել է իր յատուկ կեդրոնները, փոխադրողները, ժամադրավայրը, յատուկ նշանները եւայլն…
Ինչպէս ասացի, Կոմսը յայտնեց, որ գիշերը միջկուսակցական ժողով կայ։ Ես լսել էի, որ Վանը կուսակցութիւններով, մանաւանդ կուսակցական կռիւներով հարուստ երկիր է։ Ինձ մինչեւ անգամ զգուշացրել էին արտասահման, մանաւանդ Ատրպատական, որովհետեւ կուսակցական պայքարը շատ անգամ հասնում էր մատնութեան։
Ճիշդ է, Վանում հանդիպեցի կուսակցութիւնների, բայց ոչ այնքան ուժեղ, որքան լսել էի։ Հանդիպեցի, ճիշտ է, եւ կրքոտ կռիւների, որոնցից շատերը արիւնով վերջացան։ Բայց, պէտք է խոստովանիլ, որ ես կուսակցական մատնութիւնների չհանդիպեցի, բարեբախտաբար։
Վանում կար երեք կուսակցութիւն, <i>Հ․ Յ․ Դաշնակցութիւն</i>, որը լայն կազմակերպութիւն ունէր ամէն կողմ եւ ուժեղ էր մանաւանդ գաւառում։ <i>Արմենականներ</i>՝ աւանդութիւններով ապրող մի հոսանք, անցեալ ունեցող, առանց ներկայ իրական հիմքերի, առանց ղեկավար սկզբունքների եւ միջոցների։ Եւ <i>Հնչակեաններ</i>, որ մի քանի անհատներից կազմուած մի մասնաւոր խմբակ էր։ Եւ զարմանալին այն էր, որ մեր միջոցներով ու մեր ընկերների բարեհաճ համաձայնութեամբ եւ տրուած դիւրութիւններով էր ներս եկել նրանց մի նոր ներկայացուցիչը, ինձանից միայն մի երկու ամիս առաջ, Աշոտ անունով մի պարոն, չգիտեմ Պոլսեցի՞ թէ Տրապիզոնցի։
Երեկոյեան դէմ տղաները հաւաքուեցին։ Կոմսը ինձ ներկայացնում է ընկերներին — Թորգոմ֊Թէոս, Ալէս, Արմենակ — մի սուրբ երրորդութիւն, որոնց դեռ շատ կը հանդիպինք։ Սրանք այն ժամանակուայ Կեդրոնական Կոմիտէի ընկերներն էին, երեքն էլ փախստական՝ յեղափոխական գործով։ Դրանք Վանի կազմակերպութեան սիւներն էին՝ անդաւաճան եւ հաւատարինմ։
Շուտով եկաւ եւ Իշխանը կառկառցիներից, մոկացիներից, ոզմցիներից եւ շատախցիներից կազմուած իր խմբով։ Համբոյր, կատակ, փոքրիկ վերյիշումներ մօտիկ անցեալից, մի քանի ղարաբաղցիական հանաքներ… Իշխանի հետ ես դպրոցական ծանօթ էի․ նա ինձանից 3֊4 տարով ցածր էր․ ես եմ նրան առաջին անգամ յեղափոխական խմբի մէջ մտցրել։ Նրանց խմբի հետ ես էի պարապում։ Մենք նոյն յեղափոխական դպրոցն ենք անցել, իսկ մեր հայրենակցութիւնն ու նախկին ծանօթութիւնը մեծ բան էր այս հեռաւոր եւ օտար հորիզոնի տակ։ Միակ հին ծանօթս նա էր․ երեւի նրա համար էլ ես էի․ ուստի շատ մտերմացանք եւ շուտով բացուեցին մեր սրտի դռները իրար առջեւ…
Այդ ժամանակ Վան էր եւ Տիգրանը, Կողբեցի Յարութիւնը, որ յետոյ Վարդան կեղծ անունով Մշոյ շրջանն անցաւ Ռուբէնի հետ եւ նահատակուեց Սասունի վերջին կռիւների ժամանակ։ Այդ գիշեր նրան տեսայ։ Յետոյ իմացայ, որ ընկերական փոքրիկ կռիւներ եւ թիւրիմացութիւններ էին եղել․ նա չեզոքացուածի պէս էր։ Վան էր եւ մեր Քեռին․ նրան էլ տեսայ միւս օրը Տիգրանի մօտ։
Վերջապէս, բաւական մի ստուար խմբակ, երեւի, բոլոր աչքի ընկնող զինուորներով շրջապատուած՝ գնում ենք ժողովի։ Հաւանաբար, այս էլ կուսակցական տեսակէտով ազդեցութիւն ունենալու մի ձեւ էր։
Իմ ժողովի գնալս, մանաւանդ, ընկերների առաջարկելուց յետոյ թուաց շատ անհեռատես եւ թեթեւ քայլ։ Մի կողմ թողած այն, որ երկու շաբաթուայ ճանապարհորդութիւնը ջարդել էր ինձ, ոտներս ուռած, տկար, աչքերս ձիւնահար, յոգնած վիճակով ի՞նչ ժողով պիտի գնայի։ Կամ ընկերները եւ ես մոռացել էինք գլխաւորը, որ այդպիսի մի լայն եւ զանազան խաւերի ներկայացուցիչներից կազմուած ժողովին իմ ներկայութիւնը, մասնակցութիւնը, խօսիլը, առիթ պիտի տար, որ իմ Վան մտնելը յայտնի դառնար, կառավարութեան ականջն ընկնէր եւ աւելորդ հետապնդումների պատճառ դառնար։ Այդպէս էլ եղաւ։
Ժողովը գումարուած էր Խանիկեանենց փողոցը, Տիգրան Միրախորեանենց տանը։ Ներկայ էին Գրիգոր Աճէմեան, Կուլօղլեան, Համազասպ Բաղէշցեան, Ղեւոնդ Մելօեան, — բոլորն էլ Կեդրոնական Հայկազեանց դպրոցի ուսուցիչներ եւ Կաքաւեան Յարութիւն։ Սրանք բոլոր արմենականներ էին․ հնչակեաններից կար Հաջի Յակոբը եւ վերոյիշեալ Աշոտը։
Ժողովը փոխադարձ համաձայնութեան գալու, համերաշխ գործերու համար էր։ Իսկ այս քայլի պատճառը, ի միասին գալով համերաշխութեան մասին խօսիլը՝ կապուած էր մի ուրիշ խնդրի հետ։
Հէնց նոյն ժողովի մէջ պարզուեց ինձ համար, որ Վանի մէջ երեւի եւ գաւառի կեդրոնական վայրերում դպրոցական գործի ամբողջ ղեկավարութիւնը գտնւում էր արմենականների ձեռքում։ 1903֊1904ի ուսումնական տարուայ սկզբում Վանում եղել է 8 հատ արական եւ 5 հատ իգական ազգային վարժարան, ուր սովորում էին 1150 աշակերտ եւ 710 աշակերտուհիներ։
Բողոքական եւ կաթոլիկ միսիոնարներն ունէին երկու սեռի 5 վարժարան, ուր սովորում էին 430 մանչ եւ 380 աղջիկ։ Ազգային որբանոցներում կային 240 երկսեռ որբեր, իսկ օտար որբանոցներում 440 երկսեռ որբեր։ Ազգ․ եւ օտար վարժարաններն ունէին ընդամէնը 92 ուսուցիչ֊ուսուցչուհի եւ 3310 երկսեռ աշակերտութիւն։
Ինչպէս վերն ասացի, արմենականները ոչ այն ժամանակ եւ ոչ էլ յետոյ մշակուած ծրագիր ու գործունէութիւն չունէին։ Բայց պէտք է խոստովանիլ, որ մտաւորականութիւնը նրանց կողմն էր․ ուսուցչութիւնը, մանաւանդ պատրաստուած ու ղեկավար տարրը նրանցիցն էին։
Արմենակութիւնը կրօնական աղանդի պէս մի բան էր Վանում այն ժամանակները՝ տոգորուած խիստ ու մոլեռանդ հայրենասիրութեամբ՝ այդ հայրենիքը առաւելապէս Վանը հասկանալու պայմանով։
Եւ զարմանալին այն էր, որ արմենականները կարողանում էին Վանից իրենց ազդեցութիւնը տարածել եւ արտասահման եղած միմիայն վանեցի հայրենակիցների վրայ։ Օրինակ, նրանք փոքրիկ շրջանակներ ունէին Սալմաստ, երեւի աւելի լայն՝ Ամերիկա։
Ամենազարմանալին այն էր, որ Գէորգեան Ճեմարանի վանեցի աշակերտների մեծամասնութիւնը արմենական էր։ Այնտեղ էլ կար ուժեղ խմբակ 1900ական թուականներին։ Այդ խմբակի անդամների մեծ մասը մտաւ Երկիր, եւ լաւագոյն տարրերը յարեցան Հ․ Յ․ Դաշնակցութեան, — Համազասպ Բաղէշցեան, Ղեւոնդ Մելոյեան, Միհրան Թէրլէմեղէզեան, Տաճատ Վարդապետ, Արամ Շալչեան, Հայկակ Կոսոյեան, Արսէն Հացագործեան եւայլն։
Այդ ժամանակ հիմնել էին, բոլոր թաղականների եւ դպրոցական գործի ղեկավարների փոխադարձ համաձայնութեամբ, մի կեդրոնական դպրոց՝ Հայկազեան կոչուած, որը պիտի բռնէր Փորթուգալեանի «Վարդապետանոց»ի տեղը։ Ահա հէնց այս դպրոցն է եղել, իրար մօտ գալու գլխաւոր առիթը։ Դպրոցը մի հիմնական դրամագլուխով ապահովելու մտադրութեամբ վանեցի հարուստները յաջողել էին ժամանակի թոյլ եւ բարի կուսակալ՝ Թահիր փաշայի համաձայնութեամբ եւ իրենց քիւրտ բարեկամների աջակցութեամբ Կովկաս ուղարկել Պ․ Պ․ Գրիգոր Աջէմեանին, Արմենակ Վուվունիկեանին եւ Աբրահամ Ազնաւուրեանին, որոնք Հայրիկին ներկայանալով՝ նրա կողմից էլ թուղթ էին վերցրել Բագու եւ Թիֆլիս հայկական շրջաններին դիմելու համար։
