Changes

Յուշեր

Ավելացվել է 12 135 բայտ, 15:30, 1 Ապրիլի 2016
Կոմսի որոշումը անդարձ էր։ Չէր ուզում լսել որեւէ առարկութիւն։ Պահանջում էր, որ գործերը շուտով յանձն առնենք, հաշիւները փակենք, որ ինքը շուտ մեկնի, քանի «քրշա» կայ, քանի քիւրտերը դեռեւս գիւղերից դէպի սար չեն քշուել։
 
Ցաւալին այն է, որ տեղացի ընկերներն էլ — Ալէս, Արմենակ եւ Թէոս — նոյնպէս հրաժարւում էին եւ յայտնում, որ իրենք էլ ուզում են մեկնիլ արտասահման։ Յիմար կացութիւն էր․ Իշխանը չէր կարող գաւառը թողնել, որովհետեւ այնտեղ ահագին գործ էր ստեղծել․ մեր յոյսը այն ժամանակ իսկապէս գաւառի վրայ էր։ Տիգրանը չէր կարող գործի ղեկավարութիւնը իր վրայ վերցնել։ Նոյնը եւ Վարդան֊Շահպազը։ Իսկ ես դեռ նոր էի եկել․ ինչպէ՞ս կարող էի <i>րիսկ</i> անել։ Բայց «<i>անճարը կերել է բանջարը</i>»․ ստիպուած էինք տեղի տալ։ Իշխանը խորհուրդ տուաւ ինձ չվախնալ գործից, այլ վերցնել․ ինքը նամակներով ինձ կʼօգնէ, իսկ մինչ այդ՝ ինձ մօտ կը թողնէ Վարդան֊Շահպազին, որ լաւ ծանօթ է տեղական պայմաններին, մանաւանդ որ Տիգրանն էլ կու գայ հոն։
 
Ստիպուած եմ համակերպիլ։ Շուտով ծանօթանում եմ բոլոր գործերին։ Կազմում ենք զինական հաշիւները, պատրաստում ենք դրամական հաշիւները։ Բայց առաջ է գալիս մի բարդութիւն․ դրամական հաշիւների մէջ 42,000 ղրուշի բաց է նկատւում։ Կոմսը ինքն անձամբ չէր վարել հաշիւները եւ լաւ էլ չէր հասկանում․ մի երկու շաբաթ էլ դրա վրայ ենք չարչարւում։ Այն ժամանակ դրամ չկար․ այդ բոլորը պարտ էինք շուկային․ վախենում էինք, թէ Կոմսի մեկնելուց վերջը կազմակերպութեան ունեցած դրամական վարկը, որը միշտ բարձր է եղել, յանկարծ կոտրուի։ Հարկաւոր էր գործը շարունակել, բայց ո՞րտեղից ճարել 42,000 ղրուշի բացը եւ ի՞նչպէս ապրել։ Մի գումար, որ այն ժամանակուայ հաշուով 4,000 ր․ (2,000 տոլար) էր։
 
Ստիպուած ենք բաւականանալ նրանով, որ արձանագրութիւններ ենք կազմում, ամէնքը ստորագրում եւ ուղարկում Արեւելեան Բիւրոյին ի գիտութիւն։ Այն ժամանակ <i>բացի</i> հանգամանքը պարզ էր․ ծախսեր էին արուել առանց գրելու թէ ինչի վրայ․ սա կամ նա դրամ էր ուզել։ Գիտէին, որ ծախս էին արել, բայց ի՞նչ, ե՞րբ, որի՞ համար, արդարացուցիչ թղթեր չկային։ Եւ պէտք է ասել, որ այդ պայմաններում թղթեր էլ չէինք պահում դիտմամբ, այլ գրում էինք միմիայն մանրամասնաբար ելքի եւ մուտքի հաշիւները․ անունները՝ կեղծ եւ համառօտուած, շատ շատ ծախսարարների կեղծ ստորագրութեամբ հաստատուած արդարացուցիչ թղթերով։
 
Վերջապէս, Կոմսը մեկնեց 1905ի գարնան, իսկ մենք ձեռնարկեցինք գործի։ Բայց, ինչպէս ասացի, դժգոհութիւն կար այս առթիւ տեղացի ընկերների մէջ․ ոչ֊փախստական ընկերները խաբար չունէին, իսկ ժողովուրդը ուշ իմացաւ Կոմսի մեկնումը։
 
Եղած դժգոհութեան արտայայտութիւններից կʼուզենայի երկու բնորոշ դէպք մէջբերել․ մէկը՝ ներքին, տեղացի ընկերների կեանքից, միւսը՝ ժողովրդի։
 
Մեր զինուորներից Գրիգորը, որ եղել է Սասուն օգնութեան գնացող Թումանի խմբի մէջ եւ կարծեմ մասնակցել է այնտեղի կռիւներին եւ անցել է Վան, բաւական խօսիլ գիտէր եւ ձեռքից էլ գործ կու գար․ յայտնի ամբոխավար էր եւ խիստ ծեծի կողմնակից։ Կարծեմ՝ ինքնագլուխ մի սպանութեան եւ կամ մի այլ յանցանքի համար ինձնից առաջ նրան աքսորել էին Լիմ անապատ «<i>վասն քաւութեան մեղաց</i>»ը, բայց իրան այնտեղ էլ հանգիստ չէր պահել․ դուրս էր եկել մօտի գիւղերը, դատեր կտրել, ճգնաւորների, վարդապետների գլխին օյիններ սարքել, անապատի մէջ իր խելքով բարեփոխութիւններ մտցրել։ Եւ այդ բարեփոխութիւնների վկան էլ այն էր, որ վերցրել էր բոլոր հին մեծ հնագիտական, գեղարուեստական արժէք ունեցող պատկերներն ու վարագոյրները լուանալ էր տուել՝ կեղտերը մաքրելու համար, բայց, ի հարկէ, ամէն բան փճացրել էր։ Կարծեմ աքսորը դեռ չլրացած՝ Կոմսի ժամանակ վերադարձել էր քաղաք։ Իմ ժամանակ գիտէի, որ կազմակերպութեան հաշուին ապրում էր․ ունէր տուն եւ կարծեմ երկու քոյր թէ երկու եղբօր աղջիկներ, որոնք ապրում էին Միրզոյեան Կարոյի տունը։
 
Դրամական տագնապի պատճառով, ծախսերը կրճատել եւ, որոշ սահման էինք դրել։ Մի օր Գրիգորը գրգռուած մտաւ ինձ մօտ գոռում գոչումով․ յայտնեց որ ինքը չի կարող ապրել որոշուած գումարով, որ ես բռնութիւն եմ անում, հին֊գործիչներին քշել եմ ուզում, եւն․։ Պահանջեցի, որ սենեակը թողի։ Աւելի կատաղեց։ Ուրիշ ելք չկար, վար գտնուող տեղացի ընկերներին կարգադրեցի, որ քշեն։ Նրանք էլ, փոխանակ հեռացնելու, ուզեցին հանգստացնել եւ հարցնել, թէ՝ — թողէ՛ք, տեսնենք ի՞նչ է պատահել, Գրիգորը ի՞նչ է ուզում եւայլն։ Այս բանը ինձ վրայ աւելի ազդեց։
 
Այդ օրը մենք Փաշի Փողան «Դրախտն» էինք․ մեր տան դէմը գտնւում էր ինձ հետ պտտող զինուորական խումբը, Յարութիւնը, (ինձ հետ Պարսկաստան եկած եւ այնտեղից Մոսիի հետ հասել էր Վան), Մոսոն, Ծուռ Դաւիթը։ Ստիպուած եղայ վազել նրանց մօտ եւ կանչել։ Նրանք եկան, ի հարկէ Գրիգորին հեռացրին, բաւական անհամ միջադէպերից յետոյ։
 
Այս ի հարկէ, ցոյցի պէս մի բան էր, ինձ փորձել էին ուզում, կամ, աւելի ճիշդ, վախեցնել։
 
Նոյն գիշերը տեղական ընկերներով ժողով ունեցանք Վարդան֊Շահպազի հրաւէրով։ Գանգատուեցի, որ Ալէսը, Արմենակը եւ միւսները չէին ենթարկւում ինձ, որ իմ դէմ դաւ կայ, որ այս պայմաններում աշխատել չեմ կարող, ինչպէս եւ ամէն մարդու քմահաճոյքին տեղի տալ։ Թէոսն երդում, պատառ եկաւ, թէ եղածը թիւրիմացութիւն է, թէ նման դէպք էլ չի կրկնուի եւ թէ ինքն իր գլխով պատասխանատու է…
 
