Changes
Հետ է շրջվում 10978 խմբագրումը, որի հեղինակն է՝ [[Special:Contributions/Armstral|Armstral]] ([[User talk:Armstral|քննարկում]]) մասնակիցը
=== Գլուխ իներորդ. Մեծ Գետը ===
Ֆրոդոն արթնացավ անտառի բացատում: Նա խնամքով փաթաթված էր վերմակով, բայց զգում էր, որ այնուամենայնիվ քիչ մրսած է: Բացատը շրջապատված էր բարձր ծառերով, իսկ ինչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Ջիմլին փոքրիկ օջախ էր վառել: Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին էլ շտապում հասնել՝ ոչ ոք չէր այրվում ժամ առաջ վտանգների մեջ ընկնելու ցանկությամբ: Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Նա միայն հետևում էր, որ լողան ամբողջ օրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում են, Մորդորի Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէ: Բայց ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը կասկածելի ոչինչ չպատահեց: Մերձափնյա անտառներն աստիճանաբար նոսրանում էին, իսկ երրորդ օրն առհասարակ չքացան: Արևելյան ափը ծածկվեց բլուրներով, որոնք տարածվում էին մինչև հորիզոն՝ տձև, գորշ ու բացարձակապես մեռյալ. ո՛չ թռչուն ու գազան, ո՛չ ծառ կամ թուփ, կամ գոնե ժայռեր: Ճամփորդները հասել էին Գորշ հարթավայրին, որը ձգվում էր Անդուինի երկայնքով Չարքանտառի հարավից մինչև Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մեռյալ Ճահիճները: Թշնամի՞ն էր թունավորել դրանք ինչ-որ կախարդանքով, բոսոր կրա՞կն էր այրել, թե՞ պատարազմն էր ավերել, չգիտեր նույնիսկ Արագորնը: Դրանք ի սկզբանե մեռյալ ու ամյի են եղել: Արևմտյան ափը, նույնպես անծառ, ծածկված էր խիտ եղեգնուտով, որի մանուշակագույն-սև ավելները տխուր ու խուլ խշշում էին քամուց: Երբ եղեգե պատը նոսրանում էր, Ֆրոդոն դրանց հետևում տեսնում էր հեռավոր անտառի շերտը և Մշուշապատ Լեռնաշղթայի սանդղաձև ուրվագծերը: Եղեգնուտում դայլայլում էին թռչունները, երբեմն գետի վրայով բադեր էին թռչում, իսկ մի անգամ ճամփորդները նույնիսկ կարապներ նկատեցին: — Կարապնե՜ր,— բացականչեց Սամը,— ինչ մեծ են... — Ու սև,— մռայլ ավելացրեց Արագորնը: — Ի՜նչ հսկայական, պաղ ու մռայլ երկիր է,— դողալով ու կծկվելով քրթմնջաց Ֆրոդոն: — Ես կարծում էի, որ հարավում ուրախ է ու տաք, ամեն ինչ ծաղկում է, ձմեռ էլ չի լինում: — Մենք դեռ հարավում չենք,— արձագանքեց Արագորնը: Հարավում՝ Ադուինի ստորին հոսանքներում և ծովափին, ծառերի ծաղկելու ժամանակն է արդեն, իմ կարծիքով, այնտեղ տաք է և ուրախ, եթե, իհարկե, հարավային երկրները խավարած չեն: Իսկ մենք դեռ միջին գոտում ենք՝ Ռոհանի հյուսիսային սահմանի մոտ, որն ընդամենը մի հարյուր լիգ է Հոբիթստանից հարավ: Այստեղ հիմա ձյուն էլ կարող է գալ: Ռոհանի հողերը հռչակված են իրեն բերրիությամբ և առաջներում խիտ բնակեցված էին, բայց այժմ Անդուինի մոտ ոչ ոք չի ապրում, քանի որ նրա արևելյան ափերին սկսել են գայլդարձյակներ երևալ: Դրանք թափառում են վիթխարի հորդաներով՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանի շունչ և, ասում են, որ վերջին ժամանակներս անցնում են գետը ու ներխուժում Ռոհան: Սամն անհանգիստ նայեց շուրջը: Առաջ, երբ նրանք լողում էին անտառի միջով, թվում էր, թե ափամերձ թավուտներից իրենց հետևում են Թշնամու լրտեսները, դե, իսկ հիմա, բաց տարածությունում իրեն բոլորովին անպաշտպան էր զգում: