Changes
Թանկագին և անգին իմ Կատյա։
Ժամ առ ժամ մոտենում ենք մեր բախտավորությանը։ Գրում եմ քեզ «Արժեք» կահավորված սենյակներից, այն բանից հետո, երբ գործով եղա բոլոր տեղերը։ Բաքուն շատ մեծ քաղաք է։ Այստեղ, ասում են, նավթ են հանում, բայց այնտեղ պետք է գնալ էլեկտրական գնացքով, իսկ ես փող չունեմ։ Գեղատեսիլ քաղաքը ողողվում է Կասպից ծովով։ Դա իրոք իր չափերով շատ մեծ ծով է։ Սարսափելի շոգ է այստեղ։ Մի ձեռքիս վերարկուն է, մյուսին՝ պիջակը, էլի շոգ է։ Ձեքերս Ձեռքերս քրտնում են։ Մի գլուխ թեյ եմ խմում։ Իսկ փող համարյա թե չկա։ Բայց ոչինչ, հոգյակդ իմ Կատերինա Ալեքսադրովնա, շուտով բազում քանակությամբ փող կունենանք։ Կլինենք ամենուրեք, իսկ հետո ուզածիդ պես բնակություն կհաստատենք Սամարայում, մեր փոքրիկ գործարանի մոտերքը, և մրգօղի կխմենք։ Սակայն, մոտենանք խնդրին։
Բաքու քաղաքն իր աշխարհագրական դիրքով և ազգաբնակչության քանակով զգալիորեն գերազանցում է Ռոստով քաղաքին։ Սակայն իր շարժումով զիջում է Խարկով քաղաքին։ Այլազգիներն այստեղ բազում են։ Մանավանդ շատ հայեր կան և պարսիկներ։ Այստեղից, սիրելիս, մինչև Թուրքիա հեռու չի։ Եղա և շուկայում, և տեսա բազում թուրքական ապրանքներ ու շալեր։ Ուզեցա քեզ համար որպես նվեր մուսուլմանական մի ծածկոց գնել, համա փող չկար։ Մտքովս անցավ, որ երբ հարստանանք (իսկ դրան հաշված օրեր են մնացել) այն ժամանակ էլ հնարավոր կլինի մուսուլմանական ծածկոց գնել։