Դէպքը սրանով էլ փակուեց, եւ իրօք ուրիշ «ցոյց» իմ դէմ էլ տեղի չունեցաւ։
 
Ժողովրդական հոգեբանութեան տեսակէտից շատ բնորոշ է եւ հետեւեալը։
 
Բանտում մենք ունէինք բազմաթիւ քաղաքական «յանցաւոր»ներ, — ոմանք վճիռ կերած, ինչպէս Վարդդէսը, Մուշեղը եւայլն, ոմանք էլ դեռ դատի տակ։ Վերջինների համար զանազան միջոցների էինք դիմում՝ ազատելու կամ թեթեւ պատիժ վճռել տալու։
 
Պէտք էր լինում բռնել թուրք փաստաբան, հայ դատաւորներին տեսնել եւ խնդրել կամ, աւելի ճիշդ ասել, որ խայտառակութիւն չանին։ Շատ անգամ թուրք դատաւորներին հարկ էր լինում կաշառել կարեւոր ընկերներ ազատելու համար։
 
Այսպիսի աշխատանքները մեզ համար կատարում էր Նշան Էֆ․ Գալճեան՝ մի ինքնուս փաստաբան, բայց ընդունակ եւ ճարպիկ մարդ։ Եւ պէտք է խոստովանիլ, որ բաւական ժամանակ նա շատ մեծ ծառայութիւն է արել մեզ համար։ Ազատութեան ժամանակ դաշնակցական դարձաւ եւ կուլտուրական ու պետական գործերի մէջ կուսակցութեան կողմից լաւ աշխատում էր։ Վերջը ինքնագլուխ կերպով իր թեկնածութիւնը դրեց պարլամենտական ընտրութիւնների ժամանակ ու կուսակցութիւնից հեռացուեց։ Մեռաւ Կարին, պատերազմի ատեն, 1915ին։
 
Այդ օրերին բանտումն էր մեր ընկերներից Բիթլիսցի <i>Արմենակ Յօխիկեանը, Սլաք</i> կեղծ անունով։ Նա բռնուել էր Ալաշկերտի Միրզաջան գիւղում, մեր քիւրտ բարեկամ Մահմուտ բէյի տանը, կարծեմ Մոսուն եւ Զառանի արշաւանքի հետեւանքով։ Նա ներկայացել է, որպէս Պարսկաստանցի բժիշկ, իբր թէ Միրզաջան է գնացել Մահմուտ բէյի կնոջ բժշկութեան համար։ Այս բանի համար վկայութեան էր կանչել Աբաղայի Մուսթաֆա բէյին՝ Հայտարանցի աշիրաթի բէյերից մէկին, որը եկել եւ վկայում էր, թէ իրօք, Սլաքը Կարանի բժշկութիւն էր անում, եւ ինքը գիտէ, որ նա Պարսկաստանցի է… Արմենակն իրօք, Կարանի «բժշկութիւն» էր անում, ի հարկէ, մեր փոխադրական գործերը տեսնելու համար։
 
Հարկ կար Նշան Էֆ․ տեսնել Արմենակի դատական գործի կազմակերպան համար։ Բանտի գործը վարում էր մեծ հմտութեամբ Թէոսը, ինչպէս եւ նամակային կապը նա էր պահում։ Նշան Էֆ․ Թէոսի ազգական էր եւ անձնական բարեկամը։ Ամէն անգամ՝ նրան տեսնելու համար՝ պէտք էր լինում Նշան Էֆ․ քաղաքամիջից Այգեստան հրաւիրել։
 
Տեսակցութիւններն, ի հարկէ, գիշերներն էին լինում։ Կամ Նշան Էֆ․ էր գալիս Թէոսենց տունը, որ շատ կասկածելի էր, որովհետեւ Թէոսը յայտնի փախստական գործիչ էր եւ նրա տան վրայ միշտ հսկողութիւն կար։ Կամ մենք էինք գնում իր աներանց տունը՝ Արարուց կողմը Բազար Գիւրիկենր ջոջ աղենց տունը։
<references/>