Կովկասում այն ժամանակ եկեղեցական դէպքերի օրեր էին, 1903֊1904ին։ Դաշնակցութեան ուժեղ ժամանակն էր, երբ Բագու հարկ էր լինում դիմել մերոնց աջակցութեան։ Մերոնք մի պայմանով են համաձայնում աջակցել, եթէ Վանի մեր ընկերները վկայեն, թէ իրօք դրամը դպրոցական գործի համար է եւ եկողները վստահելի մարդիկ են։
Արմենականները Կովկասում, ուրեմն, հասկացել էին Դաշնակցութեան ոյժը եւ ստիպուած էին հաշուի առնել ե՛ւ նրա հեղինակութիւնը Վանի հասարակական֊մշակութային գործերի մէջ…
Այս գիշերուայ ժողովի մէջ դպրոցական խնդիրներ չկային․ քննւում էին յեղափոխական կուսակցութիւնների ծրագիրն եւ գործելակերպին վերաբերեալ ընդհանուր հարցեր։ Հնչականները ճառում էին իրեն սոց․ դեմոկրատական ծրագրի առաւելութեանց մասին։ Արմենականները շատ երկար եւ, պէտք է ասել, համոզիչ կերպով պատճառաբանում էին, որ դեռ ժողովուրդը պատրաստ չէ յեղափոխական գաղափարների համար եւ որ նախ պէտք է ժողովուրդը պատրաստել դպրոցով, խաղաղ միջոցներով եւ ապա միայն մտածել յեղափոխութեան մասին։
Մերոնք պնդում էին, որ խաղաղ֊մշակութային զարգացում հնարաւոր է միայն այն երկրներում, ուր որ կայ կեանքի, գոյքի ապահովութիւն, իսկ Թուրքիոյ պէս պետութեան մէջ, ուր տեղի է ունենում կոտորած, ալան֊թալան, պատուոյ բռնաբարում, սեփականութեան յափշտակում, երթեւեկութեան արգելք եւ ամէն կարգի սահմանափակումներ, նորմալ կեանքի, ինչպէս եւ կուլտուրական աշխատանքի հնարաւորութիւն չկայ։ Գալով յեղափոխութեան՝ մերոնք պնդում էին, որ յեղափոխութիւնը միայն գիտակցութեան բերելով չի լինի։ Կեանքը ինքնին, կառավարութեան հալածանքները եւ ճնշումները յեղափոխական ըմբոստութեան ոգին են ամբարում, աներեւոյթ ձեռքով, ժողովրդի հոգու մէջ։ Միայն պէտք է նրան կազմակերպել, ուղղութիւն տալ, հրահրել, որ արթնանայ, զինուի, վարժուի։ Մերոնք չէին ժխտում սակայն նաեւ խաղաղ մշակութային֊հասարակական աշխատանքի արժէքը, հէնց իբրեւ կարեւոր օժանդակութիւն, յեղափոխական, մարտական եւ քաղաքական գործունէութեան համար։
Վիճում էին անընդհատ։ Երեկոյեան սկսեցին մինչեւ առաւօտ, սակայն չվերջացաւ։ Լուսաբացի մօտ քաղաացիները շտապեցին արագ֊արագ հեռանալ, մեզ՝ փախստականներիս թողնելով մենակ։ Ես չեմ յիշում, թէ ի՞նչ միջամտութիւն կամ խօսակցութիւն ունեցայ։ Երեւում է, որ բաւական տաք էի խօսել։ Բնական էր, որովհետեւ Կովկասի յեղափոխական ալիքների ազդեցութիւնը վրաս էր դեռ։
Միւս օրն իմացել էին արդէն, որ նոր պարոն է եկել դաշնակցականների մօտ… Հետաքրքիրը այդ չէ․ ժողովը վերջանալուց առաջ, ես քնել էի հէնց այն նստարանի վրայ, ուր նստած էի, յոգնած՝ ճանապարհների նեղութիւններից։ Երեւի, վաղուց էի քնել, որովհետեւ, երբ առաւօտուն տան տէրը արթնացրեց եւ թէյի հրաւիրեց, զգացի, որ բաւական քնել եմ։ Այս թէյն էլ տարօրինակ է․ դեռ մութ՝ թէյ են պատրաստել․ հետն էլ ուտելիք, պիտի խմենք, ուտենք ու մեկնինք։ Այսքան մարդ երբ իմացել են մեր տեղը, մնալը, ի հարկէ, անկարելի էր։
<references